Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2020 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ մակրոտնտեսական քաղաքականությունն անցկացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կատարել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2020 թվականի մայիսի 19-ի

թիվ 6 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության

 

Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և ուղղված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական աճի հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) 2020-2021 թվականների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերով սահմանված խնդիրների լուծմանը և 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի դրույթների իրագործմանը՝ անդամ պետությունների ղեկավարների կողմից:

Բացի այդ` սույն փաստաթուղթը պարունակում է միջոցներ՝ ուղղված կորոնավիրուսային վարակի տարածման և հումքային ապրանքների գների կտրուկ իջեցման հետ կապված արտաքին ցնցումների բացասական ներգործության զսպմանը և տնտեսական հետևանքների նվազեցմանը։

2019 թվականին արտաքին և ներքին ապակայունացնող էական երևույթների բացակայության ֆոնին՝ անդամ պետություններում անցկացվող մակրոտնտեսական քաղաքականությունը կենտրոնացված է եղել հիմնականում գնաճի մակարդակը նվազեցնելու և նպատակային մակարդակի մոտ այն պահելու վրա, և 2019 թվականի արդյունքներով՝ գնաճի մակարդակը բոլոր անդամ պետություններում համապատասխանել է թե՛ ազգային կողմնորոշիչներին, թե՛ Պայմանագրով սահմանված արժեքներին։ Մի քանի տարվա ընթացքում անդամ պետությունները ձեռնարկել են բյուջեի համախմբմանն ուղղված միջոցներ, ինչի արդյունքում էական առաջընթաց է գրանցվել համախմբված բյուջեի պակասուրդի և պետական կառավարման հատվածի պարտքի՝ Պայմանագրով սահմանված քանակական արժեքների պահպանման գործում։ 2019 թվականի արդյունքներով՝ միայն Ղրղզստանի Հանրապետությունում է դիտարկվում համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական կառավարման հատվածի պարտքի սահմանված մակարդակի ոչ մեծ գերազանցում, սակայն համախառն ներքին արդյունքի աճի համեմատաբար բարձր տեմպերի ֆոնին Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվող՝ բյուջեների եկամտային մասի ավելացմանն ու ծախսային մասի օպտիմալացմանն ուղղված միջոցներով ապահովվել է Ղրղզստանի Հանրապետության տնտեսության վրա պարտքային բեռի աստիճանական նվազեցում։

Ջանքերը կենտրոնացնելով մակրոտնտեսական և բյուջետային կայունության ձեռքբերման և պահպանման վրա՝ ոչ բոլոր անդամ պետություններին է հաջողվել տնտեսական աճի կայուն բարձր տեմպեր արձանագրել։ Չնայած որ մի քանի տարվա ընթացքում ամբողջ Միությունում տնտեսության աճը մնացել է համաշխարհային կտրվածքով միջինից ցածր մակարդակի վրա, Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը 2019 թվականին գերազանցել են միջին համաշխարհային ցուցանիշները։ Ընդ որում, Հարավարևելյան Ասիայի տնտեսություններում՝ ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունները, արձանագրվել է տարեկան 5-6 տոկոսից ոչ պակաս աճ։

2019 թվականին բոլոր անդամ պետություններում տնտեսական աճն ապահովվել է արդյունաբերական հատվածում և ծառայությունների մատուցման հատվածում դրական դինամիկայի շնորհիվ։ Արդյունաբերական արտադրության ամենաարագ աճը դիտարկվել է Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում։ Բելառուսի Հանրապետությունում համախառն ներքին արդյունքի աճին նպաստել է նաև դրական դինամիկան ծառայությունների մատուցման առանձին հատվածներում, իսկ Ղազախստանի Հանրապետությունում՝ արդյունահանող արդյունաբերության ոլորտում և շինարարական հատվածում։ Բոլոր անդամ պետություններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հավելաճ է արձանագրվել։

Միության հիմնական կապիտալի մեջ ներդրումների աճի տեմպը բարձր չի եղել։ Բոլոր անդամ պետություններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության, ներդրումների հավելաճի տեմպը 2019 թվականին եղել է ավելի ցածր, քան նախորդ տարի։ Մանրածախ առևտրի շրջանառության հավելաճը նույնպես նվազել է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության։

Մի քանի տարի շարունակ աճ արձանագրելուց հետո արտաքին շուկաներում անդամ պետությունների արտադրանքի պահանջարկը 2019 թվականին նվազել էր, երրորդ երկրների հետ Միության արտաքին առևտրի ծավալները, 2018 թվականի արժեքների համեմատ, ավելի ցածր էին, իսկ փոխադարձ առևտրի ծավալները՝ փոքր-ինչ գերազանցել էին նախորդ տարվա ցուցանիշները։ Այդպիսի դինամիկան պայմանավորված էր համաշխարհային առևտրի աճի դանդաղեցմամբ, հանքային արտադրանքի և մետաղների համաշխարհային գների նվազեցմամբ, ինչպես նաև նավթի և նավթամթերքի փոխադարձ առևտրի ծավալների կրճատմամբ։ Փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքը բնութագրվում է առավել բազմազանեցվածությամբ և հավասարակշռվածությամբ, քան ներքինը։ Չնայած արտաքին շուկաներ արտահանման կառուցվածքում 60 տոկոսից ավելին կազմում է հանքային արտադրանքը, փոխադարձ առևտրում դրա մասնաբաժինը կազմում է մոտավորապես 25 տոկոս, և այն նվազում է ավելի բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների, պարենային և գյուղատնտեսական ապրանքների, քիմիական արտադրության արտադրանքի մատակարարումների աճի հաշվին։

2020 թվականի սկզբին համաշխարհային տնտեսության վիճակը կտրուկ վատացավ։ Կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելուն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, սկզբում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, իսկ այնուհետև՝ աշխարհի երկրների մեծ մասի կողմից, հանգեցրեց տնտեսական ակտիվության շեշտակի զսպմանը, համաշխարհային ֆինանսական շուկաների փլուզմանը, բեռների ու ուղևորների փոխադրման հետ կապված խնդիրների առաջացմանը, համաշխարհային առևտրի արգելակմանը և ավելացված արժեքի ստեղծման միջերկրային շղթաների քանդմանը։ Տնտեսավարող սուբյեկտների շահույթի կրճատմանը, աշխատող անձնակազմի մշտական կամ ժամանակավոր ազատմանը, բնակչության եկամտի կրճատմանը և վարկային պարտավորության ավելացմանը հանգեցնող՝ արտադրական ակտիվության էական նվազեցումը, իր հերթին, զսպող ներգործություն ունի սպառողական պահանջարկի վրա։ Բացի այդ` Միության հիմնական առևտրային գործընկերների՝ Եվրոպական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական ակտիվության զսպումը հանգեցրել է արտաքին պահանջարկի էական նվազեցմանը և անդամ պետություններից արտահանվող կարևորագույն ապրանքների՝ նավթի ու նավթամթերքի, ածխի, սև և գունավոր մետաղների համաշխարհային գների փլուզային անկմանը։

Նշված հանգամանքներն անխուսափելիորեն իջեցնող ճնշում կգործադրեն անդամ պետությունների բյուջեների եկամտային բաղադրիչների վրա։ Բացի այդ` տնտեսության առավել տուժած հատվածներին, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ անդամ պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ համալիր ֆիսկալ միջոցները, ինչը կարող է հանգեցնել 2020 թվականի արդյունքներով բյուջետային պակասուրդների ձևավորմանը կամ ավելացմանը և Պայմանագրի 63-րդ հոդվածով սահմանված՝ տնտեսական զարգացման կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշների սահմանային քանակական արժեքների գերազանցմանը՝ որոշ անդամ պետությունների կողմից։

Այդպիսով, առաջարկի և պահանջարկի առումով բացասական ցնցումների ներգործության պայմաններում, որոնց ազդեցությունը խորացվում է հումքային ապրանքների գների անկմամբ, անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին, տնտեսություններին հակաճգնաժամային օժանդակության միջոցառումներից բացի, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մակրոտնտեսական կայունության պահպանմանը և արժութային-ֆինանսական ոլորտում համագործակցության ապահովմանը։ Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության անցկացման շրջանակներում անդամ պետությունների համատեղ գործողությունների իրագործումը կարող է հիմք ծառայել Միությունում տնտեսական իրավիճակի շուտափույթ կայունացման համար։

Համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները 2020 թվականի համար ծայրահեղ անորոշ են։ Իրավիճակի զարգացումը վկայում է գլոբալ ռեցեսիայի սկզբի մասին, որն իր մասշտաբներով համադրելի է 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ։ Համաշխարհային առևտրի ծավալները կրճատվում են, ինչը կհանգեցնի աշխատատեղերի կորստին, գործազրկության աճին և սոցիալական լարվածության ավելացմանը։ Իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացման դեպքում տնտեսական կորուստները կարող են էապես ավելանալ։ Այդ իսկ պատճառով միջնաժամկետ ժամանակահատվածում առաջին պլան դուրս կգա տնտեսական գործընթացների շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։

Գլոբալ տնտեսության շրջանակներում վերականգնումը կընթանա տարբեր արագություններով և ոչ համաչափ՝ հաշվի առնելով երկրների տնտեսությունների վրա ցնցումների կործանարար ազդեցության տարաբնույթ մակարդակը և դրանց կողմից ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների առանձնահատկությունները։ Տնտեսական աճի հետագծին շուտափույթ վերադարձ կարձանագրվի այն պետություններում, որոնք ուշադրություն են դարձնում տնտեսական աճի ներքին աղբյուրների ակտիվացմանն ուղղված քաղաքականության անցկացմանը, գործող արտադրական և առևտրային կապերի ամրապնդմանն ու նոր կապերի ձևավորմանը, այդ թվում՝ տնտեսական ինտեգրման հնարավորությունների և օգուտների օգտագործման շնորհիվ։ Այդ իրավիճակում անդամ պետությունները բավականին կարճ ժամկետներում տնտեսությունները վերականգնելու և առավել արագ զարգացող համաշխարհային տնտեսությունների տնտեսական զարգացման տեմպերից հետ մնալը կրճատելու մեծ հնարավորություններ ունեն։

Առաջատար տնտեսությունների փորձը ցույց է տալիս, որ տնտեսական աճի պահպանման և ակտիվացման կարևորագույն պայման է ներդրումների առաջանցիկ աճը։ Անդամ պետություններին անհրաժեշտ է ձեռնարկել ներդրումային ակտիվության աճը խթանող միջոցներ։ Մասնավոր ներդրումները պետք է պահպանվեն պետական կապիտալ ներդրումներով, ինչպես նաև զարգացման ազգային և տարածաշրջանային ինստիտուտների միջոցների օգտագործմամբ։ Ներդրումային ակտիվության աճի լրացուցիչ խթանների ստեղծման հետ մեկտեղ նպատակահարմար է պայմաններ ստեղծել ներդրումային նպատակներով երկարաժամկետ վարկավորման գրավչության բարձրացման և հասանելիության համար։ Դա թույլ կտա կուտակել անհրաժեշտ միջոցներ` Միության արտադրական ներուժի ամրապնդման և արդյունավետ իրագործման խնդիրների կարգավորման համար։ Այդ խնդրի կարգավորման համար Միության համախառն ներքին արդյունքում հիմնական կապիտալի համախառն կուտակման մասնաբաժինը միջնաժամկետ հեռանկարում պետք է հասնի համաշխարհային կտրվածքով միջին արժեքի։

Նոր տեխնոլոգիական տնտեսաձևի ձևավորման արդյունքում ստեղծվում են պայմաններ՝ տնտեսության կառուցվածքային վերակառուցման շնորհիվ առաջանցիկ զարգացմանն անցնելու համար։ Զարգացման առանցքային ուղղությունները պետք է դառնան բարձր տեխնոլոգիական ոլորտները, որոնք առաջին հերթին հենվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության, նանո- և կենսատեխնոլոգիաների, թվային փոխակերպման վրա։ Տնտեսության բոլոր ոլորտների և ճյուղերի վրա կորոնավիրուսային վարակի տարածման ազդեցությամբ ընդգծվում է առողջապահության, բժշկական և բիոինժիներային տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կրիտիկական կարևորությունը։ Առաջնային է համարվում այդ ոլորտում ներդրումների խթանումը՝ որպես նոր տեխնոլոգիական տնտեսաձևի աճի առանցքային ուղղություններից մեկը։

Անդամ պետություններում առկա է զարգացման էական ներուժ, որն առաջին հերթին կապված է թերբեռնված արտադրական հզորությունների օգտագործման հետ, ինչը նույնպես պետք է ուղեկցվի դրանց որակական տեխնոլոգիական թարմացմամբ։ Այսպիսով, վերամշակող արդյունաբերության ոլորտում արտադրական հզորությունների օգտագործման միջին մակարդակի ավելացումը 10 տոկոսով, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականների, կարող է հանգեցնել անդամ պետություններում արդյունաբերական արտադրության ծավալների աճի տեմպերի ավելացման՝ 6-15 տոկոսային կետերով՝ կախված ազգային տնտեսությունների կառուցվածքից։

Լրացուցիչ հզոր խթան կարող է լինել եվրասիական ինտեգրման հնարավորությունների օգտագործումը գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացման ոլորտում։ Այդպիսի հնարավորություններն առաջին հերթին կապված են համատեղ կոոպերացիոն նախագծերի կառավարման և ֆինանսավորման արդյունավետ համակարգի ձևավորման, Միությունում տնտեսության բարձրարտադրողական, այդ թվում՝ արտահանմանն ուղղված հատվածների ստեղծման ու զարգացման և համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացումը խթանելու նպատակով ջանքերի միավորման հետ։ Նոր տեխնոլոգիական լուծումների մշակումն ու ներդնումը պետք է ապահովված լինեն միջոցառումների անցկացմամբ՝ ուղղված համակարգային նախապատրաստմանն ու բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստմանը, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսություններ այդպիսի մասնագետների ներհոսքի համար խթանների ստեղծմանը։ Միջնաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կադրային ներուժի զարգացմանը և աշխատանքի տարածաշրջանային շուկայում անհամամասնությունների կրճատմանը։

Միևնույն ժամանակ ամբողջ Միությունում տնտեսական աճի վերականգնման և ակտիվացման բնագավառում տնտեսական քաղաքականությունը պետք է կենտրոնացված լինի ոչ միայն արտադրական հզորությունների զարգացման, այլև պահանջարկի հավասարակշռված պահպանման և ընդլայնման, ինչպես նաև բնակչության զբաղվածության ապահովման վրա։

Կարանտինային միջոցառումների և այլ սոցիալական սահմանափակումների ֆոնին դիտարկվում է թե՛ արտաքին և թե՛ ներքին պահանջարկի էական զսպում։ Առաջին հերթին կրճատվում է պահանջարկը ծառայությունների մատուցման հատվածում։ Ամենից շատ տուժում են տուրիստական և հյուրանոցային ծառայությունները, ավիա և երկաթուղային փոխադրումները, մեծածախ և մանրածախ առևտուրը, հանրային սնունդը։ Տնտեսության մյուս հատվածներում բացասական հետևանքները կարող են կապված լինել արտադրական շղթաների խախտման պատճառով միջանկյալ պահանջարկի, ինչպես նաև ձեռնարկությունների շահույթի և բնակչության եկամուտների կրճատման պատճառով վերջնական պահանջարկի նվազեցման հետ։

Տնտեսական ցնցումների բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է գործարկել արգելքները շուտափույթ վերացնելու, բացառումները և սահմանափակումները կրճատելու, ինչպես նաև փոխադարձ առևտրում նոր խոչընդոտների առաջացումը թույլ չտալու հետ կապված՝ Միության ինտեգրացոն հնարավորությունները։ Դա կնպաստի Միության ընդհանուր շուկայի տարողունակության բարձրացմանը, անդամ պետությունների արտադրանքի պահանջարկի կանխատեսելիությանը: Բոլոր անդամ պետությունների համար Միության ընդհանուր շուկայի առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձգտել, որպեսզի փոխադարձ առևտրի աճի տեմպերը կայուն կերպով պահպանվեն արտաքին առևտրի աճի տեմպերը գերազանցող մակարդակում։

Արտաքին շուկաներում միջնաժամկետ հեռանկարում առաջանում է արտաքին մատակարարումների թե՛ աշխարհագրական և թե՛ ապրանքային բազմազանեցման հետ կապված արտահանման հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտություն։ Երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ համագործակցություն ձևավորելու եղանակով արտաքին կապերի ամրապնդումը հիմք կծառայի արտահանումը զարգացնելու համար։ Անհրաժեշտ է նաև ապահովել առաջնային պայմաններ անդամ պետություններում արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքն արտաքին շուկաներ արտահանելու համար, ընդ որում՝ բարձրացնելով արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտադրողականությունն ու որակական բնութագրերը։

Այսպիսով, 2020-2021 թվականների մակրոտնտեսական քաղաքականության կարևորագույն նպատակն է դառնում անդամ պետություններում մակրոտնտեսական կայունության և բնակչության ձեռք բերված կենսամակարդակի պահպանումը, ինչպես նաև Միության առաջանցիկ տնտեսական զարգացման համար հիմքերի ձևավորումը։ Ներդրումային ակտիվության պահպանմանն ու ավելացմանը, գիտատեխնոլոգիական ու արտադրական ներուժի զարգացմանը և պահանջարկի ընդլայնմանն աջակցելուն ուղղված միջոցները կարող են անհրաժեշտ խթան դառնալ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման համար։ Այդ միջոցների ձեռնարկումը թույլ կտա հաղթահարել բացասական արտաքին ցնցումների հետևանքները և բարձրացնել Միության մրցունակությունն ու կշիռը գլոբալ տնտեսության մեջ։ Միջնաժամկետ հեռանկարում այդ միջոցների իրագործումը կնպաստի ամբողջ Միությունում տնտեսական աճի այնպիսի տեմպերի ձեռքբերմանը, որոնք համաշխարհային կտրվածքով միջին արժեքներից ցածր չեն լինի։

Նախանշված նպատակներին հասնելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում կարող են առաջարկվել հետևյալ միջոցները՝

մակրոտնտեսական կայունության պահպանում, այդ թվում՝

գնային և ֆինանսական կայունության ապահովում.

ֆինանսական հատվածի գործունեության անընդհատության ապահովում, ֆինանսական հատվածի գործունեության անընդհատության ապահովում, օպերացիոն ռիսկերի կրճատում և տեղեկատվական անվտանգության պահպանում՝ աշխատակիցների մի մասին հեռավար աշխատանքի համար հնարավորությունների տրամադրման պայմաններում.

օժանդակություն ֆինանսական հատվածի ներուժին՝ տնտեսությանը ռեսուրսների տրամադրման մասով, այդ թվում՝ իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման պայմանների մեղմացման մասով.

վճարային համակարգերի վարչական բեռի մեղմացում՝ դրանց գործունեության անընդհատության անվերապահ պահպանման դեպքում.

ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման մեծ մասամբ անկանխիկ եղանակների օգտագործման խթանում՝ ներառյալ արագ վճարման համակարգերը, ինչպես նաև բանկային ծառայությունների հեռավար ստացման մեխանիզմներն օգտագործելը, այդ թվում՝ հեռավար նույնականացման հնարավորությունների օգտագործմամբ.

մոնիթորինգի իրականացում և գների չհիմնավորված բարձրացման կանխարգելմանն ուղղված միջոցների օպերատիվ ձեռնարկում՝ երրորդ երկրների արժույթների նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքների տատանողականության հետ կապված.

բյուջեի եկամուտների լրացուցիչ աղբյուրների ձևավորում՝ դուրս մնացող եկամուտները ծածկելու նպատակով, որոնք կուղղվեն տնտեսությանը և բնակչությանը օժանդակելուն.

անդամ պետությունների տնտեսություններին էներգետիկ ռեսուրսներով հուսալի ապահովում՝ Միության համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների շրջանակներում.

փոխադարձ առևտրում անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու խթանում.

կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից անդամ պետություններին սահմանված կարգով վարկային աջակցության ցուցաբերում՝ մակրոտնտեսական կայունացման նպատակներով.

զարգացման եվրասիական բանկի կողմից, իր իրավասության շրջանակներում, անդամ պետությունների հետ հարցերի մշակում՝ կապված կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների նվազեցմանն ուղղված նախագծերի իրագործման հետ.

միջոցների ձեռնարկում՝ ուղղված ներդրումների պահպանմանն ու ավելացմանը, Միության գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի զարգացմանը, այդ թվում՝

անդամ պետություններում աշխատատեղերի պահպանում և զբաղվածության մակարդակի բարձրացում.

հարկային ու բյուջետային օժանդակության միջոցների ձեռնարկում՝ ուղղված փոքր ու միջին բիզնեսին և օժանդակության առավել կարիք ունեցող՝ տնտեսության հատվածների ձեռնարկություններին՝ դրանց եկամուտների նվազման պայմաններում.

անդամ պետությունների բյուջետային միջոցների յուրացման արդյունավետության բարձրացում՝ ներդրումային կլիմայի բարելավման և պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմի ակտիվացման համար.

ներդրումային ոլորտում վարչական և այլ կարգավորիչ ընթացակարգերի պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպը և անդամ պետությունների փորձը.

անդամ պետությունների՝ ներդրողների պաշտպանությանն ուղղված նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում.

միջոցների ձեռնարկում՝ ուղղված գիտական հետազոտություններում և առողջապահության ոլորտի զարգացման մեջ պետական և մասնավոր ներդրումների խթանմանը.

աջակցություն՝ ավելացված արժեքի արտադրական-տեխնոլոգիական շղթաներ ստեղծող կոոպերացիոն նախագծերի զարգացմանը, այդ թվում՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական հատվածներում.

թվային ֆինանսական տեխնոլոգիաների զարգացում և այդ ոլորտում ներդրումների ներգրավում.

պայմանների ստեղծում՝ կայուն պահանջարկի պահպանման, արտահանման հնարավորությունների ընդլայնման և փոխադարձ առևտրի ակտիվացման համար, այդ թվում՝

արգելքների վերացում, բացառումների և սահմանափակումների կրճատում, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր խոչընդոտների առաջացման բացառում

անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարեխիղճ մրցակցության և դրա պաշտպանության ապահովում.

երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում, ինչպես նաև առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգային երկխոսության ձևավորում՝ փոխշահավետ համագործակցություն ձևավորելու և Միության արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով.

առաջնային պայմանների ապահովում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքն արտաքին շուկաներ արտահանելու համար.

անհրաժեշտ պայմանների ստեղծում՝ փոխադարձ և արտաքին առևտրի թվայնացման համար.

անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքի համակարգված զարգացում.

միջոցների ձեռնարկում՝ ուղղված բնակչության եկամուտների պահպանմանն ու ավելացմանը, ինչպես նաև նախադրյալների ստեղծում՝ անդամ պետությունների կոնվերգենցիայի համար՝ ըստ տնտեսական զարգացման մակարդակի և բնակչության եկամուտների։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: