ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2022 թվականի N 111-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՎԱԼԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով` Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -22
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | Ն. ԶԱՐԳԱՐՅԱՆ | Ա. ՄԵՂՐՅԱՆ |
Ռ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ | Դ. ԶԱՐՈՅԱՆ | Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Է. ԲԱԲԱՅԱՆ | Ա. ԹԵՆԵՔԵՋՅԱՆ | Գ. ՊՈՂՈՍՅԱՆ |
Ա. ԲԱԴԱԼՅԱՆ | Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | Պ. ՑՈՒԳՈՒՆՅԱՆ |
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ | Է. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | Ա. ՔՈՍԱԿՅԱՆ |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ | Ն. ՀԱԿՈԲՅԱՆ | Գ. ՕՍԻՊՅԱՆ |
Մ. ԳԱՍՊԱՐՅԱՆ | Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
Տ. ԳԵՂԱՄՅԱՆ | Ն. ՄԵԼԻՔՅԱՆ |
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2022 թ. սեպտեմբերի 29 ք. Աբովյան |
Հավելված Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 111-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԿԱՄ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ՝ ԻՐ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՎԱԼԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները (այսուհետ` պարտադիր բարեկարգում):
2. Պարտադիր բարեկարգումը միջոցառումների համալիր է, որն ուղղված է Աբովյան համայնքի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:
3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են` շենքերը, շինությունները և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերը և տարածքները:
4. Սույն կարգի գործողությունը տարածվում է Աբովյան համայնքի վարչական սահմաններում տեղակայված (գտնվող)`
1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
3) այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
5) բացօթյա շուկաների և տոնավաճառների սեփականատերերի կամ տիրապետողների վրա:
5. Պարտադիր բարեկարգման աշխատանքներն են`
1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման, այդ թվում` լվացման, և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման, բարեկարգման (սալիկապատման կամ ասֆալտապատման) աշխատանքները և մաքրության պահպանումը.
2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի, բուսածածկերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.
3) անհրաժեշտ լուսավորության ապահովումը` անշարժ գույքի մուտքի համար.
4) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների պարբերաբար մաքրումը և կանաչապատումը.
5) թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց, ճաղեր և այլն) ցանկապատումը և դրանց փոխումը, փոխարինումը.
6) ներհամայնքային և միջհամայնքային նշանակության փողոցներում գտնվող առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի և Ծննդյան տոներին` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ:
6. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ընդգրկում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:
7. Շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող բարեկարգման աշխատանքների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ:
8. Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար անշարժ գույքի սեփականատերերի և տիրապետողների կողմից կարող են կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների մասին արձանագրություն:
9. Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով` համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ միայն կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.
1) շենքի ճակատի նոր ճարտարապետական տարրեր, դրանց փոխարինում կամ վերացում.
2) տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում.
3) լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գունային փոփոխություններ.
4) պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ.
5) բնական քարե շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:
10. Գործող ընթացակարգերով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներն իրականացվում են Աբովյան համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցված ձևավորման նախագծին և (կամ) հատակագիծ-սխեմային համապատասխան: Նախագիծը անվճար մշակվում և տրվում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտը համակարգող բաժնի կողմից:
11. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումը և նորոգումն իրականացվում է հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում` պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Աբովյանի համայնքապետարանի կողմից տրվող ձևավորման նախագծում կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքում:
12. Աբովյանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից սույն Կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում շենքի կամ շինության սեփականատիրոջը կամ տիրապետողին կարող են տրվել ցուցումներ շենքի ճակատների, օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների վերականգնման կամ նորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ, հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:
13. Պարտադիր բարեկարգման պահանջներն են`
1) խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան.
2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը (փոշուց, աղբից, տերևներից և այլն) և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը, ընդ որում` մաքրման աշխատանքները պետք է կատարվեն առավոտյան ժամը 08։00-ից մինչև 09։00-ն և երեկոյան ժամը 18։00-ից մինչև 19։00-ն.
բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը` տեղումները դադարելուց 4 ժամ հետո կամ մինչև առավոտյան ժամը 11։00-ն, եթե ձյունը դադարել է նախորդ երեկո ժամը 21։00-ին և դրանից հետո.
գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և (կամ) սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.
դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.
ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից:
14. Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
15. Կանաչապատման աշխատանքները ենթակա են պարտադիր կատարման միայն Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտը համակարգող բաժնի կողմից տրամադրված ֆիտոնախագծի համաձայն:
16. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը անշարժ գույքի արտաքին ճարտարապետական ցանկացած փոփոխություն համաձայնեցնում է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտը համակարգող բաժնի հետ:
17. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը սույն Կարգին համապատասխան` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:
18. Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա դրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:
19. Այն դեպքում, երբ հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները, ինչպես նաև շենքի, շինության կամ դրանց տարածքի սեփականության կամ օգտագործման կամ այլ գույքային իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից:
20. Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է`
1) կրպակների, տաղավարների կամ մանրածախ առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բնակչության կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ինչպես նաև առևտրի այլ օբյեկտների, ավտոտնակների համար` հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար` դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
3) առանձնատների համար` դրանց զբաղեցրած հողամասի պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից 10-50 մետր (կախված օբյեկտի տարողականությունից և հզորությունից),
5) արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 50 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
6) առողջապահական և կրթական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 10 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
7) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար` հատկացված և (կամ) զբաղեցված տարածքի պարագծից 50-100 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը:
21. Ընդհանուր օգտագործման տարածքներում սույն կարգով նախատեսված դրույթների խախտումը առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2022 թվական: