Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43979/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/43979/02/19

Նախագահող դատավոր՝  Ա Խառատյան

Դատավորներ՝

 Մ Հարթենյան

 Դ Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անի Ոսկանյանի ընդդեմ Հիմնադրամի՝ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ և տուժանքներ բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անի Ոսկանյանը պահանջել է իր և Հիմնադրամի միջև 01.12.2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր։ Անվավեր ճանաչել Հիմնադրամի տնօրեն Հ.Մարությանի կողմից 03.12.2019 թվականին կայացված «Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» հրամանը։ Վերջինիս վերականգնել նախկին աշխատանքում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատողի պաշտոնում։ Հիմնադրամից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 04.12.2019 թվականից մինչև աշխատանքում վերականգնման օրը, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված տուժանքի գումարը աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ժ Ասատրյան) (այսուհետ` Դատարան) 04.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի Անի Ոսկանյանի հայցը` Հիմնադրամի և Անի Ոսկանյանի միջև 01.12.2018 թվականի որոշակի ժամկետով կնքված թիվ 10 աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, պահանջի մասին, բավարարվել է` Անի Ոսկանյանի և Հիմնադրամի միջև 01.12.2018 թվականի որոշակի ժամկետով կնքված թիվ 10 աշխատանքային պայմանագիրը համարվել է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր: Անի Ոսկանյանի հայցը` Հիմնադրամի տնօրենի 03.12.2019 թվականի «Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 337 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Հիմնադրամի տնօրենի 03.12.2019 թվականի «Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 337 հրամանը։ Անի Ոսկանյանի հայցը` Անի Ոսկանյանին նախկին աշխատանքում՝ Հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատողի պաշտոնում վերականգնելու մասին, բավարարվել է և Անի Ոսկանյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում՝ Հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատողի պաշտոնում: Անի Ոսկանյանի հայցը` Հիմնադրամից հօգուտ Անի Ոսկանյանի՝ սկսած 04.12.2019 թվականից մինչև աշխատանքում վերականգնման օրը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու մասին, բավարարվել է և Հիմնադրամից հօգուտ Անի Ոսկանյանի բռնագանձվել է սկսած 04.12.2019 թվականից մինչև աշխատանքում վերականգնման օրը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Անի Ոսկանյանի հայցը` վերջինիս պահանջը՝ Հիմնադրամից հօգուտ Անի Ոսկանյանի՝ սկսած 04.12.2019 թվականից մինչև աշխատանքում վերականգնման օրը միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձվող գումարին յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 % չափով տույժ հաշվարկելու և բռնագանձելու մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.06.2021 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Հիմնադրամի անունից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել և սահմանվել է ժամկետ՝ որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Հիմնադրամը (տնօրեն՝ Հ Մարության):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անի Ոսկանյանը (ներկայացուցիչ՝ Արամազդ Կիվիրյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասը, 96-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Անի Ոսկանյանի համար աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտել (այսինքն գործել է) դրանում նշված պահից, քանի որ կողմերը նպատակահարմար են գտել պայմանագրի փաստացի կատարումը սկսել այլ ժամանակ՝ այն է՝ 04.12.2020 թվականից և կողմերի ստորագրությունը հաստատում է պայմանագրի բոլոր էական պայմանների, այդ թվում նաև պայմանագրի գործողության ժամկետի սկզբի վերաբերյալ նրանց միջև համաձայնության ձեռքբերման փաստը: Այսպիսով, կողմերի միջև կնքված, այսինքն կողմերի ստորագրած պայմանագիրը բավարար իրավաբանական հիմք է, որ նրանցից յուրաքանչյուրը մյուս կողմի պահանջով կատարի այն, ինչն ամրագրված է պայմանագրում: Ուստի, հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը, բողոքաբերը գտնում է, որ մեկտարյա ժամկետի հաշվարկը սկսվել է հենց աշխատանքային հարաբերությունների ծագման՝ աշխատանքի փաստացի անցնելուց՝ 04.12.2018 թվականից, և պետք է ավարտվեր 04.12.2019 թվականին: Այսինքն, Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը 04.12.2019 թվականից լուծելու Հիմնադրամի գործողություններն իրավաչափ են և բխում են կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրից: Բողոքաբերը գտնում է, որ Դատարանի այն պատճառաբանությունը, որ մեկ տարի ժամկետը պետք է հաշվարկվի ոչ թե աշխատանքի անցնելու պահից, այլ պայմանագրի վրա դրված ամսաթվից՝ պայմանագրի կնքման ամսաթվից, չի բխում հիշատակված իրավական վերլուծություններից, հետևաբար չի կարող համարվել իրավաչափ պատճառաբանություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել Հիմնադրամի վերաքննիչ բողոքը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Անի Ոսկանյանի պատասխանի հիմնավորումները

Հաշվի առնելով, որ օրենսդիրը, ըստ էության, հավասարեցրել է աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի և աշխատանքային պայմանագրի գործողության ուժը, ավելին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրել է, որ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման նույն օրենսգրքի դրույթները, ուստի քննարկվող պարագայում պատասխանողը չի կարող պնդել, որ աշխատանքային պայմանագրի մեկտարյա ժամկետը պետք է հաշվել աշխատանքը փաստացի սկսելու, այլ ոչ թե պայմանագրի կնքման պահից:

Այն, որ գործատուն իրավունք ունի աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում լուծել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, դեռևս չի նշանակում, որ պայմանագիրը պետք է կնքված համարել աշխատանքի անցնելու պահից:

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ոչ միայն հայցվորի հետ պայմանագիրը չի լուծվել, այլև շարունակվել են աշխատանքային հարաբերությունները և հայցվորը, որպես աշխատող, շարունակել է աշխատանքային հանձնարարություններ ստանալն ու դրանք կատարելը: Իսկ աշխատանքային պայմանագիրը հայցվորի հետ լուծվել է միայն 04.12.2020 թվականին:

28.11.2019 թվականի թիվ 103134 անաշխատունակության թերթիկի համաձայն՝ հայցվորը 28.11.2019 թվականից մինչև 11.12.2019 թվականը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում՝ հիվանդ երեխային խնամելու պատճառով, իսկ աշխատանքից ազատելու հրամանը կայացվել է 03.12.2019 թվականին: Հետևաբար պատասխանողը իրավասու չէր այդ ժամանակահատվածում լուծելու հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: 

Տվյալ պարագայում պատասխանողի կողմից ժամկետները չեն պահպանվել, ինչպիսի փաստի մասին է վկայում 29.11.2019 թվականի Հիմնադրամի տնօրենի և ավագ գործավարի կողմից կազմված արձանագրությունն այն մասին, որ 29112019 թվականին հայցվորին փորձել են հանձնել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումը: Այսինքն՝ 04122019 թվականին ազատելով հայցվորին աշխատանքից՝ այդ մասին պատասխանողը վերջինիս ծանուցել է օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի խախտմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Անի Ոսկանյանի և Հիմնադրամի միջև 01.12.2018 թվականին կնքվել է աշխատանքային թիվ 10 պայմանագիրը (այսուհետ՝ Աշխատանքային պայմանագիր).

Աշխատանքային պայմանագրի 2-րդ կետով սահմանվել է, որ Աշխատողը համատեղությամբ ընդունվում է աշխատանքի Հիմնադրամի Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնում՝ որպես գիտական աշխատող՝ 0,25 դրույքաչափով, սույն պայմանագրով, Հիմնադրամի կանոնադրությամբ հաստատված կարգերով և աշխատանքային ներքին կարգապահական կանոններով իր վրա դրված պարտականությունները կատարելու համար:

-Աշխատանքային պայմանագրի 4-րդ կետով սահմանվել են Աշխատողի պարտականությունները, որի 4.4-րդ ենթակետով սահմանվել է, որ Աշխատողը պարտավորվում է աշխատանքի անցնել «4» դեկտեմբերի 2018 թվականից:

-Աշխատանքային պայմանագրի 5-րդ կետով սահմանվել են Աշխատողի գործառույթները, այն է՝ «Հիմնադրամի թանգարանային ֆոնդերի բաժնում առկա Գևորգ Յափուջյանի «Մահ և վերածնունդ» խորագրով ձեռագիր հուշագրությունը, փոփոխություններ առաջարկել և բացատրագրերի տեքստեր կազմել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրության՝ 1909 թվականի Ադանայի ողջակիզումը ցուցասրահի համար»:

-Աշխատանքային պայմանագրի 10-րդ կետով սահմանվել է Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, որի 10.1-րդ ենթակետով սահմանվել է, որ սույն պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 21-23)։

2.  Հիմնադրամի տնօրենի 12.12.2018 թվականի թիվ 287 հրամանով Հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատող Անի Ոսկանյանը 12.12.2018 թվականից ձևակերպվել է որպես հայցորդ (հատոր 2-րդ, գ.թ. 34)։

3.  Հիմնադրամի գիտական խորհրդի 15.12.2018 թվականի նիստի արձանագրությունից 08.01.2019 թվականի քաղվածքի համաձայն Հիմնադրամի գիտական խորհուրդը որոշել է Հիմնադրամի հայցորդ Անի Հրաչյայի Ոսկանյանի ատենախոսության թեմա հաստատել «Ադանայի նահանգի հայ բնակչության բնաջնջումը և ունեզրկումը 1909-1918թթ» և գիտական ղեկավար նշանակել պ.գ.դ. Արմեն Մարուքյանին (Է.00.01 Հայոց պատմություն մասնագիտությամբ) (հատոր 2-րդ, գ.թ. 37)։

4.  Հիմնադրամի տնօրենի 16.04.2019 թվականի «Գիտական բաժնի և դրույքաչափի փոփոխության մասին» թիվ 100 հրամանով «1. Ս/թ ապրիլի 16-ից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի գիտական աշխատող Անի Ոսկանյանին տեղափոխման կարգով նշանակել հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրությունների բաժնում որպես գիտական աշխատող: 2. Ս/թ. ապրիլի 16-ից Անի Ոսկանյանի 0,25 դրույքաչափը դարձնել 0,5: 3. Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի սահմանել 67.500 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 24)։

5.  02.05.2019 թվականի Համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հաստատվել են Հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատող Անի Ոսկանյանի աշխատանքային գործառույթները՝ այն համարվելով Աշխատանքային պայմանագրի անբաժանելի մաս, որի 4-րդ կետով սահմանվել է, որ Գիտաշխատողը պարտավոր է աշխատանքներ իրականացնել գիտահետազոտական, գիտացուցադրական, գիտակրթական ուղղություններով՝

1. Գործառույթներ

- Շարունակել «Ադանայի նահանգի հայ բնակչության բնաջնջումը և ունեզրկումը 1909-1918 թթ.» գիտական թեմայի ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները,

-Հրատարակության պատրաստել մեկ ձեռագիր, անտիպ հուշագրություն (մուտքագրում, ծանոթագրությունների և ցանկերի կազմում, գիտական առաջաբանի շարադրանք):

-Մասնակցել թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպչական աշխատանքներին,

-Պատրաստել ու տպագրության հանձնել երկուական հոդված տվյալ գիտահետազոտական թեմայի շրջանակներում,

-Պատրաստել առնվազն երկու նյութ ՀՑԹԻ կայքէջի համար,

-Վերանայել ցուցադրության 51 տախտակների բացատրական տեքստերի իր պատասխանատվության տակ գտնվող խորագրերը,

-Կազմել մեկ ամսվա ընթացքում 5 թանգարանային առարկայի գիտական անձնագիր,

-Ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման պարագայում, ըստ անհրաժեշտության, իր մասնագիտական գիտելիքների շրջանակներում օժանդակել գիտացուցադրական աշխատանքներին,

-Անհրաժեշտության պարագայում մասնակցել թանգարանային այցելուների սպասարկմանը էքսկուրսիաներ տանելու ձևով,

- Իր թեմայի շրջանակում կազմել և ներկայացնել դասախոսություն թանգարան այցելած աշակերտական խմբերի համար:

-Առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել կամ արձագանքել էլեկտրոնային փոստով ուղղված մասնագիտական հարցերին (հատոր 1-ին, գ.թ. 25)։

6.  «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի կողմից 28.11.2019 թվականին տրված թիվ AS 103134 անաշխատունակության թերթիկի բնօրինակի համաձայն՝ Անի Հրաչյայի Ոսկանյանը 28.11.2019 թվականից մինչև 11.12.2019 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ և աշխատանքի պետք է ներկայանալ 12.12.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 26)։

7.  Հիմնադրամի տնօրենի և Հիմնադրամի ավագ գործավարի 29.11.2019 թվականի արձանագրության համաձայն՝ «Մենք, ներքոստորագրյալներս, սույնով արձանագրությամբ և մեր ստորագրություններով հաստատում ենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին, 13.30-14.00-ի միջակայքում, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատող Անի Ոսկանյանին տնօրենի ընդունարանում հանձնել ենք իր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցումը (որը Անի Ոսկանյանը կարդացել է, սակայն հրաժարվել է ստորագրել), ապա և տնօրենի աշխատասենյակում տնօրենի կողմից Անի Ոսկանյանին, նրա ներկայությամբ, բարձրաձայն ընթերցվել է նույն ծանուցումը և Անի Ոսկանյանը կրկին հրաժարվել է ստորագրել» (հատոր 1-ին, գ.թ. 28)։

8. Անի Ոսկանյանին հասցեագրված Հիմնադրամի տնօրենի 28.11.2019 թվականի ծանուցմամբ հայտնվել է, որ «Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ից լուծելու է Ձեզ հետ կնքված՝ N 10 (01.12.2018 թվականի) աշխատանքային պայմանագիրը, միևնույն ժամանակ, հաշվի առնելով 4 (չորս) օր կետանցը, ՀՑԹԻ հիմնադրամը Անի Ոսկանյանին վճարում է 3.214,28 ՀՀ դրամ համախառն գումար կետանցման յուրաքանչյուր օրվա համար», որի վրա առկա է նաև գրառում «Ծանուցումը ստացա», սակայն ստացողի ստորագրությունն առկա չէ և առկա չէ ստանալու ամսաթվի գրառում (հատոր 1-ին, գ.թ. 57)։

9.  Հիմնադրամի տնօրենի 03.12.2019 թվականի «Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 337 հրամանով (այսուհետ՝ Հրաման)՝ «Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ Ս.թ. դեկտեմբերի 4-ից լուծել աշխատանքային պայմանագիրը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտական աշխատող Անի Ոսկանյանի հետ: Գլխավոր հաշվապահին՝ սահմանված կարգով կատարել Անի Ոսկանյանի վերջնահաշվարկը» (հատոր 1-ին, գ.թ. 61)։

10.  Ըստ «Արարատբանկ» ԲԲԸ-ի 06.12.2019 թվականի վճարման թիվ 000598 հանձնարարագրի՝ Հիմնադրամը շահառու Անի Ոսկանյանի համար փոխանցել է 79.190 ՀՀ դրամ և նպատակ դաշտում լրացված է վերջնահաշվարկ և ուշացման տուգանք (հատոր 1-ին, գ.թ. 60)։

11.  Հիմնադրամի գիտքարտուղար Նարինե Մարգարյանն էլեկտրոնային փոստի միջոցով 30.11.2019 թվականի ժամը 12:56-ին Հիմնադրամի մի շարք աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին, այդ թվում նաև՝ հայցվոր Անի Ոսկանյանին, ուղարկել է «2019 թ. Հաշվետվություն» վերտառությամբ հաղորդագրություն, որում նշվել է «Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ մինչև դեկտեմբերի 6-ը ուղարկել 2019թ. Տարեկան հաշվետվությունները կից ներկայացված ձևաչափով»: Հիմնադրամի գիտքարտուղար Նարինե Մարգարյանն էլեկտրոնային փոստի միջոցով 04.12.2019 թվականի ժամը 16:42-ին Հիմնադրամի մի շարք աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին, այդ թվում նաև՝ հայցվոր Անի Ոսկանյանին, ուղարկել է «Հաշվետվությունների ամփոփում և 2020-2024 թթ. պլաններ» վերտառությամբ հաղորդագրություն, որում նշվել է «Հարգելի գործընկերներ, 1. Տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 12-ին գիտաժողովների սրահում քննարկվելու են 2019 թվականի տարեկան հաշվետվությունները՝ ըստ բաժինների։ 2. Դեկտեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում բաժինների նիստերում քննարկվելու է յուրաքանչյուր գիտաշխատողի 2020-2024 թթ. գիտահետազոտական պլանը։ Քննարկումներին մասնակցելու են տնօրենն ու գիտական գծով փոխտնօրենը։ Ցանկալի է, որպեսզի բոլոր գիտաշխատողները հստակեցնեն իրենց գիտահետազոտական թեմաների վերնագրերը և ուրվագծեն առաջնային ուղղությունները։ 3. Տարեկան հաշվետվությունները կամփոփվեն դեկտեմբերի 21-ին (նախնական) կայանալիք ՀՑԹԻ հիմնադրամի գիտական խորհրդի նիստում» (հատոր 1-ին, գ.թ. 86):

12.  Հայցվորի կողմից ներկայացված «ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագրում ընդգրկված գիտաշխատողի ընթացիկ (տարեկան) հաշվետվություն» տիտղոսաթերթի համաձայն՝ «Ադանայի նահանգի հայ բնակչության բնաջնջումը և ունեզրկումը 1909-1918թթ» թեմայի վերաբերյալ հաշվետվությունը հանձնված է 06.12.2019 թվականին, իսկ հաշվետու ժամանակահատվածն է 08.01.2019 թվականից 15.04.2019 թվականը (0,25 դրույքաչափ) և 16.04.2019 թվականից 30.11.2019 թվականը (0,5 դրույքաչափ): Տիտղոսաթերթի վրա առկա է գրառում «ստորագրությունը հաստատում եմ՝ գիտական գծով փոխտնօրեն», և ստորագրություն առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 92):

13.  Հիմնադրամի պաշտոնական www.genocide-museum.am էլեկտրոնային կայքում 07.12.2019 թվականին հրապարակվել է «Աբգարեան-Մուշեղեան Վարժարան Ադանայի հայոց կրթական խոշորագույն հաստատություններից մեկի պատմությունից» հոդվածը
(հատոր 1-ին, գ.թ. 142):

14.  Ըստ պատասխանողի կողմից ներկայացված Հիմնադրամի գիտաշխատողների կողմից www.genocide-museum.am կայքէջի համար տրված նյութերի՝ 05.12.2019 թվականի դրությամբ Անի Ոսկանյանը «Աբգարեան-Մուշեղեան Վարժարան» նյութի ստացման օրն է 20.11.2019 թվականը, իսկ «Տեղեկագիր հողային գրավմանց յանձնաժողովոյ. Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից հրատարակված հողային գրավումների տեղեկագրերի շուրջ» նյութի ստացման օրն է 26.11.2019 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 152-156):

15.  Հիմնադրամի «Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի բաժին»-ի վարիչ Միհրան Մինասեանի երաշխավորագրի համաձայն՝ «Անի Ոսկանեանը կը ճանչնամ մօտաւորապէս 2012-13 թթ.էն։ Այս տարիներու ընթացքին ականատես եղած եմ իր մասնագիտական աճին, բան մը որ միշտ դուր եկած է ինծի։ Գիտեմ, որ Հայոց ցեղասպանութեան պատմութեան թեմայով սկսած է զբաղիլ մեր ծանօթացումէն առաջ։ Հակառակ երիտասարդ տարիքին, Անին արդէն իսկ հրատարակած է աւելի քան տասնեակ մը ուսումնասիրութիւններ, կարեւոր մենագրութիւն մը եւ ուրիշ մը ընթացքի մէջ է եւ մօտ է աւարտին։ Անին նաեւ համահեղինակն է (կազմողներէն մէկն է) Հայոց ցեղասպանութեան առնչուող լրագրական յօդուածներու երկհատոր ծաւալուն ժողովածուի մը։ Այս բոլորին կողքին, մասնակցած է հանրապետական եւ միջազգային գիտաժողովներու, որոնցմէ քանի մը հատին ունկնդիր եղած եմ անձնապէս (Երեւան, Պէյրութ) եւ դրական տպաւորութիւն ստացած իր ելոյթներէն։ Դեկտ. 2018-էն Անի Ոսկանեանը վերադարձած է «Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ ու մաս կը կազմէ իմ ղեկավարած «Յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի բաժին»-ին, եւ որպէս բաժնի վարիչ կը հաւաստեմ որ ինք կաշխատի պատասխանատուութեան ամբողջական գիտակցութեամբ, կարգապահութեամբ եւ թեմային նկատմամբ նուիրումով ու երբեք չէ թերացած կամ խուսափած աշխատանքէ: Խղճի ամէնայն հանդարտութեամբ եւ քաղաքացիի գիտակցութեամբ կրնամ հաստատել որ Անի Ոսկանեանը ոչ միայն իմ բաժնի, այլ ընդհանրապես Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի լաւագոյն գիտաշխատողներէն է եւ իրմէ շատ բան կը սպասէ հայրենական գիտութիւնը ու մանաւանդ Հայաստանի մէջ ապագային ձեւաւորուելիք ցեղասպանագիտական դպրոցը» (հատոր 2-րդ, գ.թ. 36):

16.  Հիմնադրամի կողմից Դատարանին տրամադրվել է տեղեկատվություն (ապացույց)՝ 2007-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում Հիմնադրամում աշխատած և աշխատող գիտաշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային գործառույթների վերաբերյալ: Մասնավորապես,

- ավագ գիտաշխատող Թեհմինե Ռուբիկի Մարտոյանի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը 30.12.2019 թվականից վերակնքվել է որպես անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային գործառույթներն են՝ գիտացուցադրական, գիտակրթական ուղղություններով՝ համաձայն ՀՑԹԻ հիմնադրամի տարվա պլանի, ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներ նյութերի հավաքչական աշխատանք, տեքստերի մշակում, խմբագրում և սրբագրում։ ՀՑԹԻ-ի կողմից հրատարակվող գիտական հանդեսների տեքստերի սրբագրում, հղումների մշակում և սրբագրում, անհրաժեշտության դեպքում այլ տեքստերի (հայերեն և անգլերեն) խմբագրում և սրբագրում։ Ավարտին հասցնել «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը և քաղաքի հրկիզումը որպես ցեղասպան քաղաքականության շարունակություն (1922թ.)» գիտական թեման, պատրաստել ու տպագրության հանձնել մեկ հոդված իր գիտահետազոտական թեմայի շրջանակներում, պատրաստել առնվազն երեք նյութ ՀՑԹԻ կայքէջի համար, Իրականացնել առնվազն երեք անտիպ հուշագրության բովանդակային մանրամասն նկարագրություն, վերանայել ցուցադրության 51 տախտակների բացատրական տեքստերի իր հետաքրքրությունների թեմատիկային առնչվող խորագրերը, կազմել մեկ ամսվա ընթացքում 15 թանգարանային առարկայի գիտական անձնագիր, ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման պարագայում, ըստ անհրաժեշտության, իր մասնագիտական գիտելիքների շրջանակներում օժանդակել գիտացուցադրական աշխատանքներին, տիրապետել թանգարանային ցուցադրությունում առնվազն մեկ լեզվով էքսկուրսիա վարելու հմտությանը, անհրաժեշտության պարագայում հանձնել էքսկուրսիա վարելու քննություն, անհրաժեշտության պարագայում մասնակցել թանգարանային այցելուների սպասարկմանը էքսկուրսիաներ տանելու ձևով, իր թեմայի շրջանակում կազմել և ներկայացնել դասախոսություն թանգարան այցելած աշակերտական խմբերի համար։

- ավագ գիտաշխատող Ռոբերտ Արամայիսի Թաթոյանի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը 30.12.2019 թվականից վերակնքվել է որպես անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային գործառույթներն են՝ Աշխատողը պարտավոր է աշխատանքներ իրականացնել գիտահետազոտական, գիտացուցադրական, գիտակրթական ուղղություններով համաձայն ՀՑԹԻ հիմնադրամի տարվա պլանի։ Շարունակել «Արևմտահայության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին ըստ Արևմտյան Հայաստանի նահանգների և Օսմանյան կայսրության այլ շրջանների» գիտական թեմայի ուսումնասիրության ուղղությամբ աշխատանքները: Պատրաստել ու տպագրության հանձնել երկու հոդված իր գիտահետազոտական թեմայի շրջանակներում, պատրաստել առնվազն երեք նյութ ՀՑԹԻ կայքէջի համար, իրականացնել առնվազն երեք անտիպ հուշագրության բովանդակային մանրամասն նկարագրություն, վերանայել ցուցադրության 51 տախտակների բացատրական տեքստերի իր հետաքրքրությունների թեմատիկային առնչվող խորագրերը, կազմել մեկ ամսվա ընթացքում 7 թանգարանային առարկայի գիտական անձնագիր, ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման պարագայում, ըստ անհրաժեշտության, իր մասնագիտական գիտելիքների շրջանակներում օժանդակել գիտացուցադրական աշխատանքներին, անհրաժեշտության պարագայում մասնակցել թանգարանային այցելուների սպասարկմանը էքսկուրսիաներ տանելու ձևով (գերազանցապես միջին և ավագ սերնդի), իր թեմայի շրջանակում կազմել և ներկայացնել դասախոսություն թանգարան այցելած աշակերտական խմբերի համար, առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել կամ արձագանքել էլեկտրոնային փոստով ուղղված մասնագիտական հարցերին:

- կրտսեր գիտաշխատող Ինեսա Գուրգենի Ստեփանյանի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը 11.09.2013 թվականից տեղափոխվել է այլ աշխատանքի, ինչի հետևանքով աշխատանքային պայմանագիրը դարձել է անորոշ ժամկետով: Աշխատանքային գործառույթներն են՝ կազմել ստացված նյութերի ընդունման արձանագրություններ, մատենագիտական քարտեր, թեմատիկ ցուցանակներ, գրանցել ֆոնդային առարկաները բաժնի մատյանում, կատարել ֆոնդային արժեքների թվայնացման աշխատանքներ, կրել պատասխանատվություն ֆոնդերի 12 բաժիններում առկա թանգարանային արժեքների պահպանության համար, այդ թվում՝ լուսանկարներ, տեսաֆիլմեր և այլն, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ համաձայն հաստատված ժամանակացույցի, անհրաժեշտության դեպքում անցկացնել էքսկուրսիաներ, ինչպես նաև կատարել աշխատանքային օրենսգրքով և աշխատանքային ներքին կանոններով նախատեսված այլ աշխատանքներ:

- գիտաշխատող Անի Հրաչյայի Ոսկանյանի աշխատանքային գործառույթներն են՝ Թանգարանային ֆոնդերի բաժնում առկա, Գևորգ Յափուջյանի «Մահ և վերածնունդ» խորագրով ձեռագիր հուշագրությունը, փոփոխություններ առաջարկել և բացատրագրերի տեքստեր կազմել ՀՑԹԻ-ի մշտական ցուցադրության 1909 թվականի Ադանայի ողջակիզումը ցուցասրահի համար, 02.05.2019 թվականի համաձայնագրով՝ Շարունակել «Ադանայի նահանգի հայ բնակչության բնաջնջումը և ունեզրկումը 1909-1918թթ.» գիտական թեմայի ուսումնասիրության ուղղությամբ տարվող աշխատանքները հրատարակության, պատրաստել մեկ ձեռագիր, անտիպ հուշագրություն (մուտքագրում, ծանոթագրությունների և ցանկերի կազմում, գիտական առաջաբանի շարադրանք)։ Մասնակցել թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպչական աշխատանքներին, պատրաստել և տպագրության հանձնել երկուական հոդված տվյալ գիտահետազոտական թեմայի շրջանակներում, պատրաստել առնվազն երկու նյութ ՀՑԹԻ կայքէջի համար, վերանայել ցուցադրության 51 տախտակների բացատրական տեքստերի իր պատասխանատվության տակ գտնվող խորագրերը, կազմել մեկ ամսվա ընթացքում 5 թանգարանային առարկայի գիտական անձնագիր ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման պարագայում, ըստ անհրաժեշտության, իր մասնագիտական գիտելիքների շրջանակներում օժանդակել գիտացուցադրական աշխատանքներին, անհրաժեշտության պարագայում մասնակցել թանգարանային այցելուների սպասարկմանը էքսկուրսիաներ տանելու ձևով, իր թեմայի շրջանակում կազմել և ներկայացնել դասախոսություն թանգարան այցելած աշակերտական խմբերի համար, առնվազն երկու աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել կամ արձագանքել էլեկտրոնային փոստով ուղղված մասնագիտական հարցերին։ Հայցվորը դատական նիստին հայտնել է, որ ավագ գիտաշխատողն արդեն պաշտպանել է ատենախոսությունը, իսկ գիտաշխատողը դեռևս ատենախոսությունը չի պաշտպանել: Հայցվորը դատական նիստին հայտնել է, որ ավագ գիտաշխատողներ Թեհմինե Ռուբիկի Մարտոյանի և Ռոբերտ Արամայիսի Թաթոյանի աշխատանքային պայմանագրերը լուծված չեն և վերջիններս աշխատում են Հիմնադրամում, որպիսի հանգամանքը հաստատել է նաև Պատասխանողի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Հիմնադրամի կողմից տրված տեղեկանքում պայմանագիրը լուծված լինելու մասին, հնարավոր է վրիպակ է, քանի որ վերջիններս շարունակում են աշխատել Հիմնադրամում (չվիճարկվող փաստեր):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ, ինչպես նաև 96-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրից բխող աշխատանքային հարաբերությունների դադարման առանձնահատկություններին:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագրի հասկացությունը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածով, իսկ աշխատանքային պայմանագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են նույն օրենսգրքի 84-րդ հոդվածում։

Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային պայմանագրում նշվում են` 1) անհատական իրավական ակտն ընդունելու, աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը. (․․․) 9) անհատական իրավական ակտի կամ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում)։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են համապատասխան անհատական իրավական ակտի ընդունման կամ աշխատանքային պայմանագրի կնքման փաստով, իսկ աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է ոչ թե աշխատանքային պայմանագիրը չկնքված համարելու՝ այլ լուծելու համար, որի համար պահանջվում է համապատասխան գործողություն։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում նույն հոդվածով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում իր կայացրած որոշմամբ արձանագրել է, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են, որպես կանոն, անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով` նկատի ունենալով աշխատանքային հարաբերությունների կայուն և կատարվող աշխատանքի մշտական բնույթ ունենալը: Երաշխավորված աշխատանքի ապահովման և աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն առավել արտահայտվում է հենց անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններում: Ուստի, դա է պատճառը, որ օրենսդիրը սահմանափակել է աշխատանքային պայմանագրեր կնքելիս անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով պայմանագրի տեսակն ընտրելու` կողմերի կամքի ազատությունը` սահմանելով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործատուի և աշխատողի միջև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս նրանց միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սկզբից և տևում մինչև դրա գործողության ժամկետի ավարտը: Աշխատանքային իրավահարաբերությունները` որպես կամային հասարակական հարաբերություններ, ծագում, փոփոխվում և դադարում են աշխատանքային իրավունքի սուբյեկտների կամքի ազատ արտահայտության արդյունքում: Եթե աշխատանքային պայմանագրի կողմերն օրենքին համապատասխան որոշում են կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ապա նրանք կամովին իրենց աշխատանքային հարաբերությունները սահմանափակում են պայմանագրով որոշված ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսվում է գործողության ժամկետը լրանալու հիմքով որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մեխանիզմը` առանձնացնելով նման պայմանագրի լուծման հնարավոր տարբերակները:

Այսպես, ընդհանուր կանոնն այն է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները դադարում են: Օրենսդիրը նշված կարգից սահմանել է մեկ բացառություն, այն է` եթե որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում օրենքով սահմանված կարգով, և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Նման իրավակարգավորումից բխում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն ինքնին չի հանգեցնում աշխատանքային պայմանագրի դադարման, եթե պայմանագրի երկու կողմերն էլ դրսևորում են աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամք, այսինքն` աշխատողը շարունակում է աշխատանքը, իսկ գործատուն` ընդունում նրա աշխատանքի արդյունքը, ինչպես նաև կողմերը շարունակում են իրացնել աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ուստի, այն դեպքերում, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո աշխատողը փաստացի շարունակում է աշխատել և աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, որից հետո աշխատանքային պայմանագիրն արդեն չի կարող լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածով սահմանված` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նման դեպքերում աշխատանքային պայմանագիրը, համարվելով անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, կարող է լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերով (տե՛ս, Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ն թիվ ԵԿԴ/3295/05/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Այսինքն՝ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման համար օրենսդիրը նախատեսել է հետևյալ հանգամանքների առկայությունը՝

 1. աշխատանքային պայմանագրի լուծման մասին առնվազն տասն օր առաջ աշխատողին ծանուցելը։ Ընդ որում, ծանուցման ժամկետը խախտելն ինքնին չի հանգեցնում աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի անվավերության, այլ դրա իրավական հետևանք կարող է լինել միայն տուժանքի վճարումը,

 2. աշխատանքային հարաբերությունների շարունակման բացակայությունը,

 3. աշխատանքային պայմանագրի լուծման փաստի ամրագրումը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Աշխատողի և Գործատուի միջև 04.12.2018 թվականին կնքվել է աշխատանքային թիվ 10 պայմանագիրը, որի 2-րդ կետի համաձայն՝ աշխատողը համատեղությամբ ընդունվում է աշխատանքի հիմնադրամի հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնում՝ որպես գիտական աշխատող, 4.4 կետի համաձայն՝ աշխատողը պարտավորվում է աշխատանքի անցնել 04122018 թվականից, 10-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով։ Հիմնադրամի տնօրենը 03.12.2019 թվականի թիվ 337 հրամանով 04.12.2020 թվականից լուծել է թիվ 10 աշխատանքային պայմանագիրը:

Դատարանը, 04022021 թվականի վճռով հայցը մասնակի բավարարելով, պատճառաբանել է, որ «․․․Հիմնադրամը 03.12.2019 թվականի Հրամանով 04.12.2019 թվականից Անի Ոսկանյանի Աշխատանքային պայմանագիրը լուծելիս պարտավոր էր Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը համարել Աշխատանքային պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված մեկ ամյա ժամկետը, այլ՝ ոչ թե աշխատանքի անցնելու օրվանից: Հետևաբար, Հիմնադրամի կողմից Անի Ոսկանյանի Աշխատանքային պայմանագիրը 03.12.2019 թվականի Հրամանով 04.12.2019 թվականից լուծելիս չէր կարող Անի Ոսկանյանի Աշխատանքային պայմանագիրը լուծել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով՝ հատկապես այն պարագայում, երբ այդ հիմքը ինչպես 03.12.2019 թվականի, այնպես էլ 04.12.2019 թվականի դրությամբ այլևս վերացել էր և կորցրել իր հրամայականը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայցվորի Աշխատանքային պայմանագրի ենթադրյալ որպես որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության վերջնաժամկետն էր 01.12.2019 թվականը:․․․»։

Վերաքննիչ դատարանը Դատարանի 04022021 թվականի վճիռը թողել է անփոփոխ, պատճառաբանելով, որ «․․․Վերաքննիչ դատարանը համաձայնելով Դատարանի դիրքորոշմանը ևս արձանագրում է, որ Հիմնադրամի կողմից Անի Ոսկանյանի Աշխատանքային պայմանագիրը 03.12.2019 թվականի Հրամանով 04.12.2019 թվականից լուծելիս չէր կարող Անի Ոսկանյանի Աշխատանքային պայմանագիրը լուծել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով՝ հատկապես այն պարագայում, երբ այդ հիմքը ինչպես 03.12.2019 թվականի, այնպես էլ 04.12.2019 թվականի դրությամբ այլևս վերացել էր և կորցրել իր հրամայականը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայցվորի Աշխատանքային պայմանագրի ենթադրյալ որպես որոշակի ժամկետով կնքված պայմանագրի գործողության վերջնաժամկետն էր 01.12.2019 թվականը:․․․»։

Փաստորեն վերոհիշյալ պայմանագրով որոշված գործողության ժամկետի հաշվարկի սկիզբ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը համարել են պայմանագրի կնքման՝ ստորագրման օրը, այն է՝ 01122018 թվականը:

Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

 

Սույն գործի փաստերից հետևում է, որ գործատուի և հայցվորի միջև աշխատանքային հարաբերությունները ծագել են ժամկետային աշխատանքային պայմանագրի հիմքով։ Կողմերը 01122018 թվականին կնքել են աշխատանքային պայմանագիր՝ մեկ տարի գործողության ժամկետով։ Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 01122019 թվականը, եղել է ոչ աշխատանքային օր, հետևաբար ժամկետի ավարտը պետք է համարել 02122019 թվականը։ Տվյալ դեպքում Հիմնադրամի տնօրենի 03122019 թվականի N337 հրամանն Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավաչափ է և բացակայում են այն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը, իսկ աշխատանքային պայմանագիրն անորոշ ժամկետով վերակնքված համարելու հանգամանքը չի կարող հաստատված համարվել, քանի որ նախապես պայմանագիրը լուծելու մասին աշխատողին ծանուցելը, ինչպես նաև պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրամանի առկայությունը վկայում են գործատուի մոտ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամահայտնության բացակայության մասին։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ աշխատանքային պայմանագրով որոշակի ժամկետ սահմանված լինելու պայմաններում և աշխատանքային պայմանագրի գործողության վերջնաժամկետը 02.12.2019 թվականը լինելու պայմաններում Հիմնադրամի կողմից Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը 03.12.2019 թվականի հրամանով 04.12.2019 թվականից լուծելն ինքնին չէր հանգեցնի աշխատանքային պայմանագրի դադարման, եթե պայմանագրի երկու կողմերն էլ՝ թե՛ Անի Ոսկանյանը, թե՛ Հիմնադրամը դրսևորեին աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամք։ Այսինքն՝ Հիմնադրամի կողմից Անի Ոսկանյանի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու կամահայտնության բացակայությունը հիմք է 01.12.2018 թվականի աշխատանքային թիվ 10 պայմանագիրը լուծելու համար, իսկ պայմանագիրն էլ չէր կարող համարվել անորոշ ժամկետով կնքված, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Անդրադառնալով բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկին, որ 28.11.2019 թվականի թիվ 103134 անաշխատունակության թերթիկի համաձայն՝ հայցվորը 28.11.2019 թվականից մինչև 11.12.2019 թվականը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում՝ հիվանդ երեխային խնամելու պատճառով, հետևաբար պատասխանողը իրավասու չէր այդ ժամանակահատվածում լուծելու հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտով դադարեցնում է բոլոր արգելքները, այդ թվում նաև աշխատանքային պայմանագրի լուծումը, ավելին, պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծումը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի հիմքով ինքնուրույն հիմք է, ուստիև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ենթակա է լուծման ինչպես գործատուի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մաս), այնպես էլ աշխատողի (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մաս) կողմից, հետևաբար այս հիմքով գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծումը չի կարող նույնացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է` գործատուի նախաձեռնությամբ, հետ:

Վերոգրյալի հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է բողոքի պատասխանում ներկայացված այն պատճառաբանությունը, որ Հիմնադրամն իրավասու չէր հայցվորի աշխատանքային պայմանագիրը լուծել Անի Ոսկանյանի անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակ։

Անդրադառնալով բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկին, որ 04122019 թվականին ազատելով հայցվորին աշխատանքից՝ այդ մասին պատասխանողը վերջինիս ծանուցել է օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի խախտմամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուի կողմից աշխատողին առնվազն տասն օր առաջ գրավոր ծանուցելու պարտավորությունը չպահպանելու դեպքում, օրենսդիրը գործատուի համար նախատեսել է պարտականության չկատարման միակ իրավական հետևանք՝ աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մաս), հետևաբար, գործատուի կողմից ծանուցման պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու պարագայում գործատուն պարտավոր է վճարել տուժանք, և նշված պարտավորությունը չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերությանը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է պատասխանում ներկայացված այն պատճառաբանությունը, որ Հիմնադրամի կողմից Անի Ոսկանյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցման ժամկետը խախտելը հիմք է հրամանն անվավեր ճանաչելու համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի՝ այդ մասով, նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը անհրաժեշտ է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի որոշումը և այն փոփոխել. Անի Ոսկանյանի հայցը՝ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ և տուժանքներ բռնագանձելու պահանջների մասին, մերժել։

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: