Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2022
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.08.2022
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 10 օգոստոսի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 112-Ա

 

ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ՝ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)։

Մրցույթին մասնակցելու նպատակով հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (23.05.2022թ.-ից մինչև 13.06.2022թ.-ը ներառյալ) ներկայացվել է երկու հայտ՝ 2022 թվականի հունիսի 13-ին հայտեր են ներկայացրել «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները (միասին այսուհետ՝ Ընկերություններ)։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ լսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2022 թվականի հունիսի 21-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը՝ Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել են դրանց բովանդակությունը։

Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը.

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ընկերության գործունեության հիմնական նպատակը հաղորդումների միջոցով ՀՀ Լոռու մարզի ռադիոունկնդիրներին տվյալ մարզի, Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև միջազգային ճշգրիտ լուրերով ապահովելն է։ Հաղորդումներում արծարծվելու են մարզի խնդիրների, հիմնահարցերի վերաբերյալ թեմաներ, ինչը կօգնի գտնել դրանց լուծման ուղիները։

Ընկերության ծրագրի թեմատիկ ուղղվածությունը լինելու է ընդհանուր, հեռարձակման պարբերականությունը՝ ամենօրյա 24-ժամյա ռեժիմով։

Հարկ է նշել, որ հայտում ներկայացվել են ընկերության՝ միայն 1996-2017 թվականների գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ և այդ տարիներին իրականացրած միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։

Հայտում նշվել է, որ ընկերությունը 2013թ-ից հեռարձակում է «Ռադիո Սպուտնիկ» ռադիոխմբագրության ռուսերեն և հայերեն տեղեկատվական ռադիոհաղորդումները, որոնք միտված են լուսաբանելու ՀՀ և ՌԴ միջև քաղաքական, մշակութային, սոցիալական փոխհարաբերությունները։ Նշվել է նաև, որ ընկերության գործունեության ընթացքում ստեղծվել են բազմաբնույթ հաղորդումներ, հարցազրույցներ՝ հաշվի առնելով ռադիոունկնդիրների պահանջմունքները, ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել թեմատիկ–իմացական, քաղաքական, բժշկական, սոցիալական, զբոսաշրջության, ինչպես նաև արվեստի բնագավառները լուսաբանող հաղորդումների ստեղծման նպատակով։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել է տեխնիկական միջոցների ցանկը՝ քանակական և անվանական տվյալներով։

Ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ նշվել է, որ ընկերության հիմնական ֆինանսական միջոցները գոյանում են «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության հաղորդումների հեռարձակման և տարածման համար ստացվող վճարներից և ներկայացվել է МИА «Россия сегодня»-ի հետ կնքված պայմանագիրը։ Նշվել է նաև, որ ընկերության գործունեության զարգացման նպատակով 2022-2023թթ. նախատեսում է կատարել ֆինանսական ներդրումներ՝ 15.000.000-ից մինչև 25.000.000 դրամի չափով, որը հիմնականում նախատեսում է օգտագործել եթերային ստուդիաները նոր, արդիական սարքավորումներով վերազինելու համար։

Ընկերության աշխատակազմի վերաբերյալ նշվել է, որ այն բաղկացած է վեց աշխատակցից և ներկայացվել են վերջիններիս ինքնակենսագրականները։ Նշվել է նաև, որ ընկերության ստեղծագործական և տեխնիկական անձնակազմը, բացի պատշաճ մասնագիտական գիտելիքներից ունի բազմամյա աշխատանքային փորձ։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ընկերության նպատակն է պատրաստել լսողական ծրագիր, որտեղ կներառվեն բազմազան հաղորդումներ՝ հաշվի առնելով ունկնդիրների երաժշտական նախասիրությունները և ժանրային հետաքրքրությունները։

Ընկերությունը նախատեսում է ստեղծել մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ։ Եթերում կլինեն հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները ներկայացնող հաղորդումներ, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, լրատվական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ, գովազդ, ժամանցային, մանկական, մարզական, հաղորդումներ։

Ընկերությունը պատրաստվում է արտադրել այնպիսի հաղորդումներ, որոնք կներկայացնեն ազգային և համամարդկային մշակութային ժառանգությունը, երկրի արդի մշակութային կյանքը՝ նպատակ ունենալով ազգային ու համամարդկային հոգևոր բարոյական արժեքների տարածումը։ Կարևոր տեղ կհատկացվի նաև տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Հետագայում նախատեսվում է միջազգային գործընկերների հետ համագործակցելով՝ ծրագրում ներառել նաև որոշակի ծավալով օտարերկրյա հաղորդումներ, որոնք ուղղված կլինեն համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանը։

Լրատվական հաղորդումները ներկայացվելու են բազմակողմանիորեն՝ հիմնվելով անկողմնակալ և հավաստի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև տվյալ մարզի համար կարևոր խնդիրների և թեմաների օպերատիվ լուսաբանման սկզբունքի վրա։

Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր սեփական հաղորդումները տրամադրել նաև այլ մարզային հեռարձակողներին, ինչպես նաև վերջիններիս կողմից պատրաստված հաղորդումները ներառել իր եթերում։

Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին, որոնք գերակշռելու են եթերում։

Բազմակարծության ապահովումն ընկերության հիմնական ուղենիշն է լինելու իր ողջ գործունեության ընթացքում և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու հնարավորինս լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են օգտագործվելիք տեխնիկական միջոցների տվյալները՝ բնութագրերով, տրվել են ավտոմատացված եթերային համակարգի, ձայնագրման ստուդիայի, ձայնագրման խցի, արտագնա ձայնագրման և ուղիղ հեռարձակման համակարգերի, տեսաձայնագրման, թվային հեռարձակման և այլ տեխնիկական միջոցների նկարագրությունները։ Հեռարձակումն իրականացվելու է արդիական ավտոմատացված համակարգերով (եթերի որոշ մասը)։ Հեռարձակման ավտոմատացման համար նախատեսված է օգտագործել «Radio Boss» հավելվածը, որը բազմաթիվ տարիների ընթացքում օգտագործվել և մինչ օրս էլ օգտագործվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում՝ մի շարք լսողական մեդիածառայություն մատուցողների կողմից։

Ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է բանկային հաշվի մնացորդների վերաբերյալ տեղեկանք և գովազդային պայմանագրեր։ Նշվել է, որ ֆինանսական միջոցները գոյանալու են օրենքով թույլատրելի աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։ Ընկերությունը մարզային սփռման լսողական ծրագրի հեռարձակման լիցենզիա ստանալու դեպքում նախատեսում է ավելի շատ գովազդ ներառել եթերում՝ որպես ֆինանսական ապահովվածության երաշխիք։

Հիմք ընդունելով այն փաստը, որ ընկերությունն արդեն գործող հեռարձակող է՝ մեկ մարզում լրացուցիչ հեռարձակում կազմակերպելու համար բավարար կլինի ընկերության ողջ աշխատակազմում ներառել մեկական լրագրող, եթերի ապահովման մասնագետ և տեխնիկական մասնագետ, որոնք զբաղվելու են միայն տվյալ մարզի տարածքում հաղորդումների, այդ թվում՝ տեղական լուրերի արտադրությամբ և տեխնիկայի պատշաճ աշխատանքի ապահովմամբ։ Ընկերության ամբողջական մեդիա արտադրանքի ստեղծման մեջ ներգրավված է լինելու ընկերության ողջ աշխատակազմը, որտեղ ընդգրկված են ինչպես ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, այնպես էլ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ։ Նախատեսվում է ընդհանուր աշխատակազմում ընդգրկել ևս երկու տեխնիկական մասնագետ։

 

Հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունը և եզրահանգումը.

 

Հանձնաժողովը, ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, Ընկերությունների հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության, համադրման և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը.

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության կողմից գրեթե առանց փոփոխությունների ներկայացվել է 2017 թվականի մրցութային հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ ներկայացվել են ընկերության 1996-2017 թվականների գործունեության և իրականացված միջոցառումների վերաբերյալ որոշ տվյալներ: Հայտում նշվել է, որ ընկերության գործունեությունը համապատասխանում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքին, որն ուժը կորցրել է դեռ 2020 թվականի օգոստոսի 7-ին: Այսինքն, վերոգրյալը հիմք է եզրակացնելու, որ նախորդ 5 տարիների ընթացքում ընկերության գործունեության մեջ որևէ առաջընթաց, զարգացում չի գրանցվել, միաժամանակ նշենք, որ առաջիկա տարիներին նախատեսվող միջոցառումներին և գործունեությանը ևս անդրադարձ չի կատարվել։

Հայտում սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ 2017-2022 թթ., ինչպես նաև առաջիկա տարիներին նախատեսվող գործունեության մասին տվյալներ չեն ներկայացվել։ Ներկայացվել են հին, ինչպես նաև հակասական տվյալներ, ինչը հնարավորություն չի տալիս պատկերացում կազմել սեփական արտադրության և հայերեն հաղորդումների, ինչպես նաև ծրագրում դրանց բաշխվածության վերաբերյալ։

Ընկերության հայտում բազմակարծության և ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը ևս անդրադարձ չի կատարվել։

Ընկերությունը նախատեսում է հաղորդումների միջոցով ՀՀ Լոռու մարզի ռադիոունկնդիրներին տվյալ մարզի, Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաև միջազգային ակտուալ, ճշգրիտ լուրերով ապահովել, հաղորդումներում արծարծել մարզի խնդիրների, հիմնահարցերի վերաբերյալ թեմաներ։ Այս առումով կարևոր ենք համարում նշել, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված չափանիշների գնահատման առումով ոչ միայն կարևոր են զուտ խոստումները, այլ նաև այն, թե որքանով են իրագործվել դրանք:

Հարկ է նշել, որ ընկերությանը 2017 թվականին տրամադրվել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա, որի հիման վրա Երևան քաղաքում հեռարձակվում է «Սպուտնիկ Արմենիա» ծրագիրը։ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթերում գերակշռում են ոչ թե սեփական արտադրության, այլ վերահաղորդվող հաղորդումները, որոնց ծավալը կազմել է եթերի մոտ 58%ը։

Հավելենք, որ Հանձնաժողովի կողմից 2021 թվականի ընթացքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտում արձանագրելու հիմքով «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք։

Վերոնշյալի համատեքստում կարելի է փաստել, որ մրցութային հայտում անդրադարձ է կատարվել ընկերության կողմից միայն մինչև 2017 թվականն իրականացված գործունեությանը, միաժամանակ, անդրադարձ չի կատարվել ընկերության նպատակներին, դրանց իրագործման հիմնական ուղղություններին և միջոցառումներին։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը լսողական ծրագրերի հեռարձակման ոլորտում համեմատաբար նոր ընկերություն է, որը 2021 թվականից Երևան քաղաքի տարածքում իրականացնում է «Մեկ Էֆ Էմ» լսողական ծրագրի հեռարձակում։

Հանձնաժողովը կարևոր է համարում «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության որդեգրած խմբագրական քաղաքականությունը՝ ծրագրում սեփական արտադրության, հայերեն լեզվով հաղորդումների, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայության, բազմակարծության ապահովման, ինչպես նաև հանրօգուտ բովանդակության՝ կրթական, մանկական, մշակութային թեմատիկ ուղղվածության հաղորդումներ ներառելու հանձնառությունը։

Հանձնաժողովի աշխատակազմի կողմից 2022 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված «Մեկ Էֆ Էմ» ծրագրի դիտարկման արդյունքում պարզվել է, որ ծրագրի խմբագրական քաղաքականությունը միայն որոշ չափով է համապատասխանում մրցութային հայտով ներկայացված տեսլականին։

Ընկերությունների կողմից ներկայացված տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ իրականացված վերլուծության արդյունքում կարող ենք արձանագրել հետևյալը.

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը ներկայացրել է տեխնիկական միջոցների ցանկը, որտեղ ներառված են միայն Երևան քաղաքում տեղակայված երկու տաղավարներում շահագործման մեջ գտնվող տեխնիկական և համակարգչային միջոցները։ Որևէ տեղեկատվություն չի ներկայացվել ՀՀ Լոռու մարզում նախատեսվող և շահագործման պատրաստվող տեխնիկական և համակարգչային միջոցների, ինչպես նաև եթերային հեռարձակման պլանավորման մասին: Միաժամանակ, բացակայում է մարզում ձայնային ազդանշանի սփռման տարբերակների, ինչպես նաև մարզի բարդ աշխարհագրական ռելիեֆով պայմանավորված՝ ըստ հզորությունների և քանակների հաղորդակների տեղակայման պլանավորման վերաբերյալ տեղեկատվությունը։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է Երևան քաղաքում տեղակայված կենտրոնական գրասենյակում շահագործման մեջ գտնվող տեխնիկական և համակարգչային միջոցների ցանկը: Ընկերությունը նախատեսում է մարզում եթերային հեռարձակումը հիմնականում իրականացնել Երևանի կենտրոնական գրասենյակից՝ հեռավար կարգով՝ «Radio Boss» եթերային ծրագրով, որը լավագույններից է համարվում։

Ներկայացվել է մարզում նախատեսվող և պլանավորված հաղորդակների տեղաբաշխումն ըստ քանակների և հզորությունների՝ օգտագործվելու են 50-300 ՎՏ հզորության AXON մակնիշի տրանզիստորային հաղորդակներ, որոնք համարվում են իրենց սերնդի մեջ լավագույնները:

Հաղորդակների ներկայացված տեղաբաշխումն ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում ՀՀ Լոռու մարզում: Ներկայացված է, թե ինչպես է իրականացվելու ձայնային ազդանշանի սփռումը, օգտագործելով DEVA DB6400 թվային համակարգերը, DEVA 9009-TX ձայնային համակարգերը, IP համակարգերի կոդավորիչները և DEVA 9009-RX դեկոդավորիչները, որոնք ժամանակակից ձայնային համակարգերում համարվում են երկրորդ սերնդի տեխնիկական սարքավորումներ:

Ընկերությունների կողմից ներկայացվել են նաև ֆինանսական հնարավորությունները հիմնավորող փաստաթղթեր և պայմանագրեր, սակայն նշենք, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հանձնաժողովը հաշվի է առել ստանձնած պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը։

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության հիմնական ֆինանսական միջոցները գոյանում են «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության հաղորդումների հեռարձակման և տարածման համար ստացվող վճարներից։ Ներկայացվել է МИА «Россия сегодня»-ի հետ կնքված պայմանագիրը, որը թերի է՝ կցված չէ պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելված 1-ը, որով կարգավորվում է պայմանագրի առարկան։ Հետևաբար, այն չի կարող դիտարկվել որպես ֆինանսական միջոցները հիմնավորող փաստաթուղթ։

Ընկերությունը 2022-2023թթ․ զարգացման համար նախատեսում է կատարել ֆինանսական ներդրումներ 15.000.000-ից մինչև 25.000.000 դրամի չափով, սակայն ֆինանսական ներդրում կատարելու հիմնավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ ներկայացրել է բանկային հաշվի մնացորդների վերաբերյալ տեղեկանք և գովազդային պայմանագրեր, որոնք բավարար են նախատեսված միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։

Աշխատակազմի վերաբերյալ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները ներկայացրել են բավարար չափով տեղեկություններ։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է Հանձնաժողովի անդամներին:

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հանձնաժողովը հաշվի է առնում՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փակ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:

Օրենքի 60-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սլոթի վերաբերյալ Օրենքով նախատեսված կարգավորումները։

Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, Կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։

Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերությունների հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

 Մասնակցի անվանումը

Գնահատման միավորը

Վարկանիշային միավորը

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

1

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ

11

11

10

11

11

11

65

2

«ԷՖ-ԷՄ» ՍՊԸ

16

14

16

16

16

13

91

Անցողիկ շեմը

40

Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։

Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ վարկանիշային միավորը Կարգի 33-րդ կետի համաձայն որոշվում է գնահատման միավորների հանրագումարով։

Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է։

Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:

Հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքում Ընկերությունները հաղթահարել են անցողիկ շեմը, իսկ առավելագույն վարկանիշային միավորը ստացել է «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը։

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Լոռու մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:

2․ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությանը ՀՀ Լոռու մարզում տրամադրել հետևյալ հաճախականությունները՝ ք. Սպիտակ՝ 96.3 ՄՀց, ք. Վանաձոր՝ 98.7 ՄՀց և ք. Ստեփանավան՝ 97.9 ՄՀց։

3. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերություններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

2022 թ. օգոստոսի 10

ք. Երևան

 

 

Հավելված

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2022 թվականի օգոստոսի 10-ի թիվ 112-Ա որոշման

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման

 

1. «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ

Մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը բազմաթիվ թերություններ ունի, ամբողջական չէ։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը հստակ սահմանում է այն պահանջներն ու չափորոշիչները, որով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը, սակայն Ընկերության մրցութային հայտը անտեսում է այդ պահանջների և չափորոշիչների մի մասը:

Բովանդակության և չափորոշիչների վերաբերյալ: Ընկերությունը գրեթե առանց փոփոխությունների ներկայացվել է 2017 թվականի մրցութային ծրագիրը, որում շարադրված է «Տոսպայի» գործունեությունը 1999-2017 թթ․, ուստի հասկանալի չէ, թե ինչ զարգացում է ունեցել ռադիոծրագիրը 2017-2022 թթ., այն է՝ նոր լիցենզիա ստանալուց հետո: Օրինակ, ներկայացվել են 2010, 2011, 2014 և 2017 թթ. սեփական արտադրության հաղորդումների տվյալները, այնինչ պետք է ներկայացվեին 2017 թ. հաջորդող տարիների տվյալները: «Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայություն» չափանիշի ապահովմանը հայտում անդրադարձ չի կատարվել:

Անդրադարձ չի կատարվել նաև բազմակարծության ապահովման և հայերեն լեզվով հաղորդումների գերակայությանը:

Ընդհանրապես ծրագրին ծանոթանալով այդպես էլ չես հասկանում, ով է պատրաստելու հաղորդումները, կազմելու հաղորդացանկը, իրագործելու խմբագրական քաղաքականությունը’ «Россия сегодня» գործակալությունը, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանը, թե «Տոսպան»: և ինչպես կարող է «Տոսպան» պարտավորություններ ստանձնել խմբագրական քաղաքականության համար, եթե պայմանագրով եթերը տրամադրելու է այլ ընկերության:

Օգտագործվելիք տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ: Հայտով ներկայացված օգտագործվելիք տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ բաժնում որևէ տեղեկատվություն չկա Լոռու մարզում նախատեսվող և շահագործման պատրաստվող տեխնիկական և համակարգչային միջոցների, ինչպես նաև մարզում ձայնային ազդանշանի սփռման տարբերակների վերաբերյալ:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ: Ընկերության ֆինանսական միջոցները գոյանում են «Россия сегодня» գործակալության հաղորդումների հեռարձակման և տարածման համար ստացվող վճարներից, և դա ռիսկեր է առաջացնում «Տոսպայի» բնականոն գործունեության համար: Եկամտի որևէ այլ աղբյուր չունեցող ընկերությունը մեծ հավանականությամբ չի կարողանա շարունակել աշխատանքը, եթե «Россия сегодня»-ն ինչ-ինչ պատճառներով հրաժարվի համագործակցությունից:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ: Ներկայացվել են 6 աշխատակիցների ինքնակենսագրականները: Աշխատակիցների փոքր քանակը ևս ապացույցներից մեկն է, որ Ընկերությունը չի պատրաստվում պատրաստել հաղորդումներ, այլ լիցենզիա ստանալու դեպքում պայմանագրային հիմունքներով հանձնելու է ռադիո կառավարումը այլ ընկերությանը:

ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստած ամփոփ տեղեկանքը և «Տոսպայի» ծրագրի վերլուծությունը հիմք է տալիս ինձ գնահատել ծրագիրը միջինից ցածր գնահատականով:

 

1. «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերություն

Մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը մրցունակ է, իրագործման դեպքում կարող է տեղեկատվության, որակյալ բովանդակության, երաժշտության հարթակ լինել Լոռու մարզում: Ծրագիրը հիմնականում համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնցով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը:

Բովանդակության և չափորոշիչների վերաբերյալ: Ընկերությունը պարտավորվում է ներկայացնել հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները: Ըստ ծրագրի կարևոր տեղ կհատկացվի տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը Ընկերությունը կփորձի ապահովել ստեղծվող յուրաքանչյուր հաղորդման միջոցով:

Բազմակարծության ապահովումը, ըստ ծրագրի, ընկերության հիմնական ուղենիշն է լինելու, և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու ամենահնարավոր լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։ Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրերում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։

Օգտագործվելիք տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ: Հայտում ներկայացված հաղորդակների տեղաբաշխումը ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում Լոռու մարզում: Համաձայն ներկայացման՝ պլանավորվում է մարզային հեռարձակումն իրականացնել RadioBoss եթերային ծրագրով, որը համարվում է լավագույններից մեկը աշխարհում: Լոռու մարզում ձայնային ազդանշանի սփռումը ապահովվելու է DEVA DB6400 թվային համակարգերի և DEVA 9009-RX դեկոդավորիչների միջոցով, որոնք վերջին սերնդի սարքավորումներ են: Հայտում ներկայացված տեխնիկական միջոցների ցանկը թույլ կտա ապահովել առանց խափանումների հեռարձակում:

Ծրագրի ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ: Ընկերության ֆինանսական միջոցները, ըստ ծրագրի, գոյանալու են օրենքով թույլատրելի տարբեր աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներ, գովազդ, վճարովի եթերաժամանակ, հաղորդումների վաճառք և այլն: Հայտին կցված են մի քանի պայմանագրեր գովազդատու ընկերությունների հետ: Դա նշանակում է, որ ֆինանսական մուտքերի աղբյուրները դիվերսիֆիկացված են:

ՀՌՀ աշխատակազմի կողմից պատրաստած ամփոփ տեղեկանքը և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ ծրագրի վերլուծությունը հիմք է տալիս ինձ գնահատել այն միջինից բարձր գնահատականով:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. ՀակոբՅԱՆ

 

04.08.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Lսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների՝ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունների հայտերի գնահատման

 

Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված գնահատման չափանիշների և մրցույթի երկու մասնակիցների՝ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրել եմ հետևյալը.

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրերում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ իր հայտում ներկայացրած վերջին տվյալները վերաբերում են 2017 թվականին և ներկայացված չէ առաջիկա տարիների մասին տվյալներ։

Բազմակարծության ապահովման վերաբերյալ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը, ի թիվս այլնի նշել է, որ բազմակարծության ապահովումը ընկերության հիմնական ուղենիշն է լինելու իր ամբողջ գործունեության ընթացքում և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու ամենահնարավոր լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները:

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը բազմակարծության ապահովման վերաբերյալ իր հայտում անդրադարձ չի կատարել։

Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին և հնարավորություններին, ապա «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը մանրամասն ներկայացրել է օգտագործվելիք տեխնիկական միջոցների տվյալները՝ պատկերներով, բնութագրերով, տրված են ավտոմատացված եթերային համակարգի, ձայնագրման ստուդիայի, ձայնագրման խցի, արտագնա ձայնագրման և ուղիղ հեռարձակման համակարգերի, տեսաձայնագրման, թվային հեռարձակման և այլ միջոցների նկարագրությունները, իսկ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը ներկայացրել է տեխնիկական միջոցների ցանկը՝ քանակական և անվանական տվյալներով։ Տեղեկատվությունը ներկայացվել է հակիրճ, բացակայում են որոշ տեխնիկական միջոցների բնութագրերը։ Հարկ եմ համարում նշել, որ ի տարբերություն «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերությունը իր հայտում որևէ տեղեկատվություն չի ներկայացրել մարզում ձայնային ազդանշանի սփռման տարբերակների, ինչպես նաև պլանավորվող հաղորդակների տեղակայման մասին:

Երկու ընկերությունների կողմից ներկայացված ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում, եկել եմ այն եզրակացության, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացվել են ավելի հիմնավոր փաստաթղթեր և տվյալներ:

Երկու ընկերություններն էլ ներկայացրել են տեղեկություններ աշխատակազմի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությանը, ապա ի տարբերություն «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հայտի, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել նշվածին, «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության հայտում որևէ անդրադարձ չի կատարվել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, համադրելով ներկայացված հայտերը, գտնում եմ, որ «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ներկայացրած ծրագիրն առավել հիմնավոր է՝ նախանշված նպատակների և դրանց հասնելու մեթոդների ընտրության տեսանկյունից։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Վ. ՕհանՅԱՆ

 

08.08.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Լոռու մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերի գնահատման

 

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Լոռու մարզի տարածքում լիցենզավորման մրցույթին մասնակցելու նպատակով ներկայացվել է երկու հայտ՝ 1․«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ և 2․«ԷՖ-ԷՄ» ՍՊԸ։

Հայտերը համապատասխանում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված կարգում ամրագրված չափորոշիչներին:

Ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ստորև ներկայացնում եմ իմ կարծիք-հիմնավորումը։

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ ընկերության գործունեության հիմնական նպատակը հաղորդումների միջոցով ՀՀ Լոռու մարզի ռադիոունկնդիրներին մարզի, Հայաստանի, ինչպես նաև միջազգային ճշգրիտ լուրերով ապահովելն է։

Ընկերության ծրագրի թեմատիկ ուղղվածությունը ընդհանուր է, հեռարձակման պարբերականությունը՝ ամենօրյա 24-ժամյա ռեժիմով։ Հայտում ներկայացված են ընկերության միայն 1996-2017 թվականների գործունեության վերաբերյալ որոշ տվյալներ և այդ տարիներին իրականացրած միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։

Այնուամենայնիվ, Ընկերությունը 2013թ-ից հեռարձակում է «Ռադիո Սպուտնիկ» ռադիոխմբագրության ռուսերեն և հայերեն տեղեկատվական ռադիոհաղորդումները, որոնք միտված են լուսաբանելու ՀՀ և ՌԴ միջև քաղաքական, մշակութային, սոցիալական փոխհարաբերությունները։ Ներկայացված տեղեկությունը թույլ է տալիս եզրակացնել, որ չափազանց քիչ են սեփական արտադրության հաղորդումները, չնայած հաջորդիվ նշվում է նաև, որ ընկերության գործունեության ընթացքում ստեղծվել են բազմաբնույթ հաղորդումներ, հարցազրույցներ։

Ընկերության հայտում բազմակարծության և ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների ապահովմանը անդրադարձ չի կատարվել։

Ընկերության հիմնական ֆինանսական միջոցները գոյանում են «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության հաղորդումների հեռարձակման և տարածման համար ստացվող վճարներից և ներկայացվել է МИА «Россия сегодня»-ի հետ կնքված պայմանագիրը։ Ընկերության գործունեության զարգացման նպատակով 2022-2023թթ. նախատեսում է կատարել ֆինանսական ներդրումներ՝ 15.000.000-ից մինչև 25.000.000 դրամի չափով՝ եթերային ստուդիաները նոր, արդիական սարքավորումներով վերազինելու համար։

Ընկերության աշխատակազմը բաղկացած է վեց աշխատակիցներից, որոնք ունեն պատշաճ մասնագիտական գիտելիքներ և բազմամյա աշխատանքային փորձ։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության նպատակն է պատրաստել լսողական ծրագիր, որտեղ կներառվեն բազմազան հաղորդումներ՝ հաշվի առնելով ունկնդիրների երաժշտական նախասիրությունները և ժանրային հետաքրքրությունները։

Ընկերությունը նախատեսում է ստեղծել մշակութային, կրթական, ուսումնական, ճանաչողական, երաժշտական և այլ բնույթի հաղորդումներ։ Եթերում կլինեն հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները ներկայացնող հաղորդումներ, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներ, լրատվական, ինչպես նաև կոմերցիոն բնույթի հաղորդումներ, գովազդ, ժամանցային, մանկական, մարզական, հաղորդումներ։

Նախապատվությունը տրվելու է սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին, որոնք գերակշռելու են եթերում։ Կարևոր տեղ է հատկացվելու նաև մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։

Հեռարձակումն իրականացվելու է արդիական ավտոմատացված համակարգերով (եթերի որոշ մասը)։ Հեռարձակման ավտոմատացման համար նախատեսված է օգտագործել «Radio Boss» հավելվածը, որը բազմաթիվ տարիների ընթացքում օգտագործվել և մինչ օրս էլ օգտագործվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում՝ մի շարք լսողական մեդիածառայություն մատուցողների կողմից։

Ընկերության ֆինանսական միջոցները գոյանալու են օրենքով թույլատրելի աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներից, գովազդից, հովանավորությունից, վճարովի եթերաժամանակից, հաղորդումների վաճառքից, ինչպես նաև ընկերության գործունեության հետ կապված այլ ծառայություններից։

Հիմք ընդունելով այն փաստը, որ ընկերությունն արդեն գործող հեռարձակող է՝ մեկ մարզում լրացուցիչ հեռարձակում կազմակերպելու համար բավարար կլինի ընկերության ողջ աշխատակազմում ներառել մեկական լրագրող, եթերի ապահովման մասնագետ և տեխնիկական մասնագետ, որոնք զբաղվելու են միայն տվյալ մարզի տարածքում հաղորդումների, այդ թվում՝ տեղական լուրերի արտադրությամբ և տեխնիկայի պատշաճ աշխատանքի ապահովմամբ։ Իսկ Ընկերության ամբողջական մեդիա արտադրանքի ստեղծման մեջ ներգրավված է լինելու ընկերության ողջ աշխատակազմը, որտեղ ընդգրկված են ինչպես ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ։ Նախատեսվում է ընդհանուր աշխատակազմում ընդգրկել ևս երկու տեխնիկական մասնագետ։

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Գ. ՄամիկոնՅԱՆ

 

08.08.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման

 

«Տոսպա» ռադիոընկերության ծրագրերին ծանոթանալիս իսկույն աչքի է ընկնում դրանց ստանդարտությունը, միապաղաղությունը և անինքնատիպությունը։ Պակասում է ստեղծագործական ազդակը։ Հավուր պատշաճի և հերթապահ ձևակերպումները իրենց մեջ նախաձեռնողական քիչ բան են պարունակում, ինչը կենթադրեր այդ ասպարեզում լուծումների և մոտեցումների յուրօրինակ և այն հարստացնող գործունեություն։

Ծրագիրը չի առաջարկում չափանիշներ, որոնք կնպաստեին մեր հասարակության առջև ծառացած խնդիրների արծարծմանը և լուսաբանմանը։ Ոչ էլ հնարավոր է գաղափար կազմել լեզվական, գեղագիտական, մշակութային, հասարակական-քաղաքական որևէ գերակայության կամ ուղղվածության մասին, ինչը կապահովեր նրա դերն ու նշանակությունը տեսալսողական լրատվության այսօրվա դաշտում։

Այս ամենը մեր մեջ տեսալսողական մեդիայի նախաձեռնողականության և պատասխանատվության հարկավոր տպավորություն չի թողնում։ Գուցե նաև այն պատճառով, որ ռադիոընկերությունը պայմանագրային հիմունքներով մտադիր է իր հաղորդացանկում ներառել այլևայլ ընկերությունների հաղորդումները, ինչը, սակայն, նրան չի ազատում իր սեփական մոտեցումները որդեգրելու և ունենալու պարտականությունից։ Սուղ է նաև ռադիոընկերության տեխնիկական հնարավորությունների ու ձայնային ազդանշանի սփռման միջոցների մասին տեղեկատվությունը։ Ծրագիրը հուշում է, որ «Տոսպա» ռադիոընկերությունը «Россия сегодня» գործակալության մի տեսակ ածանցյալն է լինելու նաև ֆինանսապես․ սա ենթադրել է տալիս մի տեսակ «ֆիլիալային» ռադիոընկերություն, որը, իմ կարծիքով թե՛ ծրագրերի ու հաղորդումների, թե՛ տեխնիկական միջոցների և թե, մանավանդ, ծրագրերի ու հաղորդումների առումով առանձնապես լայն հնարավորություն չի ունենալու։

Ելնելով այս ամենից՝ ես նրա ծրագիրը բարձր չեմ գնահատում։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ծրագիրը պարունակում է բովանդակային բավականին տարողունակ պատկեր․ առկա է ծրագրերի մի համալիր, որը ներառում է թե՛ գեղագիտական, թե՛ լեզվական և թե՛ մեր հասարակական-քաղաքական կյանքի կողմերը։ Այն հիմնականում համահունչ է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված պահանջներին ու չափորոշիչներին, որոնք միտված են նպաստելու մեր հասարակության մշակութային և սոցիալական պատկերացումներին, և որոնցով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը: Գնահատելի է ՀՀ Լոռու մարզի պատմամշակութային կյանքը լուսաբանելու ընկերության մտադրությունը։ Գերակայությունը տրվում է սեփական հաղորդումներին։

«ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության տեխնիկական միջոցները բավարար են հիշյալ ծրագրերը իրականացնելու և ազդանշանի նորմալ հեռարձակում ապահովելու համար։ Ներկայացվող տեխնիկական միջոցները ժամանակակից են և կարող են տեխնիկապես երաշխավորված որակյալ հեռարձակում ապահովել։

Նույնը վերաբերում է նաև ֆինանսավորմանը․այն բավականին տարբերակված է՝ նկատի են առնված տարբեր աղբյուրներ և գործունեության՝ օրենքով թույլատրվող միջոցներ։ Եթե ընկերությունը կարողանա իրագործել ներկայացված ֆինանսական հոսքերը, ապա այստեղ նույնպես բավականին անկախ և ինքնուրույն վիճակ կունենա։

Ելնելով այս ամենից՝ ես հիշյալ մարզում գործունեություն ծավալելու համար «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության ծրագիրը բավականաչափ բարձր եմ գնահատում։

 

ՀՌՀ անդամ

Հ․ Մ․ Հակոբյան (Հակոբ Մովսես)

 

09.08.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման

 

«ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ ընկերության ներկայացրած ծրագիրը ավելի շատ հարցեր է առաջացնում։ 2017 թվականին ներկայացված ծրագիրը գրեթե անփոփոխ կրկնելով, ընկերությունը փաստում է, որ որևէ զարգացում չի ունեցել այս 5 տարիների ընթացքում։ Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ հայտում 2017-2022 թթ․, ինչպես նաև առաջիկա տարիներին նախատեսվող գործունեության մասին տվյալներ չեն ներկայացվել։ Իր եթերի զգալի մասը «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի վերահաղորդվող հաղորդումներ են, որը հակասում է հայերեն լեզվի գերակայությունը ապահովելու պահանջին։ Բազմակարծությունը խթանելու վերաբերյալ նույնպես հարցեր կան, որոնց պատասխանը ներկայացված ծրագրում չենք տեսնում։ ՀՀ Լոռու մարզում անխափան եթեր ապահովելու տեխնիկական միջոցների մասին անբավարար տեղեկություն ունենք։ Ֆինանսական միջոցների հիմնական աղբյուրը «Россия сегодня»-ի հետ կնքված պայմանագիրն է։ Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային հաղորդումների մասին անդրադարձ չկա։ «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության ներկայացրած ծրագիրը կստանա ցածր գնահատական։

«ԷՖ–ԷՄ» ՍՊ ընկերությունը իր ներկայացրած ծրագրում նախապատվություն է տալու սեփական արտադրության հաղորդումներին, հայերենի գերակայությանը, մշակութային, կրթական, գիտական հաղորդումներին։ Անդրադարձ կա նաև բազմակարծությանը, հավաստի լրատվության ապահովմանը։ Կարևոր է նաև այն, որ ընկերությունը ուսումնասիրություններ է անցկացրել և կազմել սեփական պատկերացումները Լոռու մարզում իրականացվելիք աշխատանքների մասին։ Ընկերության ներկայացրած տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս անխափան հեռարձակում իրականացնել Լոռու մարզում։ Ներկայացված սարքերը ժամանակակից են և դասվում են լավագույնների շարքին։ Ֆինանսական միջոցները գոյանալու են վճարովի եթերներից, գովազդից, հիմնադրի ներդրումներից։ Ընկերությունը ունի պայմանագրեր, որոնք ապահովելու են անխափան աշխատանք։ «ԷՖ–ԷՄ» ՍՊ ընկերությունը կստանա բարձր գնահատական։

 

ՀՌՀ անդամ

Ա. Մանուկյան

 

09.08.2022 թ.

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի թվանշման

 

1․ «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ

Մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը բազմաթիվ թերություններ ունի, ամբողջական չէ։ Ընկերությունը համարյա նույնությամբ ներկայացրել է 2017 թվականի մրցութային ծրագիրը, որում շարադրված է «Տոսպայի» գործունեությունը 1999-2017թթ., ուստի հասկանալի չէ, թե ինչ զարգացում է ունեցել ռադիոծրագիրը 2017թ.-ից մինչ օրս, երբ գործել է նոր լիցենզիայով: Օրինակ, ներկայացվել են 2010, 2011, 2014 և 2017թթ. սեփական արտադրության հաղորդումների տվյալները, այնինչ պետք է ներկայացվեին 2017թ. հաջորդող տարիների տվյալները: «Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայություն» չափանիշի ապահովմանը հայտում անդրադարձ չի կատարվել:

Ներկայացված փաստաթղթում բացակայում են նաև բազմակարծության ապահովման և հայերեն լեզվով հաղորդումների գերակայության վերաբերյալ որևէ տեղեկություն:

Ներկայացված տվյալները ուսումնասիրելուց պարզ չէ, թե ում կողմից են պատրաստվելու հաղորդումները, կազմվելու հաղորդացանկը, իրագործվելու խմբագրական քաղաքականությունը՝ «Россия сегодня» գործակալության, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի թե «Տոսպայի»: Ինչպես կարող է «Տոսպան» պարտավորություններ ստանձնել խմբագրական քաղաքականության համար, եթե պայմանագրով եթերը տրամադրելու է այլ ընկերության:

Ներկայացված օգտագործվելիք տեխնիկական միջոցների և հնարավորությունների վերաբերյալ բաժնում որևէ տեղեկատվություն չկա Լոռու մարզում նախատեսվող և շահագործման պատրաստվող տեխնիկական և համակարգչային միջոցների, ինչպես նաև մարզերում ձայնային ազդանշանի սփռման տարբերակների վերաբերյալ:

Ընկերության ֆինանսական միջոցները գոյանում են «Россия сегодня» գործակալության հաղորդումների հեռարձակման և տարածման համար ստացվող վճարներից, և դա ռիսկեր է առաջացնում «Տոսպայի» բնականոն գործունեության համար: Եկամտի որևէ այլ աղբյուր չունեցող ընկերությունը մեծ հավանականությամբ չի կարողանա շարունակել աշխատանքը, եթե «Россия сегодня»-ն որևէ պատճառներով հրաժարվի համագործակցությունից:

Ներկայացվել են 6 աշխատակիցների ինքնակենսագրականները: Աշխատակիցների փոքր քանակը ևս ապացույցներից մեկն է, որ Ընկերությունը չի պատրաստվում պատրաստել հաղորդումներ, այլ լիցենզիա ստանալու դեպքում պայմանագրային հիմունքներով հանձնելու է ռադիոյի կառավարումը այլ ընկերությանը:

ՀՌՀ աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացությունը և «Տոսպայի» ծրագրի վերլուծությունը հիմք է տալիս ինձ գնահատել ծրագիրը միջինից ցածր գնահատականով:

2 «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերություն

Մրցույթին ներկայացված Ընկերության ծրագիրը մրցունակ է, իրագործման դեպքում կարող է տեղեկատվության, որակյալ բովանդակության, երաժշտության հարթակ լինել Լոռու մարզում: Ծրագիրը հիմնականում համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում սահմանված այն պահանջներին ու չափորոշիչներին, որոնցով Հանձնաժողովը գնահատում է մրցույթին ներկայացված ծրագրերը: Ընկերությունը պարտավորվում է ներկայացնել հայկական և համաշխարհային մշակույթի, դասական արվեստի և գրականության, երգի և երաժշտարվեստի նմուշները: Ըստ ծրագրի կարևոր տեղ կհատկացվի տվյալ մարզին առնչվող պատմամշակութային հաղորդումներին։ Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը Ընկերությունը կփորձի ապահովել ստեղծվող յուրաքանչյուր հաղորդման միջոցով:

Գնահատելի է տեսնել, որ բազմակարծության ապահովումը, ըստ ծրագրի, ընկերության հիմնական ուղենիշն է լինելու, և այդ նպատակով հաղորդումները ստեղծելիս հաշվի են առնվելու ամենահնարավոր լայն շրջանակի ունկնդիրների հետաքրքրությունները։ Ընկերությունը նախապատվություն է տալու սեփական և հայրենական արտադրության հաղորդումներին և ծրագրերում գերակշռելու են սեփական և հայրենական արտադրության հաղորդումները։

Փաստաթղթերում ներկայացված հաղորդակների տեղաբաշխումը ըստ իրենց հզորությունների և տոպոլոգիայի հնարավորություն է տալիս իրականացնել ձայնային ազդանշանի օպտիմալ հեռարձակում Լոռու մարզում: Համաձայն ներկայացման՝ պլանավորվում է մարզային հեռարձակումն իրականացնել RadioBoss եթերային ծրագրով, որը համարվում է լավագույններից մեկը աշխարհում: Լոռու մարզում ձայնային ազդանշանի սփռումը ապահովվելու է DEVA DB6400 թվային համակարգերի եւ DEVA 9009-RX դեկոդավորիչների միջոցով, որոնք վերջին սերնդի սարքավորումներ են: Հայտում ներկայացված տեխնիկական միջոցների ցանկը թույլ կտա ապահովել առանց խափանումների հեռարձակում:

Ընկերության ֆինանսական միջոցները, ըստ ծրագրի, գոյանալու են օրենքով թույլատրելի տարբեր աղբյուրներից՝ հիմնադրի ներդրումներ, գովազդ, վճարովի եթերաժամանակ, հաղորդումների վաճառք և այլն: Հայտին կցված են մի քանի պայմանագրեր գովազդատու ընկերությունների հետ: Դա նշանակում է, որ ֆինանսական մուտքերի աղբյուրները դիվերսիֆիկացված են:

ՀՌՀ աշխատակազմի կողմից ներկայացված եզրակացությունը և «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ ծրագրի վերլուծությունը հիմք է տալիս ինձ գնահատել այն միջինից բարձր գնահատականով:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի անդամ

Դ. ԱմալՅԱՆ

 

09.08.2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2022 թվական: