Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24249/02/21

2022 թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24249/02/21

Նախագահող դատավոր՝

 Մ. Հարթենյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 Դ Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), Վահագն Հովհաննիսյանի, Աշոտ Աբովյանի, Սիրանուշ Գրիգորյանի, Յուրիկ Սարգսյանի, Արման Փարսադանյանի, Նիկոլայ Գալեչյանի, Ռաֆիկ Բիշարյանի, Արմեն Գրիգորյանի, Յաշա Հարությունյանի, Լարիսա  Տեր-Հակոբյանի, Արմեն Չելիկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արտակ Տերտերյանի, Մարինե Հարությունյանի, Նարեկ Նիկողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Աննա Խաչատրյանի, Կարինե Ոսկանովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13092021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության, Վահագն Հովհաննիսյանի, Աշոտ Աբովյանի, Սիրանուշ Գրիգորյանի, Յուրիկ Սարգսյանի, Արման Փարսադանյանի, Նիկոլայ Գալեչյանի, Ռաֆիկ Բիշարյանի, Արմեն Գրիգորյանի, Յաշա Հարությունյանի, Լարիսա Տեր-Հակոբյանի, Արմեն Չելիկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արտակ Տերտերյանի, Մարինե Հարությունյանի, Նարեկ Նիկողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Աննա Խաչատրյանի, Կարինե Ոսկանովայի ընդդեմ Գրիգոր Գրիգորյանի, Լյովա Մկրտչյանի, «Հայաստանի խուլերի միավորման թիվ 2 ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ Կազմակերպության նախագահության որոշումը, բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին ընկերության մասնակցի որոշումը և դրա պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան պահանջել են անվավեր ճանաչել Կազմակերպության և Գրիգոր Գրիգորյանի միջև 14.03.2018 թվականին կնքված՝ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, կազմակերպության նախագահության 13.03.2018 թվականի որոշումը (սույն պահանջները ներկայացվել են Գրիգոր Վանյայի Գրիգորյանի և Լյովա Ավագի Մկրտչյանի դեմ), և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել ընկերության միակ մասնակից Գրիգոր Գրիգորյանի 15.03.2018 թվականի թիվ 1 որոշումը՝ ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից նոր խմբագրության 23.10.2018 թվականի գրանցումը (սույն պահանջները ներկայացվել են «Հայաստանի խուլերի միավորման թիվ 2 ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի և Գրիգոր Գրիգորյանի դեմ):

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`  Ա Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 01062021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13092021 թվականի որոշմամբ Կազմակերպության, Վահագն Հովհաննիսյանի, Աշոտ Աբովյանի, Սիրանուշ Գրիգորյանի, Յուրիկ Սարգսյանի, Արման Փարսադանյանի, Նիկոլայ Գալեչյանի, Ռաֆիկ Բիշարյանի, Արմեն Գրիգորյանի, Յաշա Հարությունյանի, Լարիսա Տեր-Հակոբյանի, Արմեն Չելիկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արտակ Տերտերյանի, Մարինե Հարությունյանի, Նարեկ Նիկողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Աննա Խաչատրյանի, Կարինե Ոսկանովայի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան (ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և իրավական որոշակիության սկզբունքը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերադարձրել է հայցվորների վերաքննիչ բողոքը, այն հիմնավորմամբ, որ վճարվել է սահմանվածից պակաս պետական տուրք: Հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, 368-րդ հոդվածի 5-րդ կետը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ»  ենթակետը: Մինչդեռ, նշված իրավանորմերը ոչ մի կերպ չեն կարող հիմք հանդիսանալ ոչ գույքային հայց ներկայացրած յուրաքանչյուր հայցվորից պետական տուրք վճարելու պարտավորություն վերագրելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար։ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը, պետական տուրքը պակաս վճարված լինելու անհիմն հիմնավորմամբ վերադարձնելով, խախտվել է ոչ միայն հայցվորների՝ արդար դատաքննության իրավունքի անքակտելի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը, այլ նաև իրավական որոշակիության սկզբունքը։

Բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով վերադարձրել է հայցվորների ներկայացրած բողոքը, դրանով իսկ խախտելով բողոք բերած անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 13092021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործով մի քանի անձանց կողմից նույն պահանջով մեկ վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բողոք բերելու համար պետական տուրքի վճարման իրավական հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Նույն օրենքի 9-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքի չափը կազմում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե´ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս դատարանը պարտավոր է պարզել, թե գործին մասնակցող անձանցից ով և ինչ ծավալով է կատարելու դատական ծախսերը փոխհատուցելու պարտականությունը: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով: Ընդ որում, որպես ընդհանուր կանոն, դատական ծախսերն ամբողջ ծավալով դրվում են դրանց փոխհատուցման համար պատասխանատու անձի վրա: Առանձին իրավիճակների համար օրենսդիրը նախատեսել է դատական ծախսերի բաշխման հատուկ կանոններ: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործով մի քանի հայցվորների կամ մի քանի բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ մի քանի պատասխանողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը։

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ`

- նորմը վերաբերում է միևնույն կողմում հանդես եկող այն անձանց, որոնց շահերն իրար չեն հակասում, նրանց պահանջները միշտ համատեղելի են և միմյանց չեն բացառում,

- նրանք կրում են իրենց գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, իսկ դրա չափերի (բաժինների) որոշման անհնարինության դեպքում` դատական ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ։

Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով դատարան` Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան պահանջել են անվավեր ճանաչել Կազմակերպության և Գրիգոր Գրիգորյանի միջև 14.03.2018 թվականին կնքված՝ ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, կազմակերպության նախագահության 13.03.2018 թվականի որոշումը (սույն պահանջները ներկայացվել են Գրիգոր Վանյայի Գրիգորյանի և Լյովա Ավագի Մկրտչյանի դեմ), և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել ընկերության միակ մասնակից Գրիգոր Գրիգորյանի 15.03.2018 թվականի թիվ 1 որոշումը՝ ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից նոր խմբագրության 23.10.2018 թվականի գրանցումը (սույն պահանջները ներկայացվել են «Հայաստանի խուլերի միավորման թիվ 2 ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ի և Գրիգոր Գրիգորյանի դեմ: Հայցադիմումին կից ներկայացվել է 8000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին գթ103)։ Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ (հատոր 2-րդ, գթ1-2

Դատարանի 01062021 թվականի վճռով հայցը մերժվել է։

Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան փոստային առաքմամբ 30072021 թվականին ներկայացրել են վերաքննիչ բողոք (մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով), որին կից համապատասխանաբար ներկայացվել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու մասին հավաստող ապացույց (անդորրագիր)՝ որպես երկու ոչ դրամական պահանջի համար սահմանված պետական տուրքի գումար (հատոր 3, գթ 109-117, 120):

Վերաքննիչ դատարանի 13092021 թվականի որոշմամբ Կազմակերպության, Վահագն Հովհաննիսյանի, Աշոտ Աբովյանի, Սիրանուշ Գրիգորյանի, Յուրիկ Սարգսյանի, Արման Փարսադանյանի, Նիկոլայ Գալեչյանի, Ռաֆիկ Բիշարյանի, Արմեն Գրիգորյանի, Յաշա Հարությունյանի, Լարիսա Տեր-Հակոբյանի, Արմեն Չելիկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արտակ Տերտերյանի, Մարինե Հարությունյանի, Նարեկ Նիկողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Աննա Խաչատրյանի, Կարինե Ոսկանովայի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, հետևյալ պատճառաբանությամբ «Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կանոնների` վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Հայցվորներ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի, Վահագն Հովհաննիսյանի, Աշոտ Աբովյանի, Սիրանուշ Գրիգորյանի, Յուրիկ Սարգսյանի, Արման Փարսադանյանի, Նիկոլայ Գալեչյանի, Ռաֆիկ Բիշարյանի, Արմեն Գրիգորյանի, Յաշա Հարությունյանի, Լարիսա Տեր-Հակոբյանի, Արմեն Չելիկյանի, Հովհաննես Հարությունյանի, Արտակ Տերտերյանի, Մարինե Հարությունյանի, Նարեկ Նիկողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Աննա Խաչատրյանի, Կարինե Ոսկանովայի անուններից բողոքարկվում է վճիռն ամբողջությամբ, հայցը՝ կազմակերպության նախագահության որոշումը, բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք՝ նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին ընկերության մասնակցի որոշումը և դրա պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները մերժելու մասին, հետևաբար սույն գործով բողոք ներկայացրած յուրաքանչյուր անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 20000 ՀՀ դրամ (19 * 20000 ՀՀ դրամ), ընդհանուր 380000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարվել է միայն 20000 ՀՀ դրամ» (հատոր 3, գթ 125-128):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան, որպես համապարտ հայցվորներ, Դատարանի 01062021 թվականի վճռի դեմ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով ներկայացրել են վերաքննիչ բողոք` պահանջելով ամբողջությամբ բեկանել Դատարանի 01062021 թվականի վճիռը` և քաղաքացիական գործն ամբողջ ծավալով ուղարկելով նոր քննության: Կազմակերպությունը, Վահագն Հովհաննիսյանը, Աշոտ Աբովյանը, Սիրանուշ Գրիգորյանը, Յուրիկ Սարգսյանը, Արման Փարսադանյանը, Նիկոլայ Գալեչյանը, Ռաֆիկ Բիշարյանը, Արմեն Գրիգորյանը, Յաշա Հարությունյանը, Լարիսա Տեր-Հակոբյանը, Արմեն Չելիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Արտակ Տերտերյանը, Մարինե Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, Սերոբ Սարգսյանը, Աննա Խաչատրյանը, Կարինե Ոսկանովան ոչ մեկն առանձին ակնկալիք չունի, բոլորն ունեն ընդհանուր շահ՝  Կազմակերպության և Գրիգոր Գրիգորյանի միջև 14.03.2018 թվականին կնքված՝ Ընկերության բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, կազմակերպության նախագահության 13032018 թվականի որոշումը անվավեր ճանաչելը և դրանից բխող լրացուցիչ պահանջները:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի որոշման կայացման հիմքում դրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա վկայակոչված հոդվածից բառացիորեն հետևում է, որ այն վերաբերում է  համահայցվորների և համապատասխանողների իրավասուբյեկտությանը, այսինքն՝ օրենսդիրն ընդգծել է, որ նրանցից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն, և կարող են ունենալ ինչպես ընդհանուր, այնպես էլ  ինքնուրույն պահանջներ, որոնցից կախված էլ պետք է որոշվի վճարման պետական տուրքի։ Սույն գործից երևում է, որ ինչպես պահանջը, այնպես էլ վերաքննիչ բողոքը վերաբերում է բոլորի համար ընդհանուր պահանջին և հայցվորների քանակից կախված առանձին ծախսեր չեն առաջանում։

Այսինքն՝ սույն դեպքում, երբ մի քանի անձանց կողմից ներկայացվել է միևնույն պահանջով մեկ վերաքննիչ բողոք, ապա պետական տուրքը վճարման է ենթակա մեկ վերաքննիչ բողոքի համար՝ ելնելով հայցադիմումով ներկայացված ինքնուրույն պահանջների թվից։

 

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և խախտում է անձի արդար դատաքննության և դրա բաղադրատարր հանդիսացող՝ դատարանի մատչելիության իրավունքները։

ՀՀ վճռաբեկ դատարանը Լևիկ և Սարգիս Աղաբեկյաններն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «ՅՈՐ ՉՈՅՍ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0139/02/13 քաղաքացիական գործով 28.11.2014 թվականի որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն իմպերատիվ ձևով սահմանել է պարտականություն` վարույթ ընդունելու միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատարանի կողմից կայացվել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշում, ապա հայցվորի մոտ արդեն իսկ ձևավորվում է այն համոզմունքը, որ հայցը ներկայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, այդ թվում` պահպանված է նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելու պահանջը: Դատավարության յուրաքանչյուր փուլը, այդ թվում նաև` քաղաքացիական գործի հարուցման փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, տվյալ պարագայում` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաև այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հետևաբար` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը վերջիններից պետք է գանձվեր վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով` այլ ոչ թե յուրաքանչյուրից՝ ըստ բազային տուրքի:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանը,

 պետական տուրքը քիչ վճարված լինելու անհիմն պատճառաբանությամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է հայցվորների՝ արդար դատաքննության իրավունքի անքակտելի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը։

 

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, ոչ իրավաչափորեն է վերադարձրել հայցվորների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջիններին զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրանց` ՀՀ Սահմանադրության  61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 13092021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13092021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: