Գլխավոր տեղեկություն
Համար
N 1296-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1296-Լ

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ․

2) մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում՝ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1296-Լ որոշման

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Ծրագրի նպատակն է մեծացնել գործազուրկի աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։

2. Ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտրոն) տեղեկատվությունը տեղադրում է տարածքային կենտրոնի գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։

3. Ծրագրի շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, մինչև սույն ծրագրի համար դիմում ներկայացնելը գործել է առնվազն երկու տարի անընդմեջ, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, և նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

4. Ծրագրի շրջանակում միանվագ փոխհատուցում է տրամադրվում այն գործատուին, որն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ գումարային 12 ամիս (յուրաքանչյուր տարի 8 ամսից ոչ ավելի) ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկի հետ, ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Գործատուն նպաստառու գործազուրկի հետ սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում կարող է կնքել նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր մինչև 8 ամիս տևողությամբ։

5. Ծրագրի շրջանակներում գործատուին վճարվում է միանվագ փոխհատուցում՝

1) տարածքային կենտրոնում հաշվառված և վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35 տարեկանից բարձր տարիքի յուրաքանչյուր գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 250 000 դրամի չափով.

2) յուրաքանչյուր նպաստառու գործազուրկի աշխատանքի տեղավորման դեպքում՝ 350 000 դրամի չափով, ընդ որում՝ նպաստառու գործազուրկին սեզոնային աշխատանքով ապահովելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման չափը որոշվում է աշխատանքային պայմանագրի ժամկետին համապատասխան, այսինքն՝ 350000/12*n, որտեղ n-ը՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված ամիսների թիվն է:

 

ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

6. Ծրագրի շրջանակներում փոխհատուցում ստանալու նպատակով գործատուն ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով լրացնում է առցանց դիմում՝ կցելով համապատասխան աշխատանքային պայմանագիրը և մուտքագրում աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը։ Գործատուի դիմումն ընդունվում է համակարգի կողմից միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ աշխատանքի ընդունվող անձը գործազուրկ է (նպաստառու գործազուրկ է) և համապատասխանում է սույն ծրագրի 4-րդ կետով նախատեսված չափանիշներին։

7. Գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի, գործատուի և գործազուրկի միջև կնքվում է միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։

8. Ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

9. Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին սույն ծրագրի 4-րդ կետով սահմանված ժամկետներում աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ նշված ժամկետների ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

10. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է գործազուրկների զբաղվածության ապահովման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ՝ նախարարի կողմից սահմանված մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

18.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2022 թվական: