Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

 

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 022/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 75 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 022/2011) կատարվող

 

4-րդ հոդվածում՝

ա) 4.3-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Սննդամթերքի հորինված անվանումը (առկայության դեպքում) պետք է ներառվի սննդամթերքի անվանման մեջ և զետեղված լինի անմիջապես դրա կողքին։».

բ) 4.8-րդ մասի 3-րդ կետում «վայրի անվանման մասին» բառերը փոխարինել «անվանման և վայրի մասին» բառերով.

գ) 4.12-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Դյուրընթեռնելիության չափանիշներն են մականշվածքում օգտագործվող այն տառատեսակի հստակությունը և ընթեռնելիությունը, որի չափսը պետք է համապատասխանի սույն կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններում նշված պահանջներին, ինչպես նաև հիմնագույնի և դրա վրա զետեղված տեղեկատվության գույնի միջև հակադրությունը, որոնցով ապահովվում է տեղեկատվությունն առանց օպտիկական հարմարանքների կիրառման՝ բացառությամբ տեսողության արատների շտկման համար օգտագործվող հարմարանքների (ակնոցներ, հպակային ոսպնյակներ և այլն), ընթերցելու հնարավորությունը։

Հասկանալիության չափորոշիչը տեքստի կամ տեքստի և պատկերի միջոցով սննդամթերքի մասին տեղեկատվության իմաստը փոխանցելու միանշանակությունն է։

Սույն հոդվածի 4.1 մասի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ (բացի պատրաստման ամսաթիվը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պատրաստման ամսաթիվը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) և 5-րդ (բացի պիտանիության ժամկետը նշելու համար օգտագործվող բառերից և (կամ) պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունից (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)) ենթակետերով նախատեսված տեղեկությունները նշվում են 2 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր)։

Սույն հոդվածի 4.1-ին մասի 1-ին կետի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ (օգտագործման վերաբերյալ առաջարկությունների և (կամ) օգտագործման սահմանափակումների մասով) և 9-րդ (մասնագիտացված սննդամթերքի համար) ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը և (կամ) պատրաստման ամսաթիվը, պիտանիության ժամկետը զետեղելու տեղի մասին տեղեկատվությունը նշելու համար օգտագործվող բառերը նշվում են 0.8 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ տառատեսակով (փոքրատառեր)։

դ) 4.12-րդ մասի 8-րդ կետը «սննդամթերքի պատկեր» բառերից հետո լրացնել «կամ տեքստային նկարագրություն» բառերով.

ե) 4.12-րդ մասի 9-րդ կետը «պատկերի» բառից հետո լրացնել «կամ տեքստային նկարագրության» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: