Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-63-Ո-Կ-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.07.2022
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

18 հուլիսի 2022 թ.

ԲԴԽ-63-Ո-Կ-15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Ս. Չիչոյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Մ. Մակյանի,

Ս. Միքայելյանի,
Ա. Մխիթարյանի, 
 

Վ. Քոչարյանի,

   

Արդարադատության նախարարի տեղակալ

Գ. Մինասյանի,

   

Արդարադատության նախարարի

ներկայացուցիչ
 

 

Հ. Սանոյանի,

Ա. Սուջյանի,

 

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

դատավոր

Վ. Գրիգորյանի,

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 56-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2022 թվականի մարտի 11-ին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Վարդան Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը։

Նախարարի 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի թիվ 56-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը, վկայակոչելով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասը, 135-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 137-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, մասնավորապես, նշել է․

«Քննարկվող գործի հիմքում ընկած քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև դրանից հետո նախաքննության ընթացքում կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելու, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելու մասին դատարանի որոշումներով հաստատվել է Ամբաստանյալի նկատմամբ կալանավորման ձևով խափանման միջոցի կիրառման պայմանների՝ հիմնավոր կասկածի և հիմքերի՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականության առկայությունը:

Մինչդեռ Գործով Դատարանը գրավի թույլատրելիության հարցը լուծելիս որոշման պատճառաբանական մասում միայն անդրադարձ է կատարել Ամբաստանյալի կողմից ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականության հարցին՝ արձանագրելով հետևյալ. «(…) Սույն գործով դատարանը գտնում է, որ քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը թեպետ առկա է, սակայն այդպիսի հավանականությունը ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել և նվազ բնույթ է կրում, քանի որ անձը չի կարող այդ նույն հիմքով անվերջ պահվել անազատության մեջ և որոշակի ժամանակ անց անձին պետք է որոշակի երաշխիքների դիմաց ազատ արձակվելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռվի: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախկինում այլ ենթադրյալ արարքներ կատարած լինելու կամ դատապարտված լինելու հիմքով անձին, առանց հաշվի առնելու ներկայիս մեղսագրվող արարքի բնույթը, դրսևորած այլ վարքագիծը, տրամադրվող երաշխիքի բնույթը, հնարավոր է անվերջ պահել անազատության մեջ, ինչն իրավաչափ չէ, քանի որ կարող է հավասարեցվել պատժի կրման հետ:

Այլ խոսքով՝ նախկինում դատապարտված լինելու փաստի առկայության պայմաններում, ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականության հիմքով, առանց ծանրակշիռ փաստերի, անձին մինչև քննվող քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը որոշակի երաշխիքների տրամադրման պայմանով ազատ արձակվելու հնարավորության հարցը չքննարկելն իրավաչափ չէ (…)»:

Արդյունքում, կարող ենք փաստել, որ տվյալ դեպքում Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին այն պայմաններում, երբ սույն քրեական գործով նախկինում Ամբաստանյալի նկատմամբ քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում, չի պարզաբանել, թե արդյոք գրավի կիրառումը չեզոքացնում է Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը: Նշված հանգամանքները Դատարանի կողմից ընդհանրապես գնահատման չեն ենթարկվել, ուստի առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալներ հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու՝ հնարավոր չէ ենթադրություն անել Ամբաստանյալի հետագա վարքագծի վերաբերյալ: Արդյունքում, Դատարանը, անտեսելով նշված հիմքը, բավարարել է պաշտպանի միջնորդությունը:

Հարկ է նշել նաև, որ Դատավորն իր բացատրությամբ ընդհանրապես չի անդրադարձել նշված հանգամանքին:»։

Միջնորդությամբ Նախարարը միաժամանակ նշել է. «Քննարկվող դեպքում Դատարանը որպես նոր հանգամանք մատնանշել է, որ Ամբաստանյալը վատառողջ է, ունի բուժման կարիք և վերջինիս խնամքին է գտնվում մանկահասակ երեխա: Մինչդեռ, Դատարանի որոշումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինիս կողմից մատնանշված հանգամանքներն ու Ամբաստանյալին բնութագրող տվյալները դատարանին հայտնի են եղել նաև նախկինում և դրանից որևէ մեկը դատարանի կողմից որպես նոր հանգամանք դիտարկվել չէր կարող: Մասնավորապես, նշված հանգամանքները դատարանին հայտնի լինելու մասին է վկայում գործի նյութերում առկա՝ 13.02.2020 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու մասին թիվ ԵԴ/0083/06/20 որոշումը, որի համաձայն. «(…) 12.02.2020 թվականի դատական նիստի ժամանակ քննիչը ներկայացրեց դատարանին ուղղված մեղադրյալ Գ. Գևորգյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ առողջական վատ վիճակի պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իրեն տեղափոխում են հիվանդանոց, միաժամանակ խնդրել է միջնորդությունը քննել իր բացակայությամբ, սակայն իր պաշտպանի մասնակցությամբ (…)»:

«(…) Դատական նիստի ժամանակ մեղադրյալի պաշտպանը նշել է, որ եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա միջնորդում է թույլատրելի ճանաչել գրավի մուծման երաշխիքով իր պաշտպանյալին կալանքից ազատելու հնարավորությունը, խնդրեց հաշվի առնել, որ մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական կողմերով, նրա խնամքին են գտնվում իր և եղբոր երեխաները …»:»:

Բացի այդ միջնորդությամբ Նախարարը նշել է. «Քննարկվող դեպքում Դատարանը 27.10.2021 թվականի որոշման մեջ չի պատճառաբանել, թե ինչ հանգամանքներն ու փաստական տվյալներն են հիմք հանդիսացել, որ Ամբաստանյալի կողմից ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել է և նվազ բնույթ է կրում: Դատական ակտը հիմնավորված չէ, քանի որ Դատարանը չի անդրադարձել Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին, չի պարզաբանել, թե արդյոք գրավի կիրառումը չեզոքացնում է Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը: Նշված հանգամանքները Դատարանի կողմից ընդհանրապես գնահատման չեն ենթարկվել, ուստի առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալներ հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու՝ հնարավոր չէ ենթադրություն անել Ամբաստանյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար՝ հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է ընդգծել այն, որ Դատարանի կողմից անհիմն և չպատճառաբանված դատական ակտ կայացնելու հետևանքով ամբաստանյալը հայտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում թաքնվել է քննությունից, ձեռնարկված միջոցառումներով նրա գտնվելու վայրը չի պարզվել, քրեական գործով վարույթը կասեցվել է և հայտարարվել հետախուզում:

 Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների։ Մասնավորապես նման փաստական հանգամանքների պայմաններում, Դատավորը, ունենալով բավարար գործիքակազմ և միջոցներ՝ պատճառաբանված դատական ակտ կայացնելու և ներկայացված փաստական տվյալները գնահատելու համար, կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, չի անդրադարձել Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին, խախտել է պաշտպանության կողմի միջնորդությամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը սահմանող դատավարական նորմի պահանջը, որը նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ և այդպիսով հեղինակազրկում դատական իշխանությունը:»։

 Նախարարը ներկայացված միջնորդությամբ նշել է նաև, որ Դատարանը, գործով քննության առնելով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի (այսուհետ նաև՝ Ամբաստանյալ) պաշտպան Արթուր Մանուկյանի միջնորդությունն Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում է կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ: Դատարանի հիշյալ որոշումը պատճառաբանված չէ, մասնավորապես Դատարանը որոշման մեջ չի անդրադարձել, թե որ հանգամանքներն ու փաստական տվյալներն են հիմք հանդիսացել, որ Ամբաստանյալի կողմից ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել է և նվազ բնույթ է կրում: Դատարանը գրավի թույլատրելիության հարցը լուծելիս որոշման պատճառաբանական մասում ընդհանրապես չի անդրադարձել և գնահատման ենթարկել Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին այն պայմաններում, երբ տվյալ քրեական գործով նախկինում Ամբաստանյալի նկատմամբ քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում, չի պարզաբանել, թե արդյոք գրավի կիրառումը չեզոքացնում է Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը: Բացի այդ, Ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառած լինելու դեպքում պաշտպանության կողմի միջնորդությամբ նրան կալանքից ազատ արձակելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վկայակոչվում են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք տվյալ քրեական գործով հայտնի չէին, կամ չէին կարող հայտնի լինել: Դատարանը որպես նոր հանգամանք մատնանշել է, որ Ամբաստանյալը վատառողջ է, ունի բուժման կարիք և վերջինիս խնամքին է գտնվում մանկահասակ երեխա: Մինչդեռ, Դատարանի որոշումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինիս կողմից մատնանշված հանգամանքներն ու Ամբաստանյալին բնութագրող տվյալները Դատարանին հայտնի են եղել նաև նախկինում և դրանից որևէ մեկը Դատարանի կողմից՝ որպես նոր հանգամանք, դիտարկվել չէր կարող։

Գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը Նախարարին ներկայացրել է բացատրություն և պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին, որոնցով հայտնել է․ «Կրկին ուսումնասիրելով իմ կողմից 27.10.2021թ. կայացված որոշումը` գտնում եմ, որ կարգապահական վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

Նշված որոշմամբ, ի թիվս այլոց, արձանագրվել է, որ.

- Գ.Գևորգյանի կողմից ենթադրաբար կատարած վերջին քրեորեն պատժելի արարքից հետո մինչև անազատության մեջ հայտնվելը, տևական ժամանակ այլ արարք կատարած լինելու վերաբերյալ որևէ տեղեկություններ առկա չեն, այսինքն այդ ժամանակահատվածում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ,

- հաշվի է առնվել այն, որ գործի դատաքննության ընթացքում վերջինս դրսևորել է պատշաճ վարքագիծ, իր իրավունքներից օգտվել է բարեխղճորեն,

- հաշվի է առնվել այն, որ ըստ վերջինիս հայտարարության` ազատության մեջ գտնվելով աշխատելու է,

- նման հանգամանքների հետ միաժամանակ հաշվի է առնվել այն, որ Գ.Գևորգյանը վատառողջ է, ունի բուժման կարիք, վերջինիս խնամքին է գտնվում մանկահասակ երեխան, ինչպիսի փաստական տվյալները քննարկելով պաշտպանի կողմից առաջարկվող գրավի գումարի չափի հետ, եզրահանգում է կատարվել, որ խափանման միջոց «Կալանավորումից» բացի այլ խափանման միջոց «Գրավը» կարող է ապահովել Գ.Գևորգյանի պատշաճ վարքագիծը:

Դատարանի նման հետևությունը բխել է նաև նրանից, որ գրավով ազատ արձակված անձի կողմից գործի քննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ արարքի կատարումը կարող է հանգեցնել գրավը պետության եկամուտ դարձնելուն, ինչի վերաբերյալ 24.04.2020թ.-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով ավելի հստակ ընթացակարգեր սահմանվեցին, իսկ սույն պարագայում, հաշվի առնելով Գ.Գևորգյանի ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, դատարանը գտել է, որ պաշտպանի կողմից առաջարկված գումարի չափով գրավ վճարելը և այդ գումարի կորստի մտավախությունը բավարար երաշխիք կարող է հանդիսանալ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը ապահովելու համար:

Այսինքն աշխատելու պատրաստակամություն հայտնելը, առողջական վիճակը, խնամքին մանկահասակ երեխա ունենալը և վճարված գրավի գումարի կորստի ռիսկն իրենց համակցության մեջ գնահատելով, եզրահանգում է կատարվել, որ ամբաստանյալը կդրսևորի պատշաճ վարքագիծ:

Այս տեսանկյունից նաև հարկ է նկատել, որ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դրա կիրառման հիմքերը, խափանման միջոցի տեսակը որոշվում են ոչ թե անհերքելի ապացույցների առկայությամբ, այլ խափանման միջոցի հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, իսկ վերը նշված հիմնավորումների համակցությամբ կանխատեսում է կատարվել, որ ամբաստանյալը կդրսևորի պատշաճ վարքագիծ, ինչը թեպետ տեղի չի ունեցել, սակայն դրա բացասական հետևանքներն արդեն իսկ ամբաստանյալը կրել է՝ գրավը պետական եկամուտ դարձնելու որոշում է կայացվել, իսկ նրա հայտնաբերումից հետո գործի քննությունը շարունակվելու է:

Հետևաբար մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հավանական վարքագիծը պատճառաբանվել է և նման եզրահանգում է կատարվել գործում առկա փաստական տվյալներ պարունակող նյութերի և ապացույցների վերլուծության արդյունքում, իսկ նման պատճառաբանության հետ չհամաձայնվելը, այդ թվում` վերադաս դատական ատյանի կողմից, չի կարող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ, քանի որ այն կարող է վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Հարկ է նշել նաև, որ հակառակ դեպքում ստացվում է, թե վերադաս դատական ատյանի կողմից ցանկացած դատական ակտի բեկանումը, քրեական հետապնդման մարմինների այլ կարծիք ունենալը, բեկանված դատական ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում, ինչը ոչ միայն ոչ իրավաչափ և անթույլատրելի է, այլ ավելին` կիմաստազրկի վերաքննության կամ վճռաբեկության կարգով բողոքարկման ինստիտուտը:

Նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ակտի բեկանումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, հաշվի առնելով այն, որ իմ կողմից վերը նշված որոշումը կայացվել է գործում առկա փաստական տվյալները և ապացույցները գնահատելու արդյունքում, ուստի գտնում եմ, որ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման: (...)

Վարույթ հարուցած անձն իր 2022 թվականի հունիսի 10-ի որոշմամբ գտել է, որ Դատարանը 27.10.2021թ որոշմամբ, իսկ Դատավորն իր բացատրությամբ ընդհանրապես չի անդրադարձել Ամբաստանյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկին, այնինչ և՛ որոշմամբ և՛ բացատրությամբ նշվել են այն հանգամանքները, որոնք թույլ են տվել եզրահանգում կատարել, որ որոշակի գումարային երաշխիքի դիմաց ազատ արձակվելով ամբաստանյալը կդրսևորի պատշաճ վարքագիծ, այդ թվում՝ կներկայանա վարույթն իրականացնող մարմնի կանչով: Այդ հանգամանքներից են՝ գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ, իր իրավունքներից օգտվել է բարեխղճորեն, ազատության մեջ գտնվելով պատրաստակամություն է հայտնել աշխատել, վատառողջ է, ունի բուժման կարիք, խնամքին է գտնվում մանկահասակ երեխան: Հետևաբար, թեպետ ուղղակիորեն նշված չէ «այդ հանգամանքները թույլ են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը չի թաքնվի քննությունից» կամ «կներկայանա վարույթն իրականացնող մարմնի կանչով», սակայն նշված է, որ «Գրավը» կարող է ապահովել Գ.Գևորգյանի «պատշաճ վարքագիծը», ինչը վերաբերվում է նաև վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուն:

Վարույթ հարուցած անձն իր 2022 թվականի հունիսի 10-ի որոշմամբ նշել է նաև, որ նման ակտ կայացնելու հետևանքով ամբաստանյալը հայտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում թաքնվել է քննությունից, ձեռնարկված միջոցառումներով նրա գտնվելու վայրը չի պարզվել, քրեական գործի վարույթը կասեցվել է, սակայն Վարույթ հարուցած անձը հաշվի չի առել, որ ամբաստանյալի Հայաստանի Հանրապետության սահմանահատումը սահմանափակված է, իսկ նրան հայտնաբերելը զուտ ժամանակի խնդիր է, ինչպես նաև հաշվի չի առնվել այն, որ ազատ արձակվելու դիմաց գումարային երաշխիք թողնելը ձևական բնույթ չի կրում, այն պետական եկամուտ դարձնելու մտավախությունը կարող է զսպող մեխանիզմ հանդիսանալ, իսկ սույն դեպքում այդ գումարն արդեն իսկ պետական եկամուտ դարձնելու որոշում է կայացվել:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Գ.Գևորգյանն արդեն իսկ հայտնաբերվել է, տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հետևաբար, եթե նույնիսկ ամբաստանյալի թաքնվելու հետևանքով քրեական գործի վարույթը կասեցվել է, ապա ներկայումս կասեցման հիմք ծառայած հանգամանքը վերացել է և գործի քննությունը պետք է շարունակվի:

Նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատական ակտի բեկանումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, հաշվի առնելով այն, որ իմ կողմից վերը նշված որոշումը կայացվել է ներկայացված փաստական տվյալները և ապացույցները գնահատելու արդյունքում, իսկ վերաքննիչ դատարանն էլ իր որոշմամբ նշված փաստական տվյալների կամ ապացույցների ակնհայտ սխալ` ներկայացված նյութերից չբխող գնահատականներ տալու փաստ չի արձանագրել, ուստի գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:»։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Դատարանը, 2021 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով, քննության առնելով ամբաստանյալի պաշտպան Արթուր Մանուկյանի միջնորդությունն Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոշում է կայացրել այն բավարարել՝ գրավի չափ սահմանելով 1,500,000 ՀՀ դրամ:

2) Դատարանը, որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով Ամբաստանյալի կողմից ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականության հարցին՝ արձանագրել է հետևյալը. «(…) Սույն գործով դատարանը գտնում է, որ քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականությունը թեպետ առկա է, սակայն այդպիսի հավանականությունը ժամանակի ընթացքում որոշակիորեն փոփոխվել և նվազ բնույթ է կրում, քանի որ անձը չի կարող այդ նույն հիմքով անվերջ պահվել անազատության մեջ և որոշակի ժամանակ անց անձին պետք է որոշակի երաշխիքների դիմաց ազատ արձակվելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռվի: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նախկինում այլ ենթադրյալ արարքներ կատարած լինելու կամ դատապարտված լինելու հիմքով անձին, առանց հաշվի առնելու ներկայիս մեղսագրվող արարքի բնույթը, դրսևորած այլ վարքագիծը, տրամադրվող երաշխիքի բնույթը, հնարավոր է անվերջ պահել անազատության մեջ, ինչն իրավաչափ չէ, քանի որ կարող է հավասարեցվել պատժի կրման հետ:

 Այլ խոսքով՝ նախկինում դատապարտված լինելու փաստի առկայության պայմաններում, ապագայում քրեական օրենքով արգելված արարք կատարելու հավանականության հիմքով, առանց ծանրակշիռ փաստերի, անձին մինչև քննվող քրեական գործով վերջնական դատական ակտ կայացնելը որոշակի երաշխիքների տրամադրման պայմանով ազատ արձակվելու հնարավորության հարցը չքննարկելն իրավաչափ չէ:

 Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կողմից ենթադրաբար կատարած վերջին քրեորեն պատժելի արարքից հետո մինչև անազատության մեջ հայտնվելը, տևական ժամանակ այլ արարք կատարած լինելու վերաբերյալ որևէ տեղեկություններ առկա չեն, այսինքն այդ ժամանակահատվածում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ, դրա հետ միաժամանակ հաշվի առնելով այն, որ սույն գործի դատաքննության ընթացքում է վերջինս դրսևորել պատշաճ վարքագիծ, իր իրավունքներից օգտվել է բարեխղճորեն, ինչպես նաև ըստ վերջինիս հայտարարության՝ ազատության մեջ գտնվելով աշխատելու է, նման հանգամանքների հետ միաժամանակ հաշվի առնելով, որ ամբաստանյալը ներկայումս վատառողջ է, ունի բուժման կարիք, վերջինիս խնամքին է գտնվում մանկահասակ երեխան, ինչպիսի փաստական տվյալները քննարկելով պաշտպանի կողմից առաջարկվող գրավի գումարի չափի հետ, դատարանը գտնում է, որ խափանման միջոց «Կալանավորումից» բացի այլ խափանման միջոց «Գրավը» կարող է ապահովել ամբաստանյալի վարքագիծը:

 Հետևաբար նման պայմաններում հաշվի առնելով այն, որ թեպետ ամբաստանյալը նախկինում դատապարտված եղել է, ներկայումս մեկ այլ քրեական գործով ևս ունի ամբաստանյալի կարգավիճակ, սակայն առաջարկվող երաշխիքը էականորեն բարձր է, ուստի այս ամենի համակցությամբ դատարանը գտնում է, որ 1,500,000 ՀՀ դրամի չափով գումարային երաշխիքի տրամադրումը կարող է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:»:

 3) 2021 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի կողմից, որի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի հունվարի 12-ին որոշում է կայացրել դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին՝ բեկանելով Դատարանի որոշումը և խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնելով անփոփոխ:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի դիրքորոշումները, Դատավորի պատասխանը և գրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին՝

1 արդյո՞ք թիվ ԵԴ/0471/01/21 քրեական գործով 2021 թվականի հոկտեմբերի 27-ին կայացված որոշմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում,

2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումն առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպատական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:

Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Հաջորդիվ, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն իր 05.04.2021 թվականին կայացված թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ(…)»:

Տվյալ դեպքում, Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում հավելել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումներից բխում է, որ եթե նույնիսկ դատավորի կատարած արարքում առերևույթ առկա են վերջինիս պատասխանատվության ենթարկելու նույն օրենսգրքով սահմանված հիմքերը, սակայն վերջինիս կատարած խախտումը կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, ապա կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող:

Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումների Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…):

01.07.1998 թվականին ընդունված և 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…):

Վճռաբեկ դատարանն անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու դատավարական գործողության կատարման վերաբերյալ կայուն նախադեպային իրավունք է ձևավորել, որում ընդգծելով անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը, միաժամանակ նաև հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել է քրեադատավարական այս ընթացակարգի՝ անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները։

Ա.Ճուղուրյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(….) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ (տե՛ս Արամ Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը):

Դ. Ալիխանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումները դատարանը պետք է հիմնավորի գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Այլ խոսքով՝ անհրաժեշտ է կիրառել դատական ակտի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ` կալանքը գրավով փոխարինելը մերժելու մասին դատարանի հետևությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով և ոչ թե բավարարվել ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքով (…)» (տե՛ս Դավիթ Ալիխանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԱՔԴ/0138/06/12 որոշման 13-րդ կետը):

Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով սույն կարգապահական վարույթի նյութերը, միջնորդության հիմքերը և հիմնավորումները՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում խափանման միջոցի ընտրության կամ փոփոխության հարցի քննարկումը և համապատասխան որոշման կայացումը գործը քննող դատարանի իրավասությունն է, այսինքն յուրաքանչյուր գործով դատարանը, հիմք ընդունելով համապատասխան քրեական գործի փաստերը, նյութերը, որոշում է կայացնում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, այն գրավով փոխարինելու կամ համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ, միաժամանակ օրենսդիրը, երաշխավորելու համար դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն կառուցակարգեր, սահմանել է նաև դատարանի կողմից կայացված որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման բողոքարկման ինստիտուտը։ Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ դատարանների կողմից կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ու դրա արդյունքում նաև դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի ենթադրյալ խախտումները պետք է քննարկման առարկա դարձվեն, վերացվեն նախ բողոքարկման ընթացակարգերի կիրառմամբ։

Հաջորդիվ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:

Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (տես՝ Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

Վերոշարադրյալը հիմք ընդունելով՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ քրեադատավարական վարույթում համապատասխան խափանման միջոցի ընտրության կամ փոփոխության հարցերը պատկանում են բացառապես գործը քննող դատարանի իրավասությանը, իսկ սույն կարգապահական վարույթում Դատավորին վերագրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները թեև հաստատվել են վերադաս դատական ատյանի կողմից, այդուհանդերձ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ արդեն իսկ վերացվել են Դատարանի կողմից թույլ տրված խախտումները, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է գտնում Դատավորի արարքը գնահատել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում:

Սույն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի արարքը դատավարության մասնակցի համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել, բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ արդեն իսկ վերացվել են ենթադրյալ խախտումները, հաշվի առնելով Դատավորի փորձառությունը նաև քրեական գործերի քննության ոլորտում, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավոր Վարդան Գրիգորյանի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը:

Ուստի, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Վարդան Գրիգորյանի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ պԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Ս. Չիչոյան

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

 

 

Մ. ՄԱԿՅԱՆ

 

Ս․ Միքայելյան

Ա. Մխիթարյան
   

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: