Գլխավոր տեղեկություն
Համար
N 1040-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1040-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.05.18 N 529-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1040-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստը (այսուհետ` թեստ)` համաձայն ձևի, կազմված է 33 հարցից: Թեստի յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտը:

(2-րդ կետը փոփ. 03.05.18 N 529-Ն)

3. Թեստը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձին է տրամադրվում այդ դիմումն ընդունելու լիազորություն ունեցող մարմնի կողմից:

4. Թեստը լրացվում է տեղում, որի համար տրամադրվում է մեկ ժամ ժամանակ:

5. Թեստը լրացվում է հարցի ճիշտ պատասխանի դիմաց նշում կատարելու միջոցով: Եթե նշանը դրվում է հարցի մեկից ավելի պատասխանների դիմաց, ապա քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է բանավոր նշել, իր կարծիքով, ճիշտ պատասխանը, և եթե այդ պատասխանը ճիշտ է, ապա այդ հարցը համարվում է ճիշտ պատասխանած:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ծանոթ է համարվում այն անձը, ով ճիշտ է պատասխանել թեստի կեսից ավելի հարցերին:

7. Թեստի հարցերի կեսից ավելիին ճիշտ չպատասխանելու դեպքում տվյալ անձը կարող է հաջորդ օրը կամ, տվյալ անձի ցանկությամբ, ցանկացած այլ աշխատանքային օր կրկին անգամ լրացնել թեստը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը կարող է այնքան անգամ լրացնել թեստը` մինչև ճիշտ պատասխանի թեստի կեսից ավելի հարցերին:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմած անձը համարվում է հայերենով բացատրվել կարողացող, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անձամբ լրացնում է իր դիմում-հարցաթերթը և ճիշտ է պատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իմացության ստուգման թեստի կեսից ավելի հարցերին:

(8-րդ կետը փոփ. 07.07.22 N 1037-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Թ Ե Ս Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Հարց 1. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է`

  

1) կուսակցություններին

2) ժողովրդին

3) ՀՀ կառավարությանը

 

Հարց 2. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը`

  

1) ժողովրդավարական.

2) խմբավարական

3) միապետական

 

Հարց 3. Հայաստանի Հանրապետությունում ո՞րն է համարվում օրենսդիր մարմին`

     

1) դատարանները

2) ՀՀ Ազգային ժողովը

3) կուսակցությունները

 

Հարց 4. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն`

 

1) անգլերենն է

2) հայերենն է

3) ռուսերենն է

    

Հարց 5. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է`

  

1) կարմիր, կապույտ, սպիտակ գույներով

2) կարմիր, կանաչ, սպիտակ գույներով

3) կարմիր, կապույտ, նարնջագույն գույներով

  

Հարց 6. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը`

  

1) Գյումրին է

2) Երևանն է

3) Էրեբունին է

  

Հարց 7. Ո՞վ է նշանակում նախարարին`

  

1) կուսակցությունները

2) Հանրապետության նախագահը

3) ՀՀ արդարադատության նախարարը

  

Հարց 8. Բոլորը հավասար են`

   

1) միմյանց առջև

2) օրենքի առջև

3) միայն դատարանի առջև

  

Հարց 9. Մարդը պարտավոր չէ ցուցմունք տալ`

  

1) հանցանք կատարած անձի դեմ

2) իր ընկերների դեմ

3) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ

 

Հարց 10. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության նախագահ`

  

1) քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

2) քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք՝ անկախ քաղաքացիությունից

3) քառասուն տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

  

Հարց 11. Նշվածներից ո՞վ կարող է ընտրվել պատգամավոր`

   

1) քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք՝ անկախ քաղաքացիությունից

2) քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

3) քսանհինգ տարին լրացած, վերջին երկու տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք

  

Հարց 12. Քանի՞ տարի ժամկետով է ընտրվում ՀՀ Ազգային ժողովը`

  

1) հինգ տարի ժամկետով

2) ցմահ

3) ութ տարի ժամկետով

  

Հարց 13. Նշվածներից որո՞նք են համարվում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներ`

  

1) շրջանները և գավառները

2) շրջանները

3) մարզերը և համայնքները

  

Հարց 14. Ո՞վ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներքին քաղաքականությունը`

  

1) ՀՀ կառավարությունը

2) ժողովուրդը

3) դատարանը

  

Հարց 15. Ո՞վ է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին որոշումը`

  

1) ՀՀ Ազգային ժողովը՝ պատգամավորների առաջարկությամբ

2) ՀՀ վարչապետը՝ ՀՀ Ազգային ժողովի առաջարկությամբ

3) ՀՀ Ազգային ժողովը՝ ՀՀ կառավարության առաջարկությամբ

  

Հարց 16. Նշվածներից ո՞վ ունի անձնական ազատության իրավունք`

  

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

   

Հարց 17. Նշվածներից ո՞վ ունի նամակագրության գաղտնիության իրավունք`

  

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

  

Հարց 18. Նշվածներից ո՞վ ունի կրթության իրավունք`

   

1) յուրաքանչյուր ոք

2) միայն ՀՀ քաղաքացին

3) միայն լավ սովորողը

  

Հարց 19. Նշվածներից ո՞վ ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք՝

  

1) յուրաքանչյուր ոք

2) միայն ՀՀ քաղաքացին

3) ոչ ոք

  

Հարց 20. Նշվածներից ո՞վ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք`

  

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

   

Հարց 21. ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն`

  

1) յուրաքանչյուր ոք

2) ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած օտարերկրացիները

3) ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիները

    

Հարց 22. Նշվածներից ո՞վ ունի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք

  

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

         

Հարց 23. Նշվածներից ո՞վ ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք`

   

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

  

Հարց 24. Նշվածներից ո՞վ ունի մտքի ազատության իրավունք`

  

1) միայն ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

  

Հարց 25. Մտավոր սեփականությունը պաշտպանվում է`

  

1) ազգային անվտանգության մարմնի որոշմամբ

2) օրենքով

3) կուսակցությունների որոշումներով

  

Հարց 26. Նշվածներից ո՞վ է պարտավոր օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը`

  

1) ՀՀ քաղաքացին

2) յուրաքանչյուր ոք

3) ոչ ոք

  

Հարց 27. ՀՀ կառավարությունը կազմված է`

  

1) ՀՀ վարչապետից, ՀՀ փոխվարչապետերից և ՀՀ նախարարներից

2) ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարներից

3) ՀՀ վարչապետից և ՀՀ մարզպետներից

  

Հարց 28. Ի՞նչ կարգով են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերում ազգությամբ հայերը`

  

1) պարզեցված

2) ընդհանուր

3) առանց որևէ կարգի

  

Հարց 29. Ո՞վ է հրավիրում և վարում ՀՀ կառավարության նիստերը`

  

1) ՀՀ Ազգային ժողովի նախագահը

2) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը

3) ՀՀ վարչապետը

  

Հարց 30. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում է`

  

1) ՀՀ կառավարության կողմից

2) ՀՀ սահմանադրական դատարանի կողմից

3) հանրաքվեի միջոցով

  

Հարց 31. Ու՞մ կողմից է ընտրվում Հանրապետության նախագահը՝

  

1) ժողովրդի

2) ՀՀ Ազգային ժողովի

3) ՀՀ կառավարության

  

Հարց 32. Ո՞վ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության նախագահի թեկնածու՝

  

1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը

2) ՀՀ վարչապետը

3) ՀՀ Ազգային ժողովի նախագահը

  

Հարց 33. Ո՞վ է ընտրում վարչապետին՝

  

1) ժողովուրդը

2) ՀՀ մարզպետները և ՀՀ նախարարները

3) ՀՀ Ազգային ժողովը

  

Թեստը

հանձնեց

_____________________

(ստորագրությունը)

 

_______________________

(անունը, ազգանունը)

Թեստը

ընդունեց

__________________

(ստորագրությունը)

___________

(պաշտոնը)

_________________

(անունը, ազգանունը)

     

      

_________ ______________ 20____ թ.

(ձևը խմբ. 03.05.18 N 529-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 03.05.18 N 529-Ն, փոփ. 07.07.22 N 1037-Ն)