Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-220
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.10.2001-10.04.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության խնդիրները

 

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) կոչված է ապահովելու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը:

 

Հոդված 2. Հարկադիր կատարման ծառայության կազմավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծվում է հարկադիր կատարման ծառայություն, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը` Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող):

2. Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությունից և հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումներից:

 

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարման համար լիազորված անձանց պաշտոնում նշանակելը և ազատելը

 

1. Գլխավոր հարկադիր կատարողին պաշտոնում նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին, հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ:

Քաղաքացին չի կարող հարկադիր կատարող նշանակվել, եթե`

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) օրենսդրության համաձայն չի կարող զբաղեցնել պետական պաշտոն կամ նշանակվել հարկադիր կատարող:

(3-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-224)

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գլխավոր հարկադիր կատարողի միջոցով կազմակերպման և մեթոդական ղեկավարություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության նկատմամբ:

 

Հոդված 5. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

 

Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում է հարկադիր կատարման ծառայության գործունեությունը.

2) կազմավորում է հարկադիր կատարողների մարզային ստորաբաժանումները, համակարգում և վերահսկում է դրանց գործունեությունը.

3) անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողներին մեկ մարզային ստորաբաժանումից տեղափոխում է մյուսը.

4) իրեն տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում սահմանում է հարկադիր կատարման ծառայության հաստիքները և կառուցվածքը.

5) հրապարակում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանը և հարկադիր կատարողների նյութական ու սոցիալական ապահովման միջոցառումների իրականացմանն ուղղված հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ.

6) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

7) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների պետերի գործողությունների նկատմամբ բերված բողոքները.

8) կազմակերպում է հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

9) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար:

 

Հոդված 6. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները

 

Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը`

1) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, կարգադրությունների կատարման ընթացքի վերահսկողությունը հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից և համակարգում է նրանց աշխատանքները.

3) սահմանված կարգով գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացնում հարկադիր կատարման մարզային ծառայությունների աշխատավարձի ֆոնդերի, հաստիքների և կառուցվածքի նպատակային բաշխման վերաբերյալ առաջարկություններ.

4) միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին` դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության և հարկադիր կատարման մարզային ստորաբաժանումների աշխատակիցների խրախուսման և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

5) գլխավոր հարկադիր կատարողի կարգադրությունների, հրամանների, հրահանգների հիման վրա իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

6) պատասխանատվություն է կրում վարչության վրա դրված խնդիրների իրականացման համար.

7) իր իրավասության սահմաններում տալիս է մարզային ստորաբաժանումների պետերի համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` իրազեկ պահելով գլխավոր հարկադիր կատարողին:

(6-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-224)

 

Հոդված 7. Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի լիազորությունները

 

Հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը`

1) կազմակերպում և վերահսկում է ստորաբաժանման աշխատանքները.

2) դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչությանը տրամադրված հաստիքների և աշխատավարձի ֆոնդի շրջանակներում, սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետին` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման հաստիքների բաշխման և կառուցվածքի վերաբերյալ.

3) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, հրահանգների, կարգադրությունների և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող վարչության պետի ցուցումներն ու հանձնարարականների կատարումը.

4) համակարգում է հարկադիր կատարողների գործողությունները, առաջարկություններ է ներկայացնում հարկադիր կատարողների թեկնածությունների վերաբերյալ.

5) լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.

6) ենթակայության կարգով քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.

7) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշիվը.

8) պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար:

(7-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-224)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Հարկադիր կատարողի կարգավիճակը

 

1. Հարկադիր կատարողը պետական ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ է:

2. Հարկադիր կատարողը ծառայողական պարտականություններ կատարելիս կրում է համազգեստ, ունի տարբերանշաններ և խորհրդանշան, որոնց նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ դասային կոչումները.

1) 

արդարադատության առաջին դասի պետական խորհրդական,
  արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական,
  արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական,
  արդարադատության առաջին դասի խորհրդական,
  արդարադատության երկրորդ դասի խորհրդական,
  արդարադատության երրորդ դասի խորհրդական,
  առաջին դասի իրավաբան,
  երկրորդ դասի իրավաբան,
  երրորդ դասի իրավաբան.

2) հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ հատուկ կոչումները.

արդարադատության գեներալ-լեյտենանտ,

արդարադատության գեներալ-մայոր,

արդարադատության գնդապետ,

արդարադատության փոխգնդապետ,

արդարադատության մայոր,

արդարադատության կապիտան,

արդարադատության ավագ լեյտենանտ,

արդարադատության լեյտենանտ.

3) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով` պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ և զինվորական կոչումները` հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց 3 ամիս անց, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքերի.

4) յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետևյալ ժամկետները.

ա) երրորդ դասի իրավաբան և արդարադատության լեյտենանտ հատուկ կոչումների համար` 6 ամիս,

բ) երկրորդ դասի իրավաբան, առաջին դասի իրավաբան և արդարադատության ավագ լեյտենանտ, արդարադատության կապիտան հատուկ կոչումների համար` 3 տարի,

գ) արդարադատության երրորդ դասի խորհրդական, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության մայոր, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության գնդապետ հատուկ կոչումների համար` 4 տարի.

5) առանց հաջորդականության պահպանման հատուկ և դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն հարկադիր կատարման ծառայության աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար` անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքանչյուր հատուկ ու դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում, ոչ ավելի, քան մեկ անգամ և ոչ ավելի, քան կոչումից բարձր:

Առանց սույն կետի պահանջները պահպանելու` հատուկ և դասային կոչումներ կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ.

6) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի, արդարադատության գեներալ-լեյտենանտի և արդարադատության գեներալ-մայորի հատուկ կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ.

7) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց համար սույն հոդվածի 6-րդ կետում չնշված հատուկ և դասային կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

8) սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգն ու հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են ցմահ.

10) հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում.

11) ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ և դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:

4. Հարկադիր կատարողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ` նախարարությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:

(8-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-224)

 

Հոդված 9. Հարկադիր կատարողի պաշտոնում նշանակվող անձին առաջադրվող պահանջները

 

Հարկադիր կատարող կարող է նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր կատարողի պարտականությունները:

 

Հոդված 10. Հարկադիր կատարողների մասնագիտական և հատուկ ուսուցումը

 

Հարկադիր կատարողներն անցնում են մասնագիտական և հատուկ ուսուցում:

Հատուկ ուսուցում անցնելուց հետո հարկադիր կատարողներն իրավունք ունեն կրել հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ (այսուհետ` հատուկ միջոցներ):

 

Հոդված 11. Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները

 

1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը`

1) միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.

2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից քաղվածքներ անել ու ստանալ պատճեններ.

3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումներն ու միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետներն ու կարգը.

4) օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.

5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:

2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի`

1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և այլ նյութեր.

2) գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.

3) իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ) և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.

4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործել պարտապանի շենքը (բնակարանը, պահեստը և այլ շինություններ), այնտեղ կատարել զննումներ.

5) արգելանք դնել գույքի վրա, առգրավել դա, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.

6) կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.

7) գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պահանջատիրոջ հաշվին.

8) կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում դիմել կատարողական թերթ տված դատարանին` պարզաբանելու դրա կատարման կարգը.

9) օրենքով սահմանված կարգով հայտարարել պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ներքին գործերի մարմինների հետ.

10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.

11) կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:

(11-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-224)

 

Հոդված 12. Քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պահպանումը

 

Հարկադիր կատարողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքները օգտագործել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի որևէ խախտում:

 

Հոդված 13. Հարկադիր կատարողի պահանջների պարտադիր լինելը

 

1. Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջները պարտադիր և բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Հարկադիր կատարողի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերն ու դրանց պատճենները նրա պահանջով տրամադրվում են անվճար:

3. Հարկադիր կատարողի պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելը առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 14. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը

 

1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ իրենց ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրենց վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

 

Հոդված 15. Հրազենի գործադրումը

 

1. Հարկադիր կատարողներն իրավունք ունեն հրազեն գործադրել`

1) իրենց վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգը.

2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:

2. Մինչև հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և հարկադիր կատարողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Հարկադիր կատարողներին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների և հատուկ միջոցների ցանկը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման պայմանները և սահմանները

 

1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 14 և 15 հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնարին է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթի և աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետին, իսկ մարմնական վնասվածք պատճառելու կամ մահվան դեպքում` նաև դատախազին:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 17. Հարկադիր կատարողների պատասխանատվությունը, հսկողությունը նրանց գործունեության նկատմամբ

 

1. Հարկադիր կատարողի գործողությունները կարող են բողոքարկվել ենթակայության կարգով և (կամ) դատարան:

2. Հարկադիր կատարողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր զանցանքների և այլ իրավախախտումների համար:

3. Հարկադիր կատարողի կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:

4. Հարկադիր կատարողների կողմից հարկադրանքի` հրազենի գործադրման, ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է դատախազությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-224)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 18. Հարկադիր կատարողների ապահովագրական երաշխիքները և նրանց պատճառած վնասի հատուցման իրավունքը

 

1. Հարկադիր կատարողի կյանքն ու առողջությունը ենթակա են պարտադիր ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին` հարկադիր կատարողի ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկի չափով:

2. Ապահովագրական գումարները վճարվում են`

1) ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է հարկադիր կատարողին ծառայողական գործունեության կապակցությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով:

Այս դեպքում մահացած հարկադիր կատարողի ընտանիքին և նրա խնամքին գտնվող անձանց վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 100-ապատիկ չափով ապահովագրական գումար.

2) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են նրա հետագա զբաղվելը մասնագիտական գործունեությամբ: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 50-ապատիկի չափով ապահովագրական գումար.

3) ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք չեն հանգեցրել նրա աշխատունակության կայուն կորստի և (կամ) մասնագիտական գործունեությամբ զբաղվելու անհնարինությանը: Այս դեպքում հարկադիր կատարողին վճարվում է նրա ամսական միջին աշխատավարձի 20-ապատիկի չափով ապահովագրական գումար:

3. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքում, որոնք բացառում են հետագայում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, նրան ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` նրա ամսական միջին աշխատավարձի և այդ կապակցությամբ նշանակված կենսաթոշակի չափերի միջև պարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները:

4. Ծառայության ընթացքում կամ ազատվելուց հետո հարկադիր կատարողի մահվան դեպքում, եթե այն առաջացել է ծառայողական գործունեության կապակցությամբ նրան մարմնական վնասվածքներ պատճառելու հետևանքով, հարկադիր կատարողի խնամքին գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին ամեն ամիս վճարվում է փոխհատուցում` մահացածի աշխատավարձից նրանց բաժին ընկնող մասի և կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակի չափերի միջև տարբերության չափով` առանց հաշվի առնելու ապահովագրությունից ստացած գումարները: Աշխատավարձի նշված մասը որոշելու համար մահացածի ամսական միջին աշխատավարձը բաժանվում է նրա խնամքին գտնվող ընտանիքի անդամների, այդ թվում` աշխատունակների թվի վրա:

5. Ծառայողական գործունեության կապակցությամբ հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման հարկադիր կատարողին կամ նրա ընտանիքի անդամներին լրիվ ծավալով` ներառյալ բաց թողնված օգուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված վնասները հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված 19. Հարկադիր կատարողների նյութական ապահովությունը

 

1. Հարկադիր կատարողի աշխատավարձը կազմված է պաշտոնեական դրույքաչափից, դասային աստիճանի և երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հավելավճարներից:

2. Անձնական տրանսպորտը ծառայողական նպատակով օգտագործող հարկադիր կատարողը դրամական փոխհատուցում է ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 20. Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովումը

 

Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 21. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 2-րդ մասը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հունիսի 1998 թ.
ՀՕ-220