ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23801/02/182022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23801/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Մկրտչյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան | ||
|
2022 թվականի ապրիլի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լևոն Բարսեղյանի ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի՝ հրապարակային գրավոր ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն հանդիսացող արտահայտությունները հրապարակային գրավոր հերքելուն պարտավորեցնելու, որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց փոխհատուցում բռնագանձելու, ինչպես նաև զրպարտությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Լևոն Բարսեղյանը պահանջել է պարտավորեցնել Արտյոմ Խաչատրյանին հրապարակային գրավոր ներողություն խնդրել, զրպարտություն հանդիսացող արտահայտությունները հրապարակային գրավոր հերքել, որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց բռնագանձել փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել զրպարտությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Բադիրյան) (այսուհետ՝ Դատարան) 26.05.2021 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2021 թվականի որոշմամբ Լևոն Բարսեղյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Բարսեղյանը (ներկայացուցիչ Նինա Հակոբյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, խախտել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այս գործով հայցվորը կամ նրա ներկայացուցիչը թեև չեն ներկայացել երկու հաջորդական՝ 06.04.2021 թվականին, ժամը 14:30-ին և 26.05.2021 թվականին, ժամը 14։30-ին նշանակված դատական նիստերին, այդուհանդերձ Դատարան են մուտքագրել գործով ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ դիրքորոշում և ապացույցներ: Այդկերպ հայցվորն ու նրա ներկայացուցիչը ի ցույց են դրել սույն գործի ելքով իրենց հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը:
Բացի այդ՝ դատական նիստին չներկայանալը արգելք չէ գործի քննության համար, ուստի հայցվորի ներկայությունն անհրաժեշտ չի եղել և բացակայել է որևէ հիմք, որը կխոչընդոտեր դատական նիստն անցկացել հայցվորի կամ նրա ներկայացուցչի բացակայությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստում լուծվել էին գործի լուծման համար նշանակություն ունեցող հարցերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը կիրառելու համար նախատեսված է նաև պատասխանողի կողմից դատական նիստին մասնակցելու և դիրքորոշում հայտնելու պահանջ: Մինչդեռ սույն գործով պատասխանողը չի ներկայացել 26.05.2021 թվականին կայացած դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը շարունակելու մասին միջնորդություն՝ համաձայն Դատարանի 26.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշման: Վերաքննիչ դատարանն անտեսել է այդ հանգամանքը և արձանագրել, որ սույն գործով պատասխանողը գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել, ընդհակառակը՝ միջնորդել է հայցը թողնել առանց քննության։
Վերաքննիչ դատարանը նաև անտեսել է, որ հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեպքում անձը թեև զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, սակայն անձի պատվի և արժանապատվության արատավորման հետ կապված գործերով վնասի հատուցում ստանալու հայցով դատարան դիմելու վաղեմության ժամկետը մեկ ամիս է: Ուստի հայցն առանց քննության թողնելու դեպքում անձը զրկվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իր հիմնարար իրավունքի պաշտպանության միջոցից:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 28.12.2020 թվականին կայացած դատական նիստին ներկա են գտնվել հայցվորը և նրա ներկայացուցիչը, ովքեր ծանուցվել են 06.04.2021 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին (հատոր 2-րդ, գ.թ. 79-80):
2) 06.04.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ հայցվորի դիրքորոշումը և կից ապացույցներ:
Հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն մասնակցել 06.04.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստին և չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ այն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 91-97):
3) 28.04.2021 թվականին հայցվորը ստացել է 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը:
Նշված ծանուցագրով միայն հայտնվել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 99-100):
4) 26.05.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է հայցվորի գրավոր դիրքորոշումը և կից ապացույցներ:
Հայցվորը կամ նրա ներկայացուցիչը չեն մասնակցել 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստին և չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ այն իրենց բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 119-120):
5) 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստում Դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել գործին մասնակցող անձանց բացակայությամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վկայակոչմամբ հայցը թողել է առանց քննության (հատոր 2-րդ, գ.թ. 119-125):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով (թիվ ՍԴ1/0240/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.12.2020 թվականի որոշում, թիվ ԵԴ/27288/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2019 թվականի որոշում, թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.01.2021 թվականի որոշում, թիվ ԵԴ/17757/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2019 թվականի որոշում) նշված նորմը կիրառվել է միմյանց հակասող մեկնաբանությամբ։
Այս բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների՝ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու, գործի քննությունը հետաձգելու կամ այն իր բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն չներկայացնելու և պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակել չմիջնորդելու, միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու համար, թե՞ գնահատման է ենթակա գործի քննության ընթացքում հայցվորի (դիմողի) դրսևորած վարքագիծն առհասարակ՝ դատավարական այլ գործողություններ կատարված լինելու տեսանկյունից:
(Ա) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր:
ՄԻԵԴ-ի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով ՄԻԵԴ-ի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Մինչդեռ ՄԻԵԴ-ի տեսանկյունից դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով ՄԻԵԴ-ի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՄԻԵԴ-ը արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ չափազանցված ձևականությունը (ֆորմալիզմը) վերաբերում է ընթացակարգային կանոնները խիստ նեղ մեկնաբանելուն, ինչը կարող է դիմումատուներին զրկել դատարանի մատչելիության իրավունքից: Սա կարող է ներառել դատավարական ժամկետներին, ընթացակարգային նորմերին և ապացույցներին նեղ մեկնաբանություն տալու դեպքերը[1]:
ՀՀ սահմանադրական դատարանը, իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրականության խնդիրներին, արձանագրել է հետևյալը՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից հստակ սահմանվել է այն պայմանների միաժամանակյա առկայությունը, որոնց դեպքում դատարանը հայցը կարող է թողնել առանց քննության, մասնավորապես՝
- պատշաճ ծանուցված հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի՝ երկու հաջորդական դատական նիստերին չներկայանալու,
- գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու,
- ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոնշյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է դատարանն իրավասու ներկայացված հայցը կամ դիմումը թողնել առանց քննության։ Այսինքն՝ պատշաճ ծանուցված հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից երկու հաջորդական դատական նիստերին մասնակցությունն ապահովված չլինելու և գործի քննությունը հետաձգելու կամ իր բացակայությամբ այն իրականացնելու վերաբերյալ միջորդություններ ներկայացված չլինելու պայմանների, ինչպես նաև պատասխանողի կողմից գործի քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդության բացակայության միաժամանակյա առկայությունը բավարար է դատարանի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու համար։ Հետևաբար նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում դատարանն իրավասու չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցը կամ դիմումը թողնել առանց քննության (տե՛ս, Ալվարդ Սահակյանն ընդդեմ Հենրիկ Մարտիկյանի թիվ ԱՎԴ1/0452/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.09.2020 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում թվարկված պայմանները միմյանցից բաժանված են «և» շաղկապով, ինչից բխում է, որ այդ նորմի կիրառման միակ պարտադիր պահանջը դրանում թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ օրենքի լեզուն պարզ, միանշանակ և հասկանալի է, դատարանն այլևս այն լրացուցիչ մեկնաբանելու պարտականություն չի կրում և մեկնաբանման այլ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է (այն մեկնաբանվում է բառացիորեն): Օրենքը միանշանակ չէ միայն այն դեպքում, երբ այն կարող է միաժամանակ ողջամտորեն տարբեր կերպ մեկնաբանվել կամ բավարար չափով հստակ ձևակերպված չէ։ Սա բխում է այն կանոնից, որ դատարանն առաջին հերթին պետք է ենթադրի, որ օրենսդիրը սահմանել է օրենքով այն, ինչ ինքն իրականում նկատի ունի:
Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրված է բավարար չափով հստակ և հասկանալի, իսկ դրանում պարունակվող բոլոր պայմանները բավարարող փաստակազմի միաժամանակյա, անհերքելի և անվիճելի առկայությունն արդեն բավարար է այն կիրառելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավանորմի լեզվաբանական մեկնաբանումը կարևորվում է այն ընդունող մարմնի նպատակը բացահայտելու իրողությամբ, քանի որ իրավանորմեր ընդունելով օրենսդիրը հետապնդում է ինչ-որ նպատակ, որն իրագործելու համար սահմանում է որոշակի պահանջներ՝ իրավանորմերի տեսքով: Օրենքը մեկնաբանելիս դատարանների դերն օրենսդրի մտադրությունը հասկանալն ու բացահայտելն է՝ օրենքի նպատակները իրականացնելու համար: Քանի որ օրենքի նորմատիվ լեզուն նպատակի լավագույն ցուցիչն է, նախ դիտարկվում են օրենքի տառը, դրանում պարունակվող բառերն ու արտահայտությունները՝ դրանց ընդհանուր իմաստից ելնելով: Ընդ որում՝ տառացի մեկնաբանման դեպքում օրենքի նորմը չի դիտարկվում մեկուսի, այլ նորմերից կտրված, այլ ուսումնասիրվում է օրենքի ամբողջ էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիման վրա հայցը (դիմումը) առանց քննության թողնելն իրենից ներկայացնում է դատական նիստերին չներկայանալու համար վարույթը նախաձեռնողի, այսինքն՝ հայցվորի (դիմողի), նկատմամբ կիրառվող պատասխանատվության առանձնահատուկ միջոց: Տրամաբանությունն այն է, որ եթե հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, երկու անգամ անընդմեջ չեն ներկայանում դատական նիստերին և դատարանին չեն հայտնում դրանց չներկայանալու պատճառների մասին կամ չեն ներկայացնում գործն իրենց բացակայությամբ լուծելու հնարավորության վերաբերյալ դիրքորոշում, ապա անուղղակի կերպով հայտնում են գործի նկատմամբ հետևողականություն չցուցաբերելու, դրա նկատմամբ հետաքրքրվածությունը կորցրած լինելու և «վիճելու» կամքի բացակայության մասին:
Բանն այն է, որ կողմերը դատավարական գործընթացի հիմնական մասնակիցներն են: Դեռևս հռոմեական իրավունքում նշվում էր, որ «չկա դատարան առանց հայցվորի» (nemo iudex sine actore), ինչից բխում էր, որ գործով քննությունը ենթակա է դադարման այն պահին, երբ հայցվորը դադարում է այդ մասին հայցել: Ինչպես որ առանց հայցվորի չկա դատարան, այդպես առանց հայցվորի չկա պատասխանող և առանց կողմերի չկա դատավարություն: Նշվածը հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով ամրագրված՝ տնօրինչականության սկզբունքով, քանզի դատավարության զարգացմանը կամ դադարմանն ուղղված դատարանի գործողություններն առավելապես պայմանավորված են շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ և կամահայտնությամբ: Մասնավորապես, գործի քննությունն իրենից ներկայացնում է միմյանց փոխկապակցված և մեկը մյուսին հաջորդող փուլերի ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դերն ու նպատակները: Դատավարության ցանկացած փուլի բնորոշ է դատավարական գործողությունների որոշակի շրջանակ՝ ինչպես դատարանի, այնպես էլ գործին մասնակցող անձանց համար: Ընդ որում՝ դատավարության գործընթացի հիմնական գործառութային ծանրությունն ընկնում է գործին մասնակցող անձանց վրա, քանի որ դատարանի պարտականությունները, նախատեսված լինելով օրենքով, վերջինիս համար դառնում են պարտադիր վարքագծի կանոն՝ միայն գործին մասնակցող անձանց կամքով: Այդ պատճառով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից դատավարության ընթացքում կատարման ենթակա գործողությունները փոխլրացնում և ամբողջացնում են իրար, ինչի միջոցով ապահովվում է դատարանի և գործին մասնակցող անձանց անմիջական հաղորդակցումն ու ուղղակի ներգրավվածությունը դատավարության ամբողջ ընթացքին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի (դիմողի) նախաձեռնությամբ հարուցված քաղաքացիական գործի նկատմամբ նրա հետաքրքրությունը կորսված չլինելու, պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի քննությամբ դեռևս շահագրգիռ լինելու, գործի քննության նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով օրենսդիրը փոխկապակցել է հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի կողմից դատական նիստերին մասնակցելու կամ դրանց չներկայանալու պատճառների մասին դատարանին հայտնելու գործողության հետ: Դատական նիստերին հայցվորի (դիմողի) կամ նրա ներկայացուցչի մասնակցությունը կարևորվել է այն պատճառով, որ առնվազն քաղաքացիական գործը հարուցած անձը պետք է ակտիվ հետևողականություն ցուցաբերի դատական նիստերին կատարվող դատավարական գործողությունների նկատմամբ, պարտաճանաչ մասնակցի դրանց՝ փորձելով ապացուցել պատասխանողի դեմ ուղղված իր նյութաիրավական պահանջի հիմնավորվածությունը, հետամուտ լինի դատավարական իր իրավունքներից շրջահայաց և բարեխիղճ կերպով օգտվելուն և դատավարական պարտականությունները ժամանակին կատարելուն: Եթե քաղաքացիական գործի հարուցում նախաձեռնած անձը երկու անգամ անընդմեջ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի մասնակցում դատական նիստերին ու դրանց ընթացքում տեղի ունեցող դատավարական գործողություններին և դատարանին չի ներկայացնում վեճն իր բացակայությամբ լուծելու կամ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն, ապա այդ պասիվ վարքագիծը վկայում է այն մասին, որ դատարան դիմած անձն արդեն կորցրել է իր պահանջի նկատմամբ նախկինում ունեցած հետաքրքրությունը, որպիսի պայմաններում պահանջի հետագա քննությունը դարձել է իմաստազուրկ: Եթե չկա պահանջի քննությամբ հետաքրքրված հայցվոր (դիմող), ապա չկա նաև այն քննող դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված վերջին պայմանը վերաբերում է պատասխանողին, ով գործի քննությունը շարունակելու մասին միջնորդություն չներկայացնելու պասիվ վարքագիծ ցուցաբերելով ևս ի ցույց է դնում պահանջի նկատմամբ իր հետաքրքրության և դրա դեմ առարկելու կամքի բացակայությունը: Այլ կերպ ասած՝ եթե պատասխանողը չի միջնորդում շարունակել գործի քննությունը, ապա դա վկայում է այն մասին, որ ինքը նույնպես շահագրգիռ չէ իր դեմ ներկայացված պահանջի հետագա քննությունը շարունակելու հարցում և նրա համար ընդունելի է հայցվորի պասիվ վարքագծի պատճառով հայցն առանց քննության թողնելու հետևանքի կիրառումը:
Ամբողջ շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված բոլոր պայմանների միաժամանակյա ու անհերքելի առկայությունն օրենսդիրը համարել է բավարար՝ հայցվորի (դիմողի) կողմից իր նախաձեռնած քաղաքացիական գործի նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը կորցրած համարելու և հայցը (դիմումը) առանց քննության թողնելու համար՝ անկախ գործի քննության ընթացքում հայցվորի (դիմողի) կողմից դատավարական այլ գործողություններ կատարված լինելու հանգամանքից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա և անհերքելի առկայության դեպքում հայցը պետք է թողնվի առանց քննության, և նշված նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։
(Բ) Թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում թվարկված բոլոր պայմանների միաժամանակյա և անհերքելի առկայությունն արդեն իսկ բավարար է հայցն առանց քննության թողնելու համար, այդուհանդերձ այդպիսի բացասական հետևանքի կիրառումը պետք է կանխատեսելի լինի հայցվորի համար: Այսինքն՝ հայցվորի և/կամ նրա ներկայացուցչի համար պետք է կանխատեսելի լինեն դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին չհայտնելու հետևանքները, որպիսին համարվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիմքով հայցն առանց քննության թողնելը:
Անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցներին չի իրազեկել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով 02.02.2022 թվականին կայացրած որոշմամբ նշել է, որ «(…) Օրենսդիրը գործող օրենսդրությամբ դատարանների վրա դրել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու միջոցներից մեկը ծանուցագիրն է, որը պետք է բովանդակի` դատարանի անվանումը, դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը), նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին, նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր»:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված պայմանների առկայության դեպքում նույն իրավանորմի հիմքով դատարանն իրավասու է հայցը թողնել առանց քննության, եթե պատշաճ կերպով իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու վերաբերյալ իր պարտականությունը, հակառակ պարագայում հայցվորը կհամարվի պատշաճ չծանուցված, քանի որ միայն դատական նիստերի ժամանակի և վայրի մասին հայցվորին ծանուցելու ու վերջինիս կողմից երկու հաջորդական նիստերին չներկայանալու դեպքում հայցն առանց քննության թողնելու պարագայում կխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը» (տե՛ս, Նազիկ Մաշուրյանի ընդդեմ «ԳԱՆԵՇԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի (այսուհետ՝ Կառավարիչ), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/7186/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.02.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում թվարկված պայմանների միաժամանակյա առկայությունը հիմք է հայցն առանց քննության թողնելու համար՝ պայմանով, որ դատարանը պատշաճ իրականացրել է դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին հայցվորին իրազեկելու իր պարտականությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառմամբ 26.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Լևոն Բարսեղյանի ներկայացրած հայցը թողել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) հայցվոր կողմը պատշաճ կարգով ծանուցված լինելով երկու հաջորդական՝ 06.04.2021թ. և 26.05.2021թ. հրավիրված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, դատարան չի ներկայացել՝ դատարանին չներկայացնելով գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն: Չներկայանալով 26.05.2021թ. հրավիրված դատական նիստին պատասխանողը չի միջնորդել շարունակել քաղաքացիական գործի քննությունը»:
28.09.2021 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը մերժել է Լևոն Բարսեղյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, և Դատարանի 26.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) 06.04.2021թ. և 26.05.2021թ. նշանակված երկու հաջորդական նախնական դատական նիստերից յուրաքանչյուրի ժամանակի և վայրի մասին ծանուցված լինելով հանդերձ, հայցվորը դրանց չի ներկայացել և գործի քննությունը հետաձգելու կամ այն իր բացակայությամբ իրականացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես չի եկել, իսկ Դատարանը, արձանագրելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով ամրագրված պայմանների միաժամանակյա առկայությունը, նշված նորմի միանգամայն իրավաչափ կիրառմամբ հայցը թողել է առանց քննության։ Տվյալ դեպքում վկայակոչված նորմի կիրառման իրավաչափությունը հայցվորի կողմից դատական նիստից դուրս ապացույցներ ներկայացնելու, ապացույցների վերաբերյալ դիրքորոշում մուտքագրելու փաստից և հայցվորի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու, իսկ ներկայացուցչի՝ սուր շնչառական անբավարարություն ունենալու հանգամանքից կախվածության մեջ դրվել չի կարող առնվազն այն պատճառով, որ որոշակի հանգամանքների առկայության դեպքում դրա կիրառման հետ կապված վերապահումներ կամ սահմանափակումներ կամ առանձնահատկություններ սահմանված չեն»:
Տվյալ դեպքում պատշաճ ծանուցված լինելով միմյանց հաջորդող՝ 06.04.2021 թվականին, ժամը 14:30-ին և 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստերի վայրի և ժամանակի մասին (բողոքաբերն ընդունում է այս փաստը, հետևաբար այն անվիճելի է)՝ հայցվորը կամ նրա ներկայացուցիչը դատական այդ նիստերին չեն ներկայացել: Թեև դատական այդ նիստերի օրերին հայցվորի անունից Դատարան են մուտքագրվել գրավոր դիրքորոշումներ՝ կից ապացույցներով, այդուհանդերձ չեն պարունակել գործի քննությունը հետաձգելու կամ հայցվորի բացակայությամբ վեճը լուծելու վերաբերյալ որևէ միջնորդություն:
26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստին չի մասնակցել նաև պատասխանողը, որպիսի պայմաններում Դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել գործին մասնակցող անձանց բացակայությամբ: Բողոքաբերի պնդմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը կիրառելու համար նախատեսված է պատասխանողի կողմից դատական նիստին մասնակցելու և դիրքորոշում հայտնելու պահանջ, մինչդեռ այն հիմնավորված չէ, քանզի նշված հոդվածը կիրառելու վերջին պարտադիր պայմանը ոչ թե պատասխանողի կողմից հայցն առանց քննության թողնելու մասին միջնորդության ներկայացնելու ակտիվ վարքագիծ դրսևորելն է, այլ հակառակը՝ գործի քննությունը շարունակել չմիջնորդելն է, այսինքն՝ գործի հետագա քննությունը շարունակելու հարցում անգործություն ցուցաբերելն է: Պատասխանող Արտյոմ Խաչատրյանը չի մասնակցել 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստին, այսինքն՝ այդ դատական նիստի ընթացքում փաստացի չէր կարող միջնորդել շարունակել գործի քննությունը, ինչպես նաև այդպիսի միջնորդությամբ գրավոր չի դիմել Դատարանին: 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին կայացած դատական նիստին պատասխանողի չմասնակցելու և գործի քննությունը շարունակելու մասին միջնորդություն չներկայացնելու փաստակազմը բավարար է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասին 11-րդ կետը կիրառելու վերջին պայմանն ապահովված համարելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնն ու բողոքաբերի կողմից չվիճարկվող փաստերի համակցությամբ այդ նորմի կիրառման համար պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը՝ Դատարանն առանց քննության է թողել Լևոն Բարսեղյանի ներկայացրած հայցը:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ առանց քննության թողնելու մասին որոշման դեպքում թեև անձը զրկված չէ կրկին դատարան դիմելու հնարավորությունից, բայց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման գործերով դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետը մեկ ամիս է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լինելով իրավունքների պաշտպանության նպատակով դատարան դիմած անձ՝ հայցվորը կրում է իր պահանջի ներկայացման և քննության հետ կապված բոլոր, այդ թվում՝ հայցային վաղեմության ժամկետները պահպանելու ռիսկերը: Որևէ դեպքում դատարանը պարտավոր չէ քննարկել կամ գնահատել հետագայում կրկին հայց հարուցելու իր իրավունքից օգտվելու դեպքում հայցվորի կողմից հայցային վաղեմության ժամկետները պահպանված լինելու կամ չլինելու հարցը՝ առավել ևս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի հիման վրա հայցն առանց քննության թողնվում է պահանջի նկատմամբ հայցվորի հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը կորսված լինելու պատճառով: Լինելով իրավունքի հիմնական կրողը՝ հայցվորն է կրում իր դատավարական իրավունքներից շրջահայաց կերպով օգտվելու, իսկ դատավարական պարտականությունները բարեխիղճ և ժամանակին կատարելու պարտականությունը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս), ուստի որոշակի գործողության կամ անգործության հետևանքով հայցվորի համար առաջացած ցանկացած բացասական հետևանք վերջինիս դրսևորած վարքագծի արդյունքն է:
Բողոքաբերը Վերաքննիչ դատարանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սխալ կիրառելու խախտում վերագրել է այն հիմնավորմամբ, որ անտեսվել է միմյանց հաջորդող դատական երկու նիստերի օրերին՝ 06.04.2021 թվականին և 26.05.2021 թվականին, հայցվորի կողմից գրավոր դիրքորոշումներ և ապացույցներ ներկայացված լինելու և այդկերպ գործի նկատմամբ հայցվորի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը Դատարանին ի ցույց դրված լինելու հանգամանքները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված բոլոր պայմաններն առկա են եղել՝ հայցվոր Լևոն Բարսեղյանը և/կամ նրա ներկայացուցիչը չեն մասնակցել միմյանց հաջորդող երկու դատական նիստերին, չեն ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իրենց բացակայությամբ լուծելու մասին միջնորդություն և պատասխանող Արտյոմ Խաչատրյանը չի միջնորդել շարունակել գործի քննությունը, այդուհանդերձ Դատարանը չի կատարել դատարան չներկայանալու կամ դրա պատճառների մասին չհայտնելու հետևանքների մասին դատավարության մասնակիցներին իրազեկելու պարտականությունը: Մասնավորապես 28.04.2021 թվականին հայցվորը ստացել է 26.05.2021 թվականին, ժամը 14:30-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագիրը, որով միայն հայտնվել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 99-100):
Դատարանի կողմից նշված պարտականությունը չկատարելու հետևանքով սույն գործով հայցվորի մոտ կարող էր համոզմունք ձևավորել առ այն, որ իր կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող առաջացնել որևէ բացասական հետևանք՝ գործի քննությունը շարունակելու առումով, առավել ևս, որ 06.04.2021 թվականին և 26.05.2021 թվականին՝ դատական նիստերի օրերին, հայցվորը Դատարան էր մուտքագրել գրավոր դիրքորոշումներ և կից ապացույցներ: Այսինքն՝ հայցվորը չի կանխատեսել միմյանց հաջորդող՝ 06.04.2021 թվականին և 26.05.2021 թվականին նշանակված դատական նիստերին չներկայանալու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված բացասական հետևանքի առաջացումը: Ավելին՝ դատական նիստի օրերին գրավոր դիրքորոշումներ և ապացույցներ ներկայացնելով հայցվորն ի ցույց է դրել գործով իր հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը՝ առանց կանխատեսելու, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի կիրառման դեպքում նշված հանգամանքը էական նշանկություն ունենալ չէր կարող:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
Հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով:
Վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվել է Դատարանի 26.05.2021 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 Տե՛ս https://hudoc.echr.coe.int, Handbook on European law relating to access to justice, 2016, էջ 119:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան | |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23801/02/182022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23801/02/18 |
|||||||
|
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/23801/02/18 քաղաքացիական գործով 15.04.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ
15 ապրիլի 2022թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 15.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Բարսեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.09.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լևոն Բարսեղյանի ընդդեմ Արտյոմ Խաչատրյանի՝ հրապարակային գրավոր ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն հանդիսացող արտահայտությունները հրապարակային գրավոր հերքելուն պարտավորեցնելու, որպես պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց փոխհատուցում բռնագանձելու, ինչպես նաև զրպարտությամբ պատճառված գույքային վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 28.09.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննութան։
ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս, Ռուզաննա Հակոբյանս և Նախշուն Տավարացյանս, համաձայն չլինելով 15.04.2022 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Մինչ հատուկ կարծիքը շարադրելը, հարկ ենք համարում նշել, որ այն վերաբերում է Որոշման պատճառաբանական մասի «Բ» կետում շարադրված պատճառաբանություններին և սույն գործի փաստերի նկատմամբ դրանք կիրառելու իրավաչափությանը: Որոշման պատճառաբանական մասի «Ա» կետում շարադրված պատճառաբանություններին և սույն գործի փաստերի նկատմամբ դրանք կիրառելու արդյունքում Վճռաբեկ դատարանի արած եզրահանգումների հետ համաձայն ենք, ուստի հատուկ կարծիքում դրանց անդրադարձ չի կատարվում:
Հարկ ենք համարում նախ նշել, որ սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սխալ կիրառվելու և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը խախտվելու հիմքով: Վճռաբեկ բողոքի հիմնավորումներն առավելապես հանգում են նրան, որ հայցվորն ու նրա ներկայացուցիչը թեև չեն ներկայացել միմյանց հաջորդող երկու դատական նիստերին, այդուհանդերձ գրավոր դիրքորոշումներ և ապացույցներ ներկայացնելով ի ցույց են դրել սույն գործի նկատմամբ իրենց հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը: Ընդ որում՝ բողոքաբերն իր բողոքում շեշտադրել է միայն այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը չպետք է նեղ մեկնաբանվի, իսկ դատարաններն այն կիրառելիս պետք է ուշադրություն դարձնեն կոնկրետ գործի քննությամբ հայցվորի շահագրգռվածությանը:
Մինչդեռ Որոշման պատճառաբանական մասի «Բ» կետում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իրավական այն հարցադրմանը, թե արդյոք հայցը կարող էր թողնվել առանց քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հիմքով, եթե դատավարության մասնակիցները չէին իրազեկվել դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն անտեսել է, որ վճռաբեկ բողոքը չի պարունակում դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ իրազեկված չլինելու, համապատասխանաբար նաև ստորադաս դատարանների կողմից համապատասխան նորմի խախտում թույլ տրված լինելու մասին փաստարկ, իսկ բողոքի քննության ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Կարծում ենք՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների վերաբերյալ հայցվորի իրազեկված լինել-չլինելու հարցին անդրադառնալով Վճռաբեկ դատարանը դուրս է եկել վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի, իսկ վճռաբեկ բողոքը Որոշման պատճառաբանական մասի «Ա» կետում շարադրված պատճառաբանությունների հիմքով ենթակա էր մերժման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության կիրառմամբ:
Դատավորներ` |
Ա. Մկրտչյան |
Ռ. Հակոբյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: