Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26628/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26628/02/18

Նախագահող դատավոր՝

 Գ Խանդանյան

Դատավորներ՝

 Ա Մխիթարյան

 Ն Կարապետյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ և Տաթևիկ Գասոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ և Տաթևիկ Գասոյանների ընդդեմ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 Դիմելով դատարան` Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ և Տաթևիկ Գասոյանները պահանջել են Ընկերությունից բռնագանձել 14.187.550 ՀՀ դրամ, որպես իրենց վճարման ենթակա 42.600.000 ՀՀ դրամ գումարն ապօրինի պահելու, այդ գումարը վերադարձնելուց խուսափելու և վճարման այլ կետանցով այդ գումարն օգտագործելու դիմաց 10102015 թվականից մինչև 18.07.2018 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումար:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 07092020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24022021 թվականի որոշմամբ Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ և Տաթևիկ Գասոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07092020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Դատավոր Ն Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ և Տաթևիկ Գասոյանները (ներկայացուցիչ Լուիզա Հովհաննիսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 352-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժելով վերաքննիչ բողոքը փաստել է, որ «պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը ծագում է առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի գոյության պայմաններում», մինչդեռ սույն դեպքում անտեսվել է այն էական փաստական հանգամանքը, որ պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը ծագել է ոչ թե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի գոյության պայմաներում, այլ հայցվորների և պարտապանի միջև կնքված 30.05.2008 թվականի Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 3.7 կետով:

Պատասխանող ընկերության կողմից վերոհիշյալ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով 18.05.2013 թվականին Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանը հայցադիմում են ներկայացրել դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1149/02/13) ընդդեմ «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի` 30.05.2008 թվականին կնքված Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 1.1.2 և 2.5 կետով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով: Պայմանագրի 3.7 կետը հայցվորներին իրավունք է վերապահել բնակարանի փոխարեն պահանջել դրա` տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքը և պատճառված վնասները: Ուստի հայցվորները 24.03.2014 թվականին բնակարանի և ավտոկայանատեղի արժեքը հատուցելու պահանջ են ներկայացրել Ընկերությանը, որպիսի փաստն արձանագրվել է նաև թիվ ԵԿԴ/1149/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2016 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշման մեջ։ Իսկ 06.05.2015 թվականին հայցվորները դատարան են ներկայացրել հայցապահանջի հստակեցում՝ պահանջելով պարտավորեցնել Ընկերությանը հայցվորներ Սուսաննա Մամաջանյանի, Տաթևիկ Գասոյանի և Բագրատ Գասոյանի հանդեպ կատարել 30.05.2008 թվականի Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 3.7 կետով սահմանված պարտականությունը, այն է՝ հայցվորներին տրամադրել կողմերի միջև կնքված պայմանագրի 1.1.2 կետով որոշված բնակարանի և ավտոկայանատեղիի շուկայական արժեքին համարժեք հատուցում, այն է՝ 45.443.750 ՀՀ դրամ գումար։

Վերոգրյալի հաշվառմամբ, հայցադիմումի հստակեցման՝ գումարի բռնագանձման պահանջի ներկայացման պահից պատասխանողի համար ակնհայտ է եղել հայցվորին որոշակի գումար փոխանցելու իր պարտավորության առաջացումը։ Ուստի, այդպիսի պահանջ ներկայացնելու պահին հաջորդող յոթերորդ օրվանից սկսած հայցվորի հանդեպ պատասխանողի պարտավորությունը համարվում է չկատարված և ենթակա են հաշվեգրման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 24022021 թվականի որոշումը և փոփոխել, այն՝ հայցը բավարարել՝ Ընկերությունից բռնագանձել 14.187.550 ՀՀ դրամ գումար: Ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերին՝ այդ թվում նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության, որի անունից հանդես է գալիս «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը (Կողմ 1) և Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ Գասոյանի և Տաթևիկ Գասոյանի (Կողմ 2) միջև 30.05.2008 թվականին կնքվել է թիվ Գ/Փ N 51/05-08 «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու մասին» պայմանագիրը:

Պայմանագրի 1.1.1 կետի համաձայն՝ Կողմ 2-ը Կողմ 1-ին փոխանցում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Տերյան թիվ 127 շենքի թիվ 19 հասցեում գտնվող 677 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շինությունը հետագայում այն քանդելու և տարածքը սահմանված նպատակներին ծառայեցնելու համար։

Պայմանագրի 1.1.2 կետի համաձայն` կողմերի փոխադարձ համաձայնությամբ վերը նշված հանձնված օբյեկտի փոխարեն, որպես փոխհատուցում Ընկերությունը պարտավորվում է Կողմ 2-ին վճարել 5.500.000 ՀՀ դրամ, որպես սեփականություն տրամադրել Ճարտարագիտական համալսարանին հարող տարածքի Տերյան թիվ 107 հասցեում կառուցվելիք բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկի ձախակողմյան հատվածում տեղաբաշխված պայմանական թիվ 3 բնակարանը 68.5 քմ ընդհանուր մակերեսով համաձայն պայմանագրին կցվող, Կողմ 1-ի կողմից հաստատված հատակագծի, պայմանով, որ Տերյան թիվ 127 և թիվ 129 շենքերի տեղում կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետա-նախագծային փաթեթը հաստատվելուց հետո սույն պայմանագիրը, պայմանագրի պայմանների պահպանմամբ, կվերաձևակերպվի Տերյան փողոցի թիվ 127 և թիվ 129 շենքերի տեղում կառուցվելիք բազմաբնակարանային շենքում տեղաբաշխված համանման 68.5 քմ մակերեսով բնակարան հատկացնելու պայմանագրի: Պայմանագրի նկարագրությունը ներկայացված է պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելված 1-ում:

Կողմ 2-ին, որպես սեփականություն, տրամադրել ճարտարագիտական համալսարանին հարող տարածքի Տերյան 107 հասցեում կառուցվելիք բազմաբնակարանային շենքին պատկանող 1 ստորգետնյա ավտոկայանատեղ 20քմ ընդհանուր մակերեսով:

Պայմանագրի 2.5 կետի համաձայն` Ընկերությունը պայմանագրի 1.1.2 կետում նշված բնակարանը հանձնման-ընդունման ակտով պարտավոր է հանձնել Սուսաննա Մամաջանյանին, Բագրատ Գասոյանին և Տաթևիկ Գասոյանին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց և դրանից ծագող իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, շինարարության իրականացման հաստատված ժամանակացույցով նախատեսված 24 ամիսների ընթացքում, որը համարվում է պայմանագրի կատարման վերջնաժամկետ:

Պայմանագրի 3.7 կետի համաձայն` Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանն իրավունք ունեն պայմանագրի 1.1.2 կետում նշված բնակարանի փոխարեն Ընկերությունից, որպես հատուցագին, պահանջել հատկացվելիք բնակարանի տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքը և պատճառված վնասները, եթե Ընկերության կողմից խախտվի սույն պայմանագրի 3.3 և 3.4 կետերը ու պայմանագրով նախատեսված կարգով իրենց բնակարան չտրամադրվի (հատոր 1-ին գթ 26-30):

2) Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանը 18.05.2013 թվականին հայցադիմում են ներկայացրել դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1149/02/13) ընդդեմ Ընկերության 30.05.2008 թվականին կնքված Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 1.1.2 և 2.5 կետով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով:

Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ և Տաթևիկ Գասոյանները 06.05.2015 թվականին դատարան են ներկայացրել հայցապահանջի հստակեցում, որով պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը կատարել 30.05.2008 թվականին Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 3.7 կետով սահմանված պարտականությունը, այն է՝ հայցվորներին տրամադրել կողմերի միջև կնքված պայմանագրի 1.1.2 կետով որոշված բնակարանի և ավտոկայանատեղիի շուկայական արժեքին համարժեք հատուցում, այն է՝ 45.443.750 ՀՀ դրամ գումար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է Ընկերությունից հօգուտ Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ Գասոյանի և Տաթևիկ Գասոյանի բռնագանձել 42.600.000 ՀՀ դրամ գումար՝ որից՝ 37.300.000 ՀՀ դրամը՝ որպես Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 107 հասցեում շենքում գտնվող 68.5քմ մակերեսից բաղկացած բնակելի նշանակության անշարժ գույքի հավանական շուկայական արժեքի գումար, 5.000.000 ՀՀ դրամը՝ որպես Տերյան թիվ 107 շենքում գտնվող 20 քմ մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի հավանական շուկայական արժեքի գումար, 300.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 16.07.2018 թվականին (հատոր 1-ին գթ 15-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների վճարման պարտավորության առաջացման հիմքերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։

 

 Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Դիմելով դատարան` Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ և Տաթևիկ Գասոյանները պահանջել են Ընկերությունից բռնագանձել 14.187.550 ՀՀ դրամ, որպես իրենց վճարման ենթակա 42.600.000 ՀՀ դրամ գումարն ապօրինի պահելու, այդ գումարը վերադարձնելուց խուսափելու և վճարման այլ կետանցով այդ գումարն օգտագործելու դիմաց 10102015 թվականից մինչև 18.07.2018 թվականը ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումար:

Դատարանը 07092020 թվականի վճռով հայցը մերժել է պատճառաբանելով, որ «Դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայում է պատասխանողի կողմից հայցվորների դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու հիմքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թիվ ԵԿԴ/1149/02/13 քաղաքացիական գործով վճիռն օրինական ուժի մեջ է մտել 16072018թ և հայցվորները կարող էին իմանալ պարտավորության խախտման մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, մինչդեռ դիմելով Դատարան՝ խնդրել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձել 10102015թ մինչև 18072018թ»։

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է Դատարանի 07092020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանելով, որ «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատասխանող Ընկերությունը փաստերի նման դասավորվածության պայմաններում՝ երբ թիվ ԵԿԴ/1149/02/13 քաղաքացիական գործով վճիռը օրինական ուժի մեջ է մտել 16.07.2018 թվականին, հայցվորներն ավելի վաղ՝ 10.10.2015 թվականին չէին կարող կանխատեսել, որ պատասխանող Ընկերությունը դատական ակտով նախատեսված գումարին վճարման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պահում է ապօրինի և խուսափել է այն վճարելուց, քանի որ պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը ծագում է Առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի գոյության պայմաներում: Նման եզրահանգման գալիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ պարտավորության կատարման կապակցությամբ առկա վեճի պայմաններում, քանի դեռ բացակայում է պատասխանողի՝ հայցվորին պահանջվող գումարը վճարելու պարտավորության իրավաչափությունը հավաստող օրինական ուժի մեջ մտած ակտը, բացակայում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ և բավարար՝ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու պայմանի գոյությունը: Նշանակում է՝ քանի դեռ օրինական ուժի մեջ մտած ակտով չի ծագել պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու պարտականությունը, դրամական միջոցները պահելու եղանակով պարտավորության չկատարումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի իմաստով, չի կարող դիտվել որպես ապօրինի»:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության, որի անունից հանդես է գալիս «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը (Կողմ 1) և Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանը (Կողմ 2) որոնց միջև 30.05.2008 թվականին կնքվել է թիվ Գ/Փ N 51/05-08 «Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքներից, տնօրինումից, տիրապետումից և օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու մասին» պայմանագիրը: Պայմանագրի 1.1.1 և 112 կետերով սահմանվել է, որ Կողմ 2-ը Կողմ 1-ին փոխանցում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Տերյան թիվ 127 շենքի թիվ 19 հասցեում գտնվող 677 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շինությունը հետագայում այն քանդելու և տարածքը սահմանված նպատակներին ծառայեցնելու համար, իսկ Կողմ 1-ը պարտավորվում է Կողմ 2-ին վճարել 5.500.000 ՀՀ դրամ, որպես սեփականություն տրամադրել Ճարտարագիտական համալսարանին հարող տարածքի Տերյան թիվ 107 հասցեում կառուցվելիք բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկի ձախակողմյան հատվածում տեղաբաշխված պայմանական թիվ 3 բնակարանը 68.5 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև 1 ստորգետնյա ավտոկայանատեղ 20քմ ընդհանուր մակերեսով: Պայմանագրի 2.5 կետի համաձայն` Ընկերությունը պայմանագրի 1.1.2 կետում նշված բնակարանը հանձնման-ընդունման ակտով պարտավոր է հանձնել Սուսաննա Մամաջանյանին, Բագրատ Գասոյանին և Տաթևիկ Գասոյանին պայմանագիրն ուժի մեջ մտնելուց և դրանից ծագող իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, շինարարության իրականացման հաստատված ժամանակացույցով նախատեսված 24 ամիսների ընթացքում, որը համարվում է պայմանագրի կատարման վերջնաժամկետ: Պայմանագրի 3.7 կետի համաձայն` Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանն իրավունք ունեն պայմանագրի 1.1.2 կետում նշված բնակարանի փոխարեն Ընկերությունից, որպես հատուցագին, պահանջել հատկացվելիք բնակարանի տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքը և պատճառված վնասները, եթե Ընկերության կողմից խախտվի սույն պայմանագրի 3.3 և 3.4 կետերը ու պայմանագրով նախատեսված կարգով իրենց բնակարան չտրամադրվի:

Սուսաննա Մամաջանյանը, Բագրատ Գասոյանը և Տաթևիկ Գասոյանը 18.05.2013 թվականին հայցադիմում են ներկայացրել դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1149/02/13) ընդդեմ Ընկերության 30.05.2008 թվականին կնքված Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 1.1.2 և 2.5 կետով սահմանված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով: Հայցվորները 06.05.2015 թվականին դատարան են ներկայացրել հայցապահանջի հստակեցում, որով պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը կատարել 30.05.2008 թվականին Գ/Փ թիվ 51/05-08 պայմանագրի 3.7 կետով սահմանված պարտականությունը, այն է՝ հայցվորներին տրամադրել կողմերի միջև կնքված պայմանագրի 1.1.2 կետով որոշված բնակարանի և ավտոկայանատեղիի շուկայական արժեքին համարժեք հատուցում, այն է՝ 45.443.750 ՀՀ դրամ գումար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է Ընկերությունից հօգուտ Սուսաննա Մամաջանյանի, Բագրատ Գասոյանի և Տաթևիկ Գասոյանի բռնագանձել 42.600.000 ՀՀ դրամ գումար՝ որից՝ 37.300.000 ՀՀ դրամը՝ որպես Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 107 հասցեում շենքում գտնվող 68.5քմ մակերեսից բաղկացած բնակելի նշանակության անշարժ գույքի հավանական շուկայական արժեքի գումար, 5.000.000 ՀՀ դրամը՝ որպես Տերյան թիվ 107 շենքում գտնվող 20 քմ մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի հավանական շուկայական արժեքի գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 16.07.2018 թվականին:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանության կանոններին, արձանագրել է, որ նշված հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (տե´ս «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով պայմանագրի մեկնաբանության կանոնների վերաբերյալ իր վերը նշված իրավական դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պայմանագրերի իրավաբանական դասակարգման կամ պայմանագրերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի պայմանագրերի տարրերի առկայության բացահայտման կանոններին, և արձանագրել, որ բացահայտումը մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է, որն իրենից ներկայացնում է պայմանագրի մեկնաբանության բաղկացուցիչ մաս: Մասնավորապես՝ պայմանագրի իրավաբանական դասակարգման համար պետք է`

1) պարզվեն տվյալ պայմանագրի պայմանները (առարկան, գինը, ձևը, կողմերի իրավունքների և պարտականությունների շրջանակը).

2) դրանք համադրվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` պայմանագրերի վերաբերյալ ընդհանուր և կոնկրետ պայմանագրի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ նորմերի հետ պայմանագրի տեսակը որոշելու համար:

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պայմանագրերի իրավաբանական դասակարգման նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքի նորմերի և պայմանագրի մեկնաբանության վերաբերյալ հոդվածները (տե´ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաչագան Հովհաննիսյանի թիվ ԵՄԴ/0720/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրով Սուսաննա Մամաջանյանին, Բագրատ Գասոյանին և Տաթևիկ Գասոյանին իրավունք է վերապահվել իրենց հատուցվելիք բնակարանի փոխարեն Ընկերությունից, որպես հատուցագին, պահանջել հատկացվելիք բնակարանի տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքը և պատճառված վնասները, եթե Ընկերության կողմից խախտվի պայմանագրի պահանջները և նախատեսված կարգով իրենց բնակարան չտրամադրվի: Վերոնշյալ դրույթի տառացի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորները պայմանագրով ստացել են բնակարանի չտրամադրման դեպքում հատուցում պահանջելու իրավունք, իսկ համաձայն պայմանագրի 33 կետի՝ բնակարանը պետք է տրամադրվեր պայմանագրի ուժի մեջ մտնելուն և իրավունքների պետական գրանցման իրականացմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում։ Այսինքն՝ հայցվորները հնարավորություն են ունեցել բնակարանի չտրամադրման դեպքում իրենց հայեցողությամբ ընտրելու պարտավորության կատարման մեկ այլ ձև՝ դրամական հատուցման տրամադրում։ Ընդ որում, հայցվորների կողմից գումարի բռնագանձման պահանջի ներկայացումը ենթադրում է, որ պարտավորությունը չի կարող կատարվել այլ եղանակով, քան գումարի բռնագանձմամբ։ Հետևաբար, նման պահանջի ներկայացման պահից առաջանում է պատասխանողի՝ հայցվորների հանդեպ առկա դրամական պարտավորության կատարման պարտականություն, իսկ յոթնօրյա ժամկետում այդ պարտավորության չկատարումը հանգեցնում է կետանցի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումի հստակեցման՝ գումարի բռնագանձման պահանջի ներկայացման պահից Ընկերության համար ակնհայտ է եղել հայցվորին որոշակի գումար փոխանցելու իր պարտավորության առաջացումը։ Ուստի, այդպիսի պահանջ ներկայացնելու պահին հաջորդող յոթերորդ օրվանից սկսած հայցվորի հանդեպ պատասխանողի պարտավորությունը համարվում է չկատարված, կետանցված և ենթակա են հաշվեգրման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ։

Նման պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությանն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները վճարելու պարտապանի պարտավորությունը ծագում է միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի գոյության պայմաներում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն զուրկ է իրավական և փաստական հիմնավորումից հետևյալ նկատառումով. տվյալ դեպքում Ընկերության՝ հատուցում վճարելու պարտավորությունը ծագել է կողմերի միջև կնքված պայմանագրի հիմքով, իսկ գործի դատական կարգով քննությունն ընդամենն անձի` իր խախտված իրավունքների դատական պաշտպանության եղանակն էր, որի ընթացքում դատարանը քննել է նույն պայմանագրով նախատեսված և հայցվորներին չհանձնած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը բռնագանձելու հարցը: Ավելին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ հիմքերը: Հետևաբար թիվ ԵԿԴ/1149/02/13 քաղաքացիական գործով հայցադիմումի հստակեցման՝ գումարի բռնագանձման պահանջի ներկայացման պահից Ընկերության համար ակնհայտ է եղել հայցվորներին որոշակի գումար փոխանցելու իր պարտավորության առաջացումը։ Ուստի, այդպիսի պահանջ ներկայացնելու պահին հաջորդող յոթերորդ օրվանից սկսած հայցվորների հանդեպ պատասխանողի պարտավորությունը համարվում է չկատարված և ենթակա են հաշվեգրման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ։

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման մասով բեկանելու և գործն այդ մասով Դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2021 թվականի որոշումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման մասով բեկանել և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան