Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2019-19.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 61

քաղ. Մոսկվա

 

«ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2024 թվականի հունվարի 9-ից ոչ ուշ։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով և անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում․

բ) մինչև 2024 թվականի հունվարի 9-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բացթողումը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

գ) Միության իրավունքի մաս կազմող ակտերով և անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բացթողումը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում։

Արտադրանքը մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին համապատասխան, և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

դ) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն կետի «բ» ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ մինչև 2020 թվականի մարտի 9-ը անդամ պետությունների հետ համատեղ ապահովել հետևյալի մշակումն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը՝

ա) կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի նախագծերը.

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի նախագիծը․

գ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2022, թիվ 99 19.08.2022, թիվ 61
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան