ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1051/05/152022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1051/05/15 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան
Ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
զեկուցող
Գ. Հակոբյան
2022 թվականի հունիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԲԻԷՍԷՄԲԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.01.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին)` 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը և դրա հիման վրա ընդունված թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է վերացնել Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը և դրա հիման վրա ընդունված թիվ 1 կարգադրագիրը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 14.03.2017 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է: Թիվ ՎԴ/1051/05/15 վարչական գործի վարույթը՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը վերացնելու պահանջի մասով, կարճվել է, իսկ թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասով՝ վարչական գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ք. Մկոյանը 29.01.2019 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հովհաննես Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 6-րդ, 7-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 07.03.2013 թվականի թիվ 199-Ն որոշումը, որը պետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 27-րդ հոդվածները, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը համապատասխանում է վարչական ակտին բնորոշ հատկանիշներին, մասնավորապես՝ այդ ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացրել կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող իրավաբանական անձի համար, քանի որ դրանով արձանագրվել է, որ ներմուծված 1450 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերից 280 հատը իրացվել են առանց համապատասխան սերտիֆիկատի և/կամ համապատասխանության հայտարարագրի առկայության, որի հետևանքով Ընկերությանն է տրվել կարգադրագիր հալոգեն լամպերի իրացումը կասեցնելու մասին: Այլ կերպ ասած՝ ստուգման ակտով սահմանափակվել է Ընկերության իրավունքը իրականացնել ավտոմեքենաների հալոգեն լամպերի իրացում կամ որ նույնն է պարտավորություն է դրվել Ընկերության վրա` չիրացնելու վերը նշված ապրանքը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի նյութական օբյեկտը 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն է, որը վարչական ակտ է, քանի որ դրանով ճանաչվել է Ընկերության կողմից «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշման 6-րդ, 7-րդ կետերով սահմանված պահանջները կատարելու պարտականությունը, որի կապակցությամբ Ընկերությունն արտահայտել է իր դիրքորոշումը: Անդրադառնալով միայն կարգադրագիրը վարչական ակտ ճանաչելուն՝ ապա հարկ է նշել, որ նման մոտեցումը չափազանց նեղացնում է Ընկերության բողոքարկման իրավունքի սահմանները:
Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են, որ ստուգման ակտով որպես արձանագրված խախտում նշվել է առանց համապատասխանության սերտիֆիկատի և/կամ համապատասխանության հայտարարագրի արտադրանքի իրացման հանգամանքը, մինչդեռ Ընկերությունը ստուգման ժամանակ տրամադրել է ՌԴ-ում գործող կազմակերպության կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատներ, որոնցում առկա են ՌԴ լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերի և դրանք տված կազմակերպությունների անվանումների հապավումներ: Ստորադաս դատարանները համապատասխանության սերտիֆիկատների առկայությանն ըստ էության չեն անդրադարձել և չեն գնահատել, թե ինչու սերտիֆիկատների առկայության վերաբերյալ ապացույցները բավարար չեն։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2019 թվականին կայացված որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ էկոնոմիկայի նախարարի 29.01.2015 թվականի թիվ 47-Ա հրամանի համաձայն` Տեսչության աշխատակիցներ, պետական տեսուչներ՝ առաջին կարգի մասնագետ՝ Գեղամ Գրիգորյանին (ստուգման ղեկավար), ինժեներ Գևորգ Գյոզալյանին (ստուգման մասնակից) հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանմամբ ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 8):
2) Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտով արձանագրվել է հետևյալը.
«1. Սկզբնական տվյալներ` Ընկերությունը իրականացնում է ոչ պարենային ապրանքների ներմուծում և իրացում։ Ընկերությունը գրանցված է պետական ռեգիստրում` վկայական 03Ա 072712։ 2012 թվականի մայիսի 1-ից առ ստուգման պահը ընկերությունը շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից չի ստուգվել։
2. Ստուգման արդյունքները` Ընկերությունը իրականացնում է շարժիչի յուղերի, հիդրավլիկ հեղուկների, քսայուղերի, հակասառիչների, հալոգեն լամպերի ներմուծում և իրացում։ Ընկերությունը ստուգմամբ ընդգրկող ժամանակաշրջանում (2012 թվականի մայիսի 1-ից առ ստուգման պահը) ներմուծել է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա` 25.05.2012 թվականին 30801 կգ, 12.10.2012 թվականին 11 կգ, և 17.11.2014 թվականին 9,057 կգ 38200000 ԱՏԳԱԱ ծածկագրով հակասառիչներ, 13.11.2013 թվականին 800 հատ, 21.01.2014 թվականին 450 հատ և 13.11.2013 թվականին 200 հատ (ընդամենը 1450 հատ) 85392198 ԱՏԳԱԱ ծածկագրով ավտոմեքենաների հալոգեն լամպեր, որոնց մնացորդը առ ստուգման պահը կազմում է 1170 հատ (տեղեկանքը կազմում է)։ Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 28-ի թիվ 370-Ն որոշման «Հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների ստուգման վերաբերյալ» թիվ 9 և «Ցածր լարման էլեկտրասարքավորումների ստուգման վերաբերյալ» թիվ 10 ստուգաթերթի ընկերությունում իրականացվեց ստուգում, որի արդյունքում պարզվեց, որ 38200000 ԱՏԳԱԱ ծածկագրով հակասառիչները իրացվել են AST-01.A-0856-2012 (գործողության ժամկետը 25.05.2012 թվականից մինչև 25.11.2012 թվականը), AST-A-29. A-0076-2012 (գործողության ժամկետը 12.10.2012 թվականից մինչև 12.04.2013 թվականը) և AST-01.A-1576-2014 (գործողության ժամկետը 19.11.2014 թվականից մինչև 19.11.2015 թվականը) համապատասխան սերտիֆիկատներով: 85392198 ԱՏԳԱԱ ծածկագրով ներմուծված 1450 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերից 280 հատը իրացվել են առանց համապատասխանության սերտիֆիկատի և (կամ) համապատասխանության հայտարարագրի առկայությամբ, որով խախտվել է թիվ 10 ստուգաթերթի 1-ին կետի պահանջը։
(...)
4. Ընկերության առարկությունները և առաջարկությունները` Ընկերության կողմից 16.02.2015 թվականի թիվ 02-2015 գրությամբ ներկայացված առարկությունները չեն ընդունվում, քանի որ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչվում են դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի առկայության դեպքում։
Համաձայն ՌԴ ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության միջև 14.07.1994 թվականի համաձայնագրի 4-րդ հոդվածի` արտադրող կողմի սերտիֆիկացման համակարգի շրջանակներում տրված սերտիֆիկատը ներմուծող կողմը վերաձևակերպում է համապատասխան փաստաթղթի, եթե դա սահմանված է նրա սերտիֆիկացման ազգային համակարգում։ Գործող ՀՍՏ 5.3-2004 «Համապատասխանության համակարգ. Արտադրանքի սերտիֆիկացում» ստանդարտի 6.9.2 կետով սահմանված է, որ արտադրանքի օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչումը ներառում է`
ա) օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման համար հայտի ներկայացում.
բ) օտարերկրյա սերտիֆիկատի հայտի հետ ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն և արտադրանքի նույնականացում.
գ) օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման կամ մերժման հիմնավորումով որոշման ընդունում.
դ) օտարերկրյա սերտիֆիկատի հիման վրա ՀՀ համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպում և գրանցում։
Հաշվի առնելով, որ օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտի կողմից չի պահպանվել, ուստի ՌԴ լիազորված մարմնի կողմից տրամադրված համապատասխանության սերտիֆիկատները ակտի նախագծում հաշվի չեն առնվել։
5. Եզրակացությունները` Չի կատարվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշման 6.7 կետով սահմանված պահանջները։
Հավելված (...) 8. Կարգադրագիր լամպերի խմբաքանակի կասեցման վերաբերյալ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 9-10):
3) Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագրով, որը տրվել է 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի հիման վրա, կասեցվել է 85392198 ԱՏԳԱԱ ծածկագրով ներմուծված թվով 1170 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերի վաճառքը, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Նույն կարգադրագրով նշված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ` մինչև 20.04.2015 թվականը (հատոր 1-ին, գ.թ 11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, որում արձանագրվել են կոնկրետ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարող է որակվել վարչական ակտ և ըստ այդմ վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցով՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից են նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է։ Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը։ Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է։ Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ oրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտով խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները։ Այսինքն՝ դատարան վիճարկման հայց ներկայացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում վարչական ակտի առկայությունը, որն այն վիճարկող անձի համար պետք է ունենա միջամտող ազդեցություն։ Այլ կերպ ասած՝ գործող վարչադատավարական կանոնների համաձայն՝ վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես միջամտող վարչական ակտը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե ոչ, հետևաբար վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե ոչ:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է որ նույն oրենքը uահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախuերի, ինչպեu նաև վարչարարությամբ հաuցված վնաuի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):
Ընդհանրացնելով վարչական ակտի հասկացության մեջ մտնող տարրերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:
Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ կարևորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով վարչական ակտի բնորոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներին և զարգացնելով դրանք՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է հետևյալը.
Վկայակոչված իրավական դիրքորոշումները վերաբերում են միայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությանը, այսինքն՝ վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող կոնկրետացված պահանջների վերաբերյալ որևէ վերլուծություն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի արվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով.
ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.
բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես՝ վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու և արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել հետևյալը.
Ինչպես վերն արդեն նշվել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը՝ նշված իրավանորմի վերլուծությամբ հանգելով նաև այն հետևության, որ վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:
Անհրաժեշտ համարելով զարգացնել վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կրկին անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի բովանդակությանը:
Այսպես. ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի հասկացությունը և տեսակները սահմանող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի՝ հաշվի առնելով նշված նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպատակ է հետապնդել պատշաճ երաշխիք ապահովելու ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վարչական մարմինների հետ հարաբերություններում: Ընդ որում, նշված օրենքի 2-րդ գլխում, որպես իրավաչափ վարչարարության իրականացման լրացուցիչ երաշխիքներ, ամրագրվել են նաև վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից ամենակարևորը թերևս վարչարարության օրինականության սկզբունքն է, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում նաև մյուս բոլոր սկզբունքները պահպանելու համար: Ըստ այդմ, օրենսդրի նպատակը միտված է եղել նրան, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունենան արդյունավետ կերպով պաշտպանվել վարչական մարմինների միջամտող վարչական ակտերից, գործողություններից և անգործությունից: Օրենսդիրն անձանց իրավունքների և օրինական շահերի վարչական կամ դատական կարգով պաշտպանության միջոցները պայմանավորել է վարչական մարմնի գործունեության եզրափակման եղանակով: Մասնավորապես, վարչական կամ նորմատիվ ակտերից իրավական պաշտպանությունն այդ ակտերի իրավաչափության վիճարկումն է վարչադատավարական կարգով՝ անվավերության կամ առոչնչության հիմքերով, ինչպես նաև պարտավորեցման հայցը, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, իսկ ռեալ ակտից, այսինքն՝ վարչական մարմնի դրսևորած ոչ իրավաչափ գործողությունից կամ անգործությունից իրավական պաշտպանությունը գործողության կատարման հայցն է, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող գործողության կատարումը կամ դրսևորվել է անգործություն: Ընդ որում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), կարևորվում է վիճարկվող փաստաթուղթը վարչական ակտ որակելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, առանձնահատուկ ուշադրության արժանացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը, գտել է, որ օրենսդիրը, նշված հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Այսինքն՝ վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:
Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման ՀՀ վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև՝ ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում։ Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի ՀՀ վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:
Այսպիսով, զարգացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.
1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած վիճարկման հայցով Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը և դրա հիման վրա ընդունված թիվ 1 կարգադրագիրը:
Դատարանը 14.03.2017 թվականի վճռով Ընկերության կողմից ներկայացված հայցը մերժել է: Անդրադառնալով Տեսչական մարմնի թիվ 47-Ա ստուգման ակտի իրավական կարգավիճակին՝ Դատարանը նախ քննարկել է այն հարցը, թե արդյոք վիճարկվող ակտն հայցվոր Ընկերության համար առաջացրել է այն իրավական հետևանքը, որը բնորոշ է վարչական ակտին: Դատարանը գտել է, որ վիճարկվող ակտը ունի միջամտող վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշները՝ նշելով, որ «(...) վարչական ակտը սահմանում է վարքագծի կանոն կոնկրետ անձանց համար, այդ թվում՝ սահմանելով իրավունքների իրականացման որոշակի սահմանափակումներ: Ընդ որում, այս հատկանիշը սերտորեն փոխկապակցված է նաև վարչական ակտի մեկ այլ բնորոշ հատկության՝ դրա կարգավորիչ նշանակության հետ: Ինչպես նշվեց վերը, վարչական ակտը կարգավորում է կոնկրետ խնդիր, իսկ խնդրի կարգավորումը կարող է դրսևորվել բազմաթիվ եղանակներով, այդ թվում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որևէ գործողություններով իրավունքի որևէ նորմի խախտման մասին արձանագրելու և դրանով իսկ այդ գործողությունները կատարելու սահմանափակումներ սահմանելու միջոցով: Անդրադառնալով վիճարկվող ակտի իրավական կարգավիճակի խնդրին՝ դատարանն արձանագրում է, որ դրանով, փաստորեն, արձանագրվել է, որ հայցվոր ընկերությունը առանց համապատասխան սերտիֆիկացման փաստաթղթերի իրացրել է ՀՀ տարածք ներմուծված ավտոմեքենայի հալոգեն լամպեր՝ խախտելով օրենքը: Դատարանը գտնում է, որ վարչական մարմինը, արձանագրելով այս խախտումը, ոչ թե սոսկ հաստատել է որևէ փաստ, այլ դրան տալով իրավական գնահատական, որոշել է, որ հայցվոր ընկերությունն իրավունքի չուներ իրացնելու ներմուծված լամպերը, իսկ գործունեության արդյունքը հակաօրինական է (...)»:
Այնուհետև Դատարանը, քննարկելով վարչական ակտի իրավաչափության հարցը, գտել է, որ Տեսչական մարմնի՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը և դրա հիման վրա ընդունված թիվ 1 կարգադրագիրը վերացնելու մասին պահանջը ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը 29.01.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 14.03.2017 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է: Թիվ ՎԴ/1051/05/15 վարչական գործի վարույթը՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը վերացնելու պահանջի մասով, կարճվել է, իսկ թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասով՝ վարչական գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Տեսչության 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն ինքնին չունի վարչական ակտին բնորոշ` ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու հատկանիշը. դրանով վարչական մարմինը չի սահմանել, փոփոխել, վերացրել կամ ճանաչել իրավունքներ և պարտականություններ Ընկերության համար, քանի որ համապատասխան իրավական հետևանքներն առաջացել են Տեսչության 17.02.2015 թվականի թիվ 1 կարգադրագրով, այն իրողության հաշվառմամբ, որ դրանով է կարգադրվել է Ընկերությանը կասեցնել 85392198 ԱՏԳԱԱ ծածկագրով ներմուծված թվով 1170 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերի վաճառքը, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
Այնուհետև՝ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Տեսչության թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասով վճռի հիմնավորվածությանը և օրինականությանը, գտել է, որ Դատարանը չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, հետամուտ չի եղել ապացույցների հավաքագրմանը, հետազոտմանը և գնահատմանը։ Ուստի, նշված մասով վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ք. Մկոյանը 29.01.2019 թվականին ներկայացրել է հատուկ կարծիք առ այն, որ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը վարչական ակտ է, քանի որ ստուգման ակտով սահմանափակվել է Ընկերության իրավունքը՝ իրականացնել ավտոմեքենաների հալոգեն լամպերի իրացումը կամ որ նույնն է՝ պարտավորություն է դրվել Ընկերության վրա` չիրացնելու նշված ապրանքը։ Հետևաբար՝ սույն վարչական գործով Տեսչության թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասով Վերաքննիչ դատարանի 29.01.2019 թվականի պատճառաբանությունները, կապված գործը նոր քննության ուղարկելու հետ, կիրառելի են նաև 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ակտի նկատմամբ։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 29.01.2015 թվականի թիվ 47-Ա հրամանի համաձայն` Տեսչության աշխատակիցներ, պետական տեսուչներ՝ առաջին կարգի մասնագետ՝ Գեղամ Գրիգորյանին (ստուգման ղեկավար), ինժեներ Գևորգ Գյոզալյանին (ստուգման մասնակից) հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանմամբ ստուգում:
Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտով արձանագրվել է, որ օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտի կողմից չի պահպանվել, ուստի ՌԴ լիազորված մարմնի կողմից տրամադրված համապատասխանության սերտիֆիկատները ակտի նախագծում հաշվի չեն առնվել։ Նշված ստուգման ակտով արձանագրվել է, որ չի կատարվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշման 6-րդ, 7-րդ կետերով սահմանված պահանջները։ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտին որպես հավելված կցվել է «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագիր:
Այսպես՝ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագրով, որը տրվել է 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի հիման վրա, կասեցվել է 85392198 ԱՏԳԱԱ ծածկագրով ներմուծված թվով 1170 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերի վաճառքը, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Նույն կարգադրագրով նշված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ` մինչև 20.04.2015 թվականը:
Վերը նշված փաստերի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ սույն գործով Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի և դրա հավելված 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագրի իրավական կարգավիճակին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի կողմից կայացված 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը համապատասխանում է վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշներին հետևյալ պատճառաբանությամբ.
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն անհատական ակտ է, քանի որ վերաբերում է որոշակի իրավաբանական անձի, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր. ուղղված է Ընկերությանը,
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն ընդունվել է վարչական մարմնի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից,
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն ունի արտաքին ներգործություն, քանի որ առնչվում է իրավաբանական անձի, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և իրավաբանական անձի միջև ծագած իրավահարաբերությունները,
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, քանի որ այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` Տեսչական մարմնի կողմից կատարված միակողմանի կարգադրություն է` ուղղված իրավաբանական անձին,
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն ընդունվել է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն ուղղված են հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ իրավաբանական անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարման բացահայտմանը,
- 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտն ուղղված է որոշակի իրավական հետևանքների առաջացմանը իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող իրավաբանական անձի համար, քանի որ դրանով արձանագրվել է ներմուծված 1450 հատ ավտոմեքենաների հալոգեն լամպերից 280 հատը առանց համապատասխան սերտիֆիկատի և/կամ համապատասխանության հայտարարագրի առկայության իրացման հանգամանքը, ըստ այդմ նաև՝ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշման 6-րդ, 7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման փաստը, որի հիման վրա Ընկերությանը տրվել է կարգադրագիր հալոգեն լամպերի իրացումը կասեցնելու մասին։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական ակտին բնորոշ հատկանիշներից վերջինին, հարկ է համարում հավելել, որ վերը նշված ստուգման ակտով սահմանափակվել է Ընկերության իրավունքը իրականացնել ավտոմեքենաների հալոգեն լամպերի իրացում։ Ավելին՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի հիման վրա տրված կարգադրագրով Ընկերությանը կարգադրվել է կասեցնել նույն կարգադրագրում նշված ապրանքի իրացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 29.01.2015 թվականի թիվ 47-Ա հրամանով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը ըստ էության եզրափակվել է Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտով, քանի որ նշված ակտով Ընկերությանը վերագրվել են «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության 03.02.2005 թվականի թիվ 150-Ն որոշման 6-րդ, 7-րդ կետով սահմանված պահանջների խախտումներ այն բանի համար, որ օտարերկրյա սերտիֆիկատի ճանաչման ընթացակարգը տնտեսվարող սուբյեկտի կողմից չի պահպանվել, ուստի ՌԴ լիազորված մարմնի կողմից տրամադրված համապատասխանության սերտիֆիկատները ակտի նախագծում հաշվի չեն առնվել։
Միևնույն ժամանակ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտին որպես հավելված կցվել է կարգադրագիր՝ լամպերի խմբաքանակի կասեցման վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագիրը տրվել է 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի հիման վրա և կազմում է դրա բաղկացուցիչ մասը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը բավարարում է վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշներին և սույն գործով հարուցված վիճարկման հայցի նյութական օբյեկտն է: Անդրադառնալով Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտին կցված հավելվածի, այն է՝ 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագիրը որպես վարչական ակտ և ըստ այդմ՝ դրա վերաբերյալ որպես ինքնուրույն պահանջ ստորադաս դատարանների կողմից քննված լինելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը: Ներդիրները, հավելվածները և լրացուցիչ այլ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն, դրանք վարչական ակտի բաղկացուցիչ մասն են և գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի թիվս այլ մարմինների, Հայաստանի Հանրապետության տարածքում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են նաև Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (...):
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը (...) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:
(…)
Ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:
Ակտում նշվում են`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաև վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը և ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին և կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.
9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ստուգման վարչական վարույթն սկսվում է ստուգումն իրականացնող մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր հրապարակելու միջոցով ստուգումն իրականացնող մարմնի նախաձեռնության դրսևորմամբ և ավարտվում ստուգման ակտի կազմմամբ (տե՛ս, «Ռուբեն Գևորգյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ2/0302/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը հարուցվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հրապարակմամբ, որին հաջորդում է այդ վարույթի ընթացիկ փուլը՝ հանձնարարագրում նշված պաշտոնատար անձանց կողմից փաստացի ստուգողական գործողությունների իրականացումը սահմանված ժամկետներում և ստուգման նպատակների շրջանակներում, որը եզրափակվում է տեղեկանքի կազմմամբ, եթե խախտումներ չեն հայտնաբերվում և ակտի կազմմամբ, եթե հայտնաբերվում են խախտումներ: Այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթի եզրափակման հնարավոր եղանակները երկուսն են.
□ տեղեկանքի կազմումը,
□
ակտի կազմումը:Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական վարույթը եզրափակող նշված երկու փաստաթուղթը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում են համապատասխանաբար բարենպաստ և միջամտող վարչական ակտեր, քանի որ տեղեկանքի կազմումը հաստատում է խախտումների բացակայությունը, ինչը տվյալ տնտեսավարող սուբյեկտի համար ունի նրա իրավական և փաստացի դրությունը բարելավող ազդեցություն, իսկ ակտի կազմումը հաստատում է խախտումների առկայությունը՝ վատթարացնելով տնտեսավարող սուբյեկտի իրավական և փաստացի դրությունը: Այլ կերպ ասած, եթե տնտեսավարող սուբյեկտների գործունեության ստուգում իրականացնելու վարույթը եզրափակվում է տեղեկանք կազմելով, այսինքն՝ նրա գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջներին համահունչ, ապա այդ վարույթում քննարկված հարցերով պայմանավորված այլևս բացառվում է նշված սուբյեկտի գործունեությանը հետագա միջամտությունը, մինչդեռ ստուգման վարույթն ակտի կազմմամբ եզրափակվելու պարագայում տվյալ տնտեսավարող սուբյեկտի ծավալած գործունեությունը գնահատվում է օրենքի պահանջների խախտմամբ իրականացված՝ դրանից բխող բացասական հետևանքներով (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումները ևս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 29.01.2015 թվականի թիվ 47-Ա հրամանով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակվել է վարչական ակտով՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտով, որն ունի կից հավելվածներ: Այսինքն՝ 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագիրը վերը նշված վարչական ակտի բաղկացուցիչ մասն է, գործում է այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը և ինքնուրույն վարչական ակտ չէ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 1 կարգադրագիրը ինքնուրույն վարչական ակտ չէ և դրա վերացման պահանջը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի առարկա, հետևաբար այդ պահանջը ենթակա չէ որևէ դատարանում քննության։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի հավելվածի՝ 17.02.2015 թվականի «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» թիվ 1 կարգադրագրի վերացման պահանջը կարող է քննվել միայն որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ, որի լուծման ելքը կախված է միայն հիմնական պահանջի լուծման արդյունքից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե առկա են նույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը։
ՀՀ վճռաբեկ դատարանն, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմի մեկնաբանությանը, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 1 կարգադրագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հարուցված վիճարկման հայցի նյութական օբյեկտը հանդիսացող վարչական ակտի, այն է՝ Տեսչական մարմնի 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի իրավաչափության վերաբերյալ Դատարանի վճռի օրինականությունը և հիմնավորվածությունը Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը՝ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտի վերացման պահանջի մասով անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալն արդեն իսկ բավարար է դատական ակտը բեկանելու համար, ուստի վճռաբեկ բողոքով ներկայացված մյուս փաստարկներին այլևս չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.01.2019 թվականի որոշումը և սույն գործի վարույթը` 17.02.2015 թվականի թիվ 1 կարգադրագիրը վերացնելու պահանջի մասով, կարճել, իսկ 17.02.2015 թվականի թիվ 47-Ա ստուգման ակտը վերացնելու պահանջի մասով վարչական գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|