Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28636/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28636/02/18

Նախագահող դատավոր՝  Ա Պետրոսյան

Դատավորներ՝

 Լ Գրիգորյան

 Կ Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքս (այսուհետ՝ Ընկերություն) քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10072020 թվականի որոշման դեմ ըստ հայցի Արամ Միրզոյանի և Աշոտ Պողոսյանի ընդդեմ Ընկերության, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի` չվճարված աշխատավարձը և դրա հաշվեգրված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Միրզոյանը և Աշոտ Պողոսյանը պահանջել են Ընկերությունից հօգուտ Աշոտ Պողոսյանի բռնագանձել 51.219.940 ՀՀ դրամ, համապարտության կարգով Ընկերությունից և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից հօգուտ Աշոտ Պողոսյանի բռնագանձել 43.238.821 ՀՀ դրամ, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ից հօգուտ Արամ Միրզոյանի բռնագանձել 68.279.900 ՀՀ դրամ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 07022020 թվականի որոշմամբ որոշվել է «Աշոտ Մարտունիկի Պողոսյանի և Արամ Հրանտիկի Միրզոյանի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ չվճարված աշխատավարձի և դրա վրա հաշվեգրված տոկոսների բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճել Արամ Հրանտիկի Միրզոյանի մասով՝ հայցից հրաժարվելու հիմքով և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի մասով՝ գործը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով, իսկ Աշոտ Մարտունիկի Պողոսյանի մասով հայցը թողնել առանց քննության»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10072020 թվականի որոշմամբ Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 07022020 թվականի հայցն առանց քննության թողնելու մասով որոշումը վերացվել է և հարցն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ, 78-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 180-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 181-րդ հոդվածի 1-ին մասը, 183-րդ հոդվածի 1-ին մասը, 189-րդ հոդվածի 1-ին մասը, 192-րդ հոդվածի 1-ին մասը և 200-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը նշելով, որ որոշումը պատճառաբանական մաս չունի՝ այն հավասարեցրել է վճռին, որի արդյունքում անտեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշմանը ներկայացվող պահանջները, արհեստականորեն բարձրացրել է որոշմանը ներկայացվող չափանիշների մակարդակը՝ ստեղծելով այդ որոշումը բեկանելու հիմք: Բացի այդ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նման եզրահանգման գալով, փաստորեն, չի քննարկել հայցն առանց քննության թողնելու որոշմանը ներկայացվող ձևական և բովանդակային պահանջների շրջանակներում, որի արդյունքում բեկանել է ըստ էության ճիշտ դատական ակտը:

Վերաքննիչ դատարանը դրանով խաթարել է նաև տնօրինչականության և մրցակցության սկզբունքների էությունը, քանի որ առաջին ատյանի դատարանում հայցվորը որևէ կերպ չի իրացրել պատասխանողի կողմից ներկայացված միջնորդության դեմ առարկելու իր իրավունքը՝ ըստ էության համաձայնելով այդ միջնորդության հետ, իսկ գործի նոր քննության ընթացքում հայցվորին հնարավորություն է ընձեռվում իր տնօրինչական իրավազորությունն իրացնել այլ կերպ, այլ խոսքով՝ կրկին իրացնել արդեն իսկ իրացված տնօրինչական իրավազորությունը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումների լույսի ներքո քննարկելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը հնարավորություն է տվել հայցվորին ուղղելու առաջին ատյանի դատարանում իր կողմից թույլ տրված սխալը և առարկել միջնորդության դեմ կամ այլ կերպ խոչընդոտել դրա իրացմանը:

Վերաքննիչ դատարանը հանգելով այն եզրակացության, որ դատական ակտը չունի պատճառաբանական մաս՝ անտեսել է այն հանգամանքը, որ որոշումն իրականում ունի պատճառաբանական մաս, չնայած դրա հստակ պահանջը բացակայում է, պարզապես այդ պատճառաբանական մասը դրսևորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով որոշումներին ներկայացվող այլ պահանջի՝ դատարանի եզրահանգումների հիմնավորումների համատեքստում, քանի որ դատարանը հստակ նշել է իր հետևությունները և վկայակոչել է օրենքը կամ այլ իրավական ակտը, որոնց հիման վրա հանգել է համապատասխան հետևությունների:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.02.2020 թվականի որոշմանը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Աշոտ Պողոսյանը և Արամ Միրզոյանը 10.12.2018 թվականին հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի՝ չվճարված աշխատավարձները բռնագանձելու պահանջով: Դատարանը 20.12.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել վարույթ (հատոր 1-ին գթ 1, 11-26)։

2) Դատարանը 07022020 թվականին որոշում է կայացրել Արամ Միրզոյանի մասով գործի վարույթը կարճել՝ հայցից հրաժարվելու հիմքով և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի մասով գործը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով, իսկ Աշոտ Պողոսյանի մասով հայցը թողել է առանց քննության: Նշված որոշման պատճառաբանական մասը պարունակում է՝

- առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

- գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

- հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

- հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

- քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

- գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը (հատոր 3-րդ, գ.թ. 147-149).

3) Դատարանի 07022020 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Աշոտ Պողոսյանը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք նշելով Դատարանի որոշման՝ պատճառաբանական մաս չունենալը (հատոր 4-րդ, գ.թ. 8-17).

4) Վերաքննիչ դատարանը 10072020 թվականին որոշում է կայացրել Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու, Դատարանի 07022020 թվականի հայցն առանց քննության թողնելու մասով որոշումը վերացնելու և հարցն այդ մասով նոր քննության ուղարկելու մասին այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 07022020 թվականի որոշումը չունի պատճառաբանական մաս (հատոր 4-րդ, գ.թ. 51-54).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին որոշման ձևով կայացված դատական ակտի պատճառաբանվածության իրավական հարցին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական: Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը սահմանել է դատարանի առանձին դատական ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը։ Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի այն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պահանջում է նշել քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումները։

Վերոգրյալ հոդվածների համադրումից երևում է, որ դատարանի՝ առանձին ակտի ձևով կայացված որոշումը հիմնավորված համարելու համար պետք է ունենա անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքեր, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին համապատասխան արտացոլված են տվյալ որոշման մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 07022020 թվականին որոշում է կայացրել Արամ Միրզոյանի մասով գործի վարույթը կարճել՝ հայցից հրաժարվելու հիմքով և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի մասով գործը դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով, իսկ Աշոտ Պողոսյանի մասով հայցը թողել է առանց քննության: Նշված որոշման պատճառաբանական մասը պարունակում է առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ պատճառաբանությունը։

Դատարանի 07022020 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Աշոտ Պողոսյանը՝ իր բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմք նշելով Դատարանի որոշման՝ պատճառաբանական մաս չունենալը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(․․․) դատական ակտը չունի պատճառաբանական մաս, Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում վկայակոչել է աշխատանքային պայմանագրին կից վկայականի 11-րդ կետի բովանդակությունը, մինչդեռ նման փաստաթուղթ գործի նյութերում ընդհանրապես առկա չէ: Վերաքննիչ դատարանը չի կարող փաստել, որ դատական ակտը պատճառաբանված է, քանի որ դրանում արտացոլված չեն ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Հետևաբար նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա դատավարական սխալը հիմք է Դատարանի որոշումը վերացնելու և հարցը նոր քննության ուղարկելու համար: (․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Աշոտ Պողոսյանի հայցը բավարարելու մասով վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանն իրականացնելով սահմանափակ վերաքննություն, գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այլ վերանայում է բողոքը ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նման պայմաններում, երբ վերացման է ենթակա հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը, Վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել Աշոտ Պողոսյանի՝ չվճարված աշխատավարձ և դրան հաշվեգրվող տոկոսներ բռնագանձելու պահանջը: Ուստի վերաքննիչ բողոքն այդ մասով ենթակա է մերժման», 10072020 թվականին որոշում է կայացրել Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի, Դատարանի հայցն առանց քննության թողնելու մասով 07.02.2020 թվականի որոշումը վերացնելու և հարցն այդ մասով նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու մասին (․․․)՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի կարգավորումը։ Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին։

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտն, այն պատճառաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանական մասում վկայակոչվել է աշխատանքային պայմանագրին կից վկայականի 11-րդ կետի բովանդակությունը, մինչդեռ նման փաստաթուղթ գործի նյութերում ընդհանրապես առկա չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա է աշխատանքային պայմանագիր վերնագրով փաստաթուղթ (հատոր 3-րդ, գթ 32-40), որի 11-րդ կետով նախատեսված է առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում դրված արբիտրաժային համաձայնությունը, որը դատական ակտում անվանվել է «վկայական»։ Այսինքն՝ պայմանագրի սխալ հիշատակումը, ինչպես նաև նյութական և դատավարական իրավունքի խախտումը քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդ խախտումներին տրված բնորոշումներով չի կարող դիտվել դատական ակտի չպատճառաբանված լինելու իրողության՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով։

Սույն գործի փաստերի և կատարված իրավական վերլուծության համադրության արդյունքում ստացվում է, որ ստորադաս դատարանը հիմնավորել է հայցն առանց քննության թողնելու հիմքերը, մասնավորապես՝ նշել է այն ապացույցը, որը հիմք է հայցն առանց քննության թողնելու համար և վկայակոչել է այն իրավական նորմը, որի հիման վրա պետք է հայցը թողնվի առանց քննության: Հայցվորը որևէ կերպ չի առարկել միջնորդության դեմ, ինչի արդյունքում դատարանը օբյեկտիվորեն չէր կարող անդրադառնալ գոյություն չունեցող փաստարկների կամ առարկությունների: Հայցն առանց քննության թողնելու հիմքերի առկայության դեպքում դատարանը չի անդրադառնում գործի այլ փաստերին, ուստի այս ամենի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել որ որոշումը համապատասխանում է դրան ներկայացվող ձևական ու բովանդակային պահանջներին ու հայցն առանց քննության թողնելու համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հանգամանքները պարզելու շրջանակի համատեքստում կարող էր դառնալ վերաքննության օբյեկտ։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան վերաքննիչ բողոքը քննության առնելու համար, հաշվի առնելով նաև վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ Դատարանի 07022020 թվականի որոշման դեմ Աշոտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով, հաշվի առնելով նաև վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10072020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան