ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3959/02/18 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3959/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող | Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Ռոբերտ Մուրադյանի ընդդեմ «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռոբերտ Մուրադյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում գտնվող 04-093-0207-0003 կադաստրային համարով 0,5հա մակերեսով հողամասի նկատմամբ, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2021 թվականի որոշմամբ Ռոբերտ Մուրադյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 15.03.2021 թվականի որոշմամբ Ռոբերտ Մուրադյանի ներկայացուցչի կողմից կրկին բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մուրադյանը (ներկայացուցիչ՝ Հ. Սեդրակյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 25.01.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացվել են, մասնավորապես` վճարվել է պետական տուրք, և վերաքննիչ բողոքը, օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ, ներկայացվել է կրկին: Վերաքննիչ դատարանը, սակայն, գտել է, որ ներկայացված վճարման հանձնարարականը չի կարող համարվել պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց, քանի որ այն իրենից ներկայացնում է անստորագիր վճարման հանձնարարական: Մինչդեռ, հարկ է ընդգծել, որ 04.03.2021 թվականի թիվ 000244 վճարման հանձնարարականի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջոցով: Միաժամանակ, այն համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին: Մասնավորապես` նշված վճարման հանձնարարականում առկա է փաստաթղթի համարը` 000244, վճարման օրը, ամիսը, տարին` 04.03.2021 թվական, վճարման գումարի չափը` 10.000 ՀՀ դրամ, վճարման նպատակը` «վերաքննիչ բողոք/Ռոբերտ Մուրադյան», վճարող ընկերության անվանումը` «ԲԱՍ ԼՈՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, հաշիվը (դեբետ)` 1570056639740100, ՀՎՀՀ-ն` 05022383, վճարողի էլեկտրոնային ստորագրության տվյալները, վճարողի բանկի անվանումը` «Ամերիաբանկ» ՓԲԸ, բանկի կոդը` 15700, շահառուի բանկի հաշվեհամարը` 900005016010:
Սույն գործով պետական տուրքի վճարումը հավաստող վճարման հանձնարարականը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որպիսի պայմաններում բանկի իրավասու անձի ստորագրությունը, որպես վճարահաշվարկային փաստաթղթի (վճարման հանձնարարագրի) վավերապայման, չի պահանջվում: Այսինքն, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով թիվ 000244 վճարման հանձնարարականը, պահպանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես, պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ապա բողոքաբերը հարկ է համարել նշել, որ այդ հոդվածը վերաբերում է էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերին, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված վերաքննիչ բողոքներին: Սույն պարագայում, սակայն վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը ներկայացվել են ոչ թե էլեկտրոնային, այլ թղթային եղանակով` «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային ծառայության միջոցով, ուստի պետական տուրքի վճարման պահանջն e-payments.am համակարգի միջոցով` տվյալ դեպքի նկատմամբ կիրառելի չէ: Այսպիսով, ստորադաս դատարանը սխալ է կիրառել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» դրույթները:
Քննարկվող պարագայում, Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրքի վճարումն էլեկտրոնային եղանակով իրականացնելու և դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու կապակցությամբ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար հատկապես, երբ ստորադաս դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` պետական տուրքի էլեկտրոնային վճարման հանձնարարականների թույլատրելիության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշմանը, մասնավորապես` մեկ այլ` ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործի շրջանակներում:
Սույն բողոքի քննության շրջանակներում հարկ է անդրադարձ կատարել այն հարցին, թե արդյոք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն պարագայում, երբ ստորագրություն առկա չէ փաստաթղթի վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է` «ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ԱՐԴ/3959/02/18 քաղաքացիական գործով 15.03.2021թ. որոշումը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին` համարելով բողոքը վարույթ ընդունված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթղթի` պետական տուրքի վճարման փաստը հաստատող պատշաճ ապացույց դիտարկելու հանգամանքին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայությունն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Եվրոպական դատարանի տեսանկյունից` դատարանի իրավունքը, սակայն բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև` համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները: (...):
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ», «ժդ» կետերի համաձայն` նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`
ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.
գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.
ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.
ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.
ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը և վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը` պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար, (…)։
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների, դրանք չեղյալ համարելու հանձնարարականների և տեղեկացումների վավերապայմանները:
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ` Հավելված) 1-ին կետի համաձայն` նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Հավելվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հավելվածի 4-րդ կետի համաձայն` վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հավելվածի 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`
ա. Վճարման հանձնարարական, (…)
Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ: (…)։
Հավելվածի 9-րդ կետի համաձայն` ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ.
1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
Հավելվածի 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ
բ. սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ
գ. ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ
դ. ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ
ե. վարկի մարում, կամ
զ. կանխիկի մուտքագրում, կամ
է. կանխիկի ելքագրում, կամ
ը. փոխանցում և այլն:
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,
(…),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
Հավելվածի 17-րդ կետի համաձայն` «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Ըստ հավելվածի նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես, 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում:
Վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործում է վճարահաշվարկային համակարգը, որն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Ընդ որում, վճարումը, որպես դրամական պարտավորության կատարում, իրականացվում է համապատասխան միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
Միաժամանակ օրենսդիրը վերը նշված օրենքով սահմանել է վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը` մասնավորապես՝ նշելով, որ այն ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ:
Այսինքն` վճարահաշվարկային համակարգի միջոցով անձն իրավասություն է ստանում կատարելու համապատասխան վճարումներ, ի հավաստում որի` տրամադրվում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթուղթ (օր.` վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր և այլն): Ընդ որում, վճարահաշվարկային փաստաթուղթը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Միաժամանակ օրենսդիրը «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև վճարման հանձնարարականի, որպես վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, ըստ որի այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ի ապահովումն վերը նշված օրենքների կիրառման Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կանոնակարգվել են վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները: Մասնավորապես, որպես ընդհանուր կանոն էլեկտրոնային եղանակով ստեղծված վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման համար նախատեսվել են մի շարք վավերապայմաններ, որոնցից է նաև «ստորագրություն» վավերապայմանը: Ըստ այդմ էլ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Ավելին` նույն կարգով, որպես հատուկ կանոն սահմանվել է նաև «վճարման հանձնարարականին» (վճարահաշվարկային փաստաթուղթ) վերաբերող վավերապայմանները, որի 25-րդ կետում, որպես վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության` գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքի, ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն, այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է թղթային եղանակով: Այսինքն` այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, դրա նկատմամբ կիրառելի չէ վերը նշված կանոնը (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանի թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Սույն գործով Ռոբերտ Մուրադյանի ներկայացուցիչը 02.12.2020 թվականին փոստային առաքման եղանակով Դատարանի 02.11.2020 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 3-10): Վերաքննիչ դատարանը 25.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 12-13):
Ռոբերտ Մուրադյանը 06.03.2021 թվականին կրկին փոստային առաքման եղանակով ներկայացրել է վերաքննիչ բողոք: Բողոք բերած անձի կողմից բողոքին կցվել է 04.03.2021 թվականի «Բյուջետային փոխանցում թիվ 000244» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ.թ. 32):
Վերաքննիչ դատարանը 15.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժել է Ռոբերտ Մուրադյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը` պատճառաբանելով, որ «կրկին բերված վերաքննիչ բողոքին կից բողոքաբերը կրկին չի ներկայացրել օրենքով սահմանված պետական տուրքի վճարված լինելու փաստը հավաստող որևէ թույլատրելի ապացույց և չի ներկայացրել միջնորդություն վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` որպես դրա ներկայացման համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող` «Բյուջետային փոխանցում N 000244» վերնագիրն ունեցող փաստաթղթին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել նախ` այն պատճառով, որ այն իրենից ներկայացնում է անստորագիր վճարման հանձնարարական և չի կարող դրանում նշված գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցված լինելու փաստը հավաստել, բացի այդ` էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես՝ պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ: (...)» (հատոր 3-րդ, գ.թ. 40-41)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Բողոք բերած անձը, 06.03.2021 թվականին փոստային առաքման եղանակով կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոքը, միաժամանակ բողոքին կից ներկայացրել է 04.03.2021 թվականի «Բյուջետային փոխանցում թիվ 000244» վերտառությամբ փաստաթուղթը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստաթղթի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով` «ՀԾ-ԻնտերնետԲանկ» համակարգով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Նշված փաստաթղթի ուսումնասիրությունից հետևում է նաև, որ այն համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին: Մասնավորապես` այդ փաստաթղթում առկա է փաստաթղթի համարը` 000244, վճարման օրը, ամիսը, տարին` 04.03.2021 թվական, վճարման գումարի չափը` 10.000 ՀՀ դրամ, վճարման նպատակը` «Վերաքննիչ բողոք/Ռոբերտ Մուրադյան», վճարողի անվանումը` «ԲԱՍ ԼՈՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, հաշիվը` 1570056639740100, ՀՎՀՀ-ն` 05022383, ստորագրողի անունը` «SONA SEDRAKYAN», ստորագրության կարգը` I, II, ստորագրությունը` 800647, վճարողի բանկի անվանումը` «Ամերիաբանկ» ՓԲԸ, տարածաշրջանի/ՀՏ կոդը` 51, շահառուի հաշիվը` 900005016010:
Փաստորեն, հակառակ Վերաքննիչ դատարանի փաստարկների, այդ փաստաթղթում նշված են ոչ միայն բանկի իրավասու անձի անուն, ազգանունը, այլ նաև առկա է թվային ստորագրություն: Ընդ որում, վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Սույն գործով պետական տուրքի վճարումը հավաստող վճարման հանձնարարականը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որպիսի պայմաններում բանկի իրավասու անձի ստորագրությունը, որպես վճարահաշվարկային փաստաթղթի (վճարման հանձնարարագրի) վավերապայման, չի պահանջվում: Չնայած այդ հանգամանքին` ներկայացված փաստաթղթի վրա առկա են ստորագրողի անվան, ստորագրության կարգի թվային ստորագրության վերաբերյալ նշումներ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի ներկայացուցիչը, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով 04.03.2021 թվականի «Բյուջետային փոխանցում թիվ 000244» վերտառությամբ փաստաթուղթը, պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը:
Ավելին, անդրադառնալով փաստաթղթի վերտառությանը` «Բյուջետային փոխանցում», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքի (https://www2.ameriabank.am) ուսումնասիրությունից պարզվել է, որ «ՀԾ-ԻնտերնետԲանկ» համակարգում ավելացել է նոր փաստաթուղթ` «Բյուջետային փոխանցում», որը հնարավորություն է տալիս հաճախորդին փոխանցումներ կատարել ՀՀ բյուջե: «ՀԾ-ԻնտերնետԲանկ» համակարգ ներմուծվող Վճարման հանձնարարագիր փաստաթղթերը, որտեղ Շահառուի հաշիվը բյուջետային հաշիվ է, ներմուծվում են որպես Բյուջետային փոխանցում փաստաթուղթ` ենթարկվելով բյուջետային փոխանցման փաստաթղթի բոլոր կանոններին:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի փաստարկին այն մասին, որ «(...) էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես՝ պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու կարգը» վերտառությամբ 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են ներկայացվել օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) դատարան մուտքագրելու համար սահմանել է նաև էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգ: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը կարող են ներկայացվել դատարան էլեկտրոնային եղանակով, նույն կերպ` սկանավորված տարբերակով, դրանց կցելով նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում նաև` պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարված պետական տուրքի փաստը հավաստող ապացույցը: Նշվածից ակնհայտ է, որ պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ դատավարության մասնակցի կողմից դատարան ներկայացվող փաստաթղթերի (այդ թվում` վերաքննիչ բողոքի) ամբողջ փաթեթն է ներկայացվում էլեկտրոնային եղանակով:
Քննարկվող պարագայում, Ռոբերտ Մուրադյանի կողմից վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը 06.03.2021 թվականին ներկայացվել են ոչ թե էլեկտրոնային, այլ թղթային տարբերակով` փոստային առաքման միջոցով: Հետևաբար, պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջը տվյալ դեպքում կիրառելի չէ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ռոբերտ Մուրադյանի կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Ս. Անտոնյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Բարսեղյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|