Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2020 թվականի

թիվ 5

քաղ. Մինսկ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններում մաքսային գործառնություններն էլեկտրոնային ձևով կատարելու պահանջվածության մասին տեղեկատվությունը և այն լայնորեն և արդյունավետ կիրառելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ 2021 թվականի մարտի 1-ից մաքսային գործառնություններն էլեկտրոնային ձևով կատարելիս տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում թղթային կրիչի վրա մաքսային մարմինների լրացուցիչ նշումներ չեն դրվում՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման առնչությամբ մաքսային մարմնի թույլտվության ձևակերպում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 92-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան.

մաքսային մարմնի կողմից նույնականացման միջոցների փոփոխության, հեռացման, ոչնչացման կամ փոխարինման ձևակերպում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ սահմանված՝ ապրանքների փոխադրման երթուղին պահպանելու հետ կապված մաքսային գործառնությունների կատարում.

մաքսային մարմնի՝ անձի կողմից էլեկտրոնային ձևով մաքսային գործառնությունների կատարումն ապահովելու հնարավորության բացակայություն՝ կապված տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցության ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցության ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքություններով, ինչպես նաև Միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մաքսային մարմնի կողմից անձի պատճառաբանված դիմումի ստացում՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում թղթային կրիչի վրա մաքսային մարմինների նշումներ կատարելու մասին, այդ թվում՝ կապված մաքսային կարգավորման ոլորտում օրենսդրությունից բացի Միության անդամ պետությունների օրենսդրության այլ ճյուղերի դրույթների պահպանման հետ՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը:

2. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ն ապահովել Միության ադամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումը՝ մաքսային կարգավորման ոլորտում օրենսդրությունից բացի Միության անդամ պետությունների օրենսդրության այլ ճյուղերի դրույթները պահպանելու նպատակով, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր՝ թղթային կրիչի վրա մաքսային մարմինների նշումներով տրամադրել այն դեպքում, երբ մաքսային գործառնությունները կատարվել են էլեկտրոնային ձևով, և տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին աշխատանքի արդյունքների մասին:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ զեկուցել սույն որոշման 2-րդ կետի կատարման մասով իրականացրած աշխատանքի արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդին մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան