Գլխավոր տեղեկություն
Համար
N 1358-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 01.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1358-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել hամայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 1-ի N 1358-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են hամայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ՝ ծրագիր) կամ ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագիրը կամ ծրագրում առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին, և ներկայացնում է լիազոր մարմին՝ համաձայնեցման:

4. Ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

5. Դիմումին կից ներկայացվում են`

1) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները.

2) ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը:

6. Դիմումի գրանցման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների փաթեթը, որի արդյունքում համայնքի ղեկավարին ծանուցում է`

1) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին.

2) ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև համայնքի ղեկավարի կողմից լրակազմված փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրը.

3) ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին:

7. Լիազոր մարմինը չի տրամադրում համաձայնություն, եթե`

1) ծրագրով կամ փոփոխվող ծրագրով նախատեսված միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին.

2) ծրագրի փաթեթում ներկայացված տեղեկությունները թերի են.

3) ծրագրի փաթեթում բացակայում է ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը.

4) ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով ծրագրի իրականացման համար համայնքին տրամադրված համայնքային մասհանումների չափը.

5) ծրագրով նախատեսվող միջոցառումները չեն բխում մարզի կամ համայնքի զարգացման ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից, չունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղվածություն, կամ ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններին, դրանց առաջնահերթություններին:

8. Լիազոր մարմինը վերադարձնում է ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները լրակազմման, եթե դրանում առկա է սույն կարգի 7-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը:

9. Լիազոր մարմինը մերժում է ծրագրի կամ ծրագրի փոփոխությունների վերաբերյալ համաձայնություն տալը, եթե ծրագրում առկա է սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև այն դեպքում, եթե սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումն (այսուհետ՝ ծանուցում) ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում։

10. Ծանուցումն ուղարկվում է թղթային եղանակով, իսկ համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացված դիմումում էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում՝ նաև էլեկտրոնային եղանակով:

11. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարին չի ծանուցում, ապա համաձայնությունը համարվում է տրված:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական: