Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.11.2022
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
18 նոյեմբերի 2022 թ. N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավագանին որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 14-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -13

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022 թ․ նոյեմբերի 18

ք. Ջերմուկ

 

 

 

Հավելված 1

Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի

նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի (այսուհետ՝ գովազդ) տեղադրման հետ կապված հարաբերությունները։

2. Արտաքին գովազդը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվությունների տարածումն է բնակավայրերում՝ տարբեր տեխնիկական միջոցների օգնությամբ (վահանակների, գրաժապավենների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների և այլնի) անորոշ թվով անձանց շրջանում և կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքի կամ նախաձեռնությունների նկատմամբ։

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշման պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակների վրա զետեղվող տեղեկատվությունն արտաքին գովազդ չի համարվում։

3. Սույն կարգը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, որոնք դիմում են արտաքին գովազդ տեղադրելու համար։

4. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասի վրա գովազդի միջոց տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և համայնքի ավագանու կողմից սահմանված կանոններին ու պահանջներին համապատասխան Ջերմուկ համայնքի ղեկավարին դիմում ներկայացրած գովազդատուին (գովազդակրին) օգտագործման իրավունքով տրամադրվում է հողամաս՝ կնքելով հողօգտագործման համապատասխան պայմանագիր, հետագայում տվյալ կողմի հետ նախապատվության իրավունքով երկարաձգելու պայմանով։

5. Այն դեպքում, երբ գովազդի միջոցը տեղադրվում է համայնքային սեփականություն չհանդիսացող տարածքում (կամ դրանց օգտագործմամբ), ապա գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության մասին որոշումը ընդունում է համայնքի ղեկավարը՝ տվյալ տարածքի սեփականատիրոջ կամ տարածքի օգտագործողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, գովազդատուի և տարածքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրով։

6. Գովազդի միջոց տեղադրելու թույլտվության մասին որոշման նախագծին կցվում է գովազդատուի ու տարածքի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրի պատճենը։

7. Գովազդի տեղադրումը թույլատրվում է, եթե այն համապատասխանում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման պահանջներին։

 

2. ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղադրման թույլտվության մասին որոշումը (այսուհետ` թույլտվություն) տրվում է համայնքի ղեկավարի կողմից համաձայն սույն Կարգին կից Ձև 1-ի։

9. Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն (գովազդակիրը) դիմում-հայտ է ներկայացնում Ջերմուկ համայնքի ղեկավարին` նշելով իր անունը, ազգանունը, հաշվառման վայրը, գովազդի տեղադրման վայրը և ժամկետը, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ՝ գովազդ տեղադրելու անհրաժեշտության, գովազդը տեղադրելու նախընտրելի վայրի հիմնավորումները։

1) Հայտին կցվում է համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը՝ համաձայն Ձև 2-ի, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնություւնը։

10.Ջերմուկ համայնքի ղեկավարը գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից (գովազդակրից) դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո պարզում է գովազդային միջոցի համապատասխանությունը պայմանների և կանոնների պահանջներին (եթե այն թերի է, ետ է վերադարձվում` թերությունը վերացնելու և նորից 15-օրյա ժամկետում ներկայացնելու համար), և 15 օրվա ընթացքում համայնքի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն, որում նշվում են՝ գովազդատուի (գովազդակրի) անվանումը, գովազդի չափերը, տեղաբաշխման (տեղադրման) ձևը գովազդային նյութերի անվանումը, թույլտվության գործողության ժամկետը և կցվում է գովազդի էսքիզը։ Թույլտվության որոշման նախագծերը նախապատրաստում է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետը՝ նախագծին կցելով համապատասխան եզրակացությունը։

 11.Կարգի 4-րդ կետի համապատասխան հատկացված տարածքի նույն հասցեում գովազդ տեղադրելու համար մեկից ավելի գովազդատուների (գովազդակիրների) հայտերի առկայության դեպքում Ջերմուկ համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարում և անց է կացնում մրցույթ, որի արդյունքներով մրցույթի հաղթողին տրվում է գովազդի տեղադրման թույլտվություն։

 12.Գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ գովազդատուի (գովազդակրի) դիմում-հայտը 15 օրյա ժամկետում կարող է մերժվել այն դեպքում եթե՝

 1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում գովազդ տեղադրելու պայմաններին և կանոններին.

 2) խախտվում են «Գովազդի մասին», «Լեզվի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հողային օրենսգրքի պահանջները.

 3) գովազդի միջոցի տեղադրմամբ խոչընդոտվում է ճանապարհային երթևեկությունը կամ քաղաքացիների անցուդարձը, խախտվում են այլ անձանց օրենքով պաշտպանված իրավունքներն ու շահերը։

 13.Գովազդային միջոց տեղադրելու հայտը մերժելու դեպքում՝ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

 14.Գովազդային նյութերը գովազդային միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն (գովազդակիրը) մինչև գովազդային նյութերի տեղադրում կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ կից ներկայացնելով համապատասխան պատվերով և գրառումներով գովազդի էսքիզը, որտեղ նշվում են նաև գովազդի արտաքին չափերը։ Գովազդի էսքիզը համաձայնեցվում է Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ։

 15.Գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին», «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, համայնքի վարչական տարածքում գովազդի տեղադրման պայմաններին ու կանոններին։

 16. Գովազդի տեղադրման միջոցի մոնտաժային աշխատանքները կատարվում են հայտատուի պատվերով՝ մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծով։ Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գովազդի տեղադրման միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

 17. Գովազդատուն (գովազդակիրը) իրավասու չէ արտաքին գովազդի տեղադրման համար իրեն տրված թույլտվությունը փոխանցել կամ օտարել այլ անձի։

 18.Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետը լրանալու կամ երկարացնելու, պայմանագրով նախատեսված հիմքերով այն վաղաժամկետ դադարելու լուծելու դեպքում գովազդատուն (գովազդակիրը) պարտավոր է ողջամիտ ժամկետում իր միջոցներով ապամոնտաժել գովազդը և դրա տեղաբաշխման միջոցները, իսկ զբաղեցրած տարածքը բերել նախկին վիճակին։

 19.Կարգով նախատեսված պարտավորությունները գովազդատուի (գովազդակրի) կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Ջերմուկ համայնքի ղեկավարի որոշման համաձայն՝ իրականացվում է գովազդի (գովազդային միջոցի) ապամոնտաժում՝ օրենքով սահմանված կարգով գովազդատուից (գովազդակրից) ստանալով համապատասխան փոխհատուցում։

 

3. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 20. Ջերմուկ համայնքի ավագանին համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքի դրույքաչափերը սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

 21. Այն դեպքում, երբ թույլտվության և պայմանագրի գործողության ընթացում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, գովազդատուն (գովազդակիրը) վճարումը կատարում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Ջերմուկ համայնքի ավագանու կողմից հաստատված համապատասխան դրույքաչափերով։

 22.Կարգով նախատեսված հողօգտագործման վճարի չափը սահմանվում է Ջերմուկ համայնքի ավագանու կողմից։

 23.Կարգին համապատասխան վճարված գումարներն ուղղվում են Ջերմուկ համայնքի բյուջե։

 24. Ջերմուկ համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման տեղադրման գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

 25.Գովազդային օրենսդրության պահանջների խախտումը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Ձև 1

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ԱԳ -

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

Տրված`«.......»...................................20......թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը`

――――――――――――――――――――――――――

 

Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գտնվելու

վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը, հարկ վճարողի

հաշվառման համարը`

 

――――――――――――――――――――――――――――――――――――――――――

――――――――――――――――――――――――――――――――――――――――――

――――――――――――――――――――――――――――――――――――――――――

 

Գովազդի տեղադրման վայրը/վայրերը և չափերը (քմ)`

――――――――――――――――――――――――――――――――――――――――――

Թույլտվության գործողության ժամկետը`

«.......».................................20......թ-ից մինչև«.......».................................20......թ-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ __________________________

 

Ձև 2

 

ԳՈՎԱԶԴԻ ԷՍՔԻԶ

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի

նոյեմբերի 18-ի N 88-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ

 

ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները (այսուհետ՝ պայմաններ) մշակվել են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան։

 2. Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի միջոցների (այսուհետ՝ գովազդ) տեղադրումը թույլատրվում է Կարգի և սույն պայմանների պահանջներին համապատասխան։

 

2. ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3. Գովազդի տեղադրմանը ներկայացվող կանոններն են՝

1) գովազդի միջոցները չպետք է

ա․ խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը.

բ․ սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա.

գ․ առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում լույսով, այդ թվում նաև անդրադարձող.

դ․ հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք. 

ե․ լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա.

2) Գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

 ա․ բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր.

 ա․ թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.

 գ․ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելանոցներում։

 դ․ ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ.

 3) Ջերմուկ համայնքի հրապարակներում, ինչպես նաև դրանց համար մուտքեր և ելքեր հանդիսացող տարածքների առանձին տեղերում կարող է տեղադրվել գովազդ, եթե այն չի խոչընդոտում ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը և հրապարակների կառուցապատման տեսողական ընկալմանը։

4․ Գովազդի տեղադրման կանոններին և գովազդի առանձին միջոցներին տեսակներին ներկայացվող պահանջներին համապատասխան ցանկացած տիպի գովազդի միջոցների տեղաբաշխումը, տեղադրումը պետք է հիմնավորել համապատասխան նախագծային և տեսողական ընկալման դիտակետից։

 

3.ԳՈՎԱԶԴԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

 5. Արտաքին գովազդի միջոց են համարվում Ջերմուկ համայնքի տարածքում տեղադրվող գովազդային տեղեկատու կրողները՝ անկախ շենքերի, շինությունների և հողամասերի սեփականության ձևից։ Դրանց թվում են վահանակային կայանքները, վահանակները, տանիքային կայանքները, մեծանկարները (պաննո), էկրանները, բարձրակները, ցուցատախտակները, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարները (մարկիզ), գրաժապավենները և այլն։

6․ Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են և բաղկացած են հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից։

1) Տեղեկատու դաշտի չափի տեսակներն են՝

ա․ մեծ չափերի -3մx4մ, 3մx6մ և այլ չափերի

բ․ միջին չափերի -1.8մx1.2մ, 2մx3մ

գ․ փոքր չափերի -0.6մx0.9մ և ավելի փոքր չափերի.

2) վահանակներին ներկայացվող պահանջներն են՝

ա․ երկկողմանի կատարում

բ․ միակողմանի կատարում, որի դեպքում գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորում է.

3) Ջերմուկ համայնքի կենտրոնական հատվածի սահմաններում թույլ է տրվում 0.6մx0.9մ 1.8մx1.2մ, ինչպես նաև 3մx4մ մակերեսով տեղեկատու դաշտով վահանակների տեղադրումը.

4) Ջերմուկ համայնքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց.

5) Ջերմուկ համայնքում 3մx6մ և այլ չափերի տեղեկատու դաշտով գովազդային վահանակների տեղադրումը թույլատրվում է համապատասխան նախագծային հիմնավորման առկայության դեպքում.

6) Ջերմուկ համայնքի կենտրոնական հատվածից դուրս կարող են լինել 1.8մx 1.2մ, 3մx4մ, 3մx6մ տեղեկատու դաշտով և այլ չափերի վահանակներ.

7) խճուղիում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն

ա․ 15քմ – 18քմ և այլ չափերի 150մ-200մ

բ․ 10քմ – 15 քմ՝ 100մ – 150մ

գ․ 6քմ – 10քմ՝ 50մ – 75մ

դ․ 4քմ – 6քմ՝ 30մ – 50մ

ե․ 2քմ – 4քմ՝ 15մ – 25մ

զ․ մինչև 2քմ՝ 10մ – 15մ

8) նեղ փողոցներում և նրբանցքներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի առնվազն՝

ա․ 10քմ – 12քմ՝ 50մ – 75մ

բ․ 6քմ – 10քմ՝ 30մ – 50մ

գ․ 4քմ – 6քմ՝ 20մ – 30մ

դ․ 2քմ – 4քմ՝ 10մ – 20մ

ե․ մինչև 2քմ՝ 10մ

9) մասնագիտական փորձաքննություն անցած և համաձայնեցված նախագծերի առկայության դեպքում կարող են օգտագործվել կոնստրուկցիաներ, որոնց տեղադրումը համապատասխանում է մայրուղիների, փողոցների և քաղաքային գոտիների արտաքին ձևավորմանը ներկայացվող պահանջներին։

7.Շենքերի, շինությունների, ինչպես նաև Ջերմուկ համայնքի բարեկարգման տարրերի վրա տեղաբաշխվող (տեղադրվող) արտաքին գովազդի և տեղեկատվության մնայուն միջոցների տեսակներն են՝

1) տանիքային կայանքները ծավալային կամ մակերեսային կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ամբողջովին կամ մասամբ՝ շենքի ճակատային մասում կամ տանիքին։

ա․ տանիքային կայանքները բաղկացած են կոնստրուկցիայի կրող մասի ամրակցման տարրերից և տեղեկատու կայանքից։

բ․ տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։

գ․ ամրակցման տարրերը, ինչպես նաև կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։

 դ․ տանիքային կայանքի տեղադրման հայտերն ընդունվում են պատվիրատուի կողմից մասնագիտական փորձաքննություն անցած կոնստրուկցիաների և համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված նախագծի առկայության դեպքում։

2) պատի մեծանկարներ (պաննո) են կոչվում արտաքին գովազդի այն միջոցները, որոնք տեղադրվում են շինությունների պատերին հետևյալ ձևերով՝

ա․ պատկեր (տեղեկատվական դաշտ), որն անմիջապես շերտածածկում է պատը, պատկերի կոնստրուկցիան հավաքվում է ամրակցման տարրերից, հիմնակմախքից և տեղեկատու դաշտից.

բ․ պատի մեծանկարներն կատարվում են անհատական նախագծի հիման վրա.

գ․ պատի մեծանկարները պարտադիր պետք է ունենան համապատասխան փորձաքննություն անցած կոնստրուկցիաների նախագիծ.

դ․ պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի կամ անմիջական չափերով։

3) բարձակ (կոնսոլային կոնստրուկցիա) են կոչվում երկկողմանի հարթակային վահանակները, որոնք ամրակցվում են կայմասյուներին կամ շենքերի վրա։ Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է բարձակները տեղադրել համայնքային լուսավորման և կոնտակտային ցանցերի կրող կոնստրուկցիաների վրա։

ա․ բարձակները պետք է լինեն երկկողմանի տեսքով և ունենան ներքին լուսավորում։

 բ․ հիմքերի վրա (ուղղահայաց) տեղադրվող բարձակների տիպային չափերն են՝ 1.8մ x 1.2մ (մայրուղիների, պողոտաների, հրապարակների համար), 0.6մx 0.9մ, 1.0մx0.7մ (նեղ փողոցների և նրբանցքների համար) և ավելի փոքր։

Շահագործման անվտանգությունից նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 3 մետր բարձրության վրա։

գ․ հիմքերի վրա տեղադրված բարձակները տեղադրվում են երթևեկելի մասին դուրս՝ մայթի կողմը։ Արգելվում է մեկից ավել բարձակների տեղադրումը մեկ հիմքի վրա։

դ․ բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է երկու կողմերի ընդհանուր մակերեսով։

8. Կրկնաձիգ գրաժապավենը (տրանսպարանտ) արտաքին գովազդի տեղեկատվության միջոց է։ Այն բաղկացած է հիմքից, ամրացման սարքավորումից և տեղեկատու պատկերից։

1) գրաժապավենների հեռավորությունն իրարից պետք է լինի 50մ-ից ոչ պակաս։

2) գրաժապավենների բարձրությունը պետք է լինի երթևեկության գծի համեմատ 5մ-ից ոչ պակաս։

3) տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում երկու կողմերի մակերեսով

9. Էկրանավորող սարքավորումներն արտաքին գովազդի և տեղեկատվության միջոց են։

1) դրանց կոնստրուկցիան ներառում է էկրանավորող (վերարտադրող) սարքավորման մակերես (էկրան) կամ տեղեկատու պատկեր։

2) հարթ պատկերների համար նախատեսված տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է էկրանավորող պատկերի մակերեսով։

10. Արտաքին գովազդի վահանակների միջև եղած հեռավորությունն ըստ տրանսպորտային միջոցների թույլատրվող արագության պետք է կազմի՝

1) 60կմ/ժ թույլատրվող արագությամբ փողոցների համար մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը՝

ա․ 18քմ – 150մ

բ․ 15քմ – 100մ

գ․ 6քմ – 50մ

դ․ 2քմ – 25մ

2) 60կմ/ժամ թույլատրվող արագությունից պակաս փողոցների համար մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը՝

ա․ 18քմ – 80-100մ

բ․ 6քմ – 45-50մ

գ․ 2քմ – 20-30մ

11. Գովազդային վահանակների ներքևի եզրը պետք է տեղադրված լինի փողոցի մակերեսից 6մ-ից ոչ պակաս բարձրության վրա։

12.Հենասյան հիմքերը հողի ծածկույթում պետք է տեղադրվեն քաղաքաշինական նորմերին և շինարարական տեխնոլոգիաներին համապատասխան՝ մեկ ամսվա ընթացքում վերականգնելով սիզամարգի ծածկույթը։

13. Պայմաններում չնշված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 270 որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված 2.0 քառակուսի մետրից ավելի մակերեսով ֆիրմային նշանների և գովազդվող տարբեր ապրանքանշանների տեղադրումը թույլատրվում է Ջերմուկ համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու կողմից սահմանված Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին համապատասխան։

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2022 թվական: