Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-295
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.03.2005-26.11.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.06/11(77)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը կարգավորում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և պետական գրանցում իրականացնող համակարգի գործունեությունը:

 

Հոդված 1.

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենսդրությունը և գործունեության ոլորտը

 

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (այսուհետ` պետական գրանցում) մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության օրենքներից և այլ նորմատիվ ակտերից:

Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վրա` անկախ սեփականության ձևից, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, շարժական գույքի նկատմամբ իրավունքների վրա:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա տարածվում են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

(1-ին հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

պետական գրանցում` սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, գրավի, հիփոթեքի, սերվիտուտների, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցումը.

գույք` սույն օրենքով պետական գրանցման ենթակա անշարժ գույք և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցման ենթակա շարժական գույք.

անշարժ գույք` հողի և (կամ) դրան ամրակայված գույքի (շենքերի, շինությունների, անտառների և այլն) և վերջինիս նկատմամբ իրավունքների ամբողջությունը.

անշարժ գույքի միավոր` կադաստրային քարտեզում առանձին ծածկագրով ուրվագծված և համարակալված հողամաս, շենք, շինություն, որը կարող է հանդիսանալ սեփականության կամ օգտագործման օբյեկտ.

անշարժ գույքի օբյեկտ. անշարժ գույքի մեկ կամ մի քանի միավորներից կազմված միասնություն.

կադաստրային ծածկագիր` թվերի համակցություն, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն.

կադաստրային տարածք, ենթատարածք, սեկտոր, թաղամաս` սույն օրենքով սահմանված պետական միասնական կադաստրի վարման համար նախատեսված աշխարհագրական տարածք.

սեփականատեր կամ օգտագործող` սուբյեկտ, որի անվամբ, սույն օրենքով սահմանված կարգով, գրանցված է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը.

անշարժ գույքի գործարք` անշարժ գույքի սուբյեկտների կողմից իրականացվող գործունեություն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման ուղղությամբ.

գրանցման թերթիկ` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում լրացվող անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալներ պարունակող թերթիկ.

փաստաթուղթ` անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք, դրա սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը հաստատող փաստաթուղթ.

ստորաբաժանված շենքեր` շենքեր, շինություններ, որոնք բաժանվել են անշարժ գույքի առանձին միավորների:

 

Հոդված 3.

Պետական գրանցման հիմնական սկզբունքները

 

Պետական գրանցման հիմնական սկզբունքներն են`

ա) գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանությունը պետության կողմից.

բ) կադաստրային տվյալների մատչելիությունը, օբյեկտիվությունը, անընդհատությունը և կենտրոնացումը:

 

Հոդված 4.

Պետական գրանցման հիմնական խնդիրները

 

Պետական գրանցման հիմնական խնդիրներն են`

ա) պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.

բ) անշարժ գույքի շուկայի կայացմանը աջակցությունը.

գ) գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը.

դ) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմիններին, իրավաբանական անձանց, բանկերին, քաղաքացիներին գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

ե) գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տվյալների մատչելիության, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը:

 

Հոդված 5.

Պետական գրանցման համակարգը

 

Պետական գրանցումն իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգը, որը կազմված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնից և նրա տարածքային ստորաբաժանումներից:

 

Հոդված 6.

Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող հանրապետական մարմինը

 

Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը պետական կառավարման հանրապետական մարմին է (այսուհետ` անշարժ գույքի պետական ռեգիստր), որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականությունը, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով, ինչպես նաև գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը և համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը:

 

Հոդված 7.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավար կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 60 տարեկան քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` 5 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը պաշտոնից կարող է ազատվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

գ) դատարանի վճռով.

դ) մահվան դեպքում:

 

Հոդված 8.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից, և նրա կողմից սահմանված տարածքում իրականացնում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվական բանկ, որը հանդիսանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգի մասը:

 

Հոդված 9.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն իրականացնում է տվյալ տարածքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավար կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող մինչև 60 տարեկան քաղաքացիները:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը` 4 տարի ժամկետով:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը պաշտոնից կարող է ազատվել`

ա) իր դիմումի համաձայն.

բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

գ) տվյալ տարածքային ստորաբաժանման լուծարման դեպքում.

դ) դատարանի վճռով.

ե) մահվան դեպքում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 10.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացվող պահանջները

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնին չեն կարող նշանակվել`

ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված, դատվածությունը չմարված անձինք.

բ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին արգելվում է իր կամ իր մերձավոր ազգականների անվամբ գույքի նկատմամբ իրավունքներ գրանցել: Նման դեպքերում պետական գրանցումն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի` տվյալ գրանցումը կատարելու համար նշանակված գրանցման համակարգի այլ ծառայող:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծառայողների վրա տարածվում են պետական ծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

 

Հոդված 11.

Պետական գրանցման օբյեկտները

 

Պետական գրանցման օբյեկտներն են` սույն օրենքով սահմանված պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:

 

Հոդված 12.

Պետական գրանցման սուբյեկտները

 

Պետական գրանցման սուբյեկտներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

 

Հոդված 13.

Պետական գրանցման կազմակերպումը

 

Պետական գրանցման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը, մարզային բաժանմանը համապատասխան, բաժանվում է կադաստրային տարածքների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:

Կադաստրային տարածքները բաժանվում են կադաստրային ենթատարածքների, որոնք չպետք է խախտեն համայնքների սահմանները և որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:

Կադաստրային ենթատարածքները բաժանվում են առանձին սեկտորների, թաղամասերի, միավորների, որոնցից յուրաքանչյուրին տրվում է առանձին կադաստրային ծածկագիր:

Շենքերին և շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր, որոնք կապված են համապատասխան հողամասի կադաստրային ծածկագրի հետ:

Կադաստրային տարածքների և ենթատարածքների համար առանձնացվում են անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններ:

Հայաստանի Հանրապետությունում գործում է անշարժ գույքի միավորների հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման միասնական համակարգ:

Հաշվառման և պետական գրանցման համար ծածկագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14.

Պետական գրանցման իմացության կանխավարկածը

 

Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցման իրավունքների վերաբերյալ համարվում են տեղեկացված` անկախ նրանից` իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների մասին, թե ոչ:

Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված:

 

Հոդված 15.

Պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերը

 

Պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերն են`

ա) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը (այսուհետ` գրանցման մատյան).

բ) կադաստրային քարտեզը (հատակագիծը).

գ) անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը:

 

Հոդված 16.

Գրանցման մատյանը

 

Գրանցման մատյանում, անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար, որին տրվել է առանձին կադաստրային ծածկագիր, անկախ սեփականության ձևից, լրացվում է գրանցման առանձին թերթիկ: Գրանցման թերթիկը կազմված է հետևյալ բաժիններից`

ա) անշարժ գույքի միավորի նկարագրություն, որտեղ նշվում են հողամասի, շենքի, շինության կադաստրային ծածկագրերը, գտնվելու վայրը, չափը, օգտագործման նպատակը և այլ տվյալներ.

բ) անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները, ինչպես նաև այդ իրավունքների սուբյեկտները և վերջիններիս տվյալները.

գ) անշարժ գույքի միավորի նկատմամբ սահմանափակումները, այդ թվում` սերվիտուտները:

 

Հոդված 17.

Անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզը (հատակագիծը)

 

Անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզները (հատակագծերը) տեղանքի փոքրացված և ընդհանրացված արտապատկերումներն են` համապատասխան մասշտաբով և պայմանական նշաններով, որոնցում պատկերված են անշարժ գույքի միավորները (անկախ սեփականության ձևից), դրանց տեղադրությունը, սահմանները, մակերեսը, տեսքերն ու տեսակները, վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցությունների ցանցերը և այլ տվյալներ:

Կադաստրային քարտեզներում նշված հողամասերի, շենքերի, շինությունների և այլ ամրակայված գույքի սահմանագծերի և անկյունագծերի կոորդինատները լրացվում են անշարժ գույքի պետական միասնական կադաստրի կոորդինատային ժողովածուի մեջ և կապակցվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ընդհանուր կոորդինատային համակարգին:

Կադաստրային քարտեզների ձևերն ու մասշտաբները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 18.

Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացումը

 

Կադաստրային քարտեզագրման աշխատանքներն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք: Կադաստրային քարտեզագրման սկզբնական (բազային) աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ թարմացման աշխատանքները` սեփականատիրոջ կամ օգտագործողի հաշվին:

 

Հոդված 19.

Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանները

 

Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանները կարող են լինել մոտավոր և ճշգրիտ:

Մոտավոր են համարվում անշարժ գույքի սահմանների սխեմատիկ արտապատկերումները կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` առանց սահմանային ճշգրիտ չափագրումների:

Ճշգրիտ են համարվում անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատների արտապատկերումը կադաստրային քարտեզների (հատակագծերի) վրա` իրենց ճշգրիտ սահմաններով և մակերեսով:

Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանների շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները հիմք են հանդիսանում հողամասի սահմանների ամրացման համար: Հողամասի սահմանները տեղանքում ամրացվում են սահմանանիշերով` սեփականատիրոջ կամ օգտագործողի միջոցների հաշվին` վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ:

Սահմանների որոշման եղանակը, դրանց ճշտության նկատմամբ տեխնիկական պահանջները, սահմանանիշերի ձևերը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը:

 

Հոդված 20.

Անշարժ գույքի միավորի (հողամասի) սահմանանիշերի պահպանումը

 

Յուրաքանչյուր սեփականատեր կամ օգտագործող պարտավոր է պահպանել սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի սահմանանիշերը:

Անշարժ գույքի սահմանանիշերն անօրինական փոխելու կամ վնասելու դեպքում մեղավոր անձինք պարտավոր են վճարել բոլոր ծախսերը` կապված սահմանանիշերի վերականգնման հետ:

 

Հոդված 21.

Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը

 

Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը`

ա) անշարժ գույքի սուբյեկտներին հատկացված և որպես սեփականություն կամ օգտագործման անցած հողերի (տնամերձ, այգեգործական (ամառանոցային), բնակելի տան շինարարության և դրա սպասարկման, գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարելու, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն ծավալելու համար) և շենքերի, շինությունների մասին.

բ) անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, փոխանակման և սերվիտուտների պայմանագրերը, ինչպես նաև սերվիտուտների վերաբերյալ դատական որոշումները, վճիռները.

գ) հողը կամ շենքերը, շինություններն օգտագործման հանձնելու մասին որոշումները կամ պայմանագրերը.

դ) հողամասի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը.

ե) անշարժ գույքի օգտագործման սահմանափակումների մասին որոշումներն ու պայմանագրերը.

զ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները.

է) հողի կամ շենքերի, շինությունների օգտագործման կամ վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումներն ու վճիռները.

ը) անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին որոշումները.

թ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:

 

Հոդված 22.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի ստորաբաժանումներ մուտքագրվող փաստաթղթերի ընդունման կարգը և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները

 

Պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված փաստաթղթերն ընդունվում են սեփականատիրոջ կամ օգտագործողի դիմումի հիման վրա և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում: Մատյանում նշվում են ընդունված փաստաթղթերի ցանկը, դիմումի ընդունման օրը, ժամը, դիմողի տվյալները` համաձայն հավաստող փաստաթղթերի:

Դիմումին կցվում են նաև պետական գրանցման վճարի անդորրագիրը և սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված փաստաթղթերը` կազմված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Չեն ընդունվում մատիտով գրված, ջնջումներով փաստաթղթերը:

Ուղղումներով ներկայացված փաստաթղթերը կարող են ընդունվել, եթե դրանք վավերացված են համապատասխան ստորագրությամբ և կնիքով:

Փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը:

Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության, չեն ընդունվում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխություններ, լրացումներ, դադարում առաջ բերող փաստաթղթերը, բացի հետևյալ դեպքերից`

ա) եթե գործարքը կատարվում է լիազորագրի հիման վրա.

բ) եթե գործարքը կատարում են խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչը.

գ) եթե փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով.

դ) եթե իրավունքը փոխանցվում է այլ անձի` սեփականատիրոջ, օգտագործողի մահվան դեպքում` կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության հիման վրա:

Դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է անշարժ գույքի պետական ռեգիստրը:

 

Հոդված 23.

Պետական գրանցումը

 

Գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները` սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, շարժական գույքի նկատմամբ իրավունքները, ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում, այլ իրավունքները ենթակա են պետական գրանցման` գործարքների կնքման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:

Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ:

Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, այդ թվում` գրավի, հիփոթեքի պետական գրանցումն իրականացվում է ըստ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում մուտքագրված դիմումների հերթականության, որը որոշվում է հաշվառման մատյանում նշված ամիս-ամսաթվով և ժամով:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումներն ունեն առաջնություն` ավելի ուշ ներկայացված դիմումների համեմատ:

Գրանցված իրավունքները, այդ թվում` գրավը և հիփոթեքը, սահմանված ժամկետում ներկայացված, սակայն դեռևս չգրանցված իրավունքների նկատմամբ ունեն գերակայություն:

Գույքի նկատմամբ որևէ առանձին իրավունք չի գրանցվում, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը:

 

Հոդված 24.

Պետական գրանցման իրականացումը

 

Գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները, պետական գրանցման նպատակով, անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին դիմումի հետ միասին ներկայացնում են սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված փաստաթղթերը:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներն ստուգում են ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Անհամապատասխանության դեպքում, ներկայացված փաստաթղթերի ընդունման օրվանից սկսած հնգօրյա ժամկետում, դրանք վերադարձվում են դիմողին` անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով:

Սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից փաստաթղթերը, համապատասխան ուղղումներով և լրացումներով, վերաներկայացվում են դրանց վերադարձման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում: Փաստաթղթերի ստուգումից հետո կազմվում է անշարժ գույքի միավորի վերաբերյալ կադաստրային գործ և գրանցվում է գրանցման մատյանում` կատարելով համապատասխան փոփոխություններ կադաստրային քարտեզներում:

Գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից:

Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկությունները 24 ժամվա ընթացքում փոխանցվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղեկատվական կենտրոն (սույն դրույթը գործելու է 2001 թվականի հունվարի 1-ից):

Պետական գրանցումը կատարվում է փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներ ներկայացնելու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում:

Օրենքով նախատեսված դեպքերում շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25.

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականում նշվում են անշարժ գույքի սեփականատիրոջ, օգտագործողի անունը (անվանումը), անշարժ գույքի միավորի ծածկագիրը, պետական գրանցման համարը, գույքի նկատմամբ իրավունքները, սերվիտուտները, նպատակային նշանակությունը, չափերը, հատակագիծը, լրացուցիչ այլ նշումներ:

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26.

Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

 

Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրում` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից:

Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում` գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում:

Գրավով, հիփոթեքով պարտավորության ծավալի, ժամկետի, ինչպես նաև գրավ, հիփոթեք դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, գրավառուի համաձայնությամբ գրանցման մատյանում կատարվում է գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման փոփոխություն:

 

Հոդված 27.

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը

 

Գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումից անմիջապես հետո գրավառուին տրվում է գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական:

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականում նշվում են գրավի, հիփոթեքի պայմանագրի գրանցման ամիս-ամսաթիվը, ժամը և գրանցման համարը: Վկայականը վավերացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով:

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 28.

Գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի սահմանափակումը (արգելադրումը)

 

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումից հետո գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում է սահմանափակում (արգելադրում): Արգելադրման կիրառման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ, առանց գրավառուի համաձայնության, չպետք է գրանցվի:

 

Հոդված 29.

Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող գույքի (մասնաճյուղերի) գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

 

Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող գույքի (մասնաճյուղերի) գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:

 

Հոդված 30.

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը

 

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`

ա) գրավի, հիփոթեքի վկայականի տիրոջ դիմումով.

բ) գրավատուի և գրավառուի համատեղ դիմումով.

գ) գրավը, հիփոթեքը դադարեցնելու մասին դատարանի որոշումով, վճռով, դատավճռով:

Նշված փաստաթղթերի հիման վրա, գրանցման մատյանի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում, կատարվում է գրառում` գրավի, հիփոթեքի պայմանագրի գրանցումը և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:

Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրանցման վկայականը չեղյալ հայտարարելուց հետո արգելադրումը հանվում է:

 

Հոդված 31.

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը

 

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրում` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պարտավորությունների, ժամկետի, ինչպես նաև վարձակալության տրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում կատարվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի վերագրանցում, եթե դա նախատեսված է պայմանագրով:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցումն ուժի մեջ է մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը: Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում` վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում: Պետական գրանցման համար վարձակալության պայմանագրին կցվում է նաև վարձակալության առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի հատակագիծը` տրված իրավասու մարմինների կողմից:

Գրավի, հիփոթեքի և այլ իրավունքների պետական գրանցումը կատարվում է միայն վարձատուի գրավոր համաձայնությամբ, եթե վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 32.

Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը

 

Իրավաբանական անձանց մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:

 

Հոդված 33.

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը

 

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`

ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.

բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.

գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում:

Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը չեղյալ հայտարարելը, ենթավարձակալության, գրավի, հիփոթեքի կամ այլ իրավունքների պայմաններում, կատարվում է միայն այդ իրավունքներն ունեցող անձանց գրավոր համաձայնությամբ:

Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:

 

Հոդված 34.

Օրենքով, դատարանի որոշումով, վճռով, դատավճռով կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթերով կատարված փոխանցման գրանցումը

 

Եթե պետությունը կամ որևէ այլ անձ, համաձայն օրենքի, դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք են ձեռք բերում, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր կամ օգտագործող:

Նույն կարգով գրանցվում է նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը` ձեռքբերված վաղեմության ժամկետի ուժով` հաստատված իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա:

 

Հոդված 35.

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռները, դատավճիռները, անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին դիմումները, անշարժ գույքի օգտագործման և վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումները

 

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները, անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին դիմումները, անշարժ գույքի վարձակալության, օգտագործման իրավունքի դադարման մասին որոշումները ենթակա են պետական գրանցման` կատարելով համապատասխան փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում և կադաստրային քարտեզում:

 

Հոդված 36.

Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումը

 

Երկու և ավելի սեփականատերերի պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը (գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականության մասին տեղեկություններ, իսկ բաժնային սեփականության դեպքում` յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի վերաբերյալ նշում:

Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտի առանձին միավորների նկատմամբ իրավունքները գրանցվում են դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

 

Հոդված 37.

Սերվիտուտի գրանցումը

 

Անշարժ գույքի միավորի սեփականատերը կարող է սերվիտուտի իրավունք տրամադրել գրավոր կնքված պայմանագրի համաձայն, որին կցվում է նաև անշարժ գույքի միավորի հատակագիծը` համապատասխան նշումներով:

Սերվիտուտի իրավունք կարող է տրվել նաև դատարանի որոշումով, վճռով:

Գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում լրացվում է սերվիտուտի բնույթը, գործողության ժամկետը, վճարի չափը, սերվիտուտի պայմանները կամ սահմանափակումները, սերվիտուտի իրավունք տվող և սերվիտուտից օգտվող անձանց տվյալները և այլն:

Գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում փոփոխությունները կատարվում են շահագրգիռ անձանց գրավոր դիմումների կամ դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում:

 

Հոդված 38.

Սահմանափակումների գրանցումը

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները, հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատարանի որոշումների, իրավաբանական անձանց լուծարման, վերակազմավորման գործընթացն իրականացնող մարմինների գրությունների (որոշումների) հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են սահմանափակումների պետական գրանցում` կիրառելով սույն օրենքի 28 հոդվածի պահանջները, մինչև համապատասխան մարմնի կողմից սահմանափակումը դադարելու մասին որոշման կայացումը:

Սահմանափակումները գրանցվում են գրանցման մատյանի` սահմանափակման առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում:

Սահմանափակման վերաբերյալ պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումն արգելադրում է դնում` այդ մասին գրավոր տեղեկացնելով շահագրգիռ կողմերին:

Սահմանափակման գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ չպետք է գրանցվի:

Նույն կարգով գրանցվում է նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից սահմանափակումների վերաբերյալ ներկայացված պայմանագրերը:

 

Հոդված 39.

Անշարժ գույքի սահմանների փոփոխումը, միավորումը և բաժանումը

 

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք կարող են փոփոխվել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի սահմանները, միավորել դրանք, ինչպես նաև բաժանել մի քանի մասերի:

Փոփոխությունները կատարվում են պայմանագրի, դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում, որոնց հիման վրա կատարվում են փոփոխություններ գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում (գրանցման նախկին թերթիկը փակելու և նորը բացելու միջոցով) և կադաստրային քարտեզներում:

Անշարժ գույքի միավորի սահմանների միավորման կամ բաժանման դեպքում անշարժ գույքի նախկին ծածկագիրը համարվում է չեղյալ և տրվում է նոր ծածկագիր:

Անշարժ գույքի միավորի որևէ մասի նկատմամբ իրավունքները չեն կարող ստանալ պետական գրանցում, եթե սեփականատերը նախօրոք, օրենսդրությամբ սահմանված կարգով, չի բաժանել անշարժ գույքն առանձին միավորի կամ չկա դատարանի որոշումը, վճիռը:

Անշարժ գույքի սահմանների փոփոխման, միավորման կամ բաժանման վերաբերյալ պայմանագրերի պետական գրանցումները կարող են մերժվել, եթե այդ փոփոխությունները հակասում են օրենքին, քաղաքաշինական, հողաշինարարական կամ սանիտարական նորմերին:

 

Հոդված 40.

Ստորաբաժանված շենքերում տեղակայված առանձին միավորների նկատմամբ իրավունքների գրանցումը

 

Այն շենքերում, որտեղ կան անշարժ գույքի առանձին միավորներ (բնակարաններ, առևտրի, սպասարկման տաղավարներ և այլն), որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են, յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքները պետք է գրանցվեն մատյանում` առանձին գրանցման թերթիկում:

Շենքերում գտնվող բնակարաններին, առևտրի, սպասարկման տաղավարներին և սեփականության այլ միավորներին տրվում են առանձին ծածկագրեր, որոնք կապվում են տվյալ շենքի հետ, իսկ շենքերին ևս տրվում են ծածկագրեր, որոնք կապվում են այն հողամասերի ծածկագրերին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

Շենքում գտնվող սեփականության յուրաքանչյուր միավորի համար կազմվում է առանձին կադաստրային գործ:

Գրանցման մատյանի գրանցման թերթիկում պետք է նշվի տվյալ անշարժ գույքի միավորին վերաբերող ընդհանուր տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը:

Անշարժ գույքի կադաստրային գործում պետք է լինի շենքի հատակագիծը, որտեղ պետք է նշվեն անշարժ գույքի առանձին միավորները և ընդհանուր սեփականության կամ օգտագործման տրված յուրաքանչյուր մասը:

Պետական գրանցման ենթակա են նաև համատիրություններին հանձնված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:

 

Հոդված 41.

Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից

(Վերնագիրը լրաց. 20.03.01 ՀՕ-160)

 

Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլոց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` էլեկտրակայանքների, օդային գծերի և մալուխների, ենթակայանների և հենասյուների տեղակայման, շահագործման, սպասարկման, դրանց անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար:

Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից`

ա) մինչև սույն օրենքի ընդունումը` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը.

բ) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն).

դ) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին սույն օրենքով սահմանված սերվիտուտը:

(41-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-160, խմբ. 27.07.01 ՀՕ-208)

 

Հոդված 42.

Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը

 

Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կատարվում է գույքի սեփականատիրոջ կամ օգտագործողի դիմումի հիման վրա կամ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք չեն փոփոխում գույքի պատկանելությունը, դրա նկատմամբ իրավունքների բնույթը, որակական և քանակական բնութագրերը, անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձը կարող է ուղղել` այդ մասին տեղյակ պահելով շահագրգիռ կողմերին:

Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները, եթե դրանք առաջացնում են գույքի պատկանելության, դրա նկատմամբ իրավունքների բնույթի, որակական և քանակական բնութագրերի փոփոխություն, պետական գրանցման փաստաթղթերում կարող է ուղղել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձը` միայն շահագրգիռ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Եթե պետական գրանցումը կատարվել է որևէ իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի հիման վրա, ապա թույլ տրված սխալների ուղղումը պետական գրանցման փաստաթղթերում կարող է կատարվել միայն ներկայացված փաստաթղթում` տվյալ մարմնի կողմից համապատասխան ուղղում կատարելուց հետո:

 

Հոդված 43.

Պետական գրանցման մերժման հիմքերը

 

Պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն`

ա) կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան.

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Գրանցումը մերժելու դեպքում դիմողին հնգօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին:

Մերժման վերաբերյալ գրության պատճենը պահվում է տվյալ անշարժ գույքի միավորի կադաստրային գործում, և սահմանված կարգով նշում է կատարվում դիմումների հաշվառման մատյանում:

 

Հոդված 44.

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը

 

Պետական գրանցման համակարգը բաց է:

Հրապարակման ենթակա չեն միայն պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող կադաստրային տվյալները:

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունից կարող են օգտվել բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Անշարժ գույքի միավորի կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում:

Օրենքով նախատեսված դեպքերում, կադաստրային գործը տրամադրելիս, այն պատճենահանվում է և պահվում անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից` մինչև կադաստրային գործը վերադարձնելը:

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս տրվում են կադաստրային գործից քաղվածքները կամ փաստաթղթերի պատճենները:

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է` նշելով անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականատիրոջ անունը, անվանումը, անշարժ գույքի գտնվելու վայրը, սեփականության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, գրանցված իրավունքների սահմանափակումները (այդ թվում` սերվիտուտների առկայությունը), անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի, գնահատման և անշարժ գույքի վերաբերյալ այլ իրավունքների տվյալներ:

Շենքերի և շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկությունները հաստատվում են անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կնիքով:

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 45.

Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարովիությունը և ժամկետները

 

Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը վճարովի է:

Անշարժ գույքի պետական ռեգիստրը պարտավոր է պատվիրված տեղեկատվությունները տրամադրել հնգօրյա ժամկետում` դիմումի և սահմանված վճարի մուծման անդորրագրի ներկայացման օրվանից:

 

Հոդված 46.

Հայաստանի Հանրապետությունը` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների երաշխավոր

 

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տրված տեղեկատվության հավաստիության երաշխավորը:

 

Հոդված 47.

Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը

 

Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ սխալ, ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի համար տրվում է փոխհատուցում: Կողմերի միջև անհամաձայնության դեպքում փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:

Վնասի փոխհատուցում չի կատարվում, եթե վնասը պատճառվել է`

ա) դիմումատուի կողմից սխալ և անճշտություններ պարունակող տեղեկությունների ներկայացման հետևանքով.

բ) գույքի վերաբերյալ իրավունքներ տվող իրավասու մարմինների, նոտարների կողմից վավերացված փաստաթղթերում սխալների և անճշտությունների հետևանքով:

Կադաստրային հանույթների (հատակագծերի) և սահմանների նկարագրության սխալների դեպքում համապատասխան անձանց պատճառված վնասի փոխհատուցում տրվում է տվյալ աշխատանքները կատարած անձի կողմից:

 

Հոդված 48.

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի պահպանումը

 

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ` փաստաթղթային ձևով և համակարգչային սկավառակների վրա: Փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև դրանցում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 49.

Պետական գրանցման ծառայությունների դիմաց վճարները և համակարգի ֆինանսավորումը

 

Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվում է ծառայության դիմաց վճար` կենտրոնացված հատուկ հաշվին: Վճարների չափը և ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ: Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են սպասվելիք տարեկան եկամուտների չափով` հետևյալ ուղղություններով`

ա) ընթացիկ ծախսեր.

բ) համակարգի զարգացման ծախսեր.

գ) պահուստային հիմնադրամի ձևավորում (սեփականատերերին կամ օգտագործողներին պատճառված վնասի փոխհատուցման համար):

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի տարեկան ծախսերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին հավելվածով:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի եկամուտների և ծախսերի դրական տարբերության դեպքում տարբերությունն ուղղվում է պետական բյուջե, իսկ բացասական տարբերության դեպքում այն ֆինանսավորվում է պետական բյուջեից:

Եկամուտների և ծախսերի վերաբերյալ, օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրվում են հաշվետվություններ:

Համակարգի աշխատավարձի ֆոնդը ձևավորվում է աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձի հիման վրա` ելնելով նախորդ տարվա հանրապետական միջին աշխատավարձի (առանց բյուջետային հիմնարկների) կրկնապատիկի չափից:

Աշխատողների խրախուսման նպատակով ստեղծվում է խրախուսման ֆոնդ, որի չափը չի կարող գերազանցել աշխատավարձի տարեկան ֆոնդը և չպետք է պակաս լինի դրա 40 տոկոսից:

Խրախուսման ֆոնդի չափը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` տարեկան և եռամսյակային կտրվածքով:

Պահուստային հիմնադրամի ձևավորման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Յուրաքանչյուր տարվա ֆինանսական եկամուտների և ծախսերի դրական տարբերությունն ուղղվում է պետական բյուջե:

 

Հոդված 50.

Պետական գրանցման միասնական համակարգի անցումը

 

Սույն օրենքի ընդունումից հետո անշարժ գույքի պետական ռեգիստրը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների ստեղծման և գործունեության ժամանակացույցը:

Պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերի (գրանցման մատյան, կադաստրային տարածքների և ենթատարածքների կադաստրային քարտեզներ) ստեղծումից հետո, անշարժ գույքի պետական ռեգիստրի որոշմամբ, համապատասխան տարածքային ստորաբաժանմանը տրվում է հավաստագիր` տվյալ տարածքում պետական գրանցման աշխատանքներ իրականացնելու համար:

Անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից հավաստագիր ստանալուց հետո տարածքային ստորաբաժանումը համարվում է միակ պետական մարմինը, որն իրավունք ունի իր կողմից սպասարկվող տարածքում իրականացնել պետական գրանցում: Մինչև անշարժ գույքի կադաստրային քարտեզների ստեղծումը` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան իրականացված պետական գրանցումներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման` մինչև պետական գրանցման սուբյեկտների կողմից գործարքների իրականացումը:

 

Հոդված 51.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց իրավունքները

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) ստանալ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական մարմիններից, իրավաբանական անձանցից և քաղաքացիներից տեղեկանքներ` գույքի օգտագործման, որակական փոփոխությունների, իրավունքների և սահմանափակումների մասին.

բ) շահագրգիռ անձանց տեղեկացնելուց հետո ուղղում կատարել գրանցման մատյանում և կադաստրային քարտեզներում.

գ) ընդունել պետական գրանցման հետ կապված գերատեսչական ակտեր.

դ) ստուգել պետական գրանցման ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջել գույքի նկատմամբ իրավունք հաստատող այլ փաստաթղթեր.

ե) մերժել պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու, պետական գրանցման համար գանձվող վճարները չմուծելու դեպքում.

զ) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական գրանցման սուբյեկտներից պահանջել նաև այլ տեղեկություններ:

(51-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 52.

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց պարտավորությունները

 

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) կազմակերպել պետական գրանցումը սահմանված ժամկետում.

բ) չհրատարակել, չտարածել պետական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող պետական կադաստրի տվյալները, բացառությամբ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

գ) ապահովել անշարժ գույքի կադաստրի տվյալների ճշտությունը, ամբողջությունը, մատչելիությունը և հրապարակայնությունը.

դ) սահմանված վարձի մուծման դեպքում տալ անշարժ գույքի միավորի վերաբերյալ կազմված կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեններ:

(52-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 53.

Պետական գրանցման սուբյեկտների իրավունքները

 

Պետական գրանցման սուբյեկտներն իրավունք ունեն`

ա) սահմանված կարգով ստանալ տեղեկություններ` գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ.

բ) վերադասության, դատական կարգով գանգատարկել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց գործողությունները.

գ) պահանջել անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց հասցված վնասի փոխհատուցում:

 

Հոդված 54.

Պետական գրանցման սուբյեկտների պարտավորությունները

 

Պետական գրանցման սուբյեկտները պարտավոր են`

ա) գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների փոփոխության հետ կապված ցանկացած իրավական գործարք 30 օրվա ընթացքում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում.

բ) անշարժ գույքի պետական ռեգիստրի պահանջով ներկայացնել գույքի նկատմամբ իրավունք հիմնավորող այլ փաստաթղթեր.

գ) վճարել պետական գրանցման համար սահմանված վճարները:

 

Հոդված 55.

Պետական գրանցման հետ կապված վեճերի լուծումը

 

Պետական գրանցման հետ կապված վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 56.

Անցումային դրույթներ

 

Սույն օրենքով սահմանված` պետական գրանցման համար նախատեսված ժամկետը չի տարածվում մինչև սույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա գույքի և դրա նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի վրա: Նշված փաստաթղթերը, անկախ կնքման կամ հաստատման ժամկետից, հիմք են համարվում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար` սեփականատերերի և օգտագործողների կողմից սահմանված կարգով ներկայացնելու դեպքում:

 

Հոդված 57.

Միջազգային պայմանագրերի կիրառումը

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 58.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
30 ապրիլի 1999 թ.
ՀՕ-295