Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0163/04/19

2022 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0163/04/19

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

2022 թվականի մայիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ալիանս Լոջիսթիք» ՍՊԸ-ի` «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Ալիանս Լոջիսթիք» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 29.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 30.05.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը` ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության` 19.07.2017 թվականի դրությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2019 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.05.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Դատարանի 13.12.2019 թվականի որոշմամբ Ընկերությունը լուծարվել է, և գործունեությունը` կասեցվել:

Դատարանի 22.01.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի միջնորդությունը բավարարվել է` Ընկերության գործունեությունն ամբողջությամբ վերսկսվել է 11 ամիս ժամկետով:

Դատարանի 11.02.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացրած բողոքը` սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի գործողությունները վիճարկելու վերաբերյալ, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.02.2020 թվականի «Սնանկության գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված բողոքը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել և չի կիրառել նույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ հոդվածները, 364-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պարտատերերի քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելու հարցի առնչությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը պարունակում է երկու դրույթ` 33-րդ հոդվածի 5-րդ և 43-րդ հոդվածի 6-րդ մասերում: Հետևաբար, այդ հարցին անդրադառնալիս, անհրաժեշտ է դրանք մեկնաբանել համակարգային եղանակով, որպեսզի հնարավոր լինի բացահայտել օրենսդրի կողմից այդ երկու նորմերի սահմանման նպատակը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը քվեարկության ձայնի իրավունք ստանալու հարցը կապում է առաջին ժողովին պարտատիրոջ մասնակցության հետ, սակայն չի մանրամասնում, թե արդյոք քվեարկության ձայնի իրավունք ձեռք են բերում առաջին ժողովին մասնակցած բոլոր պարտատերերը (և՛ ապահովված, և՛ չապահովված), թե՝ պարտատերերի որոշակի խումբ: Հետևաբար, եթե նույն օրենքի որևէ այլ հոդվածում չպարունակվեր դրույթ հակառակի մասին, ապա կարելի էր եզրակացնել, որ քվեարկության ձայնի իրավունք ձեռք են բերում առաջին ժողովին մասնակցած բոլոր պարտատերերը` անկախ նրանից՝ ապահովված, թե չապահովված պարտատերեր են: Սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասն ամրագրում է այն դեպքը, երբ ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք:

Բացի այդ, նշված եզրակացությունը և դրա հիմքում ընկած տրամաբանությունը բխում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի այն դրույթից, որ պարտատերերի խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան: Այսինքն` պարտատերերի խորհրդում և վերջինիս իրավասությանը ենթակա հարցերի քննարկմանը և քվեարկությանը ևս ապահովված պարտատերերը չեն կարող մասնակցել: Ընդ որում, նման կարգավորման տրամաբանությունն ուղղակիորեն կապվում է պարտատերերի ժողովում ապահովված պարտատիրոջ քվեարկության ձայնի իրավունք չունենալու հանգամանքի հետ (որպեսզի երկու դեպքում էլ գործի նույն սկզբունքը), քանի որ պարտատերերի խորհրդում կարող են քննարկվել և քվեարկվել բոլոր այն հարցերը (բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի), որոնք խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում քննարկվում են ժողովում: Այսինքն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նշված դրույթները ևս փաստում են, որ նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ և 43-րդ հոդվածի 6-րդ մասերը սահմանելիս օրենսդրի նպատակը եղել է այն, որ պարտատերերի ժողովում քվեարկության ձայնի իրավունք ունենան միայն չապահովված պարտատերերը: Մինչդեռ, թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը անտեսել են նշված հանգամանքները, չեն մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի վերոգրյալ իրավակարգավորումը:

Բացի վերոգրյալից, ՀՀ դատական պրակտիկայում սնանկության գործերի գերակշռող մեծամասնությունում, որտեղ առկա են գրանցված պարտատերեր, վերջիններս հանդիսանում են այդ գործերով խոշոր պարտատերեր: Նման պայմաններում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված դրույթի համաձայն, նրանք չեն կարող մասնակցել չապահովված իրավունքի առարկայի օտարումից առաջացած միջոցների բաշխմանը, քանի որ օգտվելով և չարաշահելով քվեարկության ձայների մեծամասնություն ունենալու իրենց իրավունքը՝ կարող են խոչընդոտել չապահովված իրավունքի առարկայի վաճառքի ծրագրի հաստատմանն այնքան ժամանակ, քանի դեռ ապահովված իրավունքի առարկան չի վաճառվել, և իրենց պահանջի չբավարարված մասը հայտնի չէ: Ապահովված իրավունքի առարկայի վաճառքից հետո ստացած բավարարման արդյունքում չբավարարված մասով չապահովված պարտատերեր դառնալուց հետո էլ չապահովված գույքի վաճառքի դեպքում մնացած չապահովված պարտատերերի հետ ևս համամասնորեն կստանան բավարարում: Արդյունքում, ապահովված պարտատերն անհամեմատ ավելի գոհացուցիչ պայմաններում կհայտնվի մնացած պահանջատերերի համեմատ, ինչը հակասում է սնանկության ինստիտուտի նպատակներին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել օրենքի միատեսակ կիրառության սկզբունքները, որի արդյունքում իրավունքի նորմին փաստացի տրվել է կիրառման ոչ ենթակա նորմի կարգավիճակ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա է դարձվել քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելուն ուղղված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածներից միայն մեկը: Արդյունքում, քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելու ինստիտուտը դիտարկվել է միայն մեկ իրավակարգավորման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանվող իրավակարգավորման առնչությամբ Վճռաբեկ դատարանի կողմից իրավական դիրքորոշման արտահայտումը կնպաստի ոչ միայն նշված նորմի ընդունման նպատակը և կարգավորման առարկան բացահայտելուն, այլ նաև պրակտիկայում դրա կիրառման ապահովմանը, ինչպես նաև ապահովված պահանջատիրոջ կողմից քվեարկության ձայնի իրավունք ունենալու կամ չունենալու խնդրի լուծմանը: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ և 43-րդ հոդվածի 6-րդ մասերի իրավակարգավորումների մեկնաբանման առնչությամբ իրավունքի զարգացման ճանապարհով առկա է միասնական դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 06.05.2020 թվականի թիվ ՍնԴ/0163/04/19 սնանկության գործով կայացված որոշումը վերացնել և կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի ««Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 30.05.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը` ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության` 19.07.2017 թվականի դրությամբ:

Կոմիտեի կողմից ներկայացված 1.510.100 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «գ» հերթում, իսկ 365.184.965 ՀՀ դրամի չափով պահանջը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում (հավելված, հատոր 8-րդ, գ.թ. 111-117):

2) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի 30.05.2019 թվականի որոշման օրինական ուժ ստանալուց հետո հրավիրել է պարտատերերի առաջին ժողով, որի մասին ծանուցել է 5 խոշոր պարտատերերին և հրապարակել ծանուցում www.azdarar.am կայքում (հավելված, հատոր 10-րդ, գ.թ. 21-23):

3) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 27.11.2019 թվականին հրավիրված պարտատերերի առաջին ժողովին մասնակցել են պարտատերեր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կոմիտեն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն:

Ընկերության սնանկության գործով կառավարիչը, հաշվի առնելով, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պահանջը դրամական արտահայտությամբ կազմում է 6.342.023.104,9 ՀՀ դրամ, Կոմիտեինը` 366.695.065 ՀՀ դրամ, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ինը` 31.233.093,2 ՀՀ դրամ, գտել է, որ այդ պահանջների հանրագումարի մեջ մասնակիցների ձայների տոկոսը կազմում է համապատասխանաբար 94.0, 5.44 և 0.56 տոկոս: Միաժամանակ, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ձայները բաշխել է հետևյալ կերպ` «Ամերիաբանկ» ՓԲԸ` 94 տոկոս, Կոմիտե` 5.44 տոկոս, «Արդշինբանկ» ՓԲԸ` 0.56 տոկոս (հավելված, հատոր 10-րդ, գ.թ. 25):

4) Կոմիտեն 06.12.2019 թվականին դատարան մուտքագրած գրությամբ խնդրել է պարտավորեցնել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանին քվեարկության ձայների բաշխումն իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ և 43-րդ հոդվածի 6-րդ մասերի համադրման արդյունքում քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերած պարտատերերի միջև, տվյալ դեպքում` առաջին ժողովին մասնակցած չապահովված պարտատերեր Կոմիտեի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջև (հավելված, հատոր 12-րդ, գ.թ. 1-4):

5) Կոմիտեն 06.02.2020 թվականին դատարան մուտքագրած գրությամբ հայտնել է, որ հաշվի առնելով, որ 06.12.2019 թվականի գրության եզրափակիչ մասում առաջադրված խնդրանքը կարող է առաջացնել տարընկալումներ` խնդրել է առաջնորդվել բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի իրավակարգավորումներով և քննարկման առարկա դարձնել միայն կառավարչի գործողությունները` դրանք համարելով ոչ իրավաչափ: Միաժամանակ, խնդրել է 06.12.2019 թվականի գրությամբ շարադրված պահանջը թողնել անհետևանք և դրան չանդրադառնալ (հավելված, հատոր 12-րդ, գ.թ. 15-16):

6) Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը 01.02.2020 թվականին դատարան ներկայացրած դիրքորոշմամբ հայտնել է, որ թեև Կոմիտեի ներկայացուցիչը պարտատերերի առաջին ժողովի ժամանակ վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը, սակայն նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին մասնակցած պարտատերերին: Հավելել է, որ ապահովված պարտատիրոջը ժողովում ձայնի իրավունք տալը ընդունելի է այնքանով, որքանով վերջինս ժողովում քվեարկության միջոցով կարող է իրացնել օրենքով իրեն վերապահված իրավունքները՝ սպասարկելով իր շահերը: Բացի դրանից, օրենսդիրը պարտատիրոջը ձայնի իրավունք տալը պայմանավորել է ապահովման առարկայի արժեքը բավարար կամ անբավարար լինելով, իսկ առաջին ժողովի ժամանակ ապահովման առարկայի արժեքը դեռևս հայտնի չէ (հավելված, հատոր 12-րդ, գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` սույն գործով վիճարկվող` քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելու ինստիտուտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք ապահովված պարտատերերը կարող են քվեարկության ձայնի իրավունքով մասնակցել սնանկության գործով պարտատերերի ժողովում, քանի դեռ առկա չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանը:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը` պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 40 օրվա, և ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն (...):

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ դատարանը սնանկ ճանաչված անձի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ, դրա կայացման օրվանից ոչ ուշ քան 40 օրվա, և ոչ շուտ, քան 30 օրվա ընթացքում, նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Հիմք ընդունելով դատարանի որոշումը` սնանկության գործով կառավարիչը հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում սահմանված դեպքերի (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև` իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն: (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերելը պայմանավորել է պարտատիրոջ` պարտատերերի առաջին ժողովին մասնակցության հետ, սակայն նույն իրավանորմով չի հստակեցրել, թե արդյոք բոլոր պարտատերերն են ստանում քվեարկության ձայնի իրավունք, թե` նրանց որոշակի խումբ: Ըստ էության, նշված իրավանորմից բխում է, որ քվեարկության ձայնի իրավունք կարող են ձեռք բերել պարտատերերի առաջին ժողովին մասնակցած թե՛ ապահովված, թե՛ չապահովված պարտատերերը: Միաժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մեկ այլ` «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է այն դեպքերին, թե երբ կարող է ապահովված պարտատերն ստանալ քվեարկության ձայնի իրավունք: Մասնավորապես, «Սնանկության մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը) ավելի է ապահովված պարտատիրոջ պահանջից կամ հավասար է դրան, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված պահանջի չափի և գույքի արժեքի տարբերության չափով:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, այդուհանդերձ, ապահովված պարտատիրոջը քվեարկության ձայնի իրավունք ստանալու հնարավորություն է ընձեռել որոշակի պայմանների առկայության դեպքում: Ըստ այդմ, ապահովված պարտատերը քվեարկության ձայնի իրավունք կարող է ձեռք բերել, եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը նվազել է ապահովված պահանջի չափից: Նշվածի հետ զուգահեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մեկ այլ դրույթով, որն ընդհանուր կանոններ է պարունակում պարտատերերի խորհրդի մասին, օրենսդիրն ամրագրել է պարտատերերի խորհրդի ձևավորման կարգը: Մասնավորապես, նույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան` անկախ ժողովում քվեարկության իրավունք ունենալու հանգամանքից:

Համադրելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ պարտատերերի խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ քվեարկության ձայնի իրավունք կարող են ձեռք բերել պարտատերերի առաջին ժողովին մասնակցած` առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը: Միաժամանակ, ապահովված պարտատերը քվեարկության ձայնի իրավունք կարող է ձեռք բերել միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված պայմանների առկայության դեպքում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանը պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի 30.05.2019 թվականի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հրավիրել է պարտատերերի առաջին ժողով, որի մասին ծանուցել է հինգ խոշոր պարտատերերին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, Կոմիտեին, «Միկշին» ՍՊԸ-ին, «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ին, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին և հրապարակել ծանուցում www.azdarar.am կայքում:

Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից 27.11.2019 թվականին հրավիրված պարտատերերի առաջին ժողովին մասնակցել են պարտատերեր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, Կոմիտեն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն: Ժողովի ընթացքում Ընկերության սնանկության գործով կառավարիչը, հաշվի առնելով, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պահանջը դրամական արտահայտությամբ կազմում է 6.342.023.104,9 ՀՀ դրամ, Կոմիտեինը` 366.695.065 ՀՀ դրամ, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ինը` 31.233.093,2 ՀՀ դրամ, գտել է, որ այդ պահանջների հանրագումարի մեջ մասնակիցների ձայների հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար 94.0, 5.44 և 0.56 տոկոս: Ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչը ժողովի մասնակիցների ձայները բաշխել է հետևյալ կերպ` «Ամերիաբանկ» ՓԲԸ` 94 տոկոս, Կոմիտե` 5.44 տոկոս, «Արդշինբանկ» ՓԲԸ` 0.56 տոկոս:

Կոմիտեն 06.12.2019 թվականին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Ընկերության սնանկության գործով կառավարչին քվեարկության ձայների բաշխումն իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ և 43-րդ հոդվածի 6-րդ մասերի համադրման արդյունքում քվեարկության ձայնի իրավունք ձեռք բերած պարտատերերի միջև, տվյալ դեպքում` առաջին ժողովին մասնակցած չապահովված պարտատերեր Կոմիտեի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջև: Կոմիտեն 06.02.2020 թվականին դատարան մուտքագրած գրությամբ հայտնել է, որ 06.12.2019 թվականի գրության եզրափակիչ մասում առաջադրված խնդրանքը կարող է առաջացնել տարընկալումներ, և խնդրել է առաջնորդվել բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի իրավակարգավորումներով և քննարկման առարկա դարձնել միայն կառավարչի գործողությունները` դրանք համարելով ոչ իրավաչափ: Միաժամանակ, խնդրել է 06.12.2019 թվականի գրությամբ շարադրված պահանջը թողնել անհետևանք և դրան չանդրադառնալ:

Դատարանը 11.02.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված բողոքը՝ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի գործողությունները վիճարկելու վերաբերյալ, մերժել է: Դատարանը պատճառաբանել է, որ սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 27.11.2019 թվականին անցկացված պարտատերերի առաջին ժողովում դրան մասնակցած պարտատերերի քվեարկության ձայները բաշխվել են ժողովին ներկա գտնվող պարտատերերի միջև իրենց ունեցած պահանջներին համամասնորեն, ուստի կառավարչի գործողություններն իրավաչափ են, բողոքարկողի իրավունքի խախտում առկա չէ: Վերոնշյալ պատճառաբանությամբ Դատարանը գտել է, որ ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ իրավաչափ է գնահատել Դատարանի դիրքորոշումը և վերահաստատել է այն: Արդյունքում, Կոմիտեի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատարաններն անտեսել են, որ ապահովված պարտատերը քվեարկության ձայնի իրավունք (ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով) կարող է ձեռք բերել, եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից: Այլ կերպ` ապահովված պարտատերը քվեարկության ձայնի իրավունք կարող է ձեռք բերել միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում ամրագրված պայմանների առկայության դեպքում: Սույն գործով, սակայն, Դատարանը չի պարզել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայությունը և ըստ այդմ չի պարզել նաև, թե արդյոք ապահովված պարտատեր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավասու էր մասնակցելու ժողովին քվեարկության ձայնի իրավունքով: Դատարանի կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` վերն արտահայտված իրավական դիրքորոշմանը համապատասխան պարտատերերի միջև քվեարկության ձայները վերստին բաշխելու նպատակով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2020 թվականի որոշումը և գործը` սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի գործողությունները վիճարկելու հարցը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: