Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2307/02/16

2022 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2307/02/16

Նախագահող դատավոր՝

 Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

     

2022 թվականի ապրիլի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուսաննա Սարկիսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ քաղաք Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

   

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սուսաննա Սարկիսյանը և Ջոնիկ Սարգսյանը պահանջել են օրենքի ուժով ճանաչել իրենց համատեղ սեփականության իրավունքը Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Ջոնիկ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` իր մասով հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:

Սուսաննա Սարկիսյանը հայցի հիմքի և առարկայի փոփոխություն է ներկայացրել` պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարգարիտա Սարգսյանը պահանջել է Սուսաննա Սարկիսյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 հասցեի տնից և հողատարածքից:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 18.07.2017 թվականի վճռով Ջոնիկ Սարգսյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Տ. Նազարյան, Ն. Բարսեղյան) 15.02.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հակընդդեմ հայցը մերժվել է: Վճիռը՝ մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.03.2019 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշման՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.02.2021 թվականի վճռով Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.06.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ որոշմամբ սահմանված ծավալով նոր քննություն իրականացնելու համար։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Սարկիսյանը (ներկայացուցիչ՝ Հերմինե Գյուրջինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարգարիտա Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Վերոնիկա Ալեքսանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը,  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.12.2014 թվականի թիվ ՍԴ/0111/02/13 որոշման վկայակոչմամբ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության՝ պատճառաբանելով, որ վիճելի հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանների հիմնավորված լինելու դեպքում գործով հիմնավորված չէ այն փաստը, թե վիճելի գույքի առաջին հարկի՝ հայցվորի կողմից փաստացի տիրապետվող տարածքը որքան է կազմում, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գործով 25.03.2019 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Սուսաննա Սարկիսյանի մոտ տիրապետման ընթացքում կարող էր ծագել հիմնավոր համոզմունք առ այն, որ Երևանի Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկով ծանրաբեռնված հողամասը տիրապետում է որպես սեփական գույք:

Իզուր չէ, որ հայցվորը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ոչ թե ամբողջ հողամասի, այլ՝ հողամասի 1/2 մասի նկատմամբ՝ նկատի ունենալով, որ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանում է նույն հասցեի երկրորդ հարկի շինությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 300քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի տան առաջին հարկը, որը հանդիսանում է ամբողջական գույքի 1/2 մասը, տասը տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետում է Սուսաննա Սարկիսյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 25.03.2019 թվականի որոշմամբ հստակ նշել է սահման, որի շրջանակներում պետք է քննության առնվեր սույն գործը, մասնավորապես՝ պետք է պարզվեր, թե Սուսաննա Սարկիսյանն արդյոք անընդմեջ և բացահայտ է տիրապետել ու օգտագործել վիճելի գույքը, թե ոչ, այնինչ, թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը անտեսել են ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պահանջը, ավելին՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում չի վիճարկվել այն փաստը, թե վիճելի գույքի առաջին հարկի՝ հայցվորի կողմից փաստացի տիրապետվող հողատարածքը որքան է կազմում:  

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի մոտ ձևավորված է եղել այն համոզմունքը, որ որպես սեփականություն Մարգարիտա Սարգսյանի անվամբ չգրանցված անշարժ գույքով ծանրաբեռնված վեճի առարկա հողամասն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով, բացի այդ, տեղատեսությամբ արձանագրվել է, որ հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված է բնակելի տնով, ազատ հողատարածք առկա չէ, իսկ Մարգարիտա Սարգսյանն իր վարքագծով մեկուսացել է Երևանի Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և նկուղային հարկի տիրապետումից և օգտագործումից ու, ըստ էության, որևէ մտադրություն չի ունեցել պահպանելու այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը: Այսինքն, հայցվորի կողմից, որպես սեփականը, տիրապետվել, տնօրինվել և օգտագործվել է Մարգարիտա Սարգսյանի անվամբ չգրանցված անշարժ գույքով ծանրաբեռնված վեճի առարկա հողամասը, որի վրա կառուցված է Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և նկուղային հարկը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով վիճելի հողատարածքի վրա կառուցված առաջին և նկուղային հարկերը արդեն իսկ պատկանում են Մարգարիտա Սարգսյանին, քանի որ այն համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է։

Այսպիսով՝ Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան 300քմ մակերեսով հողամասը հաշվառված է Մարգարիտա Սարգսյանի անվամբ և նա է կատարել 1998-2017 թվականներին վիճելի հողի գույքահարկի և հողի հարկի վճարումները, իսկ ինչ վերաբերում է հայցվորի այն պնդմանը, որ պատասխանողն իր վարքագծով մեկուսացել է Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2-րդ բաժնեմասից, սույն գործում առկա չէ որևէ ապացույց։ Ուստի հայցվորի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայկական ՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևան քաղաքի 26 Կոմիսարների անվան շրջանային սովետի գործադիր կոմիտեի 17.06.1958 թվականի թիվ 34 արձանագրության քաղվածքի համաձայն՝ Արաբկիր 50-րդ փողոցի (Կովկասյան) թիվ 16 հողամասը հատկացվել է Սոկրատ Սարգսյանի ընտանիքին, որը բաղկացած է 4 անձից (հատոր 1-ին, գ.թ. 47)

2) Անձնական սեփականության և առհավետ հողօգտագործման իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար հողամասի մաս հատկացնելու և բնակելի շենք կառուցելու մասին 29.05.1959 թվականի պայմանագրի համաձայն` Քաղսովետի 26 Կոմիսարների ռայսովետի գործկոմի 17.07.1958 թվականի թիվ 34 որոշմամբ ծառայող Սոկրատ Եղյայի Սարգսյանին առհավետ հողօգտագործման իրավունքով հատկացվել է Արաբկիրի 50-րդ փողոցի (Կովկասյան) թիվ 16՝ ընդհանուր տարածությամբ 300քմ մակերեսով հողամասը՝ 2 հարկանի բնակելի շենք կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 46)

3) Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի կողմից 24.12.1982 թվականին տրված թիվ 54 տոմար 467 գույքային թերթի համաձայն` գույքի տեսակը բնակելի, հողամասի տարածքը` լայնությունը 15,00 մետր, երկարությունը 20,00 մետր, փողոց՝ Արաբկիրի թիվ 50 (Կովկասյան 58), պատկանել է Սոկրատ Սարգսյանին,  իսկ հետագա նշումներ և գրանցումներ բաժնում նշված է` համաձայն նոտարի 02.11.1984 թվականի թիվ 1911 ժառանգության իրավունքի վկայականի` Ս. Ե. Սարգսյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը` Մարգարիտա Իլյիչի Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 45)

4) Համաձայն 02.11.1984 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Սոկրատ Սարգսյանի մահից հետո (մահացած՝ 21.04.1984 թվականին) գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Մարգարիտա Սարգսյանը, ժառանգական գույքը, որի համար տրված է սույն վկայագիրը բաղկացած է ք. Երևան Կովկասյան թիվ 58 տան 1/2 բաժնից (հատոր 2-րդ, գ.թ. 13)

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.04.2012 թվականին տրված թիվ ԱՏ-26/04/2012-2-0006 տեղեկանքի համաձայն` Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի կադաստրային գործում առկա 02.11.1984  թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով Մարգարիտա Սարգսյանին է անցել բնակելի տուն` բաղկացած 58,3քմ բնակելի և 48,2քմ օժանդակ մակերեսներից (հողամասի վերաբերյալ նշումներ վկայագրում առկա չեն) (հատոր 1-ին, գ.թ. 16)

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 29.05.2012 թվականին տրված թիվ ԱՏ-24/05/2012-2-0280 տեղեկանքի համաձայն` Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի կադաստրային գործի տվյալներով  նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Վերոնշյալ անշարժ գույքի 2-րդ հարկը և 300քմ մակերեսով հողամասը 04.01.1985 թվականին հաշվառվել է Մարգարիտա Սարգսյանի անվամբ: Միաժամանակ հայտնվել է, որ կադաստրային գործում առաջին և կիսանկուղային հարկերի նկատմամբ գրանցված կամ հաշվառված որևէ իրավունք առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 54)

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետի 27.06.2012 թվականի թիվ 5/5.1/3552-12 գրության համաձայն` «(…) Կրկին հայտնում ենք, որ ք. Երևան, Հ. Սահյան թիվ 58 հասցեի 300քմ հողամասը հաշվառված է Մարգարիտա Սարգսյանի անվամբ» (հատոր 1-ին, գ.թ. 53)

8) Մարգարիտա Սարգսյանի անվամբ՝ Երևանի Կովկասյան փողոցի թիվ 58 տան վերաբերյալ 04.01.1985 թվականին տրված թիվ 52246 հատակագծի համաձայն՝ հողամասի չափը նշված է՝ 15x20 մետր (հատոր 1-ին, գ.թ. 72)

9) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 22.02.2013 թվականին տրված թիվ ԱՏ-20/02/2013-2-0297 տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` ք. Երևան, Կովկասյան փողոց /Սահյան/ թիվ 58 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Կադաստրային գործում առկա՝ 04.01.1985 թվականի հատակագծի համաձայն` վերը նշված հասցեի անշարժ գույքի երկրորդ հարկը և 15x20=300.0քմ հողամասը գույքագրվել են Մարգարիտա Սարգսյանի անվամբ: Համաձայն գործում առկա՝ 02.11.1984 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Մարգարիտա Սարգսյանին է անցել բնակելի տան 58,3քմ բնակելի և 48,2քմ օժանդակ մակերեսները: Կադաստրային գործում 1-ին հարկի նկատմամբ գրանցված կամ հաշվառված որևէ իրավունք առկա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 22)

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 07.06.2016 թվականին տրված թիվ ԱՏ-03/06/2016-2-0171 տեղեկանքի համաձայն` ըստ կադաստրային գործի տվյալների` ք. Երևան, Կովկասյան փողոց /Սահյան/ թիվ 58 հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի կատարվել: Կադաստրային գործում առկա՝ 04.01.1985 թվականի հատակագծի համաձայն` վերը նշված հասցեի անշարժ գույքի երկրորդ հարկը և 15x20=300.0քմ հողամասը գույքագրվել են Մարգարիտա Սարգսյանի անվամբ: Համաձայն գործում առկա՝ 02.11.1984 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Մարգարիտա Սարգսյանին է անցել բնակելի տան 58,3քմ բնակելի և 48,2քմ օժանդակ մակերեսները: Կադաստրային գործում 1-ին հարկի նկատմամբ գրանցված կամ հաշվառված որևէ իրավունք առկա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 19)

11) Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 06.05.2014 թվականին տրված տեղեկանքների համաձայն՝ հանգուցյալ Սամվել Սարգսյանը 1959 թվականից մինչև մահը՝ 18.09.2012 թվականը, բնակվել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տանը, իսկ Սուսաննա Սարկիսյանը 1959 թվականից մշտապես բնակվում է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տանը: Սամվել Սարգսյանը Սուսաննա Սարկիսյանի եղբայրն է (հատոր 3-րդ, գ.թ. 48, 50)

12) Սուսաննա Սարկիսյանի՝ նոտարական վավերացում ստացած՝  25.01.2013 թվականի հայտարարության համաձայն՝ վերջինս հայտնել է, որ ընդունում է եղբոր՝ Սամվել Սարգսյանի (մահացած՝ 18.09.2012 թվականին) մահից հետո մնացած ժառանգությունը ըստ օրենքի, միաժամանակ հայտնել է, որ ժառանգատուի վերջին հաշվառման վայրը եղել է ք.Երևան, Հ. Սահյան թիվ 58 տունը (հատոր 3-րդ, գ.թ. 49)

13) ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 10.07.2014 թվականին հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սամվել Սարգսյանի (մահացած՝ 18.09.2012 թվականին) գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում քույրը` Սուսաննա Սարկիսյանը, ժառանգական գույքը, որի համար տրվել է սույն վկայագիրը, բաղկացած է համայնքի հողամասից, որը ժառանգատուին պատկանում է համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ Աշտարակ տարածքային ստորաբաժանման կողմից 01.08.2008 թվականին տրված թիվ 2470598 սեփականության վկայականի (հատոր 3-րդ,  գ.թ. 50)

14) 1981-2013 թվականի կոմունալ սպասարկման վճարման անդորրագրերի համաձայն` Սուսաննա Սարկիսյանը և նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանը կատարել են Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տան կոմունալ վճարումները, մասնավորապես՝ գազամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման, ջրամատակարարման, աղբահանության վճարումներ: Գործում առկա են նաև 26.05.1986 թվականին, 02.03.1987 թվականին, 01.04.1988 թվականին Սամվել Սարգսյանի կողմից կատարված` Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի հողի հարկի վճարման վերաբերյալ անդորրագրեր (հատոր 3-րդ, գ.թ. 14)

15) Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման թիվ 100242 պայմանագրի համաձայն` Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ Սամվել Սարգսյանը հանդիսացել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տան բաժանորդ (հատոր  2-րդ, գ.թ. 37)

16) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի` 05.10.2016 թվականի թիվ 20 Ել-920 գրության համաձայն` 23.05.2016 թվականին Երևանի քաղաքապետարան են դիմել Սուսաննա Սարկիսյանը, Սիրան Սարգսյանի իրավահաջորդ Գոհար Սեդրակյանի լ/ա Ռուզաննա Բաղդասարյանը և Ջոնիկ Սարգսյանը, խնդրել Հ. Սահյան թիվ 58 հասցեի 300.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել ընդհանուր սեփականության իրավունքը, այդ հողամասի վրա կառուցված շինության կիսանկուղային և առաջին հարկերը ճանաչել դրանց իրավատերեր Սուսաննա Սարկիսյանի, Գոհար Սեդրակյանի /Սիրան Սարգսյանի իրավահաջորդ/ և Ջոնիկ Սարգսյանի սեփականության իրավունքը: Սակայն դիմումին ընթացք չի տրվել, քանի որ Հ. Սահյան թիվ 58 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը հանդիսանում է Մարգարիտա Սարգսյանը (հատոր 2-րդ, գ.թ. 25)

17) 15.05.2017 թվականի դատական նիստի ընթացքում սույն գործով որպես վկաներ հրավիրված Գևորգ Սարգսյանը, Աշոտ Ղումաշյանը և Անդրանիկ Թադևոսյանը ցուցմունք են տվել այն մասին, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 տունը կառուցվել է Սուսաննա Սարկիսյանի հոր և երկու եղբոր ջանքերով: Բնակելի տունը կառուցելուց հետո նշված հասցեի տան առաջին հարկում բնակվում էր Սուսաննա Սարկիսյանն իր ծնողների, եղբայրների և քրոջ հետ, իսկ տան երկրորդ հարկում՝ Սուսաննա Սարկիսյանի մյուս եղբայրը՝ Սոկրատ Սարգսյանն իր ընտանիքի հետ միասին: Միաժամանակ վկաները նշել են, որ Սուսաննա Սարկիսյանն ավելի քան տասը տարի բարեխղճորեն հոգում է վեճի առարկա գույքով ծանրաբեռնված բնակելի տան առաջին հարկի հոգսը`տիրապետելով այն (հատոր 3-րդ, գ.թ. 46-47, 66)

18) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին նիստի արձանագրության համաձայն` «Տեղատեսությամբ պարզվեց, որ Հ. Սահյան (Կովկասյան) թիվ 58 տան մուտքը երկաթյա դարպասից է, որին կից առկա է մոտ 1,5մ լայնությամբ դուռ, որից մուտք գործեցինք Սուսաննա Սարկիսյանի բնակելի տան հատված: Տունը երկհարկանի էր, առկա էր նաև նկուղ: Աջ կողմում առկա էին աստիճաններ և դուռ, որով մուտք էին գործում Սուսաննա Սարկիսյանի բնակելի տան հատվածը: Առկա էին նաև դեպի երկրորդ հարկ տանող աստիճաններ, որով մուտք էին գործում Մարգարիտա Սարգսյանի տան հատվածը: Ըստ էության հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված էր բնակելի տնով, ազատ հողատարածք առկա չէր» (հատոր 3-րդ, գ.թ. 45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի   1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմանների դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մաuին գրավոր հայտարարելով կամ այնպիuի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուuացման մաuին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

 ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով վկայակոչված իրավակարգավորումները, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց է:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ  տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, անդրադարձել է այդ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ  գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը  փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին (տե՛ս, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից (տե՛ս, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

 

  Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

ՀՀ վճռաբեկ դատարանը 25.03.2019 թվականի որոշմամբ սույն գործը՝ Սուսաննա Սարկիսյանի հայցի մասով նոր քննության ուղարկելիս արձանագրել է, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան միայն 2-րդ հարկը և 300քմ մակերեսով հողամասն է հաշվառված Մարգարիտա Սարգսյանի անվամբ, ինչից հետևում է, որ վերջինս հավակնություններ է ունեցել վերը նշված հասցեի գույքի միայն մի մասի նկատմամբ: Նման պայմաններում Մարգարիտա Սարգսյանն իր վարքագծով մեկուսացել է Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և նկուղային հարկի տիրապետումից և օգտագործումից և ըստ էության որևէ մտադրություն չի ունեցել պահպանելու այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը: Նշված հանգամանքն էլ հիմք է տվել Սուսաննա Սարկիսյանին ձևավորելու այն համոզմունքը, որ որպես սեփականություն Մարգարիտա Սարգսյանի անվամբ չգրանցված անշարժ գույքով ծանրաբեռնված վեճի առարկա հողամասն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործում առկա՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 06.05.2014 թվականին տրված տեղեկանքով, Սուսաննա Սարկիսյանի և նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանի կողմից 1981-2013 թվականներին կատարված կոմունալ սպասարկման վճարների անդորրագրերով, 26.05.1986 թվականին, 02.03.1987 թվականին, 01.04.1988 թվականին Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ Սամվել Սարգսյանի կողմից կատարված Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի հողի հարկի վճարման վերաբերյալ անդորրագրերով, սույն գործով որպես վկաներ հարցաքննված Գևորգ Սարգսյանի, Աշոտ Ղումաշյանի, Անդրանիկ Թադևոսյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ ինչպես Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ (եղբայր) Սամվել Սարկիսյանը, այնպես էլ Սուսաննա Սարկիսյանն ավելի քան տասը տարի մշտապես բնակվել են Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկում՝ կատարելով  տան այդ հատվածի պահպանման համար անհրաժեշտ վճարումները (հողի հարկի, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, աղբահանության վճարումները): Ավելին, Դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին նիստի արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվոր Սուսաննա Սարկիսյանի տիրապետության ներքո գտնվող բնակելի հատվածը փաստացի առանձնացված է պատասխանող Մարգարիտա Սարգսյանի բնակելի տան հատվածից, մասնավորապես` երկու կողմերն ունեն առանձնացված տարբեր մուտքեր: Միաժամանակ տեղատեսությամբ արձանագրվել է, որ, ըստ էության, հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված է բնակելի տնով, ազատ հողատարածք առկա չէր:

Ամփոփելով նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված հանգամանքները կարող էին վկայել, որ  Սուսաննա Սարկիսյանի մոտ տիրապետման ընթացքում կարող էր ծագել հիմնավոր համոզմունք առ այն, որ Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկով ծանրաբեռնված հողամասը տիրապետում է որպես սեփական գույք:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ սույն գործով ստորադաս դատարաններն անդրադարձել են ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման միայն բարեխղճության նախապայմանին, արձանագրել է, որ գործն ուղարկվում է նոր քննության՝ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման համար մյուս վավերապայմանների առկայությունը պարզելու և գնահատելու համար:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը 17.02.2021 թվականի վճռով Սուսաննա Սարկիսյանի հայցն ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի՝ ք. Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել է՝ պատճառաբանելով,  որ վիճելի հասցեում բնակվելը և հողամասի վրա առկա գույքը տիրապետելը բավարար չէ վիճելի հողամասի 1/2 բաժնեմասի տասը տարի անընդմեջ բացահայտ տիրապետման փաստը հաստատելու համար և որ միայն հողամասի վրա գտնվող գույքի փաստացի տիրապետման, օգտագործման և կառավարման ուժով չի կարող հիմնավորվել հողամասի 1/2 բաժնեմասը տասը տարի անընդմեջ, բացահայտ տիրապետելու և օգտագործելու փաստը՝ այդ փաստը հաստատող բավարար ապացույցներ ներկայացված չլինելու պայմաններում, առավել ևս այն դեպքում, երբ նշված գույքը օգտագործվել է նաև Ջոնիկ Սարգսյանի կողմից:

Միաժամանակ Դատարանը փաստել է, որ պատասխանողը, հանդիսանալով վեճի առարկա հանդիսացող հողամասի սեփականատերը, դրսևորել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են ոչ միայն նրա կողմից գույքը պահպանելու, այլ նաև հարկ եղած դեպքում գույքը վերադարձնելու մասին:

Վերաքննիչ դատարանը 30.06.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության՝ արձանագրելով, որ վեճի առարկա գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից սեփականատիրոջ մեկուuացման փաստը հիմնավորվում է նրանով, որը 10 տարուց ավելի Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում գտնվող հատվածն ու դրանով ծանրաբեռնված հողամասը Սուսաննա Սարկիսյանի կողմից որպես սեփականատեր տիրապետելը որևէ մեկի կողմից որևէ կերպ չի խոչընդոտվել:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի կողմից վիճելի գույքի՝ տասը տարի տիրապետելու անընդմեջությունն ընդհատվել է, որպիսի հանգամանքն էլ կարող էր հիմք հանդիսանալ Դատարանի համար՝ արձանագրելու ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ վավերապայմաններից գույքը տասը տարի անընդմեջ տիրապետելու փաստի բացակայությունը:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ գործով հիմնավորված չէ այն փաստը, թե վիճելի գույքի առաջին հարկի՝ հայցվորի կողմից փաստացի տիրապետվող հողատարածքը որքան է կազմում, ուստի, նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշվածը բավարար է Դատարանի դատական ակտը՝ Երևանի Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում հայցվորի զբաղեցրած հողատարածքի չափը բավարար չափով քննարկման առարկա դարձրած չլինելու հիմքով բեկանելու և այդ հարցը պարզելու համար նոր քննության ուղարկելու համար, որից հետո նոր միայն անդրադառնալ ձեռքբերման վաղեմության հիմքով հայցվոր Սուսաննա Սարկիսյանի՝ քաղաք Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հայցապահանջի բավարարմանը կամ մերժմանը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Նախևառաջ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ուժով վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայությանը, արդարացիորեն արձանագրել է, որ ինչպես Սուսաննա Սարկիսյանը, այնպես էլ նրա իրավանախորդ Սամվել Սարգսյանը վիճելի հողամասը և հողամասի վրա կառուցված անշարժ գույքի առաջին հարկը տիրապետել են որպես սեփականը՝ կատարելով գույքի պահպանության համար անհրաժեշտ վճարումները, ինչպես նաև այն տիրապետել են ավելի քան տասը տարի, սկսած՝ 1959 թվականից, ընդ որում՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի կողմից վիճելի գույքի՝ տասը տարի տիրապետելու անընդմեջությունն ընդհատվել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վեճի առարկա գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից սեփականատիրոջ մեկուuացման փաստը հիմնավորվում է նրանով, որը տասը տարուց ավելի Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում գտնվող հատվածն ու դրանով ծանրաբեռնված հողամասը Սուսաննա Սարկիսյանի կողմից որպես սեփականատեր տիրապետելը որևէ մեկի կողմից որևէ կերպ չի խոչընդոտվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անվիճելի է նաև այն փաստը, որ Սուսաննա Սարկիսյանը Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում գտնվող հատվածն ու դրանով ծանրաբեռնված հողամասը տիրապետել է բացահայտ, այսինքն՝ վիճելի գույքը չի տիրապետել երրորդ անձանցից գաղտնի եղանակով: Իսկ ինչ վերաբերում է բարեխղճության պայմանին, ապա այդ պայմանի առկայությունն արդեն իսկ հաստատված է համարվել սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.03.2019 թվականի որոշմամբ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ գործով հիմնավորված չէ այն փաստը, թե վիճելի գույքի առաջին հարկի՝ հայցվորի կողմից փաստացի տիրապետվող հողատարածքը որքան է կազմում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործում առկա ապացույցներով, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին արձանագրությամբ հաստատվել է այն փաստը, որ, ըստ էության, հողամասն ամբողջությամբ ծանրաբեռնված է բնակելի տնով և ազատ հողատարածք առկա չէ: Այնուհետև, նկատի ունենալով, որ բնակելի տան երկրորդ հարկը պատկանում է Մարգարիտա Սարգսյանին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուսաննա Սարկիսյանը և Մարգարիտա Սարգսյանը տիրապետելով 300քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի տան համապատասխանաբար առաջին և երկրորդ հարկերը, ըստ էության, նույն հողամասը տիրապետում են հավասար չափով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Դատարանի կողմից Երևանի Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկում հայցվորի զբաղեցրած հողատարածքի չափը քննարկման առարկա չդարձնելու և այդ հիմքով գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, քանի որ ակնհայտ է, որ նույն անշարժ գույքի՝ Սուսաննա Սարկիսյանի և Մարգարիտա Սարգսյանի կողմից տիրապետվող առաջին և երկրորդ հարկերը վիճելի հողամասի վրա զբաղեցնում են նույն չափը: Միաժամանակ նկատի ունենալով այն, որ Մարգարիտա Սարգսյանը հավակնություններ է ունեցել վերը նշված հասցեի գույքի միայն մի մասի նկատմամբ և իր վարքագծով մեկուսացել է գույքի մյուս մասի տիրապետումից և օգտագործումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության պարագայում հիմնավոր է վիճելի հողամասի 1/2 մասի նկատմամբ Սուսաննա Սարկիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը:

Ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է բեկաներ Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը և ոչ թե վիճելի հողատարածքի չափը քննարկման առարկա դարձնելու և պարզելու համար ուղարկեր նոր քննության, այլ պետք է փոփոխեր այն և հայցը բավարարեր:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի   3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է որ՝

Մարգարիտա Սարգսյանից հօգուտ Սուսաննա Սարկիսյանի պետք է բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 2),

Մարգարիտա Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել  20.000 ՀՀ դրամ` որպես համապատասխան վերաքննիչ բողոքներ ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2017 թվականի որոշմամբ (հատոր 4-րդ, գ.թ. 44) և Վերաքննիչ դատարանի 12.04.2021 թվականի (հատոր 7-րդ, գ.թ. 37) որոշմամբ հետաձգված համապատասխան պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.06.2018 թվականի որոշմամբ հետաձգված (հատոր 5-րդ, գ.թ. 37) պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար սահմանված և Վճռաբեկ դատարանի 03.11.2021 թվականի որոշմամբ հետաձգված (հատոր 7-րդ, գ.թ. 130-131) պետական տուրքի գումար։

  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Սուսաննա Սարկիսյանի հայցն ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ քաղաք Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սուսաննա Սարկիսյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Հ. Սահյան /Կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնեմասի նկատմամբ:

2. Մարգարիտա Սարգսյանից հօգուտ Սուսաննա Սարկիսյանի բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Մարգարիտա Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումարներ:

Մարգարիտա Սարգսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումներով հետաձգված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

           

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2307/02/16

2022 թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2307/02/16

Նախագահող դատավոր՝

 Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Թորոսյան

 

    

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

    

14 ապրիլի 2022թ.

ք. Երևան

              

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով 14.04.2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

           

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 14.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Սուսաննա Սարկիսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ քաղաք Երևան, Հ. Սահյան /կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300 քմ մակերեսով հողամասի ½-րդ բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Սուսաննա Սարկիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.06.2021 թվականի որոշման դեմ Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել (այսուհետ՝ Որոշում):

 Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորվածության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված են վճռաբեկ վարույթը կանոնակարգող այնպիսի նորմեր, որոնք բխում են վճռաբեկ դատարանի հենց սահմանադրական կարգավիճակից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանն արդարադատություն է իրականացնում բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

Սահմանադրության 92-րդ հոդվածում ամրագրված է վճռաբեկ դատարանի «կարգավիճակը և սահմանադրաիրավական առաքելությունը», այն է՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ վերանայումը կոչված է լուծելու օրենքի միատեսակ կիրառության (իրավունքի զարգացման), ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովումը, վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Հետևաբար՝  փաստի հիմքով վերջնական դատական ակտ կայացնելու լիազորությունը վերապահված չէ ՀՀ վճռաբեկ դատարանին, քանի որ վերջինս հանդես է գալիս բացառապես որպես իրավունքի դատարան:

Անհրաժեշտ եմ համարում ուշադրության արժանացնել ՀՀ-ում դատական ատյանների տարբեր խնդիրներ և առանձին գործառույթներ իրականացնելու իրողությանն ու, ըստ այդմ, ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը,  սահմանելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կարգ, թույլ է տվել  Վճռաբեկ դատարանին արձագանքել օրենքի միատեսակ կիրառության ապահովման և հիմնարար խախտումների վերացման անհրաժեշտության մասին վկայող դեպքերին, ինչը նշանակում է, որ Վճռաբեկ դատարանն օժտված է իրավունքի զարգացման, միատեսակ կիրառության ապահովման և հիմնարար սխալներն ուղղելու գործառույթով:

Գործի դատավարական փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր Ս. Հովսեփյան) 18.07.2017 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն՝ ըստ հայցի Ջոնիկ Սարգսյանի ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի, երրորդ անձ Կոմիտեի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, կարճել է, իսկ Սուսաննա Սարկիսյանի հայցը՝ մերժել՝ այն պատճառաբանությամբ, որ գործում առկա չէ Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի գույքի բարեխիղճ տիրապետումը հավաստող որևէ ապացույց, մասնավորապես՝ գույքը վերջինիս կամ իր իրավանախորդների փաստացի տիրապետմանն անցնելու հիմքը վկայող որևէ փաստ, որը տիրապետողին կարող էր տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն: Ըստ դատարանի՝ գործի նյութերով չի հիմնավորվում նաև Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի գույքը որպես սեփականը տիրապետելու, այսինքն՝ գույքի կառավարմանը մասնակցելու, դրա պահպանման համար հոգ տանելու հանգամանքը, ինչպես իր սեփական գույքի դեպքում, ավելին՝ գործի փաստերի համաձայն՝ Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին, չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ կվկայեին գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, այսինքն՝ սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանողը չի հրաժարվել իրեն պատկանող գույքից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր Ա. Պետրոսյան, դատավորներ՝ Տ. Նազարյան, Ն. Բարսեղյան), արձանագրելով, որ գործի նյութերով չի հիմնավորվել Սուսաննա Սարկիսյանի կողմից վիճելի անշարժ գույքի՝ հողի ½-րդը որպես սեփականը տիրապետելու, այսինքն՝ գույքի կառավարմանը մասնակցելու, պահպանելու հոգալու հանգամանքը, ինչպես իր սեփական գույքի դեպքում, ինչպես նաև այն, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ գույքի սեփականատերը հրաժարվել է իր սեփականության իրավունքից, մասնավորապես՝ գույքի սեփականատերը անտարբեր վերաբերմունք դրսևորելով վիճելի անշարժ գույքի՝ հողի կամ դրա մի մասի նկատմամբ, իր անգործությամբ մեկուսացել է հողի տիրապետումից՝ առանց դրա նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, հետևաբար՝ իր վարքագծով հրաժարվել է վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, 15.02.2018 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի, մասնակի բեկանել է Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2017 թվականի վճիռը և փոփոխել է հետևյալ կերպ. Մարգարիտա Սարգսյանի հակընդդեմ հայցը Սուսաննա Սարկիսյանին Երևանի Հ. Սահյան փողոցի 58 հասցեի շինությունից վտարելու մասով, մերժել, մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժել՝ Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2017 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, արձանագրելով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Երևանի Հ. Սահյան /կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան միայն 2-րդ հարկը և 300 քմ մակերեսով հողամասն է հաշվառված Մարգարիտա Սարգսյանի անվամբ, ինչից հետևում է, որ վերջինս հավակնություններ է ունեցել վերը նշված հասցեի գույքի միայն մի մասի նկատմամբ և, որ նման պայմաններում Մարգարիտա Սարգսյանն իր վարքագծով մեկուսացել է Երևանի Հ. Սահյան /կովկասյան// փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին և նկուղային հարկի տիրապետումից և օգտագործումից և ըստ էության որևէ մտադրություն չի ունեցել պահպանելու այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը, որպիսի հանգամանքն էլ հիմք է տվել Սուսաննա Սարկիսյանին ձևավորելու այն համոզմունքը, որ որպես սեփականություն Մարգարիտա Սարգսյանի անվամբ չգրանցված անշարժ գույքով ծանրաբեռնված վեճի առարկա հողամասն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով, նաև այն, որ Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.05.2017 թվականի տեղատեսություն կատարելու մասին նիստի արձանագրության ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվոր Սուսաննա Սարկիսյանի տիրապետության ներքո գտնվող բնակելի հատվածը փաստացի առանձնացված է պատասխանող Մարգարիտա Սարգսյանի բնակելի տան հատվածից, մասնավորապես՝ երկու կողմերն ունեն առանձնացված տարբեր մուտքեր, եկել է այն եզրահանգման, որ Սուսաննա Սարկիսյանի մոտ տիրապետման ընթացքում կարող էր ծագել հիմնավոր համոզմունք առ այն, որ Երևանի Հ. Սահյան /կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկով ծանրաբեռնված հողամասը տիրապետում է որպես սեփական գույք, 25.03.2019 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշման՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ Սուսաննա Սարկիսյանի հայցը մերժելու մասով օրինական ուժի մեջ թողնելու մասը, և գործն այդ մասով ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Լ. Սարգսյան) (այսուհետ՝ Դատարան), արձանագրելով, որ վիճելի հասցեում բնակվելը և հողամասի վրա առկա գույքը տիրապետելը բավարար չէ վիճելի հողամասի ½-րդ բաժնեմասի տասը տարի անընդմեջ բացահայտ տիրապետման փաստը հաստատելու համար և, որ միայն հողամասի վրա գտնվող գույքի փաստացի տիրապետման, օգտագործման և կառավարման ուժով չի կարող հիմնավորվել հողամասի ½-րդ բաժնեմասը 10 տարի անընդմեջ, բացահայտ տիրապետելու և օգտագործելու փաստը՝ այդ փաստը հաստատող բավարար ապացույցներ ներկայացված չլինելու պայմաններում, առավել ևս այն դեպքում, երբ նշված գույքը օգտագործվել է նաև Ջոնիկ Սարգսյանի կողմից, նաև այն, որ 1981-2013թթ. վճարման անդորրագրերը որ թե Սուսաննա Սարկիսյանի, այլ Սամվել Սարգսյանի անվամբ են, ընդ որում, հայցվորն օրենքով սահմանված կարգով Սամվել Սարգսյանի իրավահաջորդը չէ, բացի այդ դրանցով չի հիմնավորվում նաև տասը տարվա ընթացքում վիճելի հողամասի ½ բաժնեմասի տիրապետման, կառավարման և օգտագործման փաստը, ավելին՝ գործի փաստերի համաձայն՝ Մարգարիտա Սարգսյանն է մասնակցել գույքի կառավարմանը, հոգ տարել դրա մասին, վճարել հողի հարկը և, որ պատասխանողը, հանդիսանալով վեճի առարկա հանդիսացող հողամասի սեփականատերը, դրսևորել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են ոչ միայն նրա կողմից գույքը պահպանելու, այլ նաև հարկ եղած դեպքում գույքը վերադարձնելու մասին, ինչը հաստատվում է կողմերի, ինչպես նաև նշված գույքը նախկինում տիրապետող այլ անձանց միջև առկա վերը նշված դատական վեճերով, 17.02.2021 թվականի վճռով Սուսաննա Սարկիսյանի հայցն ընդդեմ Մարգարիտա Սարգսյանի՝ ք. Երևան, Հ. Սահյան /կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեի 300 քմ մակերեսով հողամասի ½-րդ բաժնեմասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Սուսաննա Սարկիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան), արձանագրելով, որ գործում առկա փաստաթղթերով հիմնավորվում է, որ ինչպես Սուսաննա Սարկիսյանի իրավանախորդ /եղբայր/ Սամվել Սարկիսյանը, այնպես էլ Սուսաննա Սարկիսյանն ավելի քան տասը տարի մշտապես բնակվել են Երևանի Հ. Սահյան /կովկասյան/ փողոցի թիվ 58 հասցեում գտնվող բնակելի տան առաջին հարկում՝ կատարելով տան այդ հատվածի պահպանման համար անհրաժեշտ վճարումները, բացի այդ, հայցվոր Սուսաննա Սարկիսյանի տիրապետության ներքո գտնվող բնակելի հատվածը փաստացի առանձնացված է պատասխանող Մարգարիտա Սարգսյանի բնակելի տան հատվածից, մասնավորապես` երկու կողմերն ունեն առանձնացված տարբեր մուտքեր, որպիսի փաստական հանգամանքները բավարար են՝ արձանագրելու փաստն՝ առ այն, որ Սուսաննա Սարկիսյանը Երևանի Հ. Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 58 հասցեի բնակելի տան առաջին հարկով ծանրաբեռնված հողամասի ½-րդ բաժնեմասը տիրապետում է որպես սեփական գույք և, որ չնայած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի բովանդակությունից հետևում է, որ վեճի առարկա հողամասի հայցվորի բաժնեմասի չափը Առաջին ատյանի դատարանը սահմանել է ½-րդ-ի չափով, սակայն, Վերաքննիչ դատարանի համար անհասկանալի է, թե Առաջին ատյանի դատարանի նման եզրահանգումը ինչով է պայմանավորված եղել՝ այն դեպքում, երբ դա հիմնավորող որևէ փաստ գործում առկա չէ, այսինքն՝ թե ինչ փաստական հանգամանք է Առաջին ատյանի դատարանը հիմք ընդունել վիճելի հողամասի ½-րդ բաժնեմասը հայցվորի կողմից զբաղեցնելն արձանագրելիս, գործում առկա փաստաթղթերից չի երևում, 30.06.2021 թվականի որոշմամբ Սուսաննա Սարկիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 17.02.2021 թվականի թիվ ԵԱՔԴ/2307/02/16 վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նույն դատարան՝ նույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննություն իրականացնելու համար:

Սուսաննա Սարկիսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք և պահանջել ամբողջությամբ բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի 30.06.2021 թվականի թիվ ԵԱՔԴ/2307/02/16 գործով կայացրած որոշումը ու փոփոխել՝ հայցը բավարարել՝ այն վարույթ ընդունելու այն հիմքերով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Մասնավորապես՝ բողոքաբերը որպես բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման` օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի՝ սույն գործով 25.03.2019 թվականի որոշմամբ նույն նորմի վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնված չեն գործի փաստական հանգամանքների և ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատման վրա:

Միևնույն ժամանակ որպես մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմնավորումներ բողոքաբերը վկայակոչել է հետևյալը

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններից, ինչի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջները:

Հիշատակված փաստական և իրավական հիմնավորումների համատեքստում անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու բողոքաբերի վկայակոչած հիմնավորումներին, գտնում եմ, որ դրանք բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բացակայում են իրավունքի նորմերի էական և հիմնարար այնպիսի խախտումները, որոնք կարող են վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ, ուստի կարծում եմ, որ ներկայացված վճռաբեկ բողոքը ոչ թե ենթակա էր վարույթ ընդունման, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարույթ ընդունելը ենթակա էր մերժման:

             

Դատավոր՝

Ա. Մկրտչյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան