Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-80-Ո-Կ-21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.11.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.11.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-80-Ո-Կ-21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ


Ս. Չիչոյանի

 

 

մասնակցությամբ՝ անդամներ

Դ. Խաչատուրյանի

 

Ն. Հովսեփյանի

 

Մ. Մակյանի

 

Ա. Մխիթարյանի

 

Վ. Քոչարյանի

 

Արդարադատության նախարարի տեղակալ

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

դատավոր Մ. Մարտիրոսյանի ներկայացուցիչ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

 

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

Գ. ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

2022 թվականի նոյեմբերի 3-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 29-ի N 66-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանը (այսուհետ նաև՝ Դիմումատու) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիռը:

Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) 30.05.2022 թվականի թիվ 51-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Մնացական Մարտիրոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 29.07.2022 թվականի N 66-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը, նշել է, որ քննարկվող դեպքում 07.04.2008 թվականին ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ «Դիմումատուի մոտ առկա է 7-րդ, 8-րդ և 9-րդ կրծքային ողների, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտկային ողների տուբերկուլյոզային սպոնդիլիտ, որն առկա է եղել նախկինում և բուժվել է, իսկ այժմ սրացել է: Նշված հիվանդությունը համարվում է ծանր հիվանդություն և պահանջվում է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում»:

2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին, չնայած նրան անհրաժեշտ է եղել պահպանել անկողնային ռեժիմ: Դիմումատուի առողջական վիճակը, ի վերջո վատթարացել է այնքան, որ կրկին հոսպիտալացրել են 09.09.2008 թվականին: Այնուհետև, 22.09.2008 թվականի որոշմամբ Դատարանը կասեցրել է դատական վարույթը: Ընդ որում, Դատարանը, բացի հիվանդանոցից ստացված՝ Դիմումատուի հոսպիտալացման փաստը և երկարատև անկողնային ռեժիմի անհրաժեշտությունը հաստատող գրությունից, հիմք է ընդունել 07.04.2008 թվականի փորձագիտական եզրակացությունը՝ վարույթի կասեցման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: 02.10.2008 թվականին Դատարանը կայացրել է քրեական գործով վարույթը վերսկսելու որոշում այն հիմքով, որ Դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջական վիճակի բարելավմամբ, սակայն չնայած Դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից որոշակի բարելավման նշաններով, առկա չէ որևէ փաստ, որը թույլ կտար ենթադրելու, որ Դիմումատուն կարող է ներկայանալ լսումներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) արձանագրել է, որ առկա է Դատավորի անտարբեր վերաբերմունքը Դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ քննարկվող դեպքում Դիմումատուին պատճառվել է ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև հուզական տառապանք, առաջ են եկել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել: Արդյունքում, ՄԻԵԴ-ը հանգել է այն հետևության, որ Դիմումատուն, ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որի արդյունքում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի խախտում:

Այսպես՝ Դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 20-ին և 30-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 1-ին նշանակված դատական լսումներից Դիմումատուի բացակայությունը դիտարկել է անհարգելի, և բերման ենթարկելու մասին որոշումներ է կայացրել: Վերոգրյալի հիման վրա Դատարանը հաշվի չի առել Դիմումատուի առողջական վիճակը, կայացրել է բերման ենթարկելու մասին որոշում, այսինքն՝ Դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում: Նշված պայմաններում խախտվել են Դիմումատուի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը, Դիմումատուն Դատարանի կողմից ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Միաժամանակ Դատավորն իր բացատրությամբ ընդհանրապես չի անդրադարձել նշված հանգամանքին:

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ վերոնշյալ իրավական վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ Դատարանը հաշվի չի առել Դիմումատուի առողջական վիճակը, 2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին, չնայած՝ նրան անհրաժեշտ է եղել պահպանել անկողնային ռեժիմ, կայացրել է Դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշումներ, և նշված պայմաններում խախտվել են Դիմումատուի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը, Դիմումատուն Դատարանի կողմից ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը, 303-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ միայն առանց հարգելի պատճառների ամբաստանյալի չներկայանալու դեպքում դատարանը կարող է բերման ենթարկելու մասին որոշում կայացնել, և տվյալ նորմն այլ հիմքերով ամբաստանյալին բերման ենթարկելու հնարավորություն չի նախատեսում:

2008 թվականի հոկտեմբերի 20-ին և 30-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 1-ին նշանակված դատական լսումներից Դատարանը Դիմումատուի բացակայությունը դիտարկել է անհարգելի, կայացրել է ոստիկանության օգնությամբ Դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում, որն էլ առնվազն մեկ անգամ Դիմումատուին տանից ուժով բերել է Դատարան:

Այսպես՝ Դատարանին թիվ ԵՔՐԴ/0197/01/08 քրեական գործի (այսուհետ նաև՝ Գործ) նյութերից հայտնի է եղել, որ Դիմումատուի մոտ առկա է ծանր հիվանդություն, որը պահանջում է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում ու պարզ չէ, թե ինչու է նման պայմաններում Դատարանն անհարգելի համարել Դիմումատուի չներկայանալը դատական նիստերին:

Վերոնշյալ իրավական վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ Դատարանը տեղյակ լինելով, որ Դիմումատուն ունի ծանր հիվանդություն և գտնվում է խիստ անկողնային ռեժիմի տակ, կայացրել է բերման ենթարկելու մասին որոշում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ամբաստանյալի ծանր հիվանդության դեպքում, որը նրան զրկում է դատարան ներկայանալու հնարավորությունից, ծագում է դատարանի պարտականությունը՝ այդ ամբաստանյալի նկատմամբ կասեցնել գործի վարույթը մինչև նրա առողջանալը:

Քննարկվող դեպքում Դատարանին հայտնի է եղել, որ Դիմումատուն ունի ծանր հիվանդություն, մասնավորապես նշված հանգամանքը հայտնի է դարձել Դատարանին 07.04.2008 թվականին ստացված դատաբժշկական եզրակացությամբ: Նման պայմաններում 2008 թվականի հունիսի 16-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն ֆիզիկապես մասնակցել է դատական նիստերին, չնայած նրան անհրաժեշտ է եղել պահպանել անկողնային ռեժիմ:

Նշված պայմաններում Դատարանը պետք է կասեցներ գործի վարույթը, մինչդեռ 25.04.2008 թվականին՝ գործն ընդունելով վարույթ միայն 5 ամիս անց՝ 22.09.2008 թվականին է որոշում կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին: Դատարանը դատական վարույթի կասեցման անհրաժեշտությունը հիմնավորելու համար հիմք է ընդունել նաև 07.04.2008 թվականի փորձագիտական եզրակացությունը:

Քննարկվող դեպքում 02.10.2008 թվականին Դատարանը կայացրել է գործով վարույթը վերսկսելու մասին որոշում այն հիմքով, որ Դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջական վիճակի բարելավմամբ, սակայն, չնայած Դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից որոշակի բարելավման նշաններով, առկա չէ որևէ փաստ, որը թույլ կտար ենթադրելու, որ Դիմումատուն կարող է ներկայանալ Դատարան: Մինչև դատաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելը Դատարանը չի պահանջել Դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն, որով պարզ կլիներ, թե արդյո՞ք Դիմումատուն բավականաչափ առողջ է և հնարավորություն ունի ներկայանալու դատարան:

Վերոնշյալ իրավական վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջների խախտում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ներկայացված միջնորդությունների դեպքում դրանք ենթակա են քննության և լուծման, ինչի արդյունքում դատարանի կողմից կայացվում են համապատասխան որոշումներ, որոնք պետք է լինեն պատճառաբանված: Ընդ որում, միջնորդությունները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ, իսկ միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Տվյալ դեպքում Դատավորը հրաժարվել է Դիմումատուի բացակայությամբ քննարկել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: Ավելի կոնկրետ՝ 17.03.2018 թվականին Դիմումատուին ի վերջո տեղափոխել են Դատարան, և Դատավորը հրաժարվել է քննարկել միջնորդությունը՝ չնայած հետաձգել էր նիստը մինչև Դիմումատուի ներկայությունն ապահովելը: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր քննարկել միջնորդությունը և պատճառաբանված որոշում կայացներ, ուստի խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի պահանջը:

Նախարարը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 4-րդ և 5-րդ մասերը, նշել է, որ վերը ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը: Միաժամանակ գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից ՄԻԵԴ-ի վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որում անվանական առանձնահատուկ անդրադարձ է կատարված Դատավորի կողմից թույլ տրված խախտումներին՝ Նախարարը նշել է, որ, ի տարբերություն այլ դեպքերի, տվյալ պարագայում Դատավորի կողմից կատարված խախտումների արդյունքում առավել քան ակնհայտորեն նվազեցվել է հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև հեղինակազրկվել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը, ոչ միայն պետության ներսում, այլև՝ այլ պետությունների առջև՝ նկատի ունենալով միջազգային ատյանի կողմից ընդունվող որոշումների հնարավոր տարածվելիության լայն շրջանակը:

Անդրադառնալով Դատավորի կողմից տրված բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ վարույթ հարուցող մարմնի կողմից հաշվի չի առնվել, որ անցել են կարգապահական վարույթ հարուցելու՝ օրենքով սահմանված ժամկետները, վարույթ հարուցող մարմինը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 58-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները: Օրենսգրքի 58-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:

Տվյալ դեպքում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ի 18.05.2021 թվականի վճռի ուսումնասիրությունը, որով արձանագրվել է Դատավորի կողմից թույլ տրված խախտումները: 02.05.2020 թվականին ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-197-Ն օրենքը, որով տարբեր հատվածներում օրենսդիրը կատարելով լրացումներ և փոփոխություններ՝ ընդհանուր կանոններից տարբերվող բացառություններ է նախատեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացվող դատական ակտերի հիման վրա հարուցվող կարգապահական վարույթների մասով (տե՛ս օրինակ՝ թիվ ՀՕ-197-Ն օրենքի 46-րդ, 48-րդ, ինչպես նաև 58-րդ հոդվածի 19-րդ մասերը), այդ թվում նաև՝ հաշվի առնելով տվյալ առիթով հարուցվող կարգապահական վարույթների առանձնահատկությունները, ինչպես նաև միջազգային ատյանի կողմից բավականին երկար ժամանակահատվածում դատավորի կատարած խախտումները ուսումնասիրելու, քննարկելու և դրանք արձանագրելու տարածված պրակտիկան: Միևնույն ժամանակ, նախատեսված տարբեր բացառությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նման դեպքերում կարգապահական վարույթի հարուցումը պայմանավորված է ոչ թե հաղորդման հիման վրա ընդհանուր կարգով նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների հայտնաբերմամբ, այլև՝ միջազգային ատյանի կողմից կայացված դատական ակտում արձանագրված խախտմամբ, որը վարույթ հարուցող մարմնին հայտնի է դարձել կատարված օրենսդրական փոփոխություններից հետո՝ 18.05.2021 թվականին ընդունված վճռի ուսումնասիրության արդյունքում:

Հակառակ մեկնաբանության արդյունքում, պարզապես առարկայազուրկ է դառնում նշված առիթով կարգապահական վարույթի հարուցումը դրա վերաբերյալ լրացումներ կատարվելուց հետո առնվազն մինչև 10 տարվա ընթացքում (հաշվի առնելով ՄԻԵԴ-ի կողմից քննվող գործերի երկարատևությունը)՝ չիրացվելով նման ինստիտուտի ներդրման համար օրենսդրի հետապնդած նպատակն այն դեպքում, երբ տվյալ պարագայում օրենսդիրն առանձնացրել է միջազգային ատյանի կողմից կայացված վճռով արձանագրված խախտումների ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը՝ որպես կարգապահական վարույթ հարուցելու համար այլ տեսակի առիթ: Պատահական չէ նաև, որ թիվ ՀՕ-197-Ն օրենքով նույնիսկ բացառություն է նախատեսվել քննարկվող առիթով հարուցվող կարգապահական վարույթների ժամկետների մասով՝ մասնավորապես բացառելով նման դեպքերում եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ութ տարի անցած լինելու պարագայում կարգապահական վարույթ չհարուցելու արգելքը տվյալ առիթի դեպքում:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ նշելով հետևյալը.

Վարույթ հարուցող մարմնի կողմից հաշվի չի առնվել, որ անցել են կարգապահական վարույթ հարուցելու՝ օրենքով սահմանված ժամկետները: Դատավորի նկատմամբ արդարադատություն կամ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի: Սակայն նշված ժամկետը չի տարածվում Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների նկատմամբ:

Վերոնշյալ հոդվածները և դրանց մասերն ու կետերը ներկայիս խմբագրությամբ ուժի մեջ են մտել 02.05.2020 թվականին ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-197-Ն օրենքի (այսուհետ նաև՝ թիվ ՀՕ-197-Ն օրենք) ուժի մեջ մտնելով: Մինչ այդ գործող կարգավորումներով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը չի ունեցել 4-րդ կետ, իսկ 144-րդ հոդվածի 1-ին մասն էլ չի ունեցել բացառություն (ավելին՝ թե ժամկետների, թե հիմքերի մասով էապես տարբերվել է ներկայիս կարգավորումներից):

Դատավորը, վկայակոչելով թիվ ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ մասը, նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մինչև 02.05.2020 թվականը գործող խմբագրությամբ ևս որպես վարույթի հարուցման հիմք նախատեսված է դատավորի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, տվյալ պարագայում՝ իր կողմից 2008-2009 թվականներին կատարված ենթադրյալ խախտումները, որոնք նշված են նաև կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ: Հիշատակված իրավական նորմից հետևում է, որ մինչև թիվ ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ պետք է կիրառվեն նախկին խմբագրությամբ գործող կարգավորումները, որտեղ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը չի ունեցել 4-րդ կետով նախատեսված նորմը, իսկ 144-րդ հոդվածի 1-ին մասն էլ չի ունեցել բացառություն (թե՛ ժամկետների, թե՛ հիմքերի մասով էապես տարբերվել է ներկայիս կարգավորումներից, ինչպես նաև նախատեսվել է, որ այդ կետով (144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե խախտում պարունակող դատական վարույթն ավարտվելուց հետո անցել է հինգ տարի):

Դատավորը նշել է, որ սույն դեպքում իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավական հիմք դիտարկվել է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որն իր կողմից ենթադրյալ խախտումը կատարելիս՝ 2008-2009 թվականներին գոյություն չի ունեցել, ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականից և ենթակա է կիրառման դրանից հետո ծագող իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ՝ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում դրվել է այն օրենքով (թիվ ՀՕ-197-Ն օրենք) սահմանված կարգավորումը, որը կիրառելի չէ մինչև 02.05.2020 թվականը (ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը) կատարված խախտումների նկատմամբ, իսկ կիրառելի կարգավորմամբ նախատեսված վարույթի հարուցման ժամկետն ակնհայտորեն անցել է:

Դատավորը Խորհրդին ներկայացրած պատասխանով նշել է, որ վարույթը հարուցվել է կիրառելի նորմերի այնպիսի ակնհայտ խախտումներով, որոնց վկայակոչումն արդեն իսկ բավարար է Նախարարի միջնորդությունը մերժելու համար՝ առանց անդրադառնալու դրանում նշված հանգամանքներին։ Մասնավորապես վարույթ հարուցող մարմնի կողմից հաշվի չի առնվել, որ անցել են վարույթ հարուցելու՝ օրենքով սահմանված ժամկետները։

Դատավորը նշել է, որ իր նկատմամբ հարուցված վարույթի հիմքում դրվել են Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կարգավորումները (որոշման պահին գործող խմբագրությամբ1): Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան՝ իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն (վարույթը հարուցելու պահին գործող խմբագրությամբ)՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել` արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, բացառությամբ սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթի:

Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավորի նկատմամբ արդարադատություն կամ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի: Սակայն նշված ժամկետը չի տարածվում Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով հարուցվող կարգապահական վարույթների նկատմամբ:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածները և դրանց մասերն ու կետերը վարույթը հարուցելու պահին գործող խմբագրությամբ ուժի մեջ են մտել 02.05.2020 թվականին թիվ ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելով: Մինչ այդ գործող կարգավորումներով Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասը չի ունեցել 4-րդ կետ, իսկ 144-րդ հոդվածի 1-ին մասն էլ չի ունեցել բացառություն (ավելին՝ թե՛ ժամկետների, թե՛ հիմքերի մասով էապես տարբերվել է ներկայիս, թե' վարույթի հարուցման ժամանակ և, թե' միջնորդությամբ Խորհրդին դիմելու ժամանակ գործած կարգավորումներից):

Վկայակոչելով թիվ ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Դատավորը նշել է, որ Օրենսգրքի՝ մինչև 02.05.2020 թվականը գործող խմբագրությամբ ևս որպես վարույթի հարուցման հիմք նախատեսված է դատավորի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, տվյալ պարագայում՝ Դատավորի կողմից 2008-2009 թվականներին կատարված ենթադրյալ խախտումները, որոնք նշված են նաև որոշմամբ։

Հիշյալ կետում հիշատակված իրավական նորմից հետևում է, որ մինչև թիվ ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ պետք է կիրառվեն նախկին խմբագրությամբ գործող կարգավորումները:

Սույն դեպքում որպես Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավական հիմք դիտարկվել է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որը Դատավորի կողմից ենթադրյալ խախտումը կատարելիս՝ 2008-2009 թվականներին գոյություն չի ունեցել, ուժի մեջ է մտել 02.05.2020 թվականից և ենթակա է կիրառման դրանից հետո ծագող իրավահարաբերությունների նկատմամբ։ Այլ կերպ՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում դրվել է այն օրենքով (թիվ ՀՕ-197-Ն օրենք) սահմանված կարգավորումը, որը կիրառելի չէ մինչև 02.05.2020 թվականը (թիվ ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը) կատարված խախտումների նկատմամբ, իսկ կիրառելի կարգավորմամբ նախատեսված վարույթի հարուցման ժամկետն ակնհայտորեն անցել է։

Դատավորը նշել է, որ վարույթ հարուցող մարմինը նշված որոշմամբ անդրադառնալով Դատավորի կողմից բացատրության շրջանակներում արտահայտված դիրքորոշմանը, հակադարձել է ըստ էության երկու խումբ հիմնավորումներով։

Առաջինը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ կարգապահական վարույթ հարուցելիս տեղի չի ունեցել վարույթի հարուցման ժամկետների խախտում, մասնավորապես վկայակոչելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի՝ կարգապահական պատասխանատվության հիմքերի և վարույթի վերաբերյալ դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կարգապահական վարույթների նկատմամբ։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հիմքերով (խախտումներով) հարուցվող կարգապահական վարույթների հարուցման նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և 144-րդ հոդվածով նախատեսված ժամկետները: Նույն հոդվածի 19-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով Սույն օրենքով լրացվող՝ 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա։»։

Վարույթ հարուցող մարմինն այնուհետև նշել է, որ «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճռի ուսումնասիրությունը(...)»։

Դատավորը Խորհրդի ուշադրությանն է հրավիրել այն հանգամանքին, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածը «Դատավորի արձակուրդ» վերտառությամբ է, և հոդվածի բովանդակությունը որևէ աղերս չունի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ։ Միևնույն ժամանակ, եթե ենթադրենք, որ վարույթ հարուցող մարմնի կողմից թույլ է տրվել տեխնիկական վրիպակ, և վերջինս ի նկատի է ունեցել նույն այն հոդվածը, որը վկայակոչվել է Դատավորի կողմից իր իսկ բացատրությամբ, այն է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածը, ապա նշվածը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ կարգապահական վարույթը հարուցվել է դրա հարուցման համար սահմանված ժամկետների խախտմամբ։

Դատավորը վարույթ հարուցող մարմնի տվյալ մեջբերումների արդյունքում անհրաժեշտ է համարել ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի տեսանկյունից «կարգապահական վարույթի հարուցման առիթ» և «կարգապահական վարույթի հարուցման հիմք» եզրույթները տարբեր են։ Մասնավորապես՝ ինչպես նշվել է վերևում Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: Իսկ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այսինքն՝ տվյալ պարագայում՝ Դատավորի կողմից 2008-2009 թվականներին կատարված ենթադրյալ խախտումները։

Բացի այդ, հաջորդ հանգամանքը, որը վարույթ հարուցող մարմինը նշել է որպես վարույթի հարուցման հիմնավորում, հետևյալն է. «Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որում անվանական առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Դատավորի կողմից թույլ տրված խախտումներին՝ հարկ է նշել, որ, ի տարբերություն այլ դեպքերի, տվյալ պարագայում Դատավորի կողմից կատարված խախտումների արդյունքում առավել քան ակնհայտորեն նվազեցվել է հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև հեղինակազրկվել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը, ոչ միայն պետության ներսում, այլև՝ այլ պետությունների առջև, նկատի ունենալով, միջազգային ատյանի կողմից ընդոււնվող որոշումների հնարավոր տարածվելիության լայն շրջանակը։»։

Ըստ Դատավորի, ակնհայտ է, որ նշված պարբերությունը վարույթ հարուցող մարմնի խիստ սուբյեկտիվ և գնահատողական եզրահանգումն է, որը չունի որևէ փաստական հենք։ Ավելին, Օրենսգիրքը հստակ սահմանում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի առիթները և հիմքերը, ինչպես նաև սահմանում է կարգապահական վարույթի հարուցման ժամկետները։

Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը նշել է, որ թիվ 66-Ա որոշման առաջին կետում, որով սահմանվել է կարգապահական վարույթի հարուցման առիթը և կարգապահական վարույթի ընթացքը, Նախարարը նշել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Վարդան Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիռը։ Այսինքն՝ վարույթ հարուցող մարմինն ինքն է արձանագրել, որ սույն կարգապահական վարույթ հարուցելու առիթը 18.05.2021 թվականի վճիռն է, մինչդեռ կարգապահական վարույթը հարուցվել է 30.05.2022 թվականի թիվ 51-Ա որոշմամբ՝ այդպիսով խախտելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (կարգապահական վարույթի հարուցման պահին գործող խմբագրությամբ) սահմանված՝ կարգապահական վարույթի հարուցման մեկ տարվա ժամկետը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 34-րդ հոդվածի համաձայն` Դիմումատուն 16.07.2008 թվականին և 15.01.2010 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել թիվ 44765/08 և թիվ 10607/10 գանգատներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

4.2. «Ողնաշարի տուբերկուլյոզ» հիվանդությամբ տառապող և շարժողական խնդիրներ ունեցող Դիմումատուին մեքենա վարելու ընթացքում կանգնեցրել է ոստիկանությունը և ձերբակալել նրան: Այնուհետև Դիմումատուի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նա մեղադրվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: 25.02.2008 թվականին Դիմումատուի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: 26.03.2008 թվականին Դիմումատուի առողջական վիճակը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 07.04.2008 թվականին ստացված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ «Դիմումատուի մոտ առկա է 7-րդ, 8-րդ և 9-րդ կրծքային ողների, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտկային ողների տուբերկուլյոզային սպոնդիլիտ, որն առկա է եղել նախկինում և բուժվել է, իսկ այժմ սրացել է: Նշված հիվանդությունը համարվում է ծանր հիվանդություն և պահանջվում է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում»:

19.04.2008 թվականին Դիմումատուի գործի քննությունն ավարտվել է և 23.04.2008 թվականին Գլխավոր դատախազը գործն ուղարկել է Երևանի քրեական դատարան՝ դատաքննություն իրականացվելու համար: 25.04.2008 թվականին Երևանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը գործը վարույթ է ընդունել: 08.05.2008 թվականին Դատարանը որոշում է կայացրել Դիմումատուի գործով դատաքննություն նշանակելու մասին և նույն որոշմամբ մերժել է Դիմումատուի՝ ազատ արձակվելու միջնորդությունը՝ գտնելով, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է ճիշտ և ենթակա չէ փոփոխման կամ վերացման: 19.05.2008 թվականին՝ գործի առաջին դատական լսման ընթացքում, Դիմումատուն ներկայացրել է ազատ արձակվելու մեկ այլ միջնորդություն: Դատարանը որոշել է հետաձգել միջնորդության քննությունը՝ մինչև դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար կարևոր հանգամանքները պարզելը: 03.06.2008 թվականին Դիմումատուն կրկին ներկայացրել է ազատ արձակվելու միջնորդություն և պնդել է, որ կալանքի տակ շարունակաբար պահելը իրեն պատճառում է ֆիզիկական տառապանք, հետևաբար դրանում առկա են պատժիչ տարրեր, որոնք հավասարազոր են խոշտանգման: Դատարանը որոշել է չքննել միջնորդությունները: Ի պատասխան Դատարանի հարցմանը՝ 13.06.2008 թվականի գրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը տեղեկացրել է, որ Դիմումատուն, որի մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզային սպոնդիլտի ախտադարձ, պահվել է հաստատության տուբերկուլյոզային բաժանմունքում, որտեղ նա ստացել է պատշաճ բուժում և քրեակատարողական հիմնարկում Դիմումատուի համար չի կարող ապահովել լրացուցիչ խնամք: 16.06.2008 թվականին Դատարանը որոշել է փոխել Դիմումատուի խափանման միջոցը և խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին որոշումն այն հիմքով, որ գոյություն չունեն պատշաճ պայմաններ՝ Դիմումատուի բուժումը կալանքի տակ գտնվելու ընթացքում ապահովելու համար: 16.06.2008 թվականին Դիմումատուն ազատ է արձակվել: 09.09.2008 թվականին Դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է և նա հոսպիտալացվել է: 22.09.2008 թվականին Դատարանը Դիմումատուի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությամբ որոշել է կասեցնել դատաքննությունն այն հիմքով, որ Դիմումատուին հոսպիտալացրել են և անհրաժեշտ է երկարաժամկետ բուժում: 02.10.2008 թվականին Դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունն այն հիմքով, որ 01.10.2008 թվականին հիվանդանոցից ստացվել է գրություն, որ Դիմումատուն դուրս է գրվել այնտեղից՝ վիճակի որոշակի բարելավմամբ: 27.10.2008 թվականին բժշկական հանձնաժողովը գտել է, որ Դիմումատուի մոտ առկա է Բեխտերևի հիվանդություն՝ անշարժացնող սպոնդիլոարթրիտ, գտնվում է զարգացման փուլում՝ ուղեկցելով ողնուղեղային նյարդարմատի ցավային համախտանիշով:

4.3. Դիմումատուի համոզմամբ՝ ձերբակալության ընթացքում իր նկատմամբ անհամաչափ ուժ են գործադրել, մարմինների կողմից գործի արդյունավետ քննություն չեն իրականացրել, կալանքի տակ գտնվելու ընթացքում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել: Դատաքննության ընթացքում Դատարանը պարբերաբար նշանակել է դատական լսումներ, սակայն չի ներկայացել լսումներին՝ առողջական վիճակը վատանալու պատճառով: 09.10.2008 թվականին Դատարանը Դիմումատուին հարկադրել է ներկայանալու դատական նիստին հակառակ դեպքում, ըստ Դիմումատուի, Դատարանը կփոխարիներ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը և խափանման միջոց կընտրեր կալանավորումը: Հասնելով Դատարանի շենք՝ ցավերը սաստկացել են, տուն են տեղափոխել շտապ օգնության մեքենայով և ցավը մեղմելու համար կատարվել է ներարկում: 2008 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն ներկայացրել է մի քանի միջնորդություններ առողջական վիճակի պատճառով դատաքննությունը կասեցնելու պահանջով, որոնցից բոլորը Դատարանի կողմից մերժվել են: 01.12.2008 թվականին Դատարանը կայացրել է Դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում այն հիմքով, որ վերջինս չի ներկայացել 2008 թվականի հոկտեմբերի 20-ի և 30-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 1-ի դատական լսումներին:

Ոստիկանությունը յուրաքանչյուր դատական լսման սկիզբը ժամանել է Դիմումատուի տուն՝ նրան Դատարան տեղափոխելու համար: 2009 թվականի փետրվարին Դիմումատուի պաշտպանները Դատարան են ներկայացրել Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրություն, համաձայն որի՝ Դիմումատուն կարող է բուժում ստանալ այդ կլինիկայում համապատասխան բժշկական զննություններն իրականացվելուց հետո և միջնորդել են Դատարանին Դիմումատուի խափանման միջոցը վերացնելու համար: Դատարանը հրաժարվել է քննել միջնորդությունն այն հիմքով, որ չի կարող դա անել առանց Դիմումատուի ներկայության: 17.03.2009 թվականին Դիմումատուի պաշտպանները կրկին միջնորդել են Դատարանին՝ Դիմումատուի խափանման միջոցը վերացնելու համար, նշելով, որ Դիմումատուն պատրաստ է դիմանալ սուր ցավին և ներկայանալ Դատարան, որպեսզի նրա բուժման հարցն ի վերջո լուծվի: Դատարանը հետաձգել է դատական լսումը մինչև Դիմումատուն կտեղափոխվեր Դատարան: Դիմումատուն ներկայացել է Դատարան, սակայն դատաքննությունը սկսելուն պես Դատարանը հրաժարվել է քննել միջնորդությունը և անցում է կատարել դատախազի ճառը լսելուն:

4.4. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները դատաքննությանը Դիմումատուի մասնակցության վերաբերյալ.

 «(…) Համաձայն դիմումատուի փաստարկի՝ նրան բուժող բժիշկը նշանակել է անկողնային ռեժիմ, սակայն այնուհանդերձ ստիպված է եղել ներկայանալ լսումներին, որի հետևանքով դիմումատուի մոտ ի հայտ է եկել սուր ցավ: Չնայած դիմումատուն չի ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթուղթ, 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական եզրակացությունից հետո, որով դիմումատուին նշանակվել է խիստ անկողնային ռեժիմ, հակառակը պնդելու համար ձեռք չի բերվել որևէ նոր բժշկական ապացույց: Այդ հանգամանքում պետք է փաստել, որ 2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին, չնայած նրան անհրաժեշտ է եղել պահպանել անկողնային ռեժիմ: Դիմումատուի առողջական վիճակը, ի վերջո վատթարացել է այնքան, որ կրկին հոսպիտալացրել են 2008 թվականի սեպտեմբերի 9-ին: Այնուհետև 2008 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ գործը քննող դատարանը որոշել է կասեցնել դատական վարույթը: Ընդ որում, այդ նպատակով գործը քննող դատարանը, բացի հիվանդանոցից ստացված՝ դիմումատուի հոսպիտալացման փաստը և երկարատև անկողնային ռեժիմի անհրաժեշտությունը հաստատող գրությունից, հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական եզրակացությունը՝ դատական վարույթի կասեցման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Դատարանը կայացրել է դատական վարույթը վերսկսելու որոշում այն հիմքով, որ դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջական վիճակի բարելավմամբ, սակայն պետք է փաստել, որ չնայած դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից որոշակի բարելավման նշաններով, առկա չէ որևէ բան, որը թույլ կտար ենթադրելու, որ դիմումատուն կարող է ներկայանալ լսումներին: Մինչև դատաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելը դատարանը չի պահանջել դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն, որով պատասխան կտրվեր այն հարցին, թե արդյոք նա բավականաչափ առողջ է դատական լսմանը մասնակցելու համար: Ավելին, դատարանը չի վերանայել վարույթը վերսկսելու իր որոշումը նույնիսկ այն բանից հետո, երբ դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է այնքան, որ դատարան են կանչել շտապօգնություն այն դեպքում, երբ նա ստիպված է եղել ներկայանալ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակված լսմանը՝ վախենալով որ կկալանավորեն: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի հոկտեմբերի 20-ին և 30-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 1-ին նշանակված դատական լսումներից դիմումատուի բացակայությունը դիտարկվել է անհարգելի, կայացվել է ոստիկանության օգնությամբ դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում, որն էլ առնվազն մեկ անգամ դիմումատուին տանից ուժով բերել է դատարան:

Պետք է փաստել Դատավոր Մ.-ի անտարբեր վերաբերմունքը դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ, երբ վերջինս ի վերջո ներկայացել է 2009 թվականի մարտի 17-ի լսմանն այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է դիմումատուի բացակայությամբ քննել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: Այսպիսով, երբ նույն օրը՝ ավելի ուշ, դիմումատուին ի վերջո տեղափոխել են դատարան, դատավորը հրաժարվել է քննել միջնորդությունը՝ չնայած հետաձգել էր լսումը մինչև դիմումատուի ներկայությունն ապահովելը: Վերոնշյալ դեպքերը դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել: Այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը: Դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հետևաբար այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում»:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

5.1. ի՞նչ ժամկետներ է Օրենսգիրքը նախատեսում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության և դրա երկարաձգման համար.

5.2. արդյո՞ք պահպանվել են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետները։

 

6. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Առաջին հարցադրման առնչությամբ Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին.

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

Խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ և կամայական կամ հայեցողական փոփոխության ենթակա չէ. եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված եռամսյա ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանք։

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։

Օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է Խորհրդի նիստերի հետաձգման հնարավորություն, մասնավորապես՝ Խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի: Խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝ հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին, ինչպես նաև հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

Վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռամսյա ժամկետում, և միայն բացառիկ կամ օրենքով սահմանված այլ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Տվյալ եռամսյա ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետներ նախատեսելով և գործը քննող մարմնին այդ ժամկետներով սահմանափակելով՝ օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ հնարավորություն ընձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը՝ ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը։

Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ նշված օրենսդրական կարգավորումների դիտարկումից բխում է, որ օրենսդիրը, խնդրո առարկա կարգապահական վարույթի ժամկետների հետ կապված սահմանելով վերոնշյալ կարգավորումները, կիրառում է երկու տարբեր՝ «հետաձգում» և «երկարաձգում» եզրույթները, ինչն էական նշանակություն ունի մեջբերված կարգավորումների բովանդակությունը բացահայտելու համար։

Ակներև է, որ Օրենսգրքի 92-րդ հոդվածի կարգավորումներում խոսքը վերաբերում է ցանկացած, այդ թվում՝ կարգապահական վարույթին վերաբերող, նիստի՝ օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում, հետաձգմանը, առանց ժամկետների մասին նշումների։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ այլ իրավակարգավորմամբ Օրենսգիրքը կարգապահական վարույթներ քննելու համար սահմանել է եռամսյա ընդհանուր ժամկետ, ուստի կարգապահական վարույթներին վերաբերող նիստերի անհրաժեշտ հետաձգումները չեն կարող գերազանցել այդ ժամկետը։

Ինչ վերաբերում է Օրենսգրքի 150-րդ հոդվածի կարգավորումներին, որոնցում անդրադարձ է կատարվում «հարցի քննության ժամկետի երկարաձգմանը», ապա սույն դեպքում խոսքը վերաբերում է հարցի քննության համար սահմանված եռամսյա ժամկետը ևս երեք ամիս ժամկետով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով երկարաձգելու հնարավորությանը։

Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է երկու տարբեր իրավիճակներ և դրանց տարբերակված կարգավորումներ։ Ընդ որում՝ Օրենսգրքի նախատեսված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ որպես բացառիկ դեպք՝ հարցի քննության համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետը ևս երեք ամսով երկարաձգելու հնարավորությունը կարող է գնահատվել և գործադրվել միայն հարցի քննությունն սկսված լինելու պայմաններում։

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին (...) կարգապահական պատասխանատվության ենթարկելու (...) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան։

Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։

Օրենսգրքի 92-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քվորում չլինելու դեպքում նիստը համարվում է չկայացած։

Հարկ է նշել, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին հրավիրված է եղել դատական նիստ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, սակայն Դատավորի կողմից 2022 թվականի օգոստոսի 15-ին ներկայացվել է միջնորդության, այն մասին, որ վերջինս սույն թվականի օգոստոսի 12-ից մինչ սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և բացակայելու է Երևանից, իսկ հաջորդող օրերին ունենալու է աշխատանքային խիստ ծանրաբեռնվածություն և խնդրել է իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկումը նշանակել հոկտեմբերի ամսից ոչ շուտ:

Խորհուրդը, 2022 թվականի օգոստոսի 18-ի թիվ ԲԴԽ-80-Ո-Կ-21 որոշմամբ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Խորհրդի նիստը նշանակել 2022 թվականի օգոստոսի 25-ին: Նշված օրը հրավիրված դատական նիստը չի կայացել Դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, որը կայացել է: 2022 թվականի սեպտեմբերի 22-ին նշանակված դատական նիստին Դատավորի ներկայացուցչի կողմից համապատասխան հիմնավորումներով միջնորդություն է ներկայացվել Խորհրդին սույն կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ, որի կապակցությամբ խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, որի ժամանակ Խորհուրդը, ի թիվս վերը նշված նիստերի, պետք է հանդես գար որպես դատարան, ինչի համար նիստի իրավազորության համար անհրաժեշտ էր Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությունը, սակայն նշված օրը դատական նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը գտնվել է գործուղման մեջ և նիստին չեն ներկայացել դատավարության մասնակիցները, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին: 2022 թվականի հոկտեմբերի 27-ին Դատական դեպարտամենտ է մուտքագրվել Դատավորի ներկայացուցիչ Գ. Մուղնեցյանի դիմումը՝ նիստը հետաձգելու վերաբերյալ, այն հիմնավորմամբ, որ Դատավորը ունի առողջական խնդիրներ, անցնում է բժշկական հետազոտություն և չի կարող ներկա գտնվել նշանակված նիստին:

Խորհրդի հետաձգվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին նշանակված դատական նիստը է, իսկ հաջորդ նիստը նշանակվել է՝ քվորումի ապահովման հնարավորություն ընձեռող ժամկետի հաշվառմամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 03-ին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի 03-ին լրացած է եղել Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդում քննելու եռամսյա ժամկետում (միջնորդությունը Խորհուրդ է ներկայացվել 2022 թվականի օգոստոսի 01-ին) և գնահատելով համապատասխան օրենսդրական կարգավորումները և ստեղծված փաստացի իրավիճակը, Խորհուրդը հանգել է եզրակացության առ այն, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության եռամսյա ժամկետը լրացել է դեռևս 2022 թվականի նոյեմբերի 02-ին, իսկ քննության ժամկետը երկարաձգելու համար Օրենսգրքի 90-րդ, 94-րդ և 150֊րդ հոդվածներով նախատեսված վավերապայմաններն առկա չեն եղել, ինչն էլ հիմք է վարույթ հարուցած մարմնի միջնորդությունը առանց քննության թողնելու համար՝ Խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94֊րդ հոդվածի 6-րդ մասով, 150-րդ հոդվածով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ թողնել առանց քննության՝ Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու հիմքով։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

_________________________

1 13.08.2022 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-333-Ն օրենքի հիման վրա փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ և 146-րդ հոդվածներում։ Միևնույն ժամանակ նշված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն («Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ») սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը (2022 թվականի օգոստոսի 3) հաջորդող տասներորդ օրը։ Նշված օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կայացված` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, և հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-333-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթն արդեն իսկ հարուցված է, ապա սույն պատասխանում կվկայակոչվեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահանադրական օրենքի համապատասխան դրույթները՝ վարույթի հարուցման պահին գործող խմբագրությամբ:

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ`

Ս. Չիչոյան

 

 

Անդամներ`

Դ. Խաչատուրյան

 

Ն. Հովսեփյան

 

Մ. Մակյան

 

Ա. Մխիթարյան

 

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան