Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.08.2022-15.04.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1443-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրվել է 1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմում) ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով՝

1) ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

 N 1443-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի օգնական (հանձնաժողովի քարտուղար)

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

(հավելվածը փոփ. 09.08.22 N 914-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

 N 1443-Ա որոշման

 

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի կարգավորման առարկան են հանձնաժողովի խնդիրները, գործառույթները և հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգելու, ոլորտային շարունակական բարեփոխումներ իրականացնելու, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ստեղծվող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) այդ աշխատանքների իրականացման ապահովման նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում դիտարկումներ, ամփոփում և մշակում դրանց արդյունքները և դրանց ընթացքում ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր աշխատակարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնված միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելն է:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) կազմակերպում է քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման և իրականացման հարցերով.

2) քննարկումների արդյունքներից ելնելով՝ մշակում է առաջարկություններ միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված պետական կառավարման համակարգի և այլ իրավասու մարմինների համար և աջակցում է աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.

3) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում փոխարինում է հանձնաժողովի նախագահին։

7. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետների, այդ թվում` այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

10. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի քարտուղարը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկա- վարի օգնականն է։

(10-րդ կետը փոփ. 09.08.22 N 914-Ա)

11. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված պետական մարմնի անդամի մասնակցությունը կախված է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի բնույթից։

12. Հանձնաժողովի նիստերին սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված անդամի բացակայության դեպքում, վերջինիս փոխարինում է ոլորտը համակարգող տեղակալը։ Մարդու իրավունքների պաշտպանի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է համապատասխան դեպարտամենտի ղեկավարը։

13. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ նիստերին կարող են մասնակցել նաև հրավիրյալ անձինք։

14. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) սահմանում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ցանկը.

2) նիստի օրակարգը ոչ ուշ, քան 3 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց.

3) ամփոփում է հանձնաժողովի աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները:

(հավելվածը փոփ. 09.08.22 N 914-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2024, N 1031-Ա 19.11.2024, N 1443-Ա
19.04.2024, N 371-Ա 20.04.2024, N 1443-Ա
14.04.2023, N 418-Ա 15.04.2023, N 1443-Ա
09.08.2022, N 914-Ա 10.08.2022, N 1443-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան