Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15704/02/21

2022 թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15704/02/21

Նախագահող դատավոր՝

 Ն Գաբրիելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»  ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2508.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Մաթևոս Գրիգորյանի, Արա Ղումաշյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Մաթևոս Գրիգորյանից և Արա Ղումաշյանից համապարտության կարգով բռնագանձել 218598 ՀՀ դրամ, որից՝ 208.600 ՀՀ դրամ՝ ավտոմեքենային պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի չափ, 6.258 ՀՀ դրամ՝ փորձաքննության ծախս, 3.740 ՀՀ դրամ՝ 208.600 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով հաշվարկված տոկոսագումար մինչև 09.04.2021 թվականը ներառյալ, ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 30.01.2021 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 208.600 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները: Պատասխանողներից հօգուտ հայցվորի բռնագանձել նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 40.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս Երիցյան) (այսուհետ` Դատարան) 15072021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Մաթևոս Գրիգորյանից և Արա Ղումաշյանից համապարտությամբ հօգուտ Բյուրոյի բռնագանձել 212.340 ՀՀ դրամ, որից 208.600 ՀՀ դրամ, որպես պարտավորության չափ, 3.740 ՀՀ դրամը, որպես հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, Մաթևոս Գրիգորյանից և Արա Ղումաշյանից համապարտությամբ հօգուտ Բյուրոյի բռնագանձել 208.600 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 10.04.2021 թվականից մինչև պարտավորության դադարման օրը: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25082021 թվականի որոշմամբ Դատարանի 15072021 թվականի վճռի դեմ Բյուրոյի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահե Աստվածատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Այսպես` Վերաքննիչ դատարանը` 25.08.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելիս ոչ պատշաճ է դիտարկել այն լիազորագիրը, որի հիմա վրա առաջին ատյանի դատարանն իրականացրել է գործի քննություն, կայացրել է վճիռ և  գործի քննության ընթացքում նշված լիազորագրի պատշաճությունը կասկածի տակ որևէ մեկի կողմից չի դրվել։

Վերաքննիչ դատարանը՝ բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է  այդ թվում նաև հետևյալ հիմնավորմամբ.  ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323Ա որոշման պատճենը չի կարող համարվել որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն հանդես եկող Վաղինակ Եղիազարյանի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ»։

Բյուրոյի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման բնօրինակն ընդամենը մեկ օրինակ է և հետևաբար չի կարող ներկայացվել բոլոր դատական գործերին կից։ Բացի այդ, առաջին ատյանի Դատարանը գործի քննության ողջ ընթացքում նշված որոշման բնօրինակ փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կողմին չի ներկայացրել։

2) Վերաքննիչ դատարանը 25.08.2021 թվականի որոշմամբ նշել է, որ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք,  մինչդեռ  նշված լիազորագրի կապակցությամբ դատական գործում առկա չէ որևէ փորձագիտական եզրակացություն: Նշված պարագայում Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և քննության առարկա է դարձրել  լիազորագրի հավաստիությունն ու իսկությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 2508.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz  v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652,  ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942,  ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վարչական շրջանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են։

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ անձինք, որոնք՝  վճարովի կամ անվճար ներկայացնում են այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան և ավելի տոկոսը պատկանում է իրենց կամ նույն կետի «ա» ենթակետում նշված անձանց:

Վերը նշված հոդվածների բովանդակության համադրումից հետևում է, որ իրավաբանական անձին օրենքով կամ դրա կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն ունեցող անձինք գործը կարող են վարել անձամբ կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի։ Դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձինք իրենց լիազորությունները պետք է հավաստեն բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  55-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթերը։

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են` ֆիզիկական անձի` ոչ փաստաբանին տված լիազորագրով` վավերացված նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավունք ունեցող անձի, պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաև համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի, վարչական շրջանի ղեկավարի` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով. փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

Այսինքն՝ երբ իրավաբանական անձին դատարանում ներկայացնում է փաստաբանը, ապա դատարանն ընդունում է վերջինիս լիազորությունը, եթե վերջինիս կողմից ներկայացված լիազորագիրը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին և պարունակում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  56-րդ հոդվածով նշված անհրաժեշտ լիազորությունները։ Իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձի անունից առանց լիազորագրի ներկայանում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված անձը (անձինք), ապա վերջինս պետք է դատարանին ներկայացնի իր կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթղթեր, որոնք համապատասխանում են տվյալ իրավաբանական անձի գործունեությունը կարգավորող օրենքին և նորմատիվ իրավական ակտերին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանը 09.04.2021 թվականին փոստային ծառայության միջոցով Դատարան ներկայացրած հայցադիմումին կից ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը (գ.թ. 14): Հայցադիմումին կից ներկայացվել է նաև Բյուրոյի, ի դեմս տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից «ԲԵՍԹ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի փաստաբաններ Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին 20112020 թվականին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը (գ.թ. 16)։

Դատարանի 15072021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը (գ.թ. 48-52):

Վերաքննիչ դատարանը, 25082021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Բյուրոյի անունից բերված բողոքը վերադարձրել է պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չէ Վահե Աստվածատրյանի լիազորությունները հավաստող լիազորագիրը: Թիվ ԵԴ/15704/02/21 դատական գործի նյութերում առկա է որպես Բյուրոյի տնօրեն հանդես եկող Վաղինակ Եղիազարյանի կողմից 20.11.2020 թվականին Վահե Աստվածատրյանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիրը:

Անդրադառնալով Բյուրոյի տնօրեն հանդես եկող Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին տրված լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի «ստորագրությանը»՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Վաղինակ Եղիազարյանի կողմից լիազորագիրը ոչ թե ստորագրվել է, այլ դրվել է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք:

Դրանից բացի, թիվ ԵԴ/15704/02/21 դատական գործի նյութերում առկա է ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323Ա որոշման պատճենը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող համարվել որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն հանդես եկող Վաղինակ Եղիազարյանի կարգավիճակը հավաստող պատշաճ փաստաթուղթ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն, անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես՝ բոլոր դեպքերում փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց կողմից։ Հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր է պահանջվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ընդհանրական կարգով սահմանում է օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունների հավաստման կարգը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական կողմի՝ դատարանում գործը վարելու լիազորագիր ներկայացնելու դեպքում դատարանը, ինչպես նաև դատավարական կողմը, կարող են ստուգել ներկայացված լիազորագիրը, հավաստիանալու համար՝ արդյոք ներկայացված փաստաթուղթը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանում է, թե՝ ոչ։ Օրենքով սահմանված կարգով չվիճարկված և անվավեր չճանաչված լիազորագիրը, լիազորագրում նշված անձին թույլ է տալիս իրականացնելու լիազորագրում նշված և օրենքով չարգելված իրավաբանական նշանակություն ունեցող և հետևանքներ առաջացնող գործողություններ։

Այսպես, դատավարական կողմ հանդիսացող ֆիզիկական անձի օրինական ներկայացուցչի կարգավիճակը կարող է պայմանավորված լինել ներկայացվողի տարիքով, հիվանդությամբ, հաշմանդամությամբ կամ օրենքով նախատեսված այլ հանգամանքներով։ Դատավարական կողմ հանդիսացող իրավաբանական անձի դեպքում, եթե դատարանում գործը վարում է օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը, ապա յուրաքանչյուր դեպքում, կախված այն հանգամանքից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտներից ով է կրում իրավաբանական անձի շահերն ի պաշտոնե ներկայացնելու լիազորություն, այդ լիազորությունները պետք է հավաստվեն ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, այնպես էլ տվյալ իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ գործի նյութերում առկա ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը չի կարող դիտվել Վաղինակ Եղիազարյանի՝ որպես Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ, անհիմն է, քանի որ Բյուրոյի ներկայացուցիչը դեռևս հայցադիմում ներկայացնելիս պահպանել է իր վրա դրված օրենսդրական պահանջը՝ հայցադիմումին կից ներկայացրել է իրավաբանական անձի կարգավիճակը սահմանող և գործունեությունը կարգավորող, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան փաստաթղթերը։

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն հիմքին, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կասկածի տակ դնել Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի կողմից փաստաբան Վահե Աստվածատրյանին տրված լիազորագիրը, լիազորագրում առկա ստորագրությունը պատճենի տեսքով լինելու հիմքով,  ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ որևէ գնահատական չի տվել 20112020 թվականի լիազորագիրը Վաղինակ Եղիազարյանի կողմից ստորագրված լինելու կամ չլինելու հարցին, այլ իրավացիորեն արձանագրել է, որ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճեն է, այսինքն՝ իսկականը չէ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ բացահայտել է «ստորագրություն» եզրույթի ստուգաբանական բովանդակությունը, արձանագրելով, որ ըստ Էդուարդ Աղայանի բացատրական բառարանի «ստորագրություն» է`  անուն-ազգանվան կամ դրանց կրճատումով կազմվող տառերի յուրահատուկ  գրային-գծագրական ինքնագիրը, անուն-ազգանուն կամ կեղծանունը, որը մեկը դնում է իր գրածների տակ1: Մեկ այլ աղբյուրի համաձայն` «ստորագրություն» է համարվում որևէ բանի տակ սեփական ձեռքով գրված անուն-ազգանունը2:

Ընդհանրացնելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորագրությունը դա անձի անվան, մականվան կամ այլ բառերի, նշանների ձեռագիր պատկերումն է (ինքնագիր), որի միջոցով տվյալ անձը հաստատում է իր ինքնությունը, միաժամանակ այլ անձանց հնարավորություն է ընձեռում նույնականացնել ստորագրողի անձը (տե՛ս, ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հենրիխ Կարապետյանի, Մարինե Բալասանյանի, Հայկ, Արմեն, Հրայր, Գայանե, Լիանա և Ռուբեն Կարապետյանների թիվ ԵՄԴ/2035/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15052020 թվականի որոշումը):

Սույն դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերից երևում է, որ 20112020 թվականին Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված  լիազորագիրը ոչ թե ստորագրված է, այլ լիազորագրի վրա առկա է գրաֆիկական պատկերով (ֆաքսիմիլե) դրոշմակնիք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանը Վաղինակ Եղիազարյանի կողմից Վահե Աստվածատրյանին և Աստղիկ Անտոնյանին տրված լիազորագրի վրա դրված գրաֆիկական պատկերով դրոշմակնիքը դիտել է որպես ստորագրության պատճեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ լիազորագիրը ստորագրության փոխարեն գրաֆիկական պատկերով դրոշմակնքելու և թե՛ լիազորագրում Վաղինակ Եղիազարյանի ստորագրությունը պատճենի տեսքով ներկայացնելու դեպքում տվյալ լիազորագիրը համարվում է ոչ պատշաճ լիազորագիր և վերաքննիչ բողոքի վերադարձի հիմք է համարվում, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից որպես Բյուրոյի ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելը հիմնավոր է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Վաղինակ Եղիազարյանին գրանցելու վերաբերյալ» ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.06.2020 թվականի թիվ 1/323 Ա որոշման պատճենը Բյուրոյի ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթուղթ է, հետևաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, և կատարման ոչ ենթակա, իսկ լիազորագիրը պատշաճ ստորագրված չլինելու մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետևաբար դատական ակտը պետք է թողնել անփոփոխ:

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 25082021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25082021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

___________________________

1 Տե՛ս «Արդի հայերենի բացատրական բառարան», Էդուարդ Բագրատի Աղայան (1976): 

2 Տե՛ս «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ (1969):

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան