Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությանը համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն Որոշմամբ հաստատված Կարգի իրականացման նպատակով ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադարձ առեւտրի կանխատեսումների ձեւավորման մեխանիզմի մշակումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակման ժամանակ օգտագործվող արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները համաձայնեցնելու կարգի մասին» 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 269 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ 12 որոշումը։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 168 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 9-ի թիվ 11 որոշման խմբագրությամբ)

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 09.02.21 թիվ 11)

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքների համաձայնեցման

 

1. Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությունը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) իրագործելու նպատակով, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործողությունների հաջորդականությունը՝ անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները մշակելու համար օգտագործվող կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները կանխատեսումային ժամանակահատվածի համար որոշելիս։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝

կանխատեսումը մշակելու երկրորդ փուլ՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումը մշակելու փուլ (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ միջնաժամկետ հեռանկարում, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ կարճաժամկետ հեռանկարում, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ կանխատեսում՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար՝ Ղրղզստանի Հանրապետության Բյուջետային օրենսգրքին համապատասխան, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսում՝ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).

կանխատեսումների անհատական արտաքին պարամետրեր՝ ցուցանիշներ, որոնք էական ազդեցություն են ունենում յուրաքանչյուր անդամ պետության ազգային տնտեսության զարգացման վրա և չեն ներառվում Արձանագրության 8-րդ կետով սահմանված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի ցանկում.

կանխատեսումը մշակելու առաջին փուլ՝ անդամ պետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախնական մշակման փուլ (Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ միջնաժամկետ հեռանկարով, Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ առաջիկա տարվա համար, Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումը կանխատեսելու նախագիծը՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ կանխատեսումը մշակելու համար սցենարային մակրոտնտեսական պայմանները՝ միջնաժամկետ ժամանակահատվածի համար՝ Ղրղզստանի Հանրապետության Բյուջետային օրենսգրքին համապատասխան, Ռուսաստանի Դաշնության համար՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման սցենարային պայմանները և կանխատեսման հիմնական պարամետրերը՝ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար).

կանխատեսումային ժամանակահատված՝ ժամանակահատված, որը կազմում է 3 տարի՝ առանց ընթացիկ տարին (կանխատեսումը ձևավորելու տարին) հաշվի առնելու.

լիազորված մարմիններ՝ անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններ, որոնց իրավասության մեջ մտնում են սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումների մշակումը և (կամ) Հանձնաժողովի հետ փոխգործակցությունը։

Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են Արձանագրությամբ սահմանված նշանակություններով։

3. Հանձնաժողովն իրականացնում է միջազգային կազմակերպությունների (մարմինների) կողմից բաց հասանելիությամբ տեղադրվող տեղեկատվության մշտադիտարկում՝ «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումների մասով։ Լիազորված մարմիններն իրավունք ունեն նշված կանխատեսումները ձևավորող միջազգային կազմակերպությունների (մարմինների) վերաբերյալ առաջարկություններ ուղարկելու Հանձնաժողով։

4. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան իրականացվող մշտադիտարկման արդյունքներով Հանձնաժողովն ամեն տարի՝ մինչև ապրիլի 1-ը, ձևավորում և անդամ պետություններ է ուղարկում նախնական առաջարկություններ` «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի միջակայքային քանակական արժեքների վերաբերյալ։

5. Լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու առաջին փուլում ամեն տարի՝ մինչև մայիսի 1-ը, Հանձնաժողով են ուղարկում կանխատեսումային ժամանակահատվածի համար կանխատեսումների արտաքին պարամետրերի քանակական այն արժեքների վերաբերյալ առաջարկություններ, որոնք նախատեսված են սոցիալ-տնտեսական զարգացման ազգային կանխատեսումների նախագծերի բազային սցենարներում և սցենարային պայմաններում։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինները նշված ժամկետում Հանձնաժողով են ուղարկում նաև ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի և «Urals» մակնիշի նավթի կանխատեսումային գնի վերաբերյալ տեղեկատվություն։ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից մակրոտնտեսական կանխատեսման նպատակով տրամադրվող՝ բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի վերաբերյալ նշված տեղեկատվությունը կանխատեսումային ժամանակահատվածում անդամ պետություններին բնական գազի մատակարարման գնի մասով Ռուսաստանի Դաշնության համար պարտավորություն չի հանդիսանում։

6. Հանձնաժողովը ներքին սպառման համար մատակարարվող բնական գազի կանխատեսումային գնի փոփոխության կողմնորոշիչ միջակայքի և «Urals» մակնիշի նավթի կանխատեսումային գնի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների կողմից ստացված տեղեկությունները՝ դրանք ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն։

7. Լիազորված մարմինները սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում Հանձնաժողով են ուղարկում կանխատեսումների անհատական արտաքին պարամետրերի (դրանց առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական միության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները վերլուծական (տեղեկատվական) նպատակով մշակելիս Հանձնաժողովի կողմից օգտագործման համար։

Եվրասիական տնտեսական միության սոցիալ-տնտեսական զարգացման մշակվող կանխատեսումների որակը բարձրացնելու նպատակով Հանձնաժողովը լիազորված մարմինների հետ համատեղ քննարկում է Հանձնաժողովի կողմից նախապատրաստված կանխատեսումների արտաքին պարամետրերի քանակական միջակայքային արժեքների մասով առաջարկությունները, ինչպես նաև անդամ պետությունների և անդամ պետությունների հիմնական առևտրային գործընկերների տնտեսությունների զարգացման հիմնական ցուցանիշների արժեքների կանխատեսումները՝ կանխատեսումային ժամանակահատվածում։

8. «Brent» ապրանքանիշի նավթի գների կանխատեսումների միջակայքային քանակական արժեքների և համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի սահմանումն իրականացվում է հավելվածի համաձայն պահանջներին համապատասխան։

9. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 10-ը, անդամ պետությունների համաձայնեցմանն է ուղարկում կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։

10. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 20-ը, համաձայնեցնում են Հանձնաժողովի կողմից ներկայացված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։

11. Հանձնաժողովի կոլեգիան յուրաքանչյուր տարի՝ մինչև հուլիսի 5-ը, հաստատում է անդամ պետությունների կողմից համաձայնեցված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները։

12. Լիազորված մարմինները կանխատեսումը մշակելու երկրորդ փուլում ձևավորում են սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումները՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված՝ կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները, և դրանք՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության անցկացման նպատակով լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվության փոխանակման կարգին համապատասխան ուղարկում են Հանձնաժողով՝ Արձանագրության 4-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան։

13. Անդամ պետության կողմից սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումներում փոփոխություններ կատարելու դեպքում, որոնց համապատասխան կանխատեսումների արտաքին պարամետրերի արժեքները դուրս են գալիս Հանձնաժողովի կոլեգիայի կողմից կանխատեսումային ժամանակահատվածի համար հաստատված միջակայքային քանակական արժեքների սահմաններից, այդ անդամ պետության լիազորված մարմինը համապատասխան տեղեկատվություն է ուղարկում Հանձնաժողով՝ այդ փոփոխությունների կատարման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

14. Հանձնաժողովը սույն կարգի 13-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետություններ է ուղարկում ծանուցում այդպիսի փոփոխությունների կատարման մասին:

(կարգը խմբ. ԵՏՀԿ 09.02.21 թիվ 11)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: