Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1398-Ն

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի և 128-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է փոխհատուցում ստանալու իրավունքի առաջացման տարվա պետական բյուջեով այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում ու սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման իրականացման հիմնական սկզբունքներն են՝

1) համարժեքությունը` պատճառված վնասի բնույթին համապատասխան փոխհատուցման տրամադրումն է.

2) խտրականության արգելքը՝ արգելվում է պատճառված վնասի բնույթին համապատասխան փոխհատուցման տարբերակված մոտեցումը:

2. Յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ առաջնահերթությունների պահպանմամբ՝

1) մարդու դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

2) առողջության դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

3) բռնությամբ կատարված, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված և մարդու մահ կամ առողջության ծանր վնաս առաջացրած այլ հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

4) սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում:

3. Փոխհատուցման ենթակա են տուժողին պատճառված վնասի ներքոնշյալ տեսակները նշված հերթականությամբ՝

1) առողջությունը վերականգնելու համար կատարված ողջամիտ ծախսերը.

2) անաշխատունակության հետևանքով կրած գույքային վնասը.

3) կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված գույքային վնասը.

4) հուղարկավորության ողջամիտ ծախսերը.

5) հանցագործությամբ պատճառված գույքային վնասը:

4. Պատճառված վնասներից մի քանիսի կամ բոլորի փոխհատուցման դեպքում յուրաքանչյուր տուժողի դեպքում սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հերթականությամբ վնասի կոնկրետ տեսակը ենթակա է հատուցման միայն պատճառված նախորդ տեսակի վնասը հատուցելուց հետո՝ վնասի հատուցման նվազագույն և առավելագույն չափի շրջանակներում նախորդ վնասի չափի տարբերության հաշվակցումով:

5. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման նպատակով պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում առաջնահերթ փոխհատուցման ենթակա են հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանցագործություններով պատճառված փոխհատուցման ենթակա վնասի տեսակներից մեկը, մի քանիսը կամ բոլորը՝ պահպանելով հավելվածի 3-րդ կետով նախատեսված վնասի տեսակների հաջորդականությունը: Հավելվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հանցագործություններով տուժողներին պատճառված վնասի փոխhատուցումը տրամադրվում է միայն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանցագործություններով պատճառված վնասը փոխհատուցելուց հետո՝ հավելվածի 2-րդ կետով սահմանված հանցագործությունների առաջնահերթություններին և հավելվածի 3-րդ կետով նախատեսված վնասի տեսակների հաջորդականությանը համապատասխան։ Հավելվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հանցագործություններով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրելիս յուրաքանչյուր հաջորդ ենթակետով նախատեսված հանցագործությամբ տուժողներին պատճառված՝ փոխհատուցման ենթակա վնասի տեսակներից մեկի, մի քանիսի կամ բոլորի փոխհատուցում կարող է տրամադրվել միայն նախորդ ենթակետի հանցագործությամբ տուժողներին պատճառված հատուցման ենթակա վնասի տեսակներից մեկի, մի քանիսի կամ բոլորի համար փոխհատուցում տրամադրելուց հետո՝ պետական բյուջեով նախատեսված համապատասխան միջոցների բավարարության դեպքում։

6. Տուժողները հանցագործությամբ իրենց պատճառված վնասի փոխհատուցման համար կարող են դիմել լիազոր մարմնին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում ունեցած հաշվի տվյալները.

2) քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը.

3) դրամական վնասի դեպքում` դրանց առկայությունը և չափը հաստատող փաստաթղթերը.

4) կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասի դեպքում` նշված փաստը հաստատող տվյալները.

5) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում պատճառված վնասը փոխհատուցելը հնարավոր չլինելը հավաստող տվյալները.

6) լիազոր մարմնին ուղղված դիմում:

7. Տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու դիմում կարող է ներկայացվել, եթե պատճառված վնասը հնարավոր չի եղել փոխհատուցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում, մասնավորապես՝

1) կատարողական վարույթով պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, և առկա է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշում.

2) կատարողական վարույթով պարտապան ֆիզիկական անձը մահացել է կամ լուծարվել է պարտապան իրավաբանական անձը, և առկա է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը․

3) առկա է հարկադիր կատարողի որոշումը՝ կատարողական վարույթը պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով ավարտելու վերաբերյալ, և կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման կայացումից հետո մեկ տարվա ընթացքում չի վերացել կատարողական վարույթն ավարտելու հիմքը:

8. Տուժողին պատճառված վնասի փոխհատուցում չի իրականացվում, եթե տուժողի կողմից կատարվել են հանցագործությանը նպաստող կամ քննությանը խոչընդոտող ապօրինի արարքներ:

9. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վրա մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում ներկայացված հայտին հավանություն տալու կամ այն մերժելու մասին: Հայտին հավանություն տալու դեպքում լիազոր մարմինը սկսում է տուժողին պատճառված վնասի փոխհատուցման գործընթաց: Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հանգամանքների պարզման կապակցությամբ հարցում է կատարում քրեական հետապնդման մարմիններին կամ դատարան:

10. Տուժողին հատուցման ենթակա գումարը 10-օրյա ժամկետում փոխանցվում է նրա կողմից ներկայացված բանկային հաշվին:

11. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում լիազոր մարմինը ներկայացված հայտը վերադարձնում է և սահմանում յոթնօրյա ժամկետ՝ թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար, իսկ սույն հավելվածով չնախատեսված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու դեպքում կայացնում է այն մերժելու մասին որոշում:

12. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի որոշումները ենթակա են բողոքարկման օրենքով սահմանված կարգով:

13. Փոխհատուցում կարող է տրամադրվել, եթե պատճառված վնասի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:

14. Փոխհատուցում կարող է տրամադրվել պատճառված վնասի (մեկից ավելի տեսակի վնաս պատճառված լինելու դեպքում՝ դրանց հանրագումարի) կեսի չափով, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափը:

15. Սույն հավելվածով նախատեսված լիազոր մարմին է հանդիսանում պետական բյուջեով հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման միջոցների ծախսման համար սահմանված բյուջետային ստորադաս կարգադրիչը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2022 թվական: