Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-78-Ո-Կ-18
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-78-Ո-Կ-18

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Ս. Չիչոյանի

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի

 

Դ. Խաչատուրյանի

 

Մ. Մակյանի

 

Ա. Մխիթարյանի

Վ. Քոչարյանի
   

Արդարադատության նախարարի
տեղակալ

Գ. Մինասյանի

   

Արդարադատության նախարարի
ներկայացուցիչներ

Ա. Բադալյանի

Ա. Սուջյանի

 

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ա. Փիլոսյանի

   
   

քարտուղարությամբ՝

Թ. Ղուկասյանի

 

2022 թվականի սեպտեմբերի 26-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի N 63-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Նախարար) կողմից 2022 թվական մարտի 24-ի թիվ 30-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ Հայկ Սանոյանի 2022 թվականի մայիսի 16-ի զեկուցագրի հիման վրա Նախարարին հայտնի է դարձել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Աննա Փիլոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կողմից թույլ են տրվել առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ:

Նախարարի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 30-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը 2022 թվականի ապրիլի 08-ին ներկայացրել է գրավոր բացատրություն՝ կից ներկայացնելով թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերի նյութերը:

Նույն կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ հարուցած մարմինը, իրականացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված իրավունքը, դատարանում ծանոթացել է թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերի նյութերին:

Նախարարի 2022 թվական մայիսի 20-ի թիվ 49-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 2022 թվականի հուլիսի 06-ի N 59-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասը, 297-րդ հոդվածի 4-րդ մասը, 170-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը,  200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և վերլուծելով վերը նշված իրավանորմերը, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքը չի բացառում դատարանի կողմից գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացնելու մասին որոշում ընդունելուց հետո պարզեցված վարույթի կարգով քննությունից ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության անցնելու հնարավորությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին՝ հրավիրելով նախնական դատական նիստ: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով: Ընդ որում, նշված նորմով սահմանված է պարզեցված վարույթը բացառող հիմքերի սպառիչ ցանկ: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից համապատասխան որոշմամբ պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի անցնելու համար անհրաժեշտ է վերոնշյալ հիմքերից որևէ մեկի առկայությունը, ինչպես նաև անհրաժեշտ է համապատասխան որոշման (միջանկյալ դատական ակտի տեսքով) առկայությունը, որով կհավաստվի նշված հիմքերից որևէ մեկի առկայությունը՝ դարձնելով հասցեատիրոջ համար ընկալելի նման որոշման կայացման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը:

Նախարարը վերոգրյալի համատեքստում նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտի հիմնավորվածության պահանջի հետ համադրելու արդյունքում ստացվում է, որ դատարանի կողմից որևէ գործով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան որոշմամբ հիմնավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայությունը՝ անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերի ներկայացմամբ: 

Քննարկվող դեպքում Նախարարը նշել է, որ Դատարանը թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ անհրաժեշտ է գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ բավարարվելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ (բոլոր հիմքերի թվարկմամբ) և 5-րդ մասերի պարզ շարադրանքով (ընդ որում, նշված հոդվածի 5-րդ մասը վերաբերում է պարզեցված վարույթ կիրառելու օրենքով նախատեսված այլ դեպքերին, ոչ թե պարզեցված վարույթի դադարեցմանը), առանց համապատասխան փաստական հիմքերի վկայակոչմամբ հիմնավորելու պարզեցված վարույթը դադարեցնելու նշված գործով կիրառելի իրավական հիմքի առկայությունը և առանց ներկայացնելու Դատարանի կողմից փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ կատարված դատողությունների ընթացքն ու դրանց կապը որոշմամբ կատարված եզրահանգումների հետ:

Ըստ Նախարարի մյուս՝ թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործով ևս Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի անցնելու անհրաժեշտությունը՝ այն հիմնավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ (բոլոր հիմքերի թվարկմամբ) և 5-րդ մասերի պարզ շարադրանքով և պատճառաբանելով հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու հանգամանքով այն դեպքում, երբ նշված գործի նյութերում առկա չէ հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում (դիմումի բացակայության վերաբերյալ եզրակացություն կատարելու համար հիմք է ընդունվել Նախարարի կողմից 2022 թվականի մարտի 24-ի թիվ 30-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված տվյալ գործի նյութերի ուսումնասիրությունը, ինչպես նաև թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործի նյութերի՝ Դատարանում կատարված ուսումնասիրությունը):

Բացի այդ, ըստ Նախարարի՝ նշված հարցերի վերաբերյալ որոշում կայացնելիս իրավական հիմքերը բացահայտելուց զատ կարևոր է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատական ակտի պատճառաբանվածության պահանջի պահպանմամբ բացահայտի համապատասխան որոշում կայացնելու շարժառիթները՝ դրանում արտացոլելով փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ իր դատողությունների ընթացքը և դրանց կապը դատարանի կողմից կատարված եզրահանգումների հետ: Հակառակ պարագայում, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով կհամարվի ոչ հիմնավոր և չպատճառաբանված դատական ակտ:

Նախարարը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) մի շարք վճիռներ, Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-896 և թիվ ՍԴՈ-1628 որոշումները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ5/0029/05/14 գործով կայացված որոշումը և դրանցում առկա դիրքորոշումները ենթարկելով վերլուծության, փաստել է, որ դատական ակտի պատճառաբանված լինելու պահանջը տարածվում է թե՛ միջանկյալ և թե՛ եզրափակիչ դատական ակտերի վրա, ընդ որում, Եվրոպական դատարանը փաստել է, որ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի պահպանումն է, որ կարող է հնարավորություն տալ անձին հետագայում պատշաճ կերպով իրացնելու իր բողոքարկման իրավունքը: Հատկանշական է նաև, որ թե՛ Եվրոպական դատարանի դիրքորոշումներում, թե՛ Սահմանադրական դատարանի նշված որոշումներում առկա չէ որևէ տարանջատում միջանկյալ և եզրափակիչ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջների միջև և դրանք երկուսն էլ կիրառում են ներառող «դատական ակտ» եզրույթը։

Ըստ Նախարարի՝ տվյալ գործի փաստական հանգամանքների համաձայն՝ պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումներն իրենցում որևէ վերաբերելի և անհրաժեշտ հիմնավորում և պատճառաբանություն չեն պարունակում, ինչն առնվազն հնարավորություն կտար կողմերին հասկանալու նման ակտի կայացման դրդապատճառները, դատարանի դատողությունների ընթացքը:  Միաժամանակ, Դատավորի կողմից վկայակոչվող մոտեցմամբ (այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգավորումների համատեքստում միջանկյալ դատական ակտի  վրա չի տարածվում դատական ակտի պատճառաբանված լինելու պահանջը) առաջնորդվելու դեպքում պատճառաբանման չպետք է ենթակա լինեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով թվարկված՝ ուղղակի բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումները, այնինչ նման մոտեցումը միանգամայն հակադրվում է թե՛ Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի արտահայտած, թե՛ հենց նույն Դատավորի կողմից իր բացատրությամբ ներկայացված դիրքորոշումներին, այն մասով, որ հիմնավորված և պատճառաբանված դատական ակտի կայացման անհրաժեշտությունը կայանում է անձի համար իր բողոքարկման իրավունքի իրացումն առարկայական և կանխատեսելի դարձնելու մեջ։

Նախարարը հատկանշական է համարել, որ, այնուամենայնիվ, թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործով Դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ տվել է դրան որոշակի պատճառաբանություն՝ պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի անցնելու անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ (բոլոր հիմքերի թվարկմամբ) և 5-րդ մասերի պարզ շարադրանքից զատ նաև Դատարանը պատճառաբանել է ակտի կայացման անհրաժեշտությունը՝ հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու հանգամանքով: Եվ չնայած նրան, որ Դատավորն այնուհետև փաստել է խնդրո առարկա գործի շրջանակներում իր թույլ տված հերթական սխալը (վրիպակը) առ այն, որ առհասարակ նմանատիպ դիմում գործում ներկայացված չի եղել (դրանով վերստին ի ցույց դնելով իր ոչ բարեխիղճ վերաբերմունքը տվյալ գործի քննության նկատմամբ), այնուամենայնիվ, դրանով փաստել է, որ անգամ Դատավորի տիպային փաստաթղթերում (որոնք ենթակա են կիրառման այլ նմանաբնույթ գործերում), պատճառաբանվածության որոշակի չափանիշը բավարարված է լինում: Միաժամանակ ակնհայտ է, որ դատական ակտում նման վրիպակի առկայությունը որևէ կերպ չի կարող ակտի հասցեատիրոջ համար ընկալելի դարձնել (այլև շփոթության մեջ կարող է գցել) նման որոշման կայացման նպատակը և դրդապատճառները, քանի որ ակտում վկայակոչված հիմքը՝ հայցի առարկայի լրացում թույլատրելու մասին դիմումը, ըստ Դատավորի, առհասարակ ներկայացված չի եղել: Նշվածը վերստին փաստում է խնդրո առարկա  դատական ակտը պատճառաբանված լինելու անհրաժեշտության մասին:

Ներկայացված միջնորդությամբ Նախարարն ընդգծել նաև, որ անհասկանալի է այդպիսի «տիպային» փաստաթղթի կիրառման իրավաչափությունը, քանի որ ըստ տիպային փաստաթղթի՝ ներկայացված է եղել միայն հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը, այսինքն՝ հայցի առարկայի լրացման վերաբերյալ դիմումն ինքնին բավարար չէ գործի պարզեցված վարույթի կարգով քննությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու համար:

Նախարարը նշել է, որ այնուամենայնիվ, եթե Խորհուրդը, չնայած Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի արտահայտած հստակ իրավական դիրքորոշումներին, հանգի այն եզրակացության, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը կիրառելի չէ սույն գործով, այն է՝ պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի անցնելու մասին որոշումների նկատմամբ, և գտնի, որ տվյալ ակտերի նկատմամբ տարածվում են միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ միայն դատական ակտի հիմնավորվածության պահանջը, այդ կապակցությամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը նշել է, որ հիմնավորված որոշումը պետք է պատճառաբանված լինի, սակայն դրանք, իհարկե, նույնական պահանջներ չեն։ Հիմնավորվածությունն օբյեկտիվ կատեգորիա է, քանի որ այդ պահանջի ուժով դատական ակտը պետք է հիմնված լինի դատարանի կողմից պարզված որոշակի հանգամանքների և իրավական նորմերի վրա (ունենա փաստական և իրավական բավարար և անհրաժեշտ հիմքեր)։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջի ամրագրումը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որոշակի իրավական ակտերի նորմերի վերացական շարադրման պահանջ առանց առնվազն առերևույթ հստակեցնելու դրանց կապը գործի փաստական հանգամանքների հետ, քանի որ նման մեկնաբանությունը պարզապես կիմաստազրկի իրավական հիմքերի՝ օրենքով ամրագրված «անհրաժեշտ» լինելու բաղադրատարրի գոյությունը: Հետևաբար, պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի անցնելու մասին որոշումների կայացման դեպքում գործը պարզեցված վարույթի կարգով քննելը բացառող հիմքերի պարզապես թվարկումը, ինչպես նաև մյուս գործով ի հավելումն պարզ թվարկման՝ նաև Դատավորի կողմից սխալ (վրիպակ պարունակող)՝ իրականության հետ որևէ առնչություն չունեցող փաստական հանգամանքի վկայակոչումը չեն կարող դիտարկվել որպես հիմնավորվածության պահանջի իրացում այնքանով, որքանով առնվազն հասցեատիրոջ համար որոշակիացված չէ այն անհրաժեշտ և կոնկրետ իրավական հիմքը, որով պայմանավորված էլ որոշում է կայացվել անցնելու գործի ընդհանուր կարգով քննության: Ավելին՝ նման վերացական որոշման կայացումը որևէ կերպ կանխատեսելի չի դարձնում կողմերի համար նիստի ժամանակ գործի քննության ընթացքը, հնարավոր քննարկվելիք հարցերի շրջանակը և զրկում է իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Նախարարը, վկայակոչելով Խորհուրդի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, գտել է, որ անհիմն է Դատավորի կողմից Խորհրդի կողմից Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-20 որոշումը մեջբերելը որպես Խորհրդի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջի բացառման փաստարկ, քանի որ վերը վկայակոչված որոշմամբ Խորհուրդը արձանագրել է պատճառաբանված միջանկյալ դատական ակտ (գործի քննությունը վերսկսելու մասին) կայացնելու անհրաժեշտությունը՝ առանց պատճառաբանության միջանկյալ դատական ակտի ընդունումը, ի թիվս այլնի համակցության, որակելով որպես կոպիտ խախտում:

Վերոգրյալի հիման վրա Նախարարը փաստել է, որ Դատավորը, թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացնելով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, խախտել է դատավարական իրավունքի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերը։

Նախարարը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին մասի և 161-րդ հոդվածի իրավակարգավորումները, նշել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ նշված քաղաքացիական գործերով Դատարանի կողմից համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին առանձին դատական ակտերի ձևով կայացված գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չեն ուղարկվել կողմերին, իսկ թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի հուլիսի 12-ի որոշումը կողմերին չուղարկվելուց բացի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտմամբ Դատարանի կողմից չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը նշված որոշմամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, և հաջորդ նիստը նշանակվել է արդեն 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ հերթական անգամ ձգձգելով գործի քննությունը: 

Ըստ Նախարարի նշված խախտումների առկայությունը նաև ընդունվել է Դատավորի կողմից՝ փաստելով խախտումների անառարկելի լինելու հանգամանքը։ Ինչ վերաբերում է բացատրությամբ Դատավորի կողմից դատարանի ծանրաբեռնվածության, աշխատանքային (սենյակային, տարածքային) պայմանների վերաբերյալ ներկայացված պատճառաբանություններին, Նախարարը նշել է, որ Դատարանի ծանրաբեռնվածության որոշակի մակարդակի առկայությունը որևէ կերպ չի կարող արդարացում հանդիսանալ Դատավորի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու և անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը խախտելու համար։ Հակառակ մոտեցման պարագայում, ցանկացած նմանատիպ խախտումների պայմաններում դատավորները, վկայակոչելով ներկայիս ծանրաբեռնվածության որոշակի մակարդակը (որի առկայությունը, իհարկե, չի վիճարկվում վարույթ հարուցող մարմնի կողմից), կքողարկեն իրենց կողմից դատավարական նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտման փաստը, ինչը չի կարող ընդունելի համարվել իրավական պետությունում և, առհասարակ, կիմաստազրկի դատավորի՝ հասարակական հարաբերությունների կարգավորման մեջ ունեցած առանձնահատուկ դերակատարությունը, ինչպես նաև նրանց կողմից օրենսդրության պահանջների պահպանման հրամայականի առկայությունը:

Նախարարը, վկայակոչելով Խորհուրդի 2022 թվականի հունիսի 06-ի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, նշել է, որ սույն գործի նմանությունը վկայակոչված գործի հետ կայանում է նրանում, որ Դատարանը 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացրած պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումների մասին որևէ կերպ չի տեղեկացրել գործին մասնակցող անձանց՝ ընդհուպ մինչև 9 ամիս վերջիններս որևէ կերպ տեղեկացված չեն եղել ոչ միայն այդ որոշումների, այլև, առհասարակ, տվյալ գործերի ընթացքի վերաբերյալ և գործին մասնակցող անձինք ընդհուպ մինչև 10 ամիս սպասել են եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը: Հատկանշական է, որ նշված որոշումների ուղարկված չլինելու, ինչպես նաև դատական նիստի մասին կողմերին ծանուցված չլինելու հանգամանքները հայտնի են դարձել կողմերին Նախարարի կողմից 2022 թվականի մարտի 24-ին Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց հետո միայն: Ըստ Նախարարի՝ իր կողմից վարույթ հարուցելուց հետո բավականին սեղմ ժամկետում (25 օր հետո)՝ երկու գործերով էլ նշանակվել են դատական նիստեր նույն օրը՝ 2022 թվականի ապրիլի 18-ին, ընդ որում, երկու գործերով էլ` թե՛ 2022 թվականի ապրիլի 18-ին դատական նիստ հրավիրելու, թե՛ մինչ այդ դատական նիստերը որոշակի պատճառներով կայացած չլինելու մասին տվյալները ներբեռնվել են www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ Նախարարի կողմից Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուց 7 օր հետո՝ նույն ժամանակային միջակայքում՝ 31.03.2022թ. 13:02:42-ից և 31.03.2022թ. 13:07:42-ից:

Նախարարը նշել է, որ հատկանշական է նաև այն, որ թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործի նյութերում առկա է 2021 թվականի օգոստոսի 17-ի դատական նիստի ոչ թե ձայնային, այլ՝ պարզ թղթային արձանագրությունը, որը չի պարունակում որևէ հիմնավորում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության մասին:

Վերոգրյալով պայմանավորված, Նախարարը գտել է, որ Դատավորը, թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացնելով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումները կողմերին չուղարկելով, ինչպես նաև թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով չապահովելով կողմերի պատշաճ ծանուցումը՝ 2021 թվականի հուլիսի 12-ին որոշմամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների խախտումներ:

Նախարարը, վկայակոչելով Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, հանգել է այն հետևության, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ, թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Ըստ Նախարարի՝ տվյալ դեպքում, նշված գործերով Դատավորը, պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ կայացնելով, այսինքն՝ այնպիսի դատական ակտերի կայացմամբ, որոնց անհրաժեշտությունը, առհասարակ, օբյեկտիվորեն առկա չի եղել, անհարկի ձգձգել է գործի քննության ընթացքը, բացի այդ, թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի օգոստոսի 17-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ կողմերին չծանուցելը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունեցել գործի քննության ժամկետների վրա։ Արդյունքում, Դատավորի վարքագիծը, որին գումարվում է նաև իր կողմից կայացվող դատական ակտերում՝ ակտի կայացման առանցքային հիմք հանդիսացող, սակայն գոյություն չունեցող փաստերի վկայակոչումը՝ «վրիպակի» հետևանքով, վտանգում է դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում անձանց վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացման տեսանկյունից դատավարության մասնակցի համար խոչընդոտներ է ստեղծում իրեն հուզող հարցի հանգուցալուծման վերաբերյալ կանխատեսվող ժամկետներում տեղեկանալու առումով:

Նախարարը գտել է, որ տվյալ դեպքում Դատավորին վերագրվող դատավարական իրավունքի նորմի խախտումներն իրենց հերթին հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:

Ինչ վերաբերում է վերը նշված խախտումների ազդեցությանը դատական իշխանության հեղինակազրկման և տվյալ դատավորի՝ դատավորի կարգավիճակին  համապատասխանության հարցին, Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից դրսևորած վարքագիծը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը, քանի որ որևէ կերպ չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտեր կայացնելը, այդ դատական ակտերը կողմերին չուղարկելը՝ ընդհուպ մինչև 10 ամիս եզրափակիչ դատական ակտի հրապարակման լեգիտիմ ակնկալիք պահպանելով կողմերի մոտ (քանի որ արդեն իսկ ընդհուպ մինչև 10 ամիս նախապես նշանակված դատական ակտի հրապարակման օրվա փոփոխության վերաբերյալ կողմերը տեղեկացված չեն եղել), ուղղակիորեն նպաստել է դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։

Ըստ Նախարարի՝ նշված խախտումներն իրենց համակցությամբ հանգեցրել են հիշյալ գործերով կողմերի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր համարվող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտման: Գործով կողմերի նշված իրավունքների խախտումն ինքնին նվազեցնում է կողմերի և հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը: Միաժամանակ, Դատավորի կողմից փաստացի նման անտարբեր վերաբերմունքի դրսևորումը խնդրո առարկա գործերի, դրանցով կայացված ակտերի հիմնավորվածության, կողմերին պատշաճ ծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ ուղղակիորեն կասկածի տակ է դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հենց նման վարքագիծն է, որ հանգեցնում է դատական իշխանության հեղինակազրկման՝ խաթարելով կամ աղավաղելով դատարանի դերը և վերջինիս կողմից իրականացվող գործառույթները, որոնց թվում են գործի ընթացքի մասին կողմերին իրազեկելու անհրաժեշտությունը, նրանց համար բացահայտելու  տվյալ դատական ակտը կանխորոշող արդարադատության նպատակների հետ առնչվող պատճառները։

Նախարարը, անդրադառնալով մեղքի ձևին և վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները, նշել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացնելով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, ինչի մասին է վկայում նաև իր կողմից ներկայացված բացատրությամբ արտահայտված տեսակետն առ այն, որ միջանկյալ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված չէ, իսկ դատական ակտը գործի քննության մի փուլում չհիմնավորելը, և մեկ այլ փուլում դրան անդրադառնալը (առնվազն նմանատիպ գործերի շրջանակներում) ընդունված պրակտիկա է և բնորոշ մեր երկրում ձևավորված իրավական մշակույթին։ Միաժամանակ, նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում կողմերին չուղարկելու, ինչպես նաև թիվ ԵԴ/6548/02/21 գործով 2021 թվականի օգոստոսի 17-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ կողմերին չծանուցելու առնչությամբ Դատավորն ընդունել է խախտումների առկայության անառարկելի լինելու հանգամանքը՝ ըստ էության պայմանավորելով դրանց կատարումը Դատարանի ծանրաբեռնվածության հետ։

Ամփոփելով վերը նշվածը՝ Նախարարը փաստել է, որ Դատարանի կողմից թույլ են տրվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ նշելով հետևյալը.

Թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին և 2021 թվականի հոկտեմբերի 22-ին կայացված պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումների հիմնավորված և պատճառաբանված չլինելու խախտման առնչությամբ Դատավորը հայտնել է. «Թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ Պատասխանողները հայտարարում են հայցվորի կողմից ներկայացված ապացույցների, այդ թվում՝ (…) ոչ իսկական լինելու մասին (…) Թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողներն ամբողջությամբ առարկում են հայցի փաստական հիմքերում ընկած նշված փաստերի մասով, այն անհիմն է, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև Հայցվորի կողմից սույն գործով Դատարանին, ինչպես նաև Պատասխանողներին չի ներկայացրել հայցի փաստական հիմքերը հաստատող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ (…) ելնելով պատասխանողների հիշյալ դիրքորոշումներից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներից (…) գտել եմ, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը՝ գործերն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու համար և կայացրել եմ համապատասխան որոշումներ (…):

(…) խնդրո առարկա որոշումների պարագայում անգամ, եթե այն բավարար հստակությամբ չի բացահայտում դատական ակտի հիմքում ընկած փաստական հանգամանքները /թեև դրանք վկայակոչվել են պատասխանողների կողմից և համապատասխան դատավարական փաստաթուղթը առաքվել է նաև հայցվոր ընկերությանը/ գործի հետագա քննության, նախնական դատական նիստում կատարվելիք դատավարական գործողությունների, կայացվելիք միջանկյալ դատական ակտերի/ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում/ շրջանակներում դրանք ամբողջ ծավալով բացահայտվելու են, դառնալու դատական քննության առարկա և այդ տեսանկյունից հիշյալ դատական ակտերում առավել լայն փաստարկված հիմքի բացակայությունը դատավարության մասնակիցների համար իրենց դատավարական ռազմավարության/ վարքագծի մշակման, դատավարական իրավունքների իրացման կամ պարտականությունների կատարման համար որևէ սահմանափակման չի հանգեցնում։

Ընդ որում` հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ միջանկյալ դատական ակտի դատավարության մի փուլում չհիմնավորելը, և մեկ այլ փուլում դրան անդրադառնալը /հիմք ընդունելով, իհարկե, կոնկրետ փուլում հիմնավորվածության ցածր շեմով արդարադատության էությանը չվնասելու հանգամանքը/ ընդունված պրակտիկա է և բնորոշ մեր երկրում ձևավորված իրավական մշակույթին: Որպես դրա դրսևորում կարող եմ վկայակոչել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ վերջինիս ներկայացուցիչների կողմից ներկայացված կարգապահական վարույթը կարճելու միջնորդությունը դատական նիստում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից առանց հիմնավորելու և պատճառաբանելու մերժելու, այնուհետև մանրամասն հիմնավորումները և պատճառաբանությունները 29.11.2021 թվականի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման մեջ շարադրելու դեպքը (…)»:

Միաժամանակ, Դատավորը, որպես իր վկայակոչած տեսակետը հիմնավորող փաստարկ, վկայակոչել է Խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-20 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, որի համաձայն՝ օրենսդիրը միջանկյալ դատական ակտերի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանել է այլ իրավակարգավորումներ և սահմանափակվել է նույն օրենսգրքի 8-րդ հոդվածով ամրագրված դատական ակտի հիմնավորվածության պահանջով:

Դատավորը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասի խախտմանը (այն առնչությամբ, որ ո՛չ հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում, ո՛չ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ առանձին դատական ակտի ձևով որոշում առկա չեն եղել գործի նյութերում), արձանագրել է, որ թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման մեջ տեղ է գտել վրիպակ (տիպային ձևի կիրառմամբ պայմանավորված) և հիշյալ գործով հայցի առարկայի լրացում թույլատրելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:

Պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին նշված երկու գործերով որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում կողմերին չուղարկելու և թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի օգոստոսի 17-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ Դատարանի կողմից պատշաճ ծանուցումը չապահովելու խախտումների առնչությամբ Դատավորը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 199-րդ հոդվածների պահանջների խախտման փաստն անառարկելի է, սակայն այդ խախտումները չեն կարող դիտարկվել և գնահատվել առանց այնպիսի հանգամանքների հաշվառման, ինչպիսին են Դատարանի ծանրաբեռնվածությունը, աշխատանքային (սենյակային, տարածքային) պայմանները: Դատավորը ներկայացրել է նաև որոշակի վիճակագրական տվյալներ 2021 թվականին իր վարույթում քննվող գործերի վերաբերյալ (ընդհանուր 5,455 գործ):

Արդյունքում, Դատավորը եզրահանգել է, որ իր կողմից կատարված արարքը չի կարող գնահատվել որպես արարք, որը ենթադրում է կարգապահական պատասխանատվության կիրառում, Դատավորի կողմից դրսևորած վարքագիծը կասկած չի հարուցում ձեռնհասության, անկախության և անկողմնակալության վերաբերյալ և չի հանգեցնում դատական իշխանության հեղինակազրկման, չի խաթարում կամ աղավաղում դատարանի դերը և վերջինիս կողմից իրականացվող գործառույթները:

Բարձրագույն դատական խորհրդում կայացած նիստին ներկայացրած առարկությամբ Դատավորը հայտնել է, որ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 19.11.2002 թվականի «Դատավորների մասնագիտական վարվելակերպը, մասնավորապես էթիկան՝ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը և անաչառությունը կանոնակարգող սկզբունքների և կանոնների մասին» թիվ 3 կարծիքով արձանագրվել է հետևյալը. «Ճիշտ չէ պատշաճ մասնագիտական չափանիշների խախտումները կապել զանցանքի հետ, որի արդյունքում կարող են կարգապահական սանկցիաներ կիրառվել։ Մասնագիտական չափանիշները, որոնք սույն Կարծիքի առաջին մասի քննարկման հարց են, ներկայացնում են լավագույն գործելակերպը, որը բոլոր դատավորները պետք է փորձեն պահպանել և ինչին պետք է ձգտեն բոլոր դատավորները։ Չեն խրախուսվում նման չափանիշների հետագա մշակումն դրանց նպատակի թյուրընկալում այն իմաստով, որ դրանք պետք է ընկալվեն որպես իրավախախտման համար կարգապահական վարույթը հիմնավորող սկզբունքներ։ Կարգապահական վարույթը հիմնավորելու համար իրավախախտումը պետք է լինի լուրջ և չափազանց մեծ, այնպես, որ հնարավոր չլինի դրանք պարզապես փաստարկել, որովհետև չեն պահպանվել մասնագիտական չափանիշներ, ինչպիսիք նկարագրված են սույն Կարծիքի առաջին մասում նկարագրված ուղեցույցներում։ 

(...) Կարգապահական վարույթը, ըստ էության հիմնվում է այն վարքագծի վրա, որը հիմնարար կերպով հակասում է այն վարքագծին, որը ակնկալվում է պաշտոն զբաղեցնող մասնագետից, որը ենթադրաբար խախտում է թույլ տվել (...)»: 

Դատավորը Օրենսգրքի 142-րդ հոդվածի կարգավորումները մեկնաբանելով հիշատակված կարծիքում ներկայացված դիրքորոշումների համադրմամբ՝ կատարել է հետևյալ կարևոր արձանագրումները.

1.  Դատավորի կողմից թույլ տրված ցանկացած իրավախախտում (թերացում, վրիպում, սխալ) ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, այն պետք է լինի լուրջ և չափազանց մեծ, հիմնարար կերպով հակասի այն վարքագծին, որի դրսևորում ակնկալվում է դատավորից։

2. Դատավորը կարգապահական պատասխանատվության ենթակա է միայն մեղավորությամբ գործած իրավախախտման համար։

3. Դատավորի մեղքը կարող է դրսևորվել կամ դիտավորությամբ կամ կոպիպանփութությամբ։

4 Դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ դրսևորած մեղավոր վարքագիծը պետք է հանգեցրած լինի վերջինիս անհամապատասխանությանը դատավորի կարգավիճակին և իր էությամբ հեղինակազրկի դատական իշխանությունը։ 

Գնահատելու արդյոք իր կողմից թույլ տրվել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումներ և դրանք կարող են հանգեցնել կարգապահական պատասխանատվության կիրառման Դատավորը նշել է, որ նախ անհրաժեշտ է պարզել թե դատավորի որ գործողությունները/անգործությունը կարող է որակվել որպես դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված, դատավորի ինչպիսի վարքագիծը կարող է հանգեցնել դատավորի կարգավիճակի հետ անհամապատասխանության, ինչն է ընկած դատական իշխանության հեղինակության հիմքում, ուստիև դատավորի ինչպիսի վարքագիծը կարող է հանգեցնել դատական իշխանության հեղինակազրկմանը։ 

Օրենսգրքի 142-րդ հոդվածը որպես մեղքի դիտավորության դրսևորում դիտարկել է այն դեպքերը, երբ դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։ Այսինքն՝ երբ դատավորը, քաջատեղյակ լինելով օրենսդրական կարգավորումներին, իր իրավասությանը վերապահված հարցի/խնդրի լուծումը գիտակցված իրականացնում է կարգավորումների խախտմամբ։ Նշված հոդվածը որպես մեղքի կոպիտ անփութության դրսևորում դիտարկել է այն դեպքերը, երբ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել։ Այսինքն՝ երբ դատավորը, տեղյակ չլինելով իր լուծմանը առաջադրված հարցի/խնդիրի օրենսդրական կարգավորումներին, լուծումն իրականացնում է այդ կարգավորումների խախտմամբ, թեև ինքնին դատավորի կարգավիճակը ողջամտորեն ենթադրում է օրենսդրության պատշաճ իմացություն։

Անդրադառնալով դատավորի կարգավիճակի հետ անհամապատասխանության խնդրին՝ Դատավորը նշել է, որ յուրաքանչյուր դատավոր, Սահմանադրությամբ օժտված լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ, ներկայացնում է պետության արդարադատությունը, և նրա վարքագծի գործոնն առանցքային է արդարադատության նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորման հարցում։ Նշվածի գիտակցմամբ դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի ամենաբարձր չափանիշները՝ ապահովելու համար արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը։ Այդ պատճառով էլ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ դատավորներ կարող են լինել մասնագիտական, գործնական և բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձինք։ Այդ պահանջը բխում է նաև դատավորի կարգավիճակի մասին միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ Եվրոպական խարտիայի (1998թ.) դրույթներից, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք դատական մարմիններից և ամեն մի դատավորից իրավաչափորեն ակնկալում է ձեռնհասություն, անկախություն և անկողմնակալություն։ Այսինքն, կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման տեսանկյունից հարկ է փաստել, որ դատավորի կողմից դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել դատավորի ձեռնհասության, անկախության և անկողմնակալության վերաբերյալ։

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրի քննարկման տեսանկյունից թերևս առանցքային է փաստել, որ դատավորի կողմից դրսևորած գործողությունը/անգործությունը հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկման, ինչի համար նախ պետք է պարզել որ գործոնների ամբողջությունն է ձևավորում դատական իշխանության հեղինակությունը, համապատասխանաբար որ գործոնի խաթարումն է, որ կարող է հանգեցնել հեղինակազրկման։

Դատավորը ընդհանրացնելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ–30–Ո–Կ–9 որոշմամբ և Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Ժողովրդավարական հասարակությունում դատական իշխանության դիրքը և փոխհարաբերությունը իշխանության այլ թևերի հետ» թիվ 18 կարծիքով արտահայտած դիրքորոշումները, եզրահանգել է, որ դատական իշխանության հեղինակությունը ձևավորվում, ուստիև դրա վրա ազդում է ժողովրդավարական հասարակությունում դատարանի դերի, նշանակության և գործառույթներին վերաբերող հանգամանքներից։ Այլ կերպ դատավորի գործունեության արդյունքում դատական իշխանությանը կարող է հեղինակազրկել, եթե այդպիսի գործունեությունը լրջորեն խաթարել կամ աղավաղել է դատարանի դերը և վերջինիս կողմից իրականացվող գործառույթները։

Դատավորը հայտնել է, որ Նախարարի 2022 թվականի հուլիսի 20-ի N63-Ա որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 12.07.2021 թվականին և 22.10.2021 թվականին կայացված պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշումները, հիմնավորված և պատճառաբանված չեն»։ 

Դատավորը վկայակոչել է  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի  1-ին մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-20 որոշմամբ «Միջանկյալ դատական ակտի նկատմամբ արդյոք պահանջվում Է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի կանոնակարգումը» իրավական հարցադրման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը: Քննարկվող պարագայում թիվ ԵԴ/6548/02/21 և ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով պատասխանողների (ներկայացուցիչ Վ. Պետրոսյան) դատարան են ներկայացվել հայցադիմումի պատասխաններ։ Թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողները հայտարարում են hայցվորի կողմից Դատարան ներկայացրած գրավոր ապացույցների, այդ թվում` 24.03.2016 թվականի թիվ 15.4-22/000651-16 գրության, 04.02.2020 թվականի թիվ 405148 վարկային պայմանագրի, 04.02.2020 թվականի թիվ 264368Ե երաշխավորության պայմանագրի, 07.07.2020 թվականի թիվ 405148/1 Համաձայնագրի, մարման ժամանակացույցի, վարկի ստացման կտրոնի, նախադատական ծանուցման և նախապատական ուղարկման անդորրագրի ոչ իսկական լինելու մասին, այսինքն վիճարկվում է նշված փաստաթղթերի իսկությունը։

Թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով պատասխանողների ներկայացուցիչը նշել է, որ պատասխանողներն ամբողջությամբ առարկում են հայցի փաստական հիմքում նշված փաստերի մասով, այն չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև հայցվորի կողմից սույն գործով Դատարանին, ինչպես նաև պատասխանողներին չի ներկայացրել հայցի փաստական հիմքերը հաստատող որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցներ։

Դատավորը նշել է, որ ելնելով պատասխանողների հիշյալ դիրքորոշումներից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներից, հիշյալ դիրքորոշումների՝ ուղղությամբ քննություն իրականացնելու, թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով ներկայացված փաստերի իրականությանը չհամապատասխանելու դիրքորոշումը մասնավորեցնելու, դրա ուղղությամբ անհրաժեշտ դատավարական գործողություններ կատարելու, ապացույցները ներկայացնող հայցվոր կողմին փաստաթղթերի իսկական լինելն ապացուցելու հնարավորություն ընձեռելու, դրանով պայմանավորված փորձաքննություն նշանակելու հնարավորությունը քննարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված գտել է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը գործերն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և կայացրել համապատասխան որոշումներ։

Օրենսդրի կողմից հիմնավորված դատական ակտ կայացնելու չափանիշի սահմանումը նպատակ է հետապնդում դատավարության մասնակիցների համար բացահայտելու այն փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել դատարանի այս կամ այն որոշման համար, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս դատավարության մասնակիցներին իրենց օրինական շահերի առավելագույն ապահովման նպատակով մշակելու հետագա դատավարական վարքագիծը։

Գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու որոշման դեպքում դրա կայացման հիմքում ընկած փաստական հանգամանքների առավել լայն բացահայտումն ըստ էության հնարավորություն է տալիս դատավարության մասնակիցներին մշակելու իրենց դատավարական ոազմավարությունն այն հիմքերի ուղղությամբ, որոնք քննության առարկա են դառնալու հայցային վարույթի կարգով քննության ժամանակ։

Դատավորը կարևորել է նշել որ խնդրո առարկա որոշումների պարագայում անգամ եթե այն բավարար հստակությամբ չի բացահայտում դատական ակտի հիմքում ընկած փաստական հանգամանքները (թեև դրանք վկայակոչվել են պատասխանողների կողմից և համապատասխան դատավարական փաստաթուղթն առաքվել է նաև հայցվոր ընկերությանը) գործի հետագա քննության, նախնական դատական նիստում կատարվելիք դատավարական գործողությունների, կայացվելիք միջանկյալ դատական ակտերի (ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում) շրջանակներում դրանք ամբողջ ծավալով բացահայտվելու են, դառնալու դատական քննության առարկա և այդ տեսանկյունից հիշյալ դատական ակտերում առավել լայն փաստարկված հիմքի բացակայությունը դատավարության մասնակիցների համար իրենց դատավարական ռազմավարության/վարքագծի մշակման, դատավարական իրավունքների իրացման կամ պարտականությունների կատարման համար որևէ սահմանափակման չի հանգեցնում։

Ընդ որում միջանկյալ դատական ակտի դատավարության մի փուլում չհիմնավորելը, և մեկ այլ փուլում դրան անդրադառնալը (հիմք ընդունելով, իհարկե, կոնկրետ փուլում, հիմնավորվածության ցածր շեմով արդարադատության էությանը չվնասելու հանգամանքը) ընդունված պրակտիկա է և բնորոշ մեր երկրում ձևավորված իրավական մշակույթին։ Որպես դրա դրսևորում Դատավորը վկայակոչել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման ժամանակ վերջինիս ներկայացուցիչների կողմից ներկայացված կարգապահական վարույթը կարճելու միջնորդությունը դատական նիստում Բարձրագույն դատական խորհրդի կողմից առանց հիմնավորելու և պատճառաբանելու մերժելու, այնուհետև մանրամասն հիմնավորումները և պատճառաբանությունները 2021 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման մեջ շարադրելու դեպքը։

Բացի այդ՝ դատական ակտերի պատճառաբանվածության չափանիշի սահմանման իրավական նշանակության պահանջն ուղղակիորեն պայմանավորված է դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի հետ, այլ կերպ հստակ և մանրամասն պատճառաբանված դատական ակտն առավել առարկայական և կանխատեսելի է դարձնում բողոքարկման իրավունքի իրացումը, մինչդեռ խնդրո առարկա դատական ակտը բողոքարկման ենթակա չէ, ինչն էապես նվազեցնում է պատճառաբանվածության չափանիշի իրավական, նշանակությունը։

Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Դատավորը գտել է, որ իր կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 301-րդ հոդվածների 1-ին մասերի խախտումներ թույլ չեն տրվել, իսկ եթե վարույթ հարուցող մարմինը գտնում է, որ խախտումները տեղ են գտել, դրանք իրենց նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չեն կարող դնել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։ 

Դատավորը, անդրադառնալով Նախարարի որոշման մեջ նշված Եվրոպական և Սահմանադրական դատարանների որոշումների վկայակոչմանը, նշել է, որ Նախարարի մեջբերած Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից ընդունված դատական ակտերի վերլուծությունը լրիվ հակառակ եզրահանգման է բերում։ Նախ, Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի դատական ակտերում առկա իրավական դիրքորոշումները պետք է դիտարկել այդ մարմինների առջև տվյալ կոնկրետ գործերով բարձրացված, իրավական հարցերի համատեքստում։ Դրանցում իսկապես «առկա չէ որևէ տարանջատում միջանկյալ և եզրափակիչ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջների միջև» այն պարզ պատճառով, որ նման իրավական հարց մեջբերված ու վկայակոչված Եվրոպական դատարանի 8 և Սահմանադրական դատարանի 2 գործերում բարձրացված չէ։ Ընդ որում, դրանցից ոչ մեկը չի վերաբերում միջանկյալ դատական ակտի, ուստի նշված բոլոր իրավական դիրքորոշումները պետք է վերաբերելի համարել բացառապես եզրափակիչ դատական ակտերին։

Օրինակ, Սահմանադրական դատարանի 2022թ. փետրվարի 1-ի թիվ ՍԴՈ-1628  որոշման մեջ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում «վեճի լուծում» չհանդիսացող և զուտ ընթացակարգային բնույթ կրող դատական ակտի վրա տարածելով նենգափոխվում է այդ իրավական դիրքորոշումների ողջ տրամաբանությունը։ Նույնը վերաբերում է 2010 թվականի հունիսի 15-ի թիվ ՍԴՈ-896 որոշմանը:

Ինչ վերաբերում Նախարարի կողմից վկայակոչված Եվրոպական դատարանի վճիռներին, ապա  բոլոր գործերը վերաբերել են եզրափակիչ դատական ակտերին, որոնք կամ լուծում են վեճը, կամ ավարտում են վարույթը որևէ ատյանում։ Դրանցից որևէ մեկը չի վերաբերում ընթացակարգային բնույթ կրող դատական ակտերին։ Ավելին, Եվրոպական դատարանի դատական ակտերից կատարված հայերեն մեջբերումները մեկ էական հարցով հակասում են նույն ակտերի անգլերեն լեզվով պաշտոնական տեքստերին։

Դատավորը նշել է նաև, որ իրեն վերագրվել են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասով, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական նորմերի խախտումներ, որի էությունը հանգում է նրան, որ օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին չի առաքվել գործը հայցային վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշումները և չեն ուղարկվել դատական ծանուցագրեր։

Դատավորը նշել է, 2020 թվականից 2021 թվական փոխանցվել են իր վարույթում քննվող 488 քաղաքացիական գործ, 2021 թվականին իրեն մակագրվել է 1027 արբիտրաժային, 2175 քաղաքացիական գործեր, 1765 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներ, ընդհանուր 5455։ 2021 թվականին իր նախագահությամբ հրավիրվել են 1000-ից ավել դատական նիստեր, կայացվել է 879 նիստ, մնացածը չեն կայացել քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ» նստավայրը քրեական մասնագիտացման նստավայր սահմանվելու կապակցությամբ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների այլ համապատասխան մասնագիտացման նստավայր տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված, 1451 քաղաքացիական գործով կայացվել է եզրափակիչ դատական ակտ, քննվել և ավարտվել են ներկայացված բոլոր արբիտրաժային գործերը, վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումները, տրվել են 1000-ից ավել կատարողական թերթեր։ Միայն նստավայրի փոփոխությամբ պայմանավորված մեկ ամսվա կտրվածքով իր աշխատակազմի կողմից 438 քաղաքացիական գործով ուղարկվել են շուրջ 1824 նոր ծանուցագրեր, ստացված բոլոր քաղաքացիական, արբիտրաժային գործելով, ոչ էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունների դիմումներով ուղարկվել են ծանուցումներ, դատավարական փաստաթղթեր, եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր. իր աշխատակազմի կողմից ուղարկված փոստերի թիվը հատում է 10000-ը։

Դատավորը հավելել է, որ ստացված արբիտրաժային գործերի համար սահմանված է սեղմ՝ մեկամսյա ժամկետ, դրանցով դատարանի կողմից կայացվում է վարույթ ընդունելու և եզրափակիչ դատական ակտեր, տրվում կատարողական թերթ, պարզեցված վարույթով գործերի քննության շրջանակներում կայացվում է նվազագույնը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու որոշում և եզրափակիչ դատական ակտ, առաջին որոշման պարագայում դատական քննության առարկա են կազմում ինչպես հայցադիմումը վերադարձնելու, ընդունումը մերժելու, այնպես էլ պարզեցված վարույթ կիրառելու հիմքերի բացահայտումը, եզրափակիչ դատական ակտը ենթադրում է ապացույցների հետազոտում, պահանջի հիմնավորվածության ստուգում։ Հայցային վարույթի կարգով քննվող յուրաքանչյուր գործով պարտադիր կայացվում են երեք միջանկյալ դատական ակտեր, նախնական դատական նիստ նշանակելու, ապացուցման պարտականությունը բաշխելու և գործը դատաքննության նշանակելու վերաբերյալ։

Դատարանը ստանում և քննում է բազմաթիվ միջնորդություններ` գործին մասնակցող անձ ներգրավելու, կազմից հեռացնելու, հայցի ապահովում կիրառելու, ձևափոխելու, վերացնելու, հակընդդեմ ապահովում կիրառելու, գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու, ապացույց պահանջելու, հայցային վաղեմություն կիրառելու, հարկադիր կատարման փուլում հաշտության համաձայնությունը հաստատելու, առանձին միջնորդությունների համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, դրանց վերաբերյալ կայացվում են արձանագրային և առանձին ակտի տեսքով որոշումներ, որոնք բացի տեխնիկական հատվածից, պահանջում են մտավոր աշխատանք, ինչը որևէ ձևով չի արձանագրվում, չի կանոնակարգվում և անկանխատեսելի է, սակայն տանում է դատավորի աշխատաժամանակի մեծ մասը (մտածելու ժամանակ)։

Վերոգրյալի համատեքստում պետք է առանձնացնել իրավական խնդիրներ ունեցող և իրավական բարդ լուծումներ պահանջող գործերը, որոնց վրա առանձին դեպքերում կարող են ծախսվել շաբաթներ (ապացույցները հետազոտել, իրավական խնդրի վերաբերյալ մասնագիտական նյութեր գտնել, դրանց ծանոթանալ, գործի փաստերի նկատմամբ կիրառելիությունը որոշել, նախադեպային իրավունքին ծանոթանալ, համադրել ստացված տեղեկատվությունը, շարադրել դատական ակտը)։

2022 թվականի հունիսի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել Դատարանի 21 դատավորների կողմից ստորագրված տեղեկանք ստացված գործերը քննելու մոտավոր ժամանակի հաշվարկի մասին: Մինչդեռ, Դատարանի քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներին տարեկան մակագրվող գործերի քանակի և վերոհիշյալ հաշվարկի համադրման արդյունքում ստացվում է, որ դատավորը յուրաքանչյուր ցանկացած տիպի քաղաքացիական գործի լուծման համար կարող է առավելագույնը ունենալ 3 րոպե ժամանակ, ներառյալ գործով կայացվող բոլոր դատական ակտերը, գործով հրավիրվող բոլոր դատական նիստերի վրա ծախսվող ժամանակը։

Դատավորը նշել է  նաև, որ իր աշխատակազմի երեք աշխատակիցներին (դատավորի օգնական, դատավորի գործավար և դատական նիստերի քարտուղար) տրամադրված է մոտ 17քմ մակերեսով աշխատասենյակ, որտեղ դժվարությամբ տեղավորվել են գրասեղանները, ստացված գործերի համակարգված դասավորության ապահովման համար չկան տարածքային և գրասենյակային պայմաններ, ինչը գրեթե անհնարին է դարձնում գործերի անսխալ վերահսկումը։ Քաղաքացիական գործերի մեծ մասը շարված են հատակին, պատուհանագոգերին և դատավորի աշխատասենյակում (կրկին հատակին)։

Վերոգրյալի համատեքստում Դատավորը հայտնել է, որ  դատական ակտերի և դատական ծանուցագրերի ուղարկման գործողությունն անմիջականորեն չի իրականացվում դատավորի կողմից։ Վերը շարադրված հանգամանքներով պայմանավորված նախ անիրատեսական և ողջամիտ չէ ակնկալել դատավորի աշխատակազմից բացարձակ անսխալական աշխատանք, ապա նաև դատավորից աշխատակազմի կողմից իրականացվող գործառույթների նկատմամբ ամբողջական, ամենօրյա, ճշգրիտ վերահսկում։

Դատավորը հավելել է, որ դատավորի/աշխատակազմի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 199-րդ հոդվածների պահանջների խախտումներ թույլ տալու հանգամանքն անառարկելի է, սակայն այդ խախտումները չեն կարող դիտարկվել և գնահատվել առանց իր կողմից վերը նշված հանգամանքների հաշվառման և այդ հանգամանքների համատեքստում չեն կարող գնահատվել որպես կարգապահական խախտում։ Ընդգծել է նաև, որ դատավարական հիշյալ նորմերի առերևույթ խախտումները որևէ դատավարական իրավունքի սահմանափակման կամ խախտման չեն հանգեցրել։

Ամփոփելով վերը նշվածը՝ Դատավորը գտել է, որ թիվ ԵԴ/6548/02/21 և ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերի շրջանակներում իր դրսևորած վարքագիծը չի կարող գնահատվել որպես արարք, որը ենթադրում է կարգապահական պատասխանատվության կիրառում։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2021 թվականի փետրվարի 2-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լիպարիտ Սիմոնյանի, Սարգիս Ազարյանի, Վարդան Մարկոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Գործին տրվել է հերթական ԵԴ/6548/02/21 համարը և  մակագրվել Դատավորին:

4.2. Թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով Դատարանը 2021 թվականի մարտի 03-ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով որոշվել է եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել 2021 թվականի հուլիսի 02-ին:

4.3. Թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործի՝ պարզեցված վարույթի կարգով քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ չի կայացվել և չի հրապարակվել:

4.4. Դատարանն իր 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, առանց հիմնավորելու պարզեցված վարույթը դադարեցնելու հիմք(եր)ի առկայությունը, որոշել է թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և հրավիրել է նախնական դատական նիստ 2021 թվականի օգոստոսի 17-ին:

4.5. Թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործում բացակայում են 2021 թվականի հուլիսի 12-ի որոշումը կողմերին ուղարկված լինելու վերաբերյալ նյութերը:

4.6. 2021 թվականի օգոստոսի 17-ի դատական նիստի արձանագրության (պարզ թղթային տարբերակի) ուսումնասիրությունից պարզվել է, որ նիստը հետաձգվել է դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցումը չապահովելու պատճառով: Կազմված պարզ թղթային արձանագրությունը չի պարունակում որևէ հիմնավորում հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության կամ դրա օգտագործման անհնարինության մասին:

4.7. Հաջորդ՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի դատական նիստը չի կայացել Դատարանի՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը քրեական մասնագիտացման նստավայր սահմանվելու կապակցությամբ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների այլ համապատասխան մասնագիտացման նստավայր տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված:

4.8.  Հաջորդ՝ 2022 թվականի ապրիլի 18-ի դատական նիստը կայացել է, կողմերը պատշաճ ծանուցված են եղել:

4.9. «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 2021 թվականի հուլիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Անի Թումանյանի և Վարդան Մարկոսյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին: Գործին տրվել է հերթական ԵԴ/30249/02/21 համարը և մակագրվել Դատավորին:

4.10. Դատարանը 2021 թվականի հուլիսի 22-ին որոշում է կայացրել վերը նշված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով որոշվել է եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել 2021 թվականի հոկտեմբերի 22-ին:

4.11. Թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործի՝ պարզեցված վարույթի կարգով քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ չի կայացվել և չի հրապարակվել:

4.12. Դատարանն իր 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին, պարզ շարադրանքով և արձանագրելով հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելը, որը գործի քննության ընթացքում պարզվեց, որ վրիպակ է եղել, որոշել է թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և հրավիրել է նախնական դատական նիստ 2021 թվականի նոյեմբերի 15-ին:

4.13. Թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործում բացակայում են 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը կողմերին ուղարկված լինելու վերաբերյալ նյութերը, ինչպես նաև հայցվորի կողմից հայցի առարկան լրացնելու վերաբերյալ դիմումը:

4.14. 2021 թվականի նոյեմբերի 16-ի դատական նիստը չի կայացել Դատարանի՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը քրեական մասնագիտացման նստավայր սահմանվելու կապակցությամբ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների այլ համապատասխան մասնագիտացման նստավայր տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված:

4.15. Հաջորդ՝ 2022 թվականի ապրիլի 18-ի դատական նիստը կայացել է, կողմերը պատշաճ ծանուցված են եղել:

4.16. Թիվ  ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերի շրջանակներում Դատավորը նույն ամսաթվին՝ 2022 թվականի ապրիլի 28-ին կայացրել է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ Աննա Փիլոսյանի նկատմամբ պատասխանողների ներկայացուցիչ Վարդևան Պետրոսյանի հաղորդման հիման վրա Նախարարի որոշմամբ հարուցվել և ընթանում է կարգապահական վարույթ (www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ նշված դատական ակտերի ստեղծման ամսաթիվն է՝ 2022 թվականի մայիսի 10-ը):

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումն առերևույթ պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

 

  6. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրա­հանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպատական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Հաջորդիվ, Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ  Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը,  որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Խորհուրդը թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության  սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ  այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ(…)»:1

Տվյալ դեպքում, Խորհուրդը հարկ է համարում հավելել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումներից բխում է, որ եթե նույնիսկ դատավորի կատարած արարքում առերևույթ առկա են վերջինիս պատասխանատվության ենթարկելու նույն օրենսգրքով սահմանված հիմքերը, սակայն վերջինիս կատարած խախտումը, դրա բնույթը և հետևանքները կասկածի տակ չեն դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, ապա կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող:

Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումների Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով»։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները»: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»։

Եվրոպական դատարանն իր բազմաթիվ վճիռներում անդրադառնալով դատական ակտի պատճառաբանվածության խնդրին՝ դիրքորոշում է արտահայտելով այն մասին, որ «(…) թեև 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարաններին պարտավորեցնում է պատճառաբանել իր որոշումները, սակայն այն չի կարող մեկնաբանվել որպես կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկին դատարանի կողմից մանրամասն պատասխան տալու պահանջ: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել այն միջոցների ամբողջությունը, որոնց կողմը կարող է դիմել դատավարության ընթացքում, ինչպես նաև դատական վճիռների և որոշումների կայացման և կազմման օրենսդրական, սովորութային և դոկտրինալ առանձնահատկությունները, որոնք առկա են յուրաքանչյուր Պայմանավորվող Պետությունում: Ահա թե ինչու այն հարցը, թե դատարանն արդյոք կատարել է որոշումը պատճառաբանելու՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածից բխող իր պարտականությունը, կարող է քննարկվել միայն գործի հանգամանքների լույսի ներքո»:2

Եվրոպական դատարանը, ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով:3

Դատական ակտի պատճառաբանվածությունը Եվրոպական դատարանը դիտարկել է որպես արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ։ Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար4։ Ավելին, այն գործերը, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, Եվրոպական դատարանի մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճառաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ՝ ձևական բնույթի5` դատական ակտի պատճառաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացնելով բովանդակային վերահսկողություն։

Անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության պահանջին՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ. «(…) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»։6

Վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին նախկինում արտահայտված դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը նշել է, որ «(․․․) Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը։ Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է։ Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայության իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ՝ արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ(...)»։7

Խորհուրդը իր մի շարք որոշումներում (թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-28, թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-39, թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-1710) անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջին: Խորհուրդը իր որոշումներում շեշտել է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը բխում է իրավունքի գերակայության և Սահմանադրությամբ երաշխավորված մարդու արդար դատաքննության իրավունքից։ Ցանկացած դատական ակտ ընդունված դատարանի կողմից կոնկրետ գործով, պետք է բավարարի պատճառաբանվածության չափանիշը:

Նշված դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո Խորհուրդն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանված լինելու պահանջը տարածվում է թե՛ միջանկյալ և թե՛ եզրափակիչ դատական ակտերի վրա և հատկանշական է այն հանգամանքը որ թե՛ Եվրոպական դատարանի դիրքորոշումներում և թե՛ Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումներում առկա չէ որևէ տարանջատում միջանկյալ և եզրափակիչ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջների միջև։

Տվյալ դեպքում Խորհուրդն արձանագրում, որ Դատավորի կողմից չպատճառաբանված դատական ակտ կայացնելով թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող դատական ակտերը վերաբերում են գործի քննության ընթացակարգի փոփոխությանը,  կայացվել են գործերի ավելի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով դրանց պատճառաբանված չլինելը չի  բացառել դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը, Խորհուրդը գտնում է, որ ձևականորեն արարքը պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն ունի նվազ կարևորություն, ինչի պատճառով կասկածի տակ չի դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: Այսինքն՝ դատավարության տվյալ փուլում այդ խախտումն իր նվազ կարևորությամբ պայմանավորված չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման, ինչպես նաև գործով դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի խախտումների:

Վերոշարադրյալը հիմք ընդունելով՝ Խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի արարքը գնահատել Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում:

Սույն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել և հաշվի առնելով Դատավորի փորձառությունը նաև քաղաքացիական գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը:

Ուստի, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2  Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

___________________

1 Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. ապրիլի 05-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշումը:

2 Տե՛ս, Հելն ընդդեմ Ֆինլանդիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 157/1996/776/977, կետ 55, Ռուիզ Տորիջան ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռը, գանգատ թիվ 18390/91, կետ 29, Վան դե Հարքն ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61:

3 Տե՛ս, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, « 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcվa Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, « 26, ՄԻԵԴ 1999-I:

4 Տե՛ս, Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, « 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, « 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I)։

5 Տե՛ս, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, « 210, 2017 թվականի հունվարի 24):

6 Տե՛ս, Սահմանադրական դատարանի 2010թ. հունիսի 15-ի թիվ ՍԴՈ-896 որոշումը:

7 Տե՛ս, Սահմանադրական դատարանը 2022թ. փետրվարի 1-ի թիվ ՍԴՈ-1628 որոշումը:

8 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. մարտի 19-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2 որոշումը:

9 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. ապրիլի 02-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումը:

10 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. դեկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Ս. Չիչոյան

 

անդամներ`

 

Գ. Բեքմեզյան

 

Դ. Խաչատուրյան

 

Մ. Մակյան

 

Ա. Մխիթարյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: