Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/08

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/08

Նախագահող դատավոր՝  ՆՄարգարյան

Դատավորներ՝

 Մ Հարթենյան

 Կ Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ «Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն» կրոնական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18032021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Գրիգորյանի ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի, Էլիզա Կարապետյանի՝ օրենքով սահմանված կարգով կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սերգեյ Գրիգորյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը՝ քաղաք Երևան, Զաքյան 8-րդ շենքին կից կառուցված կցակառույցի և իր տիրապետության տակ գտնվող նկուղային տարածքի նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ժ Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 30042009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18032021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30042009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Դատավոր Մ Հարթենյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպությունը (ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սերգեյ Գրիգորյանը (ներկայացուցիչ Հարություն Ազատյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 4-րդ մասը՝ միաժամանակ թույլ տալով նաև դատավարական իրավունքի նորմի խախտում՝ չկիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Կազմակերպությունը Դատարանի կողմից չի ներգրավվել, այդ գործի մասին չի ծանուցվել և չի մասնակցել գործի քննությանը, որտեղ, ի թիվս այլ հանգամանքների, քննարկվել է նաև Զաքյան 8-րդ շենքի (որոշ) բնակիչների՝ որպես շենքի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի սուբյեկտների համաձայնության հարցը վերջիններիս ընդհանուր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ Սերգեյ Գրիգորյանի միանձնյա սեփականության իրավունքի ճանաչման առնչությամբ։ Նշված քաղաքացիական գործով պատասխանողներ են հանդիսացել ընդամենը 5 համասեփականատերեր (Ալլա Փորսուղյան, Հռիփսիմե Առաքելյան, Սամվել Նաղդալյան, Թագուշ Կյուրեղյան, Էլիզա Կարապետյան)։ Մինչդեռ Կենտրոն համայնքի Զաքյան 8-րդ հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 16.09.2020 թվականին տրված տեղեկանքի, բաղկացած է 96 միավոր անշարժ գույքերից։ Այսինքն՝ թվով 96 միավոր անշարժ գույքերի սեփականատերերը, այդ թվում՝ նաև բողոքաբերը (սկսած 2001 թվականից), ընդհանուր բաժնային սեփականության համասեփականատերեր են շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի և շինությունների նկատմամբ և, հետևաբար, պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեին հողամասի և շինությունների կապակցությամբ իրականացվող գործողությունների և կայացվող որոշումների վերաբերյալ։ Մինչդեռ այդ համասեփականատերերը նշված քաղաքացիական գործով չեն ներգրավվել, չեն մասնակցել գործի քննությանը և առավել ևս չեն տվել իրենց համաձայնությունը Կենտրոն համայնքի Զաքյան 8-րդ հասցեում գտնվող ինքնակամ կառույցի ընդհանուր բաժնային սեփականության նկատմամբ դրա նախկին սեփականատիրոջ՝ Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքի ճանաչման հարցում։

 Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի հիմնավորումներն այն մասին, որ ստորադաս դատարանը թեև հաշվի է առել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա Կենտրոն համայնք Զաքյան փողոց հ. 8 շենքին կից (շենքի ծավալից դուրս) օրինական ճանաչված ինքնակամ կառույցների նկատմամբ բաժնային սեփականության իրավունք է ծագել շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի մոտ, այնուհանդերձ, դատարանը չի պարզել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ամբողջական շրջանակը (գործում առկա չէ դրա վերաբերյալ պատշաճ ապացույց), որի արդյունքում գործին մասնակից չի դարձրել Կազմակերպությանը՝ խախտելով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության պահանջը։

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Զաքյան 8 շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի շրջանակը սահմանափակվում է ընդամենը գործին մասնակից դարձված թվով 5 պատասխանողներով։ Հետևաբար, ստորադաս դատարանը սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում չի պարզել նշված հասցեում գտնվող շենքի թվով 96 միավոր անշարժ գույքերի սեփականատերերի ամբողջական ցանկը, որոնց թվում էր նաև բողոքաբերը՝ վերջիններիս անարդարացիորեն մասնակից չդարձնելով գործի քննությանը, իսկ վերաքննիչ դատարանը որևէ կերպ քննարկման առարկա չի դարձրել այս հարցը, հակառակը՝ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է, որ Զաքյան 8-րդ շենքի բնակարանների սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունը վիճելի գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ, մինչդեռ նման համաձայնությունը բացակայում է գործում։

Սույն գործով բողոքաբերի նկատմամբ կայացվել է չհիմնավորված, չպատճառաբանված և անօրինական դատական ակտ, որով խաթարվել է արդարադատության բուն էությունն այնքանով, որքանով խախտվել է բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը, քանի որ իր գործի քննության ընթացքում բողոքաբերի նկատմամբ կիրառվել է կիրառման ոչ ենթակա օրենք, միևնույն ժամանակ կիրառված հոդվածները սխալ են մեկնաբանվել և դրանք պատշաճ կերպով չեն համադրվել գործի փաստական տվյալների հետ։

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է բողոքաբերի՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված կողմերի հավասարության և մրցակցության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ ամբողջությամբ բեկանել Դատարանի 30042009 թվականի վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և առարկայազուրկ, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է հիմնավորված և ճիշտ պատճառաբանված։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ թույլ չի տրվել ոչ նյութական և ոչ էլ դատավարական իրավունքների նորմերի պահանջների որևէ խախտում և առկա չէ դատական սխալ, ուստի վճռաբեկ բողոքն ամբողջությամբ ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ

Ներկայացված վճռաբեկ բողոքով չի հիմնավորվում բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի իրավունքներին և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստարկը, քանզի բողոքաբերի կողմից որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել, որ բողոքարկվող դատական ակտի կայացման արդյունքում խախտվել կամ որևէ կերպ սահմանափակվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Այսպիսով, բողոքարկվող դատական ակտը ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում, ենթակա չէ բեկանման, քանի որ Կազմակերպությունը չի հանդիսանում այն անձը, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է սույն գործով բողոքարկված դատական ակտը, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ որոշակիության սկզբունքից շեղումը սույն գործով արդարացված չէ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ներկայացված հայցով Սերգեյ Գրիգորյանը հայտնել է, որ Զաքյան 8-րդ շենքի թիվ 13 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է իր մոր անվամբ, իսկ Սերգեյ Գրիգորյանը հանդիսանում է համասեփականատեր: 2001 թվականին Զաքյան 8-րդ շենքին կից կառուցել է օժանդակ տարածք, որի մասը՝ 23քմ գտնվում է շենքի նկուղում, իսկ մնացած՝ 17քմ մակերեսով հատվածը՝ շենքին կից սպասարկման տարածքի սահմաններում: Զաքյան 8-րդ շենքի բնակարանների սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող նկուղում և հողամասի վրա գտնվող շինության նկատմամբ ճանաչվի հայցվորի սեփականության իրավունքը: Դատարանին խնդրել է ճանաչել Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքը կառուցված 40 քմ մակերեսով շինության նկատմամբ, հիմք՝ հայցադիմումը (հատոր 1-ին, գթ 4-5).

2) Դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործը, 30.04.2009 թվականին վճռել է հայցը բավարարել. «Ճանաչել Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքը ք.Երևան Զաքյան 8-րդ շենքի իր տիրապետության տակ գտնվող 15քմ մակերեսով նկուղի և 23.1քմ մակերեսով կցակառույցի նկատմամբ», հիմք՝ վճիռը (հատոր 1-ին, գթ 75-78).

3) Երևանի քաղաքապետի՝ «Բազմաբնակարան շենքերին կից ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» 28.06.2007 թվականի թիվ 1902-Ա որոշման 1-ին կետով սահմանվել է՝ սույն որոշման հավելվածի ցանկում նշված հասցեների՝ թվով 29 բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչել օրինական, 2-րդ կետի համաձայն՝ սույն որոշմամբ նշված շենքերի և շենքերի ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերն անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցվում են շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին: Որոշման հավելվածի ցանկում ընդգրկված է Կենտրոն համայնք, Զաքյան փողոց, թիվ 8 շենքը՝ շենքի տակ՝ ներառյալ ինքնակամ կառույցներով զբաղեցրած հողամասը՝ 3059.48քմ մակերեսով (հատոր 1-ին, գթ 9-10).

4) Դատարանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեն 05.02.2009 թվականի գրությամբ հայտնել է, որ Զաքյան փողոց, թիվ 8 շենքը բազմաբնակարան բնակելի շենք է, որին հատկացված 3059.48քմ հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ նկուղները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությունը: Իրենց կողմից չափագրվել է շենքի նկուղից 15.0քմ, որին կից առկա է 23.1քմ մակերեսով սահմանազատված տարածք, որը նկուղին միացված է դռնով, այն մասամբ գտնվում է շենքին հատկացված հողամասում, իսկ մյուս մասը՝ շենքին հատկացված հողամասի սահմաններից դուրս՝ պետական սեփականություն հանդիսացող բակային տարածքում (հատոր 1-ին, գթ 15).

5) Դատարանի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեն 19.03.2009 թվականի գրությամբ հայտնել է, որ Զաքյան փողոց, թիվ 8-րդ շենքին կից 23.10քմ շինությունից 7.62քմ-ն գտնվում է շենքի սպասարկման 1.5մ լայնությամբ հողամասի սահմաններում, որը շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությունն է, իսկ 15.48քմ-ն՝ դրանից դուրս՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա (հատոր 1-ին, թերթ 13).

6). Գործում առկա է որպես Զաքյան 8-րդ շենքի բնակարանների թվով 20 սեփականատերերի հայտարարությունն առ այն, որ հօգուտ Սերգեյ Գրիգորյանի հրաժարվում են վերջինիս կողմից կառուցված շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ իրենց իրավունքներից, համաձայն են, որ Սերգեյ Գրիգորյանը դառնա մոտ 40քմ ընդհանուր մակերեսով տարածքի սեփականատեր: Հայտարարությունը չի բովանդակում «Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն» կրոնական կազմակերպության անվանումը, ստորագրությունը (հատոր 1-ին, գթ 18).

7) Վերաքննիչ բողոքին կից ի թիվս այլնի Վերաքննիչ դատարան են ներկայացվել՝

թիվ 0251433 վկայականի պատճենը, որի համաձայն՝ Կենտրոն համայնք, Զաքյան փողոց, թիվ 8 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերի միջև բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի նկատմամբ 03.01.2001 թվականին գրանցվել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության սեփականության իրավունքը,

Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 16.09.2020 թվականի տեղեկանք, որի համաձայն՝ ք.Երևան, Կենտրոն, Զաքյան փողոց, թիվ 8 բազմաբնակարան շենքը բաղկացած է 96 միավոր անշարժ գույքերից (հատոր 3-րդ, գթ 36-38, 67)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին անմիջականորեն առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտի պարտադիր բեկանման ենթակա լինելու հարցին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ներկայացված հայցով Սերգեյ Գրիգորյանը հայտնել է, որ Զաքյան 8-րդ շենքի թիվ 13 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է իր մոր անվամբ, իսկ ինքը հանդիսանում է համասեփականատեր: 2001 թվականին Զաքյան 8-րդ շենքին կից կառուցել է օժանդակ տարածք, որի մասը՝ 23քմ գտնվում է շենքի նկուղում, իսկ մնացած՝ 17քմ մակերեսով հատվածը՝ շենքին կից սպասարկման տարածքի սահմաններում: Զաքյան 8-րդ շենքի բնակարանների սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող նկուղում և հողամասի վրա գտնվող շինության նկատմամբ ճանաչվի հայցվորի սեփականության իրավունքը: Դատարանին խնդրել է ճանաչել Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքը կառուցված 40քմ մակերեսով շինության նկատմամբ, հիմք՝ հայցադիմումը։

Դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործը, 30.04.2009 թվականին վճռել է հայցը բավարարել. «Ճանաչել Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքը ք.Երևան Զաքյան 8-րդ շենքի իր տիրապետության տակ գտնվող 15քմ մակերեսով նկուղի և 23.1քմ մակերեսով կցակառույցի նկատմամբ»։

Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ «բողոք բերած անձի՝ որպես գործին մասնակից չդարձված անձի փաստարկմամբ՝ իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտն իրավաչափ չէ առնվազն այն հիմնավորմամբ, որ վերջինս՝ որպես ընդհանուր բաժնային սեփականության համասեփականատեր որևէ համաձայնություն չի տվել, որ Զաքյան 8 շենքի թիվ 93 շինության ընդհանուր սեփականություն հանդիսացող նկուղում և հողամասի վրա նախկին սեփականատեր Սերգեյ Գրիգորյանի կողմից կառուցած ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվի վերջինիս՝ որպես միակ սեփականատիրոջ սեփականության իրավունքը: (․․․) Վերաքննիչ դատարանը նախ կարևոր է համարում ընդգծել, որ սույն վճռի կայացումից հետո անցել է ավելի քան 12 տարի, որի ընթացքում վեճի առարկա գույքը եղել է քաղաքացիաիրավական ազատ շրջանառության օբյեկտ, իսկ վերջին գործարքի արդյունքում՝ 05.09.2019 թվականի առուվաճառքի հիմքով, անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Ջումաիլ Դուշիկի Կիրակոսյանի անվամբ: Իսկ սեփականության իրավունքի պաշտպանություն հայցող Բողոքաբերը ինչպես մինչև բողոքարկվող վճռի կայացումը, այնպես էլ վճի կայացումից և օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 11 տարի չի ցուցաբերել իրավատիրոջը բնորոշ վարքագիծ, ի թիվս այլնի՝ հետամուտ չի եղել ծանոթանալու իր սեփականության գտնվելու վայրում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքների ընթացքին այն դեպքում, երբ Զաքյան 8 շենքին կից 23,1քմ մակերեսով կցակառույցի կառուցմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ կարող էին հիմնավոր ենթադրություններ առաջացնել ինքնակամ կառույցի նկատմամբ այլ անձի հավակնությունների մասին: Ընդ որում, անհրաժեշտ բարեխղճության պարագայում, Բողոք բերած անձը կարող էր դիմել իրավասու մարմին՝ Երևանի քաղաքապետարանին, ծանոթանալու իր համար հասանելի նյութերին՝ Զաքյան 8 շենքին կից կառուցված շինությունն օրինական ճանաչելու մասին համապատասխան որոշմանը, նկատի ունենալով, որ Բողոքաբերի սեփականության իրավունքը գրանցվել է 2001 թվականի հունվարի 3-ին, իսկ ինքնակամ շինության օրինականացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է 28.06.2007 թվականի թիվ 1902-Ա որոշմամբ, ինչից հետևում է, որ ինքնակամ շինությունը կառուցվել է մինչև 28.06.2007 թվականը: Այսինքն, Բողոք բերած անձը կարող էր հետամուտ լինել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացմանը, Ընդ որում, սույն բողոքով նաև չի հիմնավորել նման հնարավորությունից զրկված լինելու որևէ հանգամանք: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ ներկայացված վերաքննիչ բողոքով չի հիմնավորվում բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստարկը, քանզի՝ Բողոք բերած անձի կողմից որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել, որ բողոքարկվող դատական ակտի կայացման արդյունքում խախտվել կամ որևէ կերպ սահմանափակվել է իր սեփականության իրավունքը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բողոք բերած անձը չի հանդիսանում այն անձը, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է սույն գործով բողոքարկված դատական ակտը, ուստի բողոքը ենթակա է մերժման, քանզի՝ իրավական որոշակիության սկզբունքից շեղումը սույն գործով արդարացված չէ»։

 

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ Սահմանադրությունը, արտացոլելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի դրույթները, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք (հոդված 61), անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (հոդված 63): Վերոնշյալ դրույթների միասնականությունը կազմում է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական շրջանառության մասնակիցների խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգման պահանջով դատարան դիմելու, ինչպես նաև դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված հնարավորությունը:

Վերը վկայակոչվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձած անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ գործին մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է նշված անձի իրավունքներին ու պարտականություններին։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, (...) նկուղը, (...) մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերության համաձայն՝ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

Օրենքից վկայակոչված նորմերից հետևում է, որ բազմաբնակարան շենքի սեփականատեր հանդիսացող բնակիչներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ի թիվս այլնի պատկանում են շենքը կրող կառուցվածքները, նկուղները և այլ տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: Հետևաբար բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը նշված գույքի (տարածքների) նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները:

Բաժնային սեփականության իրավունքով մի քանի անձանց պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը պետք է իրականացվի բոլոր մասնակիցների՝ սեփականատերերի կողմից: Առանձին մասնակցի կամ մասնակիցների կողմից գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքը պայմանավորված է բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությամբ: Բաժնային սեփականության մասնակիցների կողմից տրվող համաձայնությունը ենթադրում է գույքի, ներառյալ սեփականության իրավունքում իր բաժնի տնօրինմանը հավանություն տալու կամքի արտահայտություն:

Սույն գործով Դատարանը 30.04.2009 թվականին վճռել է Սերգեյ Գրիգորյանի հայցը բավարարել՝ Զաքյան 8-րդ շենքի 15քմ մակերեսով նկուղի և 23.1քմ մակերեսով կցակառույցի նկատմամբ ճանաչելով հայցվորի սեփականության իրավունքը:

Դատարանի 30.04.2009 թվականի վճռի դեմ,ս որպես գործին մասնակից չդարձված անձ, վերաքննիչ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը՝ նշելով, որ գործի քննության արդյունքում Դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որով ճանաչվել է հայցվորի սեփականության իրավունքը նաև բողոք ներկայացրած անձին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ:

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված վկայականի համաձայն՝ Զաքյան փողոց, թիվ 8 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերի միջև բնակարանի նկատմամբ 03.01.2001 թվականին գրանցվել է Կազմակերպության սեփականության իրավունքը: Երևանի քաղաքապետի 28.06.2007 թվականի որոշմամբ Զաքյան փողոց, թիվ 8-րդ բազմաբնակարան շենքին կից (շենքի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցները ճանաչվել են օրինական, շենքի, ինչպես նաև շենքի ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների հողամասերը բաժնային սեփականության իրավունքով փոխանցվել են շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 05.02.2009 թվականի, 19.03.2009 թվականի գրություններով հայտնվել է, որ թիվ 8 բազմաբնակարան բնակելի շենքին հատկացված 3059.48քմ հողամասը և ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում՝ նկուղները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի հիմքով հանդիսանում են շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությունը: Հայտնել են նաև, որ իրենց կողմից չափագրվել է շենքի նկուղից 15.0քմ, որին կից առկա է 23.1քմ մակերեսով սահմանազատված տարածք, 23.10քմ շինությունից 7.62 քմ-ն գտնվում է շենքի սպասարկման հողամասի սահմաններում, որը շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությունն է, իսկ 15.48քմ-ն՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա:

 

Վկայակոչված իրավակարգավորումների և փաստերի համադրումից հետևում է, որ Դատարանի վճռով սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքի 15.0քմ մակերեսով նկուղն ու շենքի սպասարկման հողամասի սահմաններում գտնվող 23.10քմ շինությունից 7.62քմ տարածքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանել են նաև Կազմակերպությանը:

Գործում առկա է որպես Զաքյան 8-րդ շենքի բնակարանների թվով 20 սեփականատերերի հայտարարությունն առ այն, որ հօգուտ Սերգեյ Գրիգորյանի հրաժարվում են վերջինիս կողմից կառուցված շինությամբ զբաղեցված հողամասի նկատմամբ իրենց իրավունքներից, համաձայն են, որ Սերգեյ Գրիգորյանը դառնա մոտ 40քմ ընդհանուր մակերեսով տարածքի սեփականատեր, հայտարարությունը, սակայն, չի բովանդակում Կազմակերպության անվանումը, ստորագրությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Զաքյան փողոց, թիվ 8 շենքի 15.0քմ մակերեսով նկուղի և շենքի սպասարկման հողամասի սահմաններում գտնվող 23.10քմ շինությունից 7.62սքմ տարածքի ընդհանուր բաժնային սեփականության մասնակից Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Կազմակերպությունը սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրա՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտը վերաբերում է Կազմակերպության իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 30042009 թվականի վճռի` գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության իրավունքների և պարտականությունների վրա ազդեցության առկայության պայմաններում Դատարանի 30042009 թվականի վճիռը բոլոր դեպքերում ենթակա էր բեկանման։

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը վերաբերում է ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (մրցակցային դատավարություն), ուստի դրա առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու իրողությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18032021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/08

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3578/02/08

Նախագահող դատավոր՝  ՆՄարգարյան

Դատավորներ՝

 Մ Հարթենյան

 Կ Համբարձումյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով 26.05․2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«26» մայիսի, 2022թ.

 ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 26.05.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ «Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն» կրոնական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18032021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Գրիգորյանի ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի, Էլիզա Կարապետյանի՝ օրենքով սահմանված կարգով կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 18032021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 26.05.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին անմիջականորեն առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտի պարտադիր բեկանման ենթակա լինելու հարցի, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

 2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

 (Ա) Որոշման պատճառաբանական մասում հարկ համարելով անդրադառնալ գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին անմիջականորեն առնչվող գործն ըստ էության լուծող դատական ակտի պարտադիր բեկանման ենթակա լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերահաստատում և զարգացնում է նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, և ինչի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը»: Արձանագրելով իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու՝ գործին մասնակից չդարձված անձին տրված հնարավորությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է նաև, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն՝ մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված հոդվածներից բխում է, որ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք վերապահված է կոնկրետ գործով մասնակից չդարձված այն անձանց, ում իրավունքներին և/կամ պարտականություններին առնչվում է այդ դատական ակտը: Շարադրվածից միաժամանակ հետևում է, որ գործին մասնակից չդարձած անձանց՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը բացարձակ չէ, և այն իրացնելու հիմնական պայմանը դատական այդ ակտի անմիջական ներգործությունն է այդ անձի իրավունքների և/կամ պարտականությունների վրա:

Գործին մասնակից չդարձած անձանց իրենց իրավունքներին և պարտականություններին առնչվող գործերով դատական պաշտպանություն ստանալու՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքն իրացնելու դեպքերում հատուկ կարևորվել է իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքի պահպանությունը: Մասնավորապես, գործին մասնակից չդարձած անձանց դատական պաշտպանություն ստանալու իրավունքը ապահովելուն զուգընթաց գործին մասնակից դարձած անձանց տեսանկյունից չպետք է խախտվի իրենց իրավունքներին և պարտականություններին առնչվող դատական ակտին վստահելու իրավունքն ու կասկածի տակ դրվի դատական ակտի վերջնական և պարտադիր լինելու հանգամանքը, ինչն անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատարանում արդար դատաքննության իրավունքի և վճիռների վերջնական լինելու՝ res judicata սկզբունքի հետ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և արձանագրել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատարանում արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով հայտարարվում է, որ ի թիվս այլ հարցերի, իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61): Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` վճիռների վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքով ընդգծվում է, որ գործը պարզապես կրկին լսելու և նոր որոշում կայացնելու հնարավորություն ստանալու նպատակով` որևէ կողմ իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի վերանայում: Ավելի բարձր ատյանի դատարանների կողմից գործի վերանայման լիազորությունը պետք է իրականացվի` դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու, այլ ոչ թե նոր քննություն անցկացնելու նպատակով: Վերանայումը չպետք է դիտարկել որպես քողարկված բողոք, և հարցի վերաբերյալ պարզապես երկու տեսակետների առկայության հնարավորությունը չի կարող հիմք հանդիսանալ կրկնակի քննություն անցկացնելու համար: Այդ սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունն առկա է էական և պարտադիր բնույթի հանգամանքներից ելնելով (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 03.12.2013 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 52):

Շարադրվածից բխում է, որ գործին մասնակից չդարձված անձի ներկայացրած բողոքի հիման վրա հարուցված վերանայման վարույթում առկա են միմյանց հետ մրցակցող երկու առանցքային հարցեր՝ մի կողմից անձի արդար դատաքննության իրավունքն է՝ իր իրավունքներին և պարտականություններին առնչվող գործին մասնակից լինելու, իսկ մյուս կողմից՝ իրավական որոշակիությունն է՝ դատական ակտերի վերջնական և պարտադիր լինելու առումներով: Այս պայմաններում վերանայման վարույթում պետք է ապահովվի անհրաժեշտ և ողջամիտ հարաբերակցություն անձի արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների և իրավունքի գերակայության, առավելապես՝ իրավական որոշակիության սկզբունքի միջև, ինչը գործին մասնակցող մյուս անձանց երաշխավորում է դատական ակտի վերջնական և պարտադիր լինելու, և դրան վստահելու իրավունք:

ՄԻԵԴ-ը նախկինում արձանագրել է, որ երրորդ անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը իրավաչափ դիտարկում է, որով կարող է արդարացվել վերջնական և պարտադիր կատարման ենթակա վճռի բեկանումը: Այն, մասնավորապես, գտել է, որ եղել է «լուրջ թերություն» և արդարացրել վարույթի վերսկսումն այն դեպքում, երբ վիճարկվող վճիռներն առնչվել են այն անձի իրավունքներին ու օրինական շահերին, որն, ինչպես սույն գործում է, հանդես չի եկել որպես տվյալ վարույթի կողմ (տե՛ս, Պրոտսենկոն ընդդեմ Ռուսաստանի [Protsenko v. Russia] գործով ՄԻԵԴ-ի 31.07.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 13151/04, կետ 29-34), կամ որը չի կարողացել արդյունավետ մասնակցություն ունենալ դրանում (տե՛ս, Տիշկևիչն ընդդեմ Ռուսաստանի [Tishkevich v. Russia] գործով ՄԻԵԴ-ի 01.12.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 2202/05, կետ 25-27 և Տոլստոբրովն ընդդեմ Ռուսաստանի [Tolstobrov v. Russia] գործով ՄԻԵԴ-ի 04.03.2010 թվականի վճիռը, գանգատ թիվ 11612/05, կետ 18-20):

Մինչդեռ Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (08.06.2001 թվականին կայացված վճռի դեմ զգալի ժամանակահատված՝ գրեթե ութ տարի, անց Երևանի քաղաքապետարանի և Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների հիման վրա հարուցված վերանայման վարույթի շրջանակներում վճիռը բեկանվել և փոփոխվել էր՝ ձեռքբերման վաղեմության մասին դիմումատուի պահանջը մերժվել էր) ՄԻԵԴ-ը 31.03.2016 թվականին կայացված վճռով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է երրորդ անձանց շահերի պաշտպանությամբ. այս դեպքում պետությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին և Գլխավոր դատախազությանը, որոնց իրավունքներին առնչվել է վերջնական վճիռը: Դատարանը հիմքեր չունի կասկածելու, որ քննարկվող վարույթում պետության չներկայացված իրավասություններին, ինչպես մեկնաբանել է Վերաքննիչ դատարանը, առնչվել է հօգուտ դիմումատուի կայացված վերջնական վճիռը, ինչը չի վիճարկվել դիմումատուի կողմից: Այն ընդունում է, որ այդ հիմքով վարույթի վերսկսումն, ըստ էության, իրավաչափ դիտարկում է` հիմնավորելով իրավական որոշակիության սկզբունքից կատարվող շեղումը:

Մյուս կողմից, Դատարանը համոզված չէ, թե սույն գործով ինչպես է իրականում կիրառվել համապատասխան ներպետական դրույթը: Այն նշում է, որ դիմումատուն թե՛ ներպետական դատարաններում, թե՛ Դատարանում վիճարկել է հակառակ կողմի ներկայացրած փաստարկներն` այդքան ուշ բերված վերաքննիչ բողոքները և իրենց պնդումների բովանդակությունն հիմնավորելու նպատակով և պնդելու, որ այդ վերաքննիչ բողոքները համապատասխանել են ՔԴՕ-ի 207-րդ հոդված 5-րդ մասի պահանջներին: Նա վիճարկել է, մասնավորապես, այն պնդումը, որ պետության անունից գործող մարմինները 2001 թվականի հունիսի 8-ի վճռի և դրա հետևանքների մասին տեղեկացել են միայն գրեթե ութ տարի անց»:

Ըստ սույն գործի փաստերի՝ Երևան քաղաքի Զաքյան 8-րդ շենքի բնակարանների սեփականատերերը տվել են իրենց համաձայնությունն առ այն, որ նույն շենքի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող նկուղում և հողամասի վրա գտնվող շինության նկատմամբ ճանաչվի Սերգեյ Գրիգորյանի սեփականության իրավունքը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30042009 թվականի վճռով Երևան քաղաքի Զաքյան 8-րդ շենքի՝ Սերգեյ Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող 15քմ մակերեսով նկուղի և 23.1քմ մակերեսով կցակառույցի նկատմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը:

Նշված վճիռը Կազմակերպության՝ որպես գործին մասնակից չդարձված անձի, կողմից բողոքարկվել է այն հիմնավորմամբ, որ ընդհանուր բաժնային սեփականության համասեփականատեր Կազմակերպությունը համաձայնություն չի տվել առ այն, որ Երևան քաղաքի Զաքյան 8 շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող նկուղում և հողամասի վրա Սերգեյ Գրիգորյանի կողմից կառուցած ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվի նրա՝ որպես միակ սեփականատիրոջ սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը Կազմակերպության՝ որպես գործին մասնակից չդարձված անձի, կողմից ներկայացված բողոքը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) վճռի կայացումից հետո անցել է ավելի քան 12 տարի, որի ընթացքում վեճի առարկա գույքը եղել է քաղաքացիաիրավական ազատ շրջանառության օբյեկտ, իսկ վերջին գործարքի արդյունքում՝ 05.09.2019 թվականի առուվաճառքի հիմքով, անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցվել է Ջումաիլ Դուշիկի Կիրակոսյանի անվամբ: (…) Բողոքաբերը ինչպես մինչև բողոքարկվող վճռի կայացումը, այնպես էլ վճռի կայացումից և օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 11 տարի չի ցուցաբերել իրավատիրոջը բնորոշ վարքագիծ, ի թիվս այլնի՝ հետամուտ չի եղել ծանոթանալու իր սեփականության գտնվելու վայրում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքների ընթացքին այն դեպքում, երբ Զաքյան 8 շենքին կից 23,1 քմ մակերեսով կցակառույցի կառուցմանն ուղղված աշխատանքներն արդեն իսկ կարող էին հիմնավոր ենթադրություններ առաջացնել ինքնակամ կառույցի նկատմամբ այլ անձի հավակնությունների մասին»: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ «բողոքով չի հիմնավորվում բողոքարկվող դատական ակտը Բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստարկը, քանզի՝ Բողոք բերած անձի կողմից որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել, որ բողոքարկվող դատական ակտի կայացման արդյունքում խախտվել կամ որևէ կերպ սահմանափակվել է իր սեփականության իրավունքը (…)»:

Հիմք ընդունելով Երևան քաղաքի Զաքյան 8-րդ շենքի 15.0 քմ մակերեսով նկուղն ու շենքի սպասարկման հողամասի սահմաններում գտնվող 23.10 քմ շինությունից 7.62քմ տարածքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Կազմակերպությանը պատկանելու փաստը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ «բողոքարկվող դատական ակտը վերաբերում է Զաքյան փողոց, թիվ 8 շենքի 15.0 քմ մակերեսով նկուղի և շենքի սպասարկման հողամասի սահմաններում գտնվող 23.10 քմ շինությունից 7.62 քմ տարածքի ընդհանուր բաժնային սեփականության մասնակից Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել»՝ արձանագրելով Սահմանադրությամբ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով Կազմակերպությանը երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի խախտում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը Կազմակերպության, որպես սույն գործին մասնակից չդարձված անձի, բողոքը քննել է միայն վերջինիս իրավունքների և օրինական շահերի պաշտպանության շրջանակներում՝ անտեսելով, որ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով Կազմակերպությանը երաշխավորված արդար դատաքննության իրավունքի՝ գործին մասնակից դարձվելու տեսանկյունից, պաշտպանությանն առաջնայնություն տվել է առանց նույն իրավունքից բխող՝ իրավական որոշակիության սկզբունքն ու դատական ակտերի վերջնական ու պարտադիր լինելու հարցերը քննարկման առարկա դարձնելու։

Գործի փաստական հանգամանքները, մասնավորապես՝ վճռի և Կազմակերպության վերաքննիչ բողոքի միջև ժամանակային զգալի սղում լինելը, այդ ժամանակահատվածում գույքի քաղաքացիական շրջանառության մեջ գտնվելը և այլ անձի օտարվելը, պետք է համադրվեն իրավական պետությունում ամրագրված արդար դատաքննության իրավունքի և դրա բաղկացուցիչ տարր համարվող իրավական որոշակիության սկզբունքի հետ։ Այդպիսի համադրման արդյունքում միայն կարելի է ապահովել ՄԻԵԴ-ի և ՀՀ Վճռաբեկ դատարանի1 կողմից արձանագրված անհրաժեշտ հավասարակշռությունը՝ անձի կողմից իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն ունենալու իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքի միջև։

Գործի փաստերը վերևում ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելու պայմաններում պարզ է դառնում, որ 2009 թվականի վճիռը 2021 թվականին, այսինքն՝ մոտ 12 տարի անց բողոքարկելու դեպքում խնդիր են առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատարանում արդար դատաքննության իրավունքի և վճիռների վերջնական լինելու՝ res judicata սկզբունքի տեսանկյունից։ Դիցուք՝ Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում արձանագրել էր սույն գործի փաստերի հետ նույնանման այն փաստերի հաշվառմամբ, որ վերանայման վարույթը հարուցվել էր զգալի ժամանակահատված բաց թողնելուց հետո, ինչի հետևանքով կասկածի տակ էր դրվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիր և վերջնական լինելը՝ խաթարելով ինչպես իրավական որոշակիության սկզբունքը, այնպես էլ հանգեցնելով դիմողի սեփականության իրավունքի խախտման։

Այս դեպքում նույնպես Սերգեյ Գրիգորյանը, վստահելով Դատարանի կողմից զգալի ժամանակահատված առաջ կայացված վճռի պարտադիր և վերջնական, ուստի նաև իր՝ Երևան քաղաքի Զաքյան 8-րդ շենքի՝ Սերգեյ Գրիգորյանի տիրապետության տակ գտնվող 15քմ մակերեսով նկուղի և 23.1քմ մակերեսով կցակառույցի սեփականատեր լինելու փաստերին, անշարժ գույքը 05.09.2019 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարել է Ջումաիլ Դուշիկի Կիրակոսյանին, ում անունով կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում։ Զգալի ժամանակահատված անց Դատարանի 30042009 թվականի վճռի բեկանումն ուղղակիորեն հանգեցնում է ինչպես Սերգեյ Գրիգորյանին՝ որպես վճռով ճանաչված սեփականատիրոջը, այնպես էլ Ջումաիլ Դուշիկի Կիրակոսյանին՝ որպես բարեխիղճ ձեռք բերողին, Սահմանադրության 60-րդ հոդվածով և Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման։

Ի վերջո՝ գործին մասնակից չդարձված անձի կարգավիճակով Դատարանի 30042009 թվականի վճիռը բողոքարկելը ուղղված է Կազմակերպության, որպես Երևան քաղաքի Զաքյան 8 շենքի ընդհանուր բաժնային սեփականության սեփականատիրոջ, իրավունքները պաշտպանելուն, մինչդեռ վերջինս զրկված չէ իր՝ սեփականատեր լինելու կարգավիճակից բխող իրավունքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով պաշտպանելու իրավունքից՝ առավել ևս, որ դրանք իրավական որոշակիության, ինչպես նաև դատական ակտերի վերջնական ու պարտադիր լինելու սկզբունքի կապակցությամբ իրավական սպառնալիքներ հարուցելու ռիսկեր չեն պարունակում։

Շարադրված պատճառաբանություններով կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ պետք է մերժեր Կազմակերպության՝ որպես գործին մասնակից չդարձված անձի, ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի 18032021 թվականի որոշումը։

(Բ) Վճռաբեկ դատարանի որոշման ազդեցությունը իրավական պրակտիկայի և սեփականության իրավունքի պաշտպանության վրա.

Վճռաբեկ դատարանը չի ներկայացրել այնպիսի ծանրակշիռ պատճառներ, որոնք հիմք են հանդիսացել անձի կողմից իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն ունենալու իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքի միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելու կապակցությամբ թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումից շեղվելու վերաբերյալ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացրած իր որոշումներում տրված մեկնաբանություններից շեղվելը, որը չի ուղեկցվում այն հիմնավորող ծանրակշիռ փաստարկներով և չի պատճառաբանվում, ստեղծում է իրավական որոշակիության սկզբունքի խաթարման ռիսկեր, քանի որ անձանց համար կանխատեսելի չեն դառնում իրենց իրավունքների իրացումն ու դրանց արդյունքում ակնկալվող հետևանքները: Նման շեղումը կարող է էական նշանակություն ունենալ սեփականության իրավունքի պաշտպանվածության հանրային ընկալման տեսանկյունից, քանզի կարող է ձևավորվել օրինական ուժի մեջ մտած, պարտադիր դատական ակտին չվստահելու ընդհանրացված մոտեցում՝ այն փաստի հաշվառմամբ, որ անձի՝ այդպիսի դատական ակտով ճանաչված սեփականության իրավունքը կարող է պետության կողմից պատշաճ պաշտպանություն չստանալ: Ավելին՝ առանց ծանրակշիռ փաստարկների վկայակոչման ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված իր որոշումներից շեղվելն անհամատեղելի է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Սահմանադրությամբ վերապահված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորության հետ:

 

___________________________________

1 Տե՛ս թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը:

 

Դատավոր

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: