Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.03.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

29 մարտի 2019 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ստեղծել օժանդակ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդ:

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի մասին» հիմնադրույթը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20   թվականի    -ի

թիվ      որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ որպես օժանդակ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության ադամ պետությունների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու նպատակով:

2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև սույն հիմնադրույթով:

 

II. Խորհրդի հիմնական խնդիրները և գործառույթները

 

3. Խորհրդի հիմնական խնդիրն անդամ պետությունների գործադիր իշխանության այն լիազորված մարմինների (այսուհետ՝ անդամ պետությունների լիազորված մարմիններ) փոխգործակցության համակարգումն է, որոնց իրավասությանն է վերապահված արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակումը, այդ թվում՝ հետևյալ հարցերով՝

Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական քաղաքականության ոլորտում Միության մարմինների ակտերի իրագործման ապահովում.

ավելացված արժեքի նոր շղթաների հիման վրա մրցունակ արտադրանքի արտադրությունների ստեղծում.

երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների համատեղ արտադրված բարձր տեխնոլոգիական արդյունաբերական արտադրանքի արտահանումը զարգացնելու ուղղությամբ համատեղ միջոցների ձեռնարկում.

արդյունաբերության ոլորտում արգելքների վերացում.

արդյունաբերական ձեռնարկությունների համար ներդրումների ներգրավում և ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացում.

արդյունաբերական քաղաքականության ոլորտում ինտեգրումը զարգացնելու նոր ուղղությունների և հեռանկարների մոտեցումների մշակում։

4. Խորհուրդն իրեն վերապահված խնդրի իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) առաջարկներ է մշակում հետևյալ հարցերի վերաբերյալ՝

Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման ժամանակ անդամ պետությունների փոխգործակցության խորացում.

անդամ պետությունների արտադրական հզորությունների արդյունավետ օգտագործում և արդյունաբերական նոր ձեռնարկությունների տեխնոլոգիական հագեցվածություն.

Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման հետ կապված հարցերով երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցելիս դիրքորոշման ձևավորում.

անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի նկատմամբ՝ Միության ներքին շուկայի աշխատանքի վրա ազդող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, առգրավումների) վերացում.

արդյունաբերության ոլորտում համաշխարհային տնտեսական ճգնաժամերի հետևանքներին հակազդեցություն.

Միության ընդհանուր շուկայում անդամ պետությունների արտադրանքի բաժինը մեծացնելու ազգային ծրագրերին անդամ պետությունների ձեռնարկությունների մասնակցություն.

բ) լիազորված մարմինների իրավասության շրջանակներում քննարկում է գիտության և տեխնիկայի ոլորտում արդյունաբերական համագործակցության հարցերը.

գ) համակարգում է համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների և կոոպերացիոն միավորումների ստեղծման գործունեությունը.

դ) արդյունաբերության ոլորտում իրականացնում է ինտեգրացիոն նախագծերի քննարկում, որոնք նախատեսվում է իրականացնել զարգացման ինստիտուտների միջոցների ներգրավմամբ.

ե) Միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շինարարական գործընթացների փոխկապակցման նախագծի շրջանակներում համակարգում է արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման աշխատանքները.

զ) մշակում է համաձայնեցված դիրքորոշում հետևյալի վերաբերյալ՝

արդյունաբերական քաղաքականություն իրականացնելիս ծագող վիճելի հարցերի.

անդամ պետությունների արդյունաբերական համալիրների զարգացումն ապահովելու նպատակով Միությունում արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությանը հակազդելու հարցերի.

է) աջակցում է՝

արդյունաբերության ոլորտում բարեփոխումներ և կառուցվածքային վերափոխումներ կատարելու փորձի փոխանակմանը.

արդյունաբերության ոլորտում տեղեկատվական փոխգործակցությանը, այդ թվում՝ արդյունաբերության ճյուղերի ընթացիկ վիճակի և դրանց զարգացման կանխատեսումների, նորմատիվ իրավական կարգավորման պլանավորվող միջոցների, առանցքային ձեռնարկությունների և դրանց հիմնական բնութագրերի մասին տեղեկատվության փոխանակմանը.

ը) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացումն ապահովելու նպատակով իրականացնում է այլ գործառույթներ։

 

III. Խորհրդի կազմը

 

5. Խորհրդի կազմի մեջ են մտնում՝

անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարները.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամը (նախարարը)։

6. Խորհրդի նախագահը նախագահում է Խորհրդի նիստերին և իրականացնում է Խորհրդի աշխատանքի ընդհանուր ղեկավարումը։

Խորհրդի նախագահը Խորհրդի անդամն է, որը ներկայացնում է այն անդամ պետության լիազորված մարմինը, որը նախագահում է Միության մարմիններում՝ Պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

7. Խորհրդի նախագահը՝

ա) ղեկավարում է Խորհրդի աշխատանքը.

բ) հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

գ) վարում է Խորհրդի նիստերը։

8. Խորհրդի անդամների հետ համաձայնեցնելով՝ Խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Խորհրդի նիստում քննարկվող հարցերը, պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անկախ փորձագետները (այսուհետ` Խորհրդի նիստի մասնակիցներ)։

9. Խորհրդի պատասխանատու քարտուղարն է Հանձնաժողովի դեպարտամենտի տնօրենը, որի իրավասության մեջ է մտնում Խորհրդի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:

10. Խորհրդի պատասխանատու քարտուղարը՝

ա) Խորհրդի անդամների առաջարկների հիման վրա նախապատրաստում է Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը.

բ) Խորհրդի անդամների հետ համաձայնեցնում է օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը.

գ) Խորհրդի անդամներին և Խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.

դ) Խորհրդի անդամներին և Խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացնում է Խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

ե) վարում է Խորհրդի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Խորհրդի անդամների ստորագրմանը.

զ) Խորհրդի անդամներին ուղարկում է Խորհրդի նիստերի արձանագրությունների պատճենները.

է) իրականացնում է Խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման աշխատանքների կատարման մշտադիտարկում և դրա արդյունքների մասին տեղեկացնում է Խորհրդի անդամներին։

 

IV. Խորհրդի աշխատակարգը

 

11. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն տարին առնվազն 1 անգամ։ Խորհրդի նիստերը ձայնագրվում են։

12. Խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Խորհրդի նախագահը՝ Խորհրդի անդամների հետ համաձայնեցնելով։

13. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծ կազմելու վերաբերյալ առաջարկները Խորհրդի անդամներն ուղարկում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հասցեին։

14. Խորհրդի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են`

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) քննարկվող հարցերին առնչվող արձանագրային գրառումների նախագծեր.

դ) տեղեկատվական և վերլուծական նյութեր (անհրաժեշտության դեպքում)։

15. Խորհրդի պատասխանատու քարտուղարը Խորհրդի անդամներին և Խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, ոչ ուշ, քան Խորհրդի նիստի անցկացման օրվանից 35 օրացուցային օր առաջ, իսկ բացառիկ դեպքերում՝ Խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 14 աշխատանքային օր առաջ։

16. Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի սենքերում։

Խորհրդի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկությունների հիման վրա: Այս դեպքում ընդունող անդամ պետությունը աջակցություն է տրամադրում Խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։

Խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա Խորհրդի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:

17. Խորհրդի անդամները խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

18. Խորհրդի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են Խորհրդի բոլոր անդամները:

19. Խորհրդի անդամները կարող են լրացուցիչ հարցեր առաջարկել Խորհրդի նիստին քննարկելու համար, որոնք չեն ընդգրկվել Խորհրդի նիստի հաստատված օրակարգում։

Խորհրդի նիստի օրակարգում ներառելու համար լրացուցիչ հարցեր առաջարկած Խորհրդի անդամներն ապահովում են Խորհրդի պատասխանատու քարտուղարին առաջարկված հարցերին առնչվող անհրաժեշտ նյութերի և տեղեկատվության տրամադրումը ոչ ուշ, քան Խորհրդի նիստից 14 աշխատանքային օր առաջ:

20. Խորհրդի անդամները Խորհրդի նիստի ընթացքում հարցերի քննարկման ժամանակ ունեն հավասար իրավունքներ։

21. Խորհրդի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) և կրում են հանձնարարական բնույթ։

22. Խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Խորհրդի անդամների դիրքորոշումները։ Խորհրդի նիստերին Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

23. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է Խորհրդի անդամների կողմից, որպես կանոն, Խորհրդի նիստի անցկացման օրը, իսկ բացառիկ դեպքերում՝ Խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։

24. Խորհրդի պատասխանատու քարտուղարը Խորհրդի նիստի արձանագրության պատճեններն ուղարկում է Խորհրդի բոլոր անդամներին՝ ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Խորհրդի նախագահի որոշմամբ՝ Խորհրդի նիստի արձանագրության պատճենները կամ դրանից քաղվածքն ուղարկվում են Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին։

Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Խորհրդի պատասխանատու քարտուղարի մոտ:

25. Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված որոշումները կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը՝ սահմանված կարգով։

26. Խորհրդի աշխատանքին Խորհրդի անդամների և անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները։

Խորհրդի աշխատանքին գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

Խորհրդի աշխատանքին Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

27. Խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: