Գլխավոր տեղեկություն
Համար
N 1409-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2022-30.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1409-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1409-Ն որոշման

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող ընդհանուր պահանջները:

2. Սույն պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների գործունեություն իրականացնողների վրա, որոնք ունեն «Գործունեության ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք:

 

II․ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպում է շուկայի համար հատկացված տարածքը/շինությունը նպատակային նշանակությամբ օգտագործելու իրավունք և պարտավորություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպիչ)։

4․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կառուցապատումն իրականացվում է «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա։

5․ Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քառ. մետր՝ ներառյալ շենք-շինությունները: Ընդ որում՝ ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի ավտոկայանատեղիների մակերեսները հաշվարկվում են մեկ մեքենայի համար նախատեսվող նորմատիվային միջինացված մակերեսի հաշվառմամբ, տարբեր մակնիշի ավտոմոբիլների տեխնիկական առանձնահատկություններին համապատասխան՝ ըստ հատկացված տարածքի:

6. Համայնքների (բնակավայրերի) տարածքներում տեղակայված ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի համար նախատեսված շուկայի տարածքը պետք է կազմակերպվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման, ՀՀՇՆ IV-11.03.03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված՝ ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում», ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքների բարեկարգում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

7․ Կազմակերպիչն ապահովում է սույն կարգի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջների կատարումը։

8. Ավտոտրանսպորտային միջոցների շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը։

9. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու ուղիները պետք է ունենան ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան գծանշումներ և համապատասխան ճանապարհային նշաններով կահավորում։

10. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տարածքի մատչելիությունն ապահովվում է ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

11. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը պետք է ունենա տրանսպորտային միջոցների կայանումն ու անվտանգ տեղաշարժը կարգավորող գետնանշումներ։

12. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքը, հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան, պետք է համալրված լինի ինժեներական հաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման (մակերևութային ջրերի հեռացման), ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերով, շարժական կամ անշարժ սանհանգույցներով, հակահրդեհային ազդանշանման համակարգերով։

13. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ողջ տարածքի տեսածիրային վերահսկման նպատակով տարածքը կահավորվում է տեսաձայնագրող տեխնիկական միջոցներով։ Տեսաձայնագրությունն արխիվացվում և պահպանվում է առնվազն մեկ ամիս։

14. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ծառայություններից օգտվողների համար նախատեսված տեղեկատվական/գովազդային ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:

 

III․ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15․ Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը տեղում կազմակերպելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում անկանխիկ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։

16. Սույն պահանջների 15-րդ կետում սահմանված պայմանների ապահովման նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կարող են տեղակայված լինել ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքեր։

17. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ՝

1) ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանման համար՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործողությունները կատարելու համար․

2) տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար՝ անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով․

3) սննդի, ավտոպահեստամասերի վաճառքի, ավտոլվացման, տեխնիկական սպասարկման կետերի և տրանսպորտային միջոցների առուվաճառքի հետ կապված այլ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի համար։

18. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեության հնարավորությունների ընդլայնման և տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը դյուրացնելու նպատակով շուկայի տարածքում կազմակերպչի դիմումի հիման վրա տեղակայվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանում, իսկ մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

19. Սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվառման ստորաբաժանման գործունեության կազմակերպման համար նախատեսված անհրաժեշտ գույքի և տեխնիկական միջոցների ապահովումն իրականացնում է կազմակերպիչը։

20. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում պետք է տեղակայված լինի կազմակերպչի վարչական ապարատի շենքը։

21. Ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են կազմակերպչի կողմից իր միջոցների հաշվին:

22. Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի գործունեությունը կազմակերպելու համար կարող է ունենալ էլեկտրոնային հարթակ՝ շուկայում վաճառվող ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը տեղակայելու համար։

23. Կազմակերպիչն իր գործունեությունը պետք է իրականացնի «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3․1-ին, 5-րդ և 7-րդ հոդվածների պահանջներին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

09.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2024, N 128-Ն 30.01.2024, N 1409-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան