Գլխավոր տեղեկություն
Համար
N 1755-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1755-Ն

 

ԳԵՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 68.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 17-ի N 1755-Ն որոշման

 

ԳԵՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը (այսուհետ՝ մեթոդ) և վերջինիս կիրարկման մեխանիզմները։

2. Սույն մեթոդի մշակման հիմք է հանդիսացել «Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի օգտագործողի ձեռնարկը»*, ինչը կիրառելի է Հայաստանի Հանրապետության գետերի ինքնամաքրման կարողության գնահատման ժամանակ։

3. Գետերի ինքնամաքրման կարողության գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվեն գետերի հիդրոմորֆոլոգիական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական առանձնահատկություները՝ հիմք ընդունելով ելակետային ցուցանիշների բազմազանությունը և դրանց ընտրության հնարավորությունը, ինչպես նաև տեղեկատվությունը գետի ինքնամաքրման կարողության տարեկան, սեզոնային ու ամսական փոփոխությունների, խոչընդոտող գործոնների, այդ թվում՝ նաև աղտոտիչների խմբի վերաբերյալ։

4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատումն իրականացվում է գետի ինքնամաքրման կարողության գնահատման ինտեգրալ գործակցի (այսուհետ՝ ինտեգրալ գործակից) միջոցով, որի ստացման համար կիրառվում է հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական և հիդրոմորֆոլոգիական գործակիցների հիման վրա հաշվարկվող հետևյալ ընդհանրական բանաձևը.

 

ԻՄԳ = ՀՄ ∗ 𝟎, 𝟐 + ՀՔ ∗ 𝟎, 𝟒 + ՀԿ ∗ 𝟎, 𝟒

 

որտեղ՝

ՀՔ-ն հիդրոքիմիական ցուցանիշների հիման վրա ստացված գործակիցն է,

ՀԿ-ն հիդրոկենսաբանական ցուցանիշների հիման վրա ստացված գործակիցն է,

ՀՄ-ն հիդրոմորֆոլոգիական բազմազանության գործակիցն է։

5. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոքիմիական բաղադրիչի հաշվարկի համար կիրառվում է հետևյալ բանաձևը.

 

Ներմուծեք նկարագրությունը_22450

 

որտեղ՝

ՀՔ-ն գետի տվյալ հատվածի ջրի ինքնամաքրման կարողությունն է (վրկ-1),

Q-ն՝ տվյալ հատվածում գետի ջրի ծախսը (մ3/վրկ) (գետահատվածի սկզբում (Q1) և վերջում (Q2)),

C-ն գետի ջրի որակի գնահատման ընդհանրական/համալիր արժեքն է՝ հաշվարկված ջրի որակի կանադական ինդեքսով (գետահատվածի սկզբում (C1) և վերջում(C2)),

L-ը գետահատվածի երկարությունն է (մ),

U2-ն՝ գետի հոսքի արագությունը (մ/վրկ) գետահատվածի վերջում։

6. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոկենսաբանական բաղադրիչի հաշվարկի համար կիրառվում է հետևյալ բանաձևը.

 

Ներմուծեք նկարագրությունը_22451

 

L = L ∗ exp(−ՀԿ ∗ t)

 

Ներմուծեք նկարագրությունը_22452

 

որտեղ`

ՀԿ-ն գետի ջրի ինքնամաքրման կարողության գործակիցն է,

L0-ը՝ գետի ջրի աղտոտվածության հիդրոկենսաբանական ցուցչի արժեքն աղտոտման կետում,

L-ը՝ հիդրոկենսաբանական ցուցչի արժեքն աղտոտման աղբյուրից t ժամանակամիջոց հետո,

S-ը՝ ուսումնասիրվող գետահատվածի երկարությունը,

V-ն` գետի հոսքի միջին արագությունն ուսումնասիրվող գետահատվածում:

7. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման հիդրոմորֆոլոգիական բաղադրիչը ստանալու համար անհրաժեշտ է գնահատել գետի ջրի տուրբուլենտությունը, գետի հատակի նստվածքների տեղափոխման լարվածությունը, հատակի մորֆոլոգիան, գետի հոսքի արագությունը և խորությունը.

1) հիդրոմորֆոլոգիական գործակցի ստացման համար կիրառվում է հետևյալ մեթոդը.

ա․ հաշվարկվում է տեղամասի բոլոր հատվածների համար պարամետրերի վարիացիայի գործակիցները հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22453

 

որտեղ`

𝐶𝑉𝑖-ն 𝑖-րդ պարամետրի վարիացիայի գործակիցն է, 𝜎𝑖-ն 𝑖-րդ պարամետրի արժեքների միջին քառակուսային շեղումը, 𝜇𝑖-ն 𝑖-րդ պարամետրի արժեքների միջին թվաբանականը,

բ․ յուրաքանչյուր պարամետրի համար որոշվում է պարցիալ գործակիցը (𝑉(𝑖)), որն ստացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22454

 

2) տեղամասի հիդրոմորֆոլոգիական բազմազանության գործակիցը (ՀՄ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22455

 

որտեղ՝ n-ը պարամետրերի քանակն է։

8. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման ինտեգրալ գործակցի հիման վրա գետի ինքնամաքրման կարողությունը բաժանվում է հետևյալ դասերի.

 

Գործակից

Դաս

0-0.1

V (վատ)

0.11-0.2

IV (անբավարար)

0.21-0.3

III (միջակ)

0.31-0.44

II (լավ)

0.44 -ից մեծ

I (գերազանց)

9. Մեթոդը կիրառվում է հետևյալ ոլորտներում՝ յուրաքանչյուր ոլորտում առկա իրավական կարգավորումներին և մեխանիզմներին համապատասխան.

1) ջրավազանային կառավարման պլանների մշակման դեպքում.

2) մոնիտորինգային ծրագրերի մշակման ժամանակ.

3) մակերևութային ջրային մարմինների որակի նորմերի սահմանման ժամանակ.

4) ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների և դրանց ներկայացվող պահանջների սահմանման համար.

5) ջրային ռեսուրսների կառավարման միջոցառումների նախագծման, մշակման և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համար.

6) ջրային ռեսուրսների էկոլոգիական կարգավիճակի բացահայտման համար.

7) կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման և հարմարվողականության միջոցառումների մշակման համար.

8) ուսուցողական, գիտահետազոտական և այլ նպատակներով։

_________________

* Ձեռնարկը տեղադրված է http://env.am/ կայքում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: