Գլխավոր տեղեկություն
Համար
N 705-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.13/29(903).1 Հոդ.761.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2012 թվականի N 705-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 484-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը հաստատելու մասին» N 484-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`

1) կարգի 5-րդ կետը «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 5.1-ին կետով նախատեսված դեպքի,» բառերով.

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Պետական և համայնքային թանգարաններում գտնվող՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառումն ու պահպանությունն իրականացնում են թանգարանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 31-ի N 705-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառումն ու պահպանությունը, վերականգնման և օգտագործման կանոններն ու պայմանները, որոնք պարտադիր են պետական և համայնքային թանգարանների (այսուհետ` թանգարաններ) համար և ապահովում են հաշվառման, գիտական ուսումնասիրության և պահպանության միասնական համակարգը:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման ու պահպանության նկատմամբ հսկողությունն իրականացնում են մշակույթի և ֆինանսների ոլորտներում լիազորված պետական մարմինները:

3. Թանգարանի տնօրենը պարտավոր է ապահովել սույն կարգով նախատեսված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների պահպանության համապատասխան պայմանների ստեղծումը:

 

II. ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) թանգարան՝ մշակութային կազմակերպություն, որն ունի կանոնակարգված թանգարանային առարկաների հավաքածու, դրանց պահպանության և ցուցադրության կազմակերպման համար համապատասխան շենք-շինություններ կամ բացօթյա ցուցադրության հնարավորություն, կոչված է ծառայելու հասարակությանը և նպաստելու նրա զարգացմանը, հասանելի է հանրությանը.

2) թանգարանային առարկա՝  հասարակության կենսագործունեության նյութական արգասիք կամ երկրաբանական նմուշ կամ հնէաբանական գտածո կամ բուսական և կենդանական աշխարհի նմուշ, ինչը հանդիսանում է գիտելիքի սկզբնաղբյուր, ունի պատմական, հուշային, գեղարվեստական կամ գեղագիտական արժեք, որի որակական կամ հատուկ հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում վերջինիս պահպանումը, ուսումնասիրումը, հետազոտումն ու հրապարակումը հասարակության համար.

3) թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառում՝ թանգարանային առարկաների և հավաքածուների գիտական մշակում, հետազոտում, ուսումնասիրում, փաստաթղթավորում և գրանցում թանգարանի գլխավոր մատյանում.

4) թանգարանի գլխավոր մատյան՝ թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառման փաստաթուղթ, որը հիմնական տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի և հավաքածուի մասին.

5) թանգարանի ֆոնդ` տվյալ թանգարանի գլխավոր մատյանում գրանցված թանգարանային առարկաների և հավաքածուների ամբողջություն.

6) գիտաօժանդակ ֆոնդ` նյութեր, որոնք չունեն թանգարանային առարկաներին բնորոշ որակական կամ հատուկ հատկանիշներ, սակայն օգնում են դրանց ուսումնասիրմանը և ցուցադրմանը.

7) Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, պատմականորեն ձևավորված, հաշվառված և մշտապես համալրվող թանգարանների ֆոնդերի ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի բաղկացուցիչ մասն է և ենթակա է մշտական պահպանության.

8) թանգարանային առարկայի (առարկաների) կամ հավաքածուների ընդունման ակտ` հիմնական տեղեկույթ պարունակող փաստաթուղթ՝ համառոտ բնութագրիչներով (առարկայի անվանումը, հեղինակը, չափսերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, ստորագրությունը, վիճակը) առարկայի ձեռքբերման միջոցը (նվեր, գնում, փոխանակում), տեղեկույթ հանձնողի և ընդունողի մասին.

9) թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողով` թանգարանի տնօրենի հրամանով ստեղծված խորհրդակցական, կոլեկտիվ փորձաքննություն իրականացնող և որոշում ընդունող մարմին, որն իրականացնում է թանգարանային նշանակության առարկաների ընտրություն, ձեռքբերում, թանգարանի հավաքածուի ձևավորում և համալրում:

 

III. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՖՈՆԴԻ ԿԱԶՄԸ

 

5. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներն ընդգրկված են թանգարանի հիմնական ֆոնդում. դրանք չեն կարող լինել գիտաօժանդակ ֆոնդի առարկա:

6. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների թվին են պատկանում ամբողջությամբ թանկարժեք մետաղներից (ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ) և թանկարժեք քարերից (ալմաստ, սուտակ, շափյուղա, ալեքսանդրիտ, զմրուխտ, բնական մարգարիտ) պատրաստված, ինչպես նաև այն առարկաները, որոնք մասնակի կազմված են թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք քարերից:

7. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների թվին են պատկանում կերպարվեստի, պատմության և մշակույթի գրավոր աղբյուրների` հնատիպ գրքերի և հազվագյուտ հրատարակությունների կազմերը, հնագիտության, դրամագիտության, կենցաղի և մշակույթի, դեկորատիվ-կիրառական արվեստի, զենքի առարկաները, ինչպես նաև շքանշանները, մեդալները և պատվո նշանները` անկախ ստեղծման ժամանակից:

8. Թանգարանները շքանշանները, մեդալները, պատվո նշանները և դրանց փաստաթղթերը մշտական պահպանության են ընդունում պարգևատրվածի կամ նրա ժառանգների համաձայնությամբ:

 

IV. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

9. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառումը կոչված է ապահովելու՝

1) թանգարանային առարկաների իրավական պաշտպանությունը և դրանց ուսումնասիրության և օգտագործման պայմանների ստեղծումը.

2) թանգարանային առարկաների փաստացի առկայության ստուգումը՝ ցանկացած ժամանակ.

3) թանգարանային առարկաների լիարժեք պահպանությունը պահոցում և ցուցադրությունում:

10. Թանգարանի ֆոնդի համալրման ժամանակ առարկաներն ընդունում են ժամանակավոր պահպանության ակտով` նշելով մետաղի և քարի գույնը, իսկ հարգ ունենալու դեպքում` նաև հարգանիշը, և գրանցում թանգարանի նախնական ֆոնդում: Այնուհետև իրականացվում են թանկարժեք մետաղների հարգորոշումը և թանկարժեք քարերի փորձաքննությունը: Ժամանակավոր պահպանության ակտը և փորձաքննության եզրակացությունը ներկայացվում են թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողովին, որի որոշման համաձայն առարկան ընդունվում է մշտական պահպանության, և կազմվում է համապատասխան ակտ` համաձայն N 1 ձևի:

11. Բոլոր թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները, որոնք մուտքագրվում են թանգարանի ֆոնդ, անցնում են հաշվառման երեք փուլ՝

1) համառոտ նկարագրության (նախնական ատրիբուցիա) (ընդունման ակտի կազմում, համառոտ գրանցում գլխավոր մատյանում).

2) գիտական հաշվառում (դասակարգում, նախնական բնութագրման ճշտում, ընդարձակ և ճշտված նկարագրության գրանցում ֆոնդային մատյանում).

3) թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների գրանցում հատուկ հաշվառման մատյանում:

12. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման փաստաթղթերը (ընդունման-հանձնման ակտերը, գլխավոր, ֆոնդային և հատուկ հաշվառման մատյանները) թանգարանային առարկաների հաշվառման իրավական փաստաթղթեր են և ենթակա են պահպանության թանգարանի հաշվառման բաժնում կամ գլխավոր ֆոնդապահի մոտ՝ հատուկ սենյակում, կամ մետաղական պահարանում` որպես հատուկ հաշվառման փաստաթղթեր:

 

V. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԲՆՈՐՈՇՈՒՄԸ (ԱՏՐԻԲՈՒՑԻԱ)

 

13. Բոլոր առարկաները, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից, նախքան պահոց մուտքագրվելը ենթարկվում են՝

1) թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության.

2) թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված առարկաների ընդունման ակտի կազմման.

3) համառոտ նկարագրության (նախնական ատրիբուցիա) համաձայն` գլխավոր մատյանում գրանցման:

14. Թանկարժեք մետաղների հարգորոշումը (հարգը և քաշը որոշելը) և թանկարժեք քարերի փորձաքննությունը (տեսակը, չափսը և կշիռը` կարատով) իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(14-րդ կետը խմբ. 08.12.22 N 1876-Ն)

15. Թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության ժամանակ արգելվում է թանգարանային առարկաների ամբողջականության խաթարումը (բացառություն կարող են լինել առանձին առարկաներ, որոնց մասերն իրար են միանում գլանաձև պարուրակի, փականի կամ այլ հարմարանքի օգնությամբ):

16. Թանկարժեք մետաղների հարգորոշումը և թանկարժեք քարերի փորձաքննությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետը՝ թանգարանի ֆոնդապահի ներկայությամբ, կազմում է թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության ակտը (ակտերը), որը հաստատում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

(16-րդ կետը խմբ. 08.12.22 N 1876-Ն)

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված ակտն ստորագրում են նաև թանգարանի գլխավոր ֆոնդապահը և այդ առարկաների ֆոնդի նյութական պատասխանատուն:

18. Այն դեպքերում, երբ թանգարանային առարկաների գրանցման ժամանակ առկա են դրանց մեջ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի մասին առանձնացված տվյալներ, հաշվառման ժամանակ դրանք նշվում են առանձին տողով կամ սյունակով (օրինակ` առարկայի ընդհանուր կշիռը` 10 գրամ, այդ թվում՝ ոսկի` 1 գրամ, արծաթ` 3.5 գրամ):

19. Դրամագիտական թանկարժեք նյութերի հարգորոշումը պարտադիր է եզակի (անհատական) օրինակի առարկաների համար:

20. Դրամագիտական զանգվածային օրինակների համար, որոնք ունեն գրացուցակում (կատալոգում) գրանցված, հաստատված հարգ և կշիռ, ընդունման ակտում անհրաժեշտ է հղում կատարել կոնկրետ գրացուցակի բաժնին և էջին:

21. Թանգարանը թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության մասին հայտը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն է ներկայացնում առարկաների համալրմանը համընթաց:

(21-րդ կետը փոփ. 08.12.22 N 1876-Ն)

22. Այն թանգարանային առարկաները, որոնք ամբողջությամբ պատրաստված են թանկարժեք մետաղից և ունեն հարգ, հարգորոշման և փորձաքննության արդյունքների մասին ակտում գրվում է միայն դրանց ընդհանուր քաշը (կշիռը), հարգի նշանի առկայությունը և հարգի դրոշմը:

23. Թանգարաններին արգելվում է կատարել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված առարկաների գնահատումը, եթե այն թանգարանը համալրելու նպատակ չունի:

24. Արգելվում է թանգարանում թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների պահպանումն առանց համապատասխան ձևակերպումների (N 1 ձև):

25. N 1 ձևի ակտն ստեղծվում է տպագրական ձևաթղթերի տեսքով կամ ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Առարկաները թվարկվում են մեկը մյուսի հետևից` իրենց համապատասխան համառոտ բնութագրիչներով (հեղինակը, առարկայի անվանումը, համառոտ նկարագրությունը, չափսերը, նյութը, պատրաստման տեխնիկան, դրոշմը, ստորագրությունը, վիճակը, սարումը (մոնտաժվածք), թանկարժեք մետաղների ընդհանուր կշիռը (գրամով և հարգով), թանկարժեք քարերի որակական ընդհանուր բնութագիրը, ընդ որում, քարերի քանակը և կշիռը գրանցվում են թվերով և տառերով, ձեռքբերման միջոցը (նվեր, գնում, փոխանակում): Ակտում արձանագրվում են ընդունողների (թանգարանի պատասխանատու անձանց պաշտոնները) և սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները: Ակտն ստորագրում են առարկաներն ընդունողներն ու հանձնողը, և այն հաստատվում է տնօրենի կողմից, ամրագրվում թանգարանի կնիքով: Ակտի բոլոր ստորագրությունները պետք է լինեն վերծանելի: Ընդունման ակտին կից պետք է լինի «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագիտական եզրակացությունը, որում սահմանված կարգով յուրաքանչյուր առարկայի վերաբերյալ նշվում են փորձաքննությամբ հաստատված տվյալները:

(25-րդ կետը փոփ. 08.12.22 N 1876-Ն)

26. Ակտերը և դրանց գրանցման մատյանը մշտապես պահպանվում են հաշվառման բաժնում և արխիվ հանձնելու ենթակա չեն:

27. Ներթանգարանային փոխանցումները (ֆոնդից-ցուցադրություն, ֆոնդից-վերականգնում և վերադարձ) իրականացվում են տնօրենի գրավոր հրամանի համաձայն ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ` փոխանցման կամ հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 2 ձևի:

28. Բոլոր փոխանցումների ժամանակ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներն անհրաժեշտ է կշռել` առանց խախտելու առարկայի ամբողջությունը: Փոխանցման ժամանակ ակտում ամրագրվում է նաև առարկաների պահպանվածության վիճակը:

29. Փոխանցման ակտերը կազմվում են երեք օրինակից, որոնք ստորագրում են ընդունող և հանձնող նյութական պատասխանատուները և հանձնաժողովի անդամները: Ակտը հաստատում է (ստորագրում և ամրագրում է կնիքով) թանգարանի տնօրենը: Ձևակերպումից հետո ակտի մեկ օրինակը մնում է գլխավոր ֆոնդապահի, իսկ երկրորդ և երրորդ օրինակները` հանձնող և ընդունող նյութական պատասխանատուների մոտ:

30. Առարկաները վերականգնումից վերադարձնելու ժամանակ նորից կշռվում են: Կշռի մեջ փոփոխության առկայության դեպքում փաստն արձանագրվում է փոխանցման կամ հանձնման-ընդունման ակտում: Ակտն ստորագրում են առարկաներն ընդունողը, հանձնողը, հանձնաժողովի անդամները, որի կազմը հաստատում է թանգարանի տնօրենը:

31. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներ այլ թանգարաններին մշտական կամ ժամանակավոր պահպանության են հանձնվում միայն լիազորված պետական մարմնի ղեկավարի գրավոր հրամանի համաձայն, ինչը տրվում է միայն կողմերի միջև կնքված պայմանագրի և հավաքածուի ապահովագրության փաստաթղթերի առկայության դեպքում:

32. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներ այլ թանգարաններին ժամանակավոր պահպանության է հանձնվում կողմերի միջև կնքված փոխատվության պայմանագրի և հավաքածուի ապահովագրության փաստաթղթերում հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

1) հավաքածուի ապահովագրության պայմանագիրը պետք է կնքվի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապահովագրական ընկերության կամ օտարերկյա պետությունում գրանցված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան վարկանիշ ունեցող ապահովագրական ընկերության հետ։ Շահառուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական կառավարման լիազորված մարմնի՝

ա. ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը պետք է համապատասխանի հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնման (արտահանման) ամբողջ ժամանակահատվածին` թանգարանի կողմից հավաքածուն հանձնելու պահից մինչև հետ ընդունելը (մեխից մեխ),

բ. հավաքածուի ապահովագրական արժեքի չափը, որը չի կարող ցածր լինել հավաքածուի գնահատված արժեքից,

գ. ապահովագրական ընկերության կողմից հավաքածուն բոլոր ռիսկերից ապահովագրելու վերաբերյալ պատշաճ ձևով վավերացված ապահովագրության պայմանները.

2) փոխատվության պայմանագիրը կնքվում է կազմակերպությունների միջև և պետք է ներառի հետևյալ պահանջները՝

ա. հավաքածուի պահապանության պայմանները,

բ. հավաքածուն վերադարձնել այն վիճակում, որով այն ի պահ է տրվել,

գ. առանց թանգարանի գրավոր համաձայնության` հավաքածուն չտրամադրել երրորդ անձի, չօգտագործել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաև օտարման վերաբերյալ չկնքել այլ գործարքներ.

3) ժամանակավոր պահպանության հանձնելու մասին հրամանում նշվում է ժամկետը, իսկ ժամկետի երկարաձգումը համաձայնեցվում է թանգարանի տնօրենի հետ:

33. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներ այլ թանգարաններին մշտական պահպանության հանձնելու դեպքում հիմնական փաստաթղթերի «Ծանոթագրություն» սյունակում նշվում են առարկան թանգարանի հաշվառումից հանելու հիմքերը, ինչն ստորագրում է գլխավոր ֆոնդապահը և հաստատում թանգարանի կնիքով:

34. Հաշվառումից հանված թանգարանային առարկաների հաշվառանիշն այլ առարկաների գրանցման համար օգտագործելն արգելվում է:

 

VI. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

35. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների գիտական վկայագրերի կազմումը (ինչպես թանգարանային այլ առարկաների համար) դրանց ուսումնասիրումը, նկարագրումը և գիտական մեկնաբանումը (ինտերպրիտացիա) է:

36. Գլխավոր մատյանում մուտքագրված և պատասխանատուի պահպանությանը հանձնված թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուներն անցնում են գրանցման երկրորդ փուլ` գրանցվում են ֆոնդային մատյաններում, որոնցում թանգարանային առարկայի մասին տեղեկությունները ներկայացվում են այնպիսի ծավալով, որը թույլ է տալիս առավել ճշգրիտ նույնականացնել դրանք:

37. Մինչև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հատուկ մատյանում գրանցում կատարելը` թանգարանի գիտական աշխատողները կազմում են թանգարանային առարկայի վկայագիրը, որը հաշվառման օժանդակ ձև է, արտացոլում է գլխավոր մատյանի և ֆոնդային մատյանի հիմնական նկարագրական դաշտերը և պարունակում է թանգարանային առարկայի գիտական ուսումնասիրության, վերականգնման աշխատանքների, պահպանվածության փոփոխության, օգտագործման վերաբերյալ վերջնական տեղեկույթ:

38. Դրամագիտական զանգվածային առարկաները գրանցվում են ֆոնդային մատյանում` նշելով դրամահատող պետության և թագավորի կամ կառավարչի անունը, հատման տեղը և թիվը, անվանական արժեքը (դրամների համար), թողարկման ժամանակը (մեդալների համար), անվանումը և նշանակությունը (շքանշանների և կրծքանշանների համար), ինչպես նաև հղում` նմանատիպ առարկաների կատալոգային հրատարակություններին:

39. Նմանատիպ առարկաների նկարագրության ժամանակ տրվում է մեկ առարկայի ընդհանուր մանրամասն նկարագրությունը, իսկ մյուսների համար հղում է կատարվում առկա նկարագրությանը (որ խմբին այն պատկանում է)` նշելով միայն տարբերակող հատկանիշները (դրոշմի տեղադրությունը, համարը և այլն):

40. Զանգվածային արտադրության դրամագիտական նյութերը լիովին նույնական են, անհատական առանձնահատկությունները որոշվում են յուրաքանչյուր առարկայի կշռով:

 

VII. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՈՒՄ

 

41. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները հատուկ հաշվառման մատյանում գրանցվում են ընդունման ակտի, թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննական եզրակացության հիման վրա` համաձայն NN 3 և 4 ձևերի:

42. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հատուկ հաշվառման մատյանում գրանցվում են հետևյալ խմբերի համար (առարկաներն այս կամ այն խմբում ընդգրկվում են` ելնելով առարկայի հիմնական նյութից)՝

1) առարկաներ, որոնք ամբողջությամբ պատրաստված են թանկարժեք մետաղից`

ա. պլատինի և պլատինային խմբի մետաղ,

բ. ոսկի (այդ թվում` թանկարժեք քարերը ոսկու կամ արծաթի կամ պլատինի խմբի մետաղի հետ),

գ. արծաթ.

2) դրամագիտական նյութեր (այն թանգարաններում, որտեղ կա մեծ դրամագիտական հավաքածու, ֆոնդային մատյանը կարող է համարվել հատուկ հաշվառման մատյան, իսկ ֆոնդը` հատուկ ֆոնդ).

3) առարկաներ, որոնց բաղկացուցիչ մաս են կազմում թանկարժեք մետաղները`

ա. պլատինի և պլատինային խմբի մետաղ,

բ. ոսկի կամ պլատինի խմբի մետաղի հետ ոսկու համադրություն,

գ. արծաթ:

43. Այն առարկաները, որոնցում թանկարժեք մետաղներն օգտագործված են իբրև դրվագազարդման, ծածկման, գործվածքում` որպես թել, մետաղալար, փայլ, այլ փոքրիկ զարդարանքներ (ասեղնագործ, դիպակ, ժանյակ, ծոպերիզ և այլն), ինչպես նաև կիսաթանկարժեք և այլ քարերը (տուրմալին, հակինթ, տպազիոն, մարջան, խրիզոլիթ, փիրուզ, օպալ, հասպիս, ագաթ, մալաքիտ, կվարց և դրա գունային տարբերակները և այլն) հատուկ հաշվառման չեն վերցվում, չեն գրանցվում հատուկ հաշվառման մատյանում: Դրանք հաշվառվում են թանգարանի գլխավոր և ֆոնդային մատյաններում:

44. Միայն թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները և այն թանգարանային առարկաները, որոնց մաս են կազմում թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, գրանցվում են հատուկ հաշվառման մատյաններում, որոնք մինչև գրանցումը պետք է էջակալվեն, կարվեն, թելերը վերջին էջի վրա ամրացվեն թղթով` նշելով էջերի թիվը: Մատյանի վերջին էջին ամրացված թղթի վրա ստորագրում են թանգարանի տնօրենը և գլխավոր ֆոնդապահը: Ստորագրությունները հաստատվում են թանգարանի կնիքով:

45. Փոփոխությունները և ուղղումները հիմնական փաստաթղթերում կատարվում են գլխավոր ֆոնդապահի կողմից` թանգարանի ֆոնդային-գնահատող հանձնաժողովի արձանագրության հիման վրա, հաշվառման փաստաթղթերի «Ծանոթագրություն» սյունակում` կարմիր գույնով հավաստվում են գլխավոր ֆոնդապահի ստորագրությամբ և ամրագրվում թանգարանի կնիքով:

46. Մատյանը լրացվում է ընթեռնելի, առանց վրիպակների և ջնջումների:

47. Միայն թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների գրանցման հատուկ հաշվառման մատյանը (N 3 ձև), կազմված է 16 սյունակներից, որոնք ունեն հետևյալ անվանումները՝

1) 1-ին սյունակ` հերթական համարը (NN ը/կ), հաշվառման նիշը.

2) 2-րդ սյունակ` գրանցման ժամանակը, գրանցումն իրականացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը.

3) 3-րդ սյունակ` հերթական համարը` առարկայի հաշվառանիշը` ըստ գլխավոր և ֆոնդային մատյանների.

4) 4-րդ սյունակ` առարկայի անվանումը.

5) 5-րդ սյունակ` առարկայի նկարագրությունը, հեղինակը, դպրոցը, ստեղծման, արտադրության ժամանակը և տեղը, արձանագրությունները, մակագրությունները, կնիքները և դրոշմների վերծանումները.

6) 6-րդ սյունակ` մետաղի անվանումը.

7) 7-րդ սյունակ` քաշը (չափի միավորը).

8) 8-րդ սյունակ` հարգը.

9) 9-րդ սյունակ` թանկարժեք քարերի անվանումը.

10) 10-րդ սյունակ` քաշը (կարատը).

11) 11-րդ սյունակ` որակական բնութագիրը.

12) 12-րդ սյունակ` չափսերը` միլիմետրերով.

13) 13-րդ սյունակ` ընդհանուր կշիռը` գրամներով.

14) 14-րդ սյունակ` վիճակը (գրանցման պահին առարկայի պահպանվածության աստիճանը).

15) 15-րդ սյունակ` առարկայի մետաղափորձական ակտերի համարը, ամսաթիվը.

16) 16-րդ սյունակ` ծանոթագրություն:

48. Միայն թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների գրանցման հատուկ հաշվառման մատյանի նշված սյունակները լրացվում են հետևյալ բովանդակությամբ.

1) հաշվառման նիշը` ըստ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հատուկ հաշվառման մատյանի՝ տվյալ մատյանում առարկայի գրանցման հերթական համարը, ինչը տարբեր ձևերով ամրացվում է առարկայի վրա: Նշվում են գլխավոր, ֆոնդային մատյանների համարները: Անջատվող հատվածներից բաղկացած առարկաները (պատյանով թուր, ծխախոտատուփ` բացվող կափարիչով, զենք ու զրահ, պատյանով ժամացույցներ և ակնոցներ, խաչ` շղթայով, զույգ առարկաներ` ականջօղեր և այլն) մատյանում գրանցվում են մեկ համարի տակ, իսկ առարկայի ամեն մի մասի վրա համապատասխան բաժանարարով (կոտորակներով) գրվում են թվեր կամ տառեր.

2) գրանցման ժամանակը, գրանցումն իրականացնողի անունը, ազգանունը՝ առարկայի գրանցման ժամանակը և գրանցումն իրականացնող պաշտոնատար անձը (օրինակ` 19.04.2002 թ., Արուս Հակոբյան).

3) հերթական համարը` ըստ գլխավոր և ֆոնդային մատյանների՝ անհրաժեշտ է հաշվառման մատյանների միջև փոխկապվածություն ստեղծելու համար.

4) առարկայի անվանումը՝ նշվում է նաև դրա ամբողջական կամ հատվածային լինելու մասին.

5) առարկայի համառոտ նկարագրությունը՝ առարկայի տեսանելի բնութագրիչները և առարկան առանձնացնող հատկանիշները: Առարկայի և դրա մասերի նկարագրությունը իրականացվում է որոշակի հերթականությամբ` առաջին հերթին նկարագրվում են կառուցվածքն ու ձևը, ձևավորումը, այնուհետև` առանձին հատվածները: Առարկայի կառուցվածքը նկարագրելիս՝ անհրաժեշտ է նշել մասերի և դետալների միացման տեղերը, դրանց առանձնահատկությունները, ստեղծման վայրը` երկիրը, մարզը, շրջանը (նահանգը, գավառը), քաղաքը, գյուղը (նշվում է ճշգրիտ կամ մոտավոր): Տրվում է պետական կամ մասնավոր կազմակերպության (գործարան, ֆաբրիկա, արհեստանոց), տնայնագործական արհեստանոցի լրիվ անվանումը, նշվում են տվյալներ էթնիկական և սոցիալական այն միջավայրի մասին, որտեղ առարկան կիրառվել է, պատկանելությունը՝ մինչև թանգարան մուտք գործելը, բացահայտվում է առարկայի նշանակությունը: Նկարագրվում կամ վերարտադրվում են առարկայի վրա առկա բոլոր նշանները, դրոշմները, խորհրդանիշերը, բոլոր վկայությունները, հայտնաբերման պայմանները և այլն.

6) նյութը՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ սյունակներն առարկայի նյութի մասին տեղեկույթ են, որը լրացվում է վեց ենթասյունակներով, այսպես` 6-րդ սյունակ` թվարկվում են այն նյութերը, որոնցից պատրաստված է առարկան` ոսկի, արծաթ, պլատին, 7-րդ սյունակ` նյութի անվանը համապատասխան` քաշը (կշիռը), 8-րդ սյունակ` հարգը, 9-րդ սյունակ` թանկարժեք քարերի անվանումը, 10-րդ սյունակ` քաշը, 11-րդ սյունակ` կարատը.

7) չափսերը՝ սյունակում նշվում են առարկայի չափսերի մասին տվյալները` միլիմետր առ միլիմետր, հաշվի է առնվում առարկայի բարձրությունը, լայնությունը և խորությունը, տրամագիծը (եթե առարկան ճիշտ կլոր ձև ունի): Առարկաների չափման համար անհրաժեշտ է օգտագործել կոշտ սանտիմետրեր (քանոն, մետաղական չափերիզ և այլն): Ճիշտ կլոր ձև ունեցող առարկաների տրամագիծը նշվում է 0.1 մմ ճշտությամբ, իսկ տձև առարկաների դեպքում` 2 չափս` մեծ և փոքր կողմերը.

8) ընդհանուր քաշը՝ եթե թանկարժեք մետաղն առարկայի մաս է կազմում, նշվում է առարկայի ընդհանուր քաշը.

9) վիճակը՝ գրանցման պահին առարկայի վիճակն է, այդ թվում` փաստվում են առկա բոլոր արատները (ճեղքվածքներ, ճաքեր, փքվածություն, բեկորային, մաշվածություն, ջարդվածքներ, կտրվածքներ, առարկայի որևէ հատվածի կամ դետալի բացակայություն), մատնանշվում են բացակա բնիկների քանակը, նշանակալից վնասվածքների տեղն ու չափսերը: Չի թույլատրվում «վատ պահպանվածություն», «լավ» կամ «ունի վնասվածքներ» ձևակերպումները: Բացահայտ վնասվածքներ չլինելու դեպքում պետք է օգտագործել «տեսանելի վնասվածքներ չկան» կամ նմանօրինակ ձևակերպումները.

10) մետաղափորձական ակտերի համարը՝ հղում է կատարվում թանկարժեք մետաղների հարգորոշման և թանկարժեք քարերի փորձաքննության ակտին (ակտերին)` նշելով ակտի համարը և թվականը.

11) ծանոթագրություն՝ նախատեսված է առարկայի պահպանման տեղի, առկայության ստուգումների, կշռի, թվագրության, բնորոշման փոփոխությունների և այլ նշումների կամ հղումների կատարման համար:

49. Հատուկ հաշվառման մատյանում, որում գրանցվում են այն թանգարանային առարկաները, որոնց մաս են կազմում թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, նշվում են առարկաների առանձնահատկությունները: Մատյանը կազմված է 17 սյունակներից: 1-11-րդ և 13-17-րդ սյունակները լրացվում են սույն կարգի 48-րդ կետի 1-11-րդ և 12-16-րդ կետերի բովանդակության համաձայն, իսկ 12-րդ` «Այլ նյութեր» սյունակը, լրացվում է` նշելով բոլոր նյութերի անունները:

50. Այն առարկաների նկարագրությունը, որտեղ մաս են կազմում թանկարժեք մետաղներն ու թանկարժեք քարերը, պետք է պարունակի տեղեկույթ նյութի բաղկացուցիչ մասերի վերաբերյալ (օրինակ` «ոսկյա, ուղղանկյուն զարդատուփ` արծնապատ, գյուղական տեսարանի պատկերով, կափարիչի անկյուններում` 10 ադամանդ, անկյուններում` 4 սուտակ):

51. Սույն կարգի 47-րդ կետում նշված հատուկ հաշվառման մատյանում գրանցվում են՝

1) ոսկյա առարկաներ` գունավոր և թանկարժեք քարերով ընդելուզված.

2) ոսկյա առարկաներ, որոնք ունեն լրացուցիչ մասեր այլ մետաղներից, այդ թվում` արծաթից.

3) առարկաներ` պատրաստված բրոնզից, երկաթից և այլ մետաղներից, ծածկված ոսկյա թերթով, ոսկու լրացուցիչ հավելմամբ կամ ծածկված արծաթե շերտով.

4) թանկարժեք քարեր ագուցարանում կամ առարկայի վրա.

5) ապակուց և քարից առարկաներ` ոսկյա շրջանակում.

6) արծաթյա առարկաներ` այլ մետաղական մասերով:

52. Թանգարանային առարկաների նշագրումը գլխավոր, ֆոնդային և հատուկ հաշվառման մատյանների համարների ծածկագրված տեղեկույթն է` թանգարանի անվան հապավման, թանգարանի տնօրենի հրամանով հաստատված ֆոնդերի հապավման տեսքով:

53. Հաշվառանիշերը դրվում են` չվնասելով առարկայի արտաքին տեսքը: Անմիջապես առարկայի վրա հաշվառանիշ դնելու անհնարինության դեպքում այն դրվում է առարկայի վրա կախված պիտակին:

54. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված առարկաների ֆոնդապահոցում ստեղծվում և պահպանվում են նաև գիտատեղեկատվական քարտարանները` տեղադրական քարտերի կամ տեղադրական առարկայացանկերի ձևով:

55. Տեղադրական քարտ կազմվում է յուրաքանչյուր ֆոնդի, ցուցափեղկի համար: Այն կազմված է 7 սյունակներից, որոնք ունեն հետևյալ անվանումները՝

1) 1-ին սյունակ` հերթական համարը.

2) 2-րդ սյունակ` գլխավոր մատյանի հաշվառանիշը (NN ը/կ).

3) 3-րդ սյունակ` ֆոնդային մատյանի հաշվառանիշը (NN ը/կ).

4) 4-րդ սյունակ` հատուկ հաշվառման մատյանի հաշվառանիշը (NN ը/կ).

5) 5-րդ սյունակ` առարկայի անվանումը.

6) 6-րդ սյունակ` առարկաների քանակը կամ համալիրի քանակը.

7) 7-րդ սյունակ` ծանոթագրություն: «Ծանոթագրություն» սյունակում գրանցվում են առարկայի բոլոր տեղափոխությունները` ցուցադրության կամ ժամանակավոր այլ թանգարանին հանձնումը, ներթանգարանային տեղափոխությունները: Այս հաշվառումը կարող են վարել էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ` պայմանով, որ դրանց ձևը համապատասխանի սույն կարգով սահմանված պահանջներին և ձևին:

 

VIII. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

56. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները պետք է պահպանվեն հատուկ պահոցում կամ հատուկ չհրկիզվող պահարաններում (սեյֆ)` զմռսակնքվող կամ կապարակնքվող ֆոնդապահոցում:

57. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված` ֆոնդապահոցից ցուցադրություն, ցուցահանդես տրվող թանգարանային առարկաները պետք է տեղադրվեն հատուկ սարքավորված ցուցափեղկերում կամ պահարաններում` ապահովված հատուկ փականով և ազդանշանային համակարգով (տեղային ազդանշանային համակարգ):

58. Ցուցափեղկը կամ պահարանը զմռսակնքվում կամ կապարակնքվում է նյութական պատասխանատու անձի կնիքով:

59. Բոլոր պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները, պետք է լինեն զմռսակնքված կամ կապարակնքված, ապահովված անվտանգության և հակահրդեհային ազդանշանային համակարգերով: Առանց նշված կարգի պահպանման` արգելվում է թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների պահպանությունը:

60. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների պահոցներն աշխատանքային օրվա ավարտից հետո պետք է կողպվեն, զմռսակնքվեն կամ կապարակնքվեն նյութական պատասխանատու անձի կնիքով:

61. Հատուկ պահոցի, ցուցափեղկերի, պահարանների բանալիները դրվում են տոպրակի կամ տուփի մեջ, անձնական կնիքով զմռսակնքվում կամ կապարակնքվում և տեղադրվում են թանգարանի հատուկ չհրկիզվող պահարանում: Պահարանների բանալիների հանձնման և ընդունման մասին պետք է լինի հատուկ մատյան, որտեղ նշվում են, թե յուրաքանչյուր անգամ ինչ նպատակով է բացվել պահոցը, ցուցափեղկը, պահարանը: Նշված մատյանը վարում է թանգարանի գլխավոր ֆոնդապահը:

62. Մինչև բանալիները թանգարանի հատուկ չհրկիզվող պահարան հանձնելը՝ պահպանության համար պատասխանատու է նյութական պատասխանատու անձը:

63. Բանալիները պահպանության համար հատուկ չհրկիզվող պահարանում գտնվելու ժամանակահատվածում պատասխանատու է այն անձը, ում տնօրինման տակ է հատուկ չհրկիզվող պահարանը:

64. Բանալիների երկրորդ օրինակը` զմռսակնքված կամ կապարակնքված նյութական պատասխանատու անձի կնիքով, պահվում է հատուկ բաժնում կամ թանգարանի տնօրենի մոտ:

65. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների մատչելիության, հատուկ ֆոնդի պահպանության, բանալիներից օգտվելու կարգը հաստատում է թանգարանի տնօրենը:

66. Աշխատանքային օրվա սկզբում և ավարտին թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների ֆոնդապահը պարտավոր է ստուգել բոլոր զմռսակնիքների կամ կապարակնիքների անխաթարությունը, իսկ կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող թանգարանային առարկաների տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում նյութական պատասխանատու անձն անմիջապես տեղյակ է պահում թանգարանի տնօրենին և գլխավոր ֆոնդապահին:

67. Ֆոնդապահոցի դուռը, որտեղ պահվում են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաներ, կարող է բացել միայն հավաքածուի պահպանության համար պատասխանատու անձը:

68. Անհրաժեշտության դեպքում ֆոնդապահոցը կարող է բացվել հանձնաժողովի կողմից, որը կազմվում է թանգարանի տնօրենի հրամանի հիման վրա՝ ոչ պակաս, քան երեք անձից: Ֆոնդապահոցի դուռը բացելու մասին կազմվում է հատուկ ակտ և միաժամանակ նշումներ են կատարվում բանալիների հանձնման-ընդունման մատյանում:

69. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների ցուցափեղկերը, պահարանները կարող են բացվել միայն հավաքածուի պահպանության համար պատասխանատու անձի` ֆոնդապահի կողմից` դրա մասին համապատասխան նշումներ կատարելով ցուցադրության ընդունման մատյանում: Աշխատանքի ավարտից հետո ցուցափեղկերը, պահարանները զմռսակնքվում կամ կապարակնքվում են նյութական պատասխանատուի կնիքով:

70. Թանգարանային առարկաները, որոնք պարունակում են թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, պարտադիր հաշվառվում են նաև համապատասխան բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից:

71. Թանգարանի տնօրենի հետ միասին թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման, պահպանության, ամրակայման, վերականգնման համար պատասխանատու է թանգարանի գլխավոր ֆոնդապահը կամ այն ֆոնդապահը, ում վրա դրված է այդ ֆոնդի պահպանությունը:

72. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների ֆոնդի ֆոնդապահ կարող է նշանակվել այն գիտաշխատողը կամ ֆոնդապահը, ով ունի բարձրագույն կրթություն, աշխատել է ֆոնդապահի պաշտոնում ոչ պակաս, քան երկու տարի, անցել է թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների ֆոնդերի հաշվառման ու պահպանության հատուկ դասընթաց:

73. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների ֆոնդի պահպանության հանձնումը մեկ ֆոնդապահից մյուս ֆոնդապահին կատարվում է թանգարանի տնօրենի հրամանով ստեղծված ոչ պակաս, քան երեք անձից կազմված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը և նրա գործունեության ժամկետը սահմանվում են թանգարանի տնօրենի հրամանով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

__________________________________________  

 (թանգարանի անվանումը

 

Ձև N 1

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 Տնօրեն _______________________

 (ստորագրությունը) Կ.Տ.

_____ _______________20  թ.

 ՄՊ աԿՏ N ____

___ __________ 20  թ.

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 Թանգարանն իր լիազոր անձանց անունից

__________________________________________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

 

Ֆոնդային-գնահատող հանձնաժողովի որոշման N ____ ____ _____ 20  թ. արձանագրությանը և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ____ _________20  թ. N ___ ակտին համապատասխան` կազմեց սույն ակտը՝ երեք օրինակից, որն առաջինն ընդունեց, իսկ երկրորդը

___________________________________________________________________________________

(սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, անձնագրային տվյալները)

մշտական պահպանության հանձնեց հետևյալ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված մշակութային առարկաները.

 

NN
ը/կ

Առարկայի անվանումը, հեղինակը և համառոտ նկարա-գրությունը

Հաշվառա-նիշը

Թանկարժեք մետաղի կշիռը՝ գրամներով, և հարգը

Թանկարժեք քարերի

Չափ- սերը`
(մմ)

Առար-կայի ընդհա-նուր քաշը

Պահպան- վածությունը

Փորձագի-տական ակտի համարը,
ամսա-
թիվը

Ծանոթա-գրություն

ոսկի

արծաթ

պլատին

անվանումը

քանակը

կշիռը կարատ- ներով

ընդհանուր որակական բնութագիրը (մաքրություն, գույն, տաշվածք)

1

2

3

6

7

8

9

10

                             
                             
                             
                             

 

Ակտով ընդամենը ________________________________ առարկաներ (թվերով և տառերով)

 

Ընդունեց

 ____________  _____________________
    (ստորագրությունը)  (ազգանունը, անունը, հայրանունը)

Հանձնեց

 ____________  _____________________
  (ստորագրությունը)  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

__________________________________________  

 (թանգարանի անվանումը

(ձևը փոփ. 08.12.22 N 1876-Ն)

 

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

 Տնօրեն _______________________

  (ստորագրությունը)

_____ _______________20  թ. Կ.Տ.

 ԱԿՏ N ____

___ __________ 20 թ.

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ (ՓՈԽԱՆՑՄԱՆ)

 

 Սույն ակտը կազմված է այն մասին, որ _________________________________________________

 

(գլխավոր ֆոնդապահը, հաշվառման բաժնի (սեկտորի) վարիչը, բաժնի վարիչը,
պատասխանատու ֆոնդապահը, անունը, ազգանունը)

 __________________________________________________________________________________

թանգարանի տնօրենի ____ ________20 թ. N_____ հրամանով ստեղծված հանձնաժողովի ներկայությամբ,

հանձնեցին, իսկ ____________________ ժամկետով ժամանակավոր պահպանության ընդունեց հետևյալ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաները.

 

NN
ը/կ

Առարկայի անվանումը, հեղինակը և համառոտ նկարագրու- թյունը

Հաշվառա-նիշը

Թանկարժեք մետաղի կշիռը՝ գրամներով, և հարգը

Թանկարժեք քարերի

 

Չափ- սերը`
(մմ)

Առար-կայի ընդհա-նուր կշիռը

Պահպան- վածությունը

Փորձագի-տական ակտի համարը,
ամսա-թիվը

Ծանոթա-գրություն

ոսկի

արծաթ

պլատին

անվանումը

քանակը

կշիռը՝ կարատ- ներով

ընդհանուր որակական բնութագիրը (մաքրություն, գույն, տաշվածք)

1

2

3

6

7

8

9

10

                             
                             
                             
                             

 

Ակտով ընդամենը ________________________________ առարկաներ (թվերով և տառերով)

 

Ընդունեց

 ____________  _____________________
    (ստորագրությունը)  (ազգանունը, անունը, հայրանունը)

Հանձնեց

 ____________  _____________________
  (ստորագրությունը)  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

Ձև N 3

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՏՅԱՆ

 

միայն թանկարժեք մետաղներից ԵՎ թանկարժեք քարերից պատրաստված թանգարանային առարկաների

 

NN
ը/կ

Գրանցման ժամանակը, գրանցումն իրակա-նացնողի ազգանունը, անունը, հայրանունը

NN ըստ
գլխավոր և ֆոնդային մատյանի

Առար-կայի անվա-նումը և հեղինակը

Նկարագրությունը` արձանագրություններ, մակագրություններ, կնիքների և դրոշմների վերծանումներ

Նյութը

Չափ-
սերը
(մմ)

Քաշը
(գրամ)

Վիճա- կը

Առարկայի մետաղափորձական ակտեր (NN)

Ծանո- թագրու-թյուն

մետաղի

թանկարժեք քարերի

անվա-նումը

քաշը

հարգը

անվա-
նումը

քաշը` ըստ կա- րատ-ների

որակական բնութագիրը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               

 

 

Ձև N 4

 

 _____ _______________20  թ.

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՏՅԱՆ

 

թանգարանային առարկաների, որոնց մաս են կազմում թանկարժեք մետաղները ԵՎ քարերը

 

NN
ը/կ

Գրանցման ժամանակը, գրանցումն իրակա-նացնողի ազգանունը, անունը, հայրանունը

NN ըստ
գլխավոր և ֆոնդային մատյանի

Առար-կայի անվա-նումը և հեղինակը

Նկարագրությունը` արձանագրություններ, մակագրություններ, կնիքների և դրոշմների վերծանումներ

Նյութը

Այլ նյութեր

Չափ-
սերը

Ընդհանուր քաշը
(գրամ)

Վիճա-
կը

Առարկայի մետաղափորձական ակտեր (NN)

Ծանո- թագրություն

մետաղի

թանկարժեք քարերի

անվա-
նումը

քա- շը

հարգը

անվա-
նումը

քաշը` ըստ կա- րատ-ների

որա-կական բնու-թագիրը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 

  (հավելվածը խմբ., փոփ. 08.12.22 N 1876-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2022, N 1876-Ն 09.12.2022, N 705-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան