Գլխավոր տեղեկություն
Համար
N 1786-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.08.2022-01.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.02-2020.11.15 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2023

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2020 թվականի N 1786-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ, ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 6-ի N 1786-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քննչական մարմնում (այսուհետ՝ Քննչական մարմին) ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում են ինքնավար պաշտոններին ներկայացվող չափանիշները:

 

2. ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

2. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) Քննչական մարմնի բարձրագույն խմբի պաշտոն`

ա. վարչության պետ.

2) Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոններ`

ա. վարչության պետի տեղակալ,

բ. բաժնի պետ,

գ. հատկապես կարևոր գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալ,

դ. հատկապես կարևոր գործերով քննիչ.

3) Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոններ`

ա. ավագ քննիչ.

բ. քննիչ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանվող պաշտոններում կարող են նշանակվել բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և (կամ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 22-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված (բացառությամբ իգական սեռի անձանց) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր չունեն Քննչական մարմնի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը), ինչպես նաև բավարարում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշներին.

1) Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

2) Քննչական մարմնում վարչության պետի տեղակալի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 4 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

3) Քննչական մարմնում բաժնի պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 3 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

4) Քննչական մարմնում հատկապես կարևոր գործերով քննիչի-բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնների համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 3 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

5) Քննչական մարմնում ավագ քննիչի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 1 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 2 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

6) Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

(3-րդ կետը խմբ. 18.08.21 N 1331-Ն, 18.08.22 N 1270-Ն)

4. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա տարածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները և շահերի բախումը:

 

3. ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները.

1) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական.

2) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական.

3) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական.

4) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական.

5) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական.

6) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական.

7) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական:

6. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը շնորհում է Հանրապետության նախագահը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։ Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց այլ դասային աստիճանները շնորհում է Կոմիտեի նախագահը՝ Քննչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

7. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

8. Դասային աստիճանների ներկայացնելիս նշվում են ծառայողի կենսագրական տվյալները, աշխատանքի գնահատականը, նրա գործնական և անձնական հատկանիշների բնութագիրը:

9. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, որն ունի գրավոր կարգապահական տույժ, կամ որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ անցկացվում է ծառայողական քննություն ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վարքագծի կանոնները խախտելու փաստի առթիվ, դասային աստիճանների ներկայացնելը հետաձգվում է համապատասխանաբար մինչև կարգապահական տույժի կրման ժամկետի ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը կամ ծառայողական քննության ավարտը` արդարացման հիմքերով: Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու խոչընդոտների վերացումից հետո հերթական դասային աստիճանը շնորհվում է մեկամսյա ժամկետում:

10. Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի աստիճանը:

11. Քննչական մարմնում վարչության պետի տեղակալի կամ բաժնի պետի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի աստիճանը:

12. Քննչական մարմնում հատկապես կարևոր գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալի կամ հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի աստիճանը:

13. Քննչական մարմնում ավագ քննիչի կամ քննիչի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի աստիճանը:

14. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող Քննչական մարմնում ինքնավար պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասային աստիճաններին, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:

15. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը Քննչական մարմնում սկզբնական աստիճան է: Այն շնորհվում է առաջին անգամ Քննչական մարմնում ինքնավար պաշտոնում նշանակված բարձրագույն կրթություն ունեցող, այլ մարմիններում հանրային ծառայություն չանցած անձին` Կոմիտեի նախագահի հրամանով:

16. Եթե սույն կարգի 10-13-րդ կետերով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է Քննչական մարմնում ինքնավար տվյալ պաշտոնին նշանակվելու սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա պահպանվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվելով Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասային աստիճաններին:

17. Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո, հաջորդող երեք աշխատանքային օրերի ընթացքում, բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերի: Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտը ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դասային աստիճանի կամ հատուկ կոչման համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման (դասային աստիճանի) շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

18. Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց հերթական դասային աստիճան, կոչում կարող է շնորհվել`

1) մինչև նախորդ դասային աստիճանը կրելու` սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը, բայց զբաղեցրած պաշտոնին հասանելիքից ոչ բարձր, որպես խրախուսում, պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար.

2) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան կարող է շնորհվել նախորդ դասային աստիճանի ժամկետի ավարտից հետո` աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար:

19. Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր կամ վաղաժամկետ դասային աստիճան ծառայության ողջ ընթացքում կարող է շնորհվել ոչ ավելի, քան մեկ անգամ:

20. Քննչական մարմնում հերթական դասային աստիճանի համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) Հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.

2) Հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի և առաջին դասի խորհրդականի դասային աստիճաններ ունեցողի համար՝ 3 տարի.

3) Հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի և երկրորդ դասի ավագ խորհրդականի դասային աստիճաններ ունեցողի համար՝ 4 տարի.

4) Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճանը կրելու ժամկետներ չեն սահմանվում.

5) Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ունեցած հատուկ կոչումները դասային աստիճաններին համապատասխանեցնելիս տվյալ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է նախկինում ստացած և համապատասխանեցված հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:

(հավելվածը խմբ. 18.08.21 N 1331-Ն, 18.08.22 N 1270-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

08.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 6-ի N 1786-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) քննչական մարմնում (այսուհետ՝ Քննչական մարմին) ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ մրցույթ) անցկացնելու կարգը։

2. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Կոմիտեի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում)։

3. Մրցույթն անցկացնում է թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նպատակով ձևավորվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

4. Մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով։

5. Քննչական մարմնում բարձրագույն, գլխավոր և առաջատար խմբերի ինքնավար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել համապատասխան աշխատանքային փորձ ունեցող Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված են Քննչական մարմնում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու համար ձևավորված թեկնածուների ցուցակում (այսուհետ՝ թեկնածուների ցուցակ)։

6. Թեկնածուների ցուցակը ձևավորվում է թեստավորման հիման վրա։

7. Թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կազմակերպվող թեստավորմանը կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր բավարարում են սույն որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 3-րդ կետի պահանջներին և որոնց տվյալներում առկա չէ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

8. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումները չեն համապատասխանում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել մրցույթը կամ հաղթահարել է մրցույթը և պաշտոնի նշանակման համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։

9. Մրցույթն անցկացվում է նաև մրցույթին մասնակցելու համար մեկ մասնակցի դիմելու դեպքում։

10. Մրցույթի ընթացքը ձայնագրվում է, իսկ թեկնածուների ցուցակի ձևավորման համար անցկացվող թեստավորման ընթացքը՝ տեսաձայնագրվում։

 

II. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

 

11. Թեկնածուների ցուցակի ձևավորման մասին հայտարարությունը (այսուհետ՝ թեստավորման հայտարարություն) հրապարակվում է իրավասու ստորաբաժանման միջոցով` ոչ ուշ, քան սույն կարգի 14-րդ կետում նշված պահանջը առաջանալուց մեկ ամիս հետո։

(11-րդ կետը լրաց. 18.08.21 N 1331-Ն)

12. Թեստավորման հայտարարությունը, իրավական ակտերի ցանկը՝ ըստ բնագավառների, որոնցից բխում են թեստավորման աոաջադրանքները, հրապարակվում են թեստավորման անցկացումից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, Կոմիտեի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am:

13. Թեստավորման հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) թեստավորմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

2) փաստաթղթերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը, որը հայտարարության հրապարակմանը հաջորդող 5-րդ օրն է, մինչև ժամը 24:00-ն.

3) թեստավորումը սկսելու օրը, ամիսը, տարին, ժամը և վայրը.

3.1) թեստավորման համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.

4) իրավասու ստորաբաժանման գտնվելու վայրը և հեռախոսահամարը։

(13-րդ կետը լրաց. 18.08.21 N 1331-Ն)

14. Թեկնածությունների ցուցակում համալրում իրականացվում է, եթե թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց թիվը պակաս է Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների թվի մեկ երրորդից, բայց ոչ ուշ քան սույն կարգի 16-րդ կետում նշված ժամկետը լրանալուց մեկ ամիս հետո։

15. Թեկնածուների ցուցակի առավելագույն թիվը Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների թիվն է, բացառությամբ սույն կարգի 42-րդ կետով սահմանված դեպքի։

16. Թեկնածուների ցուցակում գտնվելու ժամկետը 5 տարին է։

17. Թեկնածուների ցուցակից անձը դուրս է գալիս.

1) Քննչական մարմնում ինքնավար պաշտոնի նշանակվելու դեպքում.

2) Քննչական մարմնում ինքնավար պաշտոնը համալրելու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու և հաղթող չճանաչվելու դեպքում.

3) թեկնածուների ցուցակում գտնվելու ժամանակահատվածում թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներին համապատասխանելու, սակայն երեք անգամ անընդմեջ մրցույթի չմասնակցելու դեպքում.

4) թեկնածուների ցուցակում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում։

 

III. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

18. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով։

19. Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացին էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝

1) լրացված դիմում.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճենը (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը).

4) Քննչական մարմնի ինքնավար պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթերի պատճենները.

5) հայտարարություն այն մասին, որ դիմողը դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չի տառապում.

6) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.

7) ինքնակենսագրություն (CV).

8) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափի։

20. Իրավասու ստորաբաժանումը փաստաթղթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե քաղաքացու ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա քաղաքացուն տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները։ Իրավասու ստորաբաժանումը ամբողջականացված և (կամ) տեխնիկական սխալները շտկված փաստաթղթերը ստանալուց հետո սույն կետով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն դրանց ընդունման վերաբերյալ:

(20-րդ կետը լրաց. 18.08.21 N 1331-Ն)

21. Իրավասու ստորաբաժանումը, թեստավորմանը մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հարցում կատարելու միջոցով 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանք է ստանում դիմում ներկայացրած քաղաքացիների դատվածության վերաբերյալ։

22. Փաստաթղթերի ուսումնասիրությունից և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկանքի ստացումից հետո իրավասու ստորաբաժանումը Կոմիտեի կայքում հրապարակում է թեստավորման մասնակիցների ցուցակը։

23. Եթե թեստավորմանը դիմած քաղաքացիներից ոչ մեկի փաստաթղթերը չեն համապատասխանում թեստավորման պահանջներին կամ թեստավորմանը մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայանում, ապա թեստավորումը համարվում է չկայացած։ Թեստավորումը չկայացած համարելու դեպքում երկամսյա ժամկետում անցկացվում է նոր թեստավորում։

24. Թեստային աոաջադրանքները բաղկացած են 50 հարցից։

25. Յուրաքանչյուր թեստային առաջադրանքում ընդգրկված հարցերը (խնդիրները) տարբերակվում են ըստ թեմատիկ բնագավառների՝ հետևյալ չափաբաժիններով՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն՝ 10 տոկոս.

2) հարկային կամ մաքսային օրենսդրության մասին ընդհանուր հարցեր՝ 20 տոկոս.

3) հանրային ծառայության մասին օրենսդրություն՝ 10 տոկոս.

4) Քննչական մարմնի ինքնավար պաշտոնի համար անհրաժեշտ հիմնական մասնագիտական գիտելիքներին առնչվող հարցեր՝ 40 տոկոս.

5) Քննչական մարմնի իրավասություններին առնչվող այլ իրավական ակտեր՝ 20 տոկոս.

26. Թեստային առաջադրանքների կազմումն ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանով սահմանված համապատասխան ստորաբաժանումը կամ աշխատանքային խումբը։

27. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով։

28. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ։ Իրավասու ստորաբաժանման Կոմիտեի նախագահի հրամանով թեստավորման պատասխանատու(ներ) նշանակված ներկայացուցիչը (այսուհետ՝ պատասխանատու) ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ տեղ։ Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ։

29. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ ներս բերել տպագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական կամ էլեկտրոնային սարքեր։ Մասնակցի կողմից սույն կետով արգելված գործողությունները կատարելու դեպքում՝ չի թույլատրվում գտնվել թեստավորման սենյակում և մասնակցել թեստավորմանը։

30. Թեստավորման պատասխանատուն թեստավորումն սկսվելուց առաջ մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում մասնակիցների բոլոր հարցերին։

31. Թեստավորման սկիզբը մեկնարկում է թեստավորման պատասխանատուի համապատասխան հայտարարությունից հետո։

32. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ թեստավորման պատասխանատուին (բացառությամբ տեխնիկական բնույթի հարցերի), ինչպես նաև՝ դուրս գալ թեստավորման սենյակից։ Մասնակցի կողմից սույն կետով արգելված գործողությունները կատարելու դեպքում՝ դադարեցվում է մասնակցի աշխատանքը, այն ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր։ Մասնակցի կողմից սենյակը լքելու դեպքում նրա աշխատանքը համարվում է ավարտված, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնակիցը սենյակից դուրս է եկել հարգելի պատճառներից ելնելով, ինչի դեպքում աշխատանքը կասեցվում է՝ մասնակցի վերադառնալուց հետո շարունակելու պայմանով։

33. Թեստավորման աոաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է։

34. Թեստավորման աոաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 90 րոպե ժամանակ։

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր։

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

36. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Կոմիտեի նախագահին գրավոր՝ թեստավորման սահմանված ժամանակի ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում։

37. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է։

38. Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սույն կարգի 26-րդ կետով սահմանված համապատասխան ստորաբաժանումը կամ աշխատանքային խումբը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է բողոքը և բողոքի հիմնավոր լինելու կամ չլինելու մասին համապատասխան եզրակացությունը ներկայացնում է Կոմիտեի նախագահին։ Եթե պարզվում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Կոմիտեի նախագահը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ։ Եթե Կոմիտեի նախագահը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցը (խնդիրը) պարունակող թեստավորման առաջադրանքներ լրացրած բոլոր մասնակիցների համար կատարվում է թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ։

39. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում իրավասու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում թեստավորումը հաղթահարած և թեկնածուների ցուցակում ընդգրկվող անձանց ցանկը՝ կից ներկայացնելով այդ անձանց կողմից ներկայացրած փաստաթղթերի ամբողջականության և սույն կարգի պահանջներին համապատասխանության մասին եզրակացությունը։

(39-րդ կետը փոփ. 18.08.21 N 1331-Ն)

40. Իրավասու ստորաբաժանումը թեստավորման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակում է թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ցանկը։

41. Մասնակիցը թեստավորումը հաղթահարած է համարվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում։

42. Թեկնածուների ցուցակում ընդգրկվում են թեստավորումը հաղթահարած առավելագույն միավորներ ստացած անհրաժեշտ թվով մասնակիցները։ Եթե միևնույն առավելագույն միավորներ ստացած մասնակիցների թիվը մեծ է թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թվից, ապա միևնույն առավելագույն միավորներ ստացած մասնակիցներն ընդգրկվում են թեկնածուների ցուցակում։

43. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները գրավոր հրաժարվել են ընդգրկվել թեկնածուների ցուցակում կամ դադարեցվել է միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մասնակցությունը թեստավորմանը, ապա իրավասու ստորաբաժանումը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում Կոմիտեի նախագահին և Կոմիտեի նախագահի որոշմամբ սույն կարգի համաձայն կազմակերպվում է նոր թեստավորում։

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

44. Հանձնաժողովը կազմված է առնվազն 5 անդամից։

45. Հանձնաժողովը Կոմիտեում մշտապես գործող մարմին է։ Նույն հրամանով Հանձնաժողովի կազմից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ, ով կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները։

46. Հանձնաժողովն ունի նաև քարտուղար, որը չի հանդիսանում Հանձնաժողովի անդամ։ Հանձնաժողովի քարտուղար նշանակվում է իրավասու ստորաբաժանման պաշտոնատար անձանցից՝ Կոմիտեի նախագահի հրամանով։

47. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Կոմիտեի նախագահի հրամանով նշանակվում է Հանձնաժողովի տվյալ անդամին փոխարինող։

48. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) Կոմիտեի նախագահը կամ Կոմիտեի նախագահի՝ քննչական մարմնի աշխատանքները համակարգող տեղակալը,

2) Քննչական մարմնի ղեկավարը,

3) անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարը,

4) տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և իրավասությունների (հմտությունների) տիրապետման մակարդակը ստուգելու կարողություններ ունեցող Կոմիտեի այլ պաշտոնատար անձինք։

49. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով (այսուհետ՝ Իրավական ակտեր)։

50. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի առնվազն 5 անդամ։

51. Հանձնաժողովը՝

1) իրավասու ստորաբաժանումից ստանում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) փաստաթղթերը, Հանձնաժողովի կնիքը.

2) որոշում է կայացնում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու մասին.

3) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

4) ամփոփում է մրցույթի արդյունքները.

5) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

6) իրավասու ստորաբաժանմանն է հանձնում Հանձնաժողովի կնիքը և մրցութային փաթեթը.

7) իրականացնում է Իրավական ակտերով և սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

52. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։

53. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով։ Հանձնաժողովի որոշումները ստորագրվում են Հանձնաժողովի անդամների կողմից։

54. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) որոշում է մրցույթի հետ կապված ընթացակարգային հարցերի հերթականությունը՝ այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

55. Հանձնաժողովի անդամը՝

1) վարում է նիստերը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

3) մասնակցում է հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին.

4) իրականացնում է հարցազրույցի ընթացքում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.

5) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ

56. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը, մրցույթի ընթացքը.

2) գործարկում է մրցույթի անցկացման համար նախատեսված հատուկ համակարգչային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։

57. Հանձնաժողովը մրցույթի վերաբերյալ եզրակացությունը Կոմիտեի նախագահին ներկայացնելուց անմիջապես հետո իրավասու ստորաբաժանմանն է հանձնում մրցութային փաթեթը և կնիքը։

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

58. Մրցույթն անցկացվում է քննչական մարմնում ինքնավար պաշտոնը թափուր դառնալուց հետո՝ 1-ամսյա ժամկետում, իսկ մրցույթն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) մրցույթը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ իրավասու ստորաբաժանման միջոցով հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.azdarar.am:

59. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1) Քննչական մարմնում թափուր ինքնավար պաշտոնի անվանումը.

2) Քննչական մարմնում տվյալ ինքնավար պաշտոնի գործառույթներն, ինչպես նաև պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և իրավասությունների (հմտությունների) տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, այդ թվում՝ այն իրավական ակտերը՝ ըստ բնագավառների, որոնցից պետք է կազմվեն հարցազրույցի հարցերը.

3) օրենքով տվյալ պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը.

4) մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

5) փաստաթղթերի ներկայացման կարգը և վերջնաժամկետը, որը հայտարարության հրապարակմանը հաջորդող 5-րդ աշխատանքային օրն է.

6) մրցույթը սկսելու օրը, ամիսը, տարին, ժամը և վայրը.

6.1) մրցույթի համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.

7) իրավասու ստորաբաժանման գտնվելու վայրը և հեռախոսահամարը։

(59-րդ կետը լրաց. 18.08.21 N 1331-Ն)

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

60. Մրցույթին մասնակցելու համար դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ։

61. Մրցույթին մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝

1) լրացված դիմում (Ձև 1).

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) անձնագիր ներկայացնելու պարագայում հանրային ծառայությունների համարանիշի պատճենը (կամ սոցիալական քարտի պատճենը կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը).

4) տվյալ թափուր պաշտոնի համար սահմանված մասնագիտական գիտելիքների և աշխատանքային գործունեության մասով պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

5) հայտարարություն այն մասին, որ հանդիսանում է Կոմիտեի հանրային ծառայող կամ ընդգրկված է թեկնածուների ցուցակում, ինչպես նաև այն մասին, որ ապագա աշխատանքն անմիջական ենթակայությամբ կամ վերահսկողությամբ կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հանրային ծառայողների հետ, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ և չի տառապում հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով (Ձև N 2).

6) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.

7) ինքնակենսագրություն (CV).

8) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափի։

(61-րդ կետը խմբ. 18.08.21 N 1331-Ն)

62. Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխան ստացականի միջոցով հաստատում է փաստաթղթերի ընդունումը: Եթե դիմորդի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա ստացականում համապատասխան նշումով դիմորդին տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները։ Իրավասու ստորաբաժանումը փաստաթղթերի ամբողջականացման և (կամ) դրանցում առկա տեխնիկական սխալների շտկման վերաբերյալ նշումը կատարում է ստացականում` փաստաթղթերի ներկայացման պահին:

(62-րդ կետը խմբ. 18.08.21 N 1331-Ն)

63. Իրավասու ստորաբաժանումը, ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կարգի դրույթներին։

64. Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո իրավասու ստորաբաժանումը կազմում է եզրակացություն փաստաթղթերի ամբողջականության ու դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին համապատասխանության մասին։

(64-րդ կետը փոփ. 18.08.21 N 1331-Ն)

65. Դիմորդին մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու մասին որոշումը կայացնում է Հանձնաժողովը, իրավասու ստորաբաժանման տված եզրակացության հիման վրա։ Մրցույթի մասնակցության որոշման մասին տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանման միջոցով հրապարակվում է Կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ որոշումը կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան մրցույթի օրվանից երկու աշխատանքային օր առաջ։

66. Դիմորդին չի թույլատրվում մասնակցել մրցույթին, եթե վերջինս չի համապատասխանում Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնելու սահմանված պահանջներին կամ դիմորդի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի չափանիշներին, լրիվ չեն կամ թերի են կամ չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին և սույն կարգի 62-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել։

67. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու, մրցույթների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ կազմելու, վիճակագրական վերլուծություններ կատարելու նպատակով իրավասու ստորաբաժանման կողմից վարվում է էլեկտրոնային մատյան, որտեղ գրանցվում են հայտարարված մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները՝ ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը, սեռը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրման ամսաթիվը, ում կողմից տրված լինելը, վավերականության ժամկետը, հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը, հաշվառման և բնակության հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ներկայացված փաստաթղթերի անվանումները, Քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող կամ թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին տեղեկատվությունը։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

68. Մրցույթի, ինչպես նաև թեստավորման, անցկացումն իրականացվում է ծրագրի կիրառման միջոցով։ Ծրագրում նախապես զետեղված հարցաշարից յուրաքանչյուր մասնակցի համար պատահական ընտրությամբ կազմվում են տվյալ մրցույթն անցկացնելու համար համապատասխան առաջադրանքները։

69. Ծրագրով ապահովվում է՝

1) թեստավորման մասնակցի նույնականացումը.

2) պատահականության սկզբունքով մասնակցի թեստավորման առաջադրանքների գեներացումը և դուրսբերումը էկրանի վրա.

3) մասնակցի պատասխանների ընդունումը և թեստի լրացման ճշտության ստուգումը.

4) առաջադրանքի կատարման արդյունքների գնահատումը և միավորների հաշվարկումը.

5) առաջադրանքի կատարման արդյունքների փաստաթղթավորումը և արտաբերումը.

6) հարցազրույցի մասնակիցների նույնականացումը.

7) պատահականության սկզբունքով մասնակցի հարցազրույցի առաջադրանքների գեներացումը և արտաբերումը։

70. Թեստավորման ժամանակ տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում, դրանց վերացումից հետո մասնակցի համար գեներացվում է թեստավորման նոր առաջադրանք՝ առաջադրանքի ամբողջական իրականացման համար սահմանված ժամկետով, իսկ եթե խնդիրը հնարավոր չէ վերացնել մինչև երկու ժամվա ընթացքում, ապա թեստավորումը կազմակերպվում է հաջորդող աշխատանքային օրը։

Ընդ որում, եթե մինչև տեխնիկական խնդիրների առաջանալը մասնակցի առաջադրանքների կատարման արդյունքները գնահատվել են և թեստավորման արդյունքը հաշվարկվել է, ապա տվյալ մասնակցի համար թեստավորումը համարվում է ավարտած։

 

IX. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

71. Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց, որի ընթացքն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից։

72. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և մասնագիտական հմտությունները ստուգելու նպատակով։ Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին։

73. Հանձնաժողովի քարտուղարը, յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, ծրագրում նախապես զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է հարցատոմս՝ հետևյալ չափաբաժիններով՝

1) համապատասխանաբար՝ գործնական հմտությունները ստուգող 1 իրավիճակային հարց կամ խնդիր.

2) մասնագիտական իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառին վերաբերող 3 հարց՝ քննչական վարչության իրավասության, կոնկրետ պաշտոնի մասնագիտական գիտելիքների և հմտությունների հետ կապված.

3) հարկային կամ մաքսային օրենսդրության մասով 1 հարց։

74. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշ, որում նշվում է նաև մասնակցի ազգանունը, հայրանունը, անունը։

75. Մասնակիցը, ծանոթանալով հարցատոմսին, իր նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին։ Հարցերին ծանոթանալու համար մասնակցին տրվում է մինչև 10 րոպե ժամանակ։ Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող հարակից բանավոր հարցեր, որոնք գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում։

76. Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 2 միավորով՝ հետևյալ կերպ՝ ամբողջական պատասխանի դեպքում՝ 2 միավորով, թերի պատասխանի դեպքում՝ 1 միավորով, իսկ սխալ պատասխանի կամ պատասխան չհնչեցնելու դեպքերում՝ 0 միավորով։

77. Հարցազրույցի հարցերի և դրանց ճիշտ պատասխանների կազմումն ապահովում է Կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ստորաբաժանումը կամ աշխատանքային խումբը։ Հարցերը բարդության աստիճանով պետք է տարբերվեն միմյանցից՝ ըստ Քննչական մարմնում ինքնավար պաշտոնների խմբերի։ Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները չեն հրապարակվում։

78. Հարցազրույցի հարցերը և դրանց ճիշտ պատասխանները, կոդավորվում, համարակալվում են՝ ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի։ Հարցերը և դրանց ճիշտ պատասխանները զետեղվում են ծրագրում։

79. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր (տպագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև հարցատոմսի հարցերին պատասխանելու համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, հարցատոմսի հարցերին պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից։

80. Սույն կարգի 79-րդ կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն և դադարեցնում է տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին։

81. Հանձնաժողովի անդամները գնահատումն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա՝ տվյալ մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից գնահատված և ստորագրված ձևանմուշները ստորագրվում և կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատված ձևանմուշը մասնակցի ներկայությամբ գցում է դրա համար նախատեսված՝ կնքված արկղի մեջ։

82. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը, հարցազրույցի փուլում մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը։

83. Հարցազրույցի արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է այն մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ովքեր հաղթահարել են մրցույթը, և այն մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ովքեր մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթողներ։

84. Գնահատականների ամփոփման ժամանակ համարվում է, որ Հանձնաժողովի անդամը քվեարկել է կողմ, եթե մասնակցին տրված իր միավորների տոկոսային արտահայտությունը կազմում է առնվազն 80 տոկոս, իսկ 80 տոկոսից ցածր լինելու դեպքում ընդունվում է, որ Հանձնաժողովի անդամը քվեարկել է դեմ։

85. Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայների դեպքում մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած։

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

86. Մրցույթում հաղթող են ճանաչվում հարցազրույցը հաղթահարած առավելագույն միավորներ ստացած (քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի անդամների կողմից տրված տոկոսային մեծությունների միջին թվաբանականով) երեք մասնակիցները։ Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ։

87. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ներկայացնում է Կոմիտեի նախագահին։

88. (կետն ուժը կորցրել է 18.08.21 N 1331-Ն)

89. Հանձնաժողովը մրցույթի ավարտից հետո Կոմիտեի նախագահին է ներկայացնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների մասին եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն)։

(89-րդ կետը փոփ. 18.08.21 N 1331-Ն)

90. Եզրակացության մեջ նշվում են՝

1) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունները, անունները, հայրանունները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը)՝ ըստ մասնակիցների ստացած տոկոսների մեծից փոքր հերթականությամբ:

91. Եզրակացությունը ստորագրում են մրցույթին ներկա գտնված Հանձնաժողովի բոլոր անդամները, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը նշում է դրա մասին՝ ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը։

92. Եզրակացությանը կից ներկայացվում են՝

1) հաղթող ճանաչված մասնակիցների կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերը.

2) եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիքի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները։

93. Եզրակացությունը ստանալուց հետո Կոմիտեի նախագահը՝ հաշվի առնելով ստացած միավորները, աշխատանքային ստաժը, զինվորական կամ հատուկ կոչման (դասային աստիճանի, որակավորման դասի), գիտական աստիճանի և մասնագիտական հմտությունները բնութագրող այլ հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին 3 աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնում։

94. Մրցույթի արդյունքների, ինչպես նաև մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձի վերաբերյալ տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանումը հրապարակում է Կոմիտեի պաշտոնական կայքում` պաշտոնի նշանակման վերաբերյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:

(94-րդ կետը խմբ. 18.08.21 N 1331-Ն)

 

XI. ԿՐԿՆԱԿԻ ԿԱՄ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

95. Եթե Հանձնաժողովն իրավազոր չէ (Հանձնաժողովի անդամների թիվը 5-ից պակաս է), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ։ Հանձնաժողովի ներկա անդամներն այդ մասին կազմում և ստորագրում են արձանագրություն։

96. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդհանուր հիմունքներով։

97. Մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։

98. Մրցույթը համարվում է չկայացած և մեկ ամսվա ընթացքում ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե՝

1) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.

2) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումները չեն համապատասխանում Իրավական ակտերի պահանջներին.

3) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել.

4) մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրվել մասնակցել մրցույթին.

5) մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել։

99. Եթե նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ դեպքում իրականացվում են քննչական մարմնում թափուր պաշտոն զբաղեցնելու համար սույն կարգով նախատեսված գործողությունները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև 1

 

ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ

ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

_________________________________________ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________

(դիմողի բնակության հասցեն)

__________________________________________________

(դիմողի գրանցման հասցեն)

__________________________________________________

(դիմողի հեռախոս՝ աշխ.,բնակ.,բջջ., էլ.փոստի հասցե)

_________________________________________________

(անձնագրի սերիան, համարը կամ նույնականացման քարտի համարը,

երբ և ում կողմից է տրվել)

___________________________________________________

(հանրային ծառայության համարանիշը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության

___________________________________________________________-ի

(թափուր պաշտոնի լրիվ անվանումը)

 

թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին։

____________________________________________

 

Տիրապետում եմ համակարգչային հետևյալ ծրագրերին՝

____________________________________________

 

Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝

____________________________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

 Անձնագրի (նույնականացման քարտի) պատճեն

 Սոցքարտի (ՀԾՀ) պատճեն

● Դիպլոմ (դիպլոմների) պատճեն (պատճեններ)

● Հայտարարություն

● Ինքնակենսագրություն (CV)

● Մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափի

● _______________________________

● _______________________________

● _______________________________

 

Տեղեկացված եմ «Հարկային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով հանրային ծառայողի նկատմամբ նախատեսված սահմանափակումների մասին։

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին։

 

Դիմող՝ _________________________

(անունը, ազգանունը)

_____________________

 (ստորագրությունը)

 

«____» ____________________ թ.

 

Ձև 2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_____________________________________________________________ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների դրույթներով՝ հայտնում եմ՝

Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) մեջ

______________________________________________________

(գտնվում եմ / չեմ գտնվում)

 

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

______________________________________________________

(ճանաչված եմ / ճանաչված չեմ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով

______________________________________________________

(տառապում եմ / չեմ տառապում)

 

______________________________________________________կոմիտեի հանրային ծառայող

(հանդիսանում եմ / չեմ հանդիսանում)

 

__________________________________________________թեկնածուների ցուցակում

(ընդգրկված եմ / ընդգրկված չեմ)

 

Զբաղեցրած պաշտոնը (եթե հանդիսանում է Կոմիտեի հանրային ծառայող)

_____________________________________________________________________

_____________________________

(լրացնողի ստորագրությունը)

 

_____________________________________________________________________

 

«_____» _____________ _____թ.

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 18.08.21 N 1331-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2020 թվական: