Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40003/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40003/02/19

Նախագահող դատավոր՝  Տ Նազարյան

Դատավորներ՝

 Ն Բարսեղյան

 Ա Պետրոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարիաննա Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14052021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի ընդդեմ Մարիաննա Մուրադյանի, իրավասու անձ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության նոր կարգ սահմանելու (կարգը փոփոխելու) պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարատ Գալուստովը և Մարինա Վլասովան պահանջել են Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված՝ 28.08.2012 թվականին) և Մարատ Գալուստովի, Մարինա Վլասովի հետ սահմանել տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 18:00-ից մինչև ժամը 22:00-ն հայցվորներ Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի բնակության վայրում՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան 4-րդ միկրոշրջան, 6-րդ շենք, 34 բնակարանում, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադյանի ներկայության, երեխային Մարիաննա Մուրադյանից վերցնելու, այնուհետև վերադարձնելու պատասխանատվությունը թողնելով հայցվորների վրա: Յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ից (երեխային դպրոցից վերցնելով) մինչև կիրակի օրվա ժամը 13:00-ն (գիշերակացով), հայցվորներ Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի բնակության վայրում՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան 4-րդ միկրոշրջան, 6-րդ շենք, 34 բնակարանում, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադյանի ներկայության, երեխային ուրբաթ օրը դպրոցից վերցնելու, այնուհետև վերադարձնելու պատասխանատվությունը թողնելով հայցվորների վրա: 2020 թվականից սկսած երեխայի դպրոցական արձակուրդների (ձմեռային և ամառային արձակուրդներ) ժամանակ Մարատ Գալուստովին և Մարինա Վլասովային իրավունք վերապահել դպրոցական արձակուրդների առաջին հատվածը հավասար օրերի հաշվարկով տեսակցել և շփվել երեխայի հետ, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով, երեխային Մարիաննա Մուրադյանից վերցնելու, այնուհետև վերադարձնելու պատասխանատվությունը թողնելով հայցվորների վրա:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 16122020 թվականի վճռով վճռվել է «Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի հայցն ընդդեմ Մարիաննա Մուրադի Մուրադյանի, իրավասու անձ` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության նոր կարգ սահմանելու /կարգը փոփոխելու/ պահանջի մասին, բավարարել մասնակի: Էլինա Մարատի Գալուստովայի տեսակցությունը Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի հետ սահմանել շաբաթական երեք օր՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 17:00-ից մինչև 20:00-ն, ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ից մինչև շաբաթ օրը՝ ժամը 18:00-ն, գիշերակացով` առանց մոր ներկայության՝ Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի բնակության վայրում: Հայցը՝ մնացած մասով մերժել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14052021 թվականի որոշմամբ որոշվել է «Մարիաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժել։ Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2020թ. թիվ ԵԴ/40003/02/19 քաղաքացիական գործով կայացրած վճիռը՝ երեխայի դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ երեխայի հետ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում հավասար շաբաթներով առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադի Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով, տեսակցելու և շփվելու իրավունք վերապահելու պահանջի մասով, բեկանել և վճռի եզրափակիչ մասն այդ մասով փոփոխել հետևյալ կերպ Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված` 28.08.2012թ) դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային իրավունք վերապահել դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում հավասար շաբաթներով, ընդ որում՝ արձակուրդի սկզբնական շաբաթները, տեսակցել և շփվել երեխայի հետ, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադի Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով։ Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիաննա Մուրադյանը (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մարատ Գալուստովը և Մարինա Վլասովան (ներկայացուցիչ Արփինե Պետրոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ, 56-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ երեխայի հետ շփման/տեսակցության կարգի փոփոխումը չի բխում վերջինիս լավագույն շահից:

Այսպես` նախկինում համահայցվորները, ինչպես նաև Սուրեն Մարատի Գալուստովը, տեսակցում էին անչափահաս Էլինա Մարատի Գալուստովային շաբաթական 3 օր` հինգշաբթի և ուրբաթ օրերին` ժամը` 15:00-ից մինչև 19:00-ն, և շաբաթ օրը` ժամը` 11:00-ից մինչև 19:00-ն: Հիշատակված ժամանակացույցի համապատասխան կազմակերպված է Երեխայի դպրոցական դասընթացների, տնային աշխատանքների պատրաստման, հավելյալ պարապմունքների, խմբակների հաճախման գործընթացն արդեն իսկ ուսումնական տարվա սկզբից ի վեր, իսկ ժամանակացույցի փոփոխությունը բացասաբար կազդի Երեխայի բնականոն օրակարգի վրա:

Միաժամանակ, տեսակցության նոր կարգի սահմանումը կխախտի նաև մոր` Մարիաննա Մուրադյանի իրավունքները երեխայի հետ շփման տեսանկյունից, քանի որ Երեխան հիմնականում դպրոցում է լինում, այնուհետև հաճախում խմբակների, իսկ ազատ ժամերն ու հանգստյան գրեթե 1,5 օրը հոր, տատիկի և հորեղբոր հետ շփմանը տրամադրված լինելու պարագայում հայցվորների կողմից պահանջված տեսակցության կարգի փոփոխությունն ընդհանրապես կխախտի ծնողների իրավունքների հավասարության սկզբունքը:

Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ, ի տարբերություն ծնողների, երեխաների պապը, տատը և մերձավոր ազգականները կարող են դիմել դատարան միայն այն դեպքում, երբ նախքան դատարան դիմելը դիմել են խնամակալության և հոգաբարձության մարմնին` երեխայի հետ շփման արգելքները վերացնելու խնդրանքով, քանի որ օրենքով այդ մարմնին տրված է իրավունք, պարտավորեցնելու ծնողներին կամ նրանցից մեկին, չխանգարելու այդ շփմանը:

Միայն այդ մարմնի օրինական պահանջը չկատարելուց հետո երեխայի մերձավոր ազգականները կարող են դիմել դատարան` երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով: Ընդ որում, այս դեպքում դատարանը երեխայի հետ շփվելու կարգ չի սահմանում, այլ պարզապես բավարար հիմքերի առկայության դեպքում դատական կարգով վերացնում է արդեն իսկ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից սահմանված շփման կարգը:

 Հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ համահայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր, վերաբերելի ու թույլատրելի ապացույց առ այն, որ կատարվել են վերը նշված արտադատարանական կարգով սահմանված գործողությունները, որի պարագայում չի ծագել համահայցվորի` դատարան դիմելու իրավունքը, ուստի, գտնում է, որ համահայցվորներից Մարինա Վլադիմիրի Վլասովայի ներկայացրած պահանջը պետք է թողնվեր առանց քննության կամ մերժվեր։

Միաժամանակ ըստ էության ստորադաս դատարանի կողմից որևէ եղանակով չի հիմնավորվել դատական ակտի բեկանման ու փոփոխման անհրաժեշտությունը, մասնավորապես Էլինա Մարատի Գալուստովայի դպրոցական արձակուրդների (ձմեռային և ամառային արձակուրդներ) ժամանակ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային հավասար շաբաթներով իրավունք վերապահելու մասով, քանզի ՀՀ ընտանեկան օրենսգիրքը տեսակցելու կամ շփվելու իրավունք վերապահել հասկացություն չի սահմանում, հետևաբար դատարանը կայացրել է մի որոշում, որը իրավական տեսանկյունից պրակտիկորեն հնարավոր չէ կատարել՝ առաջին հերթին անորոշ լինելու պատճառով։

Բացի այդ, անհրաժեշտ է պարզաբանել, որ, եթե առկա է ազգականի հետ երեխայի տեսակցության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա դրա փոփոխությունը պետք է կատարվի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված արտադատարանական գործընթացի պահպանմամբ, թե առանց դրա պահպանման՝ դատարան դիմելու միջոցով:

Վերաքննիչ դատարանն ըստ էության քննարկման առարկա չի դարձրել դատական ծախսերի մասով բողոքի հիմքերն ու հիմնավորումները, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման, մասնավորապես՝ սույն քաղաքացիական գործով Դատարանը հայցը բավարարել է մասնակի, սակայն դատական ակտով վճռել է Մարատ Կամոյի Գալուստովից և Մարինա Վլադիմիրի Վլասովայից համապարտության կարգով հօգուտ Մարիաննա Մուրադի Մուրադյանի բռնագանձել 25.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, որը չի կարող համարվել փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Սույն քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, մասնակցել է հրավիրված բոլոր դատական նիստերին, որի պարագայում ողջամիտ պետք է համարվեր պայմանագրով սահմանված 180.000 ՀՀ դրամ գումարը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14052021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 14052021 թվականի որոշումը և փոփոխել այն, հայցն ամբողջությամբ մերժել կամ թողնել առանց քննության: Մարատ Գալուստովից և Մարինա Վլասովայից հօգուտ Մարիաննա Մուրադյանի բռնագանձել 180.000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս` խախտված իրավունքները վերականգնելու համար փաստաբաններին վարձատրության համար վճարման /վճարված/ գումար:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ չեն կատարվել, դատարանը գործի հանգամանքներն ուսումնասիրել է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի և կայացրել օրենսդրական պահանջներին համապատասխանող դատական ակտ: Թիվ ԵԱՔԴ/4334/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռով սահմանված տեսակցության կարգը ներկայումս չի բխում երեխայի լավագույն շահերից, ինչպես նաև խոչընդոտում է համահայցվորների իրավունքների և պարտականությունների լիարժեք կատարմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 28.10.2019 թվականին տրված ԲԱ 181537 ծննդի պետական վկայականի համաձայն՝ Էլինա Մարատի Գալուստովան ծնվել է 28.08.2012 թվականին: Ծնողներն են Մարատ Կամոյի Գալուստովը և Մարիաննա Մուրադի Մուրադյանը (հատոր 1-ին գթ 19):

2) Իրավասու անձ՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 21.01.2020 թվականի ակտ-եզրակացությամբ առաջարկվել է կարևորել Մարատ Գալուստովի, Մարինա Վլասովայի մասնակցությունն անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի խնամքին և առաջարկվել է տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 17:00-21:00 և ուրբաթ՝ դասերից անմիջապես հետո մինչև շաբաթ 21:00 գիշերակացով (հատոր 1-ին գթ 67-68):

3) ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի 04.02.2020 թվականի հետազոտության ակտով սահմանվել է, որ ելնելով անչափահաս երեխայի լավագույն շահերից նպատակահարմար է սահմանել Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի համար անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի հետ տեսակցության և շփման հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ից մինչև շաբաթ օրը՝ ժամը 21:00-ն, դպրոցական և ամառային արձակուրդների օրերին՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ից մինչև հինգշաբթի օրը՝ ժամը 20:00-ն (հատոր 1-ին գթ 73-75):

4) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱՔԴ/4334/02/15 քաղաքացիական գործով 04.04.2016 թվականին վճռել է. «Հայցը բավարարել: Լուծել Մարատ Կամոյի Գալուստովի և Մարիաննա Մուրադի Մուրադյանի ամուսնությունը /գրանցված ՔԿԱԳ Աբովյանի տարածքային բաժնի կողմից 20.09.2011թ/: Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված՝ 28.08.2012 թվականին) և Մարատ Կամոյի Գալուստովի, Մարինա Վլադիմիրի Վլասովայի, Սուրեն Կամոյի Գալուստովի միջև սահմանել տեսակցության հետևյալ կարգը` շաբաթը 3 օր, որոնցից երկու օրը աշխատանքային՝ հինգշաբթի և ուրբաթ օրերը՝ ժամը 15.00-ից մինչև 19.00-ն, և շաբաթը օրը ժամը 11.00-ից մինչև 19.00-ն: Առաջին 6 տեսակցությունները մոր ներկայությամբ: Հակընդդեմ հայցը բավարարել: Անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված՝ 28.08.2012 թվականին) բնակության վայր սահմանել մոր` Մարիաննա Մուրադի Մուրադյանի բնակության վայրը» (հատոր 1-ին գթ 20-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ երեխայի հետ տեսակցության նոր կարգ սահմանելու վերաբերյալ գործերի քննության առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր (...) ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ` ուշադրության առնելով նրա ծնողների (...) իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողների (...) պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները` երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային` նրա կողմից նույն կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երեխան (...) ծննդյան պահից ձեռք է բերում, (...) որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մասնակից պետությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը` երեխայի դաստիարակության և զարգացման գործում երկու ծնողների ընդհանուր պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ապահովելու համար: Ծնողները (...) երեխայի դաստիարակության ու զարգացման համար կրում են հիմնական պատասխանատվություն:

Երեխայի լավագույն շահերը նրանց հիմնական հոգածության առարկան են:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն ազդում երեխայի իրավունքների վրա:

Ծնողների առանձին (ընդ որում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելու իրավունք ունի:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավաuար իրավունքներ և կրում են հավաuար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաuտիարակելու իրենց երեխաներին (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան (...): 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի հետազոտություն, ովքեր հավակնում են նրա դաստիարակությանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը:

Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ծնողները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են դաստիարակել իրենց երեխային, ինչպես նաև պատասխանատվություն են կրում իրենց երեխայի դաստիարակության և զարգացման համար: Ընդ որում, երեխաների դաստիարակության հարցում ծնողների իրավունքներն ու պարտականությունները հավասար են: Երեխայից առանձին ապրող ծնողը ևս իրավունք ունի շփվելու իր երեխայի հետ և մասնակցելու նրա դաստիարակությանը, իսկ այն ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը չի վնասում երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակին, նրա բարոյական զարգացմանը: Ավելին, երեխան, իր հերթին, ունի իր ծնողների հետ շփվելու իրավունք, իսկ ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու հանգամանքը չի կարող խոչընդոտել այդ իրավունքի պատշաճ իրականացումը:

Պետք է ընդգծել, որ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի շահերին հակառակ. դրանց իրականացումը չպետք է վնասի երեխայի շահերին և հետևաբար երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով այն հանգամանքը, թե դատարանի կողմից քննվող վեճը լուծելիս կիրառվող միջոցն ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի շահերի վրա, մասնավորապես` նրա հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա:

Անդրադառնալով «երեխայի լավագույն շահ» հասկացությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պետական իրավասու մարմինների, այդ թվում նաև` դատարանների կողմից երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ վեճերի լուծման համար վճռորոշ նշանակություն ունեն երեխայի լավագույն շահերը, որոնց գնահատումը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս, C. v. Finland գործով Եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի վճիռը, 52-րդ կետ, գանգատ թիվ 18249/02):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածն արգելում է ծնողի շահերից ելնելով թույլատրել նրան կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն երեխայի առողջությանն ու զարգացմանը (տե՛ս, Johansen v. Norway գործով Եվրոպական դատարանի 07.08.1996 թվականի վճիռը, 78-րդ կետ): 

Եվրոպական դատարանն անդրադարձել է օրենսդրական ձևակերպումներին ուղղված իրավական որոշակիության սկզբունքից բխող պահանջներին և դիրքորոշում արտահայտել առ այն, որ օրենքներում քիչ թե շատ անորոշ տերմինների առկայությունն անխուսափելի է, քանի որ դրա միջոցով ապահովվում է իրավունքի ճկունությունն ու ունակությունը` հետևելու փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար որոշակիության պահանջը բացարձակ չէ, և օրենքներում առկա որոշ եզրույթների մեկնաբանումն ու կիրառումը դատական պրակտիկայի խնդիրն է (տե՛ս, The Sunday Times v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 26.04.1979 թվականի վճիռը, 49-րդ կետ):

Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է (տե՛ս, Eriksson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 22.06.1989 թվականի վճիռը, 58-րդ կետ): Ավելին, ըստ Եվրոպական դատարանի` բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս, Mustafa and Armağan Akın v. Turkey գործով Եվրոպական դատարանի 06.04.2010 թվականի վճիռը, 19-րդ կետ):

Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից` հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (տե՛ս, Schneider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճիռը, 100-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ գտել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև` դատական պրակտիկայում:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «երեխայի շահ» հասկացությունը բարձրացվել է համընդհանուր ճանաչում ստացած իրավական սկզբունքի աստիճանի և ընտանեկան օրենսդրության հիմքում ընկած ինքնուրույն սկզբունք է: Ընդ որում, նշված հասկացությունը ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Վերոնշյալ իրավական վերլուծություններից բխում է, որ նմանատիպ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև: 

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 05.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-919 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ՀՀ ընտանեկան օրենսդրությունը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը (տե՛ս, Արմեն Փերոյանն ընդդեմ Անի Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով` ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ (տե՛ս, Մարգարիտ Հովհաննիսյանն ընդդեմ Արթուր Թորոսյանի թիվ ԵԱԴԴ/1513/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանների կողմից երեխայի լավագույն շահերի բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի երեխայի դաստիարակության վերաբերյալ գործերով խնամակալության և հոգաբարձության մարմնին դատավարությանը մասնակից դարձնելը: Նշված մարմնի վրա ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով դրված է երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն անցկացնելու պարտականություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:

Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է նաև հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը ներկայացնել դատարան:

Թեև խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացությունը դատարանի համար կրում է մասնագիտական-խորհրդատվական բնույթ, և դատարանն այն պարտավոր է գնահատել գործում առկա այլ ապացույցների հետ համակցության մեջ, այնուամենայնիվ, նմանատիպ գործերով վերոնշյալ եզրակացության առկայությունը պարտադիր է, քանի որ դրանում արտահայտված փաստարկները գործում առկա մյուս ապացույցների հետ համադրության արդյունքում դատարանին հնարավորություն են ընձեռում կոնկրետ գործով պարզելու երեխայի լավագույն շահը:

Այնուամենայնիվ, դատարանը չպետք է սահմանափակվի միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության մեջ նշված դրույթները կրկնելով, այլ պետք է հավաստիանա դրանց հիմնավորվածության մեջ և այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի գործի ելքը:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ երեխայի դաստիարակության հետ կապված յուրաքանչյուր գործ քննելիս դատարանը պետք է բացահայտի երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` դատարանը, գործին մասնակից դարձնելով խնամակալության և հոգաբարձության մարմնին, պետք է հավաստիանա երեխայի դաստիարակությանը հավակնող անձի կյանքի հետազոտության արդյունքում կայացված եզրակացության հիմնավորվածության մեջ, ապա այն համեմատի գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ, որից հետո միայն, հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը, որոշի, թե ծնողական իրավունքների իրականացման ինչպիսի միջոց պետք է սահմանվի: Այլ կերպ ասած` դատարանը չի կարող ընդհանուր իրավական դատողությունների միջոցով բացահայտել երեխայի լավագույն շահերն ու սահմանվող միջոցի ազդեցությունը դրանց վրա, այլ պետք է յուրաքանչյուր գործով հավասարակշռի ծնողի իրավունքներն ու անձնական հանգամանքները և երեխայի լավագույն շահերը, մասնավորապես` պարզի, թե արդյոք ծնողական իրավունքի իրականացման սահմանվող եղանակը բացասական ազդեցություն կունենա երեխայի հոգեկան, հոգևոր ու բարոյական զարգացման և դաստիարակության վրա, թե` ոչ (տե՛ս, թիվ ԵԱՆԴ/4073/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը, տե՛ս, նաև Էդգար Ամրոյանն ընդդեմ Քրիստինա Գաբունիայի թիվ ԵՇԴ/0990/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը, տե՛ս, նաև Հայկուշ Ասատրյանն ընդդեմ Գևորգ Մկրտչյանի թիվ ՍԴ3/0139/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Այսպիսով՝ երեխայի` ծնողներից մեկից կամ երկուսից առանձին բնակվելը չպետք է խոչընդոտեն ծնողների հետ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու երեխայի իրավունքի, ինչպես նաև երեխայից առանձին ապրող ծնողի` իր երեխայի հետ անմիջականորեն շփվելու իրավունքի իրականացմանը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին: Ավելին` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխայի իրավունքներին ու լավագույն շահերին հակառակ, և երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման վերաբերյալ վեճեր քննելու յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հաստատելով ողջամիտ հավասարակշռություն ծնողի իրավունքների և երեխայի լավագույն շահերի միջև:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 28.10.2019 թվականին տրվել է ԲԱ 181537 ծննդի պետական վկայականը, ըստ որի՝ Էլինա Մարատի Գալուստովան ծնվել է 28.08.2012 թվականին, ծնողներն են Մարատ Կամոյի Գալուստովը և Մարիաննա Մուրադի Մուրադյանը: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/4334/02/15 քաղաքացիական գործով 04.04.2016 թվականին վճռով լուծվել է Մարատ Կամոյի Գալուստովի և Մարիաննա Մուրադի Մուրադյանի ամուսնությունը, Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված՝ 28.08.2012 թվականին) և Մարատ Կամոյի Գալուստովի, Մարինա Վլադիմիրի Վլասովայի, Սուրեն Կամոյի Գալուստովի միջև սահմանվել է տեսակցության հետևյալ կարգը` շաբաթը 3 օր, որոնցից երկու օրը աշխատանքային՝ հինգշաբթի և ուրբաթ օրերը՝ ժամը 15.00-ից մինչև 19.00-ն, և շաբաթ օրը ժամը 11.00-ից մինչև 19.00-ն: Առաջին 6 տեսակցությունները մոր ներկայությամբ, անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի բնակության վայրը սահմանվել է մոր` Մարիաննա Մուրադի Մուրադյանի բնակության վայրը:

Հայցվորները երեխայի հետ տեսակցության նոր կարգ սահմանելու (կարգը փոփոխելու) պահանջ են ներկայացրել:

Իրավասու անձ՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 21.01.2020 թվականի ակտ-եզրակացությամբ առաջարկվել է կարևորել Մարատ Գալուստովի, Մարինա Վլասովայի մասնակցությունը անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի խնամքին և առաջարկվել է տեսակցության հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 17:00-21:00 և ուրբաթ՝ դասերից անմիջապես հետո մինչև շաբաթ 21:00, գիշերակացով:

Իրավասու անձ՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի 04.02.2020 թվականի հետազոտության ակտով սահմանվել է, որ ելնելով անչափահաս երեխայի լավագույն շահերից նպատակահարմար է սահմանել Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի համար անչափահաս Էլինա Մարատի Գալուստովայի հետ տեսակցության և շփման հետևյալ կարգը՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն, ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ից մինչև շաբաթ օրը՝ ժամը 21:00-ն, դպրոցական և ամառային արձակուրդների օրերին՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ից մինչև հինգշաբթի օրը՝ ժամը 20:00-ն:

Դատարանը վճռով սահմանել է Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի կողմից երեխայի հետ շփվելու համար տեսակցության հետևյալ կարգը. «շաբաթական երեք օր՝ յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 17:00-ից մինչև 20:00-ն, ուրբաթ օրը՝ ժամը 17:00-ից մինչև շաբաթ օրը՝ ժամը 18:00-ն, գիշերակացով` առանց մոր ներկայության՝ Մարատ Կամոյի Գալուստովի և Մարինա Վլադիմիրի Վլասովայի բնակության վայրում»: Հայցը՝ մնացած մասով մերժվել է:

Վերաքննիչ դատարանը Մարիաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «երեխայի՝ հոր մոտ գտնվելը չի վտանգում երեխայի ռեժիմի խախտումը, քանի որ երեխայի հայրը նույնպես կարող է և պետք է կազմակերպի երեխայի բնականոն օրակարգի ապահովումը, իսկ երեխայի շահերն այլ կերպ ոտնահարող հանգամանքների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել՝ անտեսելով, որ տվյալ դեպքում երեխայի լավագույն շահը բացահայտելիս այլևս գնահատման ենթակա է եղել նաև երեխայի մանկահասակ չլինելու հարցը», «երեխայի հետ հոր տեսակցության նպատակով սահմանված կարգն իրականացվելու համար երեխայի առողջությունը խաթարող կամ որևէ սպառնալիք ստեղծող հանգամանք առկա չէ՝ նկատի ունենալով երեխայի շահերը որևէ կերպ ոտնահարող ապացույցների բացակայությունը»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարել է և 16.12.2020 թվականի վճիռը՝ երեխայի դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ երեխայի հետ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում հավասար շաբաթներով առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադի Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով, տեսակցելու և շփվելու իրավունք վերապահելու պահանջի մասով, բեկանել և վճռի եզրափակիչ մասն այդ մասով փոփոխել է հետևյալ կերպ

«Էլինա Մարատի Գալուստովայի (ծնված` 28.08.2012թ) դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային իրավունք վերապահել դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում հավասար շաբաթներով, ընդ որում՝ արձակուրդի սկզբնական շաբաթները, տեսակցել և շփվել երեխայի հետ, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադի Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով», այն պատճառաբանություններով, որ

«(...) Դատարանը, իրավացիորեն սահմանելով տեսակցության այնպիսի կարգ, որի ընթացքում կապահովվի երեխայի բնականոն առօրյան, միևնույն ժամանակ խախտել է ծնողների հավասար հնարավորությունները երեխայի հետ դպրոցական արձակուրդային օրերին շփվելու, նրա խնամքը և դաստիրակությունն իրականացնելու և հավուր պատշաճի կազմակերպելու համար: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ երեխայի հետ վերջինիս դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ դպրոցական արձակուրդների ամբողջ ժամանակահատվածում հավասար շաբաթների հաշվարկով, Մարատ Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային երեխայի հետ, առանց երեխայի մոր ներկայության, գիշերակացով, տեսակցելու և շփվելու իրավունք վերապահելը չի հակասում երեխայի լավագույն շահերին, անհատական զարգացմանը, միաժամանակ ապահովում է երեխայից առանձին ապրող ծնողի՝ օրենքով երաշխավորված իր երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար հոգ տանելու հավասար իրավունքների իրացման հնարավորությունը (...)»: Բացի այդ, նկատի ունենալով, որ «դպրոցական արձակուրդների ամբողջ ժամանակահատվածում հավասար շաբաթների հաշվարկով» արտահայտությունը կարող է կողմերի հարաբերություններում ստեղծել անորոշություն, ինչպես նաև դատական ակտը կողմերի հայեցողությամբ տարբեր եղանակներով կատարելու հնարավորություն, Վերաքննիչ դատարանը դրանք բացառելու նկատառումներից ելնելով, դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ Մարատ Կամպի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային երեխայի հետ առանց երեխայի մոր ներկայության, գիշերակացով, տեսակցելու և շփվելու իրավունքը վերապահել է արձակուրդների սկզբից։»։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հայցի բավարարված մասով Դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումն իրավաչափ է համարում, քանի որ նախկինում սահմանված տեսակցության կարգի փոփոխության համար Դատարանը, որպես ծանրակշիռ հանգամանք, հիմք է ընդունել երեխայի տարիքի փոփոխությունը (տեսակցության նախորդ կարգը սահմանելու ժամանակ երեխան մանկահասակ է եղել՝ գրեթե 4 տարեկան, իսկ ներկայումս դպրոցական է՝ բողոքարկվող վճիռը կայացնելու ժամանակ 8 տարեկան), իսկ օրերի և տեսակցության ժամերի համար՝ երեխայի բնականոն առօրյան ապահովելու, ինչպես նաև քնի, հանգստի և կրթական գործընթացի բնականոն կազմակերպման անհրաժեշտությունը։ Տեսակցության նոր կարգ սահմանելիս Դատարանը, մասնավորապես, իրավացիորեն հաշվի է առել գործի քննության ընթացքում երեխայի ծնողների կողմից տրված այն բացատրությունները, որ անչափահաս երեխան հաճախում է դպրոց (2-րդ հերթով), դասերը օրվա երկրորդ կեսին են իրականացվում, ինչպես նաև երեխան հաճախում է պարի խմբակ՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ մեկ ժամ տևողությամբ՝ ժամը 16:00-ից մինչև 17:00-ն, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայր ծնողի ու տատի և երեխայի մշտական բնակության վայրերը տարբերվում են, այն է՝ երեխան բնակվում է Երևան քաղաքում, իսկ հայրը՝ Աբովյան քաղաքում, այսինքն՝ հաշվի է առնվել նաև գիշերային ժամին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից երեխային քաղաք Երևան տեղափոխելու հեռավորությունը և անհրաժեշտությունը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը նաև իրավացիորեն պատճառաբանել է, որ սահմանված կարգը կապահովի նաև երեխայի պատշաճ դասապատրաստման հնարավորությունը և հաշվի առնելով որ երեխայի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի` առաջնահերթ ուշադրություն դարձնելով երեխայի շահերի առավել ապահովմանը` երաշխավորելով նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությունը և հոգատարությունը, իսկ երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական, լիարժեք և ներդաշնակ զարգացման համար առաջնահերթ պատասխանատվություն են կրում երեխայի ծնողները, ծնողների իրավագիտակցության հիմքում պետք է լինի այն, որ երեխայի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման հարցում երկու ծնողներն էլ կրում են հավասար պատասխանատվություն, ինչպես նաև հաշվի առնելով՝ երեխայի հետ հոր տեսակցության նպատակով սահմանված կարգն իրականացվելու համար երեխայի առողջությունը խաթարող կամ որևէ սպառնալիք ստեղծող հանգամանք առկա չէ, երեխայի շահերը որևէ կերպ ոտնահարող ապացույցների բացակայությամբ պայմանավորված, միանգամայն իրավացիորեն Մարիաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժել է:

Անդրադառնալով այն փաստարկներին, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածը երեխայի մերձավոր ազգականներին, այդ թվում՝ տատին, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու մասին որևէ դրույթ չի նախատեսվում, քանի որ վերջիններս ունեն միայն երեխաների հետ շփման իրավունք, իսկ այդ իրավունքը Դատարան դիմելու միջոցով կարող է իրացվել միայն խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի հետ շփման արգելքները վերացնելու պահանջը չկատարվելուց հետո, Վճռաբեկ դատարանը, համաձայնելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, ևս արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ երեխայի պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփման իրավունքը կարող է իրացվել վերջինիս հետ տեսակցելու միջոցով, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջոցով երեխայի հետ շփման խոչընդոտները վերացնելու հնարավորությունը որևէ կերպ չի սահմանափակում երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու նպատակով դատարան դիմելու իրավունքը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Մարիանա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ է, այդ մասով դատական ակտի հիմնավոր վերլուծությանը և պատճառաբանվածությանը վերաբերող վճռաբեկ բողոքում բերված փաստարկները հիմնավորված չեն, հետևաբար դատական ակտն այս մասով բեկանելու հիմքեր առկա չեն:

Անդրադառնալով Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարելու մասով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատարանը հայցվորների պահանջը՝ 2020 թվականից սկսած երեխայի դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ Մարատ Կամոյի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային իրավունք վերապահել դպրոցական արձակուրդների ժամանակահատվածում հավասար շաբաթներով տեսակցել և շփվել երեխայի հետ, առանց երեխայի մոր՝ Մարիաննա Մուրադի Մուրադյանի ներկայության, երեխայի գիշերելու իրավունքով, մերժել է այն պատճառաբանությամբ, որ

«(...)Հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ տեղեկատվություն երեխայի ամառային և ձմեռային արձակուրդների սկզբի և ավարտի, տևողության վերաբերյալ: Բացի այդ, Դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ արձակուրդի օրերին երեխայի բնականոն կացությունը տևական փոխելը չի բխում երեխայի լավագույն շահերի ապահովումից, երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման անհրաժեշտությունից, քանի որ երեխան ընտելանում է արդեն իսկ գոյություն ունեցող տեսակցության կարգին, և կրկին օրերի և տեսակցության գրաֆիկի փոփոխումը տարվա առանձին ժամանակահատվածների համար նպատակահարմար չէ՝ առաջնություն տալով երեխայի լավագույն շահին (․․․)»:

Վերաքննիչ դատարանը դատական ակտն այս մասով բեկանելով և փոփոխելով, մասնավորապես, եզրահանգել է, որ երեխայի հետ վերջինիս դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ դպրոցական արձակուրդների ամբողջ ժամանակահատվածում հավասար շաբաթների հաշվարկով, Մարատ Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային երեխայի հետ, առանց երեխայի մոր ներկայության, գիշերակացով, տեսակցելու և շփվելու իրավունք վերապահելը չի հակասում երեխայի լավագույն շահերին, անհատական զարգացմանը, միաժամանակ ապահովում է երեխայից առանձին ապրող ծնողի՝ օրենքով երաշխավորված իր երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար հոգ տանելու հավասար իրավունքների իրացման հնարավորությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը դպրոցական արձակուրդների /ձմեռային և ամառային արձակուրդներ/ ժամանակ Մարատ Կամպի Գալուստովին և Մարինա Վլադիմիրի Վլասովային երեխայի հետ առանց երեխայի մոր ներկայության, գիշերակացով, տեսակցելու և շփվելու իրավունքը վերապահել է արձակուրդների սկզբից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված վերը նշված կարգը խախտում է դատական ակտի իրավական որոշակիության սկզբունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով 28.10.1999 թվականի վճռով (գանգատ թիվ 28342/95, կետ 61) արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով 29.07.2011 թվականի որոշմամբ արձանագրել է, որ. «դատական ակտի որոշակիության սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտով անձը պետք է ստանա որոշակի և հաստատուն որոշում՝ կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, հետևաբար Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական ակտին ներկայացվող պահանջի՝ իրավական որոշակիության պահանջի խախտում, ուստի Դատարանի պատճառաբանություններն առ այն, որ հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ տեղեկատվություն երեխայի ամառային և ձմեռային արձակուրդների սկզբի և ավարտի, տևողության վերաբերյալ հիմնավոր են և հայցն այս մասով ենթակա էր մերժման նաև այս հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Տվյալ դեպքում երեխայի լավագույն շահը բացահայտելիս գնահատման էի ենթակա նաև իրավասու անձանց կողմից տրված եզրակացությունները, որոնցից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 21.01.2020 թվականի ակտ-եզրակացությունն առհասարակ որևէ տեղեկություն՝ արձակուրդների ժամանակահատվածի մասով չի պարունակում, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի 04.02.2020 թվականի հետազոտության ակտով սահմանվել է, որ ելնելով անչափահաս երեխայի լավագույն շահերից նպատակահարմար է սահմանել դպրոցական և ամառային արձակուրդների օրերին՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ից մինչև հինգշաբթի օրը՝ ժամը 20:00-ն: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել այն հարցը, թե ինչքանով է երեխայի հետ տեսակցության նման կարգի սահմանումը (արձակուրդների ժամանակահատվածում) համապատասխանում երեխայի շահերին, անտեսելով նաև այդ մասով ապացույցների անբավարարությունը: Հետևաբար Դատարանը հանգել է ճիշտ եզրակացության՝ այս մասով հայցը մերժելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նման կարգ սահմանելիս անտեսել է, որ երեխայի լավագույն շահի բացահայտման վերաբերյալ սույն գործում առկա միակ ապացույցը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի 04.02.2020 թվականի հետազոտության ակտն է, որը կազմելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը ենթադրաբար առաջնորդվել է երեխայի լավագույն շահով, քանի դեռ չեն ներկայացվել այլ ապացույցներ՝ հակառակը հաստատելու վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման բավարարելով հայցվորների ներկայացրած վերաքննիչ բողոքը։

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճռին օրինական ուժ տալիս հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ թե՛ Դատարանի վճիռը, թե՛ Վերաքննիչ դատարանի որոշումը վերադասության կարգով բողոքարկվել են միայն տեսակցության կարգը մոր ներկայությամբ կամ բացակայությամբ սահմանելու լուծման մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

 Անդրադառնալով հայցվորի՝ փաստաբանի խելամիտ վարձատրությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ նախադեպային որոշումներով արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով 29.06.2012 թվականի որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ «փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը»:

Տվյալ դեպքում ԱՁ «Արփինե Գառնիկի Պետրոսյանի»-ը ի դեմս փաստաբան Արփինե Պետրոսյանի և Մարատ Կամոյի Գալուստովի միջև 28.10.2019 թվականին կնքվել է իրավաբանական խորհրդատվական /փաստաբանական/ ծառայությունների մատուցման թիվ 20/19 պայմանագիրը, ըստ որի՝ պատվիրատուն պատվիրում է, իսկ կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել երեխայի տեսակցության կազմակերպման՝ իրավական գործընթացի շրջանակներում իրավաբանական ծառայություններ: Պայմանագրի գինը կազմել է՝ 80.000 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը բավարարվել է մասնակի` հայցվորների կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 50.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Անդրադառնալով պատասխանողի՝ փաստաբանի խելամիտ վարձատրությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարիաննա Մուրադյանի և «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԼՈՈՒ ՖԻՐՄ» ՍՊԸ-ի, ի դեմս տնօրեն Կարեն Քալանթարյանի միջև 23.12.2019 թվականին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ որի՝ կատարողը ստանձնել է պարտավորություն պատվիրատուին մատուցել իրավաբանական ծառայություններ և պաշտպանել վերջինիս շահերը ՀՀ բոլոր դատական ատյաններում: Նշված պայմանագրի համաձայն՝ իրավաբանական ծառայությունները մատուցվելու են Էդուարդ Քալանթարյանի և/կամ Գուրգեն Թորոսյանի կողմից։ Պայմանագրի գինը կազմել է՝ 180.000 ՀՀ դրամ: Նշված ծառայությունները մատուցվել են Գուրգեն Թորոսյանի կողմից:

Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը բավարարվել է մասնակի` պատասխանողի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման պահանջը ենթակա է մասնակի բավարարման, այն է՝ 50.000 ՀՀ դրամ գումարի չափով, որպիսի չափը գտնվում է ողջամիտ հարաբերակցության մեջ սույն գործով հայցապահանջի չափի հետ (մերժման ենթակա մասի հարաբերակցությամբ):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14052021 թվականի որոշումը՝ Մարատ Գալուստովի և Մարինա Վլասովայի վերաքննիչ բողոքը մասնակի բավարարված մասով բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16122020 թվականի վճռին։ Մարիաննա Մուրադյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14052021 թվականի որոշումը թողնել անփոփոխ։

2 Մարիաննա Մուրադյանից հօգուտ Մարատ Գալուստովի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության հատուցման ենթակա գումար:

Մարատ Գալուստովից և Մարինա Վլասովայից հօգուտ Մարիաննա Մուրադյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության հատուցման ենթակա գումար:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2022 թվական: