Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 158-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.19-2022.10.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.09.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի կողմից արտարժութային ռիսկի կառավարման մոտեցումները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) Կանոնակարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7) արտարժույթի տնօրինման նորմատիվները.

ա. յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվ,

բ. բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվ:»:

 

2) Կանոնակարգի 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվները հաշվարկվում են սույն Կանոնակարգի Գլուխ 6․1-ի համաձայն, և սահմանվում է.

1) առավելագույնը 7%՝ յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվի համար,

2) առավելագույնը 10%` բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի համար:»:

3) Կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետում «նորմատիվը» բառը փոխարինել «նորմատիվները» բառով:

4) Կանոնակարգի 56.1-56.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

5) Կանոնակարգի 57-րդ կետում «այլ արտարժույթները» բառերը փոխարինել «այլ արժույթները» բառերով:

6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ Գլուխ 6․1-ով.

 

«ԳԼՈՒԽ 6․1․

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ

 

79. Յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

որտեղ՝

 

ԴԱ = 

Աբ

 * 100%

Կընդ

 

ԴԱ – բանկի յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվն է՝ հաշվետու օրվա դրությամբ,

Աբ – բանկի արտարժութային բաց դիրքն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Կընդ - բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալն է՝ արտարժույթի դիրքի նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ:

80. Բոլոր արտարժույթների գծով նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Դը = 

max(Եբ, Կբ)

 * 100%

Կընդ

 

որտեղ՝

Դը – բանկի բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվն է՝ հաշվետու օրվա դրությամբ,

Եբ – բանկի արտարժութային երկար դիրքերի հանրագումարն է՝ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Կբ – բանկի արտարժութային կարճ դիրքերի հանրագումարն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Կընդ – բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալն է՝ արտարժութային դիրքի նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ:

81. Սույն Կանոնակարգի 79-րդ և 80-րդ կետերում նշված արտարժույթի բաց, երկար և կարճ դիրքերը սահմանված են սույն Կանոնակարգի Հավելված 4-ի 6.3-րդ կետով:

82. Արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են.

1) տվյալ արտարժույթով ակտիվները և պարտավորությունները,

2) տվյալ արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվները և պարտավորությունները,

3) տվյալ արտարժույթով ածանցյալ գործիքները՝ ապագայում գնվող արտարժույթը ներառվում է ակտիվային հոդվածների հաշվարկում, ապագայում վաճառվող արտարժույթը՝ պարտավորությունների հաշվարկում:

83. Արտարժութային դիրքի հաշվարկում սույն Կանոնակարգի 82-րդ կետով սահմանված ակտիվներն ընդգրկելիս՝

1) ստանդարտ և հսկվող դասակարգված ակտիվները (ոչ ռիսկային և ռիսկային դասակարգված արժեթղթերը) ներառվում են համախառն հաշվեկշռային արժեքով,

2) ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվները (միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը)՝ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ սույն կետի 3-րդ կետով սահմանված դեպքերի և հաշվի առնելով սույն կետի 4-րդ ենթակետի պահանջները,

3) բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված (այդ թվում` անհուսալի) ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն ակտիվների դասակարգման դասին՝ սույն կետով սահմանված պահանջների համապատասխան, որով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում,

4) ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի 46-րդ կետի համաձայն՝ բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև ակտիվների գծով լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները հաշվի չեն առնվում:

84. Սույն Կանոնակարգի իմաստով՝ դրամային ակտիվները կամ պարտավորությունները արտարժութային ռիսկ են պարունակում, եթե դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի՝ դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված:

85. Արտարժույթի տնօրինման նորմատիվների հաշվարկման իմաստով՝ արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև.

1) թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները.

2) անկանխիկ մետաղական հաշիվները:

86. Արտարժույթի տնօրինման նորմատիվների հաշվարկման իմաստով՝ բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և անկանխիկ ոսկու հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:

87. Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ՝ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:»:

2. Կանոնակարգի Հավելված 4-ի 6.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.4. Արտարժութային առավելագույն դիրքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԱԴա = max(Եբ, Կբ),

 

որտեղ՝

ԱԴա – բանկի արտարժութային առավելագույն դիրքն է,

Եբ – բանկի արտարժութային երկար դիրքերի հանրագումարն է՝ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,

Կբ – բանկի արտարժութային կարճ դիրքերի հանրագումարն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. սեպտեմբերի 26

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան