Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 19

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության 2019 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխան տարվա միջազգային գործունեության հիմնական ուղղությունների նախագծերի նախապատրաստումն իրականացվում է՝ ելնելով պետական, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային համագործակցության գերակա ոլորտների որոշման և դրա նպատակային կողմնորոշիչների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների վերլուծության արդյունքներից, ինչպես նաև հաշվի առնելով նախորդ տարիների Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման մասին զեկույցները:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 6-ի
թիվ 19 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության

 

I. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության վերաբերյալ հիմնական դրույթները

 

Սույն հիմնական ուղղությունները մշակվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 4-րդ հոդվածում նշված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նպատակները, և կոչված են նպաստելու Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական աճին, դրանց արտահանման ներուժի ավելացմանն ու իրացմանը, Միության՝ որպես միջազգային ասպարեզում վստահելի, կանխատեսելի գործընկեր դիրքավորմանը և դրա միջազգային իրավասուբյեկտության ամրապնդմանը:

Սույն հիմնական ուղղություններում հաշվի են առնվել անդամ պետությունների առաջարկները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության 2017 թվականի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ զեկույցի եզրահանգումները:

Միության միջազգային գործունեությունն իրականացվում է նշված պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների սահմաններում ու ոլորտներում:

 

II. 2019 թվականի համար միջազգային գործունեության ուղղությունները

 

Միության կողմից 2019 թվականին միջազգային գործունեություն իրականացնելիս առաջնահերթ են հետևյալ ուղղությունները՝

փոխգործակցություն երրորդ երկրների կառավարությունների, տարածաշրջանային միավորումների, միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների գործարար համայնքների հետ՝ համագործակցության առկա մեխանիզմները զարգացնելու նպատակով, այդ թվում՝ կնքված միջազգային բնույթի ակտերի, Միության իրավասության սահմաններում, ինչպես նաև Միության միջազգային գործունեության այլ ձևաչափերով առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրեր կնքելու նպատակով բանակցային գործընթացների շրջանակներում.

փոխգործակցություն Միության հետ համագործակցությամբ հետաքրքրված երրորդ երկրների կառավարությունների, տարածաշրջանային միավորումների, միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների գործարար համայնքների հետ՝ փոխգործակցության հնարավոր ձևերը բացահայտելու, մասնավորապես՝ հուշագրեր և միջազգային բնույթի այլ ակտեր նախապատրաստելու և ստորագրելու, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և անդամ պետությունների ներկայացուցիչների միջև Միության իրավասության սահմաններում առանձնաշնորհային և ոչ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ բանակցություններ վարելու (եթե բանակցային պատվիրակությունը համատեղ է վարում բանակցությունները) նպատակով.

փոխգործակցություն երրորդ երկրների կառավարությունների, տարածաշրջանային միավորումների, միջազգային կազմակերպությունների, երրորդ երկրների գործարար համայնքների ու փորձագիտական շրջանակների հետ՝ եվրասիական տնտեսական ինտեգրման մասին արդի տեղեկատվության տարածման և Միության մասին որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում արդյունավետ ու մրցունակ միջազգային կազմակերպություն դրական պատկերացում ձևավորելու նպատակով, մասնավորապես` միջազգային տարբեր հարթակներում Միության շնորհանդեսներ և համատեղ պրոֆիլային միջոցառումներ անցկացնելու միջոցով։

Միության և դրա անդամ պետությունների հիմնական ջանքերը 2019 թվականի միջազգային գործունեության բնագավառում կենտրոնացված կլինեն փոխգործակցության զարգացման վրա՝

Միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների, Անկախ պետությունների համագործակցության և Միութենական պետության հետ:

Նշված պետություններում կշարունակվի եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի մասսայականացման նպատակաուղղված աշխատանքը համաժողովների, ֆորումների, շնորհանդեսների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման միջոցով, որոնք նվիրված կլինեն եվրասիական տնտեսական ինտեգրման թեմային այն լրացուցիչ հնարավորությունների համատեքստում, որոնք այդ պետությունների տնտեսությունների համար բացում է Միության միասնական շուկան, այդ թվում՝ գործարար համայնքների, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մոլդովայի Հանրապետության հետ փոխգործակցությունը կշարունակվի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության միջև համագործակցության մասին» 2017 թվականի ապրիլի 3-ի հուշագրի իրագործման շրջանակներում, ինչպես նաև հաշվի առնելով Մոլդովայի Հանրապետության՝ որպես Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակը։

Հանձնաժողովը կշարունակի աշխատանքը հետևյալ տարածաշրջանային միավորումների մշտապես գործող գործադիր մարմինների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝

ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրի, ինչպես նաև դրան լրացնող՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» հուշագրի իրագործման շրջանակներում, այդ թվում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի հետ.

Միութենական պետության մշտական կոմիտեի հետ՝ այդ կազմակերպության իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերով.

եվրոպական պետությունների, Եվրոպական միության, Եվրոպայում այլ տարածաշրջանային միավորումների և Եվրոպական տարածաշրջանում գործող այլ կազմակերպությունների հետ։

Եվրոպական ուղղությամբ միջազգային գործունեության կառուցումը կիրականացվի` հաշվի առնելով Միության հետ համագործակցելու՝ կառավարությունների, գործարար համայնքների և փորձագիտական շրջանակների հետաքրքրությունը, ինչպես նաև Միության և Եվրոպական միության փոխգործակցությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու դրանց նախաձեռնությունները, և ուղղված կլինի փոխադարձ առևտրի զարգացման աջակցությանն ու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ազատականացմանը, այդ գործունեության ընթացքում ծագող հարցերի կարգավորման համար երկխոսության մեխանիզմների ստեղծմանը, ինչպես նաև պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանն ու Եվրոպական տարածաշրջանի պետությունների կառավարությունների հետ համագործակցության ինստիտուցիոնալացմանը:

Հունաստանի Հանրապետության հետ փոխգործակցությունը կիրականացվի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունաստանի Հանրապետության կառավարության համագործակցության մասին» 2017 թվականի հունիսի 24-ի համատեղ հայտարարագրի շրջանակներում, Սերբիայի Հանրապետության հետ՝ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև առևտրային ռեժիմի միասնականացմանն ուղղված՝ ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստման բանակցային գործընթացի շրջանակներում, Հունգարիայի հետ՝ «Ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունգարիայի գյուղատնտեսության նախարարության միջև փոխըմբռնման մասին» 2016 թվականի սեպտեմբերի 26-ի հուշագրի շրջանակներում, տարածաշրջանի մյուս պետությունների հետ՝ ներառյալ Ավստրիայի Հանրապետությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Իտալիայի Հանրապետությունը, Սլովակիայի Հանրապետությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Չեխիայի Հանրապետությունը և այլն՝ եվրասիական տնտեսական ինտեգրմանը նվիրված ավանդական միջոցառումների շրջանակներում՝ փոխգործակցության հնարավոր ձևաչափերի բացահայտման և համագործակցության հետագա ինստիտուցիոնալացման նպատակով։

«Ինտեգրումների ինտեգրում» նախաձեռնության խթանման շրջանակներում կշարունակվի Հանձնաժողովի՝ Եվրոպական հանձնաժողովի հետ ուղիղ կապերի հաստատմանը, «Եվրասիական տնտեսական միություն՝ Եվրոպական միություն. համագործակցության ուրվագծեր» 2015 թվականի սեպտեմբերի 17-ի հուշանամակում ներկայացված առաջարկների իրագործմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև Միության և Եվրոպական միության համագործակցության հարցերի շուրջ՝ անդամ պետությունների կառավարությունների օժանդակությամբ բարձր մակարդակով համաժողով անցկացնելու վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Ա. Նազարբաևի նախաձեռնությունները։

Միության և Եվրոպական միության համագործակցության հարցերին ուղղված գործունեության հեռանկարային ուղղություններից մեկը կդառնա իրավական կարգավորման հարցերի շուրջ (ստանդարտացման, տեխնիկական կանոնակարգման, սպառողների շահերի պաշտպանության, մաքսային վարչարարության, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, տրանսպորտային և ենթակառուցվածքային համատեղ նախագծերի իրագործման, տնտեսական առևտրային վեճերի կարգավորման (հաշտարարության) և ներքին շուկայի գործունեության, բուսասանիտարական հսկողության և դեղամիջոցների շրջանառության հետ կապված հարցերը) փորձագիտական մակարդակով համակարգային փոխգործակցության զարգացումը և խորացումը։

Հանձնաժողովը կշարունակի համագործակցությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացմանն աջակցություն ցուցաբերող՝ տարածաշրջանի միջազգային կազմակերպությունների, Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (տնտեսական զամբյուղի և տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության հարցերի մասով), Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի և այլ կազմակերպությունների հետ.

Հյուսիսային Ամերիկայի պետությունների, տարածաշրջանային միավորումների և գործարար համայնքների հետ, առաջին հերթին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեքսիկայի Միացյալ Նահանգների հետ.

Ասիայի և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների, տարածաշրջանային միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ։

Հանձնաժողովի ջանքերն ուղղված կլինեն հետևյալ առանցքային գործընկերների հետ փոխգործակցությանը՝

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի, Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը կնքելու առնչությամբ բանակցություններ վարելու շրջանակներում, ինչպես նաև Միության զարգացման և «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման գաղափարի իրագործման հարցերով.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ, այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում.

Հնդկաստանի Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության հետ՝ Միության իրավասության սահմաններում ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունների շրջանակներում.

Մոնղոլիայի, Սինգապուրի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության կառավարությունների հետ՝ կնքված համագործակցության հուշագրերի իրագործման շրջանակներում.

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության հետ՝ համագործակցության հուշագրի կնքման նպատակով բանակցային գործընթացի շրջանակներում.

Կորեայի Հանրապետության առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության, ինչպես նաև Պետական գնումների ծառայության հետ՝ կնքված փոխըմբռնման հուշագրերի իրագործման շրջանակներում.

տարածաշրջանի մյուս պետությունների հետ՝ ներառյալ Ինդոնեզիայի Հանրապետությունը, Մալայզիան, Թաիլանդի Թագավորությունը, Ճապոնիան և այլն՝ համագործակցության հաստատման կամ ինստիտուցիոնալացման նպատակով.

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն» (ԱԽՏՀ) ֆորումի հետ, այդ թվում՝ Միության զարգացման ներկա վիճակի և հեռանկարների մասին շնորհանդեսների կազմակերպման համար, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) հետ՝ հարաբերությունների ձևայնացման և համագործակցության հուշագրերի ստորագրման նպատակով.

Լատինական Ամերիկայի պետությունների և տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում՝

Կուբայի Հանրապետության, Պերուի Հանրապետության և Չիլիի Հանրապետության կառավարությունների հետ՝ կնքված փոխըմբռնման հուշագրերի իրագործման շրջանակներում.

Էկվադորի Հանրապետության արտաքին առևտրի նախարարության հետ՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին կնքված Առևտրատնտեսական համագործակցության հուշագրի շրջանակներում.

տարածաշրջանի մյուս պետությունների հետ՝ ներառյալ Արգենտինայի Հանրապետությունը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը, Կոլումբիայի Հանրապետությունը և այլն՝ համագործակցության հուշագրեր ստորագրելու միջոցով համագործակցության ձևայնացման հեռանկարները քննարկելու մասով.

Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության և Լատինաամերիկյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ) հետ՝ համապատասխան հուշագրերի իրագործման շրջանակներում, ինչպես նաև Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Կարիբյան պետությունների ասոցիացիայի հետ, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագրեր նախապատրաստելու և ստորագրելու մասով։ Կշարունակվի աշխատանքը Խաղաղօվկիանոսյան դաշինքի, Կենտրոնական Ամերիկայի ինտեգրացիոն համակարգի (ԿԱԻՀ), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համայնքի (ՍԵԼԱԿ) հետ փոխգործակցության կարգավորման մասով:

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների ու տարածաշրջանային միավորումների հետ, այդ թվում՝

Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Պետության հետ՝ Միության իրավասության ներքո ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակով բանակցային գործընթացների շրջանակներում.

Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման շրջանակներում.

Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Մարոկկոյի Թագավորության կառավարությունների հետ՝ կնքված համագործակցության հուշագրերի շրջանակներում.

Հաշվի առնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Հնդկաստանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հարավաֆրիկյան Հանրապետության հետ իրականացվող փոխգործակցությունը և համագործակցության զարգացման ծրագրերը՝ Հանձնաժողովն այդ պետությունների հրավերով կօգտագործի ԲՐԻԿՍ-ի ձևաչափն ու հարթակը՝ այդ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու համար։

Համագործակցության հուշագրերին համապատասխան ձևավորվող և գործող աշխատանքային խմբերի գործունեությունը կիրականացվի անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

Անդամ պետություններն օժանդակություն կցուցաբերեն կնքված հուշագրերի շրջանակներում ֆորումների, համաժողովների, կլոր սեղանների և այլնի անցկացմանը՝ անդամ պետությունների գործարար համայնքների և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պատվիրակությունների ձևավորմանը տեղեկատվական ուղեկցության և աջակցության միջոցով։

Կշարունակվի երրորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերով:

Բազմակողմ համագործակցությունը կզարգանա հետևյալ միջազգային կազմակերպությունների հետ՝

Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունների հետ.

Միության իրավասությունների շրջանակներում՝ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների (այդ թվում՝ տարածաշրջանային), միությունների և այլն, դրանց ճյուղային մարմինների և հիմնարկների հետ, այդ թվում՝

Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ (ՀՄԿ)՝ Միության իրավասության շրջանակներում դրա աշխատանքային և կառավարման մարմինների գործունեությանը մասնակցության միջոցով, այդ թվում՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդում, Մշտական տեխնիկական կոմիտեում, Կիոտոյի վերանայված կոնվենցիայի կառավարող կոմիտեում, Կիոտոյի վերանայված կոնվենցիայում համալիր փոփոխություններ կատարելու գծով աշխատանքային խմբում, Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ առևտրի ընթացակարգերի հեշտացման համաձայնագրի հարցերով աշխատանքային խմբում, Էլեկտրոնային առևտրի հարցերով աշխատանքային խմբում, Համաշխարհային առևտրի անվտանգության և դյուրացման շրջանակային չափորոշիչների հարցերով աշխատանքային խմբում և այլն, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներում:

Հանձնաժողովը կշարունակի 2016 թվականի հունիսի 17-ին կնքված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցությունն ամրապնդելու ուղին և անդամ պետությունների օժանդակությամբ երկխոսություն կվարի վերջինիս աշխատանքում Միության լիարժեք մասնակցության մասին.

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ներառյալ աշխատանքն ինչպես ԱՀԿ-ի մշտական կոմիտեներում և աշխատանքային մարմիններում, այնպես էլ բազմակողմ առևտրային բանակցությունների շրջանակներում ստեղծվող ԱՀԿ մասնագիտացված աշխատանքային խմբերում և մշտական կոմիտեների հատուկ նստաշրջաններում, ինչպես նաև մասնակցությունը Միության իրավասությանը վերապահված միջոցների՝ առաջին հերթին Միության շրջանակներում ազգային և վերազգային իրավասության բաշխմանը համապատասխան` Միության ներքին շուկայի պաշտպանության միջոցների մասով ԱՀԿ վեճերի լուծման ընթացակարգերին.

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ, այդ թվում՝ ՏՀԶԿ-ի դեպարտամենտների և աշխատանքային մարմինների աշխատանքի շրջանակներում:

Կշարունակվի փոխգործակցությունը միջազգային գործարար և փորձագիտական համայնքի հետ, այդ թվում՝ առևտրաարդյունաբերական պալատների, գործարար համագործակցության խորհուրդների, զարգացման տարածաշրջանային բանկերի և առանցքային միջազգային քննարկման հարթակների հետ՝ ներառյալ Համաշխարհային տնտեսական ֆորումը, Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտը և այլն:

Հանձնաժողովը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իրավասության շրջանակներում կշարունակի ճյուղային ցուցահանդեսներին, ֆորումներին, համաժողովներին իր մասնակցության հետ կապված գործունեությունը, այդ թվում՝ տրանսպորտի, ավիացիայի, մետաղամշակման, հաստոցաշինության, գյուղատնտեսության, գյուղատնտեսական մեքենաշինության, տեխնիկական կանոնակարգման, մաքսային վարչարարության, մետալուրգիայի, տեղեկատվական անվտանգության, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, պետական գնումների, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, ներքին շուկայի գործունեության ոլորտներում՝ տնտեսության առանձին ոլորտների զարգացման համաշխարհային առաջատար փորձն ուսումնասիրելու նպատակով։

Համաշխարհային համատեքստում եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև Միության 2019 թվականի միջազգային գործունեության հարցերը կգտնվեն Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի, Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի, Աստանայի տնտեսական ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջազգային մակարդակի նմանատիպ այլ միջոցառումների ուշադրության կիզակետում:

Միության միջազգային կապերի հաջող զարգացմանը հիմնականում կնպաստի այն միջոցների իրագործումը, որոնք ուղղված են անդամ պետությունների տնտեսությունների բազմազանեցմանը, ապրանքների և ծառայությունների առևտրի ծավալների ավելացմանը և կառուցվածքի բարելավմանը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ազատության ապահովմանը, ինչպես նաև անդամ պետությունների շուկաների փոխադարձ հասանելիության պայմանների վատթարացման կանխմանը, Միության ներքին շուկայում արգելքների, առգրավումների և սահմանափակումների վերացմանը:

Սույն հիմնական ուղղությունների իրագործումը կապահովի համակարգային հիմքի վրա Միության միջազգային գործունեության իրականացումը և կնպաստի Եվրասիայի տարածքում լայն ինտեգրացիոն ուրվագծով տնտեսական գործընկերության ձևավորման համար նախադրյալների ստեղծմանը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: