Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական           

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ3/0075/05/16

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0075/05/16

Նախագահող դատավոր՝  Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Ավետիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 04-ին,

գրավոր ընթացակարգով քննելով Արտավազդ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտավազդ Սիմոնյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վահան Թերզյանի, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանի՝ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 28.12.2015 թվականին տրված թիվ ՄՏ-28122015-03-0249 միասնական տեղեկանքով և 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկությունների տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արտավազդ Սիմոնյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 28.12.2015 թվականին տրված թիվ ՄՏ-28122015-03-0249 միասնական տեղեկանքով և 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկությունների տրամադրմանն առնչվող գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Պողոսյան) 18.07.2016 թվականի վճռով Արտավազդ Սիմոնյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր Ա. Սարգսյան, դատավորներ Ա. Աբովյան, Ա. Բաբայան) 06.02.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վարչական դատարանի 18.07.2016 վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) (այսուհետ՝ Դատարան) 09.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկությունների տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով հայցը բավարարվել է՝ ոչ իրավաչափ են ճանաչվել Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկությունների տրամադրմանն առնչվող գործողությունները, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.04.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 09.12.2019 թվականի վճիռը մասնակի՝ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկությունների տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով, բեկանվել և փոփոխվել է՝ այդ մասով հայցը մերժվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտավազդ Սիմոնյանը (ներկայացուցիչ Արմեն Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Նարինե Ավագյան) և ՀՀ ֆինանսների նախարարությունը (ներկայացուցիչ Գայանե Կարապետյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասն ու 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ, 10-րդ, 32-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման առարկան այլ է, և դրանով բովանդակային առումով կիրառվում է «հայցի ապահովում» այն իմաստով, որ սնանկության դատարանին օրենքով իրավասություն է տրվել պարտապանի գույքի նկատմամբ կիրառելու նույն օրենքի 39-րդ հոդվածից տարբերվող, լրացուցիչ սահմանափակման միջոց, ինչն ինքնին չի հակասում կամ բացառում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված օրենքի ուժով առաջացող սահմանափակմանը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը անհապաղ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին ուղարկելը ինքնանպատակ չէ և բոլոր դեպքերում Կադաստրի կոմիտեն միասնական տեղեկանք տրամադրելիս դրանում նշում է կատարում օրենքի ուժով կիրառված սահմանափակման վերաբերյալ, եթե առկա է լինում տվյալ գույքի իրավատիրոջ վերաբերյալ սնանկության գործ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2019 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները

2.1.1 Կոմիտեի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանը հանգում է հետևյալին.

Բողոքաբերի միակ նպատակը գույքային վնասի հատուցում պահանջելն է:

Հայցվորը չի հանդիսանում գործով շահագրգիռ անձ՝ այն պատճառաբանությամբ, որ Վահան Թերզյանը լավատեղյակ է եղել իր նկատմամբ սնանկության վարույթի մասին, սակայն, առանց կառավարչի որոշման, վաճառել է իր անշարժ գույքը, ինչի իրավունքը չի ունեցել:

Կադաստրի կոմիտեն 12.03.2016 թվականին Արտավազդ Սիմոնյանի դիմումի հիման վրա գործի ուսումնասիրության արդյունքում գրանցամատյանում գրառել է սնանկության սահմանափակումը և կայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ—11/03/2016-14-0030 որոշումը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա: Ընդ որում, սահմանափակման գրանցման համար որևէ ժամկետ նախատեսված չէ:

Փաստորեն, Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառվել է 11.03.2016 թվականին՝ չնայած կարող էր վաճառվել միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում: Այնուհետև առանց նշված պայմանագիրը լուծելու՝ 29.09.2017 թվականին անշարժ գույքը նորից վաճառվել է:

Անկախ այն հանգամանքից՝ սահմանափակում եղել է, թե ոչ, խնդրո առարկա անշարժ գույքի վերաբերյալ երկու անգամ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որոնցից բխող իրավունքների գրանցումները Կոմիտեի կողմից մերժվել են, ինչը նշանակում է, որ կողմերի միջև առկա քաղաքացիաիրավական վեճի, կողմերից մեկի ոչ բարեխիղճ վարքագծի բացասական հետևանքները փորձ է արվում դնել վարչական մարմնի վրա: Հետևաբար` Արտավազդ Սիմոնյանը 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքի տրամադրմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով չի հանդիսանում շահագրգիռ անձ:

Շարադրվածի հիմնավորմամբ Կոմիտեն խնդրել է անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը:

 

2.1.2 ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի պատասխանը հանգում է հետևյալին.

Դատարանը հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը պետք է գնահատի դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով օրենսդիրն արգելել է կնքել պարտապանի գույքի օտարման, վարձակալության, գրավադրման կամ այլ ձևով ծանրաբեռնման գործարքներ՝ առանց դատարանի որոշման առկայության: Ավելին՝ նշված իրավանորմն օրենքի ուժով պարտապանի գույքի նկատմամբ օրենքի ուժով ծագած և Կադաստրի կողմից գրանցման ենթակա սահմանափակում չի կարող դիտարկվել ու կիրառվել, քանի որ սնանկության վարույթի շրջանակներում կիրառվող և ծագող սահմանափակումներն իրենց կարգավորումներն են ստացել բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումների ուժով: Օրենսդիրը նշված հոդվածով կարգավորում է տվել սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու դեպքում կիրառվող սահմանափակումների հարցին և հստակ սահմանել է, որ սնանկության դիմումը վարույթ ընդունելու դեպքում ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

Տվյալ դեպքում թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո պարտապան Վահան Թերզյանի գույքի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կարող էր կիրառվել բացառապես ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդության հիման վրա դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացված որոշմամբ, այլ ոչ թե սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու որոշման հիմքով: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների իմաստով սահմանափակում կարող է համարվել և Կադաստրի կողմից որպես սահմանափակում գրանցվել բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանված միջնորդության հիման վրա դատարանի կողմից կայացված դատական ակտով ծագած սահմանափակումները, այլ ոչ թե սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:

 Շարադրվածի հիմնավորմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը խնդրել է անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 12.06.2013 թվականին ՀՀ Արարատի մարզ, համայնք Արգավանդ, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող 0,16 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիրը՝ 03-018-0004-0025), 280,4 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 2,4 քմ մակերեսով զուգարանի, 9,23 քմ մակերեսով խորդանոցի, 179,8 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 198,36 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 108,66 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 110,5 քմ մակերեսով ծածկի, 137,6 քմ մակերեսով ծածկի նկատմամբ գրանցվել է Վահան Հովհաննեսի Թերզյանի սեփականության իրավունքը և տրվել է թիվ 12062013-03-0002 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 20, 106-107):

2) 13.06.2013 թվականին «Պրոմեթեյ Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Բանկ, Վարկատու-Գրավառու) (ի դեմս վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի լիազոր անձ Քրիստինե Հովհաննիսյանի) և Վահան Թերզյանի (Գրավատու), Լուսինե Թերզյանի (Գրավատու), «Թերզյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահան Թերզյանի (Վարկառու) միջև կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), որով Վարկատուն/Գրավառուն Վարկառուին տրամադրում է վարկ՝ 35.000.000 դրամի սահմանաչափով, ի ապահովումն որի՝ գրավադրվել է ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց, թիվ 6 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 96-101):

3) 13.06.2013 թվականի Պայմանագրի հիման վրա «Պրոմեթեյ Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ կատարվել է գրավի իրավունքի գրանցում` ՀՀ Արարատի մարզ, համայնք Արգավանդ, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող 0,16 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիրը` 03-018-0004-0025), 280,4 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 2,4 քմ մակերեսով զուգարանի, 9,23 քմ մակերեսով խորդանոցի, 179,8 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 198,36 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 108,66 քմ մակերեսով տնտեսական պահեստի, 110,5 քմ մակերեսով ծածկի, 137,6 քմ մակերեսով ծածկի նկատմամբ, և տրվել է թիվ 14062013-03-0002 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 89-90):

4) 24.12.2015 թվականին Վահան Թերզյանը Կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ սպասարկման գրասենյակ է ներկայացրել դիմում՝ ՀՀ Արարատի մարզ, համայնք Արգավանդ, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 82):

5) 28.12.2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Գոհար Ալեքսանյանի կողմից Վահան Թերզյանին տրվել է թիվ ՄՏ-28122015-03-0249 միասնական տեղեկանք՝ ՀՀ Արարատի մարզ, համայնք Արգավանդ, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ, որում «Գույքային իրավունքների սահմանափակումներ» բաժնում առկա են հետևյալ նշումները՝ սահմանափակման տեսակը՝ գրավ, կիրառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը՝ գրավի պայմանագիր 2013-06-13 ս/մ 5720, գրանցման ամսաթիվը՝ 2013-06-14 (հատոր 1-ին, գ.թ. 9, 76-77):

6) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Չիչոյանի 27.11.2015 թվականի կողմից Կոմիտեին ուղղված թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով գրությամբ հայտնվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջի մասին, և միաժամանակ ուղարկվել է «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ Վահան Թերզյանին և Լուսինե Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015 թվականի որոշումը: Գրությունը Կոմիտեում մուտքագրվել է 29.12.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 64-65, հատոր 2-րդ, գ.թ. 45-46):

7) 09.03.2016 թվականին Վահան Թերզյանի ներկայացուցիչ Արամ Մաքսիմի Հարոյանը Կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ է ներկայացրել դիմում` ՀՀ Արարատի մարզ, համայնք Արգավանդ, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեի անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 78):

8) 10.03.2016 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Անուշ Վերանյանի կողմից Արամ Հարոյանին տրվել է «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքն առ այն, որ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական թիվ 12062013-03-0002)՝ 13.06.2013 թվականի (ս-մ 5720) անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին պայմանագրի հիման վրա 14.06.2013 թվականին կատարված է գրավի իրավունքի սահմանափակման պետական գրանցում (գրավառու «Պրոմեթեյ Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) (հատոր 1-ին, գ.թ. 11, 71):

9) «Պրոմեթեյ Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարչության նախագահ Է. Սողոմոնյանն իր 11.03.2016 թվականի թիվ 281/03-16618633 գրության մեջ՝ հասցեագրված նոտարական գրասենյակին, նշել է. որ «Որպես վարկառու «Թերզյաններ» ՍՊԸ /ՀՎՀՀ 6938382/ վարկային պարտավորությունների ապահովման միջոց, գրավադրվել է անշարժ գույք ՀՀ Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեով: Վարկառուի կողմից վարկային պարտավորություններն ամբողջովին մարվել են: Վարկի ապահովման միջոց հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի գծով ԲԱՆԿԸ Վարկառուի հանդեպ պարտք ու պահանջ այլևս չունի» (հատոր 1-ին, գ.թ. 14):

10) 11.03.2016 թվականին Վահան Թերզյանի լիազորված անձ Արամ Հարոյանի (Վաճառող) և Արտավազդ Սիմոնյանի (Գնորդ) միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր 1), որով վերջինս 25.000.000 ՀՀ դրամով գնել է ՀՀ Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գ.թ. 18-19, 68-69):

11) Բանկի վարչության նախագահ Է. Սողոմոնյանն իր 11.03.2016 թվականի թիվ 277/03-16618610 գրության մեջ՝ հասցեագրված Կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը, նշել է. «Վարկառու «Թերզյաններ» ՍՊԸ /ՀՎՀՀ 06938382/ վարկային պարտավորությունների ապահովման միջոց գրավադրվել է անշարժ գույք ՀՀ Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեով: Վարկառուի կողմից վարկային պարտավորություններն ամբողջովին մարվել են: Վարկի ապահովման միջոց հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Արգավանդ համայնք, Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի գծով ԲԱՆԿԸ Վարկառուի հանդեպ պարտք ու պահանջ այլևս չունի: Խնդրում ենք վերոհիշյալ անշարժ գույքը հանել գրավից և արգելանքից» (հատոր 1-ին, գ.թ. 13, 67):

12) 11.03.2016 թվականին Արտավազդ Սիմոնյանը Կոմիտեի աշխատակազմի Մասիս սպասարկման գրասենյակին ներկայացրել է դիմում՝ իրավունքի և իրավունքի դադարման պետական գրանցումներ կատարելու խնդրանքով՝ կից ներկայացնելով փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 70):

    13) 12.03.2016 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Արմեն Խալաթյանի կողմից Արտավազդ Սիմոնյանին տրվել է «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-11/03/2016-14-0030 տեղեկանք՝ առ այն, որ Բանկի 11.03.2016 թվականի թիվ 277/03-16618610 գրության հիման վրա կատարվել է հիփոթեքի սահմանափակման դադարման պետական գրանցում և հիփոթեքի պետական գրանցման չեղարկում՝ գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական 14062013-03-0002/ (հատոր 1-ին, գ.թ. 12, 59):

14) 12.03.2016 թվականին Կոմիտեի աշխատակազմի Կենտրոն սպասարկման գրասենյակ մուտքագրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Չիչոյանի թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով 27.11.2015 թվականին կայացրած «Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» որոշումը (հիմք՝ 12.03.2016 թվականի Ս.Տոնոյանի դիմում) (հատոր 1-ին, գ.թ. 52-57):

15) 12.03.2016 թվականին գրանցման էլեկտրոնային մատյանում որպես սահմանափակում գրանցվել է սեփականատեր Վահան Թերզյանի սնանկության վարույթը (հատոր 2-րդ, գ.թ. 86):

16) 12.03.2016 թվականին Կադաստրի անշարժ գույքի ավագ ռեգիստր Արմեն Խալաթյանի կողմից կայացվել է «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-11/03/2016-14-0030 որոշում, ըստ որի՝ Արտավազդ Սիմոնյանի թիվ 11.03.2016-14-0030 դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով, քանի որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Չիչոյանի 27.11.2015 թվականի որոշմամբ Վահան Թերզյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումն ընդունվել է վարույթ, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման՝ պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը (հատոր 1-ին, գ.թ. 10, 60):

17) 14.03.2016 թվականին Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանում մուտքագրվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Բ. Աբրահամյանի 12.03.2016 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» թիվ Ո00317-03158/16 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 50):

18) 14.03.2016 թվականին գրանցման էլեկտրոնային մատյանում «Սահմանափակման տեսակը» բաժնում առկա է հետևյալ գրառումը՝ «Արգելանք» (հատոր, 2-րդ գ.թ. 87):    

19) 17.03.2016 թվականին Կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստորաբաժանումում մուտքագրվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթ բաժնի հարկադիր կատարող Է. Չոբանյանի 12.03.2016 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» թիվ Ո00659-23440/16 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 48):

20) 17.03.2016 թվականին գրանցման էլեկտրոնային մատյանում «Սահմանափակման տեսակը» բաժնում առկա է հետևյալ գրառումը՝ «Սեփականատիրոջ սնանկություն» (հատոր 2-րդ, գ.թ. 88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ, 10-րդ և 32-րդ հոդվածների խախտում, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի դատական ակտը բավարար հիմք է Կոմիտեի կողմից գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այդ մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, (...) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի (...):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածում առկա՝ «սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման» արտահայտության բովանդակությունը հարկավոր է բացահայտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների լույսի ներքո՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների (այսուհետ՝ սահմանափակումներ) պետական գրանցման (…), սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, (…) իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները, (…):

Նույն օրենքի 2-րդ հոդվածով բացահայտված է դրանում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը: Մասնավորապես.

անշարժ գույքի պետական միասնական կադաստր` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար վարվող և կադաստրային քարտեզներում (հատակագծերում) անշարժ գույքի միավորների սահմանների նկարագրության վրա հիմնված անշարժ գույքի մասին տեղեկությունների համակարգված միասնական պետական ռեեստր,

անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում` գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի կադաստրային գնահատման, հաշվառման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տեղեկատվական բանկի ստեղծման և կառավարման միասնական գործառույթ,

գույք` անշարժ գույք՝ հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը,

պետական գրանցում՝ նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ (…) սահմանափակումների ճանաչման, (…) ապահովմանը:

Շարադրված նորմերից բխում է, որ անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների պետական գրանցում, պետական միասնական կադաստրի վարում, այդ թվում նաև՝ գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինն իր առանձնացված (տարածքային) ստորաբաժանումների միջոցով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն՝ դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա:

Նշված իրավանորմով օրենսդիրը դատարանի համար սահմանել է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին անհապաղ ուղարկելու պարտականություն:

Հիշյալ իրավանորմի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնանպատակ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին դատարանի կողմից անհապաղ ուղարկելու վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված պահանջը, քանի որ, ըստ օրենքի կարգավորման նպատակի, նշված նորմով օրենսդիրը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի, ի թիվս այլնի, նաև օտարումն արգելելու նպատակ է հետապնդել:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ իրավանորմով օրենսդիրը դատարանին լիազորություն է վերապահել բացառապես ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդության դեպքում կիրառել ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակման կիրառման, ինչպես նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքը սահմանելով՝ օրենսդիրը հետապնդել է պարտապանի գույքի փոփոխությունը բացառելու նպատակ, ինչն իր հերթին բխում է պարտատերերի շահերն ապահովելու գերակա նպատակից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սահմանափակման հնարավորությունը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքը միմյանց չեն բացառում և հետապնդելով միասնական նպատակ պարտապանի գույքի նկատմամբ իրավազորությունների իրացման սահմանափակման հիմք են հանդիսանում։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ սահմանափակումների պետական գրանցման համար հիմք են դատական ակտերը (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով սահմանափակումների պետական գրանցումն իրականացվում է սահմանափակումը կիրառող մարմնի կողմից ներկայացված դատական ակտի կամ որոշման հիման վրա (…):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գրանցման մատյանը էլեկտրոնային, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև թղթային փաստաթուղթ է, որում պետական գրանցման իրականացման նպատակով գրառվում են անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների հետևյալ համախմբերը՝ սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ընդգրկում են գրանցվող սահմանափակման տեսակը և բնույթը, առկայության դեպքում` ժամկետը, կիրառողը, սահմանափակման պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթի անվանումը և այլ վավերապայմանները:

Նշված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նաև սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որևէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտը ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գրանցման մատյանից և կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք), գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գույքի վերաբերյալ այլ տեղեկությունների, ինչպես նաև կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձևով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները և սահմանափակումները, ինչպես նաև գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները:

Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե տեղեկատվություն տրամադրելու պահի դրությամբ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում մուտքագրված է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա առաջացնում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքը ծանրաբեռնելու հետ կապված գործողություններ կատարելու արգելք, ապա համապատասխան սահմանափակումը պետք է պետական գրանցման ենթարկված լինի գրանցման մատյանում և այդ սահմանափակման մասին տեղեկատվությունն էլ պետք է ներառվի միասնական տեղեկանքում և հայտնվի այն հայցող սուբյեկտին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով Արտավազդ Սիմոնյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 28.12.2015 թվականին տրված թիվ ՄՏ-28122015-03-0249 միասնական տեղեկանքով և 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվությունների տրամադրմանն առնչվող գործողությունները:

ՀՀ վարչական դատարանը, արձանագրելով, որ 28.12.2015 թվականի դրությամբ Կոմիտեում դեռևս մուտքագրված չի եղել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի 27.11.2015 թվականի թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով չկնքված գրությունը, և անշարժ գույքի ռեգիստր Գ. Ալեքսանյանն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել իր միասնական տեղեկանքում նշել Վահան Թերզյանին սնանկ ճանաչելու դիմումը դատարանի վարույթ ընդունելու մասին, ինչպես նաև այն, որ կադաստրի անշարժ գույքի համապատասխան ռեգիստրը 29.12.2015-11.03.2016 թվականների ժամանակահատվածում իրավասու չէր կատարել սեփականատեր Վահան Թերզյանի սնանկության վարույթի սահմանափակման պետական գրանցում, քանի որ դրա համար հիմք կարող է հանդիսանալ բացառապես դատական ակտը, սույն դեպքում՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Չիչոյանի 27.11.2015 թվականի թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով կայացրած «Պարտապաններին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը, որն էլ կադաստրին այդպես էլ չի ներկայացվել (կադաստրային գործում առկա է միայն Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Չիչոյանի 27.11.2015 թվականի թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով չկնքված գրությունը, այլ ոչ թե դատական ակտը 18.07.2016 թվականի վճռով հայցը մերժել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ՀՀ վարչական դատարանի կողմից չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, 06.02.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի՝ Դատարանի 18.07.2016 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը, արձանագրելով, որ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ են, քանի որ տեղեկանքը չի բովանդակել Վահան Թերզյանին սնանկ ճանաչելու հետ կապված Դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 27.11.2015 թվականի որոշման հիման վրա ծագած սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, 09.12.2019 թվականի վճռով Արտավազդ Սիմոնյանի հայցը բավարարել է մասնակի՝ Կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով՝ 09.12.2019 թվականի վճռով ոչ իրավաչափ է ճանաչել Կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները: Նման եզրահանգման գալիս Դատարանն արձանագրել է հետևյալը. «10.03.2016թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Անուշ Վերանյանի կողմից Արամ Հարոյանին տրվել է «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ» թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 Տեղեկանքը, որի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական թիվ 12062013-03-0002) համաձայն 13.06.2013թ. (ս-մ 5720) անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին պայմանագրի 14.06.2013թ. կատարված է գրավի իրավունքի սահմանափակման պետական գրանցում: Վերոհիշյալ Տեղեկանքով այլ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն հայցվորին չի տրամադրվել: Մինչդեռ, սույն վարչական գործով ձեռք բերված վերոհիշյալ ապացույցների հիման վրա դատարանը եզրակացնում է, որ 10.03.2016թ. դրությամբ, այն է՝ Տեղեկանքը տրամադրելու օրվա դրությամբ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի ընդհանուր բաժին դեռևս 29.12.2015թ. N 16354 մուտքով մուտքագրվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015թ. Դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, որի համաձայն՝ Վահան Թերզյանին սնանկ ճանաչելու մասին դիմումն ընդունվել է վարույթ: Վերոհիշյալ դիմումը վարույթ ընդունելու ուժով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (2016 թվականի մարտ ամսվա դրությամբ գործող խմբագրությամբ) 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիման վրա, վերոհիշյալ դիմումը Կադաստրի կոմիտե ներկայացվելու պահից արդեն իսկ առկա են եղել Վահան Թերզյանի գույքի նկատմամբ օրենքի ուժով կիրառված սահմանափակումները: Այսինքն՝ տվյալ դեպքում սահմանափակումների պետական գրանցման համար հիմք հանդիսացող դատական ակտը, այն է՝ Վահան Թերզյանին սնանկ ճանաչելու հետ կապված Դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի 27.11.2015թ. որոշումը Կադաստրի ընդհանուր բաժնում ստացվել է դեռևս 29.12.2015թ.: Նման պայմաններում վերոհիշյալ Որոշման հիման վրա Վահան Թերզյանի գույքի նկատմամբ օրենքի ուժով ծագած սահմանափակումները ենթակա էին գրանցման ակնհայտորեն մինչև 10.03.2016թ. և դրանք պետք է սահմանված կարգով նշվեին տրամադրվող 10.03.2016թ. տեղեկանքում: (....)»:

Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ թիվ ՎԴ3/0075/05/16 վարչական գործով Դատարանի 09.12.2019 թվականի վճիռը մասնակի՝ Կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականի թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի և Դատարանում դատական ծախսերի բաշխման մասով, բեկանվել և փոփոխվել է՝ Արտավազդ Սիմոնյանի հայցն այդ մասով մերժվել է: Վերաքննիչ դատարանը իրավական վերլուծության միջոցով հանգել է հետևության, որ սնանկության գործով սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելուց հետո պարտապանի տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կարող էր կիրառվել բացառապես ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդության հիման վրա դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացված որոշմամբ, այլ ոչ թե սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու որոշման հիմքով: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Անուշ Վերանյանը, կրելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելու պարտականություն, ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, 10.03.2016թ. «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքով ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրել առ այն, որ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ (անշարժ գույքի սեփականության /օգտագործման) իրավունքի գրանցման վկայական թիվ 12062013-03-0002) համաձայն 13.06.2013 թվականի (ս-մ 5720) անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) մասին պայմանագրի 14.06.2013 թվականին կատարված է գրավի իրավունքի սահմանափակման պետական գրանցում (գրավառու «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ), քանի որ 10.03.2016 թվականի դրությամբ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ թիվ ԵՇԴ/0154/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2015 թվականի՝ «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման հիման վրա օրենքի ուժով ծագած սահմանափակումներ առկա չեն եղել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Վահան Թերզյանի լիազորված անձ Արամ Հարոյանը 09.03.2016 թվականին Կոմիտեի աշխատակազմի Արաբկիր սպասարկման գրասենյակ է ներկայացրել դիմում՝ ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ սահմանափակումների տեղեկատվություն տրամադրելու մասին, ի պատասխան որի՝ Կոմիտեի Արարատի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր Անուշ Վերանյանի կողմից Արամ Հարոյանին 10.03.2016 թվականին տրվել է «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ» թիվ ԱՏ-09/03/2016-2-0013 տեղեկանքը՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոցի 6-րդ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական թիվ 12062013-03-0002/ համաձայն՝ 13.06.2013թ. /ս-մ 5720/ անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ մասին պայմանագրի 14.06.2013թ. կատարված է գրավի իրավունքի սահմանափակման պետական գրանցում /գրավառու «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ/»:

Նշված տեղեկանքով այլ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել այն դեպքում, երբ գործում առկա ապացույցներից հետևում է, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Դիմումը վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ 27.11.2015 թվականի որոշումը, համաձայն որի՝ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումն ընդդեմ Վահան Թերզյանի և Լուսինե Հովհաննիսյանի՝ պարտապաններին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, Կոմիտե մուտքագրվել է 29.12.2015 թվականին, հետևաբար տեղեկանքը տրամադրելու օրվա դրությամբ՝ 10.03.2016 թվականին, առկա են եղել Վահան Թերզյանի գույքի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ծագած սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու իրավական հիմքերը, ինչը, սակայն, չի արվել:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ իրավանորմի մեկնաբանությունը չի կարող լինել այնպիսին, որ ավելորդ դարձնի նորմատիվ կարգավորումը, և եթե դատարանն ունի մեկնաբանման երկու հնարավորություն, ապա դատարանը նախընտրություն պետք է տա այն մեկնաբանությանը, որով ավելորդ չի դառնում կարգավորումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման առարկան «ցանկացած անհրաժեշտ սահմանափակում» կիրառելն է այն գույքի նկատմամբ, որը կարող է պատկանել պարտապանին կամ գտնվել նրա տիրապետման կամ օգտագործման ներքո։ Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով օրենսդիրը նպատակ է հետապնդել բացառել պարտապանի գույքի փոփոխությունը կոնկրետ դեպքերի և իրավիճակների համար։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի դատական ակտն արդեն իսկ բավարար հիմք էր Կոմիտեի կողմից ՀՀ, Արարատի մարզի Արգավանդ համայնքի Օդանավակայանի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեի գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, ինչպես նաև այդ սահմանափակման մասին հայտնելու համար։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով ամրագրված կարգավորումը, և այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների իմաստով սահմանափակում կարող է համարվել և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից որպես սահմանափակում գրանցվել բացառապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդության հիման վրա դատարանի կողմից կայացված դատական ակտով ծագած սահմանափակումները, այլ ոչ թե սնանկության մասին դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, կատարվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 39-րդ հոդվածների սխալ մեկնաբանման արդյունքում:

Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, հայցը մասնակի բավարարելիս և Արտավազդ Սիմոնյանի հայցը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 28.12.2015 թվականին տրված թիվ ՄՏ-28122015-03-249 միասնական տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով մերժելիս, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման կողմից 10.03.2016 թվականին տրված թիվ ԱՏ-0/03/2016-2-0013 տեղեկանքով հայտնված տեղեկատվության տրամադրմանն առնչվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով բավարարելիս կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոշարադրյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Սույն որոշմամբ Արտավազդ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը բավարարվում է՝ Վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը բեկանվում և օրինական ուժ է տրվում Դատարանի 09.12.2019 թվականի վճռին, որով լուծվել է նաև դատական ծախսերի բաշխման հարցը:

     Վերաքննիչ դատարանում գործի քննության համար վճարման ենթակա պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված, քանի որ բողոքաբերներ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան պետական տուրքի գումարները վճարվել են (հատոր 7, գթ 17, 41)։

      Նկատի ունենալով, որ Արտավազդ Սիմոնյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ և վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Դատարանի 09.12.2019 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Արտավազդ Սիմոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ենթակա է հատուցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09.12.2019 թվականի վճռին:

2.  Վերաքննիչ վարույթում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3.   ՀՀ կադաստրի կոմիտեից Արտավազդ Սիմոնյանի օգտին բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Արտավազդ Սիմոնյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

4.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան