Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.05.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34480/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34480/02/19

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Կ Համբարձումյան

 ՆՄարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի մայիսի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Վեկս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Արամ Խաչատրյանի ընդդեմ «Վեկս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման գումարը և տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արամ Խաչատրյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 20.08.2018 թվականն Ընկերությունում աշխատած ժամանակահատվածի չօգտագործված բոլոր ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարները` միջին աշխատավարձի չափով` հաշվարկված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, բռնագանձել չօգտագործված ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարների նկատմամբ յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տուժանքի գումարը՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Արամ Խաչատրյանի հաշվարկել և բռնագանձել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում միջին աշխատավարձի չափով, 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականն ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքներ՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափն է, և այն ևս բռնագանձել։ Մնացած մասով հայցը մերժվել է։ Ընկերությունից հօգուտ Արամ Խաչատրյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը և Դատարանի 25.02.2021 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վահագն Գասպարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 370-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցապահանջն արձակուրդայինների գումարի բռնագանձումն է, որը կազմում է տվյալ տարվա միջին աշխատավարձի չափով, այսինքն, վերջին մեկ տարվա արձակուրդային գումարը կարող էր լինել 271.435 ՀՀ դրամ, որի համար պետական տուրքը կազմում է 8.143 ՀՀ դրամ, և վերաքննիչ բողոքի համար վճարվել է 8.143 ՀՀ դրամից ավել՝ 10.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումի բովանդակության մեջ և Դատարանի վճռում հայցագնի մասին տեղեկություն առկա չէ այն դեպքում, երբ բողոքաբերը կողմին և Դատարանին տրամադրել է աշխատավարձի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, աշխատավարձերի չափերը՝ փոփոխությունները, ընդ որում` վերաքննիչ բողոքում նշվել են նաև այդ հանգամանքները:

Բացի այդ, բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացվել է միջնորդություն այլ հիմքով, իսկ վերջինս մերժել է տվյալ միջնորդությունը ընդհանրապես այլ հիմքով, բողոքաբերի կողմից գույքային դրության հիմքով պետական տուրքը հետաձգելու միջնորդություն չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանն ըստ էության քննարկել է այլ՝ գոյություն չունեցող միջնորդություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ` բավարարել բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելիս արդյո՞ք բողոք բերողը պարտավոր է հաշվարկել և վճարել պետական տուրք, եթե անհնար է որոշել հայցագնի չափը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են համապատասխան բողոք ներկայացնելիս դրա ձևը և բովանդակությունը պահպանելը (տե՛ս, Արտակ Խաչատրյանի ընդդեմ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.07.2020 թվականի որոշումը):

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (…):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` միևնույն ժամանակ նախատեսելով այդ իրավունքի իրականացման կարգը: Այսպես, օրենսդիրը գործին մասնակցող անձի վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կից ներկայացնելու նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցներ` բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերողն օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Տվյալ դեպքում գործին մասնակցող անձի կողմից վերը նշված պահանջը չպահպանելն օրենսդիրը դիտել է որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը: Միաժամանակ, օրենսդիրը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել դատարան, իսկ նույն դատարանին իրավունք է վերապահել տրամադրված ժամկետում նոր ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, եթե նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրանում չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես, բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե´ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի՝ թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ:

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ պետական տուրքը կազմում է դատական ծախսերի մաս, միաժամանակ սահմանել է, որ դրա վճարման չափերը` ըստ պահանջների և գործը քննող ատյանների, կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է, որ դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, իսկ եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը, և դատարանը դատական ակտով պետք է անդրադառնա գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

Միաժամանակ, արձանագրելով, որ թեև օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասում կարգավորել է միայն դատարան հայցադիմում ներկայացնելիս պետական տուրքի վճարման հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կարգավորումը համապատասխան դեպքերում վերաբերում է նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս պետական տուրքի վճարմանը։ Մասնավորապես՝ այն դեպքում, երբ հայցագնի չափը հնարավոր չէ որոշել նաև բողոքարկվող դատական ակտից, ապա բողոք ներկայացնելիս բողոք բերած անձը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը, իսկ դատական ակտը վերանայող դատարանը հնարավորության դեպքում իր դատական ակտով պետք է անդրադառնա լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 05.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Տվյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դրամական պահանջները վերաբերում են չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման և տուժանքի գումարները բռնագանձելուն, հետևաբար, բողոքաբերը` որպես այդ գումարների չափին տիրապետող իրավասու անձ, պարտավոր է հաշվարկել այդ գումարները և ներկայացնել դրանց երեք տոկոսի չափով պետական տուրքի գումարը։ Միաժամանակ, բողոքաբերը չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և չի ներկայացրել միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 76-77):

Ընկերությունը 07.06.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքին կցելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր: Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է միջնորդություն, որտեղ նշվել է, որ բողոքարկվող դատական ակտից հնարավոր չէ հաշվարկել ամբողջ գումարը, հետևաբար, խնդրել է պետական տուրքի մնացած մասին անդրադառնալ դատական ակտով (հատոր 2-րդ, գ.թ. 84-99):

Վերաքննիչ դատարանը 11.06.2021 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը 05.05.2021 թվականին կայացված որոշմամբ հստակ արձանագրել է, որ վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի չափով դրամական հատուցման, ինչպես նաև այդ գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տուժանքների մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների երեք տոկոսը։ Հետևաբար, տվյալ դեպքում բողոքաբերը, որպես գործատու, պարտավոր էր և կարող էր հաշվարկել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի չափով դրամական հատուցման, ինչպես նաև այդ գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տուժանքների չափը, և քանի որ դրանք իրենց բռնագանձման ենթակա ժամանակահատվածով գերազանցում են մեկ տարին, ապա վերջինս պետք է հաշվարկեր մեկ տարվա համար բռնագանձման ենթակա ամբողջ գումարը և դրա երեք տոկոսի չափով վճարեր պետական տուրք։ Մինչդեռ, բողոքաբերը ոչ միայն չի հաշվարկել և չի ներկայացրել այդ գումարների հաշվարկի մեկ տարվա ընթացքում բռնագանձվելիք գումարի երեք տոկոսի չափով պետական տուրքի գումար, այլ նաև միջնորդելով պետական տուրքի հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով, չի ներկայացրել իր գույքային դրությունը հիմնավորող այնպիսի ապացույցներ, որոնք Վերաքննիչ դատարանին կարող էին հիմք տալ վերջինիս՝ այնպիսի վատ գույքային դրության մեջ գտնվելու մասին հետևության հանգելու, որը տվյալ փուլում կսահմանափակեր վերջինիս՝ դատական պաշտպանության իրավունքը և հիմք կհանդիսանար պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու համար։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերը, ներկայացնելով միջնորդություն, նշել է, որ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձը՝ վճարման ենթակա գումարը կազմում է 271.435 ՀՀ դրամ և եթե դատարանը հաշվարկը կատարի դրանից, ապա պետական տուրքը կազմում է 8.143 ՀՀ դրամ։ Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից վկայակոչված 271.435 ՀՀ դրամը, ըստ վերջինիս պնդման, հանդիսացել է աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձը, մինչդեռ սույն պարագայում դատական ակտը բողոքարկվել է ամենամյա արձակուրդների չվճարված մասի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, որը չի կարող ընկալվել որպես աշխատողի միջին աշխատավարձ, ուստի այդ գումարը չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքը հաշվարկելու համար։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ անգամ միջին աշխատավարձի չափով պետական տուրք հաշվարկելիս տուրքի չափը որոշվում է մեկ տարվա ընթացքում բռնագանձվելիք գումարի երեք տոկոսը, եթե այդ ժամանակահատվածը մեկ տարվանից պակաս չէ, ուստի անգամ, եթե Վերաքննիչ դատարանը պետական տուրքի հաշվարկի համար հիմք ընդուներ միջին աշխատավարձի չափը, ապա պետական տուրքի գումարը կկազմեր՝ 271.435 ՀՀ դրամ*12 ամիս*3 տոկոս, որը հավասար է 97.716,6 ՀՀ դրամի, մինչդեռ, տվյալ դեպքում վճարելով 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար՝ բողոքաբերը չի ներկայացրել այնպիսի փաստարկներ կամ հաշվարկ, որից Վերաքննիչ դատարանը կհանգեր հետևության, որ այդ գումարը կազմում է հայցվորի մեկ տարվա համար բռնագանձման ենթակա չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման և դրա նկատմամբ հաշվեգրվելիք տույժերի գումարի երեք տոկոսը (հատոր 2-րդ, գ.թ. 100-102):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ ոչ Դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից և ոչ էլ Դատարանի վճռից, մասնավորապես՝ դրա եզրափակիչ մասից հնարավոր չէ որոշել, թե չօգտագործված ամենամյա արձակուրդի որքան օրերի համար է հայցվորը վճարման պահանջ ներկայացրել և որքանն է դրանից բավարարվել, հետևաբար հնարավոր չէ որոշել հայցագնի չափը, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 05052021 թվականի որոշման մեջ անդրադարձ չի կատարել հայցագնի և վճարվելիք պետական տուրքի կոնկրետ չափին, այդ պատճառով էլ Ընկերությունը վերացնելով նշված որոշմամբ արձանագրված թերությունները՝ 07.06.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքին կցելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր, իսկ չվճարված մասի վերաբերյալ միջնորդություն այն մասին, որ բողոքարկվող դատական ակտից հնարավոր չէ հաշվարկել բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, հետևաբար, խնդրել է պետական տուրքի մնացած մասին անդրադառնալ դատական ակտով։

Սույն գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ չնայած կողմերի և Դատարանի ձեռնարկած միջոցներին, կողմերի միջև 2007-2009 թվականներին աշխատանքային հարաբերությունների առկայության մասին ապացույցներ չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գթ 70, 110-113, հատոր 2-րդ, 1-3), մինչդեռ հայցվորի պահանջում ներառված է նաև նշված ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի գումարների բռնագանձումը։ Նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է հաստատված համարելու, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ։ Ավելին՝ պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը ևս պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ, ինչպես նաև դրա անհնարինության հետևանքով Դատարանի 25.02.2021 թվականի վճռում բռնագանձվող գումարի կոնկրետ չափը չնշելու հետևանքով բողոքում վիճարկվող բռնագանձման ենթակա գումարի չափը որոշելու անհնարինությամբ։ Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործատուն կարող էր և պարտավոր էր հաշվարկել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունը, քանի որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Ընկերության դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով է մերժել Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 25.02.2021 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/34480/02/19 քաղաքացիական գործով 20.05.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

20.05.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մայիսի 20-ին գրավոր ընթացակարգով քննելով «Վեկս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արամ Խաչատրյանի ընդդեմ «Վեկս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման գումարը և տուժանքի գումարը բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Արամ Խաչատրյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 20.08.2018 թվականն Ընկերությունում աշխատած ժամանակահատվածի չօգտագործված բոլոր ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարները` միջին աշխատավարձի չափով` հաշվարկված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, բռնագանձել չօգտագործված ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարների նկատմամբ յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տուժանքի գումարը՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, ինչպես նաև 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Արամ Խաչատրյանի հաշվարկել և բռնագանձել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում միջին աշխատավարձի չափով, 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականն ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքներ՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափն է, և այն ևս բռնագանձել։ Մնացած մասով հայցը մերժվել է։ Ընկերությունից հօգուտ Արամ Խաչատրյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Ընկերության միջնորդությունը և Դատարանի 25.02.2021 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Վահագն Գասպարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ, 370-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցապահանջն արձակուրդայինների գումարի բռնագանձումն է, որը կազմում է տվյալ տարվա միջին աշխատավարձի չափով, այսինքն, վերջին մեկ տարվա արձակուրդային գումարը կարող էր լինել 271.435 ՀՀ դրամ, որի համար պետական տուրքը կազմում է 8.143 ՀՀ դրամ, և վերաքննիչ բողոքի համար վճարվել է 8.143 ՀՀ դրամից ավել՝ 10.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումի բովանդակության մեջ և Դատարանի վճռում հայցագնի մասին տեղեկություն առկա չէ այն դեպքում, երբ բողոքաբերը կողմին և Դատարանին տրամադրել է աշխատավարձի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, աշխատավարձերի չափերը՝ փոփոխությունները, ընդ որում` վերաքննիչ բողոքում նշվել են նաև այդ հանգամանքները:

Բացի այդ, բողոքաբերի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացվել է միջնորդություն այլ հիմքով, իսկ վերջինս մերժել է տվյալ միջնորդությունը ընդհանրապես այլ հիմքով, բողոքաբերի կողմից գույքային դրության հիմքով պետական տուրքը հետաձգելու միջնորդություն չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանն ըստ էության քննարկել է այլ՝ գոյություն չունեցող միջնորդություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ` բավարարել բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելիս արդյո՞ք բողոք բերողը պարտավոր է հաշվարկել և վճարել պետական տուրք, եթե անհնար է որոշել հայցագնի չափը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են համապատասխան բողոք ներկայացնելիս դրա ձևը և բովանդակությունը պահպանելը (տե՛ս, Արտակ Խաչատրյանի ընդդեմ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/22289/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.07.2020 թվականի որոշումը):

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (…) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (…):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` միևնույն ժամանակ նախատեսելով այդ իրավունքի իրականացման կարգը: Այսպես, օրենսդիրը գործին մասնակցող անձի վրա պարտականություն է դրել վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կից ներկայացնելու նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցներ` բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերողն օրենքով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից կամ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն և բողոքին կցված է կամ բողոքում ներառված է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Տվյալ դեպքում գործին մասնակցող անձի կողմից վերը նշված պահանջը չպահպանելն օրենսդիրը դիտել է որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը: Միաժամանակ, օրենսդիրը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մատնանշված թերությունները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել դատարան, իսկ նույն դատարանին իրավունք է վերապահել տրամադրված ժամկետում նոր ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, եթե նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրանում չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…): Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես, բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման` օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց` արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած` որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե´ս, Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը: Մասնավորապես` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ` գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են` ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը և դրա բողոքարկման ծավալը (տե´ս, ըստ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի դիմումի՝ թիվ ԱՎԴ2/1116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ:

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ պետական տուրքը կազմում է դատական ծախսերի մաս, միաժամանակ սահմանել է, որ դրա վճարման չափերը` ըստ պահանջների և գործը քննող ատյանների, կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է, որ դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, իսկ եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը, և դատարանը դատական ակտով պետք է անդրադառնա գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

Միաժամանակ, արձանագրելով, որ թեև օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասում կարգավորել է միայն դատարան հայցադիմում ներկայացնելիս պետական տուրքի վճարման հարցը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կարգավորումը համապատասխան դեպքերում վերաբերում է նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս պետական տուրքի վճարմանը։ Մասնավորապես՝ այն դեպքում, երբ հայցագնի չափը հնարավոր չէ որոշել նաև բողոքարկվող դատական ակտից, ապա բողոք ներկայացնելիս բողոք բերած անձը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը, իսկ դատական ակտը վերանայող դատարանը հնարավորության դեպքում իր դատական ակտով պետք է անդրադառնա լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 05.05.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ տրամադրելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար: Տվյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դրամական պահանջները վերաբերում են չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդների համար չվճարված հատուցման և տուժանքի գումարները բռնագանձելուն, հետևաբար, բողոքաբերը` որպես այդ գումարների չափին տիրապետող իրավասու անձ, պարտավոր է հաշվարկել այդ գումարները և ներկայացնել դրանց երեք տոկոսի չափով պետական տուրքի գումարը։ Միաժամանակ, բողոքաբերը չի վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը և չի ներկայացրել միջնորդություն` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 76-77):

Ընկերությունը 07.06.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքին կցելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր: Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է միջնորդություն, որտեղ նշվել է, որ բողոքարկվող դատական ակտից հնարավոր չէ հաշվարկել ամբողջ գումարը, հետևաբար, խնդրել է պետական տուրքի մնացած մասին անդրադառնալ դատական ակտով (հատոր 2-րդ, գ.թ. 84-99):

Վերաքննիչ դատարանը 11.06.2021 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը 05.05.2021 թվականին կայացված որոշմամբ հստակ արձանագրել է, որ վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի չափով դրամական հատուցման, ինչպես նաև այդ գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տուժանքների մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների երեք տոկոսը։ Հետևաբար, տվյալ դեպքում բողոքաբերը, որպես գործատու, պարտավոր էր և կարող էր հաշվարկել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականը ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար միջին աշխատավարձի չափով դրամական հատուցման, ինչպես նաև այդ գումարին ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկման ենթակա տուժանքների չափը, և քանի որ դրանք իրենց բռնագանձման ենթակա ժամանակահատվածով գերազանցում են մեկ տարին, ապա վերջինս պետք է հաշվարկեր մեկ տարվա համար բռնագանձման ենթակա ամբողջ գումարը և դրա երեք տոկոսի չափով վճարեր պետական տուրք։ Մինչդեռ, բողոքաբերը ոչ միայն չի հաշվարկել և չի ներկայացրել այդ գումարների հաշվարկի մեկ տարվա ընթացքում բռնագանձվելիք գումարի երեք տոկոսի չափով պետական տուրքի գումար, այլ նաև միջնորդելով պետական տուրքի հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով, չի ներկայացրել իր գույքային դրությունը հիմնավորող այնպիսի ապացույցներ, որոնք Վերաքննիչ դատարանին կարող էին հիմք տալ վերջինիս՝ այնպիսի վատ գույքային դրության մեջ գտնվելու մասին հետևության հանգելու, որը տվյալ փուլում կսահմանափակեր վերջինիս՝ դատական պաշտպանության իրավունքը և հիմք կհանդիսանար պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու համար։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ բողոքաբերը, ներկայացնելով միջնորդություն, նշել է, որ աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձը՝ վճարման ենթակա գումարը կազմում է 271.435 ՀՀ դրամ և եթե դատարանը հաշվարկը կատարի դրանից, ապա պետական տուրքը կազմում է 8.143 ՀՀ դրամ։ Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից վկայակոչված 271.435 ՀՀ դրամը, ըստ վերջինիս պնդման, հանդիսացել է աշխատողի վերջին մեկ տարվա միջին աշխատավարձը, մինչդեռ սույն պարագայում դատական ակտը բողոքարկվել է ամենամյա արձակուրդների չվճարված մասի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, որը չի կարող ընկալվել որպես աշխատողի միջին աշխատավարձ, ուստի այդ գումարը չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքը հաշվարկելու համար։ Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ անգամ միջին աշխատավարձի չափով պետական տուրք հաշվարկելիս տուրքի չափը որոշվում է մեկ տարվա ընթացքում բռնագանձվելիք գումարի երեք տոկոսը, եթե այդ ժամանակահատվածը մեկ տարվանից պակաս չէ, ուստի անգամ, եթե Վերաքննիչ դատարանը պետական տուրքի հաշվարկի համար հիմք ընդուներ միջին աշխատավարձի չափը, ապա պետական տուրքի գումարը կկազմեր՝ 271.435 ՀՀ դրամ*12 ամիս*3 տոկոս, որը հավասար է 97.716,6 ՀՀ դրամի, մինչդեռ, տվյալ դեպքում վճարելով 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար՝ բողոքաբերը չի ներկայացրել այնպիսի փաստարկներ կամ հաշվարկ, որից Վերաքննիչ դատարանը կհանգեր հետևության, որ այդ գումարը կազմում է հայցվորի մեկ տարվա համար բռնագանձման ենթակա չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման և դրա նկատմամբ հաշվեգրվելիք տույժերի գումարի երեք տոկոսը (հատոր 2-րդ, գ.թ. 100-102):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ ոչ Դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից և ոչ էլ Դատարանի վճռից, մասնավորապես՝ դրա եզրափակիչ մասից հնարավոր չէ որոշել, թե չօգտագործված ամենամյա արձակուրդի որքան օրերի համար է հայցվորը վճարման պահանջ ներկայացրել և որքանն է դրանից բավարարվել, հետևաբար հնարավոր չէ որոշել հայցագնի չափը, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 05052021 թվականի որոշման մեջ անդրադարձ չի կատարել հայցագնի և վճարվելիք պետական տուրքի կոնկրետ չափին, այդ պատճառով էլ Ընկերությունը վերացնելով նշված որոշմամբ արձանագրված թերությունները՝ 07.06.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքին կցելով 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի անդորրագիր, իսկ չվճարված մասի վերաբերյալ միջնորդություն այն մասին, որ բողոքարկվող դատական ակտից հնարավոր չէ հաշվարկել բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, հետևաբար, խնդրել է պետական տուրքի մնացած մասին անդրադառնալ դատական ակտով։

Սույն գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ չնայած կողմերի և Դատարանի ձեռնարկած միջոցներին, կողմերի միջև 2007-2009 թվականներին աշխատանքային հարաբերությունների առկայության մասին ապացույցներ չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գթ 70, 110-113, հատոր 2-րդ, 1-3), մինչդեռ հայցվորի պահանջում ներառված է նաև նշված ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի գումարների բռնագանձումը։ Նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է հաստատված համարելու, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ։ Ավելին՝ պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը ևս պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ, ինչպես նաև դրա անհնարինության հետևանքով Դատարանի 25.02.2021 թվականի վճռում բռնագանձվող գումարի կոնկրետ չափը չնշելու հետևանքով բողոքում վիճարկվող բռնագանձման ենթակա գումարի չափը որոշելու անհնարինությամբ։ Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործատուն կարող էր և պարտավոր էր հաշվարկել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունը, քանի որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խախտվել է Ընկերության դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով է մերժել Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջինիս զրկելով Դատարանի 25.02.2021 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացրել է:

Դրանից ելնելով՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ՝

1) «որ ոչ Դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից և ոչ էլ Դատարանի վճռից, մասնավորապես՝ դրա եզրափակիչ մասից հնարավոր չէ որոշել, թե չօգտագործված ամենամյա արձակուրդի որքան օրերի համար է հայցվորը վճարման պահանջ ներկայացրել և որքանն է դրանից բավարարվել».

2) «սույն գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ չնայած կողմերի և Դատարանի ձեռնարկած միջոցներին, կողմերի միջև 2007-2009 թվականներին աշխատանքային հարաբերությունների առկայության մասին ապացույցներ չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գթ 70, 110-113, հատոր 2-րդ, 1-3), մինչդեռ հայցվորի պահանջում ներառված է նաև նշված ժամանակահատվածի չօգտագործված ամենամյա արձակուրդի գումարների բռնագանձումը։ Նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է հաստատված համարելու, որ տվյալ դեպքում Ընկերության կողմից 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ։ Ավելին՝ պետական տուրքի չվճարված մասի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը ևս պայմանավորված է հայցագինը որոշելու անհնարինությամբ, ինչպես նաև դրա անհնարինության հետևանքով Դատարանի 25.02.2021 թվականի վճռում բռնագանձվող գումարի կոնկրետ չափը չնշելու հետևանքով բողոքում վիճարկվող բռնագանձման ենթակա գումարի չափը որոշելու անհնարինությամբ»։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ գործատուն կարող էր և պարտավոր էր հաշվարկել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը»։

 

Կարծում ենք, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Նախ, ցանկանում ենք նշել, որ սույն գործի փաստերից չի բխում Վճռաբեկ դատարանի նշած այն շարժառիթը, թե իբրև «ոչ Դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից և ոչ էլ Դատարանի վճռից, մասնավորապես՝ դրա եզրափակիչ մասից հնարավոր չէ որոշել, թե չօգտագործված ամենամյա արձակուրդի որքան օրերի համար է հայցվորը վճարման պահանջ ներկայացրել և որքանն է դրանից բավարարվել»:

Այսպես՝ սույն գործով հայցվորի ներկայացրած պահանջն այդ առումով որոշակի է՝ հայցվորը պահանջել է «Վեկս» ՍՊԸ-ին պարտավորեցնել իրեն վճարել իր՝ 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 20.08.2018 թվականն ընկած ժամանակահատվածում «Վեկս» ՍՊԸ-ում աշխատելու ընթացքում չօգտագործված բոլոր ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարները՝ միջին աշխատավարձի չափով՝ հաշվարկված ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով: Բացի այդ, հայցվորը պահանջել է նաև բռնագանձել չօգտագործված բոլոր ամենամյա արձակուրդների համար նախատեսված հատուցման գումարների նկատմամբ յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տուժանքի գումարը՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը:

Դատարանը, իր հերթին հայցը բավարարելով մասնակիորեն, վճռել է Ընկերությունից հօգուտ Արամ Խաչատրյանի հաշվարկել և բռնագանձել 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականն ու 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականն ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում միջին աշխատավարձի չափով, 01.06.2007 թվականից մինչև 08.01.2009 թվականը և 01.04.2009 թվականից մինչև 01.04.2018 թվականն ընկած ժամանակահատվածների չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարին հաշվարկել ու բռնագանձել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով հաշվարկվող տուժանքներ՝ սկսած 06.09.2019 թվականից մինչև պարտավորության կատարման օրը, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափն է, և այն ևս բռնագանձել։ Այսինքն՝ դատարանի վճիռն այդ պահանջների առումով ևս որոշակի է, որից ակնհայտ է պահանջի բավարարված մասը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում որոշված հայցագնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն (ի նկատի է ունեցվել 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափի որոշման առումով որոշակի բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը՝ ըստ էության, սահմանելով, որ այս դեպքում հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված պետական տուրքի չափը: Ընդ որում, նշված կանոնը գործում է նաև վերաքննիչ դատարան բողոք բերելու ժամանակ:

Տվյալ դեպքում կարծում ենք, որ բացակայում էր պատասխանողին ընդհանուր կանոնի համաձայն պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելու իրավական հիմքը, և վերջինս պարտավոր էր վերաքննիչ բողոքը դատարան ներկայացնելու համար վճարել պետական տուրք բավարարված հայցագնի հիման վրա, քանի որ, հիմք ընդունելով համապատասխան իրավական կարգավորումները, պատասխանող-գործատուի համար առավել քան ակնհայտ է, թե որքան կարող էր կազմել սույն գործով հայցագինը հայցը նման չափով բավարարվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այն, որ դատական ակտն ուժի մեջ մտնելու դեպքում ինքն է հանդիսանում այն կատարող պարտապանը:

Ինչ վերաբերում է երկրորդ շարժառիթին, ապա նման բողոքի հիմք վճռաբեկ բողոքում նշված չէ, այդ առումով Վճռաբեկ դատարանը դուրս է եկել բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որի պատճառով չեմ անդրադառնում դրա հիմնավոր կամ անհիմն լինելու հարցին։

 

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան