ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0652/04/19 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0652/04/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան
զեկուցող
Է. Սեդրակյան
2022 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14․12․2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` «ՍԹՈՆՍ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) 13․06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Նարինյան) (այսուհետ` Դատարան) 13․02.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը բավարարվել է և վերջինիս թույլատրվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14․12.2020 թվականի որոշմամբ Դատարանի 13․02․2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշման դեմ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` նշված որոշումը վերացվել է և հարցն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Ա. Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ տնօրեն Կամո Մելքոնյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Կոմիտեն նախևառաջ պետք է իր կողմից ներկայացված միջնորդությունն ուղարկեր նաև գործին մասնակցող այլ անձանց, այդ թվում և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանին և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, քանի որ ենթադրվում էր, որ պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին Դատարանի հնարավոր որոշումը կարող էր ազդել վերջիններիս իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի վրա։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով անդրադարձել է այն հանգամանքին, որ օրենսդիրը սահմանել է ստուգման հանձնարարագիրը հարկ վճարողին ներկայացնելու եռօրյա ժամկետ, որն ինքնանպատակ չէ:
Միաժամանակ սույն գործով անհրաժեշտ է պարզել, թե արդյոք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Կոմիտեի կողմից ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու միջնորդությունը մինչև Դատարան ներկայացնելը Կոմիտեն պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդությունը նախօրոք ներկայացնել գործին մասնակցող մյուս անձանց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14․12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ կայացնելով նոր դատական ակտ կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 12.02.2020 թվականին ՀՀ սնանկության դատարանին ներկայացրել է միջնորդություն` խնդրելով թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում: Միջնորդությանը կցվել է ապացույց: Մինչդեռ նշված միջնորդությունը և դրան կցված ապացույցը «Մաքս Օիլ» ՍՊԸ-ին չեն ուղարկվել: «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն չի ծանուցվել նաև միջնորդության քննարկման ժամանակի և վայրի մասին: Այսինքն՝ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն զրկված է եղել ներկայացված միջնորդության և ապացույցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:
Փաստորեն, առկա են եղել միջնորդությունը չքննարկելու դատավարական իրավունքի նորմերով սահմանված հիմքերը: Մինչդեռ Դատարանը, կոպիտ կերպով խախտելով դատավարական իրավունքի նորմերի պահանջները, ոչ միայն քննարկել է միջնորդությունը, այլև բավարարել է այն:
Նման պայմաններում Դատարանը թույլ է տվել մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ գործին մասնակցող անձը զրկվել է ներկայացված միջնորդության և դրան կցված ապացույցի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` մրցակցային վարույթի անհարկի սահմանափակման:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասը և մեկնաբանելով նշված նորմը` հանգել է միանգամայն ճիշտ հետևության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1) Կոմիտեն 12․02․2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին։ Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 102-105):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե սնանկ ճանաչված տնտեսվարող սուբյեկտի մոտ համալիր հարկային ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը մինչև դատարան ներկայացնելն արդյոք Կոմիտեն պարտավոր է միջնորդությանը կից ներկայացնել միջնորդության և դրան կցված փաստաթղթերի օրինակները գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության մասին հիմնավորումները, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա, իսկ 5-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ նախ «միջնորդություն» եզրույթն իրենից ներկայացնում է պաշտոնական գրություն` ուղղված դատարանին, համապատասխան գործի շրջանակներում և դրա քննության ընթացքում դատարանի կողմից որևէ գործողություն կատարելու, որևէ հարցի այս կամ այն ընթացքը լուծելու համար: Նշված իրավանորմերից հետևում է նաև, որ օրենսդիրը, նախատեսելով միջնորդության ներկայացման կարգը, ամրագրել է, որ դատական նիստից դուրս միջնորդությունը ներկայացրած անձը պարտավոր է դրա մասին ծանուցել գործին մասնակցող մյուս անձանց կամ, դրա անհնարինության դեպքում, ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Միաժամանակ, օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից կատարել է բացառություն այն դեպքերի համար, երբ միջնորդությունն իր բնույթով բացառապես այն ներկայացնող անձի իրավունքների իրականացման միջոց է, և չի ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Այսինքն, օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ գործին մասնակցող այլ անձանց միջնորդության վերաբերյալ իրազեկելը պարտադիր պայման է, եթե միայն նշված միջնորդությունը որևէ կերպ առնչվում է վերջիններիս իրավունքներին, պարտականություններին, շահերին, կարգավիճակին կամ դատավարության ընթացքին:
Սույն բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «հարկային ստուգում» հասկացությանը և դրա իրականացման նպատակին ու ընթացակարգին։
ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նաև իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ սույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում համալիր հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգի միջոցով: Ռիսկի վրա հիմնված հարկային ստուգումների միջոցով հարկային մարմինն այդ ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են:
ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարը համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ` ծրագրի հաստատման հարկային տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` համալիր հարկային ստուգումների հանձնարարագիրը կազմվում է երկու օրինակից և ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ (որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը) ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ծանոթացման: (...)
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտին համալիր հարկային ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցելու պարտականություն է սահմանել: Ստուգման հանձնարարագիրը եռօրյա ժամկետում հարկ վճարողին ներկայացնելու օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Հանձնարարագրի մասին հարկ վճարողին ներկայացնելու համապատասխան ժամկետը սահմանելիս օրենսդիրը հիմք է ընդունել հարկային ստուգումների առանձնահատուկ բնույթը և դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը: Ընդ որում, օրենսդրի նման սահմանումը նպատակ ունի մի կողմից պաշտպանելու հարկ վճարողի շահերը, քանի որ վերջինս իրականացվող ստուգման մասին տեղեկացվում է ստուգումն իրականացվելուց երեք օր առաջ, մյուս կողմից` չի խախտվում հարկային մարմնի կողմից համապատասխան տնտեսվարողի մոտ հարկային ստուգում իրականացնելու հանկարծակիության սկզբունքը (տե՛ս, «ՎԱՌ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ընդդեմ «ԷՅՋԻ ՏՊԱՐԱՆ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0895/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06․04․2022 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն 12․02․2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Ընկերությունում համալիր հարկային ստուգման իրականացումը թույլատրելու մասին։ Միջնորդությանը կցվել են Կոմիտեի նախագահի 20.06.2019 թվականի «2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 407-Ա հրամանի և դրանով հաստատված ծրագրի լուսապատճենները:
Դատարանը, 13․02․2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում իրականացնելու թույլտվություն տալու մասին» որոշմամբ, հաշվի առնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, գնահատելով Կոմիտեի ներկայացրած պատճառաբանությունները` գտել է, որ Կոմիտեի միջնորդությունը հիմնավոր է, և վերջինիս պետք է թույլատրել Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դատարանը քննել է Կոմիտեի` դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունը, որին կից ներկայացված չեն եղել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով բացառապես Կոմիտեի լիազորությունների, այն է` հարկային ստուգում անցկացնելու, իրականացման միջոց է, Դատարանը չի պահանջել Կոմիտեից այդ միջնորդության մասին իրազեկել գործին մասնակցող մյուս անձանց:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ արձանագրել է, որ սույն գործի շրջանակներում Կոմիտեն նախևառաջ պետք է իր կողմից ներկայացված միջնորդությունն ուղարկեր նաև գործին մասնակցող այլ անձանց, այդ թվում և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանին և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, քանի որ ենթադրվում էր, որ պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին Դատարանի հնարավոր որոշումը կարող էր ազդել վերջիններիս իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի վրա։ Հստակ է նաև, որ Դատարանն էլ իր հերթին պարտավոր էր միջնորդության քննարկման կապակցությամբ հրավիրել դատական նիստ՝ քննարկվելիք միջնորդության կապակցությամբ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց, այդ թվում՝ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի պատշաճ ծանուցումը, որից հետո միայն գար համապատասխան եզրահանգման:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, գործին մասնակցող անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով, ինչպես նաև բողոքաբերներ՝ «Մաքս Օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանի և Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի առարկությունների հիմնավորվածությունը գնահատելու անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է վերացնել Դատարանի 13.02.2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն դեպքում Կոմիտեի միջնորդությունը վերաբերում է սնանկ ճանաչված պարտապան Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելը թույլատրելուն, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակ ամրագրել է դրույթ առ այն, որ սնանկ ճանաչված պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել բացառապես դատարանի որոշմամբ։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ստուգումը կամ ուսումնասիրությունը սկսելուց առաջ կազմվում է համապատասխան ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագիր, ուստի ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը պարզապես նախորդում է համալիր հարկային ստուգումների հանձնարարագրին, որը հրապարակելուց հետո միայն հարկային մարմինը կարող է անցկացնել ստուգում կամ ուսումնասիրություն. ընդ որում, համալիր հարկային ստուգումների հանձնարարագրի օրինակը ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Հետևաբար` սույն դեպքում Կոմիտեն Ընկերությունում համալիր հարկային ստուգում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը Դատարան ներկայացնելուց զատ դրա օրինակը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու որևէ պարտականություն չէր կրում, քանի որ տվյալ միջնորդությամբ Կոմիտեն իրականացրել է իր` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունը (իրավունքը), և այս փուլում այն չի ազդել գործին մասնակցող անձանց որևէ իրավունքի, որևէ պարտականության, որևէ շահի, որևէ կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
Ավելին` հարկային ստուգումը կամ ուսումնասիրությունն էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող այնպիսի ընթացակարգ է, որի նպատակը նախևառաջ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տնտեսվարող սուբյեկտների մոտ պետության հանդեպ հարկային պարտավորությունները ճշտելն է, և իրականացվող ստուգումներով բնավ պարտադիր չէ հարկային մարմնի կողմից տնտեսվարողի մոտ խախտումներ և թերություններ բացահայտելը, հարկային իրավախախտումների վերհանումն ու լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համալիր հարկային ստուգման առանձնահատկություններով պայմանավորված Կոմիտեի ներկայացրած միջնորդության վերաբերյալ վերջինս գործին մասնակցող անձանց և մասնավորապես` Ընկերությանը, միջնորդության մասին իրազեկելու պարտավորություն չի ունեցել, որպիսի փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 13․02․2020 թվականի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14․12.2020 թվականի որոշումը և ՀՀ սնանկության դատարանի 13․02․2020 թվականի «Պարտապանի մոտ ստուգում անցկացնելու թույլտվություն տալու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: