Գլխավոր տեղեկություն
Համար
N 1740-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 958-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 984-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սահմանել՝

1) բնաիրային օգնության տրամադրման կարգը, պայմանները և չափորոշիչները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սննդի կազմակերպման ծառայության մատուցման աջակցության քարտի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝

«1.1. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի IV գլխով սահմանված սննդի կազմակերպման ծառայությունների մատուցումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված աջակցության քարտի տրամադրման միջոցով, որով տրամադրվող գումարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով սույն որոշման N 1 հավելվածի 16-րդ և 30-րդ կետերի չափորոշիչները՝ 1 շահառուի համար՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի շրջանակում։».

4) որոշման հավելվածի վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) որոշման հավելվածի վերնագրում «ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ» բառերով.

6) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակով» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայության մատուցման» բառերով.

7) որոշման հավելվածի 5-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1) սոցիալական դեպքի վարման շրջանակներում սննդի կազմակերպում հայցող անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր կամ աջակցության քարտ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի համաձայն) սույն հավելվածի 14-րդ կետում նշված կազմակերպություն` ծառայություն մատուցելու նպատակով.».

8) որոշման հավելվածի 6-րդ կետը «Յուրաքանչյուր բնաիրային օգնության» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդի կազմակերպման ծառայության ձևի,» բառերով, իսկ «դեպքերի։» բառից հետո լրացնել «Սննդի կազմակերպման ծառայությունը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով, կամ չոր մթերաբաժնի ձևով) իրականացվում է ճաշարանների կողմից։» նախադասությամբ.

9) որոշման հավելվածը III գլխից հետո լրացնել IV գլխով՝ համաձայն N 1 հավելվածի.

10) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում սննդի կազմակերպման ծառայության համար անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը ենթակա է քննարկման Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային ծախսերի հայտի նախագիծը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացման ժամանակ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1740-Ն որոշման

 

«IV. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

14. Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանները (այսուհետ՝ կազմակերպություններ) սննդի կազմակերպման ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) մատուցում են՝

1) «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջներին և 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքներին համապատասխան, բացառապես տվյալ գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ լիազորված պետական մարմնի կողմից հավաստագրված լինելու դեպքում.

2) անվճար, օրական մեկ անգամ՝ ժամը 12։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, շաբաթական հինգ օր հաճախականությամբ։

15. Ծառայության շահառու կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող, քաղաքացիություն չունեցող, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող այն տարեց, հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով այլ անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված են և ունեն անապահովության 0-ից բարձր միավոր։

16. Կազմակերպության կողմից մատուցվող միակ ծառայությունը շահառուների համար սննդի կազմակերպումն է՝ սնունդ պատրաստելն ու սննդով ապահովելը, որի համար անհրաժեշտ են հետևյալ մասնագետները՝ 50 շահառուի հաշվարկով՝

1) կազմակերպիչ՝ 1,0 հաստիքային միավոր.

2) խոհարար` 1,0 հաստիքային միավոր.

3) մատուցող` 1,0 հաստիքային միավոր.

4) հավաքարար՝ 1,0 հաստիքային միավոր։

17. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունները ծառայություն մատուցում են սույն հավելվածի 24-րդ կետում նշված ուղեգրի կամ աջակցության քարտի հիման վրա՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքին, սույն հավելվածին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

18. Ծառայություն մատուցելու համար հիմք են հանդիսանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ինչպես նաև որոշակի բնակության վայր և հաշվառում ունենալու պարագայում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը.

2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ ճամփորդական փաստաթուղթը.

3) որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող անձանց պարագայում՝ տարածքային կենտրոնի եզրակացությունը, եթե առկա չեն սույն կետի 1-ին և (կամ) 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը։

19. Ծառայություն հայցող անձն անձամբ, կամ անկողնային խնամքի կարիք, հենաշարժողական խնդիրներ ունենալու դեպքում՝ իր ներկայացուցիչը (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալը գրավոր դիմումը ներկայացնում են տարածքային կենտրոն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունից ծառայություն ստանալու համար։

20. Տարածքային կենտրոնը չի կարող անձից պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում:

21. Ծառայություն հայցող անձի դիմումն ստանալուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը կատարում է տնային այցելություն՝ տվյալ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման նպատակով, որի արդյունքում կազմված արձանագրությունը՝ տվյալ անձին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին իր եզրակացության հետ միասին ներկայացնում է տարածքային կենտրոնի տնօրենին։

22. Տարածքային կենտրոնի տնօրենը, ուսումնասիրելով սոցիալական աշխատողի եզրակացությունը և սույն հավելվածի 18-րդ կետում նշված փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` անձին ծառայությունը տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին, և ներկայացնում է միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ՝ ՄՍԾ)։

23. ՄՍԾ-ն, տարածքային կենտրոնից ստացած որոշումների և կից փաստաթղթերի հիման վրա իրականացնում է հայցող անձանց հաշվառում՝ ըստ դիմումները ՄՍԾ ստացման ժամկետի, որից հետո, կազմակերպություններից ստանալով տեղեկություն՝ ազատ տեղերի առկայության վերաբերյալ, այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է հերթացուցակում առաջին համարը զբաղեցնող անձին ծառայություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրած տարածքային կենտրոն՝ տվյալ անձին ուղեգրելու համար, միաժամանակ տեղեկացնելով նաև կազմակերպությանը։

24. Տարածքային կենտրոնը, ՄՍԾ-ից ստանալով սույն հավելվածի 23-րդ կետում նշված տեղեկությունը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձին ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր կամ աջակցության քարտ՝ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի համաձայն)՝ համապատասխան կազմակերպություն։

25. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող և (կամ) լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունը ծառայություն մատուցում է՝ ձևակերպելով նրա ընդգրկումը համապատասխան շահառուների ցուցակում՝ տվյալ կազմակերպության ղեկավարի հրամանով:

26. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը վարում է ծառայություն ստացողների գրանցամատյան, որը հավաստվում է շահառուների ամենօրյա ստորագրությամբ։

27. Ծառայության մատուցումը դադարեցվում է`

1) անձի գրավոր դիմումի հիման վրա.

2) անձի՝ բուժհաստատություն ընդունվելու կամ խնամքի որևէ ծառայության շահառու դառնալու դեպքում՝ բացառությամբ տնային պայմաններում խնամք ստացող այն շահառուների, որոնք ունեն անկողնային խնամքի կարիք, ինչպես նաև հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոններում խնամք ստացող շահառուների.

3) անձի՝ ծառայությունից մեկ տարվա ընթացքում 30 օրացուցային օր չօգտվելու դեպքում.

4) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործած վիճակում անձի կազմակերպություն այցելելու կամ դրանք կազմակերպությունում օգտագործելու կամ կազմակերպության այլ կանոնները մեկ տարվա ընթացքում երկու անգամից ավելի խախտելու դեպքում.

5) շահառուի մահվան դեպքում.

6) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

28. Ծառայության մատուցման դադարեցումը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով։

29. Շահառուների համար ծառայություն մատուցելիս՝ յուրաքանչյուր օրվա ճաշացանկը կազմելու ժամանակ ընտրվում է անհրաժեշտ տեսակի և քանակի սննդամթերք՝ շաբաթվա կտրվածքով պահպանելով օրական միջին չափաբաժինը՝

 

NN

ը/կ

Սննդամթերքի անվանումը

Էներգետիկ արժեքը 100 գրամում (կկալ)

Օրական միջին չափաբաժինը (գրամներով)

1.

Հացամթերք

250

220

2.

Հատիկաընդեղեն

250

40

3.

Մակարոնեղեն

160

10

4.

Կարտոֆիլ

77

100

5.

Սոխ

40

20

6.

Բանջարեղեն և այլ կանաչեղեն

45

180

7.

Մսամթերք

240

100

8.

Կաթնամթերք

215

100

9.

Համեմունքներ

3

20

10.

Ձեթ

884

10

11.

Մրգեր

50

100:

 

30. Կազմակերպություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով լիազորված պետական մարմնին են ներկայացնում ձևին համապատասխան ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ։

31. ՄՍԾ-ն վարում է ծառայություն ստացող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգ։

32. Սույն հավելվածով նախատեսված դեպքերում ՄՍԾ-ի և լիազորված պետական մարմնի միջև տեղեկության փոխանակումը և փաստաթղթերի առաքումն իրականացվում է գրավոր եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով՝ սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։

33. Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի (մատուցվող ծառայությունների) մշտադիտարկման և գնահատման կարգը և մեթոդաբանությունը հաստատված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2022 թվականի օգոստոսի 3-ի N 100-Ա/1 հրամանով։

34. Ծառայության մշտադիտարկումը պետք է ուղղված լինի սույն հավելվածով նախատեսված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, դրանց իրականացման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմանը և լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը։

35. Ծառայության իրականացման գնահատումը պետք է հիմնվի մի քանի աղբյուրների՝ մշտադիտարկման քանակական և որակական ցուցանիշների, այլընտրանքային հետազոտությունների, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծության, սույն հավելվածի 30-րդ կետում նշված հաշվետվությունների և կատարված ուսումնասիրությունների վրա, որոնց դրական արդյունքները հետագայում պետք է օգտագործվեն տվյալ ծառայության շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության բարձրացման և հետագա զարգացումների ապահովման համար։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 10-ի N 1740-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

օգոստոսի 31-ի N 984-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

 

ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ N ______

 

1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ___________________________________

                                                (առկայության դեպքում)

2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________________

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պարագայում՝

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները _____________________________________

                                                          (անվանումը, սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

2) սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային
ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը _______________________

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելու պարագայում՝

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները _____________________________________

2) ժամանակավոր կամ մշտական կացության քարտը _______________________________

3) ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը ______________________________

5. Փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝

1) ճամփորդական փաստաթուղթը _______________________________________________

6. Աջակցության քարտով տրամադրվող գումարի չափը _____________________________

7. Տրամադրման ամսաթիվը _______ _____________ 20__ թ.

8. Աջակցության քարտը տրամադրողի անունը, ազգանունը _________________________

 

Ուժի մեջ է մինչև ________ _______________ 20__ թ.

_______________________________________________________________________________»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

10.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2022 թվական: