Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2022
Ընդունող մարմին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
22.07.2022
Ստորագրող մարմին
Հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2022

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հուլիսի 2022 թ․

N 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել կուսակցության տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն Հավելված N 1-ի:

2. Սահմանել կուսակցության տարեկան հաշվետվության լրացման և հրապարակման, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն Հավելված N 2-ի:

3. Սահմանել կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն Հավելված N 3-ի:

4. Սույն Որոշման Հավելված N 2-ի 39-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունների վրա։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանձնաժողովի նախագահ`

Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

ք. Երևան

 

Հավելված N 1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 

2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման

 

Հավելված N 2

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 

2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կուսակցության տարեկան հաշվետվության լրացման և հրապարակման, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ՝ տարեկան հաշվետվություն) լրացնելու և հրապարակելու, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները։

2. Տարեկան հաշվետվության լրացման համար հաշվետու տարի է համարվում այն տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ ընկած ժամանակահատվածը, որի վերաբերյալ կուսակցությունը Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն, ընդ որում՝ հաշվետու տարվա ընթացքում կուսակցության պետական գրանցման կամ լուծարման դեպքում հաշվետու տարի է համարվում, համապատասխանաբար, պետական գրանցման ամսաթվից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը կամ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև լուծարման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը:

3. Տարեկան հաշվետվության լրացման համար օգտագործվում է Հանձնաժողովի կողմից սահմանած տարեկան հաշվետվության էլեկտրոնային ձևը (այսուհետ՝ Էլեկտրոնային ձև), որի ներբեռնման հղումը հասանելի է Հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում:

4. Կարգի իմաստով թերթը էլեկտրոնային ձևի ստորին հատվածում առկա համապատասխան անվանումով առանձին թերթ է (Sheet)։

5. Տարեկան հաշվետվությունը լրացվում է՝ չփոփոխելով ներբեռնված էլեկտրոնային ձևում առկա uահմանափակումները և տվյալների վավերացումը:

6. Տարեկան հաշվետվությունը համարվում է թերի կամ սխալ նաև այն դեպքում, եթե պարտադիր լրացման ենթակա դաշտի առկայության դեպքում այն չի պարունակում պահանջվող տեղեկությունը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ։

7. Եթե հաշվետու տարվա ընթացքում կուսակցությունը փաստացի գործունեություն չի ծավալել, դրամական կամ ոչ դրամական միջոցների հոսքեր չեն եղել, ապա լրացվում են միայն էլեկտրոնային ձևի «Ընդհանուր» թերթի տեղեկությունները և կատարվում է համապատասխան նշում՝ հաշվետու տարվա ընթացքում ընթացիկ ֆինանսական գործունեություն չծավալելու, գույք չօգտագործելու, ծրագրեր չիրականացնելու, դրամական կամ ոչ դրամական հոսքեր չունենալու վերաբերյալ:

8. Պետական գրանցման ենթակա գույքի վերաբերյալ գործարքները տարեկան հաշվետվության մեջ արտացոլվում են պետական գրանցման ամսաթվով։

9. Տարեկան հաշվետվության մեջ առկա բոլոր այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել հասցե, առկա տեղեկությունները լրացվում են հետևյալ հերթականությամբ՝ մարզ, համայնք (Երևան քաղաքի դեպքում՝ Երևան), ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար:

10. Տարեկան հաշվետվության մեջ առկա այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել գնահատվող գումար, գնահատումն իրականացվում է դրամական նյութական միավորի շուկայական արժեքով, որը հավասար է համեմատելի հանգամանքներում նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սովորաբար գանձվող գումարին կամ այն գնին, որով գույքի, աշխատանքների կամ ծառայության մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել, իսկ դրա արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է ձեռք բերել այն, իսկ այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել գույքի կադաստրային արժեքը, ապա կադաստրային արժեքը լրացվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, իսկ գույքի օտարման գործարքների դեպքում՝ գույքի օտարման պահի դրությամբ:

11. Տարեկան հաշվետվության մեջ արտարժույթով գործարքների դեպքում գործարքի գումարն արտացոլվում է ՀՀ դրամով՝ ելնելով գործարքի օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Տարեսկզբի և տարեվերջի դրությամբ առկա դրամական միջոցները վերագնահատվում են՝ ելնելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

12. Տարեկան հաշվետվության մեջ առկա բոլոր այն դաշտերը, որոնցում պահանջվում է լրացնել ամսաթիվ, տվյալները լրացվում են հետևյալ հերթականությամբ՝ օր/ամիս/տարի:

13. Տարեկան հաշվետվությունը Օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) hրապարակելուց հետո՝ եռօրյա ժամկետում, դրա հրապարակման փաստը հավաստող ապացույցի հետ պետք է ներկայացվի Հանձնաժողով։

14. Տարեկան հաշվետվությունը ներկայացվում է հրապարակման, ինչպես նաև Հանձնաժողով՝ Հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

15. Տարեկան հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը հավաստող ապացույցը Հանձնաժողով են ներկայացվում՝

 1) էլեկտրոնային կրիչով՝ առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ

 2) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կամ

 3) Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով:

16. Տարեկան հաշվետվությունը համարվում է սահմանված ժամկետում ներկայացված, եթե՝

 1) առձեռն՝ էլեկտրոնային կրիչով ներկայացնելու դեպքում այն հանձնվել է մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա աշխատանքային ժամի ավարտը,

 2) փոստային առաքմամբ ներկայացնելու դեպքում այն կապի կազմակերպությանն է հանձնվել մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա ժամը 24:00-ն,

 3) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ներկայացնելու դեպքում այն ուղարկվել է մինչև սահմանված վերջնաժամկետի օրվա աշխատանքային ժամի ավարտը:

 

ԳԼՈՒԽ 2

«ԸՆԴՀԱՆՈՒՐ»

 

17. «Ընդհանուր» թերթում լրացվում են կուսակցության մասին հետևյալ տեղեկությունները՝

1) «Կուսակցության անվանում» տողում լրացվում է կուսակցության լրիվ անվանումը՝ ըստ կուսակցության կանոնադրության,

2) «Կուսակցության գրանցման ամսաթիվ» տողում լրացվում է կուսակցության պետական գրանցման ամսաթիվը,

3) «Կուսակցության ամփոփ տվյալներ» տողում լրացվում են կուսակցության վերաբերյալ ընդհանուր ամփոփ տեղեկություններ՝ անդամների թիվը, կուսակցության գաղափարախոսությունը, դրա հիմքում ընկած արժեքները և այլն,

4) «Կուսակցության աշխատակիցների միջին թվաքանակ» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կուսակցության աշխատակիցների թվի միջին թվաբանական արժեքը՝ կլորացված դեպի առաջին ամբողջ թիվը,

5) «Կուսակցության հասցե» տողում լրացվում է կուսակցության գտնվելու վայրի հասցեն,

6) «Կուսակցության ինտերնետային կայք» տողում, առկայության դեպքում, լրացվում է կուսակցության ինտերնետային կայքի հղումը:

18. «Ընդհանուր» թերթի «1.1 Ղեկավար անձնակազմ» աղյուսակում լրացվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնում, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում՝ այդ ղեկավար մարմնում (այսուհետ՝ Ղեկավար մարմին) հաշվետու տարվա որևէ ժամանակահատվածում պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի անունը և ազգանունը՝ ըստ անձնագրային տվյալների,

 3) 3-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի սեռը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի՝ տվյալ պաշտոնի ստանձնման ամսաթիվը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է Ղեկավար մարմնում պաշտոն զբաղեցնող անձի՝ տվյալ պաշտոնի դադարեցման ամսաթիվը (եթե պաշտոնը դադարեցվել է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում)։

19. «Ընդհանուր» թերթի «1.2 Տարածքային ստորաբաժանումներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության կանոնադրությամբ սահմանված տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գտնվելու վայրի հասցեն,

 3) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գործունեության մարզը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գործունեության սկզբի ամսաթիվ, ընդ որում գործունեության սկզբի ամսաթիվ է համարվում կուսակցության տարածքային ստորաբաժանման հիմնելու մասին որոշման ընդունման ամսաթիվը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման գործունեության վերջի ամսաթիվը (եթե տվյալ ստորաբաժանման գործունեությունը դադարեցվել է հաշվետու ժամանակաշրջանում), ընդ որում գործունեության վերջի ամսաթիվ է համարվում կուսակցության տարածքային ստորաբաժանման գործունեությունը դադարեցնելու մասին որոշման ընդունման ամսաթիվը։

20. «Ընդհանուր» թերթի «1.3 Հետազոտություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից հրապարակված կուսակցության գաղափարախոսության, ծրագրային նպատակների և հանրային քաղաքականության հարցերի մասին հետազոտությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է հրապարակման վերնագիրը,

 3) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ հետազոտության տեսակը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է տվյալ հետազոտության հրապարակման ամսաթիվը,

 5) 5-րդ սյունակում առկայության դեպքում լրացվում է տվյալ հետազոտության ինտերնետային հղումը:

 

ԳԼՈՒԽ 3

«ՄՈՒՏՔԵՐ ԵԼՔԵՐ»

 

21. «Մուտքեր Ելքեր» թերթում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության մուտքերի և ելքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) «1.1․1 Պետական ընդհանուր ֆինանսավորում» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում ստացված Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բյուջետային ֆինանսավորման գումարի ընդհանուր չափը, ընդ որում՝ 2021 թվականի տարեկան հաշվետվության դեպքում այս դաշտում լրացվում է ստացված պետական ընդհանուր ֆինանսավորման գումարի ընդհանուր չափը,

2) «1.1․2 Պետական նպատակային ֆինանսավորում» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքով սահմանված կարգով ստացված նպատակային պետական ֆինանսավորման գումարի ընդհանուր չափը,

3) «1.2.1 Նվիրատվություններ» տողում լրացվում է ֆիզիկական անձանցից ստացված դրամական նվիրատվությունների և օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված դրամական նվիրատվությունների գումարների ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի և «1.2 Oրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված դրամական նվիրատվություններ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

4) «1.2.2 Բնեղենով նվիրատվություններ» տողում լրացվում է կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքների կամ ծառայությունների, տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցների, անշարժ գույքը կուսակցության անհատույց օգտագործմանը հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց ոչ դրամական նվիրատվությունների գումարների ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 2» թերթի «2.1 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքների կամ ծառայություններ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի, «2.2 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի, «2.3 Անշարժ գույքը կուսակցության անհատույց օգտագործմանը հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքեր» աղյուսակի 7-րդ սյունակում լրացված բոլոր տողերի ինչպես նաև «2.4 Ֆիզիկական անձանց ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակի 5-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

5) «1.3.1 Մուտքի վճարներ» տողում լրացվում է կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարների (այսուհետ՝ մուտքի վճար) ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

6) «1.3.2 Անդամավճարներ» տողում լրացվում է սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարների (այսուհետ՝ անդամավճար) ընդհանուր չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 3» թերթի «3.2 Անդամավճարներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

7) «1.4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» տողում լրացվում է կուսակցության անշարժ գույքի վաճառքից առաջացած դրամական միջոցների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

8) «1.4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» տողում լրացվում է կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից առաջացած դրամական միջոցների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 4» թերթի «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակի 6-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

9) «1.5.1 Ստացված վարկեր և փոխառություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած վարկերի և փոխառությունների ընդհանուր գումարի չափը,

10) «1.5.2 Բանկային ավանդների գծով ստացված տոկոսներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության բանկային ավանդների գծով փաստացի ստացված տոկոսների ընդհանուր գումարի չափը։ Ավանդի ներդրումը կամ դրա վերադարձը չի ներառվում, համապատասխանաբար ելքերում կամ մուտքերում,

11) «1.6 Կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» տողում լրացվում է կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած շահաբաժինների ընդհանուր գումարի չափը, որը հավասար է «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակի 4-րդ սյունակում լրացված բոլոր տողերի հանրագումարին,

12) «1.7 Այլ մուտքեր» տողում առկայության դեպքում լրացվում է նախորդ տողերում չնշված, սակայն մուտք եղած այլ դրամական կամ ոչ դրամական միջոցների գումարի ընդհանուր չափը,

13) «2.1 Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ տողում» լրացվում է աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումների, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարների դրամական և ոչ դրամական միջոցների ընդհանուր գումարի չափը,

14) «2.2 Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում վճարված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների ընդհանուր գումարի չափը,

15) «2.3 Կոմունալ վճարներ» տողում լրացվում է հետևյալ ծառայությունների մատուցման համար վճարված ընդհանուր գումարի չափը՝

ա. էլեկտրաէներգիայի օգտագործում,

բ. ջրամատակարարում,

գ. գազամատակարարում,

դ. կենտրոնական ջեռուցում,

ե. տաք ջրամատակարարում,

զ. կոյուղի,

է. սանմաքրում,

ը. ինտերնետային,

թ․ հեռախոսակապի,

ժ․ այլ,

16) «2.4 Գույքի վարձակալության վճարներ» տողում լրացվում է Կուսակցության կողմից վարձակալված գույքի դիմաց հաշվետու տարվա ընթացքում կատարած վարձակալական վճարների հանրագումարը,

17) «2.5 Անշարժ գույքի ձեռքբերման վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված վճարների հանրագումարը,

18) «2.6 Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կատարված վճարների հանրագումարը,

19) «2.7 Ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից ապրանքանյութական արժեքների ձեռքբերմանն ուղղված դրամական միջոցների, այդ թվում՝ դրանց գծով տրված կանխավճարների հանրագումարը,

20) «2.8 Տրանսպորտային ծախսերի գծով վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության կողմից տրանսպորտային ծախսերի դիմաց կատարված վճարների հանրագումարը՝ բացառությամբ այլ տողերում ներառված ծախսերի (աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարներ, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ, ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ և այլն),

21) «2.9 Գործուղման ծախսերի գծով վճարներ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության աշխատակից հանդիսացող անձի գործուղման համար ՀՀ օրենսդրության սահմանաչափերը չգերազանցող գործուղման ծախսերի դիմաց կատարված վճարների հանրագումարը,

22) «2.10 Այլ ելքեր» տողում առկայության դեպքում լրացվում է նախորդ տողերում չնշված այլ դրամական կամ ոչ դրամական ելքերի ընդհանուր չափը:

 

ԳԼՈՒԽ 4

«ԳՈՒՅՔ»

 

22. «Գույք» թերթի «2.1 Տարեվերջի դրությամբ առկա անշարժ գույք» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ դրա բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,

3) 3-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ վկայականի համարը,

4) 4-րդ սյունակում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որում, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքերը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), բացվող ցանկից առանձին-առանձին ընտրվում են անշարժ գույքի համապատասխան տեսակները,

5) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ գույքի համառոտ նկարագիրը,

6) 6-րդ սյունակում լրացվում են տարեկան հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

23. «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» և «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակներում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության անշարժ գույքի հետ իրականացված գործարքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրը՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրը,

 3) 3-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ սեփականության վկայականի համարը,

 4) 4-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որում, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքերը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), բացվող ցանկից առանձին-առանձին ընտրվում են անշարժ գույքի համապատասխան տեսակները,

 5) 5-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար գույքի կադաստրային կամ շուկայական արժեքը՝ ՀՀ դրամով,

 6) 6-րդ սյունակներում լրացվում է գործարքի գումարը՝ ՀՀ դրամով։ Նվիրատվության դեպքում այս դաշտում նշվում է՝ 0,

 7) 7-րդ սյունակներում լրացվում են. 2.2. աղյուսակի դեպքում՝ անշարժ գույքի ձեռքբերման արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն հաշվարկված ոչ դրամային մուտքերը (բնեղենով նվիրատվությունը), 2.3. աղյուսակի դեպքում՝ անշարժ գույքի օտարման արդյունքում Օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվարկված նվիրատվությունից մուտքերը (կուսակցության օգտին կատարվող նվիրատվություններ)։

 8) 8-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի գործարքի համապատասխան տեսակը, «Այլ» տողն ընտրելու դեպքում հարկավոր է տալ բացատրություն «Այլ տվյալներ» դաշտում,

 9) 9-րդ սյունակներում լրացվում է գործարքի պետական գրանցման ամսաթիվը,

 10) 10-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

 11) 11-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,

 12) 12-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

24. «Գույք» թերթի «2.4 Տարեվերջի դրությամբ առկա տրանսպորտային միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշը՝ ըստ հաշվառման վկայագրի,

3) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի սերիան՝ ըստ հաշվառման վկայագրի,

4) 4-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը՝ ըստ հաշվառման վկայագրի,

5) 5-րդ սյունակում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը՝ ըստ հաշվառման վկայագրի,

6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

25. «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության տրանսպորտային միջոցների հետ իրականացված գործարքների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի մակնիշը՝ ըստ հաշվառման վկայագրի,

 3) 3-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի սերիան՝ ըստ հաշվառման վկայագրի,

 4) 4-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը՝ ըստ հաշվառման վկայագրի,

 5) 5-րդ սյունակներում լրացվում է տվյալ տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը՝ ըստ հաշվառման վկայագրի,

 6) 6-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է տրանսպորտային միջոցի հետ իրականացրած գործարքի համապատասխան տեսակը։ «Այլ» տողն ընտրելու դեպքում հարկավոր է տալ բացատրություն «Այլ տվյալներ» դաշտում,

 7) 7-րդ սյունակներում սույն Կարգի 10-րդ կետի համաձայն լրացվում է տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը։ Նվիրատվության դեպքում այս դաշտում նշվում է՝ 0,

 8) 8-րդ սյունակում լրացվում է գործարքի գումարը՝ ՀՀ դրամով,

 9) 9-րդ սյունակներում լրացվում են․ 2․5․ աղյուսակի դեպքում՝ տրանսպորտային միջոցի ձեռքբերման արդյունքում Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն կուսակցության մոտ ձևավորված խնայողության (բնեղենով նվիրատվությունը), 2․6․ աղյուսակի դեպքում՝ տրանսպորտային միջոցի օտարման արդյունքում Օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվարկված նվիրատվությունից մուտքերը (կուսակցության օգտին կատարվող նվիրատվություններ)։

 10) 10-րդ սյունակներում լրացվում է գործարքի պետական գրանցման ամսաթիվը,

 11) 11-րդ սյունակներում լրացվում են գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

 12) 12-րդ սյունակներում լրացվում է գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,

 13) 13-րդ սյունակներում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 5

«ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

26. «Պարտավորություններ» թերթի «3.1. Պարտավորություններ բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) նկատմամբ կուսակցության պարտավորությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է ֆինանսական կազմակերպության լրիվ անվանումը,

 3) 3-րդ սյունակում լրացվում է ֆինանսական կազմակերպության գրանցման հասցեն` ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում,

 4) 4-րդ սյունակում լրացվում է վարկի տեսակը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է վարկի արժույթը,

 6) 6-րդ սյունակում լրացվում է վարկի մայր գումարի մնացորդը արժույթով,

 7) 7-րդ սյունակում լրացվում է պարտավորության պայմանագրի կնքման ամսաթիվը,

 8) 8-րդ սյունակում լրացվում է վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը,

 9) 9-րդ սյունակում լրացվում է պարտավորության վերջնաժամկետի ամսաթիվը,

 10) 10-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

27. «Պարտավորություններ» թերթի «3.2. Ստացված փոխառություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության ստացված փոխառությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

2) 2-րդ սյունակում լրացվում է փոխատու ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

3) 3-րդ սյունակում լրացվում է փոխատուի հաշվառման կամ գրանցման վայրի հասցեն, դրա անհնարինության դեպքում՝ փաստացի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն,

4) 4-րդ սյունակում լրացվում է փոխատու ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ՀՎՀՀ-ն,

5) 5-րդ սյունակում լրացվում է փոխառության արժույթը,

6) 6-րդ սյունակում լրացվում է փոխառության մայր գումարի մնացորդը համապատասխան արժույթով,

7) 7-րդ սյունակում լրացվում է փոխառության պայմանագրի կնքման ամսաթիվը,

8) 8-րդ սյունակում լրացվում է փոխառության տարեկան անվանական տոկոսադրույքը,

9) 9-րդ սյունակում լրացվում է փոխառության վերջնական մարման վերջնաժամկետի ամսաթիվը,

10) 10-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

28. «Պարտավորություններ» թերթի «3.3. Կրեդիտորական պարտքեր» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության կրեդիտորական պարտքերի հանրագումարը։

29. «Պարտավորություններ» թերթի «3.4. Այլ պարտավորություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կուսակցության այլ պարտավորությունների հանրագումարը։

 

ԳԼՈՒԽ 6

«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 1»

 

30.«Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանցից ստացված դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անունը, ազգանունը՝ ըստ բանկային հաշվի քաղվածքում ներառված համապատասխան տվյալների,

 3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անձը հաստատող փաստաթղթի համարը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության արժույթը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է նվիրատվության գումարը՝ համապատասխան արժույթով,

 6) 6-րդ սյունակում նվիրատվությունը արտարժույթով արված լինելու դեպքում նվիրատվության գումարը ՀՀ դրամով լրացվում է՝ ելնելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

 7) 7-րդ սյունակում լրացվում է նվիրատվության ամսաթիվը՝ ըստ բանկային հաշվի քաղվածքում ներառված համապատասխան տվյալների,

 8) 8-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

31. «Ծանոթագրություն 1» թերթի «1.2 Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատվության արժույթը,

 3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատվության գումարը՝ համապատասխան արժույթով,

 4) 4-րդ սյունակում նվիրատվությունը արտարժույթով տրված լինելու դեպքում լրացվում է նվիրատվության գումարը ՀՀ դրամով՝ ելնելով գործարքի օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,

 5) 5-րդ սյունակում լրացվում է Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 7

«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2»

 

32. «Ծանոթագրություն 2» թերթի «2.1 Անշարժ գույքի ձեռքբերման և օտարման գծով հաշվարկված նվիրատվություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն կուսակցության անշարժ գույքի գծով հաշվարկված նվիրատվությունների գումարի ընդհանուր չափը, որը հավասար է «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» և «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակների 7-րդ սյունակներում լրացված բոլոր տողերի հանրագումարին։

33. «Ծանոթագրություն 2» թերթի «2.1 Տրանսպորտային միջոցների գծով հաշվարկված նվիրատվություններ» տողում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն կուսակցության տրանսպորտային միջոցների գծով հաշվարկված նվիրատվությունների գումարի ընդհանուր չափը, որը հավասար է «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակների 9-րդ սյունակներում լրացված բոլոր տողերի հանրագումարին։

34. «Ծանոթագրություն 2» թերթի «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ կամ ծառայություններ» աղյուսակում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներից կամ մատուցված ծառայություններից ստացված մուտքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է կուսակցության օգտին անհատույց աշխատանք կատարած կամ ծառայություն մատուցած ֆիզիկական անձի դեպքում՝ անունը ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

 3) 3-րդ սյունակում նկարագրվում է ստացված աշխատանքի կամ ծառայության բնույթը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է ստացված աշխատանքի կամ ծառայության գնահատվող գումարը ՀՀ դրամով` հիմք ընդունելով սույն Կարգի 10-րդ կետը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է աշխատանքի կամ ծառայության ստացման ամսաթիվը,

 6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

35. Աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի համարվում կամավոր աշխատանք, եթե դրանց կատարման համար պահանջվում է որոշակի մասնագիտական որակավորում, դրանց դիմաց աշխատանք կատարողը կամ ծառայություններ մատուցողը այլ դեպքերում սովորաբար ստանում է հատուցում, և աշխատանքի կամ ծառայության մատուցման տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը:

36.«Ծանոթագրություն 2» թերթի «2.4 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում կուսակցությանը ու նրա անդամներին հատուցված միջոցների, իսկ դրանց որոշման անհնարինության դեպքում՝ այդ միջոցառումներին մասնակցության նպատակով ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված օրապահիկի և գիշերավարձի ծախսերի համար սահմանված գումարների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է հատուցող կազմակերպության (գործընկերոջ) անվանումը,

 3) 3-րդ սյունակում լրացվում է հատուցող կազմակերպության (գործընկերոջ) գտնվելու վայրի հասցեն,

 4) 4-րդ սյունակում լրացվում է ուսումնառության, վերապատրաստման, համաժողովների, սեմինարների ու նմանատիպ այլ միջոցառումների նկարագիրը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է ուսումնառության, վերապատրաստման, համաժողովների սեմինարների ու նմանատիպ այլ միջոցառումների անցկացման վայրը,

 6) 6-րդ սյունակում լրացվում է միջոցառման գնահատվող գումարը,

 7) 7-րդ սյունակում լրացվում է միջոցառման սկզբի ամսաթիվը,

 8) 8-րդ սյունակում լրացվում է միջոցառման ավարտի ամսաթիվը,

 9) 9-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

37. «Ծանոթագրություն 2» թերթի «2.5 Անշարժ գույքը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքեր» աղյուսակում լրացվում են անշարժ գույքը Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն շուկայական արժեքից (շուկայական արժեքը որոշվում է համաձայն՝ Հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման Հավելվածի 89-րդ կետի) էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու արդյունքում հաշվարկված ոչ դրամային մուտքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ դրա բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,

 3) 3-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքը կադաստրային ծածկագիրը կամ սեփականության վկայականի համարը,

 4) 4-րդ սյունակում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը, ընդ որում, եթե հողամասը և դրա վրա ամրակայված մեկ կամ մի քանի անշարժ գույքը հաշվառված են մեկ համարի ներքո (տրված է մեկ սեփականության վկայական), բացվող ցանկից առանձին-առանձին ընտրվում են անշարժ գույքի համապատասխան տեսակները,

 5) 5-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային արժեքը,

 6) 6-րդ սյունակում լրացվում է գործարքի գումարը ՀՀ դրամով,

 7) 7-րդ սյունակում լրացվում է Օրենքի 24-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն հաշվարկված ոչ դրամային մուտքը (բնեղենով նվիրատվությունը)

 8) 8-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործմանը հանձնելու ամսաթիվը,

 9) 9-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործմանը հանձնելու ժամկետը,

 10) 10-րդ սյունակում լրացվում է գույքի սեփականատեր ֆիզիկական անձի դեպքում անունը և ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը,

 11) 11-րդ սյունակում լրացվում է գույքի սեփականատիրոջ հաշվառման կամ գրանցման հասցեն

 12) 12-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

38. «Ծանոթագրություն 2» թերթի «2.6 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակում լրացվում են նախորդ աղյուսակներում չներառված այլ ոչ դրամական նվիրատվությունների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անունը և ազգանունը՝ ըստ անձնագրային տվյալների,

 3) 3-րդ սյունակում լրացվում է նվիրատուի անձը հաստատող փաստաթղթի համարը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է նվիրատվության առարկան,

 5) 5-րդ սյունակում նվիրատվության գնահատվող գումարը՝ հիմք ընդունելով Կարգի 10-րդ կետը,

 6) 6-րդ սյունակում անշարժ գույքի դեպքում լրացվում է համապատասխան գործարքի պետական գրանցման ամսաթիվը, իսկ այլ տեսակի նվիրատվության դեպքում՝ ֆիզիկական անձանց կողմից նվիրատվության առարկայի՝ կուսակցությանը փաստացի փոխանցման ամսաթիվը,

 7) 7-րդ սյունակում լրացվում է Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 8

«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 3»

 

39.«Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» և «3.2 Անդամավճարներ» աղյուսակներում կուսակցության կանոնադրությամբ մուտքի վճար կամ անդամավճար սահմանված լինելու դեպքում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում, համապատասխանաբար, մուտքի վճարների և անդամավճարների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է մուտքի վճար կամ անդամավճար վճարած անձի անունը, ազգանունը՝ ըստ անձնագրային տվյալների,

 3) 3-րդ սյունակում լրացվում է մուտքի վճար կամ անդամավճար վճարած անձի անձը հաստատող փաստաթղթի համարը,

 4) 4-րդ սյունակում լրացվում է մուտքի վճարի կամ անդամավճարի գումարի չափը՝ ՀՀ դրամով,

 5) 5-րդ սյունակում լրացվում է մուտքի վճարի կամ անդամավճարի վճարման ամսաթիվը,

 6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 9

«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 4»

 

40.«Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» և «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակներում համապատասխանաբար լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության անշարժ գույքի վաճառքից և վարձակալության հանձնումից ստացված մուտքերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակներում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակներում լրացվում է տվյալ անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը կամ վկայականի համարը,

 3) 3-րդ սյունակներում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն՝ ըստ սեփականության իրավունքի վկայականում նշված տվյալների, իսկ բացակայության դեպքում՝ գույքի փաստացի գտնվելու վայրի հասցեն,

 4) 4-րդ սյունակներում բացվող ցանկից ընտրվում է անշարժ գույքի համապատասխան տեսակը,

 5) 5-րդ սյունակներում լրացվում է համապատասխանաբար առքուվաճառքի կամ վարձակալության պայմանագրի՝ պետական գրանցման ամսաթիվը,

 6) 6-րդ սյունակներում լրացվում է տվյալ անշարժ գույքի համապատասխանաբար վաճառքից կամ վարձակալության հանձնումից ստացված մուտքերի գումարի չափը՝ ՀՀ դրամով,

 7) 7-րդ սյունակներում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 10

«ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ 5»

 

41. «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների կողմից կուսակցությանը փոխանցած միջոցների (շահաբաժինների) վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

 1) 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,

 2) 2-րդ սյունակում լրացվում է ընկերության լրիվ անվանումը՝ համաձայն կուսակցության կանոնադրության,

 3) 3-րդ սյունակում լրացվում է ընկերության կանոնադրական կապիտալում կուսակցության մասնաբաժինը՝ տոկոսային արտահայտությամբ,

 4) 4-րդ սյունակում լրացվում է կուսակցության շահաբաժնի գումարի չափը,

 5) 5-րդ սյունակում լրացվում է ընկերության՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված ֆինանսական շահույթի կամ վնասի ընդհանուր գումարի չափը,

 6) 6-րդ սյունակում լրացվում են Հաշվետվությունը ներկայացնող անձի կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ։

 

Հավելված N 3

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 

2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ

 

1. Կուսակցության տարեկան հաշվետվության հրապարակման ոչ ենթակա տվյալներն են՝

1) «Գույք» թերթի «2.1 Տարեվերջի դրությամբ առկա անշարժ գույք» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

 ա) հասցե,

 բ) կադաստրային ծածկագիր կամ վկայականի համար,

 գ) այլ տվյալներ,

2) «Գույք» թերթի «2.2 Տարվա ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ» կամ «2.3 Տարվա ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) հասցե,

 բ) կադաստրային ծածկագիր կամ վկայականի համար,

 գ) գործարքի կողմի անուն, ազգանուն կամ անվանում,

 դ) գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցե,

 ե) այլ տվյալներ,

3) «Գույք» թերթի «2.4 Տարեվերջի դրությամբ առկա տրանսպորտային միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նույնականացման համար,

բ) այլ տվյալներ,

4) «Գույք» թերթի «2.5 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքներ» և «2.6 Տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների օտարման գործարքներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) նույնականացման համար,

բ) գործարքի կողմի անուն, ազգանուն կամ անվանում,

գ) գործարքի կողմի հաշվառման կամ գրանցման վայրի հասցե,

դ) այլ տվյալներ,

5) «Պարտավորություններ» թերթի «3.1. Պարտավորություններ բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) հասցե,

բ) այլ տվյալներ,

6) «Պարտավորություններ» թերթի «3.2. Ստացված փոխառություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) փոխատուի հաշվառման կամ գրանցման վայրի հասցե,

բ) փոխատուի անձը հաստատող փաստաթղթի համար կամ ՀՎՀՀ,

գ) այլ տվյալներ,

7) «Ծանոթագրություն 1» թերթի «1.1 Ֆիզիկական անձանց դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի անձը հաստատող փաստաթղթի համար,

բ) այլ տվյալներ,

8) «Ծանոթագրություն 1» թերթի «1.2 Օրենքով սահմանված չափը գերազանցող կամ չթույլատրված աղբյուրներից ստացված և չվերադարձված նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) այլ տվյալներ,

9) «Ծանոթագրություն 2» թերթի «2.3 Կուսակցության օգտին անհատույց կատարված աշխատանքներ և մատուցված ծառայություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) անուն, ազգանուն կամ անվանում,

բ) այլ տվյալներ,

10) «Ծանոթագրություն 2» թերթի «2.4 Տեղական և միջազգային համագործակցության շրջանակներում կուսակցությանն ու նրա անդամներին ուսումնառության, վերապատրաստման, համաժողովներին, սեմինարներին ու նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցության նպատակով հատուցված համապատասխան միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) հատուցողի հասցե,

բ) այլ տվյալներ,

11) «Ծանոթագրություն 2» թերթի «2.5 Անշարժ գույքը շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու արդյունքում հաշվարկված մուտքեր» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) հասցե,

բ) կադաստրային ծածկագիր կամ վկայականի համար,

գ) վարձատուի հաշվառման կամ գրանցման հասցե,

դ) այլ տվյալներ,

12) «Ծանոթագրություն 2» թերթի «2.6 Այլ ոչ դրամական նվիրատվություններ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) նվիրատուի անձը հաստատող փաստաթղթի համար,

բ) այլ տվյալներ,

13) «Ծանոթագրություն 3» թերթի «3.1 Մուտքի վճարներ» և «3.2 Անդամավճարներ» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) անձը հաստատող փաստաթղթի համար,

բ) այլ տվյալներ,

14) «Ծանոթագրություն 4» թերթի «4.1 Կուսակցության անշարժ գույքի վաճառքից մուտքեր» և «4.2 Կուսակցության անշարժ գույքի վարձակալության հանձնումից մուտքեր» աղյուսակներում ներառված հետևյալ տվյալները`

ա) կադաստրային ծածկագիր կամ վկայականի համար,

բ) հասցե,

գ) այլ տվյալներ,

15) «Ծանոթագրություն 5» թերթի «5.1 Կուսակցության հիմնադրած զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ» աղյուսակում ներառված հետևյալ տվյալները`

ա) զանգվածային լրատվության միջոցների և հրատարակչությունների՝ հաշվետու տարվա գործունեությամբ ստացված շահույթ կամ վնաս,

բ) այլ տվյալներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան