Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-229
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.12.1999-02.05.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
17 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) գործողության մեջ դնել 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 2. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

1) 1964 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., N 17, հոդված 84)` հետագա փոփոխություններով և լրացումներով.

2) 1964 թվականի նոյեմբերի 26-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը գործողության մեջ դնելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., N 34, հոդված 182).

3) 1990 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1990 թ., N 20, հոդված 383), ինչպես նաև 1990 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1990 թ., N 20, հոդված 384).

4) 1992 թվականի մարտի 14-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1992 թ., N 5, հոդված 80), ինչպես նաև 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1992 թ., N 4, հոդված 73)` հետագա փոփոխություններով և լրացումներով.

5) 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1993 թ., N 24, հոդված 397), ինչպես նաև 1993 թվականի հոկտեմբերի 13-ի «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1993 թ., N 19, հոդված 333).

6) 1994 թվականի հունիսի 13-ի «Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1994 թ., N 11, հոդված 202), ինչպես նաև 1994 թվականի մարտի 15-ի «Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1994 թ., N 5, հոդված 54).

7) 1995 թվականի հունիսի 28-ի «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1995 թ., N 11-12, հոդված 143)` հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև 1995 թվականի մայիսի 18-ի «Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը («ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր», 1995 թ., N 10, հոդված 128).

8) 1996 թվականի հունվարի 22-ի «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը («ՀՀ Ազգային Ժողովի տեղեկագիր», 1996 թ., N 1-2, հոդված 2):

 

Հոդված 3. Մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը օրենսգրքին համապատասխանեցնել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը:

Մինչև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը` դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչև օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված` Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:

 

Հոդված 4. Օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

 

Հոդված 5. Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում օրենսգրքի պահանջներին:

 

Հոդված 6. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից իրավաբանական անձինք կարող են ստեղծվել բացառապես օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերով:

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպական-իրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով, մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ենթակա են վերակազմակերպման և գրանցման: Նշված ժամկետում չվերակազմակերպվելու և չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման:

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված և օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձինք մինչև 2001 թվականի հունվարի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին և վերագրանցվեն: Նշված ժամկետում չհամապատասխանեցված և չվերագրանցված հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր:

(6-րդ հոդվածը փոփ. 29.12.99 ՀՕ-27)

 

Հոդված 7. Սույն օրենքի 6 հոդվածում նշված իրավաբանական անձինք իրենց իրավական վիճակն օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով վերագրանցվելիս ազատվում են դրա համար վճարումներից:

 

Հոդված 8. Իրավաբանական անձանց գրանցման գործող կարգը պահպանվում է մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքը գործողության մեջ դնելը:

 

Հոդված 9. Գույքի գրանցման գործող կարգը պահպանվում է մինչև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի գործողության մեջ դնելը:

 

Հոդված 10. Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին` օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի` ներառյալ միջնորդ դատարանի, կողմից քննվելու են 1999 թվականի հունվարի 1-ից հետո` անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից:

 

Հոդված 11. Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու մասին` օրենսգրքի 317 հոդվածով նախատեսված հայցի նկատմամբ, որի ներկայացման իրավունքը ծագել է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, կիրառվում է համապատասխան հայցի համար նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը:

 

Հոդված 12. Օրենսգրքի 187 հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

 

Հոդված 13. Օրենսգրքով սահմանված պայմանագրերի առանձին տեսակների կնքման կարգը և ձևը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է 1999 թվականի հունվարի 1-ից հետո:

Պայմանագրերի առանձին տեսակների բովանդակությունը սահմանող օրենսգրքի նորմերը կիրառվում են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ:

 

Հոդված 14. Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեսակների լուծման հիմքերի, հետևանքների և կարգի մասին` օրենսգրքի պարտադիր նորմերը կիրառվում են նաև այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` անկախ դրանց կնքման տարվանից, ամսվանից և ամսաթվից:

Պայմանագրի կողմերի համար պարտադիր պայմանագրային պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են, եթե համապատասխան խախտումները թույլ են տրվել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նման խախտումների համար պատասխանատվություն է նախատեսվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կնքված պայմանագրերում:

 

Հոդված 15. Օրենսգրքի 903 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ ավանդներում դրամական միջոցները ներգրավվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը և այդ կապակցությամբ ծագած հարաբերությունները պահպանվել են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

 

Հոդված 16. Օրենսգրքի 1063 և 1064 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ վնասը պատճառվել է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:

 

Հոդված 17. Օրենսգրքի 1078-1087 հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1996 թվականի հունվարի 1-ը:

 

Հոդված 18. Օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 հուլիսի 1998 թ.
ՀՕ-229