Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.08-2022.08.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում      

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0159/04/16

2022 թ.    

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0159/04/16

Նախագահող դատավոր՝

 Լ. Գրիգորյան 

 

 Ա. Պետրոսյան

 Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Բիո Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: 

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 21112016 թվականի վճռով Կոմիտեի դիմումը բավարարվել է։

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.12.2019 թվականի որոշմամբ բավարարվել է Կոմիտեի դիմումը՝ Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում գրանցելու մասին։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Կ. Չիլինգարյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջնորդությունը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը, մերժվել են։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյանը (ներկայացուցիչ Վիրաբ Դավթյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ արժանահավատ չի համարել բողոք բերող անձի՝ միջնորդության հիմքում դրված պատճառաբանությունները և գտել է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ բողոք բերող անձը բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից։ Նշված պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ բողոքարկվող դատական ակտը ստացվել է 04.08.2020 թվականին, որը հավաստող ծանուցագրի պատճենը կից ներկայացվել է Վերաքննիչ դատարան:

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, մասնավորապես՝ անտեսվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջն առ այն, որ բողոքարկվող որոշումը ՀՀ սնանկության դատարանը կայացման պահից եռօրյա ժամկետում պետք է ուղարկեր կողմերին, որը կատարել է շուրջ 8 ամիս անց՝ այդպիսով զրկելով բողոքաբերին արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների իրացման իրական հնարավորությունից, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու» մասին որոշումը և կայացնել նոր որոշում՝ Կոմիտեի ներկայացրած դիմումը մերժելու մասին»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարմամբ:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Իվանովան և Իվաշովան ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Զավոդնիկն ընդդեմ Սլովենիայի գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

Վկայակոչված կարգավորումներից հետևում է, որ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը (տե՛ս, նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Վերը նշվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների բողոքարկման ժամկետներին: Միաժամանակ նկատի ունենալով, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դրանք վերականգնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին: Այսպես.

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի: Որոշումների բողոքարկումը չի կասեցնում այդ որոշումներից բխող գործողությունների կատարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի, կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կասեցնում է այդ գործողությունների կատարումը, եթե այդ միջնորդությամբ հիմնավորվում է, որ դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ պարտապանի կամ պարտատիրոջ համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

  Վերը նշված հոդվածները վերլուծելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով դրանք կայացվելու օրվանից՝ 15-օրյա ժամկետում։ Բացառություն է այն դեպքը, երբ դատարանը հարգելի է համարում նշված ժամկետի բաց թողումը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն` այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

  Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը:

 

  Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը: Հարկ է նաև նկատել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական գործառույթը թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման` ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները, ինչպիսիք են օրինակ՝ ֆորսմաժորային դեպքերը (տարերային աղետները, արտակարգ իրավիճակը) (…), իսկ սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ « (…) Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը: Բացի դրանից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն»:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 04.12.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի կողմից ներկայացված դիմումը՝ «Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում գրանցելու վերաբերյալ», բավարարել է։ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը Դատարանի 04122019 թվականի որոշման դեմ 17082020 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել և, միաժամանակ, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարել և այն վերականգնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ կառավարիչը բողոքարկվող որոշումը փոստային ծառայության միջոցով ստացել է 04082020 թվականին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով որոշումը չի հրապարակվել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և որևէ այլ կերպ տեղյակ չի եղել որոշման մասին (հավելված 3-րդ, գթ 40-48)։

Սույն գործում բացակայում է որևէ ապացույց վերը նշված որոշումը Ընկերությանը և վերջինիս սնանկության գործով կառավարչին ուղարկելու վերաբերյալ, առկա է միայն Դատարանի կողմից 03082020 թվականին կազմված ուղեկցական գրությունը և այդ որոշումը Ընկերության (կամ սնանկության գործով կառավարչի) կողմից 04082020 թվականին ստանալու վերաբերյալ ծանուցագիրը (հավելված 2-րդ, գթ 66, 67):

Վերաքննիչ դատարանը 25.09.2020 թվականին որոշում է կայացրել Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում բողոք բերող անձը սնանկության գործով կառավարիչն է, որը պարտատիրոջ պահանջի դեմ առարկություններ է ներկայացրել Դատարան, վերջինս քննելով այդ առարկությունները՝ դրանք մերժելու և պահանջատերերի ցուցակում պահանջը գրանցելու մասին դատական ակտ է կայացրել, իսկ Կառավարիչը՝ այդ ակտը կայացվելուց և օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ շուրջ ութ ամիս անց, այդ ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել և միջնորդել է վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարել և այդ ժամկետը վերականգնել պատճառաբանելով, որ որոշումը ստացել է 04082020 թվականին», և գտել է, որ «քննարկվող միջնորդությամբ հիմնավորումներ չեն ներկայացվել՝ ժամկետը բաց թողնելու համար պատճառ հանդիսացած հանգամանքը հարգելի ճանաչելու համար, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել այդ ժամկետը: Բացի այդ միջնորդությունն անհիմն է նաև այն հիմնավորմամբ, որ Կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բողոքարկվող որոշման կայացումից հետո պետք է որոշման պահանջները կատարելու ուղղությամբ որոշակի գործառույթներ իրականացներ, մասնավորապես՝ պահանջը գրանցեր պահանջների գրանցամատյանում և յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն ներկայացներ Դատարան՝ բողոքարկվող դատական ակտով հաստատված պահանջի վերաբերյալ սնանկության գործով իր կողմից նախորդ ժամանակահատվածում ձեռնարկված գործողությունների մասին, այսինքն՝ իմանար որոշման մասին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արժանահավատ չի համարում բողոք բերող անձի՝ քննարկվող միջնորդության հիմքում դրված վերոնշյալ պատճառաբանությունները և գտնում է, որ տվյալ դեպքում այն ենթակա է մերժման, քանի որ բողոք բերող անձը բարեխղճորեն չի օգտվել իր դատավարական իրավունքներից»։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ ինչպես հարուցված միջնորդությունը մերժելու, այնպես էլ դրա արդյունքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար։

 

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում բացակայում է Դատարանի 04.12.2019 թվականի որոշումը Ընկերության սնանկության գործով կառավարչին և նրա ներկայացուցչին ուղարկած լինելու փաստը հաստատող որևէ ապացույց, առկա է միայն 03082020 թվականին Դատարանի կողմից կազմված ուղեկցական գրությունը և 04082020 թվականին սնանկության գործով կառավարչի կողմից որոշումը ստանալու վերաբերյալ ծանուցագիրը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում պետք է հիմք ընդուներ ու հավաստի համարեր իրեն հայտնի միակ տեղեկությունը, այն է՝ բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ բողոքաբերը Դատարանի 04.12.2019 թվականի որոշման մասին տեղեկացել է միայն փոստային ծառայության միջոցով 04.08.2020 թվականին՝ որոշումն ստանալուց հետո:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքով՝ դատարանի կողմից իր պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, այն է՝ դատական ակտը գործին մասնակցող անձին օրենքով սահմանված ժամկետում հասու չդարձնելու հետևանքով, որպիսի պայմաններում բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով բողոքաբերը Դատարանի 04.12.2019 թվականի որոշմանը ծանոթացել է 04.08.2020 թվականին, և դատական ակտը նրան ուշ հասու լինելու օրվանից, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում, այն է՝ 17.08.2020 թվականին՝ փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված դատավարական ժամկետը:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Վերոշարադրյալը հաշվի առնելով ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure)։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է բողոքաբերի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: