Գլխավոր տեղեկություն
Համար
N 662-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2022
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.11.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 նոյեմբերի 2022 թ.

N 662-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հավելվածի 20-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Օրակարգի նախագծում ներառված հարցերը Քաղաքապետի կողմից նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից:»,

2) հավելվածի 104-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ.

«Նիստը վարողի, խմբակցության ղեկավարի առաջարկությամբ և Ավագանու որոշմամբ ընդմիջում կարող է չանցկացվել կամ անցկացվել այլ ժամերին և տևողությամբ, ինչպես նաև կարող է անցկացվել լրացուցիչ ընդմիջում:»,

3) հավելվածի 114-րդ կետում.

ա. 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) քվորումի առկայության դեպքում` նիստը վարողը հրապարակում է Ավագանու նիստի օրակարգի նախագիծը` օրակարգային չզեկուցվող հարցերը և զեկուցվող հարցերի քննարկման հաջորդականությունը.»,

բ. 4-րդ ենթակետում «օրակարգի» բառից հետո լրացնել «այդ թվում՝ չզեկուցվող հարցերը զեկուցվող հարցերին ներկայացվող ընթացակարգին համաձայն կամ զեկուցվող հարցերը չզեկուցվող հարցերին ներկայացվող ընթացակարգին համաձայն քննարկելու,» բառերը,

գ. 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) հերթական նիստի օրակարգի հաստատումից հետո, առանց զեկուցման և սույն կետի 6-12-րդ ենթակետերով սահմանված գործողությունների իրականացման, առաջնահերթ քվեարկության են դրվում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը.»,

դ. լրացնել 5.1-ին և 5.2-րդ ենթակետեր.

«5.1) օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը քվեարկվում են մեկ քվեարկությամբ, ընդ որում՝ Ավագանու անդամի կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկությունը համարվում է համապատասխանաբար կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկված յուրաքանչյուր նախագծին:

5.2) Չզեկուցվող հարցերի քվեարկությունից հետո զեկուցվող հարցերը քննարկվում են ըստ օրակարգում դրանց ներկայացման հաջորդականության: Քաղաքապետի պահանջով իր ներկայացրած նախագիծը կարող է քննարկվել արտահերթ: Յուրաքանչյուր հարցի քննարկումը սկսվում է նիստը վարողի կողմից հարցի ներկայացմամբ, ինչպես նաև դրա վերաբերյալ հիմնական և հարակից զեկուցողների անուն-ազգանունների հայտարարմամբ:»․

4) հավելվածը լրացնել նոր 117․1․-ին կետով.

«117.1. Ավագանու արտահերթ նիստերի օրակարգում ներառված հարցերը ավագանու որոշմամբ կարող են քննարկվել չզեկուցվող հարցերի սույն կանոնակարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հր. Սարգսյան

 

2022 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2022 թվական: