Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ3/0258/05/11

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0258/05/11

Նախագահող դատավոր՝  Ք. Մկոյան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Ա. Սարգսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ավետիս Վարդանյանի, Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա և Գագիկ Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազության ընդդեմ Ավետիս Վարդանյանի, Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Կարապետյանների, Հեղնար Հարությունյանի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ կառավարության` որոշումները, պետական գրանցումները մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ Արարատի մարզի դատախազությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքն Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու, գյուղապետի 15.04.2002 թվականի «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 1,46հա հողօգտագործման տալու որոշումները և այդ փաստաթղթերի հիման վրա ԱԳԿ Արարատի տարածաշրջանի ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի` նշված հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի 01.10.2003 թվականի պետական գրանցումը, հետագայում նույն ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գագիկ Կարապետյանի իրավահաջորդներ Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի 06.02.2006 թվականին այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հողի նկատմամբ 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 21.06.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահությամբ` Ա. Բաբայան, դատավորներ` Հ. Բեդևյան, Ա. Սարգսյան) 14.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 21.06.2012 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) 06.05.2014 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ կառավարության, սույն գործով ներգրավվել է որպես երրորդ անձ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 06.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` մասնակի անվավեր ճանաչել Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքն Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու որոշումները և այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածաշրջանի ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի նշված հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի 01.10.2003 թվականի պետական գրանցումները, հետագայում նույն ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի, Գուրգեն Կարապետյանի իրավահաջորդներ Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի 06.02.2006 թվականին այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը` փորձագետի եզրակացության թիվ 3 հավելվածում պատկերված համապատասխան 4926,8 քառակուսի մետր համադրվող հողամասի մասով։ Հայցվորի` Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 1,46 հեկտար հողօգտագործման տալու մասին որոշումը և այդ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածաշրջանի ստորաբաժանման կողմից «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հողի նկատմամբ 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ Ավետիս Վարդանյանի, Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Կարապետյանների և Հեղնար Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ավետիս Վարդանյանը, Փիրուզա Մաթևոսյանը, Ալինա, Արաքսյա և Գագիկ Կարապետյաններն ու Հեղնար Հարությունյանը (այսուհետ` Բողոքաբերներ) (ներկայացուցիչ` Համլետ Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 30-րդ, 124-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասը, 146-րդ, 177-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Դատարանը տարբեր պատկան մարմիններից պահանջել է ապացույցներ, այն է` 1976-1992 թվականների վիճելի հողատարածքներին վերաբերող հատակագծերը, պարզելու համար տվյալ հողատարածքը գտնվել է համայնքի, թե դպրոցի բալանսում, մինչդեռ պատկան մարմինները պատասխանել են, որ նման փաստաթղթեր գոյություն չունեն: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ եթե տվյալ փաստաթղթերն առկա չեն եղել, ապա փաստ է, որ Դատարանը գործը չի քննել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից սահմանված շրջանակներում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե գործի նոր քննության ընթացքում Դատարանին չի հաջողվել ձեռք բերել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ապացույցները և այդ ապացույցների համատեքստում չի քննել գործը, ապա ինչպե՞ս է պարզել վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը, եթե առկա չէ այդ փաստը հիմնավորող որևէ ապացույց:

Միաժամանակ, ստորադաս դատարանները, թեև հայտնել են դիրքորոշում այն մասին, որ նշված ապացույցները գոյություն չունեն, այդուհանդերձ` նույն հարցի վերաբերյալ մարզպետ Է. Բարսեղյանի կողմից 03.07.2013 թվականին տրված թիվ 1/13/2/3182-13 գրությունը դիտել են որպես ապացույց և գնահատել այն: Մինչդեռ, դատարաններն անտեսել են, որ եթե տվյալ ապացույցները գոյություն չունեն, ապա ի՞նչ ապացույցներով է ղեկավարվել մարզպետ Է. Բարսեղյանը` հայտնելով, թե իբրև դպրոցի շինարարության համար հատկացվել է 2,2 հա տարածք, ինչը հիմք է հանդիսացել գյուղի հողային հաշվեկշռում փոփոխություններ կատարելու համար, և դպրոցի շինարարությունն իրականացվել է 19.10.1976 թվականի որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն:

Քննարկվող պարագայում, թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը տվյալ գրությունը պետք է համարեին ոչ վերաբերելի և թույլատրելի, կամ առնվազն Արարատի մարզպետից պահանջեին իր գրության հիմքում դրված ապացույցները: Ավելին` դատարանները չպետք է գնահատեին տվյալ գրությունը որպես ապացույց, այն պարագայում, երբ գործում առկա մյուս ապացույցները վկայում են, որ Դատարանին չի հաջողվել պարզել` 04.04.1992 թվականի դրությամբ վիճելի հողամասը գտնվել է համայնքի հաշվեկշռում, թե ոչ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշմամբ որպես տեղազննություն կատարելու անհրաժեշտության հիմնավորում բերվել է ոչ միայն վիճելի հողամասի տեղակայվածության և դիրքը պարզելու հանգամանքը, այլ նաև` Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի և արտադրական տարածքի սահմանազատված լինելու հանգամանքի պարզումը, քանի որ վերջինիս` դպրոցից սահմանազատված լինելու հանգամանքի վերաբերյալ գործում առկա են միմյանց հակասող դիրքորոշումներ և տեղեկատվություն: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փորձագետի եզրակացությամբ տվյալ հարցի վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել:

Դատարաններն անդրադարձ չեն կատարել ՀՀ կառավարության 17.03.2005 թվականի թիվ 439-Ն որոշմանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռն ընդհանրապես պատճառաբանված չէ:

Վերաքննիչ դատարանը վիճարկվող դատական ակտում չի անդրադարձել բողոքում ներկայացված այն հարցադրմանը, թե որ օրենքի ուժով է դատարանը 06.02.2006 թվականի գրանցումը մասնակի անվավեր ճանաչել առանց դրա բոլոր հիմքերն անվավեր ճանաչելու:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 30.06.2011 թվականի թիվ ՎԴ3/0404/05/10 վարչական գործով կայացված որոշումը, որն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ սույն գործով և այդ գործով կողմերը գրեթե նույնն են, հայցերը ներկայացված են գրեթե նույն հիմքերով: Մասնավորապես, մի դեպքում հայցվորը դպրոցն է, իսկ մյուս դեպքում` դատախազությունը, սակայն դատախազությունը սույն հայցը ներկայացրել է դպրոցի շահերը պաշտպանելու նկատառումներից ելնելով: Միաժամանակ, նույն դատարանը (ՀՀ վարչական վերաքննիչ) նույն պետական գրանցման անվավերության հարցը քննարկելիս տվել է 2 իրարամերժ լուծումներ, քանի որ մի դեպքում պետական գրանցման հիմքում դրված բոլոր փաստաթղթերի չվիճարկման պարագայում արձանագրել է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել նշված փաստաթղթերի իրավաչափության հարցը, ինչը վերաքննիչ բողոքը մերժելու հիմք է, իսկ մյուս դեպքում նույնիսկ չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված տվյալ փաստական հանգամանքին և կայացրել է նույն առարկայի վերաբերյալ իր իսկ կողմից նախկինում կայացված որոշմանը հակասող դատական ակտ, ինչը չի կարող իրավաչափ համարվել:

Դատարաններն ըստ էության դատական ակտերի հիմքում դրել են 04.07.2017 թվականի թիվ 41951507 փորձագետի եզրակացությունը, որով փաստվում է, որ Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976 թվականի արձ. նո. 21 որոշմամբ նոր դպրոցի կառուցման համար հատկացված 2.2 հա հողամասի մակերեսը համապատասխանում է Հայպետնախագծի կողմից 19.07.1977 թվականին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծում նշված հողամասի 2.2 հա մակերեսին: Սակայն, Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976 թվականի արձ. նո. 21 որոշմամբ նոր դպրոցի կառուցման համար հատկացված 2.2 հա հողամասի իրավիճակի հատակագիծը (հողամասի երկրաչափական պատկերը) չի համապատասխանում Հայպետնախագծի կողմից 19.07.1977 թվականին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծում նշված հողամասի իրավիճակի հատակագծին:

Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշումը պատճառաբանված և հիմնավորված չէ, բացի այդ` Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել բողոքում բարձրացված մի շարք հարցերի:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Աշխ. դեպ. Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976 թվականի որոշմամբ ընդունվել են ՀՍՍՀ կոմունալ տնտեսության մինիստրության միջնորդությունը և Գոռավանի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշումը և կոլտնտեսության գյուղատեղի մեջ եղած նախկին արտադրական մասի չօգտագործված հողերից 2,2 հեկտարն առանձնացվել է նոր դպրոցի շենքի կառուցման համար, իսկ գոյություն ունեցող դպրոցի հողամասը նույն չափսի թողնվել է կոլտնտեսության տրամադրության տակ` արտադրական օբյեկտներ կառուցելու համար (հատոր 6-րդ, գ.թ. 29):

2) Գոռավանի կոլտնտեսության կոլտնտեսականների 20.10.1976 թվականին կայացած ընդհանուր ժողովի արձանագրությունից քաղվածքի համաձայն` ընդհանուր ժողովը որոշել է կոլտնտեսության արտադրական մասի հողերից, համաձայն գյուղսովետի գլխավոր հատակագծի, 2,2 հա հող հատկացնել նոր դպրոցի կառուցման համար (հատոր 1-ին, գ.թ. 76, հատոր 6-րդ, գ. թ. 27):

3) Արարատի շրջսովետի գործկոմի գյուղ. վարչության գլխավոր հողաշինարար Հ. Եղիազարյանի կողմից տրվել է եզրակացություն (ամսաթիվ, ամիս և տարի նշված չէ) հետևյալ բովանդակությամբ. «Նկատի ունենալով, որ Գոռավանի դպրոցի շենքի կառուցումը, գլխավոր հատակագծի համաձայն, նախատեսված է կառուցելու գյուղատեղի մեջն եղած կոլխոզի նախկին արտադրական մասի հողատարածության մասի վրա, և հաշվի առնելով, որ կոլտնտեսությունն արտադրական մասը տեղափոխելու է գյուղից դուրս, ուստի չեմ առարկում Գոռավանի կոլտնտեսության նախկին արտադրական մասից 2,2 հեկտար չօգտագործվող տարածություն առանձնացնելու 536 տեղանոց դպրոցական շենքի կառուցմանը» (հատոր 1-ին, գ.թ. 77, հատոր 6-րդ, գ. թ. 28):

4) 10.11.1976 թվականին հաստատվել է դպրոցին հատկացվող հողամասի հատակագիծը, որտեղ մակերեսներ նշված չեն (հատոր 4-րդ, գ.թ. 78, հատոր 6-րդ, գ.թ. 32):

5) Գոռավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված համայնքի կադաստրային քարտեզի տվյալներով դպրոցի հողամասի սահմանազատված մակերեսը կազմում է 1,46 հեկտար, իսկ պատասխանողների սահմանազատված հողամասի մակերեսը` 0,498 հեկտար (հատոր 1-ին, գ.թ. 145):

6) Գոռավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված քարտեզագրման տեղեկագրի տվյալներով 909 համարի տակ նշված է դպրոցը, որի հողամասի մակերեսն է 1,46 հեկտար, իսկ 911 համարի տակ նշված է ցորենի պահեստը, որի հողամասի մակերեսն է 0,492 հեկտար (հատոր 1-ին, գ.թ. 146):

7) Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի թիվ 7 որոշմամբ Գոռավանի միջնակարգ դպրոցի զբաղեցրած 1,46 հեկտար տարածքը հատկացվել է մշտական օգտագործման (հատոր 2-րդ, գ.թ. 54):

8) Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի թիվ 7 որոշման, 02.04.2002 թվականի հաշվեկշռային արժեքի տեղեկանքի հիման վրա 02.05.2002 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-1-2 մատյանի 000180 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 3.411,64 քառակուսի մետր մակերեսով դպրոցի, 30,4 քառակուսի մետր մակերեսով զուգարանի, 94,3 քառակուսի մետր մակերեսով ջրավազանի, 88,2 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան, 48,45 քառակուսի մետր մակերեսով էլեկտրաենթակայանի սեփականության իրավունքի և 1,46 հեկտար հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցում և 02.05.2002 թվականին տրվել է թիվ 821142 վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 95-97):

9) 02.05.2002 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-1-2 մատյանի 000180 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարված ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 3.411,64 քառակուսի մետր մակերեսով դպրոցի, 30,4 քառակուսի մետր մակերեսով զուգարանի, 94,3 քառակուսի մետր մակերեսով ջրավազանի, 88,2 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան, 48,45 քառակուսի մետր մակերեսով էլեկտրաենթակայանի սեփականության իրավունքի և 1,46 հեկտար հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման թիվ 821142 վկայականում կատարվել է ուղղում, որի արդյունքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարված սեփականության իրավունքն անցել է Հայաստանի Հանրապետությանը (հատոր 5-րդ, գ.թ. 2-5):

10) Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի թիվ 7 որոշման հիման վրա 02.05.2002 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-1-2 մատյանի 000181 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 0,25 հեկտար ուսումնափորձնական աշխատանքների հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցում և 02.05.2002 թվականին տրվել է թիվ 821143 վկայականը (հատոր 2-րդ, գ.թ. 98-99):

11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանի 23.12.2009 թվականի թիվ Ե-4/5346 գրության համաձայն` Արարատի մարզի Գոռավան համայնքում իրականացված կադաստրային քարտեզագրման ժամանակ գյուղի միջնակարգ դպրոցի զբաղեցրած տարածքը հաշվառվել է 1.46 հա: Հետագայում Գոռավան համայնքի ղեկավարի 15.04.2002 թվականի թիվ 7 որոշմամբ նշված 1.46հա մակերեսով հողամասը մշտական օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցին և 02.05.2002 թվականին գրանցվել է դպրոցի սեփականության իրավունքը 3673.0քմ մակերեսով շենք, շինությունների և օգտագործման իրավունքը դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1.46ա հողամասի նկատմամբ: Դպրոցի կողմից, բացի վերը նշվածից, այլ հողամասի հատկացման վերաբերյալ որևէ փաստաթուղթ կադաստրի մարմնին չի ներկայացվել: (...) 12.01.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրերի հիման վրա վերը նշված անշարժ գույքի նկատմամբ 06.02.2006 թվականին գրանցվել է Ավետիս Վարդանյանի, Փիրուզ Մաթևոսյանի, Հեղնար Հարությունյանի և Ալինա, Արաքսյա ու Գագիկ Կարապետյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունք: (...) ՀՀ կառավարության 17.03.2005 թվականի թիվ 439-Ն որոշմամբ Գոռավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի ցանկում է ընդգրկվել դպրոցին պատկանող շենք, շինությունների կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1.46հա մակերեսով հողամասը (...), իսկ վերը նշված քաղաքացիների անվամբ գրանցված 0.498հա մակերեսով հողամասը նույն որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցվել է Գոռավան համայնքին (հատոր 1-ին, գ.թ. 102-103):

12) Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդին առընթեր հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.03.1992 թվականի որոշմամբ Գոռավանի գյուղական խորհրդին պատկանող ցորենի պահեստն իր նավեսով սեփականաշնորհվել է Գուրգեն Կարապետի Կարապետյանին (հատոր 1-ին, գ.թ. 82):

13) Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդին առընթեր հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.03.1992 թվականի թիվ 17 որոշմամբ Գոռավանի գյուղական խորհրդին պատկանող գարու և մթերքների պահեստներն իրենց նավեսներով սեփականաշնորհվել է Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին (հատոր 1-ին, գ.թ. 79, հատոր 2-րդ, գ. թ. 49):

14) Գոռավանի գյուղխորհրդի 04.04.1992 թվականի թիվ 4 արձանագրության, սեփականաշնորհման հանձնաժողովի 07.03.1992 թվականի թիվ 17 որոշման հիման վրա 01.10.2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-4-1 մատյանի 000279 համարի տակ Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի անվամբ կատարվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 397,6 քառակուսի մետր մակերեսով պահեստի, 304,2 քառակուսի մետր մակերեսով նավեսի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի և 0,498 հեկտար պահեստարանների հողամասի նկատմամբ վարձակալության, այնուհետև` 09.12.2005 թվականին` 04.10.2005թ. ընդունված N ՀՕ-199-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, սեփականության իրավունքի պետական գրանցում (թիվ 1301636 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 88):

15) «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի կողմից 12.01.2006 թվականին հաստատվել են Գուրգեն Կարապետի Կարապետյանի գույքի նկատմամբ ժառանգները` Փիրուզա Մաթևոսյանը, Ալինա Գուրգենի Կարապետյանը, Արաքսյա Կարապետյանը, Գագիկ Գուրգենի Կարապետյանը, Հեղնար Հարությունյանը (Կարապետյան) և տրվել են թվով հինգ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր (գրանցված է սեղանամատյանում թիվ 41 համարի տակ) (հատոր 1-ին, գ.թ. 95-99, հատոր 2-րդ, գ. թ. 44-48):

16) Գոռավանի գյուղխորհրդի 04.04.1992 թվականի թիվ 4 արձանագրության, սեփականաշնորհման հանձնաժողովի 07.03.1992 թվականի թիվ 17 որոշման, քաղվածքի, 27.12.1995 թվականի թիվ 01-161 և 01-162 տեղեկանքների, 12.01.2006 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 41 վկայագրի, 30.01.2006 թվականի թիվ 3 քանդման թույլտվության հիման վրա 06.02.2006 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-4-1 մատյանի 000279 համարի տակ Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների, Հեղնար Գուրգենի Հարությունյանի անվամբ կատարվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 397,6 քառակուսի մետր մակերեսով պահեստի և 0,4980 հեկտար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել թիվ 2117750 վկայականը, ըստ որի ընդհանուր գույքի 1/2 մասը պատկանում է Ավետիս Վարդանյանին, իսկ մյուս 1/2 մասը` Փիրուզա Հակոբի Մաթևոսյանին, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյաններին, Հեղնար Գուրգենի Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 91-93):

17) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանը 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրությամբ հայտնել է, որ.

1. Գոռավանի գյուղական համայնքում դպրոցի նոր մասնաշենքի կառուցման համար հիմք է հանդիսացել Արարատի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1976 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը (արձանագրություն N 21)։ Կայացած որոշման հիմքով կատարվել է Գոռավան գյուղի հողային հաշվեկշռի փոփոխություն, ըստ որի բնակավայրի կենտրոնական մասում գտնվող չօգտագործվող արտադրական նշանակության հողերից 2.2 հա տրամադրվել է դպրոցի կառուցման համար, փոխարենը` կոլտնտեսությանն է փոխանցվել նախկին դպրոցին պատկանող հողամասը։ Վերջինս հիմք է հանդիսացել գյուղի հողային հաշվեկշռում փոփոխություն կատարելու համար։

2. Աշխատավորների դեպուտատների Արարատի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1976թ. հոկտեմբերի 19-ի որոշումից հետո դպրոցի կառուցման նպատակով տրամադրվել է 2.2 հա հողամասը (հիմք` Արարատի շրջսովետի գործկոմի գյուղատնտեսության վարչության գլխավոր հողաշինարարի եզրակացությունը)։

3. Դպրոցի կառուցման նպատակով 1976թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ կատարված հողհատկացումը կատարվել է համաձայն հաստատված գլխավոր հատակագծի։

4. Գոռավան համայնքը մինչև դպրոցի կառուցման նպատակով հողհատկացում կատարելը, այնպես էլ հողհատկացում կատարելուց հետո գլխավոր հատակագիծ չի ունեցել, Գոռավան համայնքը գլխավոր հատակագիծ չունի նաև ներկայումս։

5. Աշխատավորների դեպուտատների Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 1976թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ և որոշումն ընդունելուց հետո Գոռավան համայնքը գլխավոր հատակագիծ չի ունեցել։

Դպրոցի կառուցման նպատակով կայացած որոշման հիմքով «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից կազմվել է Գոռավան համայնքի գլխավոր հատակագծի մի մասը, որտեղ հստակ արտահայտված է տրամադրված հողամասի դիրքը ու տեղակայվածությունը բնակավայրի ներսում, ինչպես նաև տրամադրված հողամասի եզրագծերի չափերը, հարակից տարածքում շենք-շինությունների տեղաբաշխվածությունը։

Կազմված հատակագծի պատճենը դպրոցի տնօրենի կողմից տրվել է քննչական մարմիններին (հատոր 4-րդ, գ.թ. 76-77):

18) Համաձայն 04.07.2017 թվականի Հմ. 41951507 փորձագետի եզրակացության «Հետևություններ» մասի` փորձագետներին պարզաբանման նպատակով առաջադրված հարցերին տրվել են հետևյալ պարզաբանումները.

1. Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976թ-ի արձ. նո. 21 որոշմամբ (հատոր 6 վ.գ.թ. 29) նոր դպրոցի կառուցման համար հատկացված 2,2 հա հողամասի մակերեսը համապատասխանում է Հայպետնախագծի կողմից 19.07.1977թ-ին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծում նշված հողամասի 2,2 հա մակերեսին։ Սակայն, Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976թ.-ի արձ. նո. 21 որոշմամբ (հատոր 6 վ.գ.թ. 29) նոր դպրոցի կառուցման համար հատկացված 2,2 հա հողամասի իրավիճակի հատակագիծը /հողամասի երկրաչափական պատկերը/ չի համապատասխանում Հայպետնախագծի կողմից 19.07.1977թ-ին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծում նշված հողամասի իրավիճակի հատակագծին։

Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցին օգտագործման իրավունքով հատկացված 2,2 հա մակերեսով հողամասի հատակագիծը, ըստ Հայպետնախագծի կողմից 19.07.1977թ-ին տրված գույք 208849 արխիվ 2549 հատակագծի, բերված է նույն եզրակացությանը կից թիվ 1 հավելված-հատակագծում։

2. Արարատի մարզի միջնակարգ դպրոցի կողմից փաստացի օգտագործվում է 1,46 հա /14600,0 մ2/ հողամաս։

3. Արարատի մարզի Գոռավան գյուղում Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների և Հեղնար Գուրգենի Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվում է 0,498 հա /4980,0 մ2/ հողամաս։

Արարատի մարզի Գոռավան գյուղում Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների և Հեղնար Գուրգենի Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի, ինչպես նաև Արարատի մարզի միջնակարգ դպրոցի փաստացի իրավիճակի հատակագիծը բերված է նույն եզրակացությանը կից թիվ 2-րդ հավելվածում։

4-5. Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների և Հեղնար Գուրգենի Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող 0,498 հա /4980,0 մ2/ հողամասից 4926,8 քմ մակերեսով հատվածը համադրվում է 19.07.1977թ-ին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծում նշված 2,2 հա մակերեսով հողամասի հետ։

19.07.1977թ-ին տրված` գույք 208853 արխիվ 2549 հատակագծի, և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանի, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների և Հեղնար Գուրգենի Հարությունյանի կողմից փաստացի օգտագործվող հողամասի համադրման հատակագիծը բերված է նույն եզրակացությանը կից թիվ 3 հավելվածում (հատոր 7-րդ, գ.թ. 15-24):

19) Սույն գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 14.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է ՀՀ վարչական դատարանի 21.06.2012 թվականի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության: Այդ որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն արձանագրել է.

1. հայցվորի կողմից հայցով վիճարկվող վարչական ակտերի կազմում որոշիչ նշանակություն ունի Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի` նախկին կոլտնտեսության արտադրական տարածքն Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու որոշումը (այսուհետ նաև` Որոշում), (...), հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությանն անդրադառնալիս պարտավոր էր նախ և առաջ պարզել Որոշման իրավաչափությունը և նոր միայն դրանից հետո անդրադառնալ վիճարկվող մյուս վարչական ակտերի իրավաչափությանը` ըստ դրանց ընդունման պահին գործող, տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման:

Որոշման իրավաչափ լինելու հարցը պարզելու համար գործի քննությամբ Դատարանը պարտավոր էր պարզել, արդյոք Որոշումն ընդունվել է այդ ժամանակահատվածում գործող ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան, թե ոչ:

Որոշման իրավաչափության հարցը պարզելիս Դատարանը պետք է պարզեր արդյոք Գոռավանի գյուղական խորհուրդն իրավասու էր Որոշմամբ նշված տարածքը (հողամասը) անժամկետ օգտագործման հատկացնել Գոռավան գյուղի բնակիչներ Գուրգեն Կարապետի Կարապետյանին և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին, մասնավորապես` արդյոք նշված հողամասը 04.04.1992 թվականի դրությամբ գտնվել է Գոռավանի գյուղական խորհրդի տնօրինության տակ, թե ոչ:

Վերոգրյալի համատեքստում, գործի քննությամբ նախ պետք է առաջ գար հայցի հիմքում դրված Գոռավանի կոլտնտեսության արտադրական մասի հողերից 2,2 հա մակերեսով հողամասը նոր դպրոցի շենք կառուցելու նպատակով հատկացված լինելու հարցի պարզումը, (...), որպիսի հարցը պարզելուց հետո, պետք է պարզվեր, արդյոք առկա է դպրոցի շենքի կառուցման նպատակով հատկացված համապատասխան մակերեսով հողամասի և Որոշմամբ անժամկետ օգտագործման հատկացված հողամասերի համադրում, թե ոչ:

Դատարանը պարտավոր էր գործի քննության ընթացքում պարզել, թե Աշխ.դեպ. Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 1976 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը կայացնելուց հետո փաստացի ինչ մակերեսով հողամաս է տրամադրվել նոր դպրոցի շենքի կառուցման համար:

Դատարանը, (...) պարտավոր էր, (...) ձեռնարկել միջոցներ Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի շինարարության նախագծերը, ճարտարապետաշինարարական համապատասխան փաստաթղթերը, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե դպրոցի օգտագործման և սպասարկման համար փաստացի ինչքան հողամաս է տրամադրվել, ձեռք բերելու և հետազոտելու ուղղությամբ:

Դատարանը պետք է պահանջեր Աշխ.դեպ. Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 1976 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման ընդունումից հետո և Որոշման կայացման դրությամբ Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի, դրա վերադաս մարմնի և Գոռավան գյուղի գյուղսովետի հողային հաշվեկշիռները արտացոլող փաստաթղթերը, որոնք հնարավորություն կտային պարզելու, թե վիճելի հողատարածքը 1976 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումից հետո, որ մարմնի (կազմակերպության, հիմնարկի) հողային հաշվեկշռում է ընդգրկվել և ըստ դրա, որ մարմինն էր իրավասու տնօրինելու այդ հողատարածքը:

Սույն վարչական գործի շրջանակներում բացակայում են 1976թ. հոկտեմբերի 20-ին կայացած ընդհանուր ժողովի արձանագրության քաղվածքում նշված գյուղսովետի գլխավոր հատակագիծը և որոշման մեջ նշված գլխավոր նախագիծը, իսկ Դատարանը միջոցներ չի ձեռնարկել վերոնշյալ փաստաթղթերը պահանջելու և հետազոտելու համար, (...):

Անհրաժեշտ էր պահանջել և հետազոտել նաև 1976թ. հոկտեմբերի 19-ից հետո` նաև Որոշումն ընդունելու դրությամբ, կազմված Գոռավան գյուղի գլխավոր հատակագծերը, որոնք կարտացոլեին Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցին փաստացի տրամադրված հողամասի մակերեսը և այդ հողամասի տեղակայվածությունը տարածքում:

Դատարանը միաժամանակ պետք է պարզեր Գոռավանի գյուղական խորհրդի 04.04.1992 թվականի որոշմամբ Գոռավան գյուղի բնակիչներ Գուրգեն Կարապետի Կարապետյանին և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին փաստացի հատկացված արտադրական տարածքի մակերեսը:

Դատարանը պետք է նաև պարզեր մինչև Որոշման կայացումն արտադրական տարածքում գտնվող և Գուրգեն Կարապետի Կարապետյանին և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին մասնավորեցված պահեստի ու նավեսների զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը, ինչն էլ պարզելու նպատակով նույնպես Դատարանը պետք է հետազոտեր մինչև Որոշումը և որոշումից հետո կազմված հատակագծերը և քարտեզները:

Դատարանը չի հետազոտել մինչ 1984 թվականը և 1984 թվականից հետո ընդունված Գոռավան գյուղի ամբողջական հատակագծերը, ինչն էական նշանակություն կունենար գործի լուծման համար:

Վիճարկվող վարչական ակտերի իրավաչափության հարցը լուծելիս առկա էր նաև անհրաժեշտություն կատարելու տեղատեսություն` պարզելու համար սույն գործով վիճելի հողամասի տեղակայվածությունը, դիրքը, ինչպես նաև այն Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցից և արտադրական տարածքից սահմանազատված լինելու հանգամանքը, (...):

(...) անհրաժեշտ էր պարզել նաև ըստ հատակագծերի և նախագծերի ու վիճարկվող պետական գրանցման վկայականներում առկա հողամասերի հատակագծերի` տեղանքում առկա փաստացի իրավիճակի հետ համապատասխանությունը, ինչպես նաև Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի և պատասխանողներ Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին, Փիրուզա Հակոբի Մաթևոսյանին, Ալինա Գուրգենի Կարապետյանին, Արաքսյա Գուրգենի Կարապետյանին, Գագիկ Գուրգենի Կարապետյանին, Հեղնար Գուրգենի Հարությունյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.498 հեկտար հողատարածքի մակերեսների համընկնման հարցը, որպիսի հարցերը պարզելու համար անհրաժեշտ էին հատուկ գիտելիքներ:

2 Դատարանը գործը քննելիս բավարար չափով չի անդրադարձել ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության համայնքներին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 439-Ն որոշմանը:

Դատարանը, (...) պետք է պարզեր խնդրո առարկա հանդիսացող հողամասի` ՀՀ կառավարության կողմից նշված որոշմամբ Գոռավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված լինելու կամ ըստ որոշման պետական սեփականություն հանդիսանալու հարցը և վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը գնահատեր նաև նշված պարզված հարցի համատեքստում` նաև քննարկելով պետական շահի պաշտպանության հայց ներկայացրած ՀՀ Արարատի մարզի դատախազության` պատշաճ հայցվոր լինելու հարցը (հատոր 3-րդ, գ.թ. 86-99):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 145-րդ և 177-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը գործը ոչ լիարժեք քննելու հիմքով բեկանման ենթակա լինելու հարցին այն պայմաններում, երբ ստորադաս դատական ատյանը գործի նոր քննությունը չի իրականացրել վերադաս դատական ատյանի կողմից սահմանած ծավալի շրջանակներում:

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, վճռաբեկ բողոքը քննում է բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում` անդրադառնալով միայն այն հարցերին, որոնք բխում են բողոքի հիմքերից: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը սույն դատական ակտում տվյալ վեճին վերաբերող այլ հարցերի և խնդիրների չի անդրադառնում:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջել ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ, ինչպես նաև լսում է մյուս կողմի առարկությունները բեկանման հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վարչական վերաքննիչ դատարանի լիազորությունը բխում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված ոչ լրիվ վերաքննության հայեցակարգի բովանդակությունից. այն նպատակ ունի լրացնելու վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու վարչական վերաքննիչ դատարանի իրավազորության բացակայությունը, կանխելու վարչական վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը, երաշխավորելու դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հստակ եզրահանգումներ բովանդակի գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված նյութական և (կամ) դատավարական նորմերի խախտումների և դրանց վերացմանն ուղղված դատավարական գործողությունների վերաբերյալ: Ընդ որում, գործի նոր քննության արդյունքում կայացված վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վարչական վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի, թե վարչական դատարանը գործի նոր քննությունն արդյո՞ք իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում, թե` ոչ (տե՛ս, «Ն. Ռ. Վ. Ա. Դ.» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/0079/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերադաս դատական ատյանը, սահմանելով գործի նոր քննության ծավալը և արձանագրելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ըստ էության` իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատարանի համար` գործի նոր քննության ընթացքում առաջնորդվել նշված ծավալով և այդ շրջանակներում: Այլ կերպ` գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, քանի որ դրանք ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ վերջինս եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում կամ նույն սահմաններում:

Ընդ որում, որպես ընդհանուր կանոն, օրենսդրի կողմից սահմանվել է գործի նոր քննության ժամանակ նոր ապացույցներ ներկայացնելու արգելք` միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով դատարանին գործի նոր քննության ժամանակ մատնանշելու ապացուցման ենթակա նոր փաստ և պահանջելու ներկայացնել դրա հետ կապված նոր ապացույցներ։ Այսինքն` այն դեպքում, երբ գործը նոր քննության է ուղարկվել որոշակի փաստերի ապացուցման նպատակով, ապա տվյալ դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել ողջամիտ միջոցներ գործի նոր քննության ծավալի շրջանակներում համապատասխան փաստերի առկայությունը կամ բացակայությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի մարզի դատախազությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքն Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու, գյուղապետի 15.04.2002 թվականի «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 1,46հա հողօգտագործման տալու որոշումները և այդ փաստաթղթերի հիման վրա ԱԳԿ Արարատի տարածաշրջանի ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի նշված հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի 01.10.2003 թվականի պետական գրանցումը, հետագայում նույն ստորաբաժանման կողմից Ա. Վարդանյանի և Գ. Կարապետյանի իրավահաջորդներ Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի 06.02.2006 թվականին այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ հողի նկատմամբ 02.05.2002 թվականի սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանը 21.06.2012 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 14.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է ՀՀ վարչական դատարանի 21.06.2012 թվականի վճիռը և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ:

Դատարանի 01.02.2013 թվականի որոշմամբ հարուցվել է սույն վարչական գործի նոր քննության վարույթ, իսկ գործի նոր քննության արդյունքում 06.09.2018 թվականին կայացված վճռով ՀՀ Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է մասնակիորեն:

Դատարանն իր վճռում հաստատված է համարել, որ Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքն Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու մասին որոշումները մասնակի ընդունվել են օրենքի խախտմամբ: Հետևաբար Դատարանը գտել է, որ ըստ փորձագետի եզրակացության` թիվ 3 հավելվածում պատկերված համապատասխան 4926,8 քառակուսի մետր համադրվող հողամասի մասով ենթակա է անվավեր ճանաչման։ Միաժամանակ անդրադառնալով հայցվոր կողմի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից Ավետիս Վարդանյանի և Գուրգեն Կարապետյանի նշված հողատարածքի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքի 01.10.2003 թվականի պետական գրանցումը, հետագայում նույն ստորաբաժանման կողմից Ա. Վարդանյանի և Գ. Կարապետյանի իրավահաջորդներ` Փիրուզա Մաթևոսյանի, Ալինա, Արաքսյա, Գագիկ Գուրգենի Կարապետյանների ու Հեղնար Հարությունյանի 06.02.2006 թվականին այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջին, Դատարանը գտել է, որ այն նույնպես ենթակա է բավարարման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը մասնակի անվավեր է ճանաչել Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի նախկին կոլտնտեսության արտադրական տարածքը Ավետիս Վարդանյանին և Գուրգեն Կարապետյանին անժամկետ օգտագործման հատկացնելու որոշումները` փորձագետի եզրակացության թիվ 3 հավելվածում պատկերված համապատասխան 4926,8 քառակուսի մետր հողամասի մասով։

Անդրադառնալով հայցվորի` ի դեմս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազության, Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի «Գոռավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին 1,46 հեկտար հողօգտագործման տալու որոշումներն անվավեր ճանաչելու պահանջին, Դատարանն արձանագրել է, որ Գոռավանի գյուղապետի 15.04.2002 թվականի թիվ 7 որոշմամբ Գոռավանի միջնակարգ դպրոցի զբաղեցրած 1,46 հեկտար տարածքը հատկացվել է մշտական օգտագործման, 15.04.2002 թվականի` Գոռավանի գյուղապետի թիվ 7 որոշման, 02.04.2002 թվականի հաշվեկշռային արժեքի տեղեկանքի հիման վրա 02.05.2002 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03031-1-2 մատյանի 000180 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարվել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 3.411,64 քառակուսի մետր մակերեսով դպրոցի, 30,4 քառակուսի մետր մակերեսով զուգարանի, 94,3 քառակուսի մետր մակերեսով ջրավազանի, 88,2 քառակուսի մետր մակերեսով կաթսայատան, 48,45 քառակուսի մետր մակերեսով էլեկտրաենթակայանի սեփականության իրավունքի և 1,46 հեկտար հասարակական կառուցապատման հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 821142 վկայականը։ Նշված վկայականում կատարվել է ուղղում, որի արդյունքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցի անվամբ կատարված սեփականության իրավունքն անցել է Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար նույն պետական գրանցումը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանում է 1,46 հեկտար հասարակական կառուցապատման հողամաս, հայցվորի (ի դեմս Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազության, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության պետական շահերից) համար հանդիսանում է բարենպաստ վարչական ակտ, ուստի ենթակա չէ վերացման։

Վերաքննիչ դատարանը 14.06.2019 թվականի որոշմամբ Բողոքաբերների վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով սույն վարչական գործում առկա ապացույցները, իր որոշմամբ արձանագրել է, որ Դատարանը ճիշտ է գնահատել գործի ապացույցները և պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ճիշտ է մեկնաբանել օրենսդրության դրույթը և եկել է իրավացի եզրահանգման` կայացնելով հիմնավորված դատական ակտ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, 14.12.2012 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 21.06.2012 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, սահմանել է գործի նոր քննության ծավալ, այն պատճառաբանությամբ, որ դատարանը սույն գործի շրջանակներում չի իրականացրել գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ բոլոր, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի ի պաշտոնե պարզում և այդ նպատակով ձեռք բերված անհրաժեշտ բոլոր ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում և գնահատում: Ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` ստորադաս դատարանը պարտավոր էր.

1) պարզել Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի որոշման իրավաչափությունը, այդ թվում.

ա. պարզել` արդյոք Գոռավանի գյուղական խորհուրդն իրավասու էր Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի որոշմամբ նշված տարածքը (հողամասը) անժամկետ օգտագործման հատկացնել Գոռավան գյուղի բնակիչներ Գուրգեն Կարապետի Կարապետյանին և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին, մասնավորապես` արդյոք նշված հողամասը 04.04.1992 թվականի դրությամբ գտնվել է Գոռավանի գյուղական խորհրդի տնօրինության տակ, թե` ոչ:

բ. պարզել Գոռավանի կոլտնտեսության արտադրական մասի հողերից 2,2 հա մակերեսով հողամասը նոր դպրոցի շենք կառուցելու նպատակով հատկացված լինելը, դպրոցի շենքի կառուցման նպատակով հատկացված համապատասխան մակերեսով հողամասի և որոշմամբ անժամկետ օգտագործման հատկացված հողամասերի համադրության առկայության հարցը,

գ. պարզել, թե Աշխ.դեպ Արարատի շրջսովետի գործադիր կոմիտեի 19.10.1976 թվականի որոշումը կայացնելուց հետո փաստացի ինչ մակերեսով հողամաս է տրամադրվել նոր դպրոցի շենքի կառուցման համար, ինչպես նաև այդ հանգամանքը պարզելու համար միջոցներ ձեռնարկել համապատասխան փաստաթղթերը պահանջելու և հետազոտելու համար,

դ. պարզել Գոռավանի գյուղական խորհրդի 04.04.1992 թվականի որոշմամբ Գոռավան գյուղի բնակիչներ Գուրգեն Կարապետյանին և Ավետիս Վարդանյանին փաստացի հատկացված արտադրական տարածքի մակերեսը, ինչպես նաև մինչև Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի որոշման կայացումն արտադրական տարածքում գտնվող և Գուրգեն Կարապետի Կարապետյանին և Ավետիս Հովհաննեսի Վարդանյանին մասնավորեցված պահեստի ու նավեսների զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը, ինչն էլ պարզելու նպատակով նույնպես Դատարանը պետք է հետազոտեր մինչև տվյալ որոշումը և որոշումից հետո կազմված հատակագծերը և քարտեզները,

ե. հետազոտել մինչ 1984 թվականը և 1984 թվականից հետո ընդունված Գոռավան գյուղի ամբողջական հատակագծերը,

զ. կատարել տեղատեսություն` պարզելու սույն գործով վիճելի հողամասի տեղակայվածության դիրքը, ինչպես նաև այն Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցից և արտադրական տարածքից սահմանազատված լինելու հանգամանքը,

է. պարզել ըստ հողամասերի հատակագծերի և նախագծերի ու վիճարկվող պետական գրանցման վկայականներում առկա հողամասերի հատակագծերի` տեղանքում առկա փաստացի իրավիճակի հետ համապատասխանությունը, ինչպես նաև` Գոռավան միջնակարգ դպրոցի և Բողոքաբերներին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.498 հեկտար հողատարածքի մակերեսների համընկնման հարցը:

2) Անդրադառնալ ՀՀ կառավարության 17.03.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության համայնքներին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 439-Ն որոշմանը: Մասնավորապես` պարզել վիճելի հողամասի` ՀՀ կառավարության կողմից նշված որոշմամբ Գոռավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված լինելու կամ ըստ որոշման պետական սեփականություն հանդիսանալու հարցը և վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը գնահատել նաև նշված պարզված հարցի համատեքստում` նաև քննարկելով պետական շահի պաշտպանության հայց ներկայացրած ՀՀ Արարատի մարզի դատախազության` պատշաճ հայցվոր լինելու հարցը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը սույն վարչական գործի նոր քննության ընթացքում ամբողջությամբ չի կատարել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշման պահանջները և գործի նոր քննությունը չի իրականացրել այդ որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում (սահմաններում)` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացաuական հետևանքները կրում է այդ փաuտի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

Վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Դատարանը սույն վարչական գործի նոր քննության ընթացքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշմամբ առաջ քաշված` սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզաբանելու նպատակով վկայակոչել և ըստ էության` դատական ակտի հիմքում դրել է ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրությունը, 04.07.2017 թվականի Հմ. 41951507 փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև` որպես վկա հարցաքննված փորձագետ Արմեն Հովհաննիսյանի ցուցմունքները: Նշված ապացույցների վերլուծության արդյունքում Դատարանը ՀՀ Արարատի մարզի դատախազության հայցը մասնակիորեն բավարարել է, իսկ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ, Դատարանի վճիռը թողել է անփոփոխ:

Դատարանը, սույն վարչական գործի նոր քննության ընթացքում անդրադառնալով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշմամբ մատնանշված հանգամանքներին, մասնավորապես, Գոռավանի գյուղական խորհրդի կողմից 04.04.1992 թվականի որոշմամբ վեճի առարկա հողամասն անժամկետ օգտագործման հատկացնելու և նշված հողամասի` Գոռավանի գյուղական խորհրդի տնօրինության տակ գտնվելու հարցին, վկայակոչել է իրավահարաբերության ծագման պահին գործով ՀՀ հողային օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածները և արձանագրել, որ նշված իրավանորմերից հետևում է, որ պատգամավորների գյուղական խորհուրդները նաև օգտագործման համար հողամասեր կարող էին տրամադրել միայն իրենց իրավասությունների սահմաններում և միայն իրենց տնօրինության տակ գտնվող հողերից: Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ նշված հարցը պարզելու նպատակով համապատասխան ապացույցներ պահանջելու միջոցով: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից ձեռք բերված ապացույցներով, մասնավորապես` 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրությամբ և փորձագետի 04.07.2017 թվականի Հմ. 41951507 եզրակացությամբ, չի հաստատվում նախքան վեճի առարկա հողամասն անժամկետ օգտագործման հատկացնելը` այն Գոռավանի գյուղական խորհրդի տնօրինման տակ գտնվելու հանգամանքը:

Ավելին` ստորադաս դատարանները, դատական ակտերով մի կողմից արձանագրել են, որ համապատասխան փաստաթղթերը` 1976-1992 թվականների վիճելի հողատարածքներին վերաբերող հատակագծերը, որոնցով պետք է պարզվեր, թե վիճելի հողատարածքը գտնվել է համայնքի, թե դպրոցի կազմում, գոյություն չունեն, քանի որ Գոռավանի գյուղխորհրդի և վերջինիս հետ կապված ոչ մի փաստաթուղթ Գոռավանի գյուղապետարանում չի պահպանվել, մյուս կողմից դատական ակտերի հիմքում դրվել է ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրությունը, որով նշվել է, որ դպրոցի շինարարության համար հատկացվել է 2,2 հա տարածք, ինչը հիմք է հանդիսացել գյուղի հողային հաշվեկշռում փոփոխություններ կատարելու համար, և դպրոցի շինարարությունն իրականացվել է 19.10.1976 թվականի որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն, մինչդեռ հենց նույն գրությամբ նշվել է, որ Գոռավան համայնքը մինչև դպրոցի կառուցման նպատակով հողհատկացում կատարելը, այնպես էլ դրանից հետո գլխավոր հատակագիծ չի ունեցել և չունի նաև ներկայումս, իսկ «Հայպետնախագիծ» ինստիտուտի կողմից կազմված հատակագծի մի մասը պատկերող հատակագծի պատճենը դպրոցի տնօրենի կողմից տրվել է քննչական մարմիններին: Այսինքն, վերոգրյալից ստացվում է, որ գործում առկա հակասական փաստերի պայմաններում, դատարաններն ակտերի հիմքում դրել են ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի գրությունը` հաշվի չառնելով, որ տվյալ գրությունը պարունակում է հակասական տվյալներ, իսկ այդ գրությամբ նշված փաստերը հիմնավորող որևէ ապացույց գործում առկա չէ: Միաժամանակ, դատարանները բավարար չափով չեն գնահատել այդ գրությունը և դրա հիմքում դրված ապացույցները, որից հետո միայն, այն համադրելով սույն գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, կկարողանային գալ հիմնավորված եզրակացության: Ընդ որում, ստորադաս դատարանների կողմից չի պատճառաբանվել նաև համապատասխան փաստերը բացահայտելուն ուղղված միջոցները սպառած լինելու հանգամանքը, քանի որ այլ ապացույցների բացակայության պայմաններում դատական ակտերի հիմքում միայն ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրությունը դնելը և դրա հիման վրա որոշակի փաստեր հաստատելը կարող էր արդարացված լինել միայն այն դեպքում, երբ դատարանների կողմից սպառված կլինեին համապատասխան փաստերը բացահայտելուն ուղղված այլ ապացույցներ ձեռք բերելու միջոցները: Տվյալ դեպքում, դատարանների կողմից ՀՀ Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի 03.07.2013 թվականի թիվ 1/13/2/3182-13 գրության արժանահավատությունը կարող էր ստուգվել տվյալ գրության հիմքում դրված փաստաթղթերը ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գրությամբ մատնանշված տվյալների վերաբերյալ համապատասխան մարզպետին որպես վկա հարցաքննելու միջոցով: Նման պայմաններում դատարանների համար պարզ կլիներ վկայակոչված գրության` սույն գործով վերաբերելի և թույլատրելի ապացույց հանդիսանալու հանգամանքը:

Այսինքն` ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում բավարար չափով չի պատճառաբանվել ներքին համոզմունքի հանգելու նպատակով ձեռնարկված միջոցներն սպառած լինելու հանգամանքը, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց, Վերաքննիչ դատարանի կողմից գործի նոր քննության ծավալ որոշելիս նշվել են պարզման ենթակա հանգամանքներ, որոնց վերաբերյալ գործում առկա են եղել հակասական տվյալներ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գործի նոր քննության ծավալ սահմանելիս 14.12.2012 թվականի որոշմամբ նշել է նաև, որ Արարատի շրջանի Գոռավանի գյուղական խորհրդի նստաշրջանի 04.04.1992 թվականի որոշման իրավաչափությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել տեղատեսություն` սույն գործով վիճելի հողամասի տեղակայվածության դիրքի, ինչպես նաև այն Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցից և արտադրական տարածքից սահմանազատված լինելու հանգամանքի պարզաբանման նպատակով:

Վերոգրյալի հիման վրա` ստորադաս դատարանները, դատական ակտերի հիմքում դնելով փորձագետի` 04.07.2017 թվականի թիվ Հմ.41951507 եզրակացությունը, գտել են, որ վերոնշյալ եզրակացությամբ, ըստ էության, պարզաբանվել են այն հարցերը, որոնք, ըստ Վերաքննիչ դատարանի, պետք է պարզվեին տեղատեսության արդյունքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նշված եզրակացությամբ որևէ տեղեկություն չի տրվել վիճելի հողամասի` Գոռավան գյուղի միջնակարգ դպրոցից և արտադրական տարածքից սահմանազատված լինելու վերաբերյալ, որպիսի հանգամանքի (այդ թվում նաև` վիճելի հողամասի տեղակայվածության դիրքի ճշգրտման) պարզաբանման նպատակով էլ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն առաջարկել էր կատարել տեղատեսություն: Նշված հարցի պարզաբանման նպատակով տեղատեսություն կատարելն էական նշանակություն կունենար գործի լուծման համար` նկատի ունենալով, որ այդ հանգամանքի վերաբերյալ գործում առկա են միմյանց հակասող դիրքորոշումներ:

Միաժամանակ, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշմամբ նշվել էր, որ ՀՀ վարչական դատարանը գործը քննելիս բավարար չափով չի անդրադարձել ՀՀ կառավարության 17.03.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու և Հայաստանի Հանրապետության համայնքներին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 439-Ն որոշմանը:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը, այնուհետև նաև` Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չեն անդրադարձել նշված որոշմանը: Մինչդեռ, ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` դատարանը պետք է պարզեր վիճելի հողամասի` ՀՀ կառավարության կողմից նշված որոշմամբ Գոռավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված լինելու կամ ըստ որոշման պետական սեփականության իրավունքով անհատույց փոխանցված լինելու կամ ըստ որոշման` պետական սեփականություն հանդիսանալու հարցը և վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունը գնահատեր նաև նշված պարզված հարցի համատեքստում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վճիռը չի կայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.12.2012 թվականի որոշմամբ նշված սահմաններում: Արդյունքում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք փաստեր չեն պարզաբանվել կամ թերի են բացահայտվել:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալն արդեն իսկ բավարար է դատական ակտը բեկանելու համար, ուստի վճռաբեկ բողոքով ներկայացված մյուս փաստարկներին այլևս չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հիման վրա գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.06.2019 թվականի որոշումը և գործը` հայցը բավարարելու մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան