Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36396/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36396/02/19

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հուլիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Վարդանյանի ընդդեմ Երևան համայնքի` գույքի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Վարդանյանը պահանջել է ք. Երևան, Արաբկիր համայնք, Բաղրամյան 48-րդ շենքի թիվ 1/1 բնակարան հասցեի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 30.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2021 թվականի որոշմամբ Տիգրան Վարդանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը, 66-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքի 10 և ավելի տարի անընդմեջ տիրապետումն ուղղակիորեն հիմնավորվում է Երևան քաղաքի Բաղրամյան 48-րդ շենքի բնակիչների հայտարարություններով և համատիրության տեղեկանքով, որոնցում նշվում է դիմողի կողմից վիճելի տարածքի տիրապետման փաստը, բացահայտությունը հիմնավորվում է տիրապետման մասին իրենց իրազեկվածությամբ: Այսինքն` տիրապետումը չի եղել այլ անձանցից գաղտնի եղանակով, իսկ բարեխղճությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վիճելի տարածքը բողոք բերած անձի տիրապետմանն անցել է առանց որևէ հարկադրանքի, ինչի արդյունքում էլ վերջինիս դեմ որևէ պահանջ չի ներկայացվել: Ինչ վերաբերում է տարածքը որպես սեփական գույք տիրապետելուն, ապա նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ բողոք բերած անձը հոգ է տարել դրա պահպանման համար՝ վճարելով կոմունալ ծառայությունների վճարները: Բացի այդ, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման առանձին բաժանորդ հանդիսացել է Տիգրան Վարդանյանը, ինչը ևս ապացուցում է վերջինիս կողմից գույքը որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ հայցվորը չի ապացուցել բարեխղճության հանգամանքը, չեն կարող համարվել իրավաչափ: Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից ներկայացված ապացույցները համարել է միայն 10 և ավելի տարի գույքն օգտագործելու հանգամանքը հիմնավորող, բայց ոչ բարեխղճությունը հիմնավորող ապացույցներ:

Հայցվորը, կատարելով սեփականատիրոջը վերապահված պարտավորությունները, այն է՝ համատիրության կողմից սահմանված համապատասխան վճարումները, համոզված է եղել ու գույքը ձեռք է բերել օրինական հիմքերով: Բացի այդ, հայցվորը դատարան է ներկայացրել իր և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Կենտրոն ՏՀՏ Արաբկիր մասնաճյուղի միջև կազմված ու Մասնաճյուղի տնօրենի կողմից հաստատված փոխադարձ հաշվարկների ակտը, որի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնք, Բաղրամյան փողոց 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ տարածքի էլեկտրաէներգիայի սպառող է հանդիսանում Տիգրան Լևոնի Վարդանյանը, ով սկսած 30.10.2002 թվականից կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը կառավարել և տիրապետել է վիճելի գույքը, հոգ է տարել դրա մասին, կատարել է ոչ միայն կոմունալ վճարումներ, այլ նաև պարտադիր այլ վճարները (տեղեկատվությունը հաստատվում է համատիրության կողմից տրված տեղեկանքով): Նշված ապացույցների առկայությունը հնարավորություն է տալիս հանգելու այն եզրակացության, որ հայցվորը հիմքեր է ունեցել ենթադրելու, որ վիճելի գույքը տիրապետում է որպես սեփական գույք:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վիճելի գույքի նկատմամբ գրանցվել է պատասխանողի սեփականության իրավունքը և վերջինս չի հրաժարվել իր գույքից, ակնհայտ է, որ պատասխանողը ձեռնարկել է գործողություններ միայն հայցվորի մոտ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավունքը ծագելուց հետո:

Այսինքն, Երևան համայնքը նախքան դատական գործընթացի սկսումը երբևէ միջոցներ չի ձեռնարկել` ուղղված վիճելի տարածքը հայցվորի տիրապետումից հետ պահանջելուն և որպես սեփականատեր դրան ուղղված գործողություններ կատարելուն, ուստի պետք է պնդել, որ Երևան համայնքը կատարել է այնպիսի գործողություն, որից հետևում է, որ հրաժարվել է իր գույքից՝ երբևէ հոգ չի տարել դրա մասին, չի պաշտպանել երրորդ անձանցից, չի խոչընդոտել դրա օգտագործմանը և տիրապետմանը հայցվորի կողմից:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե իբր Երևան համայնքը չի հրաժարվել իր գույքից, հակառակը` բողոքարկել է թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործով վճիռը և դրանից հետո կատարել գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, իրավաչափ չէ:

Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումներն ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես, եթե դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրեր գործում եղած ապացույցները, ապա հաստատված կհամարեր այն փաստը, որ հայցվորի մոտ առկա է անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանը, հետևաբար կճանաչեր նաև դրանից բխող՝ ձեռքբերման իրավունքի ուժով վիճելի գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը:

Տվյալ դեպքում, բողոքում բարձրացված հարցը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված անշարժ գույքի բարեխիղճ տիրապետման փաստական հանգամանքի իրավական գնահատման միատեսակ կիրառության խնդրին, քանի որ դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներով չեն պահպանվել բարեխիղճ տիրապետման վերաբերյալ թիվ 3-1435/ՎԴ, թիվ 33-1229 (ՎԴ) գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով սահմանված պահանջները, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում բարեխղճությունը հակասող մեկնաբանությամբ է կիրառվել Վերաքննիչ դատարանի թիվ ԱՎԴ3/1282/02/18 քաղաքացիական գործով կայացված ու օրինական ուժի մեջ մտած որոշմամբ դրա իրավական մեկնաբանությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը և այն փոփոխել` բավարարել հայցը, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Համաձայն Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության կողմից 19.09.2017 թվականին տրված տեղեկանքի (պատճեն)` Տիգրան Լևոնի Վարդանյանը բնակվում է Երևան քաղաքի Արաբկիր համայնք, Բաղրամյան փողոց 48-րդ շենք թիվ 5 բնակարանում: Ունի 40քմ օժանդակ տարածք, որի համար կատարում է համապատասխան վարձերի վճարումները (հատոր 1-ին, գ.թ. 24):

2) Ըստ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի բնակիչ Սվետլանա Ավետիսյանի կողմից 22.03.2017 թվականին տրված հայտարարության (պատճեն)` վերջինս հավաստիացրել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ ընդհանուր մակերեսով տարածքը 1993 թվականից մինչ հայտարարություն տալու պահը տիրապետել և օգտագործել է Տիգրան Վարդանյանը` բնակվելով այդ տարածքում (հատոր 1-ին, գ.թ. 11):

3) Ըստ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի բնակիչներ Հարություն Մուրադյանի և Ժաննա Աղաբաբյանի կողմից 22.03.2017 թվականին տրված հայտարարությունների (պատճեններ)` Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ տարածքը 1998 թվականից մինչև հայտարարությունները տալու պահը փաստացի տիրապետել և օգտագործել է Տիգրան Վարդանյանը` բնակվելով այդ տարածքում (հատոր 1-ին, գ.թ. 25, 27):

4) Համաձայն Տիգրան Լևոնի Վարդանյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Կենտրոն ՏՀՏ Արաբկիր մասնաճյուղի միջև կազմված և մասնաճյուղի տնօրենի կողմից հաստատված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի (պատճեն)՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենք, բն. 1 էլեկտրաէներգիայի սպառող է հանդիսանում Տիգրան Վարդանյանը, ով սկսած 30.10.2002 թվականից կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 29-37):

5) Թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Տիգրան Վարդանյանը 29.03.2017 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Երևան քաղաքի, Արաբկիր համայնքի, Բաղրամյան 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ ընդհանուր մակերեսով գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 14-23):

6) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 26.01.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 վճռով բավարարել է Տիգրան Վարդանյանի պահանջը` Երևան քաղաք Արաբկիր համայնք, Բաղրամյան 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ մակերեսով (ընդհանուր մակերեսը կազմում է 52.1քմ) տարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 14-23):

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը` բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2018 թվականի վճիռը և դիմումը թողնվել է առանց քննության (հիմք` court.am պաշտոնական կայք):

8) Ըստ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.02.2019 թվականի թիվ 07022019-01-0260 վկայականի (պատճեն)` Երևան քաղաքի, Արաբկիր, Բաղրամյան փողոց 48-րդ շենք, 1/1 բնակարանի նկատմամբ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 վճռի, Երևանի քաղաքապետարանի 13.11.2018 թվականի թիվ 3405-Ա որոշման» հիման վրա գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 71-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հաստատվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից: Նույն հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Նշված նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:

Վերոգրյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման հիմք։

ՀՀ սահմանադրական դատարանը, իր 21112006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

Զարգացնելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը այլ անձի կողմից իր գույքի սեփականության տիրապետման կապակցությամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման նկատմամբ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը (տե´ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բարեխիղճ տիրապետման ինստիտուտը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդված 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և ակներև դարձնել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշոտ Ղազարյանն և Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության կողմից 19.09.2017 թվականին տրվել է տեղեկանք (պատճեն) այն մասին, որ Տիգրան Լևոնի Վարդանյանը բնակվում է Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Բաղրամյան փողոց 48-րդ շենք թիվ 5 բնակարանում: Ունի 40քմ օժանդակ տարածք, որի համար կատարում է համապատասխան վարձերի վճարումները:

Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի բնակիչ Սվետլանա Ավետիսյանի կողմից 22.03.2017 թվականին տրված հայտարարության (պատճեն) համաձայն` վերջինս հավաստիացրել է, որ քաղաք Երևան, Բաղրամյան փողոց 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ ընդհանուր մակերեսով տարածքը 1993 թվականից մինչ հայտարարություն տալու պահը տիրապետել և օգտագործել է Տիգրան Վարդանյանը` բնակվելով այդ տարածքում:

Նույն հասցեի բնակիչներ Հարություն Մուրադյանի և Ժաննա Աղաբաբյանի կողմից 22.03.2017 թվականին տրված հայտարարությունների (պատճեններ) համաձայն` Երևան քաղաքի, Բաղրամյան փողոց 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ տարածքը 1998 թվականից մինչև հայտարարությունները տալու պահը փաստացի տիրապետել և օգտագործել է Տիգրան Վարդանյանը` բնակվելով այդ տարածքում:

Համաձայն Տիգրան Լևոնի Վարդանյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Կենտրոն ՏՀՏ Արաբկիր մասնաճյուղի միջև կազմված և մասնաճյուղի տնօրենի կողմից հաստատված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի (պատճեն)՝ Երևան քաղաքի, Բաղրամյան փողոց 48-րդ շենք, բն. 1 էլեկտրաէներգիայի սպառող է հանդիսանում Տիգրան Վարդանյանը, ով սկսած 30.10.2002 թվականից կատարում է մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումներ:

Թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Տիգրան Վարդանյանը 29.03.2017 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ ընդհանուր մակերեսով գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 26.01.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 վճռով բավարարել է Տիգրան Վարդանյանի պահանջը` Երևան քաղաքի, Արաբկիր համայնք, Բաղրամյան 48-րդ շենքի 1-ին հարկում գտնվող 40քմ մակերեսով (ընդհանուր մակերեսը կազմում է 52.1քմ) տարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է վերջինիս սեփականության իրավունքը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը` բեկանվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2018 թվականի վճիռը և դիմումը թողնվել է առանց քննության (հիմք` court.am պաշտոնական կայք):

Ըստ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.02.2019 թվականի թիվ 07022019-01-0260 վկայականի (պատճեն)` Երևան քաղաքի, Արաբկիր, Բաղրամյան փողոց 48-րդ շենք, 1/1 բնակարանի նկատմամբ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1111/02/17 վճռի, Երևանի քաղաքապետարանի 13.11.2018 թվականի թիվ 3405-Ա որոշման» հիման վրա գրանցվել է Երևան համայնքի սեփականության իրավունքը:

Դատարանը 30.12.2020 թվականի վճռով մերժել է Տիգրան Վարդանյանի հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինիս մոտ վիճելի անշարժ գույքի տիրապետման բարեխղճության նախապայմանը բացակայում է:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ մերժելով Տիգրան Վարդանյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 30.12.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, արձանագրել է հետևյալը «(...) հայցվորը բարեխղճության հիմքում դնելով այն փաստարկը, որ վիճելի տարածքն իր տիրապետմանն է անցել առանց որևէ հարկադրանքի, չի ապացուցել բարեխղճության առկայությունը, բացի այդ` միայն առանց հարկադրանքի գույքը տիրապետելը բավարար չէ այն օրինական հիմքով կամ որպես սեփականը տիրապետելու հիմնավոր համոզմունք ունենալու համար»: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործով արդեն Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որոնք հիմք են տալիս կատարելու եզրահանգում, որ վերջինս չի հրաժարվել իր սեփականության իրավունքից և իր գործողություններով չի մեկուսացրել իրեն վիճելի տարածքի տնօրինումից: (...) արդեն սույն գործի քննության փուլում վիճելի տարածքի նկատմամբ գրանցված է եղել պատասխանողի սեփականության իրավունքը և քանի դեռ դրա նկատմամբ առկա է գրանցված սեփականատեր, ով չի հրաժարվել իր սեփականությունից, հնարավոր չէ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը»: Ըստ էության վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը` Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «(...) տվյալ դեպքում հայցվորը չի ապացուցել բարեխղճության առկայությունը, ուստի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պայմաններից առնվազն մեկի բացակայության պարագայում հնարավոր չէ ճանաչել հայցվորի սեփականության իրավունքը վիճելի տարածքի նկատմամբ»:

Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ արձանագրում է հետևյալը.

Քննարկվող պարագայում, գործում առկա են ապացույցներ վիճելի տարածքը Տիգրան Վարդանյանի կողմից 1993 թվականից սկսած տիրապետելու մասին: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության կողմից 19.09.2017 թվականին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի բնակիչներ Սվետլանա Ավետիսյանի կողմից 22.03.2017 թվականին, Հարություն Մուրադյանի և Ժաննա Աղաբաբյանի կողմից 22.03.2017 թվականին տրված հայտարարությունները, Տիգրան Վարդանյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Կենտրոն ՏՀՏ Արաբկիր մասնաճյուղի միջև կազմված և մասնաճյուղի տնօրենի կողմից հաստատված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը:

Վճռաբեկ դատարանը կարևորում է այն, որ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը դատարանի կողմից առանցքային նշանակություն ունի դատավարության համար և չի կարող պայմանավորվել բացառապես ապացույցի վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներով: Ցանկացած դեպքում ապացույցները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել ապացույցի յուրաքանչյուր տեսակի համար դատավարական օրենքով նախատեսված ձևի և բովանդակության պահանջի պահպանումը: Մինչդեռ տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել վերը նշված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում՝ գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից։ Մասնավորապես ստորադաս դատարաններն անտեսել են այն փաստերը, որ 1993 թվականից մինչև թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործով 29.03.2017 թվականին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վիճելի անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իր սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջ ներկայացնել և դրանից հետո Տիգրան Վարդանյանը տիրապետել է վիճելի անշարժ գույքը: Ընդ որում, նշված ժամանակահատվածում գույքի սեփականատերը չի ձեռնարկել որևէ գործողություն, որը կփաստեր այդ գույքից նրա չհրաժարվելու մասին: Տվյալ պարագայում, օրենքով նախատեսված ժամկետում անշարժ գույքի սեփականատիրոջ վարքագիծը, մասնավորապես` նրա կողմից 10 տարուց ավելի Տիգրան Վարդանյանի տիրապետմանը որևէ կերպ չխոչընդոտելը, վկայում է գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից սեփականատիրոջ մեկուuացման մաuին:

Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ գրանցվել է միայն 07.02.2019 թվականին` թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործով կայացված ակտի հիման վրա: Արդյունքում, սույն գործով դատարանները, անտեսելով նշված փաստերը, հանգել են այն եզրակացության, որ թիվ ԵԱՔԴ/1111/02/17 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոք ներկայացնելով և վիճելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք գրանցելով` Երևանի քաղաքապետարանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են եղել գույքը վերադարձնելուն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել պատշաճ քննություն և ապացույցների գնահատման դատավարական կանոններին համապատասխան չի պարզվել, թե արդյոք օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածից հետո անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձի կողմից ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու փաստացի տիրապետողի իրավունքը վիճարկելը կարող էր ազդել տիրապետողի կողմից գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննությամբ, սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից անհրաժեշտ է կատարել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պատասխանել վերոգրյալ հարցին ու նոր հանգել համապատասխան եզրակացության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36396/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36396/02/19

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/36396/02/19 քաղաքացիական գործով 01.07.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«01» հուլիսի, 2022թ

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 01.07.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Վարդանյանի ընդդեմ Երևան համայնքի` գույքի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 01.07.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ Տիգրան Վարդանյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Բաղրամյան 48-րդ շենքի թիվ 1/1 բնակարանը (այսուհետ՝ Բնակարան) բարեխիղճ տիրապետելու փաստի վերաբերյալ ներկայացված ապացույցները ստորադաս դատարանների կողմից պատշաճ հետազոտված և գնահատված չլինելու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

 1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանը, հղում կատարելով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումներին, Տիգրան Վարդանյանի կողմից Բնակարանը բարեխիղճ տիրապետելու պայմանի կապակցությամբ գործում առկա բոլոր ապացույցները լրիվ և բազմակողմանի հետազոտելու և գնահատելու մասով ստորադաս դատարաններին դատավարական իրավունքի նորմի խախտում է վերագրել: Վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ Տիգրան Վարդանյանի կողմից 1993 թվականից Բնակարանը տիրապետելու փաստին առնչվող գործում առկա ապացույցները պատշաճ գնահատման չեն արժանացել, ինչի հետևանքով «չի պարզվել, թե արդյոք օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածից հետո անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձի կողմից ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու փաստացի տիրապետողի իրավունքը վիճարկելը կարող էր ազդել տիրապետողի կողմից գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա»:

Վկայակոչելով Բնակարանը տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստեր, հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության 62-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կրել է այդ փաստերն ապացուցելու պարտականություն: Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

Կարծում եմ՝ տվյալ դեպքում ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել են գործում առկա և Վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված ապացույցները, որոնք Բնակարանը Տիգրան Վարդանյանի կողմից բարեխիղճ տիրապետելու փաստի հաստատման տեսանկյունից բավարար չեն եղել: Արդյունքում՝ այդ փաստի վիճելի մնալու բացասական հետևանքը կրել է այն վկայակոչած հայցվորը:

Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռքբերելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ վավերապայմաններից բարեխղճության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187) (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով անձը կարող է հավակնել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, եթե որպես իր սեփականը՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն անշարժ գույքը, որը չունի սեփականատեր, կամ ունի սեփականատեր, բայց նա անհայտ է կամ հրաժարվել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այդ ուղղությամբ ակնհայտ գործողություններ կատարելով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են.

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփական, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփական նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին, և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա՝ գույքը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը) (տե´ս, Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններն և Քնարիկ Վարդանյանն ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների թիվ ԱՎԴ/0167/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե´ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է նախ՝ տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա՝ գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքը՝ թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Տիգրան Վարդանյանի կողմից գործի քննության շրջանակներում չի ներկայացվել Բնակարանն իր կողմից տիրապետելու բարեխղճությունը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որը հիմք կտար ստորադաս դատարաններին հաստատված համարելու Բնակարանն օրինական հիմքերով ձեռքբերելու Տիգրան Վարդանյանի համոզմունքի առկայությունը և դրա հիման վրա՝ նրա մոտ Բնակարանը, որպես իր սեփականություն, տիրապետելու ենթադրության հանգելու իրավաչափ հնարավորության առկայությունը: Վճռաբեկ դատարանն անտեսել է, որ իր կողմից մատնանշված և նոր քննության շրջանակներում վերստին գնահատման ենթակա ապացույցներից ոչ մեկը չի ծառայում Բնակարանն օրինական հիմքերով ձեռքբերելու Տիգրան Վարդանյանի համոզմունքի առկայության հաստատմանը:

Այսպես, Արաբկիր վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրության կողմից 19.09.2017 թվականին տրված տեղեկանքը և Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 48-րդ շենքի բնակիչներ Սվետլանա Ավետիսյանի 22.03.2017 թվականի և Հարություն Մուրադյանի և Ժաննա Աղաբաբյանի 22.03.2017 թվականի հայտարարությունները տեղեկություններ են պարունակում Բնակարանում Տիգրան Վարդանյանի բնակվելու մասին, այսինքն՝ գույքը որոշակի ժամանակահատվածում տիրապետելու մասին:

Ինչ վերաբերում է Տիգրան Վարդանյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Կենտրոն ՏՀՏ Արաբկիր մասնաճյուղի միջև կազմված և մասնաճյուղի տնօրենի կողմից հաստատված փոխադարձ հաշվարկների ստուգման ակտին, ապա Բնակարանը կոմունալ հարմարություններով ապահովելն ուղղված է դրա բնականոն օգտագործման համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելուն, և կատարվել են անշարժ գույքը բնակության համար անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: Ուստի նշված ապացույցները չեն պարունակում Տիգրան Վարդանյանի կողմից Բնակարանը որպես սեփականը տիրապետելու բարեխղճության պայմանը հաստատող փաստական տվյալներ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հանգում են նրան, որ տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս կարևորվում են ոչ թե գույքն առհասարակ տիրապետելու կամ դրա մասին հոգ տանելու փաստերը, այլ գույքը տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու հնարավորությունը՝ գույքի սեփականատիրոջ կողմից գույքից ակնհայտ հրաժարվելու, գույքն իր տիրապետմանն օրինական հիմքով անցնելու և այն արդեն որպես իր սեփականություն տիրապետելու մասին: Այսինքն՝ գործում եղած ապացույցները պետք է միտված լինեն հաստատելու գույքը տիրապետելու հարցում այնպիսի իրավական և փաստական հանգամանքների զուգորդված առկայությունը, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն գույքը տիրապետելու բարեխղճության հարցում տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու համար: Մինչդեռ գործում եղած ապացույցներով չի հաստատվում Տիգրան Վարդանյանի մոտ Բնակարանը բարեխիղճ տիրապետելու մասին ներքին համոզմունք ձևավորված լինելու փաստը:

Հիմք ընդունելով ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու պայմաններից բարեխղճության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները և այն հանգամանքները, որ վիճելի է մնացել Տիգրան Վարդանյանի կողմից Բնակարանը բարեխիղճ տիրապետելու փաստի առկայությունը, բացասական հետևանքները պետք է կրեր հայցվորը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը պետք է մերժեր Տիգրան Վարդանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանի որոշման ազդեցությունը սեփականության իրավունքի պաշտպանվածության վրա.

Որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, սակայն մեկուսացված փաստերով գործերի քննության արդյունքում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած իր որոշումներում տրված մեկնաբանություններից շեղվելն ի չիք է դարձնում ոչ միայն օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու, այլև մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու՝ Սահմանադրությամբ ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունները կյանքի կոչելու հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը Որոշմամբ չի հիմնավորել ձեռքբերման վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների կապակցությամբ նախկինում ներկայացված իր իրավական դիրքորոշումներից շեղվելը՝ այն դեպքում, երբ վեճը լուծելիս թե՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանն առաջնորդվել են ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով:

Որոշմամբ տրված մեկնաբանությունը կարող է էական նշանակություն ունենալ սեփականության իրավունքի պաշտպանվածության հանրային ընկալման տեսանկյունից, քանզի կարող է ձևավորվել ընդհանրացված մոտեցում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գույքի սեփականատիրոջ համաձայնությամբ և թույլտվությամբ՝ վճարովի կամ անվճար հիմունքներով, բնակվել որևէ հասցում և հետագայում պնդել, որ առկա են սեփականության իրավունքի ծագման հիմքեր: Մյուս կողմից սեփականատերը, ով այդ գույքը ձեռք է բերել իրավանախորդից ժառանգելու կամ իրավական այլ հիմքով և կատարել է դրա հետ կապված օրենքով սահմանված պարտականությունները, չի կարող ունենալ իրավաչափ համոզում, որ իր սեփականության իրավունքը պաշտպանված է երրորդ անձանց կամայական վարքագծից:

 

Դատավոր

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական: