Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-61-Ո-Կ-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.08.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

4 օգոստոսի 2022 թ.

ԲԴԽ-61-Ո-Կ-13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Ս. Չիչոյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ Խաչատուրյանի,

Մ. Մակյանի,

Ս. Միքայելյանի,
 

Ա. Մխիթարյանի,

   

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի

և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

Ս Մարաբյանի,

   

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի

և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

 

Ա Հովհաննիսյանի,

 

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Ա.Դանիելյանի,

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի մայիսի 27-ի N-Կ-5/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել թիվ ԵԴ/0777/06/21 դատական գործով փաստաբաններ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ալեքսան Խաչատրյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արմեն Դանիելյանին (այսուհետ նաև՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 16․11․2021 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացրած հաղորդումը։

 Հանձնաժողովը 28․03․2022 թվականի N-Կ-5/2022 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Հանձնաժողովի 27․05․2022 թվականի N-Կ-5/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 27-րդ, 61-րդ հոդվածները, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ և 29-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 8-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 288-րդ հոդվածը նշել է.

«Հանձնաժողովին ներկայացված հաղորդման և կից նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ.

ա) մինչ Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 8-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշմամբ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ 1 (մեկ) ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/1278/01/21 քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել դատական քննություն նշանակելու մասին, որի շրջանակներում, քննելով Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի և Ռազմիկ Էդուարդի Բեյբությանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու հարցը, ուսումնասիրելով և գնահատելով գործում առկա տվյալները, գտել է, որ վերջինների նկատմամբ պետք է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը,

բ) վերաքննիչ բողոքի քննության ընթացքում՝ բողոքաբերը հայտնել է դատարանին, որ բողոքը ներկայացնելու պահին գործը գտնվել է մինչդատական վարույթում, բողոքի եզրափակիչ հատվածի նման ձևակերպումը, Դատախազության գնահատմամբ, հնարավոր կլիներ իրացնել, եթե գործը գտնվեր մինչդատական վարույթում, որովհետև հենց բողոքի ամբողջ տրամաբանությունը, նաև առաջին ատյանի որոշման տրամաբանությունը գնում է, որ մինչդատական վարույթի ընթացքում: Այլ հարց է՝ Ձեր կողմից կայացվող, հնարավոր կայացվելիք դատական ակտի բեկանումը կարող է հանգեցնել դատավարական մեկ այլ իրադրության՝ դատարանում գործի ըստ էության քննության շրջանակներում, բայց իմ գնահատմամբ, կիրառել կալանավորում խափանման միջոց էս փուլում, իմ գնահատմամբ, դատավարական մեխանիզմները հնարավորություն չեն տալիս: Այսինքն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելը, ճիշտ է՝ բացառում է այս փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը, որովհետև վիճարկվում է մինչդատական վարույթի ընթացքում խոչընդոտելու հավանականությունը արարք կատարելու հավանականությունը, սակայն չի բացառում կայացված որոշումն անհիմն դիտարկելը,

գ) Վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթն ավարտված լինելու, այնուհետև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու իրադարձություններն ինքնին չեն բացառում մինչ այդ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանում սույն դատական ստուգման շրջանակներում, դեռևս մինչդատական վարույթում խափանման միջոցի առնչությամբ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը հանգուցալուծելուն, այդ թվում՝ նաև այն մասնակիորեն բավարարելու՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը մեկ ամիս ժամանակով կիրառելու իրավական հնարավորությունը: Հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, կարող է բացասական անդրադառնալ Վերաքննիչ դատարանում (մինչդատական վարույթի շրջանակներում, խափանման միջոցի առնչությամբ) դատական ստուգման բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը։

(…) Հանձնաժողովը փաստում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Այսպես՝

Դատարանը (նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի) առերևույթ անօրինական որոշում է կայացրել նախաքննության փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու մասին, քանի որ գործով մինչդատական վարույթը եղել է ավարտված, գործը գտնվել է դատական քննության փուլում, և թիվ ԵԴ/1278/01/21 քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ անդրադառնալով խափանման միջոցի հարցին, արդեն իսկ ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնել:

Ավելին՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման անօրինական լինելու հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն ինքն է նկատել, որ առկա դրությամբ պայմանավորված՝ (նախաքննությունն ավարտվել և քրեական գործով դատական քննություն նշանակելու որոշում էր արդեն կայացվել) այլևս նպատակահարմար չի համարում անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը, այլ իր խնդիրը կայանում է, որպեսզի վերաքննիչ դատարանը ճանաչի մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման անհիմն լինելու փաստը։

Այլ կերպ ասած՝ Հանձնաժողովի համար անհասկանալի է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցում վերաքննիչ դատարանի շահագրգռվածությունն այն պայմաններում, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմիններից (սուբյեկտներից) դատախազը (նախաքննության ընթացքում, ըստ էության, քրեական գործի «տերը») դատական նիստի ընթացքում չի պնդել Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը։

Այսինքն՝ համապատասխան որոշման կայացման պահին Դատարանի համար պարզ է եղել, որ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը բխել է գլխավորապես նախաքննության բնականոն իրականացման շահերից, այսինքն՝ պայմանավորված է եղել քրեական գործի նախաքննության համակողմանի ու անխոչընդոտ իրականացման հանգամանքով (ի վերջո բողոքարկվել է նախաքննության ընթացքում կայացված որոշումը), մինչդեռ բողոքի քննարկման ժամանակ թվարկված հարցերն այլևս բովանդակազուրկ են եղել, քանի որ նախաքննությունն արդեն իսկ ավարտված է եղել։ Հետևապես բացակայել է նախաքննության բնականոն իրականացման համար Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը։ Իսկ արդեն դատական քննության փուլում վարույթն իրականացնող մարմինը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի կողմից հետագա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունն այլևս բարձր չի համարել, որպիսի պայմաններում գտել է, որ չհեռանալու մասին ստորագրությունը կարող է հանդիսանալ վերջինի կողմից հետագա պատշաճ վարքագծի դրսևորումն ապահովող բավարար երաշխիք։

Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշման կայացման պահին արդեն իսկ առկա են եղել նույնական փաստական հանգամանքներով ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը (որում Բարձրագույն դատական ատյանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման իր սահմանադրական առաքելությունից, հստակ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ եթե մինչդատական վարույթն ավարտվել է (գործը դատարան ըստ էության քննության ուղարկելու կամ գործով վարույթը կարճելու ձևով), ապա այդ վարույթի շրջանակներում բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել՝ իրենց ժամանակավոր լինելու և վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելու պահին իրավական նշանակությունը կորցնելու հանգամանքով պայմանավորված), որին օրենքի ուժով պետք է հետևեր Վերաքննիչ դատարանը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջները, շեղվելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումներից՝ չի հիմնավորել իր տարբերվող մոտեցումը, որի արդյունքում թույլ է տվել օրենքի և դատարանի առջև քաղաքացիների հավասարության սկզբունքի խախտում, որպիսի հանգամանքը հանգեցրել է նաև անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու և անձնական ազատության իրավունքների խախտման:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ «Հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, կարող է բացասական անդրադառնալ Վերաքննիչ դատարանում (մինչդատական վարույթի շրջանակներում, խափանման միջոցի առնչությամբ) դատական ստուգման բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը», ապա Հանձնաժողովի գնահատմամբ ակնհայտ անհիմն է, քանի որ նման մեկնաբանության արդյունքում խաթարվում է քրեական դատավարության փուլային կառուցվածքը և դատարանների միջև գործառութային կապը: Ավելին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից ուղղակիորեն հետևում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու էր արձանագրելու դատական սխալը, եթե բողոքի քննության արդյունքում հայտնաբերեր այդպիսին, այլ հարց է, որ ըստ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նման իրավիճակներում բեկանելու բողոքարկված դատական ակտը և կայացնելու այնպիսի որոշում, որը կարող է անձի համար առաջացնել իրավական հետևանքներ՝ բողոքարկված որոշման ժամանակավոր լինելու և իրավական նշանակություն չունենալու պատճառով:

Այսպիսով, ամփոփելով վերը ներկայացված հիմնավորումները, Հանձնաժողովն արձանագրում է, որ Դատավորի բացատրությամբ նշված փաստարկներն առ այն, որ օրենքով սահմանված կարգով (դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում մեկնարկած) որոշումների բողոքարկման հնարավորությունն ու դրա հիման վրա դատական ստուգման արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից վերաբերելի իրավակարգավորումների շրջանակում համապատասխան որոշումներ կայացնելը չի կարող սահմանափակվել քրեական գործով մինչդատական վարույթի ավարտման, այդ թվում՝ նաև Դատարանի (որպես արդեն իսկ վարույթն իրականացնող մարմնի) կողմից խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացնելու պատճառաբանությամբ, անհիմն են և չփաստարկված:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը գտնում է, որ նման որոշում կայացնելով Վերաքննիչ դատարանը (նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի) թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտումներ։

Այսպիսով, Հանձնաժողովը գտնում է, որ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, և այս փաստը հաստատվել է նաև Դատավորի բացատրությամբ ներկայացված իրավական դիրքորոշումներով, որտեղ վերջինս փորձել է հիմնավորել իր արարքի իրավաչափությունը, ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր»։

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը բացատրություն է ներկայացրել ինչպես վարույթ հարուցած մարմնին, այնպես էլ պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին, որով հայտնել է հետևյալը․

«(․․․) Նախ, ամփոփելով վերը շարադրված իրավական կառուցակարգերը և առկա իրավական դիրքորոշումները, հարկ է նշել, որ օրենքով սահմանված կարգով, (դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում մեկնարկած) հիշյալ որոշումների բողոքարկման հնարավորությունն ու դրա հիման վրա դատական ստուգման արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից, վերաբերելի իրավակարգավորումների շրջանակում համապատասխան որոշումներ կայացնելը չի կարող սահմանափակվել քրեական գործով մինչդատական վարույթի ավարտման, այդ թվում` նաև Դատարանի (որպես արդեն իսկ վարույթն իրականացնող մարմնի) կողմից խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացնելու պատճառաբանությամբ:

Այլ կերպ ասած, վերը նշված վերաբերելի իրավակարգավորումների համաձայն որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից, որը դատական ստուգման արդյունքում կապված նրանից, թե բողոքը ներկայացվել է կալանավորում ընտրելու (ժամկետը երկարացնելու), թե չընտրելու (ժամկետի երկարացման մասին միջնորդությունը մերժելու) մասին դատարանի որոշման դեմ, իրավասու է կայացնելու ի թիվս այլնի՝ եթե կալանքն ընտրված չէ, ապա բողոքը բավարարելու դեպքում՝ որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին որոշում: (․․․)

Ինչ վերաբերում է Դ.Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, ապա այդ առնչությամբ հարկ եմ համարում նշել հետևյալը.

Նախ հարկ է արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 22-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեբությանի պաշտպաններ Ր.Ասլանյանի և Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 22-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշման համաձայն՝

 «(...) Բողոք բերած անձինք փաստարկել են, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

 Բողոքաբերների պնդմամբ՝ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 և այլ որոշումներին:

 Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

 Բողոք բերած անձանց փաստարկների, սույն գործի նյութերի, բողոքում վկայակոչված որոշումների, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման: (...)»:

 Նշվածի համատեքստում, հարկ է նշել, որ դատավոր Ա.Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշմամբ ներառված հիմնավորումներն ու փաստարկներն, ըստ էության ներառված են եղել նաև պաշտպանության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ինչի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 22-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեբությանի պաշտպաններ Ր.Ասլանյանի և Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ դատավոր Ա.Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշման մեջ տեղ գտած վերլուծություններն ու դատողությունները՝ «(...) նման որոշում կայացնելով Վերաքննիչ դատարանը (նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի) թույլ է տվել ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտումներ», վերաբերյալ, սույն դեպքում հիմնավորված չեն։

 Բացի այդ, զուտ արձանագրման առումով, ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ դատավոր Ա.Դանիելյանիս կողմից մեղադրյալ Էդգար Ռազմիկի Բեյբությանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:

 Մինչդեռ, նշվածի վերաբերյալ առկա է մատնանշում դատավոր Ա.Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշման իրավական վերլուծության մասում: (…)»:

 Միաժամանակ Դատավորը իր բացատրությամբ նշել է, որ «Բացի այդ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իմ կողմից կայացված դատական ակտի դեմ պաշտպանների կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված և վերը վկայակոչված որոշմամբ վարույթն ընդունելը մերժվել է: Ավելին ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Ա.Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, Հանձնաժողովի որոշման հիմքում դրված փաստարկների կապակցությամբ, որը ներկայացված էր նաև վճռաբեկ բողոքում, արձանագրել է․ «(...) բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ (...) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում»։

 Ամփոփելով վերոգրյալը, հարկ է նշել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքում դրված փաստարկները առ այն, որ իմ կողմից կայացված որոշումը չի համապատասխանում ենթադրյալ նույնանման փաստական հանգամանքներով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մեկ այլ գործով կամ գործերով արտահայտած իրավական դիրքորոշումներին, ապա հարկ է նշել, որ այդ փաստարկը և դրա հիման վրա նշված հետևությունները ամբողջությամբ առարկայազուրկ են, քանի որ հենց նույն գործով, որով Հանձնաժողովը պնդում է, որ ես խախտում եմ թույլ տվել, ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված որոշմամբ նշել է հակառակը: Ավելին՝ նշել է, որ նույնիսկ առերևույթ խախտումներ չկան»:

Ներկայացված բացատրությամբ Դատավորը խնդրել է Հանձնաժողովի 27.05.2022 թվականի թիվ N-Կ-5/2022 որոշմամբ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել։

 

4.Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում 2021 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 17961021 քրեական գործը, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

2 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 3-ին կազմվել է Էդուարդ Բեյբությանին ձերբակալելու մասին արձանագրություն, որի համաձայն՝ ձերբակալման հիմք նշվել է, որ ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարողի, իսկ ձերբակալման նպատակ՝ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի կողմից հանցագործությունը կատարելուց հետո փախուստը և թաքնվելը կանխելը, նոր հանցագործություն կատարելը կանխելը:

3 2021 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանի՝ «թիվ 17961021 քրեական գործով Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի ձերբակալման դեմ» վերտառությամբ բողոքը, որին շնորհվել է ԵԴ/0157/18/21 համարը և մակագրվել դատավոր Վ.Մարգարյանին:

4 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Էդուարդ Բեյբությանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը նրան առաջադրվել է մեղադրանք:

5. 2021 թվականի սեպտեմբերի 4-ին թիվ 17961021 քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին: Նշված միջնորդությունը՝ ԵԴ/0777/06/21 համարի ներքո մակագրվել է դատավոր Վ.Մարգարյանին:

6 2021 թվականի սեպտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

7 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Մ. Շահվերդյանի, հետազոտելով վարույթում գտնվող Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի և Ռազմիկ Էդուարդի Բեյբությանի վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, թիվ ԵԴ/1278/01/21 քրեական գործի նյութերը, 2021 թվականի հոկտեմբերի 11-ին որոշում է կայացրել «Քրեական գործը դատական քննության նշանակելու մասին», որի շրջանակներում, քննելով Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի և Ռազմիկ Էդուարդի Բեյբությանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու հարցը, ուսումնասիրելով և գնահատելով գործում առկա տվյալները, գտել է, որ վերջինների նկատմամբ պետք է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

8 Վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 8-ին որոշել է պաշտպաններ Ր.Ասլանյանի և Ա.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել, դատախազ Էդ. Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, թիվ 17961021 քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել մասնակիորեն և մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով և նշված ժամկետին հաշվակցել (հանել) սույն գործով վերջինի արգելանքի տակ գտնվելու 2 (երկու) օրը:

 

5.Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի անդամի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք թիվ ԵԴ/0777/06/21 դատական գործով վերաքննիչ բողոքի շրջանակներում Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,

2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումն առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլև՝ հասարակության համար՝ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից արդարադատության իրականացման արդյունքում պարտադիր կատարման ենթակա օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտերի կայացման երաշխիքը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը: Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում»:

Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են․

«Սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել»:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը,

4. դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել բացառապես նրա մեղավոր վարքագիծը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը որպես կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը նույն օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Սույն գործի ամբողջական և օբյեկտիվ գնահատման համար Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Հանձնաժողովի միջնորդության մեջ վկայակոչված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից շեղվելը կարող է դիտվել որպես Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե՝

1. արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումից շեղվելը չի եղել պատճառաբանված, արդյո՞ք որոշումը հանդիսացել կամ Վճռաբեկ դատարանի կողմից համարվել է հիմնարար իրավունքի խախտում.

2. օրենքով սահմանված ի՞նչ դատավարական որոշումներ կայացնելու հնարավորություն է ունեցել Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում.

3. արդյո՞ք վերաքննիչ բողոքի քննության և լուծման ընթացքում Վերաքննիչ դատարանը հանդիսացել է օրենքի հիման վրա ստեղծված դատարան, թե ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումից բխում է, որ եթե մինչդատական վարույթն ավարտվել է (գործը դատարան ըստ էության քննության ուղարկելու կամ գործով վարույթը կարճելու ձևով), ապա այդ վարույթի շրջանակներում բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել՝ իրենց ժամանակավոր լինելու և վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելու պահին իրավական նշանակությունը կորցնելու հանգամանքով պայմանավորված: Հանձնաժողովը գտել է, որ այս դիրքորոշմանը Վերաքննիչ դատարանը պետք է հետևեր օրենքի ուժով, սակայն, խախտելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջները, շեղվելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումներից՝ չի հիմնավորել իր տարբերվող մոտեցումը, որի արդյունքում թույլ է տվել օրենքի և դատարանի առջև քաղաքացիների հավասարության սկզբունքի խախտում, որպիսի հանգամանքը հանգեցրել է նաև անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու և անձնական ազատության իրավունքների խախտման»:

Բարձրագույն դատական խորհուրդը ցանկանում է նշել, որ գործի փաստերից չի բխում Հանձնաժողովի այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի դիրքորոշումից տարբերվող իր մոտեցումը, քանի որ Վերաքննիչ դատարանն ուղղակի նշել է, որ «Հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, կարող է բացասական անդրադառնալ Վերաքննիչ դատարանում (մինչդատական վարույթի շրջանակներում, խափանման միջոցի առնչությամբ) դատական ստուգման բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը»: Ակնհայտորեն, Հանձնաժողովը չի համաձայնել նման հիմնավորման հետ, նշելով, որ՝ այդ «պատճառաբանությունը Հանձնաժողովի գնահատմամբ ակնհայտ անհիմն է, քանի որ նման մեկնաբանության արդյունքում խաթարվում է քրեական դատավարության փուլային կառուցվածքը և դատարանների միջև գործառութային կապը», սակայն Վերաքննիչ դատարանի ներկայացրած հիմնավորումը Հանձնաժողովի կողմից ճիշտ չհամարվելու փաստը (որի հիմքում, ընդ որում, Հանձնաժողովի կողմից, առանց լրացուցիչ պատճառաբանության, դրված է Վերաքննիչ դատարանի մեկնաբանության արդյունքում քրեական դատավարության փուլային կառուցվածքը և դատարանների միջև գործառութային կապի խաթարումը, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի մեկնաբանության հետևանքները) Բարձրագույն դատական խորհրդի համար ինքնին չի նշանակում, որ Դատավորի կողմից իր, տվյալ դեպքում՝ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումից շեղվող մեկնաբանության հիմնավորում տրված չէ:

Ավելին, Հանձնաժողովի նշված մեկնաբանությունը հակասում է նույն ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 22-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշմանը, որի համաձայն՝ «(...) Բողոք բերած անձինք փաստարկել են, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերը, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Բողոքաբերների պնդմամբ՝ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 և այլ որոշումներին:

Բողոքի հեղինակները նշել են նաև, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձանց փաստարկների, սույն գործի նյութերի, բողոքում վկայակոչված որոշումների, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերների կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն…»:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության մեջ ներառված հիմնավորումներն ու փաստարկները, ըստ էության ներառված են եղել նաև պաշտպանության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ինչի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունվարի 22-ի թիվ ԵԴ/0777/06/21 որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ի որոշման դեմ մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեբությանի պաշտպաններ Ր.Ասլանյանի և Ա.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Անդրադառնալով վերը թվարկված մյուս հարցերին, մասնավորապես, թե՝ օրենքով սահմանված ի՞նչ դատավարական որոշումներ կայացնելու հնարավորություն է ունեցել Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում և արդյո՞ք վերաքննիչ բողոքի քննության և լուծման ընթացքում Վերաքննիչ դատարանը հանդիսացել է օրենքի հիման վրա ստեղծված դատարան, թե ոչ, Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 394-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և այդ մասով հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:

 Օրենսգրքի 287-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան (...):

Օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

 (...)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

 1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

 2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու և կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

 3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին.

(...)»:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից, որը դատական ստուգման արդյունքում կապված նրանից, թե բողոքը ներկայացվել է կալանավորում ընտրելու, թե չընտրելու մասին դատարանի որոշման դեմ, իրավասու է կայացնելու հետևյալ որոշումներից մեկը՝

- եթե կալանքն ընտրված է, ապա բողոքը բավարարելու դեպքում՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին,

- եթե կալանքն ընտրված չէ, ապա բողոքը բավարարելու դեպքում՝ որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին,

- բողոքն առանց բավարարման թողնելու մասին (մերժելու):

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ մեջբերված նորմերով սահմանվում է Վերաքննիչ դատարանի, որպես օրենքի հիման վրա ստեղծված և բողոքը քննելու լիազորություն ունեցող դատարանի ունեցած լիազորությունների սպառիչ շրջանակը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ Օրենսգիրքը մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշումների օրինականության և հիմնավորվածության սահմանների և կարգի մասով նախատեսում է դատական ստուգման համապատասխան ընթացակարգ, այդ թվում՝ նաև դրա արդյունքում կայացվող որոշումների իմաստով:

Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը, դռնփակ դատական նիստում, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Էդ. Պողոսյանի և պաշտպաններ Ր.Ասլանյանի, Ա.Խաչատրյանի վերաքննիչ բողոքների հիման վրա, դատական ստուգման ենթարկելով մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու բողոքը, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, 2021 թվականի նոյեմբերի 8-ին կայացված որոշմամբ դատախազ Էդ. Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, թիվ 17961021 քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդությունը մերժելու մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը բեկանել է, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ.Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել մասնակիորեն, մեղադրյալ Էդուարդ Ռազմիկի Բեյբությանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում՝ բողոքաբերը հայտնել է դատարանին, որ բողոքը ներկայացնելու պահին գործը գտնվել է մինչդատական վարույթում։

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանը 2021 թվականի նոյեմբերի 8-ին կայացված որոշմամբ գտել է, որ մինչդատական վարույթն ավարտված լինելու, այնուհետև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու իրադարձություններն ինքնին չեն բացառում մինչ այդ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանում սույն դատական ստուգման շրջանակներում, դեռևս մինչդատական վարույթում խափանման միջոցի առնչությամբ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը հանգուցալուծելու, այդ թվում՝ նաև այն մասնակիորեն բավարարելու՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը մեկ ամիս ժամանակով կիրառելու իրավական հնարավորությունը: Հակառակի առնչությամբ մոտեցումը, Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ, կարող է բացասական անդրադառնալ Վերաքննիչ դատարանում (մինչդատական վարույթի շրջանակներում, խափանման միջոցի առնչությամբ) դատական ստուգման բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող համաձայնել Հանձնաժողովի այն դիտարկման հետ, որ «Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման անօրինական լինելու հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն ինքն է նկատել, որ առկա դրությամբ պայմանավորված՝ (նախաքննությունն ավարտվել և քրեական գործով դատական քննություն նշանակելու որոշում էր արդեն կայացվել) այլևս նպատակահարմար չի համարում անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը, այլ իր խնդիրը կայանում է, որպեսզի վերաքննիչ դատարանը ճանաչի մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման անհիմն լինելու փաստը»։

Դատական իշխանություն, այն է՝ դատական վարույթում արդարադատություն և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անձը՝ դատավորը, դատական ճանաչողության արդյունքում ձևավորելով իր համոզմունքը՝ պարտավոր է դատավարականացնել այն՝ օրենքով նախատեսված որոշումների հնարավոր տեսակների շրջանակներում: Սույն գործով, Դատավորը, բողոքի քննության արդյունքում ձևավորելով ներքին համոզմունք, գտել է, որ բողոքարկվող որոշումը անհիմն է: Այդ համոզմունքի դատավարականացման համար Դատավորն այնուհետև ընտրել է բողոքարկված դատական ակտը բեկանելու մասին որոշում կայացնելու՝ օրենքով սահմանված լիազորությունը՝ շեղվելով Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումից և պատճառաբանելով իր այդ որոշումը:

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում դատարանը բնութագրվում է իր դատական գործառույթով՝ այդ եզրույթի բովանդակային իմաստով, այն է՝ օրենքի հիման վրա իր իրավազորության ներքո գտնվող հարցերին սահմանված կարգով անցկացված վարույթից հետո լուծում տալով»: (Տես՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդարացի դատաքննության իրավունք (քրեական մաս) Ուղեցույց, պատրաստված ՄԻԵԴ Քարտուղարության կողմից, թարմացված 30 ապրիլի 2022թ., կետ 74, էջ 19, Guide on Article 6 of the European Convention on Human Rights Right to a fair trial (criminal limb), Prepared by the Registry of ECtHR, Updated on 30 April 2022, https://www.echr.coe.int/documents/guide_art_6_criminal_eng.pdf):

ՄԻԵԴ-ը բազմիցս վերահաստատել է, որ «կայուն հաստատված այն սկզբունքը, որ ոչ դատական մարմնի կողմից փոփոխվելուն ոչ ենթակա պարտադիր որոշում կայացնելու իրավունքը անքակտելի է «դատարանի» բուն հասկացությունից և կարող է դիտարկվել նաև որպես 6-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող «անկախության» բաղադրիչ» (տես՝ (Ֆինդլին ընդդեմ Միացյալ Թագավորության, (Findlay v. the United Kingdom), 25.02.1997թ., կետ 77-րդ, mutatis mutandis, Վան դե Հուրկն ընդդեմ Նիդերլանդների (Van de Hurk v. the Netherlands), 19.04.1994, կետ 45-րդ, և այլ որոշումներ):

Այսպիսով, ՄԻԵԴ կայուն հաստատված նախադեպային իրավունքն է հանդիսանում այն, որ դատարանը՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով այդպիսին դիտարկվելու համար, պետք է լիազորված լինի իրեն ընդդատյա ցանկացած հարցով կայացնելու պարտադիր կատարման ենթակա որոշում: Դատարանի՝ իր կողմից քննվող ցանկացած հարցի առթիվ կայացված բոլոր հնարավոր որոշումները պետք է սպառիչ նախատեսված լինեն օրենքով: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ նշված բոլոր պահանջները պահպանված են եղել ՀՀ օրենսդրությամբ, ինչպես այն կիրառվել է դատավոր Ա.Դանիելյանի կողմից:

Այս տեսակետից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը այն հիմքով, որ նա իրավական հետևանքներ է հաղորդել իր իսկ կողմից իրավաչափորեն քննված, այն է՝ իր առարկայական ընդդատության ներքո գտնվող հարցի քննության արդյունքում կայացված որևէ ակտի, ընդ որում՝ այդ տեսակի ակտի կայացումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով, անթույլատրելի կլիներ նաև պատասխանատվություն միայն օրենքի դիմաց սկզբունքի տեսակետից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը դուրս չի եկել նման քննության արդյունքում օրենքով կայացման համար հնարավոր համարվող որոշումների տեսակների շրջանակից:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վերը վկայակոչված ՀՀ դատավարական օրենսդրության կարգավորումներից ուղղակիորեն բխում է վերաքննիչ դատարանի կողմից օրենսդրությամբ սահմանված որոշումներից յուրաքանչյուրը կայացնելու իրավունքը և պարտականությունը՝ անկախ քրեական գործը ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկվելու փաստից: Եթե օրենսդիրն այլ կամք ունենար և նպատակ հետապնդեր կարգավորելու խնդիրը այնպես, որ քրեական գործը ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկվելու դեպքում այլևս անթույլատրելի է բողոքարկված դատական ակտի բեկանումը, ապա կսահմաներ, որ այդ դեպքում վերաքննիչ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված ակտերի վերաքննիչ վերանայման վարույթը ենթակա է կարճման: Այլ կերպ ասած, այդ ակտերի վերանայման համար օրենքի հիման վրա ստեղծված վերաքննիչ դատարանը չի կարող դադարել այդպիսին լինելուց՝ քրեական գործը ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկվելու հիմքով, քանի որ վերաքննիչ դատարանի՝ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից իրեն արդեն ընդդատյա դարձած հարցով (գործով) պարտադիր որոշում կայացնելու լիազորությունից (պարտականությունից) այդ հիմքով որևիցե վերապահում օրենքով նախատեսված չէ:

Պետք է ասել, որ Վճռաբեկ դատարանը՝ Վերաքննիչ դատարանի խնդրո առարկա որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով, չի համաձայնել, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում»: Բարձրագույն դատական խորհուրդը նաև անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հանձնաժողովի կողմից ներկայացված այն հիմնավորումներին, «որ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն ինքն է նկատել, որ առկա դրությամբ պայմանավորված՝ (նախաքննությունն ավարտվել և քրեական գործով դատական քննություն նշանակելու որոշում էր արդեն կայացվել) այլևս նպատակահարմար չի համարում անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը, այլ իր խնդիրը կայանում է, որպեսզի վերաքննիչ դատարանը ճանաչի մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման անհիմն լինելու փաստը», և որ «մարմիններից (սուբյեկտներից) դատախազը (նախաքննության ընթացքում, ըստ էության, քրեական գործի «տերը») դատական նիստի ընթացքում չի պնդել Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը», ինչից ելնելով էլ Հանձնաժողովը միջնորդության մեջ նշել է, որ «իր համար անհասկանալի է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցում վերաքննիչ դատարանի շահագրգռվածությունն այն պայմաններում, երբ մինչդատական վարույթն իրականացնող մարմիններից (սուբյեկտներից) դատախազը (նախաքննության ընթացքում, ըստ էության, քրեական գործի «տերը») դատական նիստի ընթացքում չի պնդել Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը»։

Ուսումնասիրելով նշված դատախազի՝ միջնորդության մեջ մեջբերված խոսքերը, Բարձրագույն դատական խորհուրդը եզրակացնում է, որ վերաքննիչ դատարանում նիստին մասնակցող դատախազն իրականում ոչ թե նշել է, որ «այլևս նպատակահարմար չի համարում անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը», կամ հրաժարվել է «Էդուարդ Ռազմիկի Բեյբությանին կալանավորելու անհրաժեշտությունը» պնդելուց, այլ ընդամենը դատարանին ներկայացրել է իր կարծիքը գործող քրեադատավարական կարգավորումների շրջանակներում արդեն իսկ ներկայացված բողոքի առթիվ տարբեր տեսակի որոշումներ կայացնելու դատարանի ունեցած հնարավորությունների մասին, այսինքն՝ կարծիք է արտահայտել տվյալ փուլում դատարանի ունեցած լիազորությունների շրջանակի վերաբերյալ:

Մասնավորապես, դատախազը նշել է, որ՝

«Այլ հարց է՝ Ձեր կողմից կայացվող, հնարավոր կայացվելիք դատական ակտի բեկանումը կարող է հանգեցնել դատավարական մեկ այլ իրադրության՝ դատարանում գործի ըստ էության քննության շրջանակներում, բայց իմ գնահատմամբ, կիրառել կալանավորում խափանման միջոց էս փուլում, իմ գնահատմամբ, դատավարական մեխանիզմները հնարավորություն չեն տալիս: Այսինքն՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելը, ճիշտ է՝ բացառում է այս փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը, որովհետև վիճարկվում է մինչդատական վարույթի ընթացքում խոչընդոտելու հավանականությունը արարք կատարելու հավանականությունը, սակայն չի բացառում կայացված որոշումն անհիմն դիտարկելը»:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատախազի նշված խոսքերը չեն կարող դիտարկվել որպես մեղադրյալի կալանավորման անհրաժեշտության պնդումից հրաժարում կամ կալանավորումը ոչ նպատակահարմար լինելու փաստի հիմնավորում, այլ դրանք պարզապես դատախազի կողմից դատարանի ունեցած դատավարական հնարավորությունների ներկայացումն են վերաքննիչ դատարանին: Հետևաբար, Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող համաձայնել Հանձնաժողովի հետ, որ դատախազի հիշյալ դիրքորոշումը կարող է դիտվել, ինչպես միջնորդության մեջ է նշված, մի «հանգամանք», որն «ընկած է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման անօրինական լինելու հիմքում»:

Սույն գործով, Դատավորը գտել է, որ «մինչդատական վարույթն ավարտված լինելու, այնուհետև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու իրադարձություններն ինքնին չեն բացառում մինչ այդ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանում սույն դատական ստուգման շրջանակներում, դեռևս մինչդատական վարույթում խափանման միջոցի առնչությամբ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը հանգուցալուծելուն, այդ թվում՝ նաև այն մասնակիորեն բավարարելու՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը մեկ ամիս ժամանակով կիրառելու իրավական հնարավորությունը»: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայն է Դատավորի այն դիրքորոշման հետ, որ հակառակ մոտեցումը «կարող է բացասական անդրադառնալ Վերաքննիչ դատարանում (մինչդատական վարույթի շրջանակներում, խափանման միջոցի առնչությամբ) դատական ստուգման բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը»:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության և կարգապահական վարույթի նյութերի համադրման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ նշված ընթացակարգի շրջանակներում (դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում մեկնարկած) հիշյալ որոշումների բողոքարկման հնարավորությունն ու դրա հիման վրա դատական ստուգման արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից վերաբերելի իրավակարգավորումների շրջանակում համապատասխան որոշումներ կայացնելը չի կարող սահմանափակվել քրեական գործով մինչդատական վարույթի ավարտման, այդ թվում՝ նաև գործն ըստ էության քննող դատարանի կողմից խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացնելու պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 10-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ պԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Ս. Չիչոյան

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

 

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

Մ. ՄԱԿՅԱՆ

Ս․ Միքայելյան

   

Ա. Մխիթարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2022 թվական: