Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-293
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.03.2005-07.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.34
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կարգավորող անկախ պետական մարմին է, որն օրենսդրությամբ սահմանված կարգով, լիցենզավորում և վերահսկում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) գործունեությունը:

Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն կանոնակարգին համապատասխան:

Իր գործունեության կազմակերպման հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

 

Հոդված 2. Հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են ինքնուրույնությունը, կոլեգիալությունը, հրապարակայնությունը:

 

Հոդված 3. Հանձնաժողովի նստավայրը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքն է:

Իր որոշմամբ Հանձնաժողովը կարող է արտագնա նիստեր գումարել նաև Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերում:

 

Հոդված 4. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կարող է կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

Հանձնաժողովն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Հանձնաժողովի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի Հանձնաժողովի` օրենքով ամրագրված լիազորությունների իրականացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի անդամների լիազորության ժամկետներն են` 3 անդամը` 2 տարի, 3 անդամը` 4 տարի, 3 անդամը` 6 տարի:

Հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով, բացառությամբ Հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի: Հանձնաժողովի անդամներին առաջադրվող պահանջները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 6. Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

 

Հոդված 7. Հանձնաժողովն իր կազմից ընտրում (վերընտրում) է նախագահ և նախագահի տեղակալ:

 

Հոդված 8. Հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Հանձնաժողովի նախագահը մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(8-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-72-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

Հոդված 9. Հանձնաժողովի անդամը չի կարող`

ա) նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալն ազատվել իր պաշտոնից, բացառությամբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

բ) լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերության ղեկավար, աշխատող, պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձ, հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) բաժնետեր (փայատեր):

 

Հոդված 10. Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել Հանձնաժողովի նիստերին:

Մեկ ամսից ավելի բացակայելու դեպքում Հանձնաժողովի անդամը գրավոր տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին:

Հանձնաժողովի աշխատանքներին երեք ամսից ավելի առանց հարգելի պատճառի չմասնակցելու դեպքում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:

 

Հոդված 11. Հանձնաժողովի անդամը մասնակցում է Հանձնաժողովի նիստի օրակարգի ձևավորմանը: Նիստի օրակարգի վերաբերյալ իր առաջարկությունները նա գրավոր ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին:

 

Հոդված 12. Հանձնաժողովի անդամը նիստի ժամանակ ունի ելույթի և հարցեր տալու իրավունք, կարող է հանդես գալ առաջարկություններով, ընդունված որոշումների վերաբերյալ ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

Հանձնաժողովի անդամը կարող է հանդես գալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:

 

Հոդված 13. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի անդամն ստանում և ստանձնում է պարտականություններ` կապված Հանձնաժողովի լիազորությունների իրականացման հետ:

Հանձնաժողովի անդամն իրականացնում է Հանձնաժողովի կամ Հանձնաժողովի նախագահի պատվիրակած լիազորությունները:

Իր լիազորությունների իրականացման նպատակով Հանձնաժողովի անդամն օգտվում է Հանձնաժողովի գույքային և տեխնիկական միջոցներից:

 

Հոդված 14. Հանձնաժողովի հասարակական հիմունքներով գործող անդամը, Հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, ստանում է իր գործունեության համար ամսական դրամական փոխհատուցում:

 

Հոդված 15. Հանձնաժողովի անդամն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 16. Հանձնաժողովի նախագահը`

 

ա) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեության կազմակերպումը.

բ) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ հարաբերություններում.

գ) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

դ) ստորագրում և հրապարակում է Հանձնաժողովի որոշումները, արձակում է հրամաններ.

ե) Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

զ) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը.

է) Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

ը) առնվազն տարին մեկ անգամ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Հանձնաժողով է ներկայացնում հաշվետվություն.

թ) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարում.

ժ) Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Հանձնաժողովի աշխատակազմի կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

ժա) նշանակում և ազատում է Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին.

ժբ) իրականացնում է օրենքով վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

ա) փոխարինում է նախագահին նրա բացակայության ընթացքում.

բ) նախագահի հանձնարարությամբ վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) նախագահի հանձնարարությամբ համակարգում է Հանձնաժողովի և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

դ) իրականացնում է նախագահի պատվիրակած այլ լիազորություններ:

 

Հոդված 18. Հանձնաժողովի նախագահն ու նախագահի տեղակալը չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեությունից:

 

Հոդված 19. Հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Հոդված 20. Հանձնաժողովի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնակարգին, իր կանոնադրությանը, Հանձնաժողովի որոշումներին և Հանձնաժողովի նախագահի հրամաններին համապատասխան:

Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատում է Հանձնաժողովը:

 

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատակազմն ապահովում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 22. Հանձնաժողովն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը:

 

Հոդված 23. Հանձնաժողովը`

ա) մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում իր կանոնակարգը.

բ) ընդունում է նորմատիվ-իրավական ակտեր, որոնք հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում».

գ) կարող է ներգրավվել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառին առնչվող միջպետական պայմանագրերի ու օրենսդրական նախագծերի մշակմանը.

դ) կարող է մասնակցել հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների ստանդարտների մշակմանը:

 

Հոդված 24. Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, սահմանում և իրականացնում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեության լիցենզավորման և վերահսկողության քաղաքականությունը:

 

Հոդված 25. Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում:

Հանձնաժողովը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

 

Հոդված 26. Հանձնաժողովն իրավասու մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետներ և փորձագետներ:

Փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

 

Հոդված 27. Հանձնաժողովը կարող է կազմակերպել և մասնակցել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի գիտամշակութային միջոցառումներին:

Հանձնաժողովը գիտամեթոդական օժանդակություն է ցույց տալիս հեռուստառադիոընկերություններին:

 

Հոդված 28. Հանձնաժողովը քննարկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումները:

 

Հոդված 29. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնից պարբերաբար ստանում է հեռուստառադիոհեռարձակման հաճախությունների ամբողջական ցանկը և, ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ` մինչև ընթացիկ տարվա ավարտը, հրապարակում է դա:

Հանձնաժողովը հատկացնում է հաճախություններ Հանրային հեռուստատեսության, Հանրային ռադիոյի և միջպետական պայմանագրերով հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար` նախապես քննարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:

 

Հոդված 30. Հանձնաժողովը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ կամ ազատ (չզբաղեցված) հաճախության առկայության դեպքում Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթ:

Մրցութային կարգով հատկացնում է եթերային հաճախություններ հեռուստառադիոհեռարձակման, այդ թվում` ամբողջական վերահեռարձակման համար:

Հանձնաժողովն ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը:

 

Հոդված 31. Հանձնաժողովը`

ա) հաստատում է լիցենզիայի ձևը.

բ) սահմանում է լիցենզիայի վճարի չափը և մուծման կարգը.

գ) հատկացնում է լիցենզիա.

դ) օրենքով սահմանված դեպքերում վերալիցենզավորում է մինչ այդ լիցենզավորված և գործող հեռուստառադիոընկերությունները.

ե) կազմում և հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը:

 

Հոդված 32. Հանձնաժողովը`

ա) օրենքով սահմանված դեպքում տալիս է առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու գրավոր թույլտվություն.

բ) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակում.

գ) գրավոր տեղեկացվում է լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների վերահեռարձակման յուրաքանչյուր դեպքի մասին և ընդունում ի գիտություն.

դ) գրավոր տեղեկացվում է լիցենզավորված անձի կողմից արբանյակային հեռարձակման մասին և ընդունում ի գիտություն:

 

Հոդված 33. Հանձնաժողովը`

ա) հսկում է լիցենզիայի պայմանների կատարումը.

բ) իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մոնիտորինգ.

գ) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պահանջում ու ստանում է հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունները և տեսագրությունները.

ե) վերահսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման և հեռարձակման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը հավաստագրին և գործող ստանդարտներին:

 

Հոդված 34. Իր վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով Հանձնաժողովն ուսումնասիրություններ և ստուգումներ է իրականացնում հեռուստառադիոընկերություններում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

Հոդված 35. Հանձնաժողովն իրականացնում է վարչական վարույթ և կիրառում է վարչական տույժ:

Հանձնաժողովը`

ա) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը, Հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև լիցենզիայի պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը` պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները.

բ) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության խախտման դեպքում իր որոշմամբ կասեցնում է տվյալ հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունը` մինչև Հանձնաժողովի նշած խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշումը.

գ) դադարեցնում է առանց լիցենզավորման հեռուստառադիոընկերությունների գործունեությունը` հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման դեպքում.

դ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցնում է հեռուստառադիոընկերության լիցենզիայի գործողությունը.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է տուգանք:

 

Հոդված 36. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) և սահմանված կարգով ներկայացնում է հաստատման:

Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Հանձնաժողովը նախորդ տարվա իր գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով և հրապարակում մամուլում:

 

Հոդված 37. Հանձնաժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 38. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն չորս անդամի պահանջով:

 

Հոդված 39. Նոր նշանակված Հանձնաժողովի առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Նրա հանձնարարությամբ նիստն արձանագրում է Հանձնաժողովի անդամը:

Նախագահողը ներկայացնում է նշանակված անդամներին և հայտարարում առաջին նիստի օրակարգը`

ա) Հանձնաժողովի նախագահի ընտրություն.

բ) Հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն:

Հանձնաժողովը բաց քվեարկությամբ ընտրում է Հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ: Այդ մասին կայացվում է որոշում: Նիստի արձանագրությունն ստորագրում են նախագահողը և նիստն արձանագրող անդամը:

 

Հոդված 40. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստեր անցկացվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Հանձնաժողովն առնվազն զանգվածային լրատվության մեկ միջոցով հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակը և օրակարգը, հրավիրում է շահագրգիռ անձանց` մասնակցելու նիստերին:

Հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը:

 

Հոդված 41. Հանձնաժողովի անդամները յոթ օր առաջ տեղեկացվում են նիստի ժամանակի, տեղի և օրակարգի մասին: Հանձնաժողովի անդամները կարող են նիստից չորս օր առաջ օրակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հանձնաժողովի նախագահին: Նիստի վերջնական օրակարգը ձևավորում է Հանձնաժողովի նախագահը: Վերջնական օրակարգը Հանձնաժողովի անդամներին ներկայացվում է նիստից երկու օր առաջ:

 

Հոդված 42. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը, և եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

(42-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 43. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Նիստերն արձանագրում է Հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարը: Արձանագրությունն ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը: Նիստի արձանագրության պատճենը յոթ օրվա ընթացքում ուղարկվում է Հանձնաժողովի անդամներին:

 

Հոդված 44. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է նիստի արձանագրությանը:

Հանձնաժողովը վարում է իր որոշումների գրանցամատյանը:

(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-72-Ն)

 

Հոդված 45. Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի նախագահի տեղակալը, հրավիրում է աշխատանքային քննարկումներ:

Աշխատանքային քննարկումների ժամանակի, տեղի և քննարկվող հարցերի մասին Հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննարկումից երկու օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 46. Հանձնաժողովը լիցենզավորումն իրականացնում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 47. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակման լիցենզիան տրվում է առանց մրցույթի:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցույթով, որի անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի առաջարկած պայմանները ներառվում են լիցենզիայի պայմաններում:

Հանձնաժողովը սահմանում է մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները` հաշվի առնելով եթերային հաճախությունների առկա ցանկը:

Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:

 

Հոդված 48. Հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, վարում է լիցենզիաների գրանցամատյանը: Գրանցամատյանի էջերը համարակալվում և կնքվում են:

 

Հոդված 49. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան տրվում է տասը տարի ժամկետով:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է յոթ տարի ժամկետով:

Լիցենզիայի գործողության ժամկետը չի երկարաձգվում:

 

Հոդված 50. Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակելու լիցենզավորման մրցույթ:

 

Հոդված 51. Լիցենզիան պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) լիցենզավորող մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը.

գ) լիցենզիան տալու ամսաթիվը.

դ) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.

ե) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.

զ) սփռման տարածքը.

է) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաճախությունը.

ը) լիցենզիայի գործողության ժամկետը.

թ) Հանձնաժողովի նախագահի ստորագրությունը:

Լիցենզիայի պայմանները կցվում են լիցենզիային, որը դրա անբաժանելի մասն է:

 

Հոդված 52. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

Հոդված 53. Լիցենզավորման համար գանձվում է լիցենզային վճար, որի չափը սահմանում է Հանձնաժողովը: Լիցենզային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման տարածքից ու չի կարող գերազանցել սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

 

Հոդված 54. Լիցենզիան կորցնելու դեպքում հեռուստառադիոընկերությունն այդ մասին հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով և դիմում է Հանձնաժողով: Հանձնաժողովը լիցենզիայի կրկնօրինակ է տալիս հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` եռօրյա ժամկետում: Լիցենզիայի կրկնօրինակ տրվում է նաև լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում` դիմումը տալուն հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

 

Հոդված 55. Հեռուստառադիոընկերության վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության դեպքում Հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, վերաձևակերպում է լիցենզիան:

Լիցենզիան վերաձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ, որի հիման վրա լիցենզիաների գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:

 

Հոդված 56. Լիցենզիա տալու, լիցենզիա տալը մերժելու, դա վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 57. Հանձնաժողովը կազմում և վարում է յուրաքանչյուր լիցենզավորված անձի անհատական գործ, որը պահպանվում է սահմանված կարգով և ժամկետում: Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիցենզիան վերադարձվում է Հանձնաժողով և կարվում է լիցենզավորված անձի անհատական գործին:

 

Հոդված 58. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմողը կամ պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով) Հանձնաժողովի քարտուղարություն է ներկայացնում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դիմում և կից փաստաթղթեր:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա ստանալու համար դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվում են Հանձնաժողովի հայտարարած մրցույթի պայմաններով սահմանված ժամկետներում: Դիմումի ձևը և փաստաթղթերի ցանկը սահմանվում են օրենքով ու մրցույթի կարգով:

Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ արվում են, եթե փաստաթղթերը`

ա) չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջներին.

բ) ամբողջական չեն և լրացումների կարիք ունեն:

 

Հոդված 59. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում, դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովը նախազգուշացում է ուղարկում դիմողին: Նախազգուշացումն ստանալու օրվան հաջորդող տասը օրվա ընթացքում դիմողը ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր:

 

Հոդված 60. Դիմումի և կից փաստաթղթերի հիման վրա կազմվում է դիմողի անվանական գործ:

 

Հոդված 61. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալու համար Հանձնաժողովն իր նիստում քննարկում է դիմումը և որոշում է ընդունում դա մուտքագրելուց հետո` 60 օրվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա տալու համար, մրցույթի արդյունքների հիման վրա, Հանձնաժողովն իր նիստում մրցույթի կարգով սահմանված ժամկետներում ընդունում է որոշում:

Հանձնաժողովն իր նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ տեղեկատվություն է հրապարակում մամուլում:

 

Հոդված 62. Դիմողը հրավիրվում է Հանձնաժողովի նիստին, որի մասին նրան պատշաճ հայտնվում է նիստից առնվազն յոթ օր առաջ: Հանձնաժողովի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված դիմողի չներկայանալը դիմումը քննարկելու և որոշում ընդունելու համար արգելք չէ:

 

Հոդված 63. Դիմումի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) լիցենզիա տալու մասին.

բ) լիցենզիա տալը մերժելու մասին:

 

Հոդված 64. Հեռուստառադիոհաղորդումների կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են, կամ չեն համապատասխանում օրենսդրությանը և սույն կանոնակարգի պահանջներին.

բ) դիմողն օրենքի համաձայն իրավունք չունի զբաղվել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակմամբ.

գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:

 

Հոդված 65. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը կարող է բավարարվել վերապահումով` պայմանով, որ լիցենզիան կտրվի թերությունների վերացման դեպքում:

 

Հոդված 66. Լիցենզիա տալու որոշման պատճենն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, լիցենզավորված անձը պարտավոր է մուծել լիցենզային վճարը:

 

Հոդված 67. Լիցենզիա տալու կամ դրա տալը մերժելու մասին որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է դիմողին որոշումն ընդունելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Լիցենզիան տրվում է համապատասխան մուծումները հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 68. Լիցենզիան ուժի մեջ է մտնում դա լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

 

Հոդված 69. Լիցենզիա տալը մերժելը չի սահմանափակում դիմողի իրավունքը` լիցենզիա ստանալու համար նոր դիմում ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Հոդված 70. Հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, լիցենզիայի պայմանների ու պահանջների խախտման համար նշանակում է հետևյալ վարչական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցում:

 

Հոդված 71. Վարչական իրավախախտման վերաբերյալ տվյալների առկայության դեպքում Հանձնաժողովն օրենքի խախտման անթույլատրելիության մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերության ղեկավարին: Նախազգուշացումն արվում է իրավախախտումը հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 72. Տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` դա բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 73. Հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերության կողմից համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում հեռուստառադիոլսարանի` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը սահմանափակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 74. Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, առանց հայերեն համաժամանակյա թարգմանության (ձայնային կամ լուսագրային եղանակով) հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

 

Հոդված 75. Հեռուստառադիոընկերության անվանումը, ազդականչը և այլ ելքային տվյալներ միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

 

Հոդված 76. Հեռուստառադիոընկերության կողմից հայրենական արտադրության հաղորդումները մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 77. Հայաստանի Հանրապետության լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օտարերկրյա հեռուստառադիոընկերության հաղորդումները դրանց կեսից ավելիի չափով վերահեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 78. Առանց Հանձնաժողովին նախօրոք տեղեկացնելու վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 79. Ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 80. Հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում հեռուստատեսությամբ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրի քաղաքական կամ այլ քարոզչական հաղորդումներ սփռելը, իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ դրա մասին չհիշեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 81. Ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չհատկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 82. Հեռուստառադիոընկերության կողմից իր հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամանակով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 83. Ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում ավելի քան 20 րոպեն մեկ հաճախականությամբ կամ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 831. Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(831 հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-74-Ն)

 

Հոդված 84. Պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ գովազդային ընդհատումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 85. Ռադիոընկերության կողմից եթերում օրական առնվազն երեք անգամ իր անվանումը չհայտարարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 86. Հեռուստառադիոընկերության կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 861. Հեռուստառադիոընկերությունների կողմից սարսափ ֆիլմերի և էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եթեր հեռարձակումը 24.00-ից մինչև 6.00-ն ընկած ժամանակահատվածից դուրս, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրքսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

(861 հոդվածը լրաց. 18.11.03 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 87. Արբանյակային հեռարձակման մասին Հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

Հոդված 88. Լիցենզավորված հեռուստառադիոընկերության կողմից առանց Հանձնաժողովի թույլտվության կոդավորված հեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսունապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:

 

Հոդված 89. Առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման դեպքում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների հեռարձակումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:

 

Հոդված 90. Լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվում է հեռուստառադիոընկերության կամ նրա հաղորդաշարի գործունեությունը ժամանակավորապես արգելելու միջոցով:

Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող խախտման դեպքում` դա բացահայտվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

 

Հոդված 91. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

ա) լիցենզիան այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

բ) վերակազմակերպման, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխությունների մասին օրենսդրությամբ նախատեսված ժամկետում Հանձնաժողովին չհայտնելու դեպքում.

գ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ վարչական տույժի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից խախտում կատարելու դեպքում.

դ) պոռնկագրություն տարածելու դեպքում.

ե) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու դեպքում.

զ) Հանձնաժողովին` օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու դեպքում.

է) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 92. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող խախտման դեպքում` դա բացահայտելու օրվանից մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում` այդպիսի տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

 

Հոդված 93. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 94. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը և վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հոդված 95. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 96. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո նրա գույքը, գործունեությանը վերաբերող փաստաթղթերը և այլ նյութեր տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 97. Մասնավոր հեռուստառադիոընկերությունները պարտավոր են մինչև 2005 թվականի հունվարի 1-ը հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական չափանիշներին և ստանդարտներին:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 98. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
11 հունվարի 2002 թ.
ՀՕ-293

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան