Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.02.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2016 թվականի

թիվ 14

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի փետրվարի 2-ի

թիվ 14 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող

 

1. «Ընդհանուր դրույթներ» բաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Անդամ պետությունների միջև անձնական օգտագործման համար 2 գլխից ոչ ավելի քանակով կենդանիներ տեղափոխող անձինք Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրում ընդգրկման ենթակա չեն։»:

2. 35-րդ գլխի տասնհինգերորդ պարբերության մեջ և 37-րդ գլխի ութերորդ պարբերության մեջ «Հումք» բառը փոխարինել «Կերերի և կերային հավելումների արտադրության ընթացքում օգտագործվող հումք» բառերով:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 43-րդ գլուխ՝

 

«Գլուխ 43

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք խոզերի սաղմեր ներմուծելիս և (կամ) դրանք անդամ պետությունների միջև տեղափոխելիս

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թույլատրվում է ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել առողջ տոհմային կենդանիներից ստացված սաղմեր։

Բեղմնավորող արու խոզերը պետք է պահվեն սերմնահեղուկի ընտրման կենտրոններում և (կամ) արհեստական սերմնավորման կենտրոններում, իսկ սաղմերի դոնոր խոզամայրերը վերջին 40 օրվա ընթացքում պետք է պահվեն կենդանիների վարակիչ հիվանդություններից զերծ արհեստական սերմնավորման տնտեսություններում և (կամ) կենտրոններում, ծննդյան պահից կամ սերմնահեղուկը կամ սաղմերը ստանալուց առաջ առնվազն 6 ամիս պետք է գտնվեն արտահանող երկրում և չպետք է շփվեն վերջին 12 ամիսների ընթացքում երկիր ներմուծված կենդանիների հետ:

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և անդամ պետությունների միջև տեղափոխվող խոզերի սաղմերը պետք է տարածաշրջայնացմանը համապատասխան ունենան այն երկրների և վարչական տարածքների ծագում, որոնք զերծ են հետևյալ վարակիչ հիվանդություններից՝

- խոզերի աֆրիկյան ժանտախտ՝ վերջին 36 ամիսների ընթացքում.

- դաբաղ, խոզերի դասական ժանտախտ՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

- խոզերի վեզիկուլյար հիվանդություն՝ վերջին 24 ամիսների ընթացքում։

Սաղմերի դոնոր խոզամայրերի սերմնավորման համար նախատեսված սերմնահեղուկը պետք է համապատասխանի սույն Պահանջների 8-րդ գլխով սահմանված պահանջներին։

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և անդամ պետությունների միջև տեղափոխվող խոզերի սաղմերը պետք է ձևավորվեն խոզերի սաղմերի ստացման արհեստական սերմնավորման այն տնտեսություններում և (կամ) կենտրոններում, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝

- տուբերկուլոզ, բրուցելոզ, խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշ, խոզերի տեքսովիրուսային էնցեֆալոմիելիտ (Տեշենի հիվանդություն կամ խոզերի էնտերովիրուսային էնցեֆալոմիելիտ)՝ վերջին 6 ամիսների ընթացքում.

- Աուեսկի հիվանդություն (կեղծ կատաղություն)՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

- լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամիսների ընթացքում.

- սիբիրախտ՝ վերջին 20 օրերի ընթացքում։

Սաղմերի դոնոր խոզամայրերը պետք է 12 ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ լաբորատորիայում (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված) ենթարկվեն բացասական արդյունքով ստուգման՝ ՄՀԲ-ի կողմից առաջարկվող մեթոդներով (առկայության դեպքում) հետևյալ հիվանդությունների մասով՝ խոզերի դասական ժանտախտ, Աուեսկի հիվանդություն, խոզերի վերարտադրողական-շնչառական համախտանիշ, վիրուսային տրանսմիսիվ գաստրոէնտերիտ, խոզերի վեզիկուլյար հիվանդություն, տուբերկուլոզ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ, խլամիդիոզ։

Սաղմերի դոնոր խոզամայրերը նրանցից սաղմեր ստանալուց հետո անասնաբույժի հսկողության տակ պետք է գտնվեն ոչ պակաս, քան 30 օր:

Կենդանիների՝ սույն գլխում նշված վարակիչ հիվանդության հայտնաբերման դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք խոզերի սաղմերի ներմուծումը և (կամ) անդամ պետությունների միջև դրանց տեղափոխումը պետք է արգելվի։

ՄՀԲ-ի ցանկում ընդգրկված մյուս հիվանդությունների մասով հետազոտություն կարող է պահանջվել անդամ պետության լիազորված մարմնի կողմից միայն այն դեպքում, երբ պահանջ ներկայացրած անդամ պետության տարածքում անցկացվում են այդ հիվանդությունները կանխարգելելուն և (կամ) վերացնելուն ուղղված ծրագրեր։

Սաղմերը պետք է ընտրվեն, պահվեն և փոխադրվեն՝ ՄՀԲ–ի օրենսգրքի առաջարկություններին համապատասխան։»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան